Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1. Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: 2. Այս սպառնալիքը չի վերացել. ադրբեջանական իշխանությունները ավելի են խորացրել հայատյացյությունն ու թշնամանքի քարոզը: 3. Քաղաքական շահերը չպետք է խանգարեն մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգությանը, մեր ամենակենսական իրավունքներին վերաբերող այս օրհասական հարցերի լուծմանը: 4. Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության կյանքի, ազատ տեղաշարժի ու մյուս կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտում է, անվտանգության իրական սպառնալիք: 5. Ուստի, բոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք: Սա առավել ևս վերաբերում է մեր երկիր ադրբեջանական ներխուժումներին. նրանք նաև պետք է պատժվեն իրենց հանցավոր արարքների համար: 6. Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ստորադաս է»:
15:09 - 15 նոյեմբերի, 2021
Մանվել Փարամազյանը շարունակում է մնալ Քաջարանի համայնքապետ․ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը․ պաշտպաններ

Մանվել Փարամազյանը շարունակում է մնալ Քաջարանի համայնքապետ․ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը․ պաշտպաններ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել․ «Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող հետապնդումների քաղաքական բնույթը հիմնավորող հերթական հետաքրքրական հանգամանքը ի հայտ եկավ նաև վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ընթացքում։ Դատախազը դատարանին ներկայացնելու համար բերել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանի գրությունը, ըստ որի Մանվել Փարամազյանն իբր խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները, ինչը դրսևորվում է նրանով, թե նա չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը, որպեսզի կառավարությունը հնարավորություն ստանա համայնքի ղեկավար նշանակել իր ցանկացած պաշտոնակատարին... Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկայացված գրությունը որևէ աղերս չունի համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումների հետ, մեռանանք, որ համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքից ազատման դիմում գոյություն չունի, նման դիմում համայնքի ղեկավարին չի ներկայացվել, իսկ ապօրինի կալանքից ազատ արձակված տեղակալը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փաստ է, որ իշխանություններն արդեն չեն էլ փորձում որևէ կերպ քողարկել թե՛ հետապնդման քաղաքական բնույթը, թե՛ այդ հետապնդման իրական նպատակը։ Հիշեցնենք նաև, որ դեռևս ընդհանուր իրավասության դատարանում, Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու միջնորդության քննարկմանը նախորդել էր նույն նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցումն անհրաժեշտ է պաշտոնակատար նշանակելու համար»։
13:57 - 15 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ներխուժման հետևանքով չորս դիրք հայտնվել էր շրջափակման մեջ․ բանակցություններից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են եկել այդ դիրքերից․ ԱԽ հայտարարությունը

Ադրբեջանի ներխուժման հետևանքով չորս դիրք հայտնվել էր շրջափակման մեջ․ բանակցություններից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են եկել այդ դիրքերից․ ԱԽ հայտարարությունը

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Նշենք, որ երեկ ՊՆ-ն հերքում էր այս տեղեկությունները՝ ընդգծելով, թե «սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը»։ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը ստորեւ. «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն: Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում: Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ: Նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ»:
13:45 - 15 նոյեմբերի, 2021
«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա: Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, և այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
13:26 - 15 նոյեմբերի, 2021
Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ |armenpress.am|

Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից մեկնաբանել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ: Հարցին` արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, համապատասխանում է իրականությանը: Ի պատասխան այդ հարցին Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը նշեց. «Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա լրատվամիջոցները անպայման կտեղեկացվեն այդ մասին»: Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է անցկացնել նաև նոյեմբերի 15-ին:
12:05 - 15 նոյեմբերի, 2021
Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: «Մտահոգված ենք այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- գրել է Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում։ Երեկ՝ նոյեմբերի 14-ի կեսօրին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանական կողմը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչը, սակայն, չի հաջողվել, իսկ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Արդեն երեկոյան ՊՆ-ից հայտնեցին, որ իրավիճակը կայունացել է, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Այնուամենայնիվ, երեկ ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում, որ Ադրբեջանը առաջխաղացում ունի ՀՀ հարավարևելյան սահմանին՝ Սյունիքի մարզում։ Այս տեղեկությունները ևս հերքվեցին ՊՆ կողմից։ Արդեն ուշ երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ «նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ»՝ հավելելով, որ «այկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»։
10:25 - 15 նոյեմբերի, 2021
Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:  Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:  Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել»։
10:14 - 15 նոյեմբերի, 2021
Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին |tert.am|

Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին |tert.am|

tert.am: Դա շատ լուրջ խնդիր է մեզ համար, այլընտրանքային ճանապարհ չունենք, այլընտրանքային տարբերակը միայն Մեղրիով է ստացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ» դաշինքի Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, ըստ որի ՝այս գիշեր Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը և Հայաստանը կտեղակայեն անցակետեր։ «Փաստորեն 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ։ Մեր գյուղացիները այդքան ճանապարհ պիտի անցնեն, որ հասնեն Կապան։ Միակ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցված է 90-ականներին դա անտառամիջյան ծանր, դժվարանցանելի ճանապարհն է, որի վրա պետք է մեծ աշխատանք տարվի։ Մեծ խնդիր է, վաղվանից պետք է մտածենք 6 գյուղական բնակավայրերի բնակիչների մասին»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նպատակահարմար կլինի, որ բնակիչները նույն ճանապարհով երթևեկեն և անցնեն ադրբեջանական մաքսակետով, ապա Փարսյանն ասաց, որ դրա մասին պետք է լրացուցիչ խոսել, անվտանգության հետ կապված հարցերից կախված կլինի։ Գևորգ Փարսյան նաև նշեց, որ այդ գյուղերի պարենային խնդիրը կլուծվի, քանի որ նշված երկար ճանապարհը կա, իսկ կարճ ճանապարհը Գեղանուշ համայնքով ճանապարհն է, որը շատ վատ վիճակում է, այնտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են, միայն այն բանից հետո, երբ Որոտանի հատվածում ադրբեջանական մաքսակետ դրվեց։
09:56 - 15 նոյեմբերի, 2021
Պահանջում ենք, որ համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկություն տրամադրեն․ «Հայաստան» խմբակցություն

Պահանջում ենք, որ համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկություն տրամադրեն․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ հարավարևելյան սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի հայրենակիցներ, Մենք ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում: ՀՀ ապիկար իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքը միջադեպերի վերաբերյալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որ համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում: Նաև պատասխանեն, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից: «Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասում է, որպեսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդես գա հերթական դեմագոգիկ բացատրությա՞մբ: Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»:
22:45 - 14 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզպետարանը հերքում է. փոխվարչապետի ու մարզպետի մեքենան ցեխի մեջ չի խրվել

Սյունիքի մարզպետարանը հերքում է. փոխվարչապետի ու մարզպետի մեքենան ցեխի մեջ չի խրվել

Սյունիքի մարզպետարանը հերքում է համացանցում տարածված հրապարակումներն այն մասին, թե երեկ` նոյեմբերի 12-ին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, բայց նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ։ «Երեկ ողջ օրը փոխվարչապետն ու մարզպետն անարգել ու առանց խոչընդոտների այցելել են տարբեր գյուղեր ու ճանապարհներ։ Նյութում վկայակոչում են Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքերը, որը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի ասել»,– նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ մարզպետարանի` Ավագյանը միայն ասել է, որ շինաշխատանքների վայրում հանդիպել է ճանապարհը դիտարկող Պապիկյանին ու Պողոսյանին և նրանց ներկայացրել իր առաջարկները։
16:54 - 13 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Մոլորեցնող հրապարակումները կանխելու նպատակով՝ Պաշտպանը հրապարակել է տեսանյութ այն մասին, որ ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ «Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց փաստեր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունն անօրինական է և որ այդ պատճառով Սյունիքում առաջ են եկել մարոդու իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լրջագույն խնդիրներ, որոշ լրատվամիջոցներում երեկ արվել են արհեստական հրահրված տարբեր հրապարակումներ, թե իբր ՀՀ մարդու իրավավունքների պաշտպանի փաստերը, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն էականորեն դժվարացել է, իրականությանը չեն համապատասխանում: Ուստի, մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված): Այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ: Ուստի, այս հրապարակումը (տեսանյութ-ապացույցը) ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք: Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները: Նրանք պետք է հեռացվեն և վերջ: Հ.Գ. Տեղական մարմինները, ինչպես նաև Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար, ինչի մասին երեկ հատուկ մենք հայտարարել էինք, բայց Մարդու իրավունքների պաշտպանի այդ ու այս հայտարարությունների նպատակային նշանակությունը բոլորովին այլ է»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
10:51 - 13 նոյեմբերի, 2021
ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

ԱԻՆ-ի մեքենայով հաց է հասցվել Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր. Սյունիքի մարզպետարանը հերքում է Գորիսի փոխհամայնքապետի հայտարարությունը

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, թե Բարձրավան, Շուռնուխ ու Որոտան գյուղեր ինքն է հաց հասցնում, ու հարցրել, թե «ով պետք է այդ մասին մտածի»։ Հայտնում ենք, որ այդ ու գյուղերի բնակիչների մյուս խնդիրների մասին մտածող, ինչպես նաեւ խնդիրները լուծող կա, ու այսօր ՀՀ ԱԻՆ մարզային կառույցի ավտոմեքենայով Սյունիքի մարզպետարանն է կազմակերպել գյուղեր հաց հասցնելը։ Ինչպես նաեւ, այսուհետ եւս ամենօրյա ռեժիմով կկազմակերպվի գյուղեր սնունդ հասցնելը։ Նա նաեւ նշել է, որ Բարձրավանում դիալեզ ստացող հիվանդ կա, եւ չգիտեն, թե ինչպես պետք է նրա բուժսպասարկումը կազմակերպվի։ Դա եւս ապատեղեկատվություն է․ նշված հիվանդը Բարձրավանում շատ քիչ է լինում, վերջերս գտնվել է Երեւանում, իսկ արդեն մեկ շաբաթ է՝ նա գտնվում է Կապանում, ու Կապանի ԲԿ-ն կկազմակերպի նրան անհրաժեշտ բուժսպասարկումը»։ Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։  
22:42 - 12 նոյեմբերի, 2021
Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով: Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է: Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում: Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։ Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը: Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն: Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին: ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը: Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful): Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է: Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը): Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին: Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։
21:50 - 12 նոյեմբերի, 2021