Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենի հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ։ Քննարկվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կարիքների գնահատման գործընթացի արագ և արդյունավետ կազմակերպման հնարավոր տարբերակները։ Որպես առաջնահերթություն սահմանելով վիրավորում ստացած զինծառայողների խնդիրների արագ հայտնաբերումը՝ նախարարը հույս է հայտնել, որ նախատեսվող համագործակցությունը հնարավորություն կտա կարճ ժամկետում ստանալ նրանց կարիքների ամբողջական պատկերն, ինչի հիման վրա էլ կտրվեն խնդիրների թիրախային լուծումներ։ Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ ջանքերով նպաստելու վիրավոր զինծառայողների խնդիրների շատափույթ լուծմանը։
19:01 - 24 դեկտեմբերի, 2020
Առաջիկա օրերին առկա մերժված հայտերը, ինչպես նաև այն հայտերը, որոնք ծրագրային պատճառներով հնարավոր չի եղել դիտարկել, կդիտարկվեն մեկ անգամ ևս․ Մեսրոպ Առաքելյան

Առաջիկա օրերին առկա մերժված հայտերը, ինչպես նաև այն հայտերը, որոնք ծրագրային պատճառներով հնարավոր չի եղել դիտարկել, կդիտարկվեն մեկ անգամ ևս․ Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել․ «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է աջակցության գումարները։ • Որոշ քաղաքացիների դիմումների մերժումների մասով առկա են դժգոհություններ, քանի որ այդ անձինք թեև իրակավան տեսանկյունից չեն համապատասխանում պահանջներին, սակայն փաստացի առկա են հիմնավորումներ շահառու հանդիսանալու համար։ Այդ կապակցությամբ, Կառավարության որոշմամբ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ Արցախի կառավարության կողմից տրամադրված հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու համարվելու և աջակցություն ստանալու համար։ • Առաջիկա օրերին առկա մերժված հայտերը, ինչպես նաև այն հայտերը, որոնք ծրագրային պատճառներով հնարավոր չի եղել դիտարկել, կդիտարկվեն մեկ անգամ ևս։ • Դիմումների ընդունման ժամկետը դեկտեմբերի 20-ի փոխարեն երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։ • Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրի մասով (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) պոտենցիալ շահառուների 90 տոկոսը դիմել է, որոնց դիմումները դիտարկվում են Արցախի կառավարության կողմից, և արդեն այսօրվանից որոշ քաղաքացիներ ստացել են աջակցության գումարները։ • Այս ծրագրի մասով նույնպես դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։ • Այս ծրագրի մասով նույնպես անհատական հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու դառնալու համար։ • Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության ծրագրի (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) դիմումները կսկսվեն ընդունվել հաջորդ շաբաթվանից։ • Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և վիրավորներներին աջակցության ծրագրի (1-5 մլն դրամ) դիմումներն արդեն ընդունվում են։ • Հայաստանում գտնվող արցախցիներին աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։ • Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավոր զբաղվածության (համայքներում աշխատանքի) աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։ • Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի գծով 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ Արցախում) դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից, դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից։ Հայցում եմ բոլոր այն արցախցիների ներողամտությունը, ովքեր դեռ չեն ստացել աջակցությունները կամ այդ ընթացքում բախվել են անհարմարությունների։ Նախարարության համար յուրաքանչյուր քաղաքացի մեր անհատական հոգածության ներքո է։ Վստահեցում եմ, որ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է պետության աջակցությունը՝ քաղաքացու նկատմամբ մեր անհատական պատասխանատվության շրջանակում»։
20:44 - 19 դեկտեմբերի, 2020
Հայաստանի 5 մարզում մեկնարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի եռամյա ծրագիր

Հայաստանի 5 մարզում մեկնարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի եռամյա ծրագիր

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզեր 11 հազարից ավելի խոցելի անձանց համար կընդլայնվեն սոցիալական տարաբնույթ ծառայություններից և սոցաջակցության նպաստներից օգտվելու հնարավորությունները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա ծրագիր Հայաստանի 5 մարզի համար։ Շահառու ընտանիքների համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները, ազատ աշխատաշուկայում որոնել նոր հնարավորություններ, վերամասնագիտանալ և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։ «Մեկնարկվում է մի ծրագիր, որի ձևաչափն ինքնին խոսում է և՛ քաղաքականությունների ուղղվածության, և՛ իրականացման մոտեցումների, այն է՝ բազմակողմ համագործակցության մասին։ Ծրագրի իրականացման առանցքում տեղական մասնագիտական ներուժն է՝ Հայաստանի սոցիալական աշխատողների համայնքը։ Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է քաղաքացու սոցիալական ակտիվացման, սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման քաղաքականությունների առաջնահերթությունները»,- մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի ամբողջական մոտեցումներն ու առաջնահերթությունները, վերջնական արդյունքին հասնելու նախապայմանները։ Ծրագրով նախատեսվում է սոցիալական բազմաբնույթ ծառայությունների տրամադրում ընտանեկան նպաստի համակարգում գրանցված, այդ համակարգից դուրս մնացած ընտանիքներին, հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի փորձագետներն ընդգծել են. հետպատերազմյան իրողությունները՝ իրենց սոցիալ-տնտեսական հետևանքներով, ավելի մեծ մարտահրավերներ են ստեղծել հասարակության և պետական ինստիտուտների համար: Միջազգային գործընկերները ևս կարևորել են մեկնարկվող ծրագրի անհրաժեշտությունը, որը խթանելու է հասարակության անապահով մարդկանց կյանքի որակի բարելավումն ու բարեկեցության մակարդակի բարձրացումը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով, և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո։
21:27 - 18 դեկտեմբերի, 2020
Զինհաշմանդամների պրոթեզավորումն անհատական է լինելու. երկու տարի անց պրոթեզավորելու լուրերն ապատեղեկատվություն են |hetq.am|

Զինհաշմանդամների պրոթեզավորումն անհատական է լինելու. երկու տարի անց պրոթեզավորելու լուրերն ապատեղեկատվություն են |hetq.am|

hetq.am: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաճախ տարատեսակ գրառումներ և մեկնաբանություններ են լինում սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական համակարտության գոտում սկսված պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների և կամավորների պրոթեազորման մասին։ «Ոմանք ասում են, որ վիրավոր զինվորների պրոթեզավորումը 2 տարի հետո պետք է սկսվի», «2 թևերը կտրած զինվորին էլ էին ասել 2 տարի հետո նոր հերթդ կհասնի»։ Օրեր առաջ նման գրառումներ և մեկնաբանություններ կային սոցիալական ցանցում։ Զինծառայողների պրոթեզավորումն ապահովելու է Աշխատանք և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ հաշմանդամ դարձած զինծառայողների պրոթեզավորման գործընթացի սկսման համար հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Իսկ երկու տարի հետ պրոթեզավորում կատարելու լուրերն ապատեղեկատվություն են։ Նախարարությունից վստահեցրեցին, որ պրոթեզավորումը անհատական է լինելու՝ կախված նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի զինծառայողի վնասվածքի վերականգման համար։
10:39 - 15 դեկտեմբերի, 2020
Տուֆաշենում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

Տուֆաշենում ապրող ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամների մասին տարածվող լուրերի վերաբերյալ։  «Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով,  որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Ընտանիքը տեղափոխվել  է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Սոցիալապես խոցելի ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, արվում է ամեն հնարավորը՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով նրանց դուրս բերելու կյանքի դժվարին իրավիճակից»։
20:06 - 13 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախի Հանրապետություն այցի շրջանաներում հանդիպել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Վերահաստատեցի կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։Միևնույն ժամանակ, կարևորեցի Հայաստանում իրենց կեցությունը շարունակող արցախցիների նկատմամբ մեր պատասխանատվությունը, որոնք արտացոլված են մի շարք ծրագրերում։Քննարկեցինք նաև Արցախի սոցիալ-տնտեսական ակտիվության վերակագնմանն ուղղված կայուն զարգացման հնարավոր ծրագրերը։Մեր նախարարությունը ամենօրյա կապի մեջ է Արցախի կառավարության գործընկերների հետ՝ միջոցառումները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,- գրել է նա։
20:11 - 12 դեկտեմբերի, 2020
Կառավարությունն աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տները կորցրած արցախցիներին |1lurer.am|

Կառավարությունն աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տները կորցրած արցախցիներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց և ընդունվեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ միջոցառումը վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շարքից է և վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց բնակելի տները ավերվել են պատերազմի հետևանքով: «Մենք ունենք գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Բացի ավերածությունների հետևանքով իրենց տները կորցրած քաղաքացիներից, կա մի փոքր հատված, ովքեր այս պահին ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից, այդ քաղաքացիները նույնպես շահառու են հանդիսանալու: Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են գործող միջոցառման կամ այս միջոցառման շահառու»,- նշեց Առաքելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ 250 հազար դրամ աջակցություն կտրվի ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ անչափահասներին:
12:01 - 10 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հեռավար ձևաչափով զրուցել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության ուղիները, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցող սոցիալական պաշտպանության ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունքները:Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է առկա մարտահրավերները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված քայլերը: Նախարարը կարևորել է բացի տրվող ֆինանսական աջակցություններից արդյունավետ միջավայրի և գործիքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք արցախցիներին հնարավորություն կտան ունենալ կայուն եկամտի աղբյուր: Նա հույս է հայտնել, որ Արցախում առաջիկայում կվերականգնվի տնտեսական և սոցիալական կայունությունը ի և վստահեցրել՝ Արցախի վերաբնակեցումը կապված է ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման հետ:Աննա Կարին-Օստն էլ, իր հերթին, ներկայացրել է համաճարակի ընթացքում և հետպատերազմական օրերին իրենց կողմից կատարված և ընթացիկ փոխլրացնող նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են պարենային և ոչ պարենային աջակցություն:Կողմերը հույս են հայտնել, որ նախատեսվող երկարաժամկետ ծրագրերը հնարավորություն կտան ոչ միայն թեթևացնել արցախցիների դժվարությունները Հայաստանում, այլև կստեղծեն նախադրյալներ վերջիններիս՝ Արցախ վերադարձալու համար:Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ տրամադրվող աջակցությունների հասցեականությունն ու նպատակայնությունը բարձրացնելու համար:
10:08 - 10 դեկտեմբերի, 2020
Մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր․ Առաքելյան
 |armtimes.com|

Մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր․ Առաքելյան |armtimes.com|

armtimes.com: Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բարձրացրեց արցախցիների զբաղվածությանը վերաբերող հարց։ «Արցախի այն քաղաքացիները, ովքեր եկել են անօթևաններ են արդեն և ստիպված են մնալու Հայատանի Հանրապետության տարածքում, կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու, բայց քանի որ գրանցման խնդիր կա, քանի որ իրենք նախկինում գրանցված են եղել այն տարածքներում, որտeղ այս պահին այդ տարածքները չկան, և աշխատանքային պայմանագիր կնքելու խնդիր է առաջանում, և միևնույն ժամանակ հարկային դաշտ մտնելու խնդիր է առաջանում, գործատուները ուղղակիորեն հրաժարվում են կամ ստիպված են լինելու ուղղակի այսպես ստվերում աշխատանքի վերցնեն, իսկ քանի որ վախենում են հետագա տուգանքներից, աշխատանքի չեն վերցնում և այս մարդիկ մշտապես մնալու են զուտ կարիքի մեջ՝ ակնկալելով, որ պետությունը օգնի։ Արդյոք կա՞ որոշակի քայլեր արված այ առումով և եթե կա, ապա տեղեկացնեք, եթե չկա ի՞նչ է պլանավորվում»։ Արձագանքելով Հովսեփյանի հարցին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Կառավարության կողմից։ «Արցախի այն հայրենակիցները, ովքեր այս պահին իրենց կեցությունը անցկացնում են Հայաստանում, Կառավարությունը, ինչպես տեղյակ եք արդեն գործող մի քանի ծրագիր ունի, մասնավորապես Արցախի հաշվառում ունեցող բոլոր քաղաքացիներին տրամադրվել է 68.000 դրամական աջակցություն, այս պահի դրությամբ արդեն մոտ 45.000 քաղաքացի ստացել են այդ աջակցությունը, մոտավորապես 30.000-ի համար կա հաստատված գումարներ, որոնք առաջիկա օրերի ընթացքում կստանա, մոտավորպես 94.000 շահառուի մասին է խոսքը»։ Առաքելյանը նշեց, որ երկու ծրագիր կա Արցախի քաղաքացիների այն հատվածի  համար, որոնց բնակավայրերը այս պահին չեն գտնվում Արցախի տիրապետության մեկ։ «Մի ծրագիր արդեն գործում է 300.000-ական դրամ, և մյուս հատվածը, որը Կառավարության առաջիկա նիստում կհաստատվի, դա յուրաքանչյուր քաղաքացու մասով 250.000 դրամ կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք բնակարանների, բնակելի տների ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով այս պահին հնարավորություն չունեն այդտեղ բնակվելու և բնակվում են Հայաստանում»։ Անդրադառնալով արցախցիների զբաղվածության թեմային՝ Առաքելյանը նշեց, որ այդ խնդիրը Կառավարության ուշադրության ներքո է։ «Այս պահին մշակված են գործող զբաղվածության ծրագրերի հիման վրա հատուկ արցախահայության համար ծրագրեր, որպեսզի նաև մեխանիզմը պարզ լինի և առաջիկայում նույնպես Կառավարությունը կունենա մի քանի ծրագրեր, որը հնարավորություն կտա կարճաժամկետ հատվածում ապահովել այդ քաղաքացիների զբաղվածության ծրագերը և բացի դրանից ոչ միայն իրենց մասով, նաև գործատուների մասով կլինեն խրախուսման համակարգեր, որպեսզի նաև գործատուները շահագրգռված լինեն այդ մարդկանց ընդունել աշխատանքի և այն շեշտադրումը, որ արեցիք կապված խնդիրների հետ, նաև պրոցեսը մաքսիմում պարզ է լինելու, ինչպես աջակցության մյուս ծրագրերի դեպքում, որպեսզի գրանցման և այլ խնդիրները խոչընդոտ չհանդիսանան աշխատելու համար»։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
21:42 - 09 դեկտեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրումը հաշմանդամություն ձեռք բերած անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրումը հաշմանդամություն ձեռք բերած անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց: Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41): Մասնագետներն անձի կարիքը կգնահատեն նրա գտնվելու վայրում (առողջապահական կազմակերպությունում, վերականգնողական կենտրոնում, տանը), ինչպես նաև՝ տեսակապի միջոցով: Բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը և պետական հավաստագրի տրամադրումը կազմակերպվում է 3-ից 10 օրվա ընթացքում: Վերին և ստորին վերջույթների պրոթեզավորումն իրականացվում է ամպուտացված ծայրատի լրիվ վերականգնումից հետո, ինչը կարևոր է շահառուի առողջության հետ կապված լրացուցիչ բարդություններից խուսափելու համար: Աջակցող միջոցները տրամադրվում են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Նրանք նույնպես կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լսողական սարք ստանալու դեպքում՝ նաև աուդիոգրամմա և տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության մասին:
16:34 - 09 դեկտեմբերի, 2020