Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

ԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

ԻԻՀ գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Նպատակն էր ծանոթանալ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի քաղաքացի դատապարտյալների և նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմաններին: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում ներկա պահին գտվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով գտնվում է նախնական կալանքի տակ: Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ պարոն Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում: Տեղում անմիջականորեն ծանոթացել է  պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման և սպասարկման համար քրեակատարողական հիմնարկում առկա կարողություններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից: ԻԻՀ գլխավոր դատախազին ընդհանուր գծերով ներկայացվել է քրեակատարողական ծառայությունում իրականացվող և նախանշվող բարեփոխումների էությունը, նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են առաջին հերթին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների պահման պայմանների, նրանց կենսական և այլ իրավունքների պաշտպանության, ինչպես նաև վերասոցիալականացման մեխանիզմների բարելավմանը: ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին: Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված  պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ: 
12:28 - 15 հոկտեմբերի, 2021
Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը․ Կարեն Անդրեասյանը հետևում է խաղին |armenpress.am|

Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը․ Կարեն Անդրեասյանը հետևում է խաղին |armenpress.am|

armenpress.am: «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նշելով, որ նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է Առաջնության բացման արարողությանը, իսկ մինչ խաղի մեկնարկը զրուցել դատապարտյալների հետ ու հաջողություն մաղթել մրցապայքարում։ Լրագրողների հետ զրույցում նախարար Անդրեասյանը նշել է, որ սա բացառիկ օրինակ է, երբ ազատազրկված մարդիկ կարողանում են իրենց վերադարձը՝ դեպի հասարակություն, իրագործել շախմատի միջոցով։ «Շախմատը կապում է աշխարհի բոլոր մարդկանց, այն սպորտ է, արվեստ է, շախմատը նաև մեր Հայաստանի հպարտությունն է, և այս առաջնությունում մեր հաղթանակը, թեկուզ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլինի մեր թիմի, մեր պետության համար»,- ասել է Կարեն Անդրեասյանը և ընդգծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։ «Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն:  Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին, որի համար շնորհակալություն եմ հայտնում անձամբ պարոն Լպուտյանին և Հայաստանի շախմատի ակադեմիային»,- նշել է Կարեն Անդրեասյանը: Ակադեմիայի  հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարել է մեծ իրադարձություն և ընդգծել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։ Նա նաև տեղեկացրել է, որ շուրջ վեց ամիս դատապարտյալների հետ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և, այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել Նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար։ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել հայ դատապարտյալներին և շնորհակալական խոսք ուղղել Ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։ Սերգեյ Ատոմյանը ևս կարևորել է ՔԿՀ-ներում պահվող անձանց զբաղվածության ապահովումն ու նշել, որ նպատակը աշխատանքի, մշակութային, սպորտային, հոգևոր և այլ զբաղվածության միջոցով դատապարտյալներին հնարավորինս շուտ սոցիալական միջավայր վերադարձնելն է: Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։
14:00 - 13 հոկտեմբերի, 2021
Տարածաշրջանային նոր իրողություններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն. Իրանի գլխավոր դատախազ

Տարածաշրջանային նոր իրողություններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն. Իրանի գլխավոր դատախազ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է  եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա  և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված  քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, նշել, որ  տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն։ Նախարար Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ողջ ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին: Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան․ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերն ու Գլխավոր դատախազին խնդրելԻրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։
11:42 - 13 հոկտեմբերի, 2021
Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Նախորդ կառավարությունն իր ծրագրում նշել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը (էջ 27):  Խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ ծրագրի այդ հատվածին՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք քաղաքական հետապնդումների, բռնապետության մասին, ախր ո՞նց է ստացվում, որ 19 թվականին դուք ասում եք՝ քաջալերելու եք այլընտրանքային խափանման միջոցները, բայց ստացվում է՝ «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք երեք կալանավորված պատգամավոր։ Խոսքը չի գնում գործերը կարճելու մասին, մենք ասում ենք՝ կալանավորում չպետք է լինի, թող լինի խափանման այլ միջոց, բայց չի լինում»։  Սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդևանյանի հնչեցրած մտքերին։ «Էսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձը կա։ Այսինքն՝ երբեք Հայաստանի պատմության մեջ այսքան քիչ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, որքան հիմա»,- նշեց Փաշինյանը։ Infocom-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2000 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի կալանավորված անձ է պատիժ կրել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թվերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ամսա առաջին օրվա դրությամբ։ Սրանից կարող են եզրակացնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին ասում էր, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, նկատի ուներ սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալները Քրեակատարողական ծառայությունից մեզ տրամադրել են 2005-2014 թվականների՝ հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների քանակի վերաբերյալ տվյալները։ 2015-2021 թվականների համար տրամադրվել են յուրաքանչյուր տարվա բոլոր ամիսների վերաբերյալ տվյալները։ Համաձայն քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քերակատարողական հիմնարկներում եղել է 1150 կալանավորված անձ, ինչը Հայաստանի պատմության ամենափոքր թիվը չէ։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել 2005-2014 թվականներին տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ կալաավորների քանակը։ Գրաֆիկ 1 Ինչպես տեսնում եք, 2005, 2007-2009 և 2014 թթ․ առաջին ամիսների դրությամբ կալանավորված անձանց թվերը ավելի քիչ են եղել (համապատասխանաբար՝ 1099, 688, 617, 861, 1035), քան 2021-ի սեպտեմբերի 1-ին։ Գրաֆիկ 2-ում կարող եք տեսնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-2021 թթ․ բոլոր ամիսներին կալանավորված անձանց մասին տվյալները։ Գրաֆիկ 2   Ինչպես տեսնում եք, չնայած 2018-ի հունիսից մինչև 2021-ի հունվար որոշակի տատանումներով կալանավորված անձանց թվերի նվազման միտում է նկատվում, բայց փետրվարից կալանավորվածների թիվը կրկին սկսել է աճել՝ սեպտեմբերին դառնալով 1150։ Իսկ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2005, 2007, 2008, 2009, 2014 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները, ինչպես 2015-ի հունվարից մինչև 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածի բոլոր ամիսների ցուցանիշները։   Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը եղել է 2021 թվականի հունվարին՝ 914 կալանավորված անձ։ Սակայն այս ցուցանիշը ևս ամենացածրը չէ, այն գերազանցում է 2007, 2008, 2009 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները։   Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե այս պահին (սեպտեմբերի դրությամբ) ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է։   Աննա Սահակյան
18:51 - 12 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6--ին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։ «Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին»,- նշված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքներն, ինչպես նաև՝ անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին: Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է: Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։ Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադատության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։
16:08 - 07 հոկտեմբերի, 2021
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Երանուհի Թումանյանցն այսօր ընդունել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քյուլլենի գլխավորած պատվիրակությանը: «Այցի նպատակը դեկտեմբերին կայանալիք գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են, մասնավորապես՝ տնտեսական ներդրումների և համագործակցության ոլորտների նախանշման ուղղությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը ինչպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում և ընդգծել, որ համագործակցությունը դատաիրավական ոլորտից բացի ներառում է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նախարարի առաջին տեղակալը նշել է նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագիրը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող բարեփոխումները լավագույնս արտացոլված են Կառավարության հնգամյա ծրագրում: Դեյվիդ Քյուլլենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, կիսվելով Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված տեղեկություններով, նշել է, որ տպավորված է դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ներգրավվածության մակարդակից: Գործընկերների հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացնելով համագործակցության առաջնահերթությունները, ընդգծել է պատերազմի և համավարակի հետևանքներով երկրի համար առաջացած մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման գործընթացին ու նախանշել համագործակցության հնարավոր ուղիներն այս հարցում: Փոխնախարարը անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության կազմում արդեն գործող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործունեությանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման գործընթացում ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների օրակարգի մի շարք այլ հարցերի: Հադիպման ավարտին կողմերրը սերտ համագործակցությունը շարունակելու բարձր պատրաստակամություն են հայտնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:32 - 05 հոկտեմբերի, 2021
Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ Կարեն Անդրեասյան

Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ Կարեն Անդրեասյան

Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է, այդ մասին են վկայում այն փաստերը, թե վերջին երկու տարիների ընթացքում որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների նկատմամբ՝ հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Եվրոպայի նոտարների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:Նախարարը Կառավարության ու իր անունից շնորհավորել է բոլոր նոտարներին մասնագիտական օրվա առիթով։ Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նոտարներին, որոնք, Հայաստանի համար հատկապես դժվարին ժամանակահատվածում, ապահովել են գրագետ աշխատանք՝ ընդգծելով, որ, ի տարբերություն տարիներ առաջ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, դրանք այսօր շատ չեն, իսկ եթե կան, ապա հիմնականում օրենսդրական բացերի հետևանքով են, որոնց լուծումը կտա Արդարադատության նախարարությունը՝ նոտարական համայնքի հետ համագործակցության արդյունքում։ Ներկայացնելով օրակարգային բարեփոխումները՝ նախարար Անդրեասյանն առանձնացրել է դատաիրավական համակարգում ու արդարադատության ոլորտում իրականացվելիք թվայնացման գործընթացը, որը, իր համոզմամբ, կնպաստի ու կօժանդակի նաև նոտարների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով նոտարներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ քաղաքացիների բարեկեցության։ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է նոտարների պատասխանատու աշխատանքին և ընդգծել, որ քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանք կատարելով՝ նոտարը նպաստում է արդարադատության իրականացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Բացման և ողջույնի խոսքին հաջորդել է նորանշանակ վեց նոտարների երդման  ու վաստակաշատ նոտարների պարգևատրման արարողությունը։
17:30 - 02 հոկտեմբերի, 2021
Իրանը Հայաստանում ներդրումներ անելու ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իրանը Հայաստանում ներդրումներ անելու ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրին և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպում են ունեցել։   «Կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։ Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու համար։ Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ Կարեն Անդրեասյանը  տեղեկացրել է, որ թիվ մեկ անելիքներից ու այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է դատական համակարգի բարեփոխման հարցը՝ այդ թվում ուղղված նաև բարձրացված խնդրի լուծմանը։ Այդ համատեքստում նախարարը նաև իրանական փորձն  ուսումնասիրելու ու իրանցի գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել։ Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։   
18:20 - 01 հոկտեմբերի, 2021
Երանուհի Թումանյանցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երանուհի Թումանյանցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երանուհի Թումանյանցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ Նորանշանակ փոխնախարարը 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։ Մասնագիտական գործունեություն  Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի մի շարք ծրագրերի/հետազոտությունների փորձագետ, այդ թվում՝ «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» (Եվրոպայի խորհուրդ), Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կարողությունների զարգացման ծրագիր (Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ) Աշխատողների իրավունքների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում» (ԲՀՀ-Հայաստան) «Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների վերհանման միջոցով» (Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագիր) «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թափանցիկության բարձրացումը որպես նրանց անկախության երաշխիք» (Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն) «Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների փաստագրում ու վերլուծություն» (ԲՀՀ-Հայաստան) Տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող օրենսդրության ուսումնասիրություն. բարեփոխման հայեցակարգ» (ԲՀՀ-Հայաստան), ինչպես նաև․ Ծրագրի համակարգող ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում (ԲՀՀ-Հայաստան) Դասախոս (ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն, «ՀՀ Սահմանադրական իրավունքի հիմունքներ, մարդու իրավունքները և ոստիկանությունը» մոդուլ) Գիտական խորհրդի քարտուղար («Մանց» համալսարան, 2020 փետրվարից մինչ օրս) Դիտորդական առաքելությունների («Ականատես», «Քաղաքացի դիտորդ») իրավական հարցերով խորհրդատու, փաստաբան, դիտորդների և իրավաբանների դասընթացավար («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Եվրոպական Միություն և Ժողովրդավարության ազգային հիմնադրամ), կարճաժամկետ դիտորդ միջազգային դիտորդական առաքելությունում (Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO), Ուկրաինայի` 2019թ. նախագահական ընտրություններ) Փաստաբան (քաղաքացիական, վարչական, սահմանադրական և ՄԻԵԴ գործեր) ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  տեղակալ,  խորհրդական, Բռնությունների կանխարգելման վարչության պետ, քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության բաժնի պետ, նույն բաժնի ավագ մասնագետ, մասնագետ, Մարդու իրավունքների պաշտպանի ռեֆերենտ (06.2006 - 04.10.2016) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետ (Մարդու իրավունքների պաշտպանի կարողությունների զարգացման ծրագիր, 13.12.2012- 31.10.2013) Դասախոս (Մարդու իրավունքներ», «Սահմանադրական իրավունք», «Եվրոպական իրավունք», «Միջազգային մասնավոր իրավունք» առարկաներ, Երևանի «Մանց» համալսարան, 09.2008 – 2011 մայիս)
21:31 - 30 սեպտեմբերի, 2021
ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը

ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը

Եվրոպայի խորհուրդն ՀՀ արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։ ԵԽ գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարար Անդրեասյանին ընդունելության համար, ընդգծել Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել։ Կարեն Անդրեասյանը ԵԽ գործընկերոջը ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն պայքարին, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ոստիկանության բարեփոխումներին և դատավորների բարեվարքության ստուգմանը։ Վերջինի առումով երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ սերտ համագործակցությունը։
20:54 - 30 սեպտեմբերի, 2021
Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումները․ նախարար |azatutyun.am|

Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումները․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ, այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարը։ Կարեն Անդրեասյանն ընդգծեց՝ դրանք սկսվել են, բայց՝ կշարունակվեն։ «Վեթթինգի համար կա երկու ճանապարհ՝ կարգապահական վարույթները, որոնցով հատկապես շատացնում ենք և՛ ուշադրությունը, և՛ քանակները, բայց դա միակողմանի գործողություն չէ, ես նաև ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթթինգի և համակարգը մաքրելու մասին, իրենք են այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած, որպես պետական մարմին, և մեր համագործակցությունը, այսինքն՝ ես հարուցեմ վարույթը, իրենք՝ քննեն և արդար որոշումներ կայացնեն, շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ», - ասաց նախարարը։
13:28 - 30 սեպտեմբերի, 2021
Արդարադատության նախարարության աշխատակազմը ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից

Արդարադատության նախարարության աշխատակազմը ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից

Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: ««Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի 1 ժամկետը։ Տեղեկացնեմ, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և  մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից»,-նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
10:10 - 30 սեպտեմբերի, 2021
Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը |armenpress.am|

Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի և բարքերի քրեակատարողական  հիմնարկ, թվայնացնել Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը, կառուցել մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող հանրային ծառայություններ, ինչպես նաև` ԴԱՀԿ ծառայության կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ Առաջիկա ծրագրերի, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանադրական բարեփոխումների, պարեկային ծառայության գործունեության և այլ թեմաների մասին խոսել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ - Պարոն Անդրեասյան, ստանձնելով Արդարադատության նախարարի պաշտոնը, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև:  - Ունեմ հինգ առաջնահերթ ծրագիր. առաջինը՝  իրավական գործընթացների արդյունքում մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, երկրորդը՝ բացարձակ նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ կառուցել Հայաստանում: Նոր՝ ոչ միայն իր շինությամբ ու անվտանգությամբ, այլև բարքերով, անձնակազմով ու մթնոլորտով: Երրորդը՝ թվայնացնել ողջ դատաիրավական համակարգը՝ դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով այս ոլորտում գործող բոլոր պետական մարմինների աշխատանքը: Չորրորդը՝ վրացական օրինակով Հայաստանում կառուցել հանրային ծառայությունները մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող «Արդարադատության տներ»: Եվ հինգերորդը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կառավարումը դարձնել այնքան արդյունավետ, որ մարդիկ այլևս, դատավճիռները ստանալուց հետո, չմնան ձեռնունայն, իսկ պետությունն էլ ոչ թե մեր այս ծառայության համար գումարներ հատկացնի, այլ շահույթ ստանա, և այդ շահույթը ուղղի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումներին։ - Հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ եք նախատեսում: Արդյոք բավարար են 2018 թվականից ներդրված գործիքները կոռուպցիայի դեմ պայքարելու համար:  - Պետք է շարունակենք նպաստել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանն ու զարգացմանը, որը կոռուպցիայի դեմ պայքարելու ամենագործուն մեխանիզմն է: Հանձնաժողովի կազմն ու աշխատակիցները մեծ հույսեր են ներշնչում, պարզապես պետք է շարունակենք նրանց տեխնիկապես աջակցել ու հզորացնել: Նաև շատ կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների ստեղծումը: Այս ուղղությամբ ևս նախարարությունը հսկայածավալ աշխատանք է կատարում: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործումը՝ մեր նախարարության աշխատանքի կարևորագույն ուղղություններից: - Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: - Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործում կարևոր է ոչ միայն առանձին դատավորների, այլև Բարձրագույն դատական խորհրդի դերը: Այս համատեքստում կարևորում եմ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների հարցում հետևողական և խիստ մոտեցումը, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության գնահատումը: Դատական համակարգի անկախության և նրա հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը միտված գործիք է լինելու նաև վեթինգը: Առկա օրենսդրական կարգավորումները, սակայն, թույլ չեն տալիս նոր ներդրվող կառուցակարգերը գործածել նախկինում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, ուստի ծառացած խնդիրների լուծման նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ, նախատեսվում է նաև հարցի քննարկում միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու համար գործընթացի համապատասխանությունը միջազգային չափանիշներին: - Արդյոք տեսնում եք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, և եթե այո, ապա ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու այս ոլորտում: Կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: - Կառավարության ծրագրի մակարդակով արդեն իսկ ամրագրվել է այն հանգամանքը, որ Կառավարությունը հանրային-քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության հարցը որոշելու համար: Եվ այս առումով գործընթացն արդեն իսկ մեկնարկել է. Սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացը հստակեցնելու, բարեփոխումների իրականացման ձևաչափի, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման շուրջ մասնագիտական աշխատանքների նախընտրելի մոդելի ձևավորման, ինչպես նաև՝ բարեփոխումների որոշ ուղղությունների շուրջ նախնական պատկերացումներ կազմելու նպատակով  ես հանդիպումներ եմ ունեցել Փաստաբանների պալատի ղեկավար կազմի, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, արտախորհրդարանական ուժերի, երկու տասնյակից ավելի հայտնի իրավաբան-գիտնականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երկու տասնյակից ավել լրագրողների հետ: Այդ հանդիպումների ընթացքում փորձեցինք հասկանալ տարբեր շրջանակների կարծիքն այն մասին՝ արդյոք պետք է պահպանել խորհրդարանական կառավարման մոդելը, թե՞ վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևին, արդյոք պետք է միավորել բարձր դատարանները և մի շարք այլ հարցեր: Այժմ ամփոփում ենք նշված հանդիպումների արդյունքները և մշակում սահմանադրական բարեփոխումների նոր մեկնարկի և գործընթացի կազմակերպման առաջարկներ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:37 - 28 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։        Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է  գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է նրանց աշխատանքից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Նշվում է, որ առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։  
17:04 - 27 սեպտեմբերի, 2021
Զրո հանդուրժողականություն՝ բոլոր ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին

Զրո հանդուրժողականություն՝ բոլոր ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին

Զրո հանդուրժողականություն՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար և ընդգծել, որ այդ գնահատականը նաև ամբողջ քաղաքական թիմինն է: Շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատոմյանի նկատմամբ: «Բարեփոխումների ծրագրերի հարցում մենք միակարծիք ենք, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կիրականացնենք համատեղ ուժերով»,- ասել է արդարադատության նախարարը։ Անդրադառնալով համակարգի բարեփոխումներին միտված մյուս սկզբունքներին՝ նախարար Անդրեասյանը կարևորել է նաև բոլոր ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն ու ազատազրկվածների համար արժանապատիվ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նոր մոդելի քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը նոր կլինի ոչ միայն շինությամբ, այլև նոր կրթությամբ ու պատրաստվածությամբ «զինված» ծառայողներով։ Ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և ընդգծել, որ առաջընթացի արձանագրումը հնարավոր է դարձել Կառավարության բարձր աջակցության ու ծառայակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կառավարության ծրագրում քրեակատարողական համակարգի առնչությամբ կա մեծ տեսլական, այն է՝ ունենալ ավելի կայուն, հզոր քրեակատարողական ծառայություն, նպատակն էլ մեկն է՝ վերասոցիալականացման ծրագրերի միջոցով դատապարտյալին վերադարձնել հասարակություն՝ որպես օրինապահ քաղաքացի։
16:39 - 23 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը իրավաբանների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հարցը

Կարեն Անդրեասյանը իրավաբանների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներ Ալինա Փխրիկյանը և Արմեն Հարությունյանը, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Ադելաիդա Բաղդասարյանը, Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Տիգրան Մարկոսյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Հրայր Ղուկասյանը, Գևորգ Դանիելյանը, Տարոն Սիմոնյանը, փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վանիկ Մարգարյանը, Արա Խզմալյանը, Հայկ Մալխասյանը, Ալեքսանդր Սիրունյանն ու Գոռ Մարգարյանը։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրավաբաններին հանդիպմանը ներկա լինելու համար ու ներկայացրել հանդիպման նպատակն ու երեք հարց առաջադրել նախնական կարծիքներ լսելու համար՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում: Ներկայացված հարցերի և առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ մասնագիտական քննարկում:  Նման ձևաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
18:27 - 09 սեպտեմբերի, 2021