ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Գյումրիում սպասվում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում |armenpress.am|

Գյումրիում սպասվում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում |armenpress.am|

armenpress.am:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:  «Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։   Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։   Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները»,- հայտնել է Պապիկյանը։
13:46 - 21 հուլիսի, 2021
 Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Աշնանը Հայաստանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

2021 թ․ դրությամբ բազմաթիվ համայնքերում արդեն լրացել են (կամ աշնանը լրանում են) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, ուստի այդ համայնքներում առաջիկայում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2020 թ․ սեպտեմբերի 23-ի որոշմամբ՝ 2021-ին ՏԻՄ ընտրությունների օրեր են սահմանվել մարտի 14-ը, սեպտեմերի 26-ը և հոկտեմբերի 17-ը։ Մարտին ընտրություններ տեղի չունեցան՝ կորոնավիրուսային և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված։ ՏԿԵՆ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին ՏԻՄ-երի հերթական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա 440 համայնքում։ Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ՝ ՏԻՄ-երի արտահերթ ընտրություններ անցակցնելու անհրաժեշտություն կա մոտ 20 համայնքում (այդ թիվը կարող է փոփոխվել)։ 2020-ի ամռանը փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, համաձայն որոնց՝ բազմաբնակավայր (խոշորացված) և 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ձևավորվելու են կուսակցական ցուցակներ, ընտրվելու է ավագանի, իսկ ավագանու կազմից՝ համայնքապետ։ «Համայնքների միավորման գործընթացով պայմանավորված՝ այս պահին հնարավոր չէ ստույգ հաշվարկել, թե որ համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Դա հնարավոր կլինի հաշվարկել համայքներն օրենքով միավորելուց հետո, երբ հայտնի կլինի միավորված համայնքների ընտրողների թվաքանակը։ Այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը կգերազանցի 4000-ը, ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։ 2020-ի օրենսդրական փոփոխություններով արդեն ձևավորվել են Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքները, որտեղ ՏԻՄ ընտրություններ դեռ չեն անցկավել և նոր են անցկացվելու։  Եվս 186 համայնք նախատեսվում է միավորել՝ ձևավորելով 11 խոշորացված համայնք․ ՏԿԵՆ-ը  շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը, սակայն, խորհրդարանում դեռ չի քննարկվել։ Խոշորացման ծրագրում ներառված համայնքներից շատերում լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները: ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ այդ համայնքներում  ընտրություններ կանցկացվեն համայնքներն օրենքով միավորելուց հետո՝ միավորված կազմով։ Փաստորեն, խոշորացվելիք համայնքներում, որտեղ լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, մինչև խոշորացումը ընտրություններ չեն լինի։ Կան նաև այնպիսի համայնքներ, որտեղ չեն լրանում ՏԻՄ լիազորությունների ժամկետները, բայց այդ համայնքներն առաջիկայում խոշորացվելու են։ Այս տարվա հունվարին ՏԿԵՆ-ից մեզ հայտնել են, որ խոշորացվելիք այն համայնքներում, որտեղ չեն լրացել ՏԻՄ լիազորությունները ժամկետները, կարող են համայնքապետերի կամ ավագանու անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցումներ լինել։  Որոշ համայնքներում, որտեղ լրացել է միայն ավագանու կամ միայն համայնքապետի լիազորությունների ժամկետը, ՏԻՄ ընտրություններն այսուհետ անցկացվելու են համամասնական ընտրակարգով, քանի որ այդ համայնքները խոշորացված են կամ ունեն 4000-ից ավելի բնակիչ։ ՏԿԵՆ-ից նշել են, որ այդպիսի դեպքերում, եթե լրանում է (կամ վաղաժամ դադարում/դադարեցվում է) մեծամասնական ընտրակարգով ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավարի։ Իսկ այն դեպքերում, երբ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը։ «Այդ համայնքների ղեկավարների լիազորությունները լրանալուց հետո՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը, կնշանակվեն համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ։ Ավագանու լիազորությունները շարունակելու վերաբերյալ օրենքով որևէ կարգավորում նախատեսված չէ։ Ընտրություններ կանցկացվեն մեկ անգամ համայնքներն օրենքով միավորելուց հետո»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։ Infocom-ի հաշվարկներով, բացի այն համայնքներից, որոնք ներառված են խոշորացման ծրագրում, ՏԻՄ լիազորությունների ժամկետները լրանում են 239 համայնքում։ Այս համայնքներից 159-ում լրանում են  և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետները։ 61 համայնքում լրանում են միայն ավագանու կամ միայն համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետները։ Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ այս 61 համայնքներն ունեն 4000-ից պակաս բնակիչ, հետևաբար՝ այստեղ ավագանու կամ համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Պետք է հաշվի առնել, որ Վիճակագրական կոմիտեն համայնքների բնակիչների թվերի վերաբերյալ մոտավոր տվյալներ է ներկայացնում, հետևաբար բնակիչների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալները կարող ենք իմանալ ընտրողների ցուցակներից։ Մնացած 19 համայնքներում լրացել է միայն ավագանու կամ միայն համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, բայց քանի որ այս համայնքները կա՛մ խոշորացված են, կա՛մ ունեն 4000-ից ավելի բնակիչ (ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած մոտավոր տվյալների), այդ համայնքներից ընտրություններ կանցկացվեն միայն այնտեղ, որտեղ լրացել է ավագանու լիազորությունների ժամկետը, ինչպես պարզաբանել է ՏԿԵՆ-ը։  Դեռ պարզ չէ, թե օրենսդիրը երբ կքննարկի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը, հետևաբար չենք կարող հստակ նշել՝ կձևավորվի խոշորացված համայնքների 11 փո՞ւնջ, ինչպես նշված է ՏԿԵՆ-ի նախագծում, թե՞ այս թիվը կփոխվի։ Հստակ չէ նաև այն, թե ձևավորվելիք խոշորացված համայնքներում երբ կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։
18:40 - 17 հուլիսի, 2021
Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է գծանցներում անվտանգության կանոնների մասին իրազեկման միջոցառում

Հարավկովկասյան երկաթուղին անցկացրել է գծանցներում անվտանգության կանոնների մասին իրազեկման միջոցառում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել է գնացքների երթևեկության անվտանգության ապահովման ուղղված իրազեկման միջոցառում, որի նպատակն է երկաթուղային գծանցներում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային իրավիճակների կանխումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իրազեկման միջոցառումը պայմանավորված էր վերջին շրջանում հաճախակի դարձած՝ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծանցներում երթևեկության կանոնների խախտումներով, որոնք որոշ դեպքերում ավարտվում են դժբախտ ելքով։ Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում ՀԿԵ անվտանգության ծառայության մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ Երևան-Գյումրի երթուղու «Մասիս» և «Սովետական» կայարաններին հարող երկաթուղային գծանցներում հատվող ճանապարհներով երթևեկող ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին փոխանցել են գծանցներում երթևեկության անվտանգության կանոնների մասին իրազեկման հուշաթերթիկներ՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարածին իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ «ՀԿԵ մասնագետները, մասնավեորապես, «Մասիս» կայարանին հարող գծանցում վարորդներին ներկայացրել են կարգավորվող՝ ուղեփակոցով երկաթուղային գծանցի անվտանգ հատման, իսկ «Սովետական» կայարանին (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրին կից) հարող գծանցում՝ չկարգավորվող՝ առանց ուղեփակոցի երկաթուղային գծանցի անվտանգ հատման կանոնները, մասնավորապես հորդորելով նրանց ղեկավարվել երթևեկության նախազգուշացնող համապատասխան նշանների պահանջներով։ Հարավկովկասյան երկաթուղու տեղեկացմամբ՝ 2021 թ․ 1-ին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 9 դեպք (4-ը՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում)։ Պատահարների մի մասը տեղի է ունենում երկաթգծի հետ ապօրինի՝ չթույլատրված գծանցներում։ ՀԿԵ գլխավոր ուղու վրա առկա են 164 գծանցներ, որոնցից 31-ը՝ կարգավորվող, 89-ը՝ չկարգավորվող, և 44-ը՝ չթույլատրված (ապօրինի կառուցված)։ Տրանսպորտային միջոցների վարորդները երկաթուղային գծերը կարող են հատել միայն երկաթուղային գծանցներով` ճանապարհը զիջելով գնացքին։ Երկաթուղային գծանցին մոտենալիս վարորդը պետք է ղեկավարվի գծանցի հերթապահի ցուցումներով, երկաթուղային գծանցներով երթևեկությունը կարգավորելու համար նախատեսված լուսացույցների, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով, համոզվի, որ գծանցին գնացք չի մոտենում, և դրանից հետո միայն անցնի գծանցը: Այն դեպքերում, երբ գծանցով երթևեկությունն արգելված է, վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծի, 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի կամ լուսացույցի մոտ, եթե դրանք բացակայում են` ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ, իսկ եթե բացակայում է նաև ուղեփակոցը, ապա մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա: Պետք է նկատի ունենալ, որ բախման հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է կազմել 500 մետրից մինչև 1 կմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09:19 - 16 հուլիսի, 2021
ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային համագործակցությանն առնչվող հարցեր

ՏԿԵ նախարարի տեղակալը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։   Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ Բարեկամության կամրջի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։   Հանդիպման ընթացքում Վրաստանի դեսպանը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող որոշ ընթացակարգերի կարգավորման, մասնավորապես բեռնափոխադրող վարորդներին Վրաստանի տարածքում վտանգավոր բեռների փոխադրումը պահանջող հատուկ թույլտվության տրամադրման կարգին վերաբերող հարցեր։ Քննարկվել է նաև Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների մշտադիտարկման նպատակով էլեկտրոնային նավարկման կապարակնիքների՝ Վրաստանի տարածքում կիրառման հնարավորության հարցը։   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի։   
17:50 - 15 հուլիսի, 2021
Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը  |armenpress.am|

Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Այս տարի նախատեսվում է  ավարտին հասցնել Հյուսիս-հարավ ճանապարհի  երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը: Ճանապարհային միջանցքի ասֆալտբետոնե հատվածի փռման աշխատանքներին ծանոթանալու համար հուլիսի 13-ին  Շիրակի մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները: Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի շինարարություն: Սա թույլ կտա ճանապարհահատվածը դարձնել երթևեկելի: «Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն այնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել: Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարություն, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,-լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Սուրեն Պապիկյանն ու տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի: Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: «Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, Կառավարությունն էլ որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը: Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ ինչպես, որ խողովակով և կատարել մեր հետագա աշխատանքները»,- նշեց Պապիկյանը: Անկախ Եվրամիության աջակցությունից, որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի չի եղել: «Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ, կհասկանանք ինչպես կազմակերպել: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետև 250 մլն դոլար՝ մինչև Ագարակ: Հավանաբար, գումարը բավարար կլինի, եթե ոչ՝ կմտածենք այս մասին»,- նշեց  Սուրեն Պապիկյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:32 - 13 հուլիսի, 2021
Մոտ 80 տոկոսով սպասարկող գետերի ջրատվությունը պակասել է. Սուրեն Պապիկյանը` ոռոգման ջրի խնդրի մասին |armenpress.am|

Մոտ 80 տոկոսով սպասարկող գետերի ջրատվությունը պակասել է. Սուրեն Պապիկյանը` ոռոգման ջրի խնդրի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խոսեց Հայաստանում սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: Պապիկյանն ասաց, որ չնայած տարին սկզբնական փուլում բարվոք էր, բայց տարվա ընթացքում առաջացավ սակավաջրության խնդիր: «Տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: Սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը: Գիտեք, որ այս տարի Մեծամորի ատոմակայանը ամենաերկար կանգն է արել, ու այս պայմաններում մեր  հնարավորությունները էներգետիկ առումով բավականին բարդ են: Տարբեր ուղղություններով անջատումները բերում են պոմպերի խափանման ու նաև բազում ճգնաժամերի, որը փորձում ենք կառավարել: Այդ  հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի կարողանանք առկա երաշտի պայմաններում մարդկանց ջրի հասանելիությունը ապահովել, ինչպես նաև մեր ունեցած ռեսուրսը ճիշտ օգտագործել»,- նշեց Պապիկյանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը ասաց, որ այս փուլում ջրի խնդիր ունեն ոչ միայն ոռոգելի  տարածքները, այլ նաև  այն տարածքները, որոնք նախկինում ոռոգելի չեն եղել, իսկ առկա ջրային ռեսուրսը չի կարող ապահովել և մեկը, և մյուսը: «Սա է պատճառը, որ դժգոհություններ կան, որն օբյեկտիվ է, բայց մենք պետք է համատեղ ջանքերով փորձենք այն կառավարել»,- եզրափակեց Պապիկյանը:
11:40 - 12 հուլիսի, 2021
Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունից հետո այցելել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ՝ ծանոթանալու հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին։    Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի ուղեկցությամբ եղել է Մ-6 ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ՝ շուրջ 51,74 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի Այրում-Հաղպատ, Սանահին կայարան-Հաղպատ տեղամասերում, ծանոթացել է Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում ասֆալտապատման ավարտված աշխատանքների արդյունքին։   Այցելած տեղամասերում ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների հետ, տվել է ծրագրի կատարման ընթացքին առնչվող հանձնարարականներ։
13:44 - 10 հուլիսի, 2021
Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Մեկնարկել է հայ-վրացական սահմանային անցակետում կառուցվող «Բարեկամություն» կամրջի շինարարությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վրացական կողմից արարողությանը մասնակցել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Երկու երկրները կապող «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքին ներկա են եղել նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, հայկական և վրացական կողմերի այլ պաշտոնատար անձինք, Տավուշի մարզպետն ու Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգապետը, երկու երկրների դեսպանները։ Նոր կառուցվող կամուրջը փաստացի բաղկացած է լինելու երկու ուղղություններն առանձին սպասարկող՝ իրարից 1 մետր հեռավորությամբ երկու զուգահեռ կամուրջներից` յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիներով։ 160 մ երկարությամբ կամուրջն ունենալու է 32-ական մ երկարությամբ 5 թռիչքներ‚ յուրաքանչյուր կամրջի ընդհանուր լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35 մ։ «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։ Կամրջի շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թ․ մայիսին։ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի տեղեկացմամբ ներկայում գործող կամուրջը նորը շահագործման հանձնելուց հետո պահպանվելու է և գործելու է միայն վթարային իրավիճակներում որպես լրացուցիչ, այլընտրանքային տարբերակ։ Կամրջի հիմնարկեքին նվիրված ելույթում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կարևորել է կամրջի կառուցման աշխատանքների հաջող մեկնարկը՝ հաղթահարելով ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած տարբեր դժվարությունները, ինչպես նաև կորոնավիրուսի հակավարակի և 2020 թ. պատերազմի հետևանքով առաջացած խոչընդոտները։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս ծրագրի շրջանակում մշակվել և հաստատվել են կամրջի կառուցման համար անհրաժեշտ բոլոր նախագծերն ու տեխնիկական փաստաթղթերը՝ վստահություն հայտնելով, որ «Բարեկամություն» կամուրջը կկառուցվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։ Ծրագրի իրականացման գործում Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ արդյունավետ համագործակցությունը, որը միտված է հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ծրագրի շարունակականության ապահովմանն ուղղված՝ Վրաստանի կառավարության ջանքերը և կամրջի շինարարական աշխատանքերն իրականացնող իրանական ընկերության ներդրումը։ Անդրադառնալով կառուցվող կամրջի նշանակությանը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարեկամ երկու երկրների միջև ունենանալ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։ «Սահմանային նման ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը», - հավելել է նախարարի պաշտոնակատարը։Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, իր հերթին մեծապես կարևորելով Հայաստանը և Վրաստանը կապող նոր կամրջի ենթակառուցվածքային և տնտեսական մեծ նշանակությունը, ընդգծել է, որ այս ծրագիրը հայ-վրացական դարավոր բարեկամության ևս մեկ կարևոր խորհրդանիշ կդառնա։ Իրակլի Կարսելաձեն բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների և մասնավորապես ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ներդրումը Covid-19-ի համավարակի հարուցած խնդիրների արագ հաղթահարման և կամրջի կառուցման ծրագրի իրագործման գործում ցուցաբերած հետևողականությունը։ ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին-Հանսենը, երկու երկրներին շնորհավորելով կարևոր ենթակառուցվածքային ծրագրի մեկնարկի առիթով, ընդգծել է, որ կառուցվող կամուրջի շնորհիվ սահմանային անցակետերի արդյունավետ աշխատանքի դեպքում կխթանվի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունը, այլև մարդկանց ֆիզիկական տեղաշարժը, զբոսաշրջությունը, ինչի արդյունքում երկու երկրները կունենան տնտեսական զարգացում։
10:39 - 10 հուլիսի, 2021
ՀՀ սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ. Սուրեն Պապիկյան

ՀՀ սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ. Սուրեն Պապիկյան

ՀՀ սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ։ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության, յուրաքանչյուր քաղաքացու հանրային վարքագծի հիմքում։ Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ շարունակելով.   Հայրենասիրությունը դրսևորվում է հենց այս պարզ ճշմարտությամբ, որի խեղաթյուրումը, ցավոք, շատ հաճախ անցանկալի հետևանքներ է թողել մեր երկրի բնականոն զարգացման վրա։ Հայաստանը սիրել նշանակում է գիտակցել ու իրացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ մեր ունեցած պարտավորություններն ու իրավունքները, որոնք բխում են Մայր օրենքից և օրենսդրությունից։ 2021թ․ ընտրություններով ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ վերահաստատեց սահմանադրությամբ իրեն վերապահված անքակտելի իրավունքը և ժողովրդավարական արժեքների անբեկանելիությունը երկրում ։ Մեզ շնորհված լեգիտիմ մանդատով ինչպես առաջ, այնպես և այսօր մենք հետամուտ ենք լինելու սահմանադրության իրացվելիությանը և օրենքի գերակայությանը ողջ երկրում և բոլոր բնագավառներում։ Հայաստանի Հանրապետությունում մենք թևակոխել ենք մի փուլ, երբ օրենքի առջև հավասար են բոլորը և որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից։ Շնորհավոր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր:
14:44 - 05 հուլիսի, 2021
Ոռոգման ջրի խնդիրների հիմնական պատճառը բնակլիմայական է․ տարին սակավաջուր է եղել․ Ջրային կողմիտեի նախագահ |1lurer.am|

Ոռոգման ջրի խնդիրների հիմնական պատճառը բնակլիմայական է․ տարին սակավաջուր է եղել․ Ջրային կողմիտեի նախագահ |1lurer.am|

1lurer.am: Հանրապետության տարբեր մարզերում վերջին օրերին ոռոգման ջրի խնդրի շուրջ «Լուրերին» պարզաբանումներ է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահը: Կարեն Սարգսյանը հայտնել է` հիմնական օբյեկտիվ պատճառը բնակլիմայական է: Տարին սակավաջուր է եղել, գետերում հունիսին 40-60 տոկոս ջրի նվազում ենք ունեցել, ջրամբարները թերի են լցվել: Սարգսյանը հայտնել է, որ պատճառներից է նաև բարձր ջերմաստիճանը: Օրինակ` այն մշակաբույսերը, որոնց ոռոգման ռեժիմը 10 օրը մեկ պետք է լիներ, եղանակի պատճառով դարձել է 6-7 օր, ինչը ևս լրացուցիչ ջրապահանջարկ է առաջացրել: Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ խնդիրը լուծելու համար այլ աղբյուրներից են ջրի համալրում իրականացնում, նաև անդրադարձել է Շիրակում ջրի խնդրին: Կարեն Սարգսյան, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ - Շիրակի մարզում բոլորովին այլ խնդիր է, այնտեղ ջրամբարում ունենք բավականին ջուր: Իրենց խնդիրը Կառնուտի ջրամբար ջրալրում իրականացնելն է, որը մենք ավելացրել ենք, որպեսզի հասցնենք Կառնուտի ջրամբար 1.2 խմ-ով ավելի ջուր, սակայն ջրօգտագործողների անփութության պատճառով 1.2 խմ ջուրը տեղ չի հասել: Այնտեղ կառավարման խնդիր կա: Վաղը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը 4 օրով գործուղվելու է այնտեղ: Ընդհանուր առմամբ, երբ ջրի խնդիրը լուծվի, կաթիլային ոռոգման անցնելու դեպքում կունենանք մեծ խնայողություններ և կկարողանանք բարելավել պահանջարկը: Նախագիծ ենք ներկայացրել, որով առաջարկում ենք մինչև 3 հա այն հողակտորները, որոնք կանցնեն կաթիլայինի, 5 տարով կազատվեն ջրի վարձավճարից: 
21:57 - 29 հունիսի, 2021
Պետական կառույցները, որտեղ աշխատել է Ավինյանի գրասենյակի ղեկավարը, վերջինիս պատկանող ընկերությունից գնումներ են իրականացրել

Պետական կառույցները, որտեղ աշխատել է Ավինյանի գրասենյակի ղեկավարը, վերջինիս պատկանող ընկերությունից գնումներ են իրականացրել

2020 թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար նշանակվեց Բագրատ Բադալյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ավինյանի խորհրդականի պաշտոնը։ Բագրատ Բադալյանը 2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախկին տրանսպորտի և կապի նախարարությունում, վերահսկիչ պալատում։ 2018 թ․ հունիսի 6-ին նշանակվել է նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, այնուհետև՝ 2019 թ. հունիսի 4-ին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Այս պաշտոնը նա զբաղեցրել է մինչև փոխվարչապետի աշխատակազմ տեղափոխվելը (2020-ի փետրվար)։ Բագրատ Բադալյանի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88․13% և «Դոռզնակ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատեր է։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է տրանսպորտային կառույցների նախագծման, նախագծերի փորձաքննության աշխատանքներով, «Դոռզնակ» ՍՊԸ-ն տեխնիկական խորհրդատվություններ է իրականացնում։ 2003-2020 թթ․ «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը։ Բագրատ Բադայանը 2007-2010, ինչպես նաև 2015-2018 թվականներին զբաղեցրել է ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ 2020-ի ապրլի 6-ից «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի տնօրենն է Դավիթ Քարտաշյանը, որն ընկերությունում մասնաբաժին չունի։ Դավիթ Քարտաշյանը մինչև 2013 թ․ աշխատել է «Ճաննախագիծ ինստիտուտ»-ում որպես ինժեներ։ Քարտաշյանը տաբեր տարիների զբաղեցրել է պետական պաշտոններ․ 2013-2018 թթ․ աշխատել է ֆինանսների նախարարությունում, 2018-2020 թթ․՝ նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ապա՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ ՏԿԵՆ-ում Քարտաշյանը զբաղեցրել է ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից 2016-2021 թթ․ ընթացքում 32 անգամ պետական գնում է իրականացվել, ընդ որում՝ 6 անգամ պետական գնումներն իրականցվել են մեկ անձից գնման ընթացակարգով, 1 անգամ՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Հիշեցնենք, որ Բագրատ Բադալյանը 2010-2015, ինչպես նաև 2018-ից մինչև օրս աշխատում է պետական համակարգում, ընդ որում՝ մինչև 2020-ը եղել է ՏԿԵ նախարարի տեղակալ։ Իսկ Դավիթ Քարտաշյանը պետական համակարգում է աշխատել 2013-2020 թթ․։  Եթե Դավիթ Քարտաշյանը «Ճաննախագիծ ինստիտուտ»-ում աշխատել է միայն որպես ինժեներ և ընկերության տնօրեն է դարձել ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը թողնելուց հետո, ապա Բագրատ Բադալյանը 2020-ից ընկերության բաժնետոմսերի ավելի քան 80%-ի սեփականատեր է, իսկ մինչ այդ բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր էր նրա հայրը՝ Սամվել Բադալյանը։ 2016-ից մինչ 2018-ի մայիսը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից իրականացվել է 17 պետական գնում, իսկ 2019-2021 թթ․՝ 15։ Մինչև 2018 թ․ իրականացված պետական գնումներից 4-ն իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով, 2019-2021 թթ․ պետական գնումներից 2-ն են իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ 1-ը՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Ճաննախագիծ ինստիտուտ» ընկերությունից մինչև 2018-ն իրականացված 17 պետական գնումներից 16-ն իրականացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որտեղ մինչև 2019-ն աշխատել է Բագրատ Բադալյանը)։ 2019-2021 թթ․ ընկերությունից 12 անգամ պետական գնում է իրականացրել ՏԿԵՆ-ը, 1 անգամ՝ «Տարածքային զարգացման հիմնադրամը», որը ՏԿԵՆ ենթակայությամբ գործող  ՊՈԱԿ Է։ Հիշեցնենք, որ Բադալյանը 2019-2020 թթ․ աշխատել է հենց ՏԿԵՆ-ում։ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ից հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնում իրականացրել է Վայքի համայնքապետարանը։ 999 999 դրամ արժողությամբ այս պայմանագրով համայնքապետարանն ընկերությանը պատվիրել է Վայք քաղաքում երկու փողոցի մասնակի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնել։ Պետական եկամուտների կոմիտեն այս պայմանագիրը համարել է ռիսկային․ «Գնումների օրենքով սահմանված բազային միավորի՝ 1 մլն դրամի շեմը չգերազանցող գնումների ուսումնասիրության ընթացքում նկատվել են որոշակի ռիսկային պայմանագրեր, որոնցից է, օրինակ, Վայքի համայնքապետարանի և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը (հունիսի 9, 2020թ.), որի արժեքը կազմել է 999,999 դրամ: Նույնկերպ, մի շարք պայմանագրերի դեպքում կան ռիսկեր, որ արժեքը հարմարեցված է 1մլն դրամի շեմը չգերազանցելու և մրցակցային ընթացակարգի կիրառումից խուսափելու համար»:  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե կատարվել է բազային միավորը (1 մլն դրամ) գերազանցող պետական գնում, պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն, որն, ի թիվս այլնի, ներառում է տեղեկություններ հետևյալի մասին․ գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը, հրավերը և դրանում կատարված փոփոխությունները, գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները, հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները, հայտերով ներկայացված գները, հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները, հայտի մերժման դեպքում դրա հիմնավորումը, գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները։ Օրենքի 23-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ մեկ անձից գնում կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե գինը չի գերազանցում 1 մլն դրամը։ Հունիսի 13-ին «Հայաստան» դաշինքի՝ պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը հայտնել էր, որ «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձնից գնման ընթացակարգով գնումներ են իրականցվել։ Ըստ Հակոբյանի՝ «Կոքս քնսալթ»-ը համագործակցում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ։ Հակոբյանը ճիշտ է, «Կոքս քնսալթ ԳՄԲՀ հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումից («Կոքս քնսալթ» գերմանական ընկերության հայաստանյան մասնաճյուղը) ՏԿԵՆ-ը 2020-2021 թթ․ մեկ անձից գնման ընթացակարգով պետական մի քանի գնում է իրականացրել՝ պատվիրելով տարբեր ճանապարհահատվածների վերանոգորման տեխնիկական հսկողության ծառայություններ։ Ինչ վերաբերում է «Ճաննախագիծ ինստիտուտ»-ի հետ կապին, ապա տարբեր պայմանագրերից տեղեկանում ենք որ «Կոքս քնսալթ» ԳՄԲՀ-ն համագործակցել է Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» և «Դոռզնակ» ՍՊԸ-ների հետ։ Աննա Սահակյան
15:59 - 16 հունիսի, 2021
ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել ԵՊՀ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող «Սև շենքը», չի համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ «Սև շենքը»-ի օտարման հարցը Կոմիտեում երբևէ չի քննարկվել։ Իրականում խոսքը գնում է նույն հասցեում գտնվող հողամասի՝ կից հրապարակված հողամասի հատակագծում, բաժանման սխեմայում նշագրումով առանձնացված 197.27 քառ. մետր մակերեսով հատվածի մասին, որն, ինչպես երևում է կից հրապարակված լուսանկարում, գլխավորապես ծառայում է որպես ավտոկայանատեղի և այլ նպատակով չի օգտագործվում։  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանի կողմից ներկայացված հարցումը վերաբերել է բացառապես ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի մասնաշենքին կից ավտոկայանատեղիին, այլ ոչ թե՝ «Սև շենքը»-ին։ Կից հրապարակում ենք հարցումը։ Ի պատասխան հայտնել ենք, որ տվյալ հատվածի օտարման նպատակահարմարության հարցը պարզելու համար աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ընդգծում ենք, որ քննարկումը չի ենթադրում տվյալ հատվածի օտարման մասին որոշման կայացում։ Պետական գույքի արդյունավետ կառավարմամբ շահագրգիռ բոլոր անձանց կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն՝ այն զուգորդելով սեփական անհիմն մեկնաբանություններով, և նման դեպքերում, արժանահավատ տեղեկատվության ստանալու համար, դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե»։
16:57 - 11 հունիսի, 2021
ՏԿԵՆ-ը հայտարարում է կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթներ` միասնական երթուղիների համար

ՏԿԵՆ-ը հայտարարում է կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթներ` միասնական երթուղիների համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի միասնական երթուղիների համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Մեկ այլ մրցույթ հայտարարվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համաձայն։ Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող մրցույթների արդյունքում շահող կազմակերպությունները կսպասարկեն ըստ մարզերի փաթեթներում ընդգրկված միասնական երթուղային ցանցերը։ Միասնական երթուղային ցանցերի գործարկմամբ նշված մարզերում բոլոր համայնքները կապահովվեն կանոնավոր տրանսպորտային սպասարկմամբ, ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտի վերահսկողության մակարդակը: Մրցույթի մասնակցության համար կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջներից է այն, որ մրցույթի ներկայացվող ավտոբուսների առնվազն 20 %-ը պետք է հարմարեցված լինի սահմանափակ կարողություններով մարդկանց կարիքների (տեղաշարժվելու, լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց նստեցման և իջեցման) համար։ Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի միասնական երթուղիները շահագործելու մրցույթի հայտի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 16-ը, իսկ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի երթուղիների համար՝ հունիսի 23-ը։ Մրցույթների պայմանների և երթուղիների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3g8A3fO, https://bit.ly/2TTcmjb»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:33 - 10 հունիսի, 2021
Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են |armenpress.am|

Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում և առկա չէ: Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին ԱԺ ամբիոնից  ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «թուղթը ստորագրելու եմ», հայտարարությանը և Տավուշի 6 գյուղերի հանձնման խոսակցություններին: «Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ կամ միջնորդ երկրի կողմից, բնականաբար, թղթային տարբերակով հա՛մ պետք է մեզ գա, հա՛մ գնա հակառակ կողմին, և այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է այդ տեսքով»,-նշեց Սուրեն Պապիկյանը վստահեցնելով՝ սա աշխատանքային պրոցես է, և այդ փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման էլ առկա չէ: Անդրադառնալով այս պահին ընթացող բանակցություններին, պատասխանատուն տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են: «Բնականաբար, հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ, որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Հիմա դրանում ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները»: Արմենուհի Մխոյան
16:10 - 25 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021