Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Կառավարությունը կարող է սահամանել չափանիշներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունը առանցքային խնդիր է․ Փաշինյանը՝ դատաբժշկական կենտրոնում տեղի ունեցածի մասին

Կառավարությունը կարող է սահամանել չափանիշներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունը առանցքային խնդիր է․ Փաշինյանը՝ դատաբժշկական կենտրոնում տեղի ունեցածի մասին

Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Դատաբժշկական և գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբվոյանի մասնաճյուղում տեղի ունեցածին։ «Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի  ականատես եղանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը, և ֆունդամենտալը հարցը, որ կարծում եմ՝ պետք է պատասխան ստանա, հետևյալն է, արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»։  Այնուհետև առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեյանը ներկայացրել ոլորտում կատարված փոփոխությունները։ «Մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» ունեցել է միայն Երևանի դիահարձարանը։ Մաշված սառնարայանին կարողություններով, և մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։ Նշեմ, որ ծառայությունը իրականացվել է  բժշակական կազմակերպությունների կողմից ժամանակավոր տրամադրվող անհրաժեշտ չափանիշների չհամապատասխանող սենյակներում։Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարային տեղ»։ Այնուհետև Ավանեսյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 2018թ․-ից հետո։ «Մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայություններ ապահովող ցանցի ստեղծման ծրագիրը։ Նախագծվել է Երևան քաղաքում կենտրոնական կառույցի և մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ և սկսվել են լայնածավալ աշխատանքներ։ Այս ծրագրի շրջանակներում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր»։ Այնուհետև նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց այդ կենտրոններում կատարված փոփոխությունները։ «2018 թ․-ին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։ 2020 թ-ին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը և կառուցվել է սառնարանային նոր բլոկ։ Հիմա ընթանում է երկրորդի կառուցումը։ 2020 թվականին հիմնանարոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել է կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ սառնարային նոր մաս է կառուցվում։ 2020 թվականին Գորիսում տեղադրվել է սառնարային բլոգ, 2021 թվականին՝ վերակառացվում և սառնարաններով  համալրվում է Մարտունու մասնաճյուղը։ Այժմ էլ նախագծվել  և ընթանում  Սևան քաղաքի ամբողջական վերակառուցման ծրագիրը։ 2018 թ․-ից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհնարապես սարք չի եղել, 2018 թվականի մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թ․-ին՝ երկրորդ ամբողջական հոսքագիծը»։ Ավանեսյանը հավելեց, որ  մասնագետների առկայությունը և նրանց մշտական հնարավորությունների զարգացումը իրենց ուշադրության կենտրոնում է եղել։ «25 տոկոսով աճել է նրանց աշխատավարձային ֆոնդը, ուժեղացվել է գիտագործանական բաղադրիչը։ Եթե խոսենք բյուջետային հատկացումների մասով, ունենք հետևյալ պատկերը։ 2017 թ․-ին ընդհանուր բյուջեն կազմել է 389 միլիոն, 2018-ի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 միլիոն դրամով, և դարձել 364: 2019 թվականին դարձել է 481 միլիոն, 2020-ին՝ 594 միլիոն»։ Ավանեսյանի խոսքից հետո Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչու՞ այդ փոփոխություններից հետո կա այս պատկերը։ «Որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ, որովհետև այստեղ կարևորը մտածողության խնդիրն է։ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի համակարգ գոյություն չի ունեցել»,-ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ մինչև 2018 թվականին Հայաստանում ԴՆԹ հետազոտությունների սարք՝ սեկվենատոր չի եղել։ Մեկը ձեռք են բերել մինչև պատերազմը, իսկ պատերազմից հետո ձեռք են բերել ևս մեկը։ «Սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Տվյալ դեպքում այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ մարդկանց աշխատանքից հեռացնում են։ Ես հիշում եմ այն դեպքը, երբ մի առողջապահակական հիմնարկում այդպիսի բարեփումների աշխատանք էր տեղի ունեցել, ես երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի։ Առողջապահական հիմնարկի աշխատողները, կներեք արտահայտությանս, չստիկներով դուրս էին եկել փողոց, ցույց էին անում, հետո նույն չստիկներով մտան հիվանդանոց՝ շարունակելու աշխատանքը առողջապահության ոլորտում։ Սա կրթական, էթիկական պարզ խնդիր է։ Ի վերջո առողջապահության նախարարությունը կամ կառավարությունը այո, կարող է սահամանել չափանիշներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունը առանցքային խնդիր է»։
11:53 - 03 հունիսի, 2021
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կարևոր է համարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության լիակատար կյանքի կոչումը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: «ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Նշվում է, որ այս մարտահրավերներին լուծումներ տալը դեպի կայուն խաղաղ կարգավորում տանող առաջին քայլն է միայն: «Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կողմերին վերսկսել կառուցողական ոգով բանակցությունները: ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է ԵՄ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- նշվում է հայտարարությունում: Ընդգծվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում հաստատելու գործում Եվրամիության դերակատարման, ինչպես նաև երկու գործընկեր երկրների հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու կարևորությունը:
11:28 - 03 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը  հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դե Կրոն ընդգծել են երկու պետությունների կառավարությունների շահագրգռվածությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու գործում: Այս առումով կարևորվել է ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների արդյունավետ իրականացումը։ Կողմերը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների օրակարգը, առանձնակի կարևորել ոստիկանության ոլորտում բարեփոխումները։ Ալեքսանդր Կրոն կարևորել է ժողովրդական բարեփոխումների իրականացումն ու ընդգծել ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը բարեփոխումների հարցում։ Ալեքսանդր Դե Կրոն կարևորելով Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը՝ նշել է, որ նախատեսվում է Բելգիայի առևտրային առաքելության այցը ՀՀ, որը կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այցը ծրագրվում է Բելգիայում հայկական համայնքի հիմնադրման 100-ամյակի տոնակատարության միջոցառումներին զուգահեռ։Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրիչ գործողություններին և ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածքից վերջիններիս ելման դիրքեր դուրս գալու և իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը: Բելգիայի վարչապետը նշել է, որ մտահոգություն է առաջացնում տեղի ունեցողը և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։ Երկուստեք կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը:
18:24 - 02 հունիսի, 2021
Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը

Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հայկական կողմի դիրքորոշումը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համաձայնագի «Ճանապարհային քարտեզի» շրջանակում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաև հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը: Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում: Վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին: Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
17:44 - 02 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։ Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ: Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներին, արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել սփյուռքահայության համախմբվածությունը հատկապես պատերազմի օրերին և հայրենիքին ցուցաբերած անգնահատելի օժանդակությունը։ Վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից պատասխանել է ֆրանսահայերին հետաքրքրող բոլոր հարցերին: Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։
10:13 - 02 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիային |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ կազմակերպված բողոքի ակցիային |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ այցը անցկացվում է դժվար ժամանակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Փարիզից, նա շնորհակալություն հայտնեց այս հանդիպման կազմակերպման համար՝ նշելով, որ մեր պետությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած ու նման քննարկումները կարևոր են ախտորոշելու խնդիրները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երկար նախաբան չասել և պատասխանել ներկաների հարցերին։ Նա ընդգծեց, որ հարց ու պատասխանն իմաստ ունի երբ հնչում են ամենաբարդ, ամենատհաճ հարցերը։ «Մեր սիրելի հայրենակիցները բողոքի ակցիա էին անում դեսպանությունից քիչ հեռու։ Դա իրենց իրավունքն է, սակայն կարծում եմ, որ դա հարցից խուսափելու ձև է, ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը։ Ես ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին, լսում եմ բոլոր փաստարկները»,֊ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ռոբերտ Այդաբիրյանը նշեց, որ խոսել է բողոքի ակցիա անցկացնողների հետ։ «Ես բացատրեցի, որ մենք պետության ներկայացուցչի հետ ենք հանդիպում, մեր խնդիրը մեր պետության հետ չէ, մեր թշնամիների հետ է և եկեք միասին նստենք խոսենք»,֊ասաց հայ համայնքի ներկայացուցիչը։ Շնորհակալություն հայտնելով տեսակետների համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման քննարկումները շատ կարևոր են։ Նա անդրադարձավ վերջին պատերազմական զարգացումներին, ղարաբաղյան հարցին։ «Այն թուղթը, որով կանգնեցրել ենք պատերազմը, իրականում հարցերը չի լուծել, որովհետև սողացող գործընթացը շարունակվում է։ Այս գիտակցումն է, որ թույլ չի տվել ավելի շուտ լուծել Ղարաբաղի հարցը, որը շատ խորքային, բարդ մի հանգույց է և որի լուծումը, ըստ էության, հնարավոր չի եղել։ Մարտահրավերը լուծված չէ, սպառնալիքը նույնն է ու դա ամենամեծ խնդիրն է, որ ունենք։ Իմ ընկալումն այն է, որ պետք է առերեսվել այդ մարտահրավերների հետ հայ ժողովրդի համար խաղաղ դարաշրջան ստեղծելու համար։ Տարիները ցույց տվեցին, որ ոչ զիջողականությունը, ոչ ճկունությունը չեն նվազեցնում ագրեսիվությունը մեր նկատմամբ, ընդ որում տարածաշրջանի միջավայրը մեզ համար բարենպաստ դարձնելու հարցը չի լուծվում։ Մեր մարտահրավերը մնում է նույնը՝ ինչպես կառավարել այն ագրեսիվությունը, որը ձևավորել է Հայաստանի շուրջ»,֊ հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին; Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն:
22:25 - 01 հունիսի, 2021
Ադրբեջանից հայ գերիների վերադարձի քայլերը կրելու են շարունակական բնույթ. Ֆրանսիայի Սենատի նախագահը՝ Փաշինյանին

Ադրբեջանից հայ գերիների վերադարձի քայլերը կրելու են շարունակական բնույթ. Ֆրանսիայի Սենատի նախագահը՝ Փաշինյանին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ժերար Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու քայլերը: Ժերար Լարշեն նշել է, որ Սենատը ևս քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ և կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձևով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Ժերար Լարշեն` ընդգծելով, որ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:  Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են փաստաթղթի ընդունումը: «Ծանր իրավիճակում դա կարևոր նշանակություն ունեցավ, Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, որ միայնակ չէ դժվարին պայքարում: Հույս ունենք, որ Ֆրանսիան կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին ու ՄԽ-ն առավել կակտիվանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցը քննարկել են նաև նախագահ Մակրոնի հետ: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերն ու անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:
20:48 - 01 հունիսի, 2021
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին: Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնառությունից ի վեր, մենք վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր պահին: Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը: Ուզում եմ առանձնապես ընդգծել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը, որն անպայման պետք է պահպանվի: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև: Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում: Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են Հայաստանի բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը: Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներով: Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին, հստակեցրել ենք որոշակի բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին: Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի: Շնորհակալություն և ևս մեկ անգամ բարի գալուստ»: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար: Եվ այսօր ինչպես նշեցիք՝ շատ լայն օրակարգ ունենք քննարկելու: Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ: Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհեալ հարաբերություններ և շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով: Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները: Իհարկե այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած նաև մարդասիրական աջակցության համար, բայց մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ուրախ եմ արձանագրել, որ Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ: Շատ կարևոր եմ համարում նաև Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական նախանձախնդրությունը մեր տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Եվ իհարկե, այս բոլոր ուղղություններով շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը և Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը շահագրգրված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ, կրկին եմ ասում, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն` տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը պահպանվում է: Կրկին անգամ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել, շատ ուրախ եմ նաև անձնական առումով այսպիսի շփման հնարավորություն ունենալու համար և համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումները կծառայեն ի շահ մեր երկրների բարեկամության ու մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության: Այդ գործում Ձեր դերն իսկապես չափազանց կարևոր է»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը բանակցությունները շարունակել են առանձնազրույցի շրջանակում` քննարկելով ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերը, տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացոումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները:
18:16 - 01 հունիսի, 2021
Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Մակրոն |armenpress.am|

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի հետ, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Այս մասին նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ՝ նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են։ «Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում, առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, մյուս բանտարկյալներին, ինչպես նաև տարածքների ականազերծմանը։ Նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը ԼՂ-ում եւ շրջակա տարածքներում։ Թե քրիստոնեական, թե մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն ապաէսկալացիայի և հաստատեն երկխոսություն»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնն ընդգծեց, որ ՀՀ֊ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։ «Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասաց Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։ Էմանուել Մակրոնն ընդգծեց՝ այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։  Երկու երկրների ղեկավարների օրակարգում նաեւ տնտեսական համագործակցության հարցեր են՝ նախանշելով տարբեր ուղղություններ, Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում համագործակցություն և այլն: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,-հավելեց Էմանուել Մակրոնը։
16:46 - 01 հունիսի, 2021
Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այս մասին Փաշինյանն ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը: «Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում են, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանն ընդգծեց Ֆրանսիայի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: «Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո համանախագահները 3 հայտարարություն են արել, որով, ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց  Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած մարդասիրական աջակցության համար: «Մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է:  Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ»,- հավելեց նա: Փաշինյանը շեշտեց, որ շատ կարևոր է համարում Ֆրանսիայի անձնական նախանձախնդրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: «Այս բոլոր ուղղություններով մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը, և Հայաստանը հայ ժողովուրդը շահագրգռված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն մեր տարածաշրջանի անվտանգության, խաղաղության, երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունը և հետաքրքրություն պահպանվում է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
15:55 - 01 հունիսի, 2021
Ֆրանսիայի Ազգային ժողովում մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովում մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձև

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Ազգային ժաղովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Ռիշար Ֆերանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում` Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: «Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ` հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիան: Բնականաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է` երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները ու այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը: «Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է սահմանային իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը: Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: «Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը: Միաժամանակ, տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և երկուստեք հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր:
15:15 - 01 հունիսի, 2021
Ֆրանսիայում մեկնարկում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները

Ֆրանսիայում մեկնարկում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները

Մեկնարկում են Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումները։ Հանդիպումների առանցքում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան֊Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։   Օրվա հանդիպումները մեկնարկում են Ֆրանսիայի Ազգային Ժողովում, որտեղ նախատեսված է հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։ Հաջորդ կանգառը Ելիսեյան պալատն է։ Կեսօրին կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որից հետո կտրվի աշխատանքային ճաշ նախագահ Մակրոնի անունից։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կշարունակվի Սենատում, նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում կկատարի Սենատի Ոսկե գրքում։ Ֆրանսիական հանդիպումների օրակարգը կեզրափակվի Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Համավարակով պայմանավորված պաշտոնական պատվիրակությունների հանդիպումներում ձեռքսեղմումներ նախատեսված չեն։
10:02 - 01 հունիսի, 2021
Անընդունելի է վարչապետի պաշտոնակատարի՝ «թավիշը երկաթե մանդատով» փոխարինելու, «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը. ՄԻՊ

Անընդունելի է վարչապետի պաշտոնակատարի՝ «թավիշը երկաթե մանդատով» փոխարինելու, «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը. ՄԻՊ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին ու առանձնապես նրանց, ովքեր զբաղեցնում են պաշտոն և ունեն պետական կարգավիճակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, խիստ դատապարտելի է երեկ ընտրական գործընթացի մասնակիցների մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը (օրինակ՝ «ոհմակ», «դուրսպրծուկ»), որն ուղղակիորեն նպաստում է հասարակության առանց այդ էլ քաղաքական ու հասարակական բևեռացվածությանը, խաթարում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Ավելին, մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է «թավիշը» «երկաթե մանդատով» կամ «պողպատե մանդատով» փոխարինելու և «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը. դա ոչ միայն ակնհայտ բաժանարար գծեր է քաշում հասարակությունում, այլև ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ բացահայտ ասոցացվում է բռնության ու անգամ հաշվեհարդարի հետ՝ առաջացնելով իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Քանի որ երկիրը ներկայում գտնվում է ընտրական գործընթացի մեջ, այս ուղերձները կարող են ընկալվել պետական բարձրագույն կարգավիճակից բխող լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից քաղաքական հակառակորդներին ուղղված սպառնալիք, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքական իրավունքները: ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա առաջնահերթ ընկալվում է՝ որպես ոչ թե քաղաքական, այլ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար և իրականացնում է հենց այդ կարգավիճակից բխող լիազորություններ. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում: Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից: Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ Վարչապետի պաշտոնակատարի նշված խոսքերը տարածվել են հենց այդպիսի վերնագրերով, արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Ցավոք, հանրային տիրույթում խորանում է երկկողմանի պիտակավորման արհեստական դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանող անթույլատրելի օրակարգ է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ այս վիճակն ավելի են խորացնում թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող սոցիալական ցանցերի կեղծ էջերի ու օգտահաշիվների կազմակերպված նպատակային հարձակումները: Ուստի, ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց կոչ եմ անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող, բռնության հետ որևէ կերպ ասոցացվող բառապաշարից: Փոխարենը պետք է ձևավորվեն առողջ քննարկումներ: Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են և գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»,- գրել է Թաթոյանը:
09:29 - 01 հունիսի, 2021