ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով 14 հաստատություն հիմնովին կառուցվում են

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով 14 հաստատություն հիմնովին կառուցվում են

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում այս պահին հիմնովին կառուցման ակտիվ փուլում են 14 դպրոցներ։ 3 դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթներն ամփոփվում են, 5-ի դեպքում` իրականացվում են նախագծման աշխատանքներ։ 2021թ. արդեն մեկնարկել է երկու դպրոցի շինարարություն»,- նշված է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար, որով Հայաստանում կառուցվելու են 46 դպրոցներ. 14-ը` Երևանում, 32-ը` մարզերում։ Նույն ծրագրով արդեն կառուցվել ու շահագործման են հանձնվել 7 դպրոցներ, որոնցից 1-ը (Երևանի թիվ 51 դպրոց)` այս տարի։ Ըստ հաղորդագրության՝ հարյուրավոր աշակերտներ արդեն կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։ Նորակառույց դպրոցները հարմարեցված են ներառական կրթության համար, ունեն վերելակ, հարմարավետ կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, հագեցած լաբորատորիաներ։ Դպրոցների կարևորագույն առավելությունը սեյսմակայունությունն է, շուրջ 20 հազար դպրոցականի` անվտանգ կրթության ապահովումը։
17:38 - 31 օգոստոսի, 2021
Գնել Սանոսյանը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր է այցելել

Գնել Սանոսյանը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր է այցելել

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։ Սյունիքի մարզում՝  Սիսիանի քաղաքապետարանում,  ՏԿԵ նախարարը աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին  ներկայացրել է  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն»,- նշված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք, իսկ համայնքի ավագանուն և աշխատակազմին  հորդորել է համագործակցել համայնքի ղեկավարի հետ՝  Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում  ընթացիկ  ծրագրերն ավարտին հասցնելու ու նոր ծրագրեր մեկնարկելու  համար։ «Ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի  և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է»,- ընդգծել է նա։ Սյունիքի մարզից նախարարը մեկնել է  Վայոց ձորի մարզ, որտեղ այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին, որին կից կառուցվում է նաև  խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 10 586 464, պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։ Գնել Սանոսյանին տեղեկացրել են, որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ կենտրոնը  մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։ Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում, որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել է շենքային պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66 937 617 դրամ արժեքով, համայնքապետարանի և մշակույթի տան տանիքին տեղադրվել է ընդհանուր 35,275 հզորությամբ արևային կայանները։ Եղեգնաձոր համայնքում նորոգվում են  ճանապարհահատվածներ Չարենց-Թամանցիների փողոցում, բարեկարգվում են Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։ Նախարարը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։    Ընդհանուր առմամբ՝  2021թ.  սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ  126,3 մլն  դրամ արժողությամբ, որից 978,6 մլն   դրամը կամ  46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ  141,4 մլն  դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն  ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է: Նշվում է, որ 27  ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են,  որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն  ընթացիկ կազմակերպական փուլում են։
12:16 - 31 օգոստոսի, 2021
Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

Նախարար Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։ Այս մասին հայտնում են ՏԿԵ-ից։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ ՏԿԵ նախարարը շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, տուրբինային արտադրամասում, ծանոթացել է ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական հատկանիշներին և սարքավորումներին, եղել է էներգաբլոկի կառավարման վահանակում, որտեղ ծանոթացել է ՀԱԷԿ-ի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերին, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի մեքենասրահում նախարար Գնել Սանոսյանին մասնավորապես ներկայացվել են ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տևողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող և նորացվող համակարգերն ու սարքավորումները։ՏԿԵ նախարարն այնուհետև հանդիպել է ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։ Կայանի աշխատակիցներին բարդ և պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ նախարար Սանոսյանը կարևորել է ՀԱԷԿ-ում առկա լուրջ մասնագիտական ներուժն ու կարողությունները և համոզմունք է հայտնել, որ ատոմակայանի արդիականացման նպատակով կատարվող վերանորոգումների այս կարևոր փուլում յուրաքանչյուր աշխատակից ջանք չի խնայի աշխատանքները պատշաճ իրականացնելու և նախատեսված ժամկետներում ավարտելու համար։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով նախարար Սանոսյանին կատարած այցի համար, վստահեցրել է, որ ատոմակայանի արհեստավարժ մասնագետները նախատեսված ժամանակին և արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված կարևոր խնդիրները։Էդուարդ Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը, հանրապետության համար կարևորագույն ռազմավարական հիմնարկ և տնտեսության քարշիչ ուժը լինելով, մեծ դեր ունի նաև Արմավիրի մարզի աշխատանքային զբաղվածության ապահովման առումով։ Այցի ավարտին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով ոլորտի ինստիտուցիոնալ հիշողության շարունակականության կարևորությունը, ՀԱԷԿ-ի փորձառու մասնագետներին հորդորել է իրենց երկարամյա աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ գործընկերներին։ «Մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, և յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»,- հավելել է Գնել Սանոսյանը։
10:46 - 20 օգոստոսի, 2021
Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը

Ընդերքօգտագործողների հետ քննարկվել է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների փոփոխությունների նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին  շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներին  ներկայացվել  է կառավարության 2012 թվականի  N 1348-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում են ընդերքօգտագործողների կողմից  հանքավայրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևի փոփոխություններ:  Լիլիա Շուշանյանը նշել է, որ հանդիպման  նպատակը  նախագծի շրջանառման դեռևս նախնական փուլում ընդերքօգտագործողների կարծիքը լսելն է, համատեղ աշխատելը և նրանց   նախատեսվող փոփոխություններով աշխատելուն նախապատրաստելը։ «Փոխնախարարը նշել է, որ նախքան որոշման նախագծի մշակումը, ուսումնասիրվել են ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները և հանքավայրի պաշարների վերաբերյալ ներկայացվող տեղեկությունները (տվյալ տարվա ընթացքում արդյունահանված պաշարներ, կորուստներ, հավելաճ և այլն), որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով թերի են եղել։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ այս որակի տեղեկությունների հավաքագրումը դառնում է ինքնանպատակ և զրկում պետությանն ու ընդերքօգտագործողին համակարգված և հիմնավոր տվյալների ձևավորումից, ինչը անընդունելի է պետական կառավարման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։  ՏԿԵ նախարարության տեղեկացմամբ՝ բացի դրանից, հաշվետվության աղյուսակներ ներառող մասերը զուրկ են եղել  հիմնավորումներից, գծագրական նյութերից և բացատրական մասից։ Լիլիա Շուշանյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով մշակվող տեղեկատվությունը  հետագայում կօգնեն  թե ընդերքօգտագործողներին  պաշարների վերագնահատման կամ  ընդերքաբանական իրավունքի հետ կապված  այլ գործընթացներում, և թե  լիազոր մարմնին՝ իր աշխատանքներում։ Հանդիպմանը մասնակցել են  մետաղական օգտակար պաշարներ արդյունահանող մի շարք ընկերությունների՝  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ, «Թեղուտ» ՓԲ, «Չաարատ Կապան» ՓԲ, «ՄԼ Մայնինգ» ՍՊ, «Մեղրաձոր գոլդ» ՍՊ, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ, «Սագամար» ՓԲ, «Արարատ ցեմենտ» ՓԲ, «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊ ընկերությունների  ներկայացուցիչներ։  ««Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ․ Մովսիսյանի կողմից ներկայացվել է նախագիծը, որով, մասնավորապես սահմանվում  են  ընդերքօգտագործողների կողմից օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կարգը,  պինդ օգտակար հանածոների  և ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևերը՝ համապատասխան հավելվածներով»,- հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, որի համաձայն, նախագծով հստակեցվել է ընդերքօգտագործողների կողմից  օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների  ներկայացման ժամկետը՝ սահմանվելով  ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։ Նախատեսվում է նաև, որ հաշվետվության աղյուսակային մասերը պետք է հիմնավորվեն՝ գծապատկերներով և բացատրագրերով։ Ընդերքօգտագործման ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում համաձայնել են առաջարկվող փոփոխությունների հիմնավորվածության հետ։ Հանդիպման ընթացքում առաջարկվել է  նաև խոշոր հանքավայրերի դեպքում որոշ գծագրական նյութեր, ելնելով մեծ ծավալներից, ներկայացնել բացառապես էլեկտրոնային տարբերակով, ինչը ընդունվել է  ՏԿԵՆ–ի կողմից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում լրացուցիչ դիտարկումներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել ՏԿԵՆ՝ հետագա քննարկման և լրամշակումներ իրականացնելու նպատակով։տ
21:46 - 19 օգոստոսի, 2021
Գնել Սանոսյանն աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Գնել Սանոսյանն աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիր, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին է  ներկայացրել  Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։Շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան համայնքի խնդիրներով, հոգսերով զբաղվելու պատասխանատվություն, կամք և համառություն։Գնել Սանոսյանի խոսքով՝ ինչպես Թալինում, այնպես էլ տարածաշրջանի մյուս բնակավայրերում անելիքներ շատ կան, որոնք պատերազմից հետո կրկնապատկվել են։ «Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք աշխատելու մեր մոտեցումները, յուրաքանչյուրս փորձենք նորովի վերաբերվել մեր պարտականություններին, նոր ջանքով ու եռանդով աշխատենք»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը ևս մեկ առիթ կհանդիսանա կատարված աշխատանքն արժևորելու, հին խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի հետ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու համար։ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարին և շնորհավորելով Տավրոս Սափեյանին՝ հույս է հայտնել, որ նա իր աշխատանքի, համայնքի հետ համագործակցության արդյունքում կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թալին համայնքի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես` անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի մատակարարմանն առնչվող հարցերի։ 
18:20 - 19 օգոստոսի, 2021
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնագիտական հատվածի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնագիտական հատվածի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 18-ին կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝  Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։ Մասնակցում էին Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության,  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների,  Քաղաքաշինության կոմիտեի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի անդամները քննարկել են  փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։ Մասնավորապես, անդրադարձ է  եղել  շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում կապալառու կազմակերպության կողմից հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պահպանությանն ուղղված միջոցառումների ապահովմանը։ Նշվել է, որ կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ շինարարության փուլում ներդրված են անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, որպեսզի հուշարձանների պաշտպանության բոլոր մեխանիզմները գործեն լիարժեք։ Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ միջգերատեսչական սերտ համագործակցություն է ընթանում, և պատվիրատուի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի ծրագրի իրականացման փուլում այդ հարցում որևէ խնդիր չառաջանա։  Նիստի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը։
10:32 - 19 օգոստոսի, 2021
Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

Կայացել է եվրոպական Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան

Կայացել է եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Հայաստան՝ Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, այլ պաշտոնատար անձինք։ Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ կիրականացնի դեպի Երևան: Այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր: Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ՝ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով:
11:12 - 13 օգոստոսի, 2021
Ապաշրջափակման դեպքում երկաթուղին անցնելու է Նախիջևանով և Մեղրիով․ Գնել Սանոսյան |hetq.am|

Ապաշրջափակման դեպքում երկաթուղին անցնելու է Նախիջևանով և Մեղրիով․ Գնել Սանոսյան |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է նոր ենթակառուցվածքների կառուցման մասին՝ նշելով, որ ապաշրջափակումը վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ «Երկուսն էլ համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն, որից կշահենք ոչ միայն մենք, այլ նաև տարածաշրջանի մեր հարևան երկրները»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ ենթադրաբար, երկաթուղին անցնելու է նախկին ցանցի նույն ուղիով․ «Բոլորիս հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով, և եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել և աշխատել։ Իջևանի ուղղությամբ սովետական տարիներին երկաթուղի եղել է։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ՝ նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել»,- հայտնել է Գնել Սանոսյանը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
14:26 - 12 օգոստոսի, 2021
Գնել Սանոսյանն ու Ասեթ Ասավբաևը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունները

Գնել Սանոսյանն ու Ասեթ Ասավբաևը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևին։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում եմ, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանը։ Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում առկա են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման լավ հնարավորություններ և ընդգծել է դրանք իրացնելու գարծում Հայաստանի պատրաստակամությունը։  «ՏՐԱՍԵԿԱ»-ի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ներկայացրել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի առաջնահերթություններն ու ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։ Ասեթ Ասավբաևը մասնավորապես անդրադարձել է «ՏՐԱՍԵԿԱ»-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի և միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության և գրավչության մեծացմանը։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային և ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը և «ՏՐԱՍԵԿԱ» ՄԿՀ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Հայաստանի և տարածաշրջանային երկրների, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևի և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում կառույցի և Հայաստանի՝ որպես դրա անդամ երկրի, համագործակցության հետագա ընդլայնմանը, «ՏՐԱՍԵԿԱ»-ի զարգացման նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Արմեն Սիմոնյանը անդրադարձել է նաև՝ մի կողմից «ՏՐԱՍԵԿԱ»-ի երկրների ու Հայաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման որոշ ընթացակարգերի և մեխանիզմների համադրման հնարավորության հարցերին։Ասեթ Ասավբաևը բարձր է գնահատել Արմեն Սիմոնյանի ջանքերը և ներդրումը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի արդյունավետ մասնակցության գործում։ Արմեն Սիմոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ասեթ Ասավբաևին կառույցի ղեկավարումը ստանձնելուց ի վեր Հայաստանի և «ՏՐԱՍԵԿԱ»-ի փոխգործակցության հարցերում կառուցողական և պատրաստակամ մոտեցման համար։
11:32 - 12 օգոստոսի, 2021
«Գոլդեն փելիս» հյուրանոցի գինը 2.2 մլն դոլարով նվազել է․ գնորդ չկա |hetq.am|

«Գոլդեն փելիս» հյուրանոցի գինը 2.2 մլն դոլարով նվազել է․ գնորդ չկա |hetq.am|

hetq.am: Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետության սեփականությունը դարձած «Գոլդեն փելիս» հյուրանոցի վաճառքի գինը 2.2 միլիոն դոլարով նվազել է։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հյուրանոցի շենքը պետությանը նվիրել էր Արմեն Ավետիսյանը 2019 թ.-ի սեպտեմբերին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետք»-ը հետաքրքրվել է, թե որ փուլում է հյուրանոցի օտարման գործընթացը։ Հյուրանոցային համալիրը, որն ունի 19 հազար 758 քառակուսի մետր մակերես շենք-շինություն և 1.3 հեկտար հողատարածք, մեկ լոտ օտարելու համար կազմակերպվել է 6 աճուրդ։ Աճուրդներում այդպես էլ չի վաճառվել գույքը, քանի որ գնորդ չի հայտնվել։ Կառավարությունը հյուրանոցը նվեր ընդունելուց երկու ամիս անց՝ 2019 թ.-ի նոյեմբերին, աճուրդի է հանել 7 միլիարդ 526 միլիոն դրամով։ Հաջորդիվ կազմակերպված 5 աճուրդները տեղի են ունեցել 2020 թ.-ին, բայց այդպես էլ գնորդ չի հայտնվել։ Արդյունքում հյուրանոցի մեկնարկային գինը 7.526 միլիարդ դրամից նվազել է և դարձել է 6 միլիարդ 452 միլիոն 996 հազար 757 դրամ։ Սկզբնական գնից այն պակաս է 1 միլիարդ 73 միլիոն 461 հազար 43 դրամով։ Այն համարժեք 2 միլիոն 208 հազար ԱՄՆ դոլարի (486 դրամ-1 դոլար միջին փոխարժեքով)։ Ուշագրավ է, որ 2021 թ.-ին հյուրանոցն այլևս աճորդի չի հանվել, աճուրդներ չեն կազմակերպվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Մարո Մարգարյանը մեզ հայտնել է, որ գույքը ձեռք բերելու նպատակով կոմիտե են դիմել տարբեր սուբյեկտներ, սակայն բանակցությունների արդյունքում նրանց կողմից որևէ վերջնական առաջարկ չի արվել։ Հյուրանոցն ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու նպատակով էլ որևէ հստակ ներդրումային ծրագիր չի ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտե։ «Գոլդեն փելիս» հյուրանոցի պահպանման համար «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի մեկ աշխատակցի մինչ օրս վճարվել է 2 միլիոն 630 հազար դրամ։ Քաղաքացիաիրավական պայմանագրերով էլ հյուրանոցի պահպանման ծառայություններ մատուցելու համար ծախսվել է 995 հազար 469 դրամ։ Կորոնավիրուսի բռնկման ժամանակ հյուրանոցում բնակվել են մեկուսացված անձինք, իսկ 2020 թ.-ի պատերազմից հետո տեղահանված արցախցի ընտանիքներ։
13:28 - 09 օգոստոսի, 2021
Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Համայնքների տնտեսական և սոցիալական  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։ Ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։ Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ «Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։ Արդեն իրականացվել են խրամուղու փորման աշխատանքները, ընթացքի մեջ է կիսախողովակների տեղադրումը։ 1022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով:
13:54 - 07 օգոստոսի, 2021
Մեր ճանապարհը մարդկային, ֆինանսական ռեսուրսների բարձրացումն է. վարչապետը ներկայացրել է ՏԿԵ նախարարին

Մեր ճանապարհը մարդկային, ֆինանսական ռեսուրսների բարձրացումն է. վարչապետը ներկայացրել է ՏԿԵ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:    Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով շարունակելու է ուղիղ առնչություն ունենալ ոլորտի հետ»: Վարչապետը շնորհավորել է Գնել Սանոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի մարզպետի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է և անդրադառնալով 2019թ. կառավարության կառուցվածքում իրականացված բարեփոխումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, որովհետև կարծում էինք, որ շատ նախարարություններում, գերատեսչություններում կա գործառութային անարդյունավետություն և բեռնվածություն: Մեր նպատակադրումը հետևյալն էր, որ նախարարությունների միավորման միջոցով հասնենք ավելի մեծ արդյունավետության՝ մարդկային ռեսուրսների, ֆինանսների կառավարման և այդպես շարունակ»: Վարչապետի խոսքով՝ այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն. «Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել. մարդկային ռեսուրսի, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը, և պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սուրեն Պապիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս երեք տարիների ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար, որովհետև երեք տարիների ընթացքում նոր նախարարության ձևավորման ընթացքում համատեղ հսկայական աշխատանք ենք կատարել: Ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք»,-նշել է Սուրեն Պապիկյանը: Նա հաջողություն է մաղթել Գնել Սանոսյանին պատասխանատու գործում: Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  երկրի ամենակարևոր հենասյուներից է, և, «մեր գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»՝ Սուրեն Պապիկյանն իր  պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել: «Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ, կշարունակենք նախարարության զարգացման այն միտումները, որ մեր առջև դրել ենք, որպեսզի կարողանանք երկրի ապագան օր առաջ ավելի լավը դարձնել»,-նշել է նա: Գնել Սանոսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հսկայական դերակատարում ունի: Նրա խոսքով, նաև աշխատանքների ծավալը շատ է մեծացել՝ կապված հետպատերազմյան և այլ իրավիճակներով: Ըստ Գնել Սանոսյանի, մյուս կողմից՝ Սուրեն Պապիկյանը շատ բարձր նշաձող է սահմանել, անձնակազմը հսկայածավալ աշխատանք է արել, և գործընկերների հետ փորձելու են նախ այդ տեմպը պահել և նոր առաջ եկած մարտահրավերներին դիմակայել ու լուծումներ տալ: Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար և հավաստիացրել, որ ճանաչելով անձնակազմին ու աշխատանքի բերումով ոլորտին ծանոթ լինելով, արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն: 
15:54 - 04 օգոստոսի, 2021
ՀԱԷԿ-ում իրականացվող վերանորոգման աշխատանքները նորմալ են ընթանում, հունիսին 1-2 տատանում է եղել. Հակոբ Վարդանյան |armtimes.com|

ՀԱԷԿ-ում իրականացվող վերանորոգման աշխատանքները նորմալ են ընթանում, հունիսին 1-2 տատանում է եղել. Հակոբ Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվող վերանորոգման աշխատանքները նորմալ են ընթանում, ըստ գրաֆիկի, շեղումներ չկան: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Հիշեցնենք, որ մայիսի 15-ից ՀԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը կայանի արդիականացման եւ շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում եւ դրա պատճառով ատոմակայանը 141 օր կանգ է առել: Արդիականացումից հետո հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչեւ 2036 թվականը։ Վարդանյանը մեր զրույցում նշեց, որ վերանորոգման աշխատանքները նախատեսված ժամկետում կավարտվեն. «Դեռեւս 2 ամսից ավելի ժամանակ կա աշխատանքների ավարտին եւ եթե նույն կերպ շարունակվի ամեն ինչ, ապա կավարտվի նախատեսված ժամկետում»: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
15:18 - 23 հուլիսի, 2021