ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան

 |factor.am|

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել՝ որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք՝ երեքշաբթի ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Հաղորդվում է, որ առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
14:40 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան
 |news.am|

Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը իր անդամ յուրաքանչյուր պետության տարածքի նկատմամբ ագրեսիան պետք է դիտարկի որպես իր տարածքի նկատմամբ ագրեսիա եւ պետք է արձագանքի համապատասխանաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի արձագանքը, դուք տեսել եք, ես չեմ ցանկանա շատ պերճախոս գնահատականներ տալ, բայց դա այնպիսին է, ինչպիսին է: Միգուցե այնպիսին է, ինչպիսին կարող էր լինել, այլ ոչ այնպիսին, ինչպիսին չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ երբ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան, հնչում էին հայտարարություններ, թե առաջին անգամ գործարկվեց ՀԱՊԿ մեխանիզմները, իսկ այս դեպքում ինչու Հայաստանը չկարողացավ նույնը անել, Եղոյանը պատասխանեց. «Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան: Ղազախստանում այլ շահեր էին, այլ դեպք էր, Հայաստանում այլ շահեր են»: Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չպատասխանեց` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին. «Դա էական չի, կան միջազգային կառույցներ, որ առանց դիմելու էլ են արձագանքում: Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե կետերի: Միջազգային դերակատարները ցանկացած իրավիճակի արձագանքում են ըստռ իրենց շահերի, ոչ թե ըստ դասագրքային կանոնների: Դուք գիտեք, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ»: Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, Եղոյանն ասաց, որ ռազմական դրությունը մտցվում է ըստ ռազմական կարիքների: Նա ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է բարձրացնել մեր դիմադրողականությունը որպես հասարակությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը եւ շարունակել աշխատել բոլոր խաղացողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա բավական դրական գնահատեց նաեւ Իրանի, Հնդկաստանի արձագանքները: Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
13:41 - 14 սեպտեմբերի, 2022
Տաջիկստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել իրավիճակը սահմանին կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով
 |news.am|

Տաջիկստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել իրավիճակը սահմանին կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով |news.am|

news.am: Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստին, կոչ է արել դիվանագիտական ​​միջոցներով արագ կարգավորել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այժմ «կարեւոր է կանխել իրավիճակի հետագա սրումը եւ խնդիրների լուծման ուղիները հնարավորինս արագ քաղաքական ու դիվանագիտական ​​հուն վերադարձնել»։ Ռասուլզոդան վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման միակ ճանապարհն ընդունված փաստաթղթերի հիման վրա երկխոսության միջոցների արդյունավետ օգտագործումն է։
11:06 - 14 սեպտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։ Մարուքյանը նաև անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին դիմելու հարցերին։  «ՀԱՊԿ հիմնադիր, լիդեր երկիրը Ռուսաստանն է։ Մենք երկկողմ ունենք պայմանագիր փոխօգնության, և այդ երկկողմ մակարդակում դիմումը ներկայացված է։ Բայց քանի որ նաև բազմակողմն էլ կա, այդտեղ էլ է ներկայացրած։ Բայց ՀԱՊԿ-ում դոմինանտը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ դոմինանտ երկիրն էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»,- նշել է նա։  Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի, լույս 13 գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ, այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։  Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Իսկ Ֆրանսիան հայտնել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ 
11:04 - 14 սեպտեմբերի, 2022
«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար
 |mediamax.am|

«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար |mediamax.am|

mediamax.am: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ «Հարցն այդպես դրված չէ։ Երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Մենք ուզում էինք օբյեկտիվ պատկեր ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի պետությունների ղեկավարները որոշեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի այնտեղ, այնուհետեւ կտեղեկացնի պետությունների ղեկավարներին», - Թլեուբերդիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Ղազախստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»։
10:11 - 14 սեպտեմբերի, 2022
Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեսակոնֆերանսի ձևաչափով գումարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը` նվիրված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
09:30 - 14 սեպտեմբերի, 2022
Ուշակովը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
 |1lurer.am|

Ուշակովը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: «Մենք, իհարկե, ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման կապակցությամբ»,- ասել է Ուշակովը, հիշեցրել է, որ գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և, ընդհանրապես, պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հայտարարությունները»,- հավելել է պաշտոնյան: Ըստ Ուշակովի՝ Հայաստանի խնդրանքով սեպտեմբերի 13-ին տեսակապի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, քննարկումը փակ կլինի։
19:38 - 13 սեպտեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը․ ԱԳՆ

Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը․ ԱԳՆ

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, սադրիչ և ագրեսիվ գործողություններ են իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ որոշ ուղղություններում դիրքային առաջխաղացման փորձեր իրականացնելով։ ՀՀ զինված ուժերը բերվել են բարձր մակարդակի ռազմական պատրաստության և անցել իրենց վստահված հատվածների պաշտպանությանը։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության: Վիկտոր Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։
16:04 - 13 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ քարտուղարությունը  աշխատանքներ է կազմակերպել  ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ

ՀԱՊԿ քարտուղարությունը աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ

Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։  «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը հրադադարի պահպանման գործում՝ սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ից սկսած։ Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը աջակցության կոչով դիմելու կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
13:48 - 13 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
12:28 - 13 սեպտեմբերի, 2022