Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել
11:04 - 14 սեպտեմբերի, 2022

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։

Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։

Մարուքյանը նաև անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին դիմելու հարցերին։ 

«ՀԱՊԿ հիմնադիր, լիդեր երկիրը Ռուսաստանն է։ Մենք երկկողմ ունենք պայմանագիր փոխօգնության, և այդ երկկողմ մակարդակում դիմումը ներկայացված է։ Բայց քանի որ նաև բազմակողմն էլ կա, այդտեղ էլ է ներկայացրած։ Բայց ՀԱՊԿ-ում դոմինանտը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ դոմինանտ երկիրն էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»,- նշել է նա։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի, լույս 13 գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ, այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։ 

Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Իսկ Ֆրանսիան հայտնել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել