Ինֆոքոմ

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի պայմանները

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի պայմանները

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել  կառավարության նախկինում ընդունած երկու որոշումներում։   Նախագծի նպատակն է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերի, պայմանների և դրույթների հստակեցումն ու պարզեցումը, ինչպես նաև շահառուների շրջանակի ընդլայնումը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի  որոշմամբ սահմանվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը, իսկ 2020 թվականի  որոշմամբ հաստատվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը։ Իրականացվում են միանվագ դրամական աջակցության(մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն) կանխավճարի ապահովագրության (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար) և երեխայի ծննդյան աջակցության (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն) ծրագրերը։ Ըստ կառավարության նախագծի՝ ծրագրերի ընթացակարգերը խիստ սահմանափակում են շահառուների շրջանակը, ինչի արդյունքում շահառուները, բավարարելով ծրագրերով սահմանված պահանջներին, չեն ընդգրկվում ծրագրերում։    Ըստ Կառավարության առաջարկած փոփոխությունների՝ հստակեցվում է, որ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում աջակցության չափը հաշվարկվում է դիմելու օրվա դրությամբ առկա մնացորդային մայր գումարի հիման վրա։  Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության հաշվարկման մեխանիզմը։ «Այս փոփոխության արդյունքում պետական բյուջեի ծախսերը կարող են ավելանալ մինչև 2%-ով, քանի որ համաձայն վիճակագրության, 1 տարվա ընթացքում միաժամանակ մեկից ավելի երեխա ունեցած շահառուների թիվը կազմում է 5, ինչն առավելագույն հաշվարկով կազմում է 10 մլն դրամ»։ Նոր որոշմամբ դուրս է գալիս նաև այն պահանջը, որով միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում շահառուն պետք է ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Հստակեցվում է, որ շահառուին կանխավճարի ապահովագրության ծրագրերում ընդգրկելու մասին որոշում ընդունվելու դեպքում շահառուի կողմից հերթական տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո կազմակերպությունը լիազոր մարմնին է տրամադրում նաև պայմանագրով սահմանված՝ ապահովագրված հիփոթեքային պարտավորության չափը, ապահովագրավճարի դրույքաչափը, տարեկան ապահովագրական վճարի չափը, քանի որ այդ տվյալները յուրաքանչյուր հաջորդ տարի փոփոխվում են։
12:27 - 14 հոկտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ հին նմուշի անձնագրերի ժամկետը կերկարաձգվի

Կառավարության որոշմամբ հին նմուշի անձնագրերի ժամկետը կերկարաձգվի

Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով  հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Այդ առնչությամբ, որոշվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։ Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք։  Նշվում է նաև, որ հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը: Առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է: Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:
12:19 - 14 հոկտեմբերի, 2021
Պետությունը սուբսիդավորվելու է գյուղացու գնած 1 կգ աշնանացան ցորենի համար սահմանված գնի 70 դրամը

Պետությունը սուբսիդավորվելու է գյուղացու գնած 1 կգ աշնանացան ցորենի համար սահմանված գնի 70 դրամը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով գյուղացիների գնած ցորենի յուրաքանչյուր կգ-ի 70 դրամը կվճարի պետությունը։ ՀՀ կառավարությունը 2021 թվականի հուլիսի 29-ի N 1226-Լ որոշմամբ հաստատել էր «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ․ պետական աջակցության» ծրագիր, որի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած մատակարարների կողմից սույն ծրագրով նախատեսված ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու է աշնանացան ցորենի սերմնացուի վաճառք:  Ինչպես նշված է նախագծում, մարզերից ստացված նախնական տեղեկատվությամբ պահանջարկը կազմում է 4 700 000 կգ աշնանացան ցորենի սերմնացու, որի արդյունքում կիրականացվի շուրջ 13 429 հա ցանքս: Ծրագրով  սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը, որի համար անհրաժեշտ է 329 մլն դրամ գումար: Կառավարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ եւ իրագործմամբ հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում կլինի՝ մինչև 30%, եւ ծրագրի շրջանակներում 2021 թվականին կիրականացվի շուրջ 13,4 հազ. հա աշնանացան ցորենի ցանք։
12:15 - 14 հոկտեմբերի, 2021
Standard & Poor's-ի վարկանշի առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները ավելի հարմար պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել․ Տիգրան Խաչատրյան

Standard & Poor's-ի վարկանշի առանձնահատկությունն այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները ավելի հարմար պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել․ Տիգրան Խաչատրյան

Երեկ հայտնի դարձավ, որ Standard & Poor's միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել՝ ինչ է նշանակում դա, ինչ է փոխում մեր կյանքում։ Խաչատրյանը նշեց, որ առաջին տարին է, երբ այս կազմակերպությունը վարկանշել է ՀՀ-ին եւ շնորհել արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով․ «Առաջին տարին է նաեւ, որ միաժամանակ ՀՀ-ին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ Moody’s-ը, Fitch-ը եւ Standard & Poor's-ը։ Ընդ որում՝ եթե առաջին երկուսի վարկանշավորումը սուվերեն էր եւ վերաբերում էր միայն ՀՀ-ի վարկունակությանը, ապա վերջինի այս վարկանշի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի՝ այն միաժամանակ սահմանել է նաեւ փոխանցման եւ փոխարկելիության գնահատական, ինչը կարեւոր է մասնավոր հատվածի համար։ Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատություններն այս կազամկերպության կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ ՀՀ-ի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ։ Standard & Poor's սուվերեն վարկանշի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ ՀՀ-ում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են եւ առաջիկա տասներկու ամիսների ընթացքում կարող են բերել ՀՀ-ի սուվերեն վարկանշի բարձրացման»,- ասաց նախարարը։ Նա հայտնեց, որ Standard & Poor's-ը նշել է, որ եթե հետագա երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ-ում արդարացվեն տնտեսական աճի սպասումները, արտաքին խոցելիությունը նվազի եւ պետբյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաեւ երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման․ «ՀՀ-ի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գանահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի եւ ռազմական կոնֆլիկտի հետեւանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը։ Standard & Poor's-ն ակնկալում է, որ կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի։ Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը եւ կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաեւ մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու եւ դրա ներքո տեղական եւ միջազգային շուկաներ դուրս գալու նպատակով»։ Խաչատրյանի խոսքով՝ այս վարկանշի հիմնական առանձնահատկությունը, փաստորեն, այն է, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները՝ այդ թվում ֆինանսական, ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն ունեն, եւ դրա ներքո թե՛ հայաստանյան, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար եւ հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել։
11:43 - 14 հոկտեմբերի, 2021
Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել նոր կարգավորումները, ըստ որոնց՝ այն օտարերկրացիները, որոնք մինչ հոկտեմբերի 1-ը չեն օրինականացրել երկրում գտնվելը, ենթակա են արտաքսման։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնում է, որ ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության՝ 2021թ․ մարտի տվյալների՝ ՌԴ տարածքում կա շուրջ 1,6 միլիոն մարդ, որոնք հայտնվել են անօրինական միգրանտի կարգավիճակում։ Նրանց թվում ՀՀ քաղաքացիների թիվը նշվում էր շուրջ 60 հազար։ «Երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց, մարդիկ դարձան անօրինական միգրանտ՝ իրենց կամքից անկախ, որովհետեւ ճամփորդական հստակ սահմանափակումներ մտցրին բազմաթիվ երկրներ, եւ մարդիկ հնարավորություն չունեին դուրս գալ եւ ներս մտնել ու օրինականացնել իրենց կարգավիճակը։ Այս պարագայում բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ ՌԴ-ն, կազմակերպեցին միգրացիոն որոշակի կարգավորումներ, որոնք թույլ էին տալիս անձանց անօրինական կարգավիճակով գտնվել երկրի տարածքում մինչ համավարակի բարձր ցուցանիշների նվազումը»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում առաջին անգամ հայտարարվեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2021թ․ մարտին։ Այնուհետեւ որոշման ուժի մեջ մտնելը մի քանի երկարաձգվեց եւ տեղափոխվեց մինչեւ սեպտեմբերի 30, եւ հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ մտավ։ Դրա էությունն այն է, որ մինչ այդ ժամկետը բոլոր անձինք՝ այդ 1,6 միլիոն մարդիկ, պետք է օրինականացնեին իրենց կարգավիճակը ՌԴ-ում կամ լքեին երկիրը։ «Օրինականացումը ենթադրում է կա՛մ ձեռք բերել կացության կարգավիճակ՝ ժամանակավոր կամ մշտական, կա՛մ լքել երկիրը։ Այս մասով մենք կարող էինք իրականացնել զուտ իրազեկման գործառույթներ, որոնք լայնորեն իրագործվել են»,- մանրամասնեց Ղազարյանը։ Հարցին, թե արդյո՞ք զանգվածային արտաքսումներ արդեն իսկ սկսվել են, թե ոչ, նա ասաց, որ այս երկու շաբաթվա ընթացքում զանգվածային արտաքսումների դեպքերի ականատես չեն լինում․ «Արտաքսումների առանձին դեպքեր եղել են նաեւ այս գործընթացից առաջ։ 14 օրվա արտաքսվածների թիվ չեմ կարող նշել, անշուշտ կան մարդիկ, բայց զանգվածային դեպքեր չկան, ստանդարտից դուրս որեւէ բան առ այս պահը տեղի չի ունեցել»։ Անդրադառնալով նաեւ օրինական դաշտ մտնելու ֆինանսական կամ այլ խնդիրներին՝ Միգրացիոն ծառայության պետն ընդգծեց, որ օրինական դաշտ գալը շատ մեծ գումարների հետ կապված չէ․ «Իսկ զանգվածային արտաքսումներ կազմակերպելը բավականին ծախսատար է՝ հաշվի առնելով, որ արտաքսման ծախսերը հոգում է արտաքսող երկիրը․ դա ընդունված է բոլոր միգրացիոն կարգավորումներով ամբողջ աշխարհում»։ Խոսելով ժամկետների մասին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ դա կախված է վարչական իրավախախտման ծանրությունից․ «ՌԴ-ում հիմնականում մուտքի արգելքները մտցվում են 3-5 տարի ժամկետով՝ կախված, թե ինչ ծանրության վարչական իրավախախտում է կատարել քաղաքացին։ Եթե հանցագործությունների կամ ծանր հանցագործությունների մասին ենք խոսում, ՌԴ-ն ունի նաեւ իրավական կարգավորումներ, երբ կարող է ամբողջ կյանքի ընթացքում արգելել տվյալ անձի մուտքը իր երկիր»։ Ղազարյանի խոսքով՝ միգրացիոն կարգավորումների խստացումներ ներկայումս գնում են ամբողջ աշխարհում,դրա համար ծառայությունը խրախուսում է քաղաքացիների վերադարձը։ «Օրինակ՝ հարկադիր վերադարձի պարագայում մենք ընդունել ենք նաեւ պետական ծրագիր, որով եթե քաղաքացին հարկադիր վերադառնում է, եւ Հայաստանում չունի, օրինակ, բնակության վայր, կարող է դիմել Միգրացիոն ծառայություն եւ առժամանակ ստանալ բնակարանի վարձի սուբսիդիա, մինչ կարողանա իր հարցերը որոշակիորեն կարգավորել։ Միջազգային գործընկերների հետ լայնորեն ներգրավված ենք համագործակցության մեջ, որ վերադարձող քաղաքացիների աջակցման ծրագրեր մշակվեն եւ ներդրվեն»,- նշեց նա։ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ վերջին շրջանում բավական մեծ ծրագիր է ներդրվել Եվրամիության հետ համագործակցությամբ, որը կոչվում է «EU for Impact»․ այն իրագործվում է Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից եւ ենթադրում է համաֆինանսավորմամբ բիզնեսի հիմնում՝ եվրոպական կողմի ֆինանսավորմամբ եւ միգրանտի՝ նույն չափով ֆինանսավորմամբ․ «Սա վերաբերում է վերադարձող միգրանտներին՝ կապ չունի որտեղից, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտներին, միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե ընտանիքի անդամը ՀՀ-ում է եւ կարող է ապացուցել, որ իր ընտանիքի մյուս անդամը աշխատանքային միգրանտ է, կարող է դիմել ծրագրին, եւ դա հավելյալ խրախուսիչ գործոն է, որ միգրանտը վերադառնա հայրենիք»։
11:29 - 14 հոկտեմբերի, 2021
Գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների դեպքում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների դեպքում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ Կարապետ Պողոսյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Թասիբով» դաշինքը, որը կազմված է Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» և Սարգիս Ավետիսյանի գլխավորած «Համերաշխություն» կուսակցություններից։ «Թասիբով» դաշինքը ներկայացրել է 22 հոգանոց նախընտրական ցուցակ, որը գլխավորում է «ՄԻՀԿ» ՀԿ-ի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։  Պողոսյանի խոսքով՝ քարոզարշավն ընթանում է բավականին պասիվ, չկա բանավեճ, չկա հստակ ծրագրերի ներկայացում․ «Նույնիսկ մեր հրապարակային տված հարցերին չեն պատասխանում, կամ պատասխանում են շատ վատ։ Այսօր գյումրեցիների համար այնպիսի իրավիճակ է, որ իրենք չկարողանան թացը չորից տարբերել։ Այս ամենը պայմանավորված է իշխանության որդեգրած քաղաքականությամբ, որ գյումրեցիները ընտրություններից պետք է ունենան հնարավորինս քիչ ակնկալիքներ։ Հետևաբար, քաղաքական դաշտում մեր հայտնվելը՝ որպես ՏԻՄ ընտրությունների մասնակից, խառնեց իշխանության բոլոր ծրագրերը։ Ի դեմս մեզ՝ հայտնվեցին մարդիկ, ովքեր կռվող են, պայքարող են և ովքեր միանշանակ թույլ չեն տալու, որ Գյումրին իշխանությունների համար երկրորդ պլան մղվի»։ Արմատական ընդդիմություն ներկայացող դաշինքի առաջին համարն ընդգծում է, ՔՊ-ի նախընտրական ցուցակում կան մարդիկ, որոնք կապ ունեն քրեական հեղինակությունների հետ, թեև այսօր այդ երևույթը, նրա խոսքով, այդքան էլ ազդեցիկ չէ․ «Կան մարդիկ, ովքեր նախկին հանրապետականներ են եղել, այսպես ասած Հանրապետականի տասովշիկներ են եղել, օրինակ Մարտիրոսյան Արտակը, որը այսօր դպրոցի տնօրենի ժ/պ է։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց գոյություն ուներ ընտրությունների տասովշիկ արտահայտությունը, իրենք իրենց հույսը դրել են նրանց վրա։ Ամենուրեք բազմահազար նկարներ փակցնելու հույսին են մնացել։ Սա խոսում է նրա մասին, որ իրենք ճանաչված չեն, ընկալելի չեն, և երկորրդ իրենք չեն կարող գաղափարական, քաղաքական բանավեճ վարել, ծրագիր ներկայացնել»։ Անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին՝ Պողոսյանն ասում է՝ դրանք բազմազան են։ Քաղաքապետի թեկնածուն պատմում է, որ նախատեսում են քաղաքապետարանի ներսում ռեսուրսային կենտրոն ստեղծել․ «Գյումրուն պետք է շատ մեծ հոգատարություն։ Այդ հոգատարությունը արտահայտելու համար ստեղծելու ենք ռեսուրսային կենտրոն քաղաքապետարանի ներսում, որը պետք է հավաքագրի Գյումրիի և՛ ներսում, և՛ դրսում գտնվող բոլոր ռեսուրսները և կարողանա մարդկանց համախմբելով միավորել բիզնես միջավայրը»։ Նա նաև հավելում է, որ Գյումրում չի կանոնակարգվում երթևեկությունը։ Պողոսյանը կարևորում է դպրոցական ավտոբուսների առկայությունը, որպեսզի երեխաները կարողանան անվտանգ դպրոց գնալ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրվելու պարագայում փորձելու են լուծել հարցը՝ մյուս պետական մարմինների հետ համագործակցելով։ Կարապետ Պողոսյանը Գյումրու տնակների խնդիրն է առանձնացնում՝ նշելով, որ առաջարկելու են այնպիսի լուծումներ, որոնք կբխեն պետության շահերից․ «Բնակարանաշինության մասով բավականաչափ լավ ուսումնասիրել ենք տնակային թաղամասերը․ յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում, որպեսզի կարողանանք այդ մարդկանց խնդիրները ճիշտ լուծել և ամենակարևորը՝ լուծել նաև պետության շահերից ելնելով։ Այստեղ խնդիրները կապված են նրա հետ, որ մարդիկ բնակարան են ստացել, չեն տեղափոխվել բնակարան կամ մի մասը տեղափոխվել է, մյուս մասը մնացել է տնակում»։ Նա հավելում է, որ ներդրողների համար առանձին փաթեթներ են նախատեսել, որով քաղաքապետարանը իր վրա է վերցնելու պետական վարչարարության մեծ մասը՝ քաղաքացու ու ներդրողին պետական քաշքշուկներից հնարավորինս հեռու պահելու համար։ Պողոսյանը կարևորում է նաև Գյումրին որպես մշակութային կենտրոն պահելն ու զարգացնելը․ «Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ ցանկացած մարդ, որը կայցելի Գյումրի, հնարավորինս շատ հայկականություն իր հետ տանի։ Այստեղ տարատեսակ միջոցառումների շարք ունենք, որոնք շատ փոքր գումարով կարելի է իրականացնել և ստանալ բավականին մեծ էֆֆեկտներ»։ Պողոսյանի խոսքով՝ գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների պարագայում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ «Սա ՏԻՄ ընտրություն է, վարչապետ չեն ընտրում, ԱԺ չեն ընտրում։ Գյումրեցիները ուզում են առաջին հերթին ընտրել գյումրեցի քաղաքապետ։ Գյումրին հասկացող, Գյումրին իմացող, Գյումրու հետ մեծացած, Գյումրու դարդ ու ցավը տեսած մարդ պետք է լինի մեր քաղաքապետը, և միանշանակ պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են պայքարել, կռիվ տալ, անձնազոհաբար ամեն ինչ անել, որ Գյումրին առաջ գնա։ Գյումրեցին շատ լավ հասկանում է, որ այստեղ հնի ու նորի կռիվ չկա, այստեղ Նիկոլի ու ՀՀԿ-ի կռիվ չկա, այստեղ կա ընդամենը քաղաքը կառավարելու, ճիշտ առաջ տանելու խնդիր, և ամենակարևորը այդ ամեն ինչը պետք է լինի թասիբով։ Մենք ստեղծեցինք «Թասիբով» դաշինքը և այնտեղ ներգրավեցինք այնպիսի մարդկանց, ովքեր ի վիճակի են Գյումրու խնդիրները կառավարել և առաջ տանել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
14:47 - 13 հոկտեմբերի, 2021
Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ Արմեն Օրդինյանը, որ գլխավորում է «Հայրենիք» կուսակցության ցուցակը, այս պահին չի աշխատում, կենսաթոշակառու է։ Դիլիջանում Օրդինյանի թիմը քարոզարշավը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Մեր զրույցում համայնքապետի թեկնածուն կարծիք հայտնեց, որ քարոզարշավն ընթանում է քաղաքակիրթ ձեւով՝ առանց այլեւայլությունների։ Միայն թե, ինչպես արձանագրեց նա, եւ ինչպես ավելի վաղ մեր զրույցում նշել էին «Քաղաքացու որոշում» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների թեկնածուները, երբեմն նախընտրական պաստառներ պատռելու դեպքեր են եղել։ «Հայրենիքը» քարոզարշավն իրականացնում է Դիլիջանի բնակավայրեր այցելելով եւ բնակիչների հետ զրույցներով։ Infocom-ի հետ զրույցում Արմեն Օրդինյանը նշեց, որ համայնքում ամենատարբեր խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծում են պահանջում։ Նա հատկապես առանձնացրեց իրենց ծրագրային այն դրույթը, ըստ որի՝ պատրաստվում են իրականացնել վթարային շենքերի եւ կամուրջների քարտեզագրում, սողանքային հատվածների ամրակայում, վերանորոգման աշխատանքներ, եւ այլն։ «Դիլիջանում 100-ից ավելի բազմաբնակարան շենքեր կան, որոնց շահագործման ժամկետները մոտենում են ավարտին։ 8200-ից ավելի առանձնատների մոտ 20%-ը հիմնանորոգման կարիք ունի․ դրանք դեռ երկրաշարժի ժամանակ են վնասվածքներ ստացել։ Վերջին 30 տարվա մեջ համայնքում բնակարանաշինություն չի իրականացվել։ Այսօր ավելի քան 500 ընտանիք նոր բնակարանի կարիք ունի»,- թվարկեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են այս հարցերին լուծում տալ։ Նա նշեց նաև, որ որոշել են՝ ընտրվելու դեպքում բացելու են «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատուն, հյուրատներ սարքել։ Հիմնադրամի միջոցները պետք է գոյանան բարերաների, քաղաքացիների ջանքերով․ «Ես ինքս արտերկրում շատ ընկերներ ունեմ, որոնք պատրաստ են գալ, ներդրումներ անել։ Մեր կուսակցության ղեկավարն էլ շատ մեծ կապեր ունի։ Բոլորիս էլ պարզ է, որ բյուջեի միջոցներով այս ծրագրերը հնարավոր չէ իրագործել։ Դրա համար ներդրումներ են պետք»,- ասաց Օրդինյանը՝ նշելով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, եւ այն բնակիչները, որոնք իրենց տան մի հատվածն են զբաղեցնում, կարող են մյուս մասն էլ որպես հյուրատուն ծառայեցնել՝ այդպիսով լուծելով նաեւ իրենց հանապազօրյա հացի խնդիրը։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ջրահեռացման համակարգի վերանորոգման եւ արդիականացման իրենց նպատակների մասին՝ նշելով, որ Հովքում նախատեսում են ջրահավաք ավազանի կառուցում, Աղավնավանքում՝ ջրահավաք հզորությունների ավելացում, համայնքի գյուղերում՝ կոյուղու համակարգի անցկացում։  Օրդինյանի դիտարկմամբ՝ խնդիրներ կան նաեւ ճանապարհաշինության ոլորտում։ Նրա խոսքով, մասնավորապես, Դիլիջանի կենտրոնական եւ երկրորդական փողոցներն իրականում անմխիթար վիճակում են, դրանց պլանային վերանորոգում են նախատեսում եւ միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ ասֆալտապատում։  «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն մեր զրույցում խոսեց նաեւ գործազրկության բարձր մակարդակի եւ դրանով պայմանավորված արտագաղթի խնդրի մասին։ Այս առնչությամբ նախատեսում են ավելացնել Դիլիջանի առողջարանային եւ հյուրանոցային ծառայությունների տրամադրման հնարավորությունները, կրկնապատկել գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները եւ այլն։ «Երիտասարդությունն էլ ընդհանրապես զբաղմունքի տեղ չունի, որ մարդիկ գնան, ժամանակ անցկացնեն, լրիվ հեռախոսների մեջ են, ոչ մի ակտիվություն չկա։ Քաղաքում ժամը մեկից հետո մարդ չես տեսնի։ Սրճարաններ կան, որոնք տեղացիների համար ոչ մատչելի են։ Շատ հարցեր կան»,- ասաց Օրդինյանը։ Վերջինս իրենց շանսերը 100 տոկոս է գնահատում եւ ակնկալում բնակիչների քվեն՝ վստահեցնելով իրականացնել իրենց ծրագրերը։ Լուսանկարը՝ «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
13:09 - 13 հոկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Դիլիջանում ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ այդպիսի մթնոլորտ երբեւիցե չենք ունեցել․ Արա Մարտիրոսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Արա Մարտիրոսյանը 2005-2019 թվականներին զբաղեցրել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը՝ ՀԾ առաջին դասի խորհրդականի դասային աստիճանով, 2019-2021 թվականներին եղել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ, հիմա չի աշխատում։  Վերջինս մեր զրույցում ասաց, որ ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ է նկատում Դիլիջանում․ նրա կարծիքով՝ ժողովուրդը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում․ «Մեր ժողովուրդը դեռ չի հաղթահարել նախկինում եղած այն վախերը, որ եթե դու կամ քո հարազատներն աշխատում են ինչ-որ տեղ, դու վախենում ես, թե տվյալ պահին ով է իշխանության կամ հետագայում ով կգա։ Ես մասնակցել եմ շատ ընտրությունների, բայց երբեւիցե նման մթնոլորտ չենք ունեցել Դիլիջանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ քաղաքական ուժն է վախի մթնոլորտ ստեղծում։ Մարտիրոսյանն ասաց, որ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրերում արտագրել են ՏԻՄ մասին օրենքը, որով սահմանվում են համայնքի ղեկավարի լիազորությունները․ «Մենք փորձել ենք այդ ֆորմատով չգնալ, որովհետեւ ծանոթ ենք քաղաքի խնդիրներին։ Մենք ունենք առողջ թիմ, ու երբ նայում եմ մեր թիմի ու մնացած քաղաքական ուժերի առաջին տասնյակը, մեր մոտ ոչ թե լավ է, այլ շատ լավ է»։ Մարտիրոսյանը նաեւ նշեց՝ խնդիրներ կան, որ ոչ թե ֆինանսական միջոցներ ներդնելու հետ են կապված, այլ կազմակերպչական բնույթի են։ Նրա խոսքով՝ իրենց վերջնական նպատակն է Դիլիջանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, խթանել ու զարգացնել զբոսաշրջությունը։ Մարտիրոսյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց կրթության ոլորտը․ «Մինչեւ 2012 թվականը մենք Դիլիջանում ունեցել ենք բուհի մասնաճյուղ, որը չի գործում, բայց այդ հնարավորությունը կա։ Եթե այն սկսի գործել, դա նաեւ կբերի երիտասարդների աշխուժացմանը։ Կամ, օրինակ, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության մասով․ մենք փորձելու ենք երեխաների ազատ ժամանակը մշակութային եւ սպորտային խմբակների միջոցով լրացնել։ Փորձելու ենք դրա վրա ավելի շատ շեշտ դնել, որովհետեւ իրենք են մեր ապագան, իրենք են որոշելու, թե հետո ինչպիսին է լինելու մեր քաղաքի վիճակը, ինչպիսին է լինելու մեր քաղաքացին»։ Մարտիրոսյանը հավելեց, որ մեծահասակների համար նախատեսում են զբոսաշրջության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ անցկացնել․ «Այսդպես մարդիկ պատրաստ կլինեն եկող մարտահրավերներին։ Մենք սպասարկման ոլորտում ունենք շատ քաղաքացիներ, որոնք Դիլիջանից չեն։ Չեմ ասում, որ բոլոր տեղերում դիլիջանցիները պիտի աշխատեն, բայց Դիլիջանից կան մարդիկ, որ տեղյակ չեն, աշխատած չեն, ծանոթ չեն։ Փորձելու ենք դա ինչ-որ ձեւով կարգավորել»։ Մեր զրուցակիցը նշեց, որ մեր օրենսդրությունը Դիլիջանին հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս․ «2 միլիարդ եւ ավելի ներդրման դեպքում որոշակի հարկատեսակներ հանվում են, տրվում են որոշակի արտոնություններ։ Դրա մասին պետք է գովազդի տեսքով կամ այլ եղանակներով մարդկանց իրազեկել։ Մենք փորձելու ենք դրա վրա հիմնվել, մասնավոր համագործակցությունը ես այսպես եմ տեսնում»,- ասաց Արա Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ Դիլիջանում կարող են ներդրումներ արվել, ինչն էլ կբերի աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների կարգավորմանը։  Լուսանկարը՝ «ՔՈ Դիլիջան» ֆեյսբուքյան էջից
12:58 - 13 հոկտեմբերի, 2021
Քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից․ Ռոմելա Աբովյան

Քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից․ Ռոմելա Աբովյան

Նախորդ 90 օրվա ընթացքում Covid19-ով հիվանդացած անձինք բացառություն են, և նրանք թեստ չեն հանձնելու և չեն պատվաստվելու։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։ Անդրադառնալով երեկ վրա դրությամբ մեկ օրում գրանցված մահերի քանակին (երեկվա դրությամբ հաստատվել է մահվան ռեկորդային 43 դեպք)՝ Աբովյանն ասաց, որ հիմնականում միջին տարիքային խմբի քաղաքացիներ են, հիմնականում այն անձինք, որոնք ունեն քրոնիկ հիվանդություն, որոնք համարվում են ռիսկի խումբ։ «Շատ դեպքերում տվյալ անձինք բավականաին ուժ են դիմում բժշկական կազմակերպություն, արդեն ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ յուրաքանչյուր մարդ մտածում է՝ դե երևի թե կորոնավիրուս չէ։ Նախ ուշ են թեստավորվում, և արդեն բավականին ախտահարված թոքերով դիմում են ԲԿ, և ուղղակի հնարավոր չի լինում կազմակերպել արդյունավետ բուժումը»,- նշեց նա։  
12:36 - 13 հոկտեմբերի, 2021
Արսեն Թորոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին պատվաստումների հարցում համախմբան կոչ է անում

Արսեն Թորոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին պատվաստումների հարցում համախմբան կոչ է անում

Ինձ համար շատ ցավալի է, որ ներքաղաքական պայքարի օրակարգ է դառնում մի բան, որը մարդկանց կյանք է արժենալու, և դժբախտաբար մենք դա տեսել ենք ոչ միայն պատվաստումների մասով, այլև անցյալ տարի Covid-ի դեմ այլ միջոցների՝ դիմակների, սոցիալական հեռավորության և այլնի մասով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայումս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Մի շարք ընդդիմադիր գործընկերներ, որոնք էս պահին ԱԺ-ում չեն, չգիտեմ՝ ինչքանով էր կապված իրենց վարքագծի հետ, կասկածի տակ էին դնում դիմակների էֆեկտիվությունը, որպես բոյկոտի տեսակ։ Հետո բայց նաև բողոքում էին, թե դիմակ չկա, դիմակը թանկ է և այլն, որտեղ է գրված՝ սա աշխատում է, թե ոչ։ Հիմա այլ մարդիկ են առնվազն ԱԺ-ում կասկածի տակ դնում (արտախորհրդարանականների մասով էլ առանձին կարող եմ ասել), բայց օրալարգը նույնն է․ շարունակում են սերմանել կասկած սովորական քաղաքացիների շրջանում էֆեկտիվ և անվտանգ պրոցեդուրայի նկատմամբ, որն իրեն ապագայում փրկելու է»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, թե հիմա դա ինչ է, եթե ոչ այդ մարդուն մահվան դատապարտել։ Պատգամավորն ընդգծել է, որ մեր քաղաքական ուժերը պետք է այնքան պատասխանատվություն ունենան, որ գոնե սա չշահարկեն, որովհետև դա արժենալու է կյանք «նրա մտերիմին, նրա ընտրողին»։ Նա նշել է, որ դժբախտաբար արատավոր օղակներ են տեսնում, որ ընդդիմությունը նույն վարքագիծն է դրսևորում։ «Ես, առիթն օգտագործելով, կոչ եմ անում մեր բոլոր ընդդիմադիր խորհրդարանական, արտախորհրդարանական գործընկերներին առնվազն էս հարցի շուրջ համախմբում, որովհետև ավելի կարևոր բան չկա, քան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, եթե չէ, ապա թող հայտարարեն։ Կամ ես եմ հայտարարում․ եթե իրենք չեն էդպես չեն անում, ուրեմն՝ իրենց համար ՀՀ քաղաքացու կյանքը արժեք չունի։ Իրենց ամեն անպատասխանատու հայտարարություն, անխուսափելիորեն մահվան է բերում», հայտարարել է Թորոսյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություննրի՝ նախարարի հրամանի հարցով ՍԴ դիմելուն՝ պատգամավորն ասել է, որ կառավարության կամ նախարարի որոշումների կամ նախարարի հրամանների էֆեկտիվությունը կասկածի տակ դնելը իրավական ինչ-որ զարտուղի ճանապարհներով փորձ է՝ ցույց տալու, որ մենք (նկատի ունի կառավարությունը) մարդու իրավունք ենք խախտում՝ մոռանալով, որ մարդու ամենակարևոր իրավունքը կյանքի ու առողջության իրավունքն է։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։ ​​«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:  Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը», - ասվում է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
12:01 - 13 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հանդիպումը բավական արդյունավետ էր: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպումը Մոսկվայում։ «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը բավական արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետը երեկ առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
10:20 - 13 հոկտեմբերի, 2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հակացուցումներ և կողմնակի հետևանքներ

COVID-19-ի դեմ պատվաստանյութեր․ հակացուցումներ և կողմնակի հետևանքներ

Կորոնավիիրուսային հիվանդության տարածումից ի վեր՝ տարբեր երկրներում սկսվեց պատվաստանյութերի հայտնաբերման և արտադրության գործընթաց։ Այս պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) օգտագործման թույլտվություն է տվել մի շարք պատվաստանյութերի։ ԱՀԿ-ն, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ են տալիս պատվաստվել՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։  Infocom-ն արդեն անդրադարձել է նրան, թե ինչպես են աշխատում պատվաստանյութերը, և թույլտվություն ստացած պատվաստանյութերից յուրաքանչյուրը որքան արդյունավետություն ունի։ Այժմ հասկանանք, թե կողմնակի ինչ հետևանքներ կարող են ունենալ պատվաստանյութերը, և ինչ հակացուցումներ կան։ Այս հոդվածում կանդրադառնանք այն պատվաստանյութերին, որոնք Հայաստանում հասանելի են կամ շուտով հասանելի կլինեն։   Բացարձակ և ժամանակավոր հակացուցումներ COVID-19-ի դեմ պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ):  Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: Կան նաև նախազգուշական միջոցառումներ․ վարակիչ կամ սոմատիկ (մարմնական) հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո, քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի (հիվանդության ժամանակավոր թուլացում, նահանջ) շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո, հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ այլ հիվանդության դեմ պատվաստանյութից առաջացած անաֆիլաքսիան COVID-19-ի դեմ պատվաստվելու հակացուցում չէ, քանի որ տարբեր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը բաղադրությամբ ամբողջովին տարբերվում են։ Ինչ վերաբերում է ժամանակավոր հակացուցումներին, Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ պատվաստելուց առաջ անձի առողջական վիճակը օբյեկտիվ զննությամբ գնահատվում է․ «Եթե անձը տվյալ պահին չունի որևէ սուր երևույթ, որևէ գանգատ, համարվում է պրակտիկ առողջ, նրան ցուցված է պատվաստումը։ Եթե անձն ունի որևէ քրոնիկ հիվանդություն, ուղեկցող հիվանդություն, ապա այդ քրոնիկ հիվանդությունը հակացուցում չէ պատվաստման համար, եթե, իհարկե, հիվանդության սրացման փուլ չէ։ Պարզ է՝ առանց մարդու նշելու էլ, եթե բժիշկը զննի, կպարզի՝ սրացում կա, թե չէ»։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ պատվաստվելուց առաջ որևէ լաբորատոր հետազոտության անհրաժեշտություն չկա, իրականացվում է օբյեկտիվ զննություն: Պատվաստվող մարդը ևս կարող է իր գանգատները ներկայացնել, ինչից հետո բժիշկը կարող է հետազոտություն նշանակել։ Մասնագետի խոսքով՝ պատվաստումները հատկապես ցուցված են ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, եթե նրանց հիվանդությունը սրացման փուլում չէ, քանի որ հենց նրանց մոտ է կորոնավիրուսային հիվանդությունն ավելի ագրեսիվ ընթանում․ «Օրինակ՝ շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդությունների շարքում է, որոնք ունենալու դեպքում ցուցված է պատվաստումը։ Առաջնահերթ այդ մարդիկ պետք է պատվաստվեն իրենց դեղորայքային բուժման ֆոնի վրա, եթե, իհարկե, այդ պահին չունեն որևէ սրացում, կամ շաքարի տոկոսը շատ բարձր է»։   Հակամարմինների բարձր մակարդակ  կամ կորոնավիրուսային հիվանդության առկայություն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել նաև այն դեպքում, եթե դուք արդեն հիվանդացած եք եղել կորոնավիրուսով՝ նշելով, որ պատվաստումը իմունային համակարգի համար կարող է լրացուցիչ խթան դառնալ։ Մարդկանց մոտ հաճախ է հարց առաջանում, թե արդյոք վտանգավոր չէ՞ պատվաստումը, եթե նոր են առողջացել, և հակամարմինների քանակը բարձր է, կամ էլ վարակված են կորոնավիրուսային վարակով, և հիվանդությունը գաղտնի շրջանում է։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ հակամարմինների բարձր քանակ ունեցող մարդկանց համար պատվաստման հակացուցում չկա․ «Չկա ապացուցողական որևէ գիտական տվյալ, թե հակամարմինների որ մակարդակն է համարվում պաշտպանիչ։ Դրանք անընդհատ փոփոխական են։ Վտանգ չկա, եթե մարդն ունի հակարամինների բարձր մակարդակ, իսկ պատվաստումից հետո էլի հակամարմիններ են առաջացել։ Ընդամենը մեկ անգամ ևս իմունիտետը խթանվում է, և հակամարմինների բարձր քանակությունը չի կարող վնասել առողջությունը»։ Հակամարմինների բարձր մակարդակ ունենալու դեպքում պատվաստվելը նույնն է, թե հակամամինների բարձր մակարդակ ունենալով՝ շփվեք հիվանդ մարդու հետ և վարակվեք։ Ձեր  պատրաստի հակամարմիններն այդ դեպքում կաշխատեն վիրուսի դեմ։ Մասնագետի խոսքով՝ COVID-19-ով հիվանդ լինելու ժամանակ պատվաստվելուց ևս որևէ վտանգ չկա․ «Մարդը կարող է պատվաստվել, վարակված լինել մինչև պատվաստումը, գտնվել գաղտնի շրջանում, և պատվաստումից հետո ժամանակային առումով համընկնի, զարգանա հիվանդություն։ Պատվաստումն ուղղակի այս դեպքում չի հասցնում աշխատել, մարդուն չի օգնում, չի պաշտպանում, բայց հիվանդության ընթացքը չի ծանրացնում»։    Հղիներ և կրծքով կերակրողներ Հղիությունը և կրծքով կերակրումը պատվաստման հակացուցում չեն։ Հղիների նկատմամբ Հայաստանում պարզապես չի կիրառվում օրենսդրական պահանջը՝ ըստ որի աշխատանքի պետք է գնալ պատվաստված կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնել։ «Կրծքով կերակրող կանայք պետք է պատվաստվեն, դա օգտակար է ինչպես նրանց, այնպես էլ նրանց երեխաների համար, իսկ պատվաստանյութերն անկենդան են և հետևաբար, կրծքի կաթի միջոցով չեն կարող անցնել նորածնին, ընդամենը հակամարմիններ կփոխանցեն երեխաներին, որով կպաշտպանվեն։ Հղիները նույնպես ռիսկի խումբ են, քանի որ եթե հղին հիվանդանում է քովիդով, մեծանում է վաղաժամ ծննդաբերությունների, պտղի վրա ազդեցությունների ռիսկը։ Եթե համեմատենք հղի և ոչ հղի կանանց տարիքային նույն խումբը, ապա հղիների շրջանում քովիդով հիվանդանալու դեպքում ծանր ընթացք է ունենում»,- ասում է Սվետլանա Գրիգորյանը։  Հավելենք միայն, որ բացի անկենդան պատվաստանյութերից (պարունակում են վիրուսի ոչ ակտիվ հատվածներ)՝ կան կենդանի պատվաստանյութեր (պարունակում են վիրուսի կենդանի, բայց թուլացած հատվածներ)։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի չէ։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց պատվաստվել, եթե պատվաստանյութից ստացված օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերին։ Հղի կանանց պետք է ներկայացվեն հղիության ընթացքում COVID-19-ով հիվանդանալու ռիսկերի, հղիների անվտանգության վերաբերյալ սահմանափակ տվյալների պայմաններում պատվաստման հնարավոր առավելությունների մասին։ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ընդհատել հղիությունը պատվաստված լինելու պատճառով։ Կազմակերպությունը նշում է, որ ԱՀԿ Իմունիզացիայի գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի գնահատած ցանկացած պատվաստանյութ կարելի է տալ կրծքով կերակրող կանանց։  Իմունիզացիայի գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը երկու պատվաստանյութերի մասով («Աստրա-Զենեկա», «Ջոնսոն և Ջոնսոն») նշում է՝ պատվաստվել կարող են կրծքով կերակրող այն կանայք, որոնք առաջնահերթ պատվաստման կարիք ունեցողների ցանկում են  (օրինակ՝ բուժաշխատողները)։ Մյուս պատվաստանյութերի դեպքում («Մոդեռնա», «Պֆայզեր», «Սինոֆարմ», «Սինովակ») խումբը նշում է, որ կաթով կերակրողների պատվաստումից ակնկալվում է նույն արդյունավետությունը, ինչ մնացած մեծահասակների պատվաստումից, և թույլատրում կրծքով կերակրողների պատվաստումը։  Բոլոր պատվաստանյութերի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս կրծով կերակրումը դադարեցնել պատվաստվելուց հետո։ Լրացում (13․10․2021)- Եվրոպայի դեղերի գործակալությունը նշում է, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերի՝ կենդանիների վրա անցկացված փորձարկումները («Աստրա-Զենեկայի» դեպքում նշված է՝ նախնական փորձարկումները) ցույց չեն տվել հղիների համար վնասակար հետևանքներ, տվյալները խիստ սահմանափակ են։ Կրքով կերակրման ժամանակ պատվաստվելու վերաբերյալ ուսումնասիրություններ չեն անցկացվել, բայց ռիսկեր չեն ակնկալվում։ Գործակալությունը նշում է, որ պատվաստվելուց առաջ հղիները պետք է խորհրդակցեն բժկի հետ՝ հնարավոր ռիսկերն ու օգուտները հասկանալու համար։ «Սպուտնիկ-Վին», համաձայն ԱՄՆ  Սննդի և դեղերի վարչության տվյալների, որը թույլատրել է այս պատվաստանյութի կիրառությունը, հակացուցված է հղիներին և կրծքով կերակրողներին, քանի որ այս շրջանում արդյունավետությունը և անվտանգությունն ուսումնասիրված չեն։ Հունիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը հայտնեց, որ պատվաստանյութի տվյալները թարմացվել են, և ՌԴ-ում հղիության ընթացքում «Սպուտնիկ-Վին» կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտները գերազանցում են պտղի համար հավանական ռիսկերին։    Պատվաստանյութեր և մարդու վերարտադրողականություն Շատ են տարածվում տեղեկություններ այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ազդում են մարդու վերարտադրողականության վրա։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ այս դեպքում պետք է ընդամենը հասականալ, թե ինչպես է իմունային համակարգը աշխատում․ «Պատվաստանյութին արձագանքում է իմուն համակարգը, ոչ թե վերարտադրողական օրգանները, և որևէ կապ չեն կարող իրար հետ ունենալ։ Առկա չէ գիտական որևէ փաստ, ապացուցողական բժշկության որևէ տվյալ, որ պատվաստանյութերն ազդում են վերարտադրողական ֆունկցիայի վրա»։   Իմունային անբավարարություն և պատվաստանյութեր Սվետլաննա Գրիգորյանն ասում է, որ իմունային անբավարարություն (ՄԻԱՎ/ՁԻԱՀ) ունեցող անձանց պատվաստումը հակացուցված չէ, որովհետև ներկայում Հայաստանում կիրառվող և աշխարհում առկա պատվաստանյութերը կենդանի պատվաստանյութեր չեն, այսինքն՝ օրգանիզմում այդ պատվաստանյութերի արդյունքում չի կարող վիրուսը բազմանալ․ «Ուղղակի այդ մարկանց օրգանիզմում կարող է պատվաստանյութը լիարժեք չաշխատել։ Պետք է անհատն իմանա, որ ինքը պատվաստվում է, բայց իր օրգանիզմը  կարող է համարժեք պատասխան չտալ, իմունիտետ չձևավորվի։ Այդ առումով նրանք առավել պետք է զգուշություն դրսևորեն և պահպանեն կանխարգելիչ միջոցառումները։ Բայց նրանց ցուցված է պատվաստումը՝ գոնե ինչ-որ չափով պաշտպանելու համար։ Հավանականություն կա, որ իմունիտետ կձևավորվի»։   Պատվաստանյութեր և կողմնակի հետևանքներ Առհասարակ, պատաստանյութ ստանալուց հետո կողմնակի թեթև հետևանքների ի հայտ գալը նորմալ է․ պատվաստվելուց հետո մեր իմունային համակարգը սկսում է աշխատել, մեծանում է արյան հոսքը, որպեսզի ավելի շատ իմունային բջիջներ կարողանան շրջանառվել, և ջերմությունը կարող է բարձրանալ։ Թեթև կողմնակի հետևանքները (ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանային ցավ և այլն) նույնիսկ դրական երևույթ են, քանի որ դրանց առկայությունը ցույց է տալիս, որ պատվաստանյութն աշխատում է։ Սակայն պատվաստվելուց հետո թեթև կողմնակի հետևանքների չառաջանալը չի նշանակում, որ պատվաստանյութը չի աշխատում։ Պարզապես յուրաքանչյուր մարդու օրգանիզմ անհատական ձևով է արձագանքում պատվաստմանը։ Բացի այս սովորական կողմնակի հետևանքներից՝ տարբեր պատվաստանյութեր կարող են ունենալ կողմնակի այլ հետևանքներ։ Անդրադառնանք պատվաստանյութերին առանձին-առանձին։   «Աստրա-Զենեկա», «Ջոնսոն և Ջոնսոն»․ արյան մակարդելիության խնդիրներ «Աստրա-Զենեկան» այս պահին կիրառվում է Հայաստանում, «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցություններ են ընթանում, ինչպես հայտնել են մեզ ԱՆ-ից։ 2021-ի գարնանը սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ «Աստրա-Զենեկայով» պատվաստված որոշ մարդկանց մոտ ի հայտ են եկել արյան մակարդելիության խնդիրներ։ Շատ քիչ թվով մարդկանց մոտ այս պատվաստանյութը ստանալուց հետո առաջացել էր, այսպես կոչված, թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի սինդրոմ (Thrombosis with Thrombocytopenia Syndrome-TTS)։ Նախ հասկանանք, թե ինչ են թրոմբոցիտոպենիան և թրոմբոզը։ Թրմոբոցիտները մեր արյան բջիջներից են, որոնք պատասխանատու են արյան մակարդման համար։ Այս բջիջները լողում են անոթներով, և երբ անոթները վնասվում են, այլ բջիջների և սպիակուցների հետ արյան մակարդուկներ են առաջացնում, որոնք կանխում են արյունահոսությունը։ Թրոմբոցիտոպենիայի ժամանակ մեր արյան մեջ թրոմբոցիտների քանակը նորմայից քիչ է լինում, ինչը կարող է ներքին արյունահոսությունների կամ մաշկի տակ կապտուկների առաջացման պատճառ դառնալ։ Արյան մակարդուկները կամ թրոմբները մեր անոթներում կարող են առաջանալ նաև այն ժամանակ, երբ անոթները վնասված չեն։ Թրոմբոզի ժամանակ մեր անոթներում առաջանում են մակարդուկներ կամ թրոմբներ, որոնք խոչընդոտում են արյան հոսքը։ Թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի սինդրոմի դեպքում, ինչը հազվադեպ է պատահում, մենք ունենում ենք և՛ թրոմբոզ (զարկերակում կամ երակում թրոմբի առկայություն), և՛ թրոմբոցիտոպենիա (արյան մակարդման համար պատասխանատու թրոմբոցիտների՝ նորմայից ցածր քանակ)։ Պատվաստվելուց հետո TTS-ի դեպքերի մասին տեղեկություններ են ստացվել հիմնականում Մեծ Բրիտանիայից և Եվրամիության տարածքից, չնայած այլ երկրներում ևս նման դեպքեր գրանցվել են։ ԱՀԿ-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից ստացված տվյալների համաձայն՝ TTS-ի առաջացման ռիսկը գնահատվում է 1 դեպք 100 000 պատվաստված մարդու շրջանում, ավել պարզ ասած՝ 100 000 պատվաստված մարդուց միայն մեկի մոտ կա սինդրոմի առաջացման ռիսկ։  «New England Journal of Medicine»-ում հրապարակված հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են այս տարվա մարտի 22-ց հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում պատվաստանյութերի հետ հավանական կապ ունեցող թրոմբոզի և թրոմբոցիտոպենիայի դեպքերը։ Հետազոտության ավարտի դրությամբ 50 և ավելի տարիքային խմբի մարդկանց տրվել է «Աստրա-Զենեկայի» 16 միլոն առաջին դեղաչափ, իսկ մինչև 50 տարեկաններին՝ 8 մլն առաջին դեղաչափ։ Պատվաստանյութերով պայմանավորված թրոմբոզի և թրոմբոցիտոպենիայի հաճախականությունը 50-ից բարձր տարիք ունեցողների համար եղել է 1:100 000, իսկ 50-ից ցածր տարիք ունեցողների համար՝ 1:50 000։ Բացի «Աստրա-Զենեկայից»՝ TTS-ի առաջացման դեպքեր են եղել նաև «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը ստանալուց հետո։ Այս երկուսն էլ ադենովիրուսային վեկտորով պատվաստանյութեր են (պատվաստանյութերի տեսակների մասին կարող եք կարդալ այստեղ)։ ԱՀԿ-ն նշում է, որ պատվաստվելուց հետո TTS-ի առաջացման մեխանիզմները դեռևս պարզ չեն, ադենովիրուսային վեկտորով պատվաստանյութերի ու TTS-ի կապը հաստատ չէ, բայց նաև չի բացառվում։ Ներկա պահին տվյալները վկայում են այն մասին, որ TTS-ի առաջացման ռիսկն ավելի մեծ է երիտասարդ տարիքի կանանց մոտ, սակայն պետք է հետազոտություններ իրականացնել՝ տարիքով կամ սեռով պայմանավորված ռիսկը հասկանալու համար։ ԱՀԿ-ն նշում է, որ անհատները և առողջապահական ոլորտի աշխատակիցները պետք է գույշ լինեն այս սինդրոմի հավանական ախտանշաններից՝ արագ ախտոոշում և վաղ շրջանում բուժում ապահովելու համար։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվելուց հետո՝ 4-20 օրվա ընթացքում, շարունակական գլխացավի, շնչահեղձության դեպքերին ուշադիր լինել, քանի որ սրանք TTS-ի հավանական ախտանշաններ են։ Եթե առաջին դեղաչափից հետո անձի մոտ առաջանում է TTS, ապա նա չպետք է ստանա միևնույն պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Չնայած արյան մակարդելիության, ինչպես նաև կողմնակի այլ հետևանքների շատ քիչ դեպքերի՝ ԱՀԿ-ն նշում է, որ պատվաստման օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերին։ Սվետլանա Գրիգորյանը նշում է, որ եթե «Աստրա-Զենեկայով» պատվաստումից հետո՝ 4-28 օրվա ընթացքում, դիտարկվել է թրոմբոցիտեպենիկ թրոմբոզների սինդրոմը, դա հավանականությամբ կապվում է պատվաստման հետ․ «Զարգացման մեխանիզմները դեռ մինչև վերջ պարզ չեն։ Եթե ժամանակային առումով համընկել է, ուրեմն ամեն դեպքում կենթադրեն, որ դա պատվաստման արդյունքում է, և հաջորդ դեղաչափը մարդուն այդ տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութ չեն առաջարկի։ Եթե անձը ցանկություն հայտնի պատվաստվելու երկրորդ դեղաչափը, կառաջարկեն այլ տեխնոլոգիաներով արտադրված պատվաստանյութեր, որովհետև հիմնականում այդ երևույթները գրանցվում են վեկտոր պատվաստանյութերից հետո»։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում դեռ նման դեպքեր չեն գրանցվել․ «Տարբեր երկրներ տարբեր վիճակագրություն են հրապարակում, մենք նաև չունենք այդքան «Աստրա Զենեկայով» պատվաստում, որպեսզի գրանցված դեպքեր էլ ունենանք, հավանականություն ունենանք այդպիսի դեպքերի առաջացման»։  Մասնագետը նշում է, որ սովորական թրոմբոզի ու պատվաստանյութից առաջացած թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի մեջ կան լաբորատոր տվյալների տարբերություններ, որոնք միայն մասնագետը կարող է տարբերակել․ դրա համար պետք են հստակ հետազոտություններ։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ թրոմբոցիտոպենիա կամ նախկինում թրոմբ ունեցած հիվանդների համար պատվաստման հակացուցում չկա․ «Չկա ցուցում պատվաստումից առաջ արյան մակարդելիության գործոնների որոշում կամ լաբորատոր այլ հետազոտությունների իրականացում։ Եթե անձն իր կամքով իրականացրել է, և հայտնաբերվել են, դա էլ ցուցում չէ, որպեսզի «Աստրա-Զենեկա» պատվաստանյութը չստանա, որովհետև առաջացման մեխանիզմներն ամբողջովին տարբերվում են»։ Հարցին, թե թրոմբոզ կամ թրոմբոցիտոպենիա ունենալը «Աստրա-Զենեկայով» պատվաստումից հետո չի՞ մեծացնի թրոմբոցիտոպենիկ թրոմբոզի ռիսկը, մասնագետը նշում է՝ չի մեծացնի։ Այդ պատճառով էլ նման խնդիրներ ունեցող մարդկանց այլ պատվաստանյութ խորհուրդ չեն տալիս․ «Այպիսի խորհուրդ ուղղակի նպատակահարմար չէ, որովհետև նախ առաջացման ռիսկը շատ ցածր է, հետո առաջացման մեխանիզմն էլ այլ է, դրա համար թրոմբ ունեցող հիվանդի և թրոմբ չունեցող հիվանդի մոտ առաջացման հավանականությունը նույնն է»։  Կա թրոմբոցիտոպենիայի մի տեսակ, որը կոչվում է հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա։ Հեպարինը դեղամիջոց է, որով բուժում են թրոմբոզը։ Քանի որ այս դեղամիջոցը նվազեցնում է արյան մակարդելիությունը, երբեմն թրոմբոցիտոպենիա է առաջացնում։ ԱՀԿ-ն նշում է, որ հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա ունեցող մարդիկ պետք է խուսափեն ադենովիրուսային վեկտորով պատվաստանյութեր ստանալուց (այս պահին թույլատրված բոլոր պատվաստանյութերն այսպիսին են՝ բացի «Մոդերնայից» և «Պֆայզերից»)։ Այս պատվաստանյութերից խուսափելու խորհուրդ ԱՀԿ-ն տալիս է նաև այն մարդկանց, որոնց ունեն թրոմբոցիտոպենիայով ուղեկցվող զարկերակային կամ հիմնական երակային թրոմբոզ (զարկերակային թրոմբոզի ժամանակ թրոմբը ձևավորվում է զարկերակներում, երակայինի ժամանակ՝ երակներում)։ Եվրոպայի դեղերի գործակալությունը վերջերս հայտնեց «Աստրա-Զենեկա» ստացած մարդկանց մոտ Գիլեն-Բարեի համախտանիշի (Guillain-Barré syndrome) շատ քիչ դեպքերի մասին՝ նշելով, որ այս համախտանիշը պետք է ավելացնել «Աստրա-Զենեկայի» կողմնակի հետևանքների ցանկում։ Համախտանիշի առաջացման դեպքեր են գրանցվել նաև «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութը ստանալուց հետո։ Ըստ Եվրոպայի դեղերի գործակալության՝ մինչև այս տարվա հուլիսի 31-ը հաղորդվել է «Աստրա-Զենեկայով» պատվաստված մարդկանց մոտ Գիլեն-Բարեի hամախտանիշի, ընդհանուր առմամբ, 833 դեպքի մասին, իսկ մինչև հուլիսի 25-ը օգտագործվել է այս պատվաստանյութի մոտ 592 մլն դեղաչափ։  Եթե հաշվենք, որ 592 մլն դեղաչափը տրվել է առնվազն 296 մլն մարդու, ապա Գիլեն-Բարեի hամախտանիշ առաջացել է պատվաստվածների 0,00028%-ի մոտ։ Գիլեն-Բարեի համախտանիշն իմունայն համակարգի հազվագյուտ խանգարում է, որն առաջացնում է մկանների թուլություն, ցավ կամ թմրություն, իսկ ավելի ծանր դեպքերում՝ կաթված: ԱՀԿ-ն նշում է, որ այս համախտանիշի պատճառները տարբեր են՝ ներառյալ վարակները։ Համախտանիշն ավելի հաճախ ի հայտ է գալիս տղամադրկանց և 50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ։ Չնայած համախտանիշը կարող է ի հայտ գալ պատվաստվելուց հետո, հայտնի չէ, թե արդյոք պատվաստանյութերը կարո՞ղ են դրա պատճառը լինել։ Պատվաստված մարդկանց մոտ այս հազվագյուտ դեպքերից հետո ԱՀԿ-ն եկել է հետևյալ եզրահանգումներին․ Գիլեն-Բարեի համախտանիշի հազվագյուտ դեպքերի մասին հաղորդվել է ադենովրիուսային վեկտորով պատվաստանյութեր ստանալուց հետո։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը ստանալուց հետո համախտանիշի առաջացման մասին մեծ թվով հաղորդումներ չեն եղել։ Առողջապահական ոլորտի աշխատակիցները պետք է մշտադիտարկեն այս համախտանիշի առաջացման մասին հաղորդումները, իսկ պետությունները պետք է մանրամասն տեղեկություններ հավաքեն նման դեպքերի մասին։ «Աստրա-Զենեկա» և «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ ստացած մարդիկ պետք է ուշադիր լինեն, եթե նրանց մոտ այս համախտանիշի ախտանշաններ կան (թուլություն, պարալիչ վերջույթներում, որը կարող է հասնել մարմնի այլ մասերին՝ ներառյալ կրծքավանդակին և դեմքին, քայլելու, դեմքի շարժումների դժվարություններ, կրկնակի տեսողություն կամ աչքերը շարժելու անկարողություն, միզապարկի կամ աղիքի գործառույթների վերահսկման դժվարություն)։ Ե՛վ «Աստրա-Զենեկայի», և՛ «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութի պոտենցիալ օգուտները շարունակում են գերազանցել Գիլեն-Բարեի համախտանիշի պոտենցիալ ռիսկին հատկապես ավելի արագ տարածվող «Դելտա» շտամի առկայության պայմաներում։ Համաձայն Եվրոպայի դեղերի գործակալության փոխանցած տվյալների՝ թրոմբոցիտոպենիկ թրոմբոզ (TTS) և Գիլեն-Բարեի համախտանիշ կարող է առաջանալ «Աստրա-Զենեկայով» պատվաստված 10 000 մարդկանցից առավելագույնը 1 մարդու մոտ, ինչը նշանակում է, որ այս կողմնակի հետևանքների առաջացման հավանականությունը 0,01% է։ Եվրոպայի դեղերի գործակալությունը մազանոթների արտահոսքի համախտանիշ (capillary leak syndrome) ունեցող մարդկանց ևս խորհուրդ է տալիս չպատվաստվել «Աստրա-Զենեկայով» ու «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութով։ Մազանոթային արտահոսքի սինդրոմը հազվագյուտ հիվանդություն է, որն առաջացնում է մաթանոթներից հեղուկի արտահոսք, ինչը հանգեցնում է հիմնականում ձեռքերի և ոտքերի այտուցների, արյան ցածր ճնշման, արյան թանձրացման և արյան կարևոր սպիտակուցներից մեկի ցածր մակարդակի։ Եվրոպայի դեղերի գործակալությունն այս համախտանիշի առաջացումը համարում է «Աստրա-Զենեկայի» կողմնակի հետևանք, քանի որ պատվաստանյութը ստացած 6 մարդու մոտ առաջացել է համախտանիշը։ 6-ից 3-ը նախկինում ունեցել են համախտանիշը, 1-ը հետագայում մահացել է։ Այս տվյալները ներկայացնելիս գործակալությունը հիշեցնում է, որ մայիսի 27-ի դրությամբ ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում և Մեծ Բրիտանիայում կիրառվել է «Աստրա-Զենեկայի» ավելի քան 78 մլն դեղաչափ։ 78 մլն դեղաչափը կարող էր տրվել առնվազն 39 մլն մարդու։ Այսինքն խնդիրն առաջացել է պատվաստվածների 0,000015%-ի մոտ։ «Ջոնսոն և Ջոնսոնի» դեպքում 3 դեպք է գրանցվել, մի դեպքում պատվաստվողը նախկինում ունեցել է այդ հիվանդությունից, 2-ը մահացել են։ Սրանք հուլիսի տվյալներ են, և Եվրոպայի դեղերի գործակալությունը հիշեցնում է, որ այդ ընթացքում «Ջոնսոն և Ջոնսոնի» 18 մլն դեղաչափ է օգտագործվել ամբողջ աշխարհում։ 18 մլն դեղաչափը կարող էր տրվել առնվազն 9 մլն մարդու, այսինքն՝ խնդիրն առաջացել է պատվաստվածների 0,000033%-ի մոտ։   «Պֆայզեր» և «Մոդեռնա»․ միոկարդիտ «Մոդեռնայի» պատվաստանյութն արդեն Հայաստանում է, իսկ «Պֆայզեր» ձեռք բերելու շուրջ բանակցություններն ընթանում են։ Այս երկու ի-ՌՆԹ պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ հանդիպել են միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) և պերիկարդիտի դեպքեր։ Միոկարդիտը սրտի մկանների բորբոքումն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի արտաքին թաղանթի բորբոքումը: Երկու դեպքում էլ մարմնի իմունային համակարգը բորբոքում է առաջացնում՝ ի պատասխան վարակի կամ այլ գործոնների: Միոկարդիտի և պերիկարդիտի ախտանշաններն են կրծքավանդակում ցավը, շնչահեղձությունը, սրտի զարկերի արագացումը։ Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝  ի-ՌՆԹ պատվաստանյութերը ստանալուց հետո միոկրդիտկի և պերիկարդիտի դեպքերը գրանցվել են հիմնականում արական սեռի դեռահասների և երիտասարդների մոտ, ավելի հաճախ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո։ ԱՀԿ-ն նշում է, որ այս հազվագյուտ դեպքերի և ի-ՌՆԹ պատվաստանյութերի («Մոդեռնա», «Պֆայզեր») կապը հետաքննվում է։ Մեծ Բրիտանիայի կառավարության փոխանցած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մինչև հունիսի 11-ն օգտագործվել է 296 մլն դեղաչափ ի-ՌՆԹ պատվաստանյութ, հաղորդվել է միոկարդիտի 1226 դեպք։ 296 մլն դեղաչափը տրվել է առնվազն 148 մլն մարդու: Փաստորեն, ԱՄՆ-ում միոկարդիտ առաջացել է պատվաստվածների առավելագույնը 0,00083%-ի մոտ։ 2020-ի դեկտեմբերից 2021-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իսրայելում ավելի քան 5 մլն մարդ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, և հաղորդվել է պատվաստման շրջանում միոկարդիտի 148 դեպքի մասին։ Իսրայելում էլ միոկարտիդ է գրանցվել պատվաստվածների 0,003%-ի մոտ։ Միացյալ նահանգներում այս դեպքերից հետո մահ չի գրանցվել, իսկ Եվրոպական տնտեսական տարածքում մահվան 5 դեպք է գրանցվել մեծահասակների և ուղեկցող հիվանդություն ունեցողների շրջանում։  ԱՀԿ-ն նշում է, որ հոսպիտալացումից և մահից փրկելու համատեքստում ի-ՌՆԹ պատվաստանյութերից եղած օգուտը գերազանցում է միոկարդիտի առաջացման ռիկսին։ Չնայած այս դեպքերը խիստ հազվագդեպ են, երկու երկիր՝ Շվեդիան և Դանիան մի քանի օր առաջ հայտարարեցին, որ դադարեցնում են  երիտասարդ տարիքի մարդկանց՝ «Մոդեռնայով» պատվաստումը։ Այս երկրներին միացավ նաև Ֆինլանդիան, որտեղ այսուհետ «Մոդեռնայով» 1991-ին և դրանից հետո ծնված տղամարդիկ չեն պատվաստվի։ Պատճառը դեռևս չհրապարակված մի ուսումնասիրություն է, որը ներառում է Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։ Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Մոդեռնա» ստացած, 30-ից ցածր տարիք ունեցող տղամարդկանց մոտ միոկարդիտ առաջանալու ռիսկն ավելի բարձր է։ Նորվեգիայի ԱՆ-ի պաշտոնյաներն էլ նշել են, որ մինչև 30 տարեկան տղամարդկանց խորհուրդ են տալիս ընտրել «Պֆայզեր»։ Այս դեպքերից հետո «Մոդեռնա» ընկերության խոսնակը նշել է․ «Սրանք շատ թեթև դեպքեր են, և մարդիկ վերականգվում են ստանդարտ բուժումից ու հանգստից հետո։ Միոկարդիտի ռիսկը զգալիորեն մեծանում է նրանց մոտ, ովքեր վարակվում են COVID-19-ով, և պատվաստումը դրանից պաշտպանելու լավագույն միջոցն է»։   «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «ԿորոնաՎակ» և «Նովավաքս» Հղիության և կաթով կերակրման ընթացքում պատվաստվելու մասին խոսելիս արդեն անդրադարձել ենք «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութին։ Չինական արտադրության «Սինոֆարմի» և «ԿորոնաՎակի» դեպքում, բացի սովորական կողմնակի հետևանքներից, այլ դեպքերի մասին հաղորդումներ չկան։ ՀՀ առողջապահության նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ընթացքի մեջ են նաև «Նովավաքս» պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքները։ Այս պատվաստանյութն արտադրող ընկերությունը դիմել է ԱՀԿ-ին՝ արտակարգ օգտագործման թույլտվություն ստանալու համար։ Թույլտվություն ստանալուց հետո պատվաստանյութը կտարածվի «COVAX facility» ծրագրով։ Պետք է սպասել, մինչև ԱՀԿ-ն հավանության կարժանացնի պատվաստանյութը՝ կողմնակի հետևանքների մասին տեղեկություններ ստանալու համար։ Ինչպես ցույց է տալիս օրինաչափությունը, տարբեր պատվաստանյութերից կողմնակի հետևանքներ առաջանալու հավանականությունը շատ փոքր է։ Փոխարենը բավականին մեծ է կորոնավիրուսից մահանալու հավանականությունը, հատկապես եթե վարակվել եք «Դելտա» շտամով։ Ամփոփելով նշենք, որ պատվաստումների դեմ հակացուցումներ կան, որոշ պատվաստանյութեր ունենում են կողմնակի հետևանքներ։ Սակայն հակացուցումների մասին երբեմն սխալ տեղեկություններ են տարածվում (օրինակ՝ հղիներին, կաթով կերակրողներին, հակարամինների բարձր մակարդակ ունեցողներին արգելված է պատվաստվել և այլն), կողմնակի հետևանքների մասին տվյալներն էլ ուռճացված են ներկայացվում։ Ավելի արագ տարածվող և վտանգավոր «Դելտա» շտամի առկայության պայմաններում հոսպիտալացումից և մահից փրկվելու ամենաարդյունավետ միջոց են շարունակում մնալ պատվաստանյութերը։   Գլխավոր լուսանկարը՝ ԱՆ կայքից Աննա Սահակյան
20:51 - 12 հոկտեմբերի, 2021
21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ նախագահն է։  Հովհաննիսյանն այն թեկնածուներից է, որ քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ ակտիվ շփումներով․ այցելում է Դիլիջանի տարբեր բնակավայրեր, զրուցում տեղացիների հետ, լսում նրանց խնդիրները։ Վաղն արդեն այցելելու են Թեղուտ եւ Հաղարծին։ Infocom-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ քարոզարշավն, ըստ էության, ընթանում է բնականոն հունով, որպես այդպիսին՝ խոչընդոտների չեն հանդիպել։ Նա իր հերթին ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեց հաշտության ու համերաշխության մթնոլորտում շարունակել քարոզարշավը։ Infocom-ի հարցին, թե ինչպիսի տրամադրություններ ունեն տեղացիները, արդյոք ինչ-որ լարվածություն կա՞, Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ որոշակի լարվածություն կամ վախվորածություն նկատել է․ «Գուցե մտածում են, որ եթե իրենց ցանկացած թեկնածուին կամ քաղաքական ուժին ընտրեն, մյուսները կիմանան, եւ այլն, եւ այլն։ Սակայն քանի որ փաստեր չունեմ, հիմնավորել չեմ կարող։ Բայց այն, որ պաստառներ են պոկում քաղաքում, ակնհայտ է։ Դա, իհարկե, իրենց ոչինչ չի տալու, ավելի լավ է՝ իրենց ռեսուրսներն օգտագործեն ավելի լավ աշխատանք անելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին, դրանց լուծման տարբերակներին, Հովհաննիսյանն ասաց, որ իրականում խնդիրները շատ-շատ են․ «Իմ աշխատանքի բերումով ես այսպես թե այնպես քաջատեղյակ էի այդ խնդիրներին, դրանք վերաբերում են ամենատարրական կենսական պայմաններին, որ բնակիչները չունեն՝ սկսած ջրամատակարարումից։ 21-րդ դարում ենք ապրում, բայց կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա, եւ արդեն երկար տարիներ։ Համայնքային փողոցներն են շատ վատ վիճակում, փողոցային լուսավորություն չկա, ժամանացի վայրեր չկան, հանդիսությունների սրահ չկա»,- ասաց համայնքապետի թեկնածուն՝ չմոռանալով նաեւ, որ համայնքում երեխաների զարգացման, կրթական ու մշակութային կենտրոններն էլ են բացակայում․  «Մենք հնարավորինս փորձում ենք մեր գործունեության մեջ ներգրավել մեր գյուղական բնակավայրերի բնակիչներին․ զգում ենք, որ կարիք կա հենց տեղերում այդպիսի կենտրոններ հիմնել։ Առաջին հերթին ձեռնամուխ ենք լինելու հենց այդպիսի կրթական-մշակութային օջախների ստեղծմանը՝ հենց գյուղական բնակավայրերում»։ Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, համայնքային բյուջեն թվարկված այս բոլոր խնդիրների լուծման համար բավարար է, Արմինե Հովհաննիսյանն առանձնացրեց կամավոր եւ պարտադիր խնդիրներ։ Պարտադիր խնդիրները, մեր զրուցակցի վստահեցմամբ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ լինելու են։ Նրա կարծիքով՝ ողջամիտ կառավարման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում այդ խնդիրներին հնարավոր է համապարփակ լուծումներ տալ․ «Ուզում եմ ընդգծել, որ մենք եւ մեր թիմը ունենք շատ լավ գործընկերներ ու կապեր, որոնք կարող ենք օգտագործել խոշոր ներդրողների ներգարվելու հարցում»։ Հովհաննիսյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց հատկապես զբաղվածության խնդրին․ սա նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի  առանցքային դրույթն է․ «Շատ կարեւոր է, որ մենք մասնավոր հատվածի եւ պետության հետ ամրապնդելու ենք համագործակցությունը եւ ստեղծելու ենք նոր գործընկերություններ։ Մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է անպայման ամրապնդել, դրա արդյունքում կբերենք նոր արտադրություններ, կունենանք գյուղմթերքների շուկա, վերամշակման արտադրություններ, կստեղծենք արվեստի գործերի վաճառքի հարթակ, առողջարան ու լողավազն կունենանք, սա էլ իր հետ կբերի նաեւ աշխատատեղեր»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման գործընթացը (Դիլիջանը եւս խոշորացված համայնք է,- հեղ․) դրական է նաեւ այն առումով, որ համայնքի բյուջեի համար ճիշտ առաջնահերթություններ սահմանելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա համայնքային բյուջեն համամասնորեն բաշխել․  «Այս առնչությամբ պետք է շեշտել, որ գյուղական բոլոր բնակավայրերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ որեւէ գյուղ չի ունենալու առավելություն։ Մեր թիմում ավագանու թեկնածուներ են ներգրավված նաեւ գյուղական բնակավայրերից․ նրանց եւ վարչական ներկայացուցիչների հետ միասին (խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերն ունենալու են վարչական ներկայացուցիչներ,- հեղ․) պետք է ճիշտ առաջնահերություններ սահմանենք՝ ֆինանսական միջոցները բաշխելով համամասնորեն, եւ ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով գրանցենք հնարավոր դրական արդյունք»,- նշեց մեր զրուցակիցը։ Վերջինիս համոզմամբ՝ Դիլիջանի բնակիչները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայանում է այնպիսի թիմով, որն ամենօրյա աշխատանքով հաջողություններ է գրանցում եւ նպաստում Դիլիջան համայնքի զարգացմանը․  «Մենք համախոհների եւ գաղափարակիցների մի թիմ ենք, որը նվիրված, անշահախնդիր սիրում է համայնքը եւ սրտացավ է Դիլիջանի նկատմամբ»,- ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը՝ բնակիչներին կոչ անելով հոկտեմբերի 17-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ այն բացառիկ հնարավորություն է, որից պետք է օգտվի դիլիջանցին՝ իրենց թիմին էլ հնարավորություն տալով փոփոխել եւ զարգացնել համայնքը։ Լուսանկարները՝ Արմինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
19:06 - 12 հոկտեմբերի, 2021
Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Նախորդ կառավարությունն իր ծրագրում նշել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը (էջ 27):  Խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ ծրագրի այդ հատվածին՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք քաղաքական հետապնդումների, բռնապետության մասին, ախր ո՞նց է ստացվում, որ 19 թվականին դուք ասում եք՝ քաջալերելու եք այլընտրանքային խափանման միջոցները, բայց ստացվում է՝ «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք երեք կալանավորված պատգամավոր։ Խոսքը չի գնում գործերը կարճելու մասին, մենք ասում ենք՝ կալանավորում չպետք է լինի, թող լինի խափանման այլ միջոց, բայց չի լինում»։  Սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդևանյանի հնչեցրած մտքերին։ «Էսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձը կա։ Այսինքն՝ երբեք Հայաստանի պատմության մեջ այսքան քիչ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, որքան հիմա»,- նշեց Փաշինյանը։ Infocom-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2000 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի կալանավորված անձ է պատիժ կրել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թվերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ամսա առաջին օրվա դրությամբ։ Սրանից կարող են եզրակացնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին ասում էր, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, նկատի ուներ սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալները Քրեակատարողական ծառայությունից մեզ տրամադրել են 2005-2014 թվականների՝ հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների քանակի վերաբերյալ տվյալները։ 2015-2021 թվականների համար տրամադրվել են յուրաքանչյուր տարվա բոլոր ամիսների վերաբերյալ տվյալները։ Համաձայն քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քերակատարողական հիմնարկներում եղել է 1150 կալանավորված անձ, ինչը Հայաստանի պատմության ամենափոքր թիվը չէ։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել 2005-2014 թվականներին տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ կալաավորների քանակը։ Գրաֆիկ 1 Ինչպես տեսնում եք, 2005, 2007-2009 և 2014 թթ․ առաջին ամիսների դրությամբ կալանավորված անձանց թվերը ավելի քիչ են եղել (համապատասխանաբար՝ 1099, 688, 617, 861, 1035), քան 2021-ի սեպտեմբերի 1-ին։ Գրաֆիկ 2-ում կարող եք տեսնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-2021 թթ․ բոլոր ամիսներին կալանավորված անձանց մասին տվյալները։ Գրաֆիկ 2   Ինչպես տեսնում եք, չնայած 2018-ի հունիսից մինչև 2021-ի հունվար որոշակի տատանումներով կալանավորված անձանց թվերի նվազման միտում է նկատվում, բայց փետրվարից կալանավորվածների թիվը կրկին սկսել է աճել՝ սեպտեմբերին դառնալով 1150։ Իսկ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2005, 2007, 2008, 2009, 2014 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները, ինչպես 2015-ի հունվարից մինչև 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածի բոլոր ամիսների ցուցանիշները։   Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը եղել է 2021 թվականի հունվարին՝ 914 կալանավորված անձ։ Սակայն այս ցուցանիշը ևս ամենացածրը չէ, այն գերազանցում է 2007, 2008, 2009 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները։   Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե այս պահին (սեպտեմբերի դրությամբ) ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է։   Աննա Սահակյան
18:51 - 12 հոկտեմբերի, 2021
Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ:  Գյումրու ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 33 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է, որը գլխավորում է ցուցակը։ Մեր զրույցում Ղուկասյանը պատմեց, որ քարոզարշավն ընթանում է հանգիստ, առանց այլևայլությունների։ Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ լավ արդյունք են գրանցելու․ «Մենք վստահ ենք մեր ունեցած հնարավորությունների վրա։ Վստահությունը առաջին հերթին պայմանավորված է մեր կուսակից ընկերների ակտիվությամբ, ժողովրդի՝ ներկայիս իշխանությունների նկատմամբ ունեցած դժգոհությամբ, և այդպես շարունակ»։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն են անօթևանների հարցը, աշխատատեղերի ստեղծումը և քաղաքի բարեկարգումը։ Ղուկասյանի խոսքով՝ անօթևանության խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ ծրագրեր է իրականացրել, կառավարության օգնությամբ 5000 բնակարան են կառուցել Գյումրի քաղաքում, նույնն էլ այսօր են փորձելու անել․ «Դիմելու ենք կառավարության օգնությանը, տարբեր բարերարների, դոնոր կազմակերպությունների օգնությանը, որպեսզի կարգավորենք, կամաց-կամաց այս խնդիրը լուծենք։ Կփորձենք ամեն ինչ անել, որ վերջնական լուծում տանք խնդրին»։ Ղուկասյանը վստահ է, որ գյումրեցին մինչև այսօր վայելում է Հանրապետական կուսակցության օրոք ստեղծված բարիքները․ «Նայեք, թե Գյումրին ինչ է եղել մեր կուսակցության կառավարման տարիներին։ Գումարները, որոնք հատկացվում են ասֆալտապատման, բարեկարգման համար, այդ ամբողջը առ այսօր կատարվում է մեր կառավարության ժամանակահատվածում հատկացրած գումարներով։ Իմ կարծիքով՝ գյումրեցին չի մոռանում այդ ամեն ինչը, պարզապես միառժամանակ մոռացել էր, բայց այսօր աստիճանաբար վերհիշում է, հասկանում է, որ այստեղ Հանրապետական կուսակցությունը մեծ աշխատանք ունի կատարած»։ Նա նաև նշում է, որ քարոզարշավի ընթացքում անցկացնում են երթեր, հանդիպում են բնակիչների հետ։ «Մենք մեզ չենք ֆետիշացնում, պարզապես ծանոթանում ենք մարդկանց խնդիրների, բողոքների, առաջարկությունների հետ»։ Նշենք, որ Արտյոմ Ղուկասյանը չորրորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ սեպտեմբերի 29-ին դաշինքը  դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:35 - 12 հոկտեմբերի, 2021