Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ՀՀ-ն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար

ՀՀ-ն ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու փորձերի համար

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարությւն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսը ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է Պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ Էներգետիկ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան, այն է՝ որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ: Արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը»:վ
22:08 - 01 մարտի, 2023
Արախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է  Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Արախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։   Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։   Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։   Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք։   Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ։
20:10 - 01 մարտի, 2023
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ
 |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ ու սպասում է ինչպես դրա, այնպես էլ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների արձագանքին: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: «Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է: Բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ: Եվ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո ինչ-որ արձագանք կլինի»,-ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ: Այսինքն՝ ադրբեջանական կողմն է տվել, Հայաստանն է արձագանքել, և այդպես 3 անգամ: «Անկախ առերես հանդիպումներից ՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում: Եվ այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում: Վերջերս, օրինակ, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ: Եվ նաև դրա արձագանքին ենք սպասում»,-ասաց վարչապետը: Իսկ այն առաջարկները, որոնք հայկական կողմն արել է նախկինում՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ: Դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 2021 թվականին Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:  
17:33 - 01 մարտի, 2023
Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին
 |armenpress.am|

Միջազգային հարթակներում միջանցքի փակ չլինելու մասին Ադրբեջանի խոսակցությանը որևէ մեկը չի հավատում. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ մասին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ խորհրարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակ լինելու ու առաջացած հումանիտար ու անվտանգային խնդիրների հարցը, որի առնչությամբ իրենց մտահոգություններն են հայտնել նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորները: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսում ժամանակ՝ ամփոփելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները: Նիստերի օրակարգերի թեման հիմնականում եղել է Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները: «Հայկական պատվիրակությունն, այնուամենայնիվ, խոսել է նաև մեր տարածաշրջանի մասին: Խոսել ենք Հայաստանի՝ ինչպես անվտանգային սպառնալիքների, մարտահրավերների, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հարցերի մասին, այնպես էլ Լաչինի միջանցքի փակման ու դրա հետևանքով առաջացած անվտանգային ու հումանիտար խնդիրների մասին»,-ասաց Սարգիս Խանդանյանը: Հայկական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցել է ամբողջական կազմով: ՀՀ ԱԺ պատգամավորները ունեցել են նաև երկկողմ հանդիպումներ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության հետ, խոսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի, Հայաստանին սպառնացող անվտանգային մարտաահրավերների մասին: Հայկական պատվիրակությունը նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Թագավորության պատվիրակության, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև համագործակցությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Ըստ Խանդանյանի՝ միջազգային հարթակներում հայկական դիրքորոշումների ներկայացումը ոչ միայն փոխում է կարծիքները, այլ նաև բերում է նրան, որ միջազգային գործընկերըները խոսում են դրա մասին: «Մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ ընթացքում Լաչինի միջանցքի փակման մասին խոսել են Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Շվեդիայի պատգամավորներ: Նրանք նաև մեզ հետ մասնավոր զրույցներում իրենց մտահոգությունն են հայտնել: Եվ Ադրբեջանի՝ միջազգային հարթակներում հնչեցվող թեզին, թե Լաչինի միջանցքը փակ չէ, մեքենաներ են անցնում և այլն, միջանցքի փակ չլինելու մասին խոսակցությանը որևէ մեկը չի հավատում: Դա ակնհայտ է: Դրան գումարվում է նաև Հաագայի դատարանի որոշումը, որը մեկ անգամ ևս վերահաստատեց խնդրի լրջությունը»,-ասաց պատգամավորը: Այսպիսով, միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումներին հավատում են  ու խոսում դրանց մասին:
15:01 - 01 մարտի, 2023
Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է «Արցախում ապրող հայերի հետ կապերի պատասխանատու»

Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է «Արցախում ապրող հայերի հետ կապերի պատասխանատու»

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է «Արցախում ապրող հայերի հետ կապերի պատասխանատու»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։  Նշվում է, որ այսօր՝ մարտի 1-ին, Մամեդովը Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում հանդիպում է ունեցել Արցախի ներկայացուցիչների հետ։  «Քննարկումներ են տեղի ունեցել Ղարաբաղում բնակվող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետություն վերաինտեգրման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարի՝ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ Նշվում է, որ հանդիպմանը ադրբեջանական կողմից ներկա են եղել բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը, բնապահպանության նախարարության, էկոնոմիկայի նախարարության գույքային պետական ծառայության և AzerGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ «Այսօր Խոջալուից (Իվանյան-խմբ․) հուսադրող նորություններ են եղել Բաքվի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ։ Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անմիջական մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- թվիթերյան իր էջում գրել է Կլաարը։  Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմից հայտնել են, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները այսօր՝ մարտի 1-ին, հանդիպել են ռուսական կողմի միջնորդությամբ։ Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը, էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Քննարկվել է նաեւ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։  Նշենք նաև, որ ավելի վաղ եռակողմ ևս մեկ հանդիպում էր կայացել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի աշխատանքը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:
14:21 - 01 մարտի, 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են |artsakhpress.am|

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են |artsakhpress.am|

artsakhpress.am: Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը  տեղեկացրին Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից: Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։
13:19 - 01 մարտի, 2023
Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության նախաձեռնությունները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան: Նա կոպտություն է անվանել Հարավային Կովկասի իրավիճակի մեջ ներթափանցելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
11:47 - 01 մարտի, 2023
ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - ասել է Լավրովը:Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:Շարունակությունը՝ tert.am-ում
15:13 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով
 |armenpress.am|

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը: «Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետերի ստեղծում», - ասել է Լավրովը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի արևելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման հետ կապված Երևանի և Բաքվի միջև դատավարությանը՝ կապված վնասի փոխհատուցման հետ, ապա, ըստ Լավրովի, դա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարցն է:  
14:55 - 28 փետրվարի, 2023
Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին
 |tert.am|

Մենք չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները. Լավրովը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ՌԴ-ի միջնորդության մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ բանակցություններում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերը, հայ-ադրբեջանական կարգավորումը, որի հիմքում, Լավրովի խոսքով, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմն պայմանավորվածություններն են: Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ մնալ խաղաղության պայմանագրի քննարկման նպատակով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցում: Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է, Երևանն ասել է, որ ևս դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս: «Կարծում եմ՝ մենք, այսպես ասած, չափից շատ համառորեն չենք առաջարկելու մեր ծառայությունները, բայց դրանք երկու կողմին էլ շատ լավ հայտնի են»,- եզրափակել է Լավրովը: Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը հայտնել էր հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին՝ նշելով, որ պատճառը Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն է:    
14:39 - 28 փետրվարի, 2023
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարևոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի դրանից՝ ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ: Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով: «Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը և միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարևոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները: Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը և անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն և Լեո Կունասը:
13:23 - 28 փետրվարի, 2023
Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք խաղաղության պայմանագիր կնքելուն վաղուց ենք պատրաստ և դրա մասին բազմիցս ասել ենք, բայց անընդհատ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, հենց իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե որ երկիրը կամ կառույցն է լինելու այն միջազգային երաշխավորը, որի մասին խոսում է հայկական կողմը, և որն ապահովելու է Ստեփանակերտի և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Ով կկարողանա դա իրականացնել հողի վրա»: «Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություններ հայտնում: Մենք կարծում ենք՝ մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է»,- ասաց ԱԺ նախագահը: Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմությունը դարձյալ փողոցային պայքարի մասին է հայտարարում, և արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: «Ընդդիմության գործողությունները հիմնականում վերջին ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր այդ բառապաշարը սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենից մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը:  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորման: Կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել հարաբերությունների կարգավորման, երբ թուրքական կողմը ինչ-որ պահի հետ է կանգնել: Բնական է, իրենք ունեն իրենց շահերը, և մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը ոչ հաճախ են համընկնում մեր շահերի հետ»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
13:19 - 28 փետրվարի, 2023
Լյուքսեմբուրգը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մենք հայերի կողքին ենք․ Ջունա Բերնարդ |armenpress.am|

Լյուքսեմբուրգը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մենք հայերի կողքին ենք․ Ջունա Բերնարդ |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Ջունա Բերնարդը նշեց, որ խստորեն դատապարտում են Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում։ Տեղի ունեցող հումանիտար ճգնաժամը շատ մտահոգիչ է, և մենք Լյուքսեմբուրգում շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին, և այդ իսկ պատճառով էլ մեզ համար այս խորհրդարանական այցը շատ կարևոր է, որպեսզի համերաշխության և աջակցության տեսանկյունից ուժեղ ազդակ ուղարկենք հայ ժողովրդին»,-ասաց Բերնարդը։ Պատգամավորների պալատի փոխխոսնակը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծումներ գտնել՝ հարգելով  Հայաստանի ինքնիշխանությունը և ողջ հայ ժողովրդին։ «Կարծում եմ, որ այժմ գալիս են շատ դժվար ժամանակներ, ճգնաժամեր են Հայաստանում և տարածաշրջանում, և մենք ձգտում ենք հնարավորինս աջակցել Հայաստանում տեղակայված ԵՄ մեր քաղաքացիական առաքելությանը, որին մենք ևս մասնակցում ենք, ինչպես նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացմանը, որոնք ավելի ամուր են դարձել, քան երբևէ։ Անցած շաբաթ նախարար Ասելբորնի (Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորն-խմբ․) այցի շնորհիվ տեղի ունեցավ մեր խորհրդարանական այցը, և ես կարող եմ միայն ընդգծել, որ Լյուքսեմբուրգը պատրաստվում է շարունակել աջակցել հայերին»,- ընդգծեց Բերնարդը։ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի համահեղինակ Կլոդ Վիզլերը միշտ ցանկացել է Հայաստան գալ և այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Պետք է ասեմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում, ուստի այստեղ գտնվելը շատ տպավորիչ է։ Այս հուշահամալիրում գտնվելը շատ հուզիչ է ինձ համար։ Մենք Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենք ութ տարի առաջ Լյուքսեմբուրգի խորհրդարանում։ Ես միշտ ցանկացել եմ գալ այստեղ՝ այս հուշահամալիրը տեսնելու համար, և պետք է ասեմ, որ շատ ազդված եմ»,- ընդգծեց Վիզլերը։ Պատգամավորը ընդգծեց, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը Հայաստանի կողմից է և աջակցում է հայ ժողովրդին։ «Ամբողջ խորհրդարանը շատ հստակ ասել, թե մենք ում կողմն ենք։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդին, մենք աջակցում ենք ձեր գործին։ Եվ մենք դա կանենք առաջիկա տարիներին։ Մինչ դուք հասնում եք ձեր նպատակներին, մենք ձեր կողքին ենք»,- ասաց Վիզլերը։ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատվիրակությանը ուղեկցում էին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը և Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը: Վերջինս շատ բարձր գնահատեց թե բարեկամական խմբի աշխատանքը, թե առհասարակ միջխորհրդարանական հարաբերությունները։ «Նախորդ տարի՝ որպես բարեկամական խմբի ղեկավար, իմ պատվիրակությամբ այցելել եմ Լյուքսեմբուրգ, և այսօր մենք հյուրընկալում ենք Լյուքսեմբուրգի պատգամավորական պատվիրակությանը։ Տեղյակ եք, որ տեղի է ունեցել նաև արտգործնախարարի այց, դրանից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այցելել Լյուքսեմբուրգ։ Այսինքն, վերջին տարիներին տեսնում ենք այս հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակն էլ իր խոսքում նշեց, որ սա պարզապես այց չէ, այն թե միջազգային մակարդակով ուղերձ է, թե աջակցություն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի»,- եզրափակեց Ղազարյանը։ 
13:06 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, լինելու են նաև այլ որոշումներ: «Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի: Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը կարո՞ղ է բանակցություններում նախապայման լինել՝ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
12:47 - 28 փետրվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:  Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:    Երկուստեք նշվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:
11:21 - 28 փետրվարի, 2023
Տարածաշրջան, խաղաղության պայմանագիր, «մեգանախագծեր»․ ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը
 |civilnet.am|

Տարածաշրջան, խաղաղության պայմանագիր, «մեգանախագծեր»․ ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Լավրովը նաև խոսել է ռուս-ադրբեջանական մեգանախագծերի մասին։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջևապրանքաշրջանառությունը «հասնում է ռեկորդային մակարդակի»․ «Ինչպես դուք քննարկել եք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մշակման փուլում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային, ինչ-որ տեղ նույնիսկ գլոբալ բնույթ։ Այս նախագծերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մեր և ձեր գործընկերներից շատերը»,- ասել է նա։ Լավրովը անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Շատ միջազգային գործընկերներ, այդ թվում ՝ այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի առաջխաղացմանը նպաստելու հարցում։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը, և պայմաններ են կստեղծեն, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց պետությունների»: Ադրբեջանի ղեկավարը հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023-ը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ «Համենայնդեպս, այդպիսի հույս ունենք»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:06 - 28 փետրվարի, 2023