Ինֆոքոմ

Ավտոբուսից 1 պակաս․  երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Ավտոբուսից 1 պակաս․ երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, ինչը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն էր հայտնում արձագանքների և ջերմ խոսքերի համար։ «․․․ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- նշված էր Հայկ Մարությանի գրառման մեջ։ Այս գրառմանն արձագանքեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ Հայկ Մարությանի՝ 520 ավտոբուս ձեռք բերելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։ Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով,  զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։ Այս գրառմանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս տարօրինակ համարեց ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հաշվարկը՝ տրանսպորտային պարկի համալրման վերաբերյալ։ «1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։ 2․ 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։ 3․ Այսօր քաղաքապետ Մարությանը  հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։ 4․ Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։  Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։  Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։   511*100/850=60.11%»,- նշված էր Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։    Ի՞նչ չափանիշներ է առաջարկել Բրիտանական WYG ընկերությունը Բրիտանական WYG International ընկերությունն իրականացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրը, որի աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է 2017 թվականին։ Ընկերությունը պարբերաբար ներկայացրել է աշխատանքի հաշվետվություն, վերջինը՝ 2019 թվականի հունվարի 30-ին։ Հաշվետվության 6-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկվում են տրանսպորտային համակարգի փոխադրամիջոցների տեսակները։ Դրանք 3 տեսակի ավտոբուսներ են՝ 7․5-8․5 մետր, 12 մետր և 18 մետր(միակցված) երկարությամբ, որոնք պետք է ունենան համապատասխանաբար 45-55, 90-100 և 150 ուղևոր տեղատարություն։ Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի առաջարկել միկրոավտոբուսների շահագործում, քանի որ նրանց կարծիքով միկրոավտոբուսներն անհամատեղելի են ժամանակակից քաղաքային ցանցի սպասումների հետ: Հաշվետվության համաձայն՝ թեև կան բնակելի նեղ թաղամասեր, սակայն բրիտանական ընկերությունը երթուղիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ բոլոր երթուղիները հնարավոր է սպասարկել առաջարկվող տրանսպորտային միջոցներով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտ թվաքանակին, ապա ընկերության առաջարկով դրանց թիվը պետք է լինի 946, որտեղ ներառված են նաև տրոլեյբուսների թիվը։ Միայն  ավտոբուսների պահանջվող թվաքանակը 845 է։ Սակայն ներկա հավաքակազմի մեջ կան շահագործման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Ըստ ընկերության հաշվետվության՝ դրանց թիվը 283 է, որից 34-ը՝ տրոլեյբուս (հաշվետվությունը 2019 թվականի հունվարի 30-ի է, հետևաբար այս թվում ներառված չեն արդեն ձեռքբերված ավտոբուսները)։ Այսինքն՝ պահանջվող լրացուցիչ ավտոբուսների քանակը 2019 թվականի դրությամբ 596 է եղել։ Ավտոբու՞ս, թե՞ միկրոավտոբուս 2020 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ համայնքի բյուջեի միջոցներով պետք է ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք բերվեր։ Հաղորդագրության մեջ հիշատակվում էր 12 մետրանոց 100 ավտոբուսների մրցույթի մասին, որը հայտարարվել էր ՎԶԵԲ ֆինանսավորմամբ, սակայն նշվում էր, որ բացի դրանցից ավելի կարճ ժամկետներում ավելի փոքր տարողությամբ 100 ավտոբուս ձեռք կբերվի։  Նույն ամսվա 21-ին քաղաքապետարանը հրապարակեց սեփական կարիքների համար ավտոբուսների ձեռքբերման գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Հայտարարության հենց երկրորդ պարբերությունում ընդգծված է, որ գնման առարկան ավտոբուսն է, իսկ 6-րդ հավելվածում ներկայացված է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը։ Համաձայն այդ բնութագրի՝ ավտոբուսները պետք է լինեն փոքր տեղատարողությամբ, առավելագույնը 17 նստատեղով, կանգնած ուղևորների տեղափոխման և հաշմանդամության սայլակի տեղավորման հնարավորությամբ։ Արդեն գնման պայմանագրում նշվում է, որ ձեռքբերված գնման առարկան համապատասխանում է ներկայացվող պահանջներին։ Այս ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական կայքում ձեռքբերված մեքենաների բնութագրին համապատասխան տվյալներով մեքենաները նշված են որպես ավտոբուս, ոչ թե միկրոավտոբուս։ Սակայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Այսինքն՝ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։ Այսպիսով՝ քաղաքապետի խոսնակի պնդումը, թե 2020-ին ձեռքբերված 100 տրանսպորտային միջոցները ոչ թե միկրոավտոբուսներ են, այլ ավտոբուսներ, ճիշտ չէ։  Համայնքային բյուջեի և այլ միջոցներով ձեռբերումների մասին Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը առանձնացնում է նաև համայնքային բյուջեի և վարկային ու դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված ավտոբուսները՝ տպավորություն ստեղծելով, թե Հայկ Մարությանը պնդում է, թե տրանսպորտի պարկը թարմացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ճիշտ է, Մարությանի հայտարարության մեջ առանձնահատուկ նշում չկա ոչ համայնքային միջոցներով կատարվող ձեռքբերումների մասին, սակայն բացառապես համայնքային միջոցներով ցանցի թարմացման մասին էլ պնդում առկա չէ։  Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա ինչպես արդեն նշեցինք, ըստ հետազոտության, Երևանի տրանսպորտային պարկը արդիականացնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս (որից 249-ը առկա են ներկա հավաքակազմում և ենթակա են շահագործման)։ 2021 թվականին քաղաքապետարանը ձեռք է բերել 211 ավտոբուս, հաջորդ տարի պետք է ձեռք բերվի ևս 200 ավտոբուս, ընդհանուր՝ 411։ Այսինքն՝ եթե տրանսպորտային պարկի արդիականացման ծրագրում չհաշվենք 2020 թվականի ձեռքբերված 100 միկրոավտոբուսները, ապա 2022 թվականին պլանավորված ավտոբուսների ձեռքբերումից հետո տրանսպորտային պարկը թարմացված կլինի 48․63%-ով։ Այլ հարց է բրիտանական ընկերության ներկայացրած առաջարկը բավարարելը, քանի որ, եթե հաշվենք ոչ թե տրանսպորտային պարկի ընդհանուր թարմացումը, այլ ընկերության հետազոտության հաշվետվությունում նշված ձեռքբերվելիք ավտոբուսների անհրաժեշտ քանակը, ապա հաջորդ տարի կունենանք հաշվետվությունում նշված քանակի ավտոբուսների 68․95%-ի չափով ձեռքբերված նոր ավտոբուսներ։ Այսպիսով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պնդումը, թե 2020 թվականին ձեռք բերված տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են, ոչ թե միկրոավտոբուսներ, ճիշտ չէ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի իրականացրած հաշվարկը ևս մանիպուլյատիվ է։ Նարեկ Մարտիրոսյան
15:45 - 19 դեկտեմբերի, 2021
Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Այս տարվա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստով, ի թիվս այլնի, քննարկում էր նաեւ «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում էր գումար հատկացնել նոր ավտուբուսների գնման համար։ Ի սկզբանե Երեւան քաղաքի 2021թ․ բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն այն փաստացի կազմել էր 23,633,410.1 հազ. դրամ: Եւ հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ հիշյալ որոշման նախագծով նախատեսվել էր այդ գումարը բաշխել մի քանի ուղղություններով, որոնց թվում՝ ավտոբուսների գնմանը։ Ի վերջո, որոշման նախագծով առաջարկվել էր 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին։  Այդ գումարից 1,000,000.0 հազ. դրամը պետք է օգտագործվեր 2021 թվականի նշված ծրագրով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման համար, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երեւան համայնքի բյուջեի շրջանակներում թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռքբերման համար: Սակայն այս հարցի քննարկումն ու ընդունումն այնքան էլ հարթ չեն անցել։ Այսօր Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, օրերս մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ արեցին՝ նշելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս հարցի քննարկումը տապալելու մտադրություն են ունեցել՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով։ Որոշումն, այդուհանդերձ, ընդունվել է, Գեւորգյանի, Աբգարյանի ու Երիցյանի վստահեցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու որոշ ավագանիների մեծ ջանքերի շնորհիվ, իսկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության համաձայն՝ իրենց քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն խմբակցության այդ վստահեցումն այնքան էլ միանշանակ չէ։ Այսպես, Երեւանի ավագանու արտահերթ այդ նիստին սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Օրակարգը ներկայացնելուց հետո, մինչ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը կներկայացներ վերը հիշատակված որոշումը, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ճշտող հարց է հնչեցնում՝ «ավագանու քանի՞ անդամ է գրանցվել»։ Մարությանի պատասխանից հետո՝ գրանցվել է 35 անդամ, Խաչատրյանը շեշտում է՝ «այսինքն՝ առանց ընդդիմության քվորում չկա, շնորհակալություն․․․ Եւ նաեւ առանց 3 անկախ ավագանիների»։ Խաչատրյանի հարցից հետո փոխքաղաքապետը ներկայացնում է քննարկվող հարցի բովանդակությունը՝ այդ թվում ավտոբուսների համար գումար հատկացնելու մասին։ Քննարկումից հետո կազմակերպվում է քվեարկությունը, որի համար գրանցվում է ավագանու 34 անդամ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվում է ձայների 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։  Անի Խաչատրյանը չի մասնակցում քվեարկությանը։  Որոշմանը կողմ են քվեարկում «Իմ քայլը» խմբակցությունից Անահիտ Ասատրյանը, Աննա Ջավախյանը, Անուշ Քլոյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Անտոնյանը, Արմեն Գալջյանը, Արմեն Սարգսյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգոր Երիցյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդուարդ Ավետիսյանը, Լեւոն Զաքարյանը, Լիլիթ Պիպոյանը, Լուսինե Գեւորգյանը, Հայկ Մարությանը, Հասմիկ Խաչունցը, Հրաչյա Սարգսյանը, Մարատ Թոխյանը, Պավել Մազմանյանը, Պավել Սարգսյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Սերգեյ Ապրեսյանը,Սերգեյ Սարգսյանը, Սիփան Ասատրյանը, Սուրեն Էյրամջյանը, Վահե Գեւորգյանը, Օվսաննա Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, ավագանու անկախ անդամներ Էռնեստ Ավանեսովը, Իզաբելլա Աբգարյանը։ Ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարության ձեռնպահ են քվեարկում։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանին կազմված է 65 անդամից․ կեսից ավելին առնվազն 33-ն է։ Ուստի, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ապահովել է որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը, քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
18:22 - 18 դեկտեմբերի, 2021
Փորձ է արվել տապալել 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը․ ավագանու առանձին անդամներն ու «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր կերպ են մեկնաբանում

Փորձ է արվել տապալել 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը․ ավագանու առանձին անդամներն ու «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր կերպ են մեկնաբանում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, ավագանու մանդատն օրերս վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառումներով հանդես եկան, որոնցում խոսում էին այս տարվա փետրվարին քաղաքապետարանում կազմակերպված մի սաբոտաժի մասին, որով փորձ է արվել տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Վահե Գեւորգյանը գրառմամբ հայտնել է, որ 211 նոր ավտոբուսների գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին, սակայն նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել՝ ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի եւ նոր ավտոբուսների գնումը տապալվի․ «Դա կնշանակեր, որ երեւանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլև այն ժամանակ նաեւ կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։ Սաբոտաժի փորձը արվում է՝ ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միեւնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետեւ ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ»,- գրել է Գեւորգյանը՝ նշելով, որ, նիստն, այնուամենայնիվ, մեծ ջանքերի շնորհիվ կայացել է, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, ավագանու որոշ անդամների հետ հատ-հատ հաշվել են՝ քանի հոգի է նիստին մասնակցելու․ «Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։ Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երեւան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։ Հարգելի երեւանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական եւ կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»,- եզրափակել է ավագանու անդամը։ Գրիգոր Երիցյանը եւս նշել է, որ այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած՝ 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը․ «Այնուամենայնիվ, քաղաքապետի եւ ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ եւ որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երեւան հասնել, սաբոտաժի մասնակիցները, իրար հերթ չտալով, փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը»,- գրել է Երիցյանը՝ հավելելով, որ այս սաբոտաժի փորձը ավելի խորացրեց քաղաքապետի եւ կառավարող խմբակցության միջեւ ճգնաժամը։ Իզաբելլա Աբգարյանն էլ գրել է, որ նիստի նախօրեին իրեն է զանգահարել քաղաքապետը եւ խնդրել հաջորդ օրը ներկա լինել նիստին, քանի որ այն փորձելու են տապալել․ «Նիստի նախօրեին զանգեց Հայկը... Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երեւանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում․․․»։ Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը: Հալալ էր նաեւ ԲՀԿին, որ Անի Խաչատրյանի հորդորին՝ չգրանցվել, ասացին «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին: Երեւանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարեւոր «Իմ քայլի» համար,- գրել է Աբգարյանը: Իզաբելլա Աբգարյանն Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ փետրվարին տեղի ունեցած այդ արտահերթ նիստով պետք էր շտապ հաստատել ավտոբուսների գնման համար գումար տրամադրելու հարցը, որպեսզի հնարավոր լիներ ավտոբուսները ժամանակին ստանալ։ «Ինչպես գրել եմ՝ փաստորեն, նիստի նախօրեին տեղի էր ունեցել պլանավորված սաբոտաժ, եւ աշխատանք էր տարվել հենց «Իմ քայլի» ներսում, որպեսզի մի խումբ պարզապես չգրանցվի, քվորում չլինի։ Դա էր, որ քաղաքապետին հայտնի էր դարձել, շատ քիչ ժամանակ կար, դրա համար էր ուշ երեկոյան զանգահարել»,- ասաց Աբգարյանն ու նշեց, որ իր համար տարօրինակ չէր, քանի որ տեղյակ էր՝ սաբոտաժներ պարբերաբար լինում էին, բայց դրանք չէին հասնում նիստերի դահլիճ․ «Այս անգամ իրենց կարծես հաջողվելու էր, եւ, բառիս բուն իմաստով, եթե ես, օրինակ, ներկա չլինեի, չէինք կարողանալու գնել ավտոբուսները՝ ուղիղ մեկ ձայն տարբերությամբ»,- ասաց Աբգարյանը՝ նշելով, որ քվեարկության ժամանակ ավագանու անդամներն ուղղակի դուրս էին եկել նիստերի դահլիճից։ Թե ինչ շրջանակներից են փորձել սաբոտաժ անել, ինչ անուններ կարող է հնչեցնել, նա հիշեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն իրեն ասել է՝ սրանք վատ ավտոբուսներ են, Տիգրան Ավինյանն ասել է՝ մի քիչ համբերեն, նոր ավտոբուսներ կգնեն․ «Տեսաք, վերջերս կառավարության նիստին Երեւանի համար վարկ վերցվեց, որպեսզի Երեւանի համար իսկապես ավելի բարձր դասի ավտոբուսներ գնվեն։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե վարկի հնարավորությունը կար, ինչո՞ւ ավելի վաղ չէին վերցնում վարկը, հետո՝ մենք հասկանում էինք՝ բացի ծանր ձմեռից, որ սպասվում էր Երեւանցիներին, կար նաեւ մեկ այլ բան․ շարժակազմը հասել էր կրիտիկական վիճակի, տրանսպորտը կաթվածահար էր լինելու»։ Մեր զրուցակիցը հիշեց՝ բոլոր մեծ նախագծերը՝ մետրոյի կայարան, ճոպանուղի, երբ քաղաքապետարանից գնում էին կառավարություն, այնտեղ դրանց կուրացիայով զբաղվում էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ «Ես հիմա իրավունք ունեմ կասկածելու, որ հատուկ էին տապալվում Երեւանի այդ մեծ գնումները, որոնց երեւանցիներն այդքան սպասում էին, եւ Հայկ Մարությանն անընդհատ հայտնվում էր հարվածների տակ, թե՝ ասացիր, չարեցիր։ Արթուր Մեսչյանին էին մեղադրում մարդիկ ու ծաղրում, թե՝ ինչ եղավ մետրոն, այնինչ Մեսչյանն իր հասանելիքն արել էր, ամբողջ նախագծերը կային»։ Ըստ Աբգարյանի՝ այն, որ Մարությանը փորձում էր ինքնուրույն կառավարել քաղաքը, դուր չէր գալիս կենտրոնական իշխանությանը․ «Կենտրոնական իշխանությունը ձգտել է՝ ամեն տեղ ինքը կառավարի, դա ուղիղ միջամտություն էր՝ ՏԻՄ աշխատանքին, բայց Հայկ Մարությանը ենթարկվող տեսակ չէ, Մարությանն ունի իր պատկերացումները, նա չի կատարում կուսակիցների որոշումները, եթե գտնում է, որ այդ որոշումները երեւանցիների ու Երեւանի շահերից չեն բխում։ Նա բազմիցս «հանդգնել» է մերժումներ տալ տարբեր մարդկանց, արդյունքում հայտնվել է այդ աննախանձելի վիճակում»,- ասաց Աբգարյանը։ Վերջինս, խոսելով այն մասին, որ «Իմ քայլն» իր հայտարարություններում հիմնական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ քաղաքապետը չի համագործակցում խմբակցության հետ, նշեց, որ իրականում ավագանու խմբակցությունն ամուր հենարան չի եղել քաղաքապետին․ «Եվ քաղաքապետին շատ դժվար է եղել աշխատել, որովհետեւ մի կողմից գիշերներ էր լուսացնում, որ խնդիրներ լուծի, մյուս կողմից՝ ինտրիգներ, խժդժություններ՝ հենց իր խմբակցության ներսում, իր հանդեպ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, մեր զանգերն անպատասխան մնացին։ Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այս գրառումներից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ չնայած Կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ), այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել եւ «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները․ «Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երեւանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ»,- ասված է հայտարարության մեջ՝ նշմամբ, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը․ «Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։ Հայարփի Բաղդասարյան
15:04 - 18 դեկտեմբերի, 2021
 Armenianews-ի տեղեկությունները՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների վերաբերյալ, մեծ մասամբ անհիմն են եւ մանիպուլյատիվ

Armenianews-ի տեղեկությունները՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների վերաբերյալ, մեծ մասամբ անհիմն են եւ մանիպուլյատիվ

Ինչպես արդեն հայտնի է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Միեւնույն ժամանակ շարունակում են քննարկումները, թե ինչու է խմբակցությունը որոշել անվտստահություն հայտնել քաղաքապետին։  Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ է թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց ստորեւ կանդրադառնանք՝ ըստ հերթականության ներկայացնելով դրանց իսկությունն ու հավաստիությունը։ «Պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, Հայկ Մարությանը ՔՊ-ից  դուրս գալու դիմում է ներկայացրել»,- գրել է կայքը։ Մամուլը մինչեւ նախօրեն իր տեղեկություններով էր գրում, որ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ Հայկ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատերազմից հետո։ Ալեքսյանյանը հայտնեց, որ կուսակցությունը ստորագրել է Մարությանի դիմումը, ուստի նա այլեւս ՔՊ ներկայացուցիչ չէ։ Այս լուրն ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց նաեւ ՔՊ-ի հայտարարությամբ, որտեղ նշված էր, որ 2020 թվականի դեկտեմբերին Մարությանն իր դիմումի համաձայն լքել է կուսակցությունը։ Ի դեպ, 2021թ․ հունվարի 27-ին ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, խոսելով Մարությանի հրաժարականի՝ այդ շրջանում տարածվող լուրերի մասին, «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում նշել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մեկ ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»: Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցության պնդումը, թե Մարությանը 2020թ․ դեկտեմբերին լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հակասում է հենց ՔՊ-ի՝ 2021 հունվարին տված պարզաբանմանը, ինչպես արձանագրել է fip.am-ը:  «Հայկ Մարությանը նեղ շրջանակներում մի քանի անգամ ասել է, որ  կապ չունի, թե այս իշխանությունը կռիվ է տվել Արցախը պահելու համար, միեւնույն է պատերազմը պարտվել են, իսկ ինքը չի պատրաստվում  պատերազմը պարտված Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն կրել»,- գրել է կայքը՝ ինչպես նշեցինք՝ իր տեղեկություններով։ Այս պնդման իսկությունը ստուգելը հնարավոր չէ․ կայքը հղում է անում իր տեղեկություններին, նեղ շրջանակներին, կամ, այլ կերպ ասած, անանուն աղբյուրներին։  «Մի քանի  օր առաջ մամուլը  գրեց, որ Մարությանը  վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում քոչարյանական գեներալների հետ, չի բացառվում որ նա հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ։  Եվ չնայած Մարությանի  խոսնակը հերքեց Մարությանի եւ Քոչարյանի հանդիպման մասին լուրերը,  ի սկզբանե  պարզ էր,  որ  Մարությանը անգամ եթե հանդիպել էր Քոչարյանի հետ, դրա մասին չէր հայտարարի եւ ամեն ինչ կաներ դա հերքելու համար»,- գրել է կայքը։ Ի դեպ, ՔՊ-ի՝ հիշատակված հայտարարության մեջ այսպիսի մի տող կա․ «Խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»: Նախ, ինչ վերաբերում է կայքի հրապարակմանը, խոսքը «Հայկական ժամանակ» թերթի ինտերնետային armtimes.com կայքի մի նյութի մասին է, որտեղ Քոչարյանի հետ հանդիպումների մասին էր գրված՝ շրջանառվող տեղեկություններին հղումով։ Այս տեղեկություններին առավել բարձր արժանահավատություն հաղորդելու համար կայքը մատնանշել էր, որ Մարությանի պաշտոնավարման ժամանակ մայրաքաղաքում հայտնվեցին Ռ․ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները։ Այս թեմային մենք արդեն անդրադարձել ենք․ պարզվել էր, որ քաղաքապետարանն ուղղակի որեւէ իրավական հիմք չուներ՝ արգելելու այդ գովազդային պաստառների տեղադրումը։ Ավելին, ինչպես հիշատակել են fip.am-ի մեր գործընկերները, դեռևս 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը արգելել էր «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրումը, ինչից հետո գրքի հրատարակիչ կազմակերպությունը՝ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն, դիմել էր դատարան։ Իսկ դատարանը բավարարել էր հայցվոր կողմի պահանջը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին թույլատրել վահանակների տեղադրումը։ Սակայն 2021 թ․ հունվարին քաղաքապետարանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում, որտեղ էլ մինչ այժմ քննվում է այդ գործը։  Ի վերջո, armenianews.net նյութից հետո, սակայն, ե՛ւ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արամ Վարդեւանյանը հերքել էին [1, 2] Մարության-Քոչարյան հանդիպումների մասին լուրերը։ Կայքը չի հիմնավորել, թե ինչու արժանահավատ չի համարում այս հերքումները։ Ավելի ուշ արդեն՝ երեկ երեկոյան, Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ այս լուրերին՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ որեւէ պայմաններում չի հանդիպել, անգամ պատահաբար, եւ որ որեւէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն ու մտադրություն չունի: «Հայկ Մարությանը առաջինն էր, որ սկսեց բաժանել ժողովրդին սեւերի եւ  սպիտակների՝ դրանով իսկ ատելության քարոզ անելով»,- գրել է կայքը։ Այն, որ սեւերի ու սպիտակների մասին խոսույթն առաջին անգամ Մարությանն է օգտագործել, հանրահայտ փաստ է։ Սակայն կայքը մոռացել է նշել, որ քաղաքապետի՝ արդեն նախկին քաղաքական թիմակիցները պաշտպանել են այդ թեզը եւ նույնիսկ շրջանառել։ Մարությանն այդ հայտարարությունն արել էր 2018 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ժամանակ։ Նա ասել էր՝ «մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել՝ սեւ ուժերն են, որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը, դա միայն Հայաստանի հաջողությունն է»։ Մարությանի այս ելույթն, ի դեպ, ՔՊ-ականների ծափերին էր արժանացել։ Արդեն օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին, ավագանու ընտրությունների նախաշեմին Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը գրեթե նույնությամբ կրկնեց Հայկ Մարությանի խոսքերը՝ նրա կողքին կանգնած հայտարարելով․ «Հայաստանի քաղաքացու դեմ խաղ չկա, ՀՀ-ում սպիտակները հաղթել են, եւ սեւերի պարտությունն անշրջելի է, ՀՀ-ում սեւերը ջախջախված են, եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու․․․»։ Սեւ ու սպիտակի բաժանելու մասին քննարկումները հետագայում երկար շարունակվեցին, բայց փաստ է այն, որ ՔՊ-ականները եթե անգամ անհամաձայնություն ունեին այդ բաժանման հետ, միեւնույն է՝ հանդուրժող էին դրա հանդեպ։ «Երեւանի քաղաքապետը նաեւ քաղաքապետ դառնալուց հետո մի քանի անշարժ գույք է ձեռք բերել, բայց որքան էլ զարմանալի է, ոչ  Հայաստանում։ Մարությանն անգամ իր իսկ ղեկավարած համայնքում ներդրումներ չի անում, նախընտրում է դրանք անել իր համար արդեն հարազատ դարձած Չեխիայում։  Իսկ մի անգամ նույնիսկ ավագանու ու թաղապետերի ներկայությամբ ասել է, որ «խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի»»,- Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին կայքի հաջորդ պնդումն է սա։ Հայկ Մարությանի՝ պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2018-ին ներկայացրել է 21 միավոր գույք՝ բնակարաններ, առանձնատուն, հողամաս, ավտոտնակ, որոնց մի մասը՝ Չեխիայում (Մարությանի ունեցվածքի մասին առավել մանրամասն գրել են hetq.am-ի մեր գործընկերները): Չեխիայի անշարժ գույքի մի մասը Մարությանի ու նրա կնոջ համատեղ սեփականությունն է (քաղաքապետի կինն ազգությամբ չեխ է): ՉՀ-ի բնակելի տարածքները Մարությանը տրամադրում է վարձակալությամբ, որից էլ գոյանում է նրա եկամուտների մի մասը։ Մարությանի՝ 2019 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018թ․ հունիս ամսին նա Չեխիայում ձեռք է բերել 1 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք եւ 1 հողամաս, որոնք համարվում են համատեղ սեփականություն։ Մարությանը քաղաքապետ է 2018-ի սեպտեմբերից, այսինքն՝ նշված գույքը նա ձեռք է բերել քաղաքապետ դառնալուց առաջ։ Բայց պաշտոնն ստանձնելուց հետո, արդեն 2020 թվականին, Մարությանը Չեխիայում ձեռք է բերել մեկ ավտոկայանատեղի։ Սակայն քաղաքապետ դառնալուց առաջ նա եւս մի քանի ավտոկայանատեղի ուներ Չեխիայում։ Հաշվի առնելով, որ Մարությանը մինչեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելն էլ Հայաստանից դուրս՝ մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում, անշարժ գույք ուներ, ապա 2018-ից հետո Հայաստանից դուրս նոր գույքի ձեռքբերումը տարօրինակ եւ խնդրահարույց չէ։ Ուստի վերը հիշատակված հատվածում այն ընդգծումը, թե զարմանալի է, բայց Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո Հայաստանից դուրս գույք է ձեռք բերել, մանիպուլյատիվ է։ Բացի դրանից՝ 2020 թվականին ձեռք բերած ավտոկայանատեղիի արժեքը եղել է 290 հազար չեխական կրոնա, բայց Մարությանն իր անշարժ գույքերի վարձույթից ստացել է 1 մլն 199 հազար 200 չեխական կրոնա եկամուտ։ Ընդ որում, սա Մարությանի միայն մի աղբյուրից ստացած եկամուտն է, եկամտի այլ աղբյուրներ էլ կան, որոնց կարող եք ծանոթանալ 2020թ․ հայտարարագրում։ Ինչ վերաբերում է վերջին հատվածին, թե Մարությանն ասել է՝ «խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի», զուրկ է որեւէ հիմնավորումից․ նյութում չկա այս պնդումը հաստատող որեւէ ապացույց։ Հաջորդիվ կայքը գրել է, թե Մարությանը ավելի շատ արձակուրդում է լինում, քան աշխատանքի․ «Մարությանն իր անձնական հանգիստ էլ ավելի է վեր դասում, քան Երեւանի քաղաքապետի  պաշտոնում իր իսկ ստանձնած պատասխանատվությունը։ Իսկ  քաղաքում չլուծված խնդիրներն անհամար են»։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է ամենամյա նվազագույն արձակուրդի հնարավորություն, որի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։ Նշենք, որ ՀՀ կառավարության 2005թ․ օգոստոսի 11-ի 1384-Ն որոշման 1-ին հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ 4 աշխատանքային օրով։ Իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 7-րդ մասի համաձայն՝ հայեցողական պաշտոններ են նաեւ Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները։ Ուստի լրացուցիչ արձակուրդի իրավունք ունի նաեւ Մարությանը։ Երեւանի քաղաքապետարանից Infocom-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է մեկնել 2019թ. հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ՝ 2 աշխատանքային օր, ապա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը ներառյալ՝ 14 աշխատանքային օր, նոյեմբերի 28-ից նոյեմբերի 29-ը ներառյալ՝ 2 օրացուցային օր՝ չվճարվող արձակուրդ։ Ընդհանուր առմամբ՝ 18 օր, որից 2-ը՝ չվճարվող արձակուրդ։ Այսինքն՝ Մարությանն օգտագործել է հասանելիք վճարվող արձակուրդի միայն 16 օրը։ 2020թ. Մարությանն արձակուրդ է մեկնել մարտի 10-ից մարտի 13-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր, հուլիսի 27-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 5 աշխատանքային օր, օգոստոսի 11-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 11 աշխատանքային օր, նոյեմբերի 9-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր եւ 2019թ. չօգտագործված արձակուրդի 8 աշխատանքային օրերը, որից 4 աշխատանքային օր հետ է կանչվել։ Ընդհանուր առմամբ՝ 28 օր։ Բացի դրանից՝ նաեւ 2020թ. նոյեմբերի 14-ից նոյեմբերի 28-ը ներառյալ արձակուրդի է մեկնել անաշխատունակության թերթիկով (covid 19): 2021թ. հունվարի 8-ից հունվարի 22-ը ներառյալ քաղաքապետը նորից արձակուրդում է եղել՝  2020թ. հետ կանչված 4 աշխատանքային օրերը եւ 2021թ. ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդներից 7 աշխատանքային օր ներառյալ: Ընդհանուր առմամբ՝ 11 աշխատանքային օր։ Արձակուրդի թվերն իրար գումարելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Մարությանն ուղղակի չէր կարող ավելի երկար արձակուրդում գտնվել, քան աշխատանքի։ Բացի դրանից՝ արձակուրդում եղած օրերի գումարը ցույց է տալիս, որ դրանք օրենքի շրջանակում են։ Ուստի կայքի պնդումը հիմնազուրկ ու կեղծ է։ «Վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին։ Անգամ կան  հարուցված բազմաթիվ քրեական գործեր»,- նյութում գրել է կայքը։ Թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում՝ կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված մեր հարցման պատասխանն ստանալուց հետո։ Եւ վերջում կայքը գրել է, որ Մարությանը վերջերս հայտարարել է, որ մյուս ընտրություններին չի պատրաստվում գնալ ՔՊ-ի հետ։ Եվ սա, ըստ կայքի, այն հիմնական պատճառը, որ ավագանին պատրաստվում է  անվստահություն հայտնել Հայկ Մարությանին․ «Փաստացի Մարությանը ուրանում է այն թիմին ու հենց այն նույն Նիկոլ Փաշինյանին, ովքեր  բերանը ծռող դերասան  Հայկոյից  կերտեցին քաղաքապետ Հայկ Մարության»։ Այս պնդման իսկությունը հնարավոր չէ ստուգել․ ՔՊ-ի հետ հաջորդ ընտրություններին չմասնակցելու մասին հրապարակային հայտարարություն չի եղել։ Այսպիսով, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անսվտահություն հայտնելու որոշման ֆոնին armenianews.net կայքն իր տեղեկություններով նյութ է հրապարակել, որտեղ արված պնդումների մեծ մասն անհիմն են ու թերի։ Դրանք արվել էին այն պարագայում, երբ ՔՊ-ն նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել ավագանու անդամների դիրքորոշման եւ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին։  Իսկ թե պաշտոնապես ինչ պատճառների մասին է հայտարարում ՔՊ-ն ներկայացնում ենք ստորև․  «Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ; Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում; Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը; Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները; Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը; Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ: «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- ասված է ՔՊ հայտարարության մեջ: Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի Հայարփի Բաղդասարյան
15:52 - 17 դեկտեմբերի, 2021
Կողմ ենք Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգին․ Միքայել Մանրիկյան

Կողմ ենք Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգին․ Միքայել Մանրիկյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը իրենց օրակարգում է եղել դեռևս 2018 թ․-ից․ «Մեր օրակարգում այդ խնդիրը ավելի շուտ է եղել, քան «Իմ քայլը» խմբակցությունն է սկսել, մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Իհարկե, հիմա իրենք որ սկսել են, դա համընկնում է մեր օրակարգի հետ․ մենք ոչ թե միանում ենք, այլ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, և բնականաբար մենք կողմ ենք լինելու»։ Մարությանին անվստահություն հայտնելու համար, Մանրիկյանի խոսքով, մի քանի պատճառներ կան․ «Մեր հիմնավորումն է սկսած կամազների թեմաներից վերջացրած շեյխերի ներդրումները։ Պարոն Ծառուկյանը ինչպես Աբովյանում  երիտասարդների համար կառուցում է բնակարաններ, սոցիալական ծրագրեր, այնպես էլ ցանկություն է հայտնում Երևանում կառուցել։ Դիմել էինք քաղաքապետարան, որպեսզի հող հատկացվեր, ասել էին՝ հող չկա, բայց կոնկրետ այդ հողը, որի համար դիմել էինք, ամիսներ անց վաճառվել էր աճուրդով։ Այսինքն՝ այս ամեն ինչի համատեքստից ելնելով, մենք դեռ 2018 թ․-ից այդ օրակարգը ձևավորել ենք»։ Մանրիկյանն ընդգծեց՝ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնել, որովհետև ավագանիում բավարար ներկայացվածություն չեն ունեցել․ «Հիմա կա այդպիսի օրակարգ, որը համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, բայց մեր հիմնավորումները այն հիմնավորումները չեն, որոնք կբերի «Իմ քայլը», մենք մեր հիմնավորումների վրա ենք կառուցում մեր մոտեցումը»։  Նա հավելեց, որ իր հայտնած տեսակետը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն է։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։     Նանե Ավետիսյան
17:06 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը դեմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, նա չի միացել Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով նախաձեռնված ստորագրահավաքին։ Այս մասին Սարգսյանը ասաց Infocom-ի հետ զրույցում։  Հարցին, թե ինչու է ավագանու անդամը դեմ այդ գործընթացին, Սարգսյանը այսպես պատասխանեց․ «Այս պահին մի քիչ վաղ է դրա մասին խոսել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Դեռևս քննարկումներ են ընթանում, մենք նաև խմբակցությամբ քննարկում ենք ունենում, կավարտենք, ավելի մանրամասն կասենք։ Յուրաքանչյուր մարդ իր կարծիքը ունի, բազմաթիվ քննարկումներ եղել են տարբեր թեմաների, այդ թվում՝ նաև այդ թեմայի»։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։     Նանե Ավետիսյան  
12:59 - 16 դեկտեմբերի, 2021
Եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ Փաշինյան

Եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ Փաշինյան

Ես տեղեկացրել եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։ Ըստ էության՝ այդ պայմանագիրն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և ահա Բրյուսելում ԵՄ խորհրդրի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենը արձանագրվեց»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ վարչապետն ասաց, որ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացման, այս նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ «Մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա տանելու՝ նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Իհարկե, այդ աշխատանքի մի մասն արդեն արված է»։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով․ «Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ Փաշինյանի խոսքով՝ ավելի նեղ կազմով խորհրդակցություն կլինի, որ ավելի կոնկրետացնի ՀՀ պատկերացումները, ճանապարհային քարտեզը․ «Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին։ Չեմ ուզում գերագնահատել այս նախագծի նշանակությունը, մյուս կողմից չեմ էլ ուզում թերագնահատել․ սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը հույս ունեմ՝ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը։ Եվ մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակեն օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ, ու համաձայնեցնել և հաղթահարել տարաձայնությունները, որոնք առկա են։
11:43 - 16 դեկտեմբերի, 2021
Չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են․ Սալիվանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

Չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են․ Սալիվանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 15-ին հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պարոն Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ են։ Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակական շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին և տարածաշրջանային հաշտեցմանը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ: Սալիվանը ողջունել է հայտարարությունը, որ Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ բանագնացներ՝ քննարկելու կարգավորման գործընթացը։ Նա բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին և ընդգծել ամուր համագործակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:16 - 16 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Վերջին ժամանակներս կառավարող ուժին հարող մի շարք լրատվամիջոցներ և սունկ կայքեր պարբերաբար անդրադառնում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ նրան հաճախ դարձնելով չփաստարկված քննադատությունների թիրախ։ Infocom-ն արդեն գրել է, որ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված FreeNews.am կայքը վերահրապարակել էր «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ», ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  FreeNews.am-ը հղվել էր armenianews.net և medianews.site կայքերին․ դրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, իսկ վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն գրված չէր։ Դեկտեմբերի 12-ին էլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը՝ armtimes.com-ը, հրապարակել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդված (այն ավելի ուշ վերահրապարակել են կառավարող ուժին հարող FreeNews.am, Civic.am, armpublic.com կայքերը), որտեղ, Մարությանին անուղղակիորեն մեղադրելով ճամբարափոխ լինելու մեջ եւ հղում անելով «շրջանառվող տեղեկություններ»-ին, գրել է, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Թերեւս ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- ընդգծել է կայքը։ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պաստառները մայրաքաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին։ Դրանք, ըստ էության, գովազդային պաստառներ էին, իսկ արտաքին գովազդի տեղադրումը Երեւան քաղաքում կանոնակարգվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշմամբ։ Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ Երեւանի ավագանին, ի թիվս այլնի, ունի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով) սահմանելու լիազորություն։ Նույն օրենքի 55-րդ  հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետը օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։ Իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն էլ՝ քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Գովազդի տեղադրման թույլտվություն տալու կարգը սահմանված է Երեւան քաղաքի ավագանու N 37 որոշման 2-րդ գլխով։ Ըստ այդմ, գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին (իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի ղեկավարին): Եթե դիմումը եւ կից փաստաթղթերը համապատասխանում են այս որոշմամբ սահմանված կանոնների պահանջներին, կամ դիմողը վերացրել է ձեւական խախտումները, ապա տվյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երեւանի քաղաքապետարանի՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն՝ ուրվանկարների եւ համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման եւ լուծման համար: Նույն որոշման 3-րդ գլուխն էլ սահմանում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդի տեղադրման չափորոշիչները, որոնք վերաբերում են տեխնիկական պահանջներին եւ սահմանափակումներին։ Իսկ բովանդակային պահանջների վերաբերյալ մանրամասն կանոնակարգում է առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի սահմանափակումներ տարածվում են առանձին տեսակի ապրանքների գովազդի վրա, ինչպիսիք են, օրինակ, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, մինչեւ վեց ամսական երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչները, թմրադեղերը, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերը, զենք-զինամթերքը, վիճակախաղերը։ Նույն օրենքով երաշխիքներ են սահմանված գովազդի օրինականության, հավաստիության, պատշաճության, ինչպես նաեւ՝ գովազդային ոլորտում անչափահասների պաշտպանության համար։ Մեջբերված նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ եթե գովազդը, այդ թվում՝ գրքի, համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ապա դրա նկատմամբ սահմանափակումներ տարածելու լծակներ չունեն ոչ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, ոչ էլ տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Ի դեպ, քանի որ Քոչարյանի գրքի պաստառները փակցվել էին ապրիլին եւ շարունակում էին վահանակներին մնալ նաեւ մայիսին՝ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մայիսի 31-ին եւ հունիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով դրանք ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ Հանձնաժողովը նման եզրահանգման էր եկել՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու էր «Հայաստան» դաշինքից։ ԿԸՀ-ի որոշումների դեմ, սակայն, Քոչարյանը բողոքներ էր ներկայացրել Վարչական դատարան, եւ վերջինս դրանք բավարարել էր ու անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները։ Վարչական դատարանի այդ վճիռները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։ Այսպիսով, «Հայկական ժամանակ»-ի այն շեշտադրումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։ Նարեկ Մարտիրոսյան
15:42 - 14 դեկտեմբերի, 2021
Սպիտակ դրոշով հայերին մոտեցող ադրբեջանցիների տեսանյութը նոր չէ․ այն նկարահանվել է 2020-ի հոկտեմբերի հրադադարի ժամանակ

Սպիտակ դրոշով հայերին մոտեցող ադրբեջանցիների տեսանյութը նոր չէ․ այն նկարահանվել է 2020-ի հոկտեմբերի հրադադարի ժամանակ

Հայալեզու որոշ կայքեր տարածել են մի տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները սպիտակ դրոշով մոտենում ու հայ զինծառայողների մոտից տանում մի դիակ։ Կայքերը չեն նշել, սակայն, թե տեսանյութը երբ է նկարահանված եւ որն է դրա սկզբնաղբյուրը։ Թեեւ կայքերը չեն նշել նյութի աղբյուրը, սակայն տեսանյութի վրա երեւում է տելեգրամյան ալիքի հղում։ Տեսանյութը այս տարվա դեկտեմբերի 11-ին հրապարակվել է այս ալիքում՝ կից գրությամբ, որ այն արվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին հրադադարի ժամանակ։ Նշված է նաեւ, որ տեսանյութը Արցախի Մարտակերտի 140-րդ մարտական դիրքից է արված։ Նախքան կայքերում տարածվելը՝ տեսանյութը նույն օրն ավելի ուշ հրապարակվել է iPress-ի յութուբյան ալիքում՝ «ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները պարզում սպիտակ դրոշը» վերնագրով՝ դարձյալ առանց հավելյալ մեկնաբանության եւ աղբյուրի նշման։ Տեսանյութը ավելի քան չորս հազար դիտում ունի։ Կայքերն իրենց մոտ տեղադրել են հենց iPress-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութը։ Այսինքն՝ տարածվող տեսանյութը նոր չէ, այն նկարահանվել է դեռ պատերազմի օրերին, հրապարակվել միայն հիմա։ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին՝ ռազմական գործողություններից մեկնարկից 13 օր անց էին համաձայնել հրադադար հաստատել Արցախում։ Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ Մոսկվայում ավելի քան տասը ժամ տեւած բանակցություններից հետո: Կողմերը համաձայնել էին հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ: Հենց այդ ժամանակ էլ, ըստ ամենայնի, ադրբեջանցիները կարողացել են վերցնել դիակը։
12:43 - 14 դեկտեմբերի, 2021
Թուրքական ծագման ապրանքների արգելքը ևս 6 ամսով կերկարաձգվի․ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցման փուլում է

Թուրքական ծագման ապրանքների արգելքը ևս 6 ամսով կերկարաձգվի․ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցման փուլում է

Առաջարկվում է ՀՀ-ում թուրքական ծագման ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը երկարաձգել ևս 6 ամսով։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ «Ներկայումս համապատասխան պետական մարմինների հետ համաձայնեցման փուլում է «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ևս 6 ամսով արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը»,- նշել է նախարարությունը։  Հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը վերանա, նախարարությունից այսպես են պատասխանել․ «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմական գործողություններին, ինչպես նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգներից խուսափելու անհրաժեշտությունը»։ Նախարարությունը նշել է, որ արգելքը լիարժեք սկսել է գործել 2021 թ․-ի հուլիս ամսից՝ որոշման ևս 6 ամիս երկարաձգումից հետո․ «Թուրքական ծագման ապրանքների՝ ՀՀ ներմուծման արգելքի ՀՀ տնտեսության վրա ազդեցության գնահատումը, այլընտրանքային շուկաների որոնումը, ներկայացված ապրանքատեսակներին փոխարինող տեղական արտադրությունների հիմնումը պահանջում են ավելի երկարաժամկետ լուծումներ, ինչը կարճաժամկետում իրականացնել գործնականում հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հետպատերազմյան շրջանում երկրներն ունենում են միջինում 7-10% տնտեսական անկում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4%, կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսությունը ի վիճակի է դիմակայել նաև թուրքական ապրանքների արգելքի պայմաններում»։ Էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ նշել է, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի վերացումը առաջիկա 3-5 տարվա կտրվածքով համարում է ոչ նպատակահարմար։ ՀՀ կառավարությունը 2020 թ․-ի հոկտեմբերի 20-ին որոշում էր ընդունել թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի մասին․ որոշումն ուժի մեջ պետք է մտներ 2021 թ․-ի հունվարի 1-ից՝ 6 ամիս ժամկետով։ Այնուհետև կառավարությունը հուլիսին որոշել էր ևս 6 ամսով երկարաձգել համապատասխան արգելքը՝ մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 31-ը։ Նանե Ավետիսյան
12:04 - 14 դեկտեմբերի, 2021