Ինֆոքոմ

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ ծրագրերը չէին իրականացվել համավարակի ու պատերազմի պատճառով։ Դրանց կյանքի կոչման համար կառավարությունը շուրջ 110 մլն դրամ է հատկացրել։ Infocom-ը նախարարությունից հետաքրքրվել է, թե ծրագրերը տարվա ավարտին ինչ փուլում են եւ ինչ առաջընթաց են գրանցել։ Ծրագրերից առաջինով նախատեսվել էր, որ Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Նախանշվել էր, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր: ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ին հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ին տրամադրվել է 58 մլն 579 հազար դրամ: Ներկայումս, նախարարության վստահեցմամբ, իրականացվում են կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022 թ.-ի գարնանը: Երկրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար: Այս նախագծի իրականացման նպատակով «Բյուրական արվեստի ակադեմիա» ՀԿ-ին տրամադրվել է 31 մլն 634.4 հազար դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 93 հանդիպում-դասընթաց Բյուրականի եւ հարակից համայնքների մոտ 3059 երիտասարդ-շահառուի մասնակցությամբ:  Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ձեռներեցություն, մենթորություն եւ քոուչինք, ստեղծարար մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցություն, մարզային զբոսաշրջության զարգացում եւ այլ հմտություններ: Հաշվի առնելով, որ լաբորատորիան բացօթյա է, աշխատանքները կշարունակվեն գարնանը: Երրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ պետք է իրականացներ շուրջ 24 մշակութային միջոցառում՝ նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Պետք է ստեղծվեր համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար: ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, Infocom-ին տեղեկացրել են, որ այս նախագծի իրականացումը չեղարկվել է․ ««ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագծի իրականացման համար նախատեսվել է «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին տրամադրել 4 մլն 792 հազար դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ են առաջացել կենտրոնի ստեղծման գործում, որի պատճառով նախագծի իրականացումը չեղարկվել է»,- հայտնել են գերատեսչությունից: Չորրորդ ծրագրով «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում պետք է իրականացներ «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Հզորացիր, հզորացրու» նախագծի իրականացման համար տրամադրվել է 6 մլն դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխումյունների կարգավորման արդյունքում ներկայումս 16-30 տարեկան 27 երիտասարդ մասնակցում է մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռներեցության, հայ մշակույթի դասընթացներին, բացվել են առցանց հարթակներ, որտեղ ներգրավել են ծրագրի շահառուները: Նշված նախագիծը, նախարարության փոխանցմամբ, դեռեւս իրականացման փուլում է: Հինգերորդ ծրագրով «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետք է իրականացներ «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար պետք է կազմակերպվեին դասընթացներ: «Ստեղծարար համայնք» նախագծի իրականացման համար «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ-ին տրամադրվել է 4 մլն 400.3 հազար դրամ: Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ Թալինի եւ հարակից համայնքներից հավաքագրվել է 36 երիտասարդ, իրականացվել են Երիտասարդական ակումբի մասնակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրման, նյութական բազայի ստեղծման եւ վերամշակման, պատմամշակութային կոթողների մաքրման եւ պահպանման աշխատանքներ՝ համայնքային եւ մարզային ոչ ֆորմալ կամավոր խմբերի ներգրավմամբ կատարելով ինֆորմացիոն տեսահոլովակների նկարահանում, երկու պատմամշակութային կոթողների թվայնացում եւ 3 В մոդելավորում: Վեցերորդ ծրագրով նախատեսվում էր Մասիսի Երիտասարդական կենտրոնում իրականացնել «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:  Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար Մասիսի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 6 մլն 408 հազար դրամ: Մասիսի հիմնական եւ ավագ դպրոցներից ծրագրին մասնակցել է 42 դիմորդ: «Ծրագրավորման հիմունքներ» կուրսի ընթացքում նրանք սովորել են ընդհանուր համակարգչային գիտելիքներ, ուսումնասիրել HTML, CSS եւ JavaScript ծրագրավորման լեզուներ, որոնք հնարավորություն են տալու նրանց պատրաստել վեբ կայքեր: Այսպիսով, այս տարվա ապրիլին հայտարարվել էր, որ ՀՀ մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված վեց ծրագրեր կիրականացվեն։ Ծրագրերի մեծ մասն, ըստ էության, իրականացվել են, միայն մեկը՝ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագիծը, չեղարկվել է՝ նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ առաջանալու պատճառով։ Իսկ ահա Վանաձորում եկող տարվա գարնանը, նախարարության վստահեցմամբ, կավարտվեն «ԼՈՖԹ» կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Հինգ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 107 մլն 21 հազ․ դրամ։ Լուսանկարը՝ pexels.com հարթակից Հայարփի Բաղդասարյան
14:38 - 24 դեկտեմբերի, 2021
Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Դեկտեմբերի 8-ին հայաստանյան մեդիադաշտում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։ Մեր զրույցում նաեւ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Խաչիկ Գիշյանն էր նշել, որ տեղեկություններ չունի շրջանառվող լուրերի մասին, նա առաջարկել էր դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ Գերատեսչությունից, սակայն, բանավոր որեւէ պատասխան չէին տվել՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։ Ուստի դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին գրավոր խնդրեցինք հայտնել՝ արդյոք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նախատեսվո՞ւմ է կառուցել նոր ճանապարհ, եւ եթե այո, ապա որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ի՞նչ տարածքներ է շրջանցելու։ Խնդրել էինք նաեւ նշել՝ եթե նոր ճանապարհի կառուցում նախատեսվում է, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը, ինչ նշանակության ճանապարհ է լինելու այն։ Բայց ոչ միայն այս հարցերին, այլեւ կոնկրետ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման վերաբերյալ հայցած տեղեկություններին Դեպարտամենտը որեւէ հստակ պատասխան չի տվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է, եւ որ տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Դեպարտամենտն ընդգծել է, որ հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ «Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ՝ առկա ճանապարհներից բացի նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- գրել է Դեպարտամենտը՝ գեթ մեկ անգամ չհիշատակելով Ոսկեպար անունը՝ այդպիսով ոչ հերքելով, ոչ հաստատելով, որ նոր ճանապարհի կառուցում է նախատեսվում։ Ստորեւ ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրում ենք, թե այս պահին որտեղով է անցնում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, եւ թե ինչու են այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցություններ շրջանառվում։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը Մ16 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Այդ ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը, ըստ Google քարտեզի, առնվազն չորս տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից․ այդ հատվածները նշված են կարմիրով։ Ճանապարից ձախ ընկած է Վերին Ոսկեպարը, նշված է կարմիրով․ այն, դարձյալ ըստ Google քարտեզի, ՀՀ-ի տարածքում չէ, այլ Ադրբեջանի։ Ճանապարհից աջ ընկած են Ներիքն Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը։ Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվեր, մամուլում այդ փաստաթղթի նախնական տարբերակն էր շրջանառվում, որը պահպանվել է ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում. դրանում նշված էր, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ Ղազախի շրջանի յոթ գյուղերը՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Հայտարարության վերջնական տեքստում այդ դրույթը բացակայում էր, չնայած հետագայում՝ այս տարվա հունիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց, որ Ղազախի շրջանների գյուղերի թեման եղել է նաեւ նոյեմբերի 9-ին, սակայն հայկական կողմին հաջողվել էր այդ դրույթը հանել տեքստից։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Բերդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն եւ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր, որ էն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը ուղղակի թողնում են։ Ինչու, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն է, որ էդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ էն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, ասել էր, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- հայտնել էր ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։ Այդուհանդերձ, այս տարածքների թեման շարունակվում է քննարկվել նաեւ այսօր, դրանց ճակատագրի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա։։ Պաշտոնական մարմինների պատասխաններն էլ չեն հերքում տարածվող տեղեկությունները, որ Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի կառուցման հարց կա։ Հայարփի Բաղդասարյան
12:27 - 24 դեկտեմբերի, 2021
Թուրքական Pegasus ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Երևան չվերթներ իրականացնել

Թուրքական Pegasus ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Երևան չվերթներ իրականացնել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն ասել է, որ Հայաստան-Թուրքիա թռիչքները շուտով կվերսկսվեն։ Հեռուստաալիքներից մեկում հայտարարություն անելիս Քարաիսմալիօղլուն նշել է, որ Pegasus ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Հայաստան չվերթներ իրականացնել։ Նախարարն ընդգծել է, որ կա նաև հայկական ավիաընկերություն, որը ցանկանում է թռիչքներ իրականացնել։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր․ «Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է»:  Դեկտեմբերի 21-ին հայտնի էր դարձել, որ «Flyone Armenia» ընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային թռիչքներ իրականացնելու թույլատվության համար դիմել է Թուրքիայի ավիացիոն իշխանություններին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ավիաընկերությունը կիրականացնի թռիչքները։ Այս տարվա դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ շուտով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ, եւ Երեւանի հետ կբացվեն չարտերային թռիչքներ։ Այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով․ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։  Երկու կողմից էլ արդեն նշանակվել են ներկայացուցիչներ․ թուրքական կողմից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
10:20 - 24 դեկտեմբերի, 2021
Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին մտնել Փարաքարի համայնքապետարան

Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին մտնել Փարաքարի համայնքապետարան

Այս պահին ոստիկանության աշխատակիցները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց և թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին, ըստ նրանց՝ ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել ներս։ Կուսակցության հիմնադիր անդամ Մովսես Առաքելյանի հարցին, թե ինչու թույլ չեն տալիս մտնել, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ գրավոր հարցում անեն, իրենք կպատասխանեն։  Կուսակցության անդամները քայլերթեր են իրականացնում հանայնքում։ Նրանք ոստիկանության գործողությունները համարում են ապօրինի։ Կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունը «ՏԻՄ իշխանության զավթում է»։ Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում այս պահին իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու անձ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։ Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։ Քաղաքական երկու ուժերն էլ հայտնել էին, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքապետի երդմնակալության արարողությունը։
13:30 - 23 դեկտեմբերի, 2021
Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1418 անձի մարմին (մասունք)։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։  Այս տարվա ապրիլի մեկին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանը այդ պահի դրությամբ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի եւ Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։ Ավանեսյանը նշել էր, որ մի նմուշը, օրինակ, հնարավոր է եղել նույնականացնել 7-րդ անգամից՝ որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո։ Նախարարը, սակայն, չէր հայտնել, թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքներին։ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից հարցմամբ տեղեկացել է, որ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։  Կոմիտեն չի պատասխանել՝ արդյոք ՌԴ ուղարկվե՞լ են զոհվածների մարմիններ կամ մասունքներ, թե ոչ։ Քննչական կոմիտեն չի տրամադրել տեղեկություն նաեւ, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Կոմիտեն մեկնաբանել է, որ հայցվածը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ Փաստացի, պատերազմի դադարից ավելի քան մեկ տարի անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։ Մեկ այլ հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել առկա վերջին տվյալները, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմը քանի զոհ է ունեցել։ Խնդրել էինք նշել՝ որ օրվա դրությամբ է ներկայացվելիք տվյալը, եւ արդյոք ներկայացվելիք տվյալում ներառված է միայն նույնականացված զոհերի թիվը։ Դատախազությունն այս հարցումը հասցեագրել էր ՀՀ քննչական կոմիտեին։ Եւ ինչպես ԴՆԹ փորձաքննությունների վերաբերյալ հարցմանը, այնպես էլ այս մեկին Կոմիտեն պատասխանեց մեծ դժվարությամբ՝ միայն բազմաթիվ զանգերից հետո․ ընդ որում՝ պատասխանեց թերի։ Գերատեսչությունն այսպես է պատասխանել․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 20.12.2021 թվականի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ակտի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3807 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող եւ 76 քաղաքացիական անձ»: Այսինքն՝ Քննչական կոմիտեն ոչ միայն չի նշել՝ որ օրվա դրությամբ է տվյալը, այլեւ անպատասխան է թողել հարցը՝ արդյոք ներկայացված թվում ներառված է միայն նույնականացվա՞ծ զոհերի թիվը։ Մեր զանգից եւ դիտարկումից հետո, որ պատասխանը թերի է, Կոմիտեից առաջարկեցին գրավոր ձեւակերպել հարցը՝ չնայած մեր այն բացատրություններին, որ հարցն արդեն իսկ գրավոր ներկայացվել է համապատասխան գերատեսչությանը։  Այսպիսով, 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների՝ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե հոկտեմբերին ուղարկված մեր հարցումը նախ անպատասխան էր մնացել՝ նաեւ բազմաթիվ զանգերից հետո։ Նույն հարցումն ուղարկել էինք նաեւ նոյեմբերին, որի պատասխանից տեղեկանում ենք, որ փորձաքննության համար Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։ Կոմիտեն չի տրամադրել տեղեկություն, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Գերատեսչությունը չի հստակեցրել նաեւ՝ արդյոք հայկական կողմի ընդհանուր զոհերի 3807 թվի մեջ միայն նույնականացվա՞ծ մարմիններն են։ Հայարփի Բաղդասարյան
11:35 - 23 դեկտեմբերի, 2021
«Հեղափոխության արժեք» բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում․ Գալջյանը անդրադարձավ Մարությանի ելույթին

«Հեղափոխության արժեք» բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում․ Գալջյանը անդրադարձավ Մարությանի ելույթին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու նիստի ընթացքում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին։  «Երբ խոսվում է հեղափոխության արժեքներից և հեղափոխությունից, ես գնում եմ նախորդ տարի այս օրերին և ուզում եմ հիշել հակահեղափոխությունը անել, շենքեր էին գրավում, Ազգային ժողովի նախագահին էին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում, այսինքն երբ հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր Երևանի հեղափոխական քաղաքապետը, աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված։ Կներեք, այդ հեղափոխության արժեք բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում, կոռուպցիայից է խոսվում, պարգևավճարներ, որ գաղտնի պարգևավճար են տվել, գաղտնի, ոչ գաղտնի, ի՞նչ կապ ունի։ Եթե պրեմիան կամ պարգևավճարը կոռուպցիա է, ինչու՞ էիք տալիս, այսինքն   այստեղ կոռուպցիա չի,  կառավորությունում կոռուպցիա է»։ Գալջյանի խոսքով՝ երբ խոսվում է պաշտոնյաների կողմից զանգերի մասին, պետք է անուններ հնչեցվեն․ «Պետք է անուններ տրվեն, դա ասելով չի, ոչ մի անգամ մեր խմբակցության նիստի ժամանակ կամ որևէ առանձնազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեզ չի ասել՝ բա իշխանական ձեր այս թիմակիցը կամ մեր թիմակիցը զանգել է և սենց հարցով խնդրում է, որ ընդառաջեն օրենքից դուրս գամ չգիտեմ ինչ։ Անուններ պետք է տալ, երեք տարի ասեիք մեզ այդ մասին, մենք էլ միջոցներ ձեռնարկեինք։ Կամ այդ տրամաբանությամբ որ գնաք, այս շենքում էլ և այս շենքի ենթակա հիմնարկներում մարդիկ են աշխատում, ովքեր մերձավոր կապեր ունեն պարոն Մարությանի հետ, ես չեմ ուզում անձնավորել, բայց ստիպված եմ այդ ամեն ինչը ասել։Պրեմիաներից են խոսում, աղբահանության հիմնարկում երկու տարի է լափում են կներեք արտահայտությանս համար, ինչու՞ չէիք բռնում, մինչև ես փաստերը չբերեցի ոչ մի արձագանք չստացավ ու մինչև այսօր այդ մարդիկ աշխատում են այդտեղ։ Նորմա՞լ է դա, թե չի նկատվում»։ Նա նաև անդրադարձավ Մարությանի դիտարկմանը, որ ինքը դուրս է եկել ՔՊ-ից, ոչ թե «Իմ քայլը» խմբակցությունից․ «Իմ քայլը»-ՔՊ բառախաղի հետ կապված, և ՔՊ անունը հայտնի չէր, դրա համար 2018 թ․-ին այդ անունով չմասնակցեցին։ Այս ամառ այդ անունով մասնակցեցինք 53% հավաքեցինք, այսինքն այն ժամանակ, որ այդ անունով ներկայանայինք, 83% չէինք ստանալու, 8% էինք ստանալու»։Նա նաև նշեց՝ ուրախ է, որ Մարությանը քաղաքական հայտ ներկայացրեց․ «Իհարկե, ձախողված հայտ էր դա  և սկիզբն ու  ավարտը կարող է լինել միաժամանակ, բայց այս ամեն ինչը ես կարծում եմ, որ չպետք է ասվեր, որովհետև մեր տոնայնությունը և մեր դիրքորոշումները լրիվ այլ տոնի մեջ էին և այլ նպատակ էին հետապնդում»։   Նա անդրադարձավ նաև ավագանու որոշ անդամների հայտարարություններին, ըստ որոնց իրենց հասցեին սպառնալիքներ են հնչեցվել․ «Այստեղ գործընկերներ ունենք, ովքեր ինչ-որ հետապնդումներից են խոսում, ճնշումներից են խոսում, ժողովրադավարությունից են խոսում, ու այս պրոցեսը ներկայացնում են հակաժողովրդավարական ու ՔՊ-ն էլ իբր ՀՀԿ է դարձել։ ՔՊ-ն որ ՀՀԿ դառնար, այս անվստահության նիստը չէր լինի, ով որ պետք էր, այս շենքից վաղուց դուրս կգար, դա լավ իմացեք, և այդ համեմատությունը, որ ՀՀԿ եք դառնում․․․այդ մարդը, ով եկել ասում էր՝ ինձ ճնշում են, վեց ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է՝ ես պատրաստ եմ ՔՊ մտնեմ, բայց ինձ անցողիկ տեղում պատգամավորի մանդատ տվեք։ Ես չեմ սիրում անձնական խոսակցությունը հրապարակել, բայց երբ ֆրակցիայի նիստի քննարկումը դուրս է հանվում կամ առանձնազրույցը դուրս է հանվում, կարո՞ղ է չատն էլ պետք է հրապարակենք, որ տնից մարդ չկարողանա դուրս գա դրանից հետո, պետք է սահման ունենալ այդ ամենից առաջ»։
16:53 - 22 դեկտեմբերի, 2021
ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու․ Հայկ Մարությանի ելույթը ավագանու արտահերթ նիստին

ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու․ Հայկ Մարությանի ելույթը ավագանու արտահերթ նիստին

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի շրջանակներում քննարկվում է «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» «Իմ քայլը» խմբակցության նախագիծը։ Մարությանը եւս հանդես եկավ ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երեւանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երեւանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, եւ կարծես թե, այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք, բայց ինչպես ելույթներից հասկացանք, այդպիսիները չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Ինչպես նախաձեռնող խումբն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաեւ այս պաշտոնը։ Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է, թե ոչ։ 2018-ին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին բոլորս մասնակից ենք եղել, եւ ամեն մեկս մեր լուման ենք ներդրել այդ կարեւոր գործում։ Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երեւանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանելու եւ թղթի վրա հստակ ամրագրելու ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ ԱԺ արտահերթ ընտրություններին եւ ամրագրել այդ հաղթանակն արդեն համապետական մասշտաբով։ Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, որի մաս կազմեցին ՔՊ կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը, մի շարք այլ կուսակցությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին ՔՊ անդամ, այսինքն՝ ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա, կարծում եմ, շատ հատկնաշնական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրը։ Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը, կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որեւէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի եւ հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, եւ շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին։ Հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների ՔՊ կուսակցության դրոշի ներքո, ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կուսակցություն, այլ նաեւ նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։ Այսպիսով, եկեք արձանագրենք, որ 2018-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը, որպես անվստահության հիմք, ասում է, որ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից եւ «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։ Սիրելի հայրենակիցներ, ես պաշտոնապես ասում եմ՝ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, եւ անախձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է։ Ի դեպ, իրենց փաստարկներում, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այս մարդիկ փորձում են սեփականշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։ Ասեմ ավելին՝ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել։ Նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին, սա նույնպես անընդունելի է եւ վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։ Հետեւաբար, որն է անվստահության հիմքը․ այս օրերին նախաձեռնության հեղինակներն ու նրանց կուսակցական ընկերներն ասում են, որ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել, եւ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1,5մլն դրամ են ստանում, փոխնախարարները՝ 1մլն, եւ այսպես շարունակ, գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։ Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք, անկախ ամեն ինչից՝ պրոֆեսիոնալներ են, եւ իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն, ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց, իրականության մեջ, նրանք եկան եւ անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչո՞ւ շուտ չէիք խոսում սրա մասին։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում․ ոչ մի արձագանք, կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։ Բացի դրանից՝ աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ «պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը «վատ քոմենթ» է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել, իրենց պետք է աշխատանքից հեռանան»։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան՝ ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը նաեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հանում էին, ես դրա համար չեմ էստեղ եկել, կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց սրանք դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, էս հողն ընդլայնենք եւ այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում, ստացել են նույն պատասխանը՝ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետեւ ես այդպիսի զանգեր չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ եւ ՔՊ-ի միջեւ աշխարհայացքների խզումը։ Ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։  Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, հետո ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում է դա երկրի համար (նկատի ունի ՀՀ ԱԺ նախագահի համար գնվելիք մեքենան- խմբ․)»։ Մի երկիր, որը աղքատության բարձր շեմ ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում՝ իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության «պրիստիժի» համար է։ Ասեմ, հարգելիներս, դա պրիստիժ չէ, հակառակը, սա մովետոն (անկրթություն, անդաստիրակություն- խմբ․) է, սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք եւ քմծիծաղ։ Ու կարծում եմ՝ ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Նիսսան եմ քշում, ընդ որում՝ առանց վարորդի, երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չէ, սա, ինչպես ասում են, լավ չի, նորմալ ա։ Որովհետեւ դա իմ համոզմունքն է, ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արծեքներից։ Ես մի քանի դրվագ ներկայացրի, բայց դրանք շատ-շատ են։ Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իմ եւ ՔՊ-ի կապն այդքան կարճ տեւեց։ Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ կուսակցությունից։ Ընդ որում՝ պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, եւ նոր դեկտեմբերի 7-ին ներկայացրի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել եւ հանձնելիս ասել՝ «եղբայր, որպեսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու, ոչ մի դեպքում»։ Ասել եմ՝ «դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի»։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ, եւ նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին։ Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ այս ամենի մասին մինչեւ հիմա չես խոսել։ Ասեմ՝ լռել եմ՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ-ի թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար։ Ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին»Ж Վերադառնալով իրեն ներկայացվող անվստահության հիմքերին՝ Մարությանն ասաց․  «Ասում են՝ Մարությանը նախընտրակիան խոստումները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարեւոր է երեւանցիների կարծիքը եւ գնահատականը, եւ հատկապես վերջին օրերին երեւանցիներին իրենց գնահատականը շատ հստակ տալիս են, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Հետո, նախաձեռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը բավարար չեն։ Ասեմ՝ այս երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին։ Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ, այո կորցրել եմ, հիմա պատմեմ մի դրվագ բազմաթիվ դրվագներից, որ պարզ լինի՝ ինչու է դա տեղի ունեցել։ Անցած տարվանից սկսել ենք համայնքի միջոցներով ավտոբուսներ գնել, տենդեր էինք հայտարարել 8,6մ ավտոբուսների ձեռքբերման համար, որը կայացել էր, եւ ավագանին պետք է գնման համար գումար հատկացնելու որոշում կայացներ։ Դա այս տարվա փետրվարն էր, ահռելի աշխատանք էինք կատարել, եւ ավագանին ընդամենը պետք է գար, քվերակեր։ Եվ ահա, ավագանու նիստի նախորդ երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդմաներ, կառավարության որոշ անդամներ հրահանգել են, որ «Իմ քայլը» քվորում չապահովի, պարզ ասած՝ որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը, մենք մեծ դժվարությամբ, խնդրելով, բացատրելով կարեւորությունը՝ մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց «Իմ քայլը» ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարեւորագույն որոշումն ընդունելու համար։ Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում, եւ որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր եւ անկախ անդամների ներկայության շնորհիվ։ Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների՝ միայն մի բանի համար, որ ասեին՝ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն՝ նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունն ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել․․․ Բերող էիք՝ բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունեինք, էդ պահին 211-ի գնումն էինք անում, մնացածն էլ դուք բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք։ Այսքանից հետո խնդրում եմ ասեք՝ ինչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ։  Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչ ցածր մեթոդներով են այս մարդիկ իրականացնում իմպիչմենտի գործընթացը։ Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու՝ չեն նշում, որ դա օրինականցվել է կառավարության 912Ն որոշման հիման վրա, որի դեմ մենք երեք տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունն այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինակացվեն նաեւ իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհետեւ մենք ստիպված ենք շարժվել կառավարության որոշումներով, այլ տարբերակ չկա։ Այնուհետեւ դեզինֆորմացիայից եւ մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները, ինչպես արդեն լսեցիք, վստահ եմ՝ նաեւ համացանցից եք տեղեկացել՝ ավագանու մի շարք անդամների ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք, եւ այլն, եւ այլն, հին ու բարի մեթոդներով։ Կարճ ասած՝ ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ եւ անարգանք երեւանցու քվեի հանդեպ։ Կարծում եմ՝ դուք ձեր սկսածը, մեւնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի, քանի դեռ քաղաքապետ եմ, քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին խնդրում եմ՝ ձեր ծառայությունն իրակաանցնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով, դուք պարտավոր եք ապահովել երեւանցիների անվտանգությունը եւ կոմֆորտը»։ Մարությանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմի բոլոր անդամներին՝ համատեղ աշխատանքի համար, իր թիմի անդմաներին եւ երեւանցիներին՝ վստահության համար, եւ ներողություն խնդրեց, եթե ինչ-որ բան չի հասցրել անել։
13:54 - 22 դեկտեմբերի, 2021
«Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները ավելի արդարացում էին, քան հիմնավորում․ Էռնեստ Ավանեսով

«Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները ավելի արդարացում էին, քան հիմնավորում․ Էռնեստ Ավանեսով

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը այսօր՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ այս գործընթացը, որքանով ինքն է տեղեկացված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումն է։ «Ես շատ կուզեի՝ վարչությունը որոշում կայացներ մի շարք օրենսդրական փոփոխությունների առումով՝ կապված համատիրությունների հետ, խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր քաղաքացիների առջև, կապված նաև ապօրինի առևտուրը բացառելու առումով, ապօրինի շինարարությունը բացառելու առումով, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ սա է ամենալուրջ խնդիրը և փորձում են քաղաքապետից՝ Հայկ Մարությանից, հրաժարվել»։ Ավանեսովն անդրադարձավ  նաև ավագանու արտահերթ նիստի ընթացքում հնչած ելույթներին․ «Ի դեպ՝ այստեղ շատ ելույթներ եղան նաև, գուցե հետագայում ավելի այլ բնույթի կլինեն, հիմնականում «Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները արդարացում էին, քան հիմնավորում։ Խնդրում եմ, ոչ թե արդարացեք, արդեն բերել եք այդ նախագիծը, հիմնավորեք քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչու եք դուք ուզում փոխել Հայկ Մարությանին պարոն Հրաչյա Սարգսյանով, որի հանդեպ նույնպես ունեմ դրական վերաբերմունք, ինչպես այստեղ ցանկացածի մասին»։ Նա նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը շատ է շեղվել հեղափոխության արժեքներից։
13:22 - 22 դեկտեմբերի, 2021
Քաղաքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել․ Վահե Գեւորգյան

Քաղաքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել․ Վահե Գեւորգյան

Մի քանի կետ կա, որոնց համար ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը․ Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը բացառապես չի բխում Երեւանի եւ ժողովրդավարության շահերից, երկրորդն այն գործիքակազմն է, շանտաժի ու սպառնալիքի այն լեզուն, որն օգտագործվել է ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար։ Այս մասին այսօր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը՝ նշելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում․ «Այս քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում, քանի որ երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի եւ սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կամ վկայություններ կորզել, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հարգելի՛ երեւանցիներ, այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով՝ ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,- ասաց Գեւորգյանը՝ շեշտելով, որ ինչպես այս երեք տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, նրանք ունակ չեն եղել պարզ քաղաքական հաշվարկներ իրականացնել․ «Նրանք չէին հաշվարկել, որ գուցե հաջողվի որոշ մասին շանտաժի ենթարկել, բայց ոչ բոլորին։ Այս մարդիկ թրծվել են տարիների պայքարի մեջ։ Մասնավորապես, Լուսինե Մխոյանը եւ Գրիգորի Երիցյանը երեկ բարձրաձայնել են, որ Արմեն Գալջյանը («Իմ քայլը» խմբակցության ղեկավար,-խմբ․) եւ Լեւոն Հովհաննիսյանը («Իմ քայլը» խմբակցության քարտուղար,-խմբ․) իրենց շանտաժի են ենթարկել։ Պարզ դարձավ, որ նրանց միակ մտավախությունը քաղաքապետի աճող, եւ ՔՊ-ի նվազող վարկանիշն է, պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են ճնշման տարբեր լծակներ կիրառելով՝ ավագանու անդամներին դրդել բոյկոտի, ազդել նրանց ազատ կամարտահայտման վրա եւ զրկել երեւանցիներին նոր տրանսպորտային համակարգից՝ միեւնույն ժամանակ վտանգի ենթարկելով նույն տրանսոպրտային համակարգը։ Պարզ դարձավ, որ նրանց համար անձնային շահը, կարիերան, պաշտոնը վեր են դասվում հանրային շահից»։ Գեւորգյանը շեշտեց՝ հաշվի առնելով ավագանու անդամների հայտարարությունները, թե ինչպես են իրենց շանտաժի ենթարկել, ակնհայտ է դառնում, որ այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել այն պարզ պատճառով, որ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով անօրինական գործիքակազմ է կիրառվել։ Վահե Գեւորգյանն ավագանու անդամներին կոչ արեց քվեարկել իրենց խղճով եւ համոզմունքներով։ Ի դեպ՝ Գեւորգյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին․ «Դուք ընդունո՞ւմ եք, որ շանտաժի կամ այլ սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»։ Գալջյանն էլ արձագանքեց՝ ասելով․ «Ոչ, չեմ ընդունում»։ Հիշեցնենք, որ երեկ Infocom-ի հետ զրույցում Երեւանի ավագանու նախկին անդամ Արփենիկ Մարությանը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանն իրեն հաղորդագրությամբ հորդորել է չմասնակցել ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու հարցով նիստին, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ։
12:24 - 22 դեկտեմբերի, 2021
Համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով․ Լևոն Հովհաննիսյան

Համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով․ Լևոն Հովհաննիսյան

Երեք տարի առաջ, երբ ստանձնեցինք մեր լիազորությունը՝ որպես ավագանու անդամներ, և ընդհանրապես քաղաքային իշխանություն, քաղաքի սեփական եկամուտները այդ ընթացքում աճել են մոտ 12 միլիարդ դրամով։ Քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված նիստի ընթացքում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսավորակյին և տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը։ «Եթե չեմ սխալվում, հիմա նաև այս բյուջեի պատկերի մեջ կա այդ դինամիկան, որ սեփական մուտքերը աճում են, և դա, իհարկե, համայնքի անկախության տեսանկյունից շատ լավ ցուցանիշ է, բայց նաև մենք պետք է որակական առումով հասկանանք, թե ինչու են աճում, և այդ աճման գործընթացի մեջ որքան լումա ենք մենք դրել, որքան է դա մեր անձնական ձեռքբերումը կամ մեր աշխատանքը։ Հիմնականում համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով։ Այսինքն բոլորդ տեղյակ եք, որ մեքենաների բում էր տեղի ունեցել Հայաստանում, գրեթե կարելի է ասել կրկնապատկվել են մեքենաների քանակը այս տարիների ընթացքում, մանավանդ՝ 2019 թ․-ի, 2020 թ․-ի սկզբին շատ մեծ քանակի մեքենաներ են բերել, և մեքենաների մասով գույքահարկի մուտքը կրկնապատկվել է։ Նույնը կարող եմ ասել վերջին օրենքի փոփոխությունից հետո նաև անշարժ գույքի սեփականության մասով, որ այդտեղ էլ մենք ունենք բավականին մեծ մուտքերի աճ, և աճը շարունակական է լինելու»։ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հանում են այդ երկու գործոնները, սեփական եկամուտների մասով մնում է 2 միլիարդ դրամի աճ․ «Այդտեղ եթե մենք փորձենք մանրանալ, հասկանալ, օրինակ, հողի օտարումների կադաստրային գները բարձրանալու հետևանքով և այլն, ինչ ազդեցություն է ունեցել գործոնները այդ աճի վրա, կարծում եմ, որ էլի կառաջանան հարցեր, բա ի վերջո Երևանի քաղաքապետարանը ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտները աճեց։ Այսինքն՝ այդ գործընթացի ամենամեծ բաժինը, ամենագերակշռող բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ, և հենց դա է խնդիրը, որ եկամուտների հավաքագրման մասով ես կարծում եմ, որ որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն չի արվել։ Կան ինչ-որ առանձին կետեր, օրինակ Parking city սերվիսի հետ կապված, գիտեմ, որ բաներ կան, որ ավտոմատացվել են, որ հետագայում բավականին լավ և դրական փոփոխություններ է բերելու, բայց այստեղ մենք ունենք այդ հարցերը»։ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև համայնքային հիմնարկներին, որոնցում, ըստ նրա, ամենացավոտ խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են․ «Մենք այս ընթացքում ունենք բավականին լուրջ ձեռքբերումներ, ստեղծել ենք երեք համայնքային հիմնարկ՝ աղբահանությունը, կանաչապատումը, շների ստերջացման ՀՈԱԿ-ը, և կարելի է ասել, որ քաղաքը կոլապսի առջև չկանգնեց։ Այդ հիմնարկները, իհարկե, մենք ստեղծել ենք բավականին արագ տարբերակով, որովհետև դա է թելադրում այդ պահին իրավիճակը։ Սակայն համայնքային հիմնարկների մասով ամենացավոտ և խոցելի խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են և հաշվի առնելով, որ նույն Կանաչապատման հիմնարկում ունեցել ենք տնօրենի փոփոխություն, աղբի վերամշակման պրոցեսի հետ կապված կային խնդիրներ՝ հաշվի առնելով, որ աղբահանությունը հիմնարկում հիմա կա խնդիր և այդ ամենի մասին նաև մամուլում են գրում և կան լուրջ կասկածներ, որ այնտեղ կան կասկածելի գործարքներ։ Մենք հասկանում ենք, որ դեռ անելիքներ ունենք այս հիմնարկների կայացման հետ կապված, և իհարկե, պետք է վերահսկողությունը ավելացնենք այդ հիմնարկների և ընդհանրապես քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումների նկատմամբ»։
11:44 - 22 դեկտեմբերի, 2021
Ընդգծենք՝ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն․ Էռնեստ Ավանեսով

Ընդգծենք՝ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն․ Էռնեստ Ավանեսով

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարագում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին հարցեր ուղղելու ժամանակ ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշեց, որ քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը Հ1-ի եթերում հայտնել է, որ չի կարծում՝ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա, որ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը քաղաքական չէ՝ ըստ իրեն, փաստեց, որ ինքը ՔՊ կուսակցությունից չէ, և խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունները, ու արդյո՞ք պահանջ կդրվի Հրաչյա Սարգսյանի առաջ կուսակցական դառնալու։ Վերջին հարցի վերաբերյալ կառավարող խմբակցության ղեկավարը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ քննարկում չի եղել։ Անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ հարցին՝ Գալջյանն ասաց․ «Քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ և ռիսկեր։ «Համակարգային» ձևակերպումը տալը էս դեպքում չեմ կարծում՝ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն ռիսկեր ու երևույթներ կան, կարծում եմ՝ անհերքելի փաստ է»։ Ավանեսովն էլ ասաց, որ կուզի ընդգծել, որ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ նշել է կետեր, որոնց հետ հակասություն ունի թեկնածուն՝ պարոն Սարգսյանը։  Գալջյանն էլ արձագանքեց․ «Ես տվեցի այն ձևակերպումը, որը տվեցի, և ասում եմ՝ չկա հակասություն»։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարության մեջ նշել էր, որ «Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը»։ Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե Մարությանին ուզում են հանել, որովհետև նա ՔՊ-ից չէ, չէ՞, ասել էր, որ այո, հաջորդող հարցին, թե այդ դեպքում դուք էլ ՔՊ-ից չեք ինչո՞ւ են Ձեզ առաջադրում, Սարգսյանն արձագանքել է․ «Կարծում եմ՝ դրդապատճառները քաղաքական չեն։ Իմ պատկերացումներով քաղաքի կառավարման արդյունավետությունը կախված է ավագանու և կառավարության փոխգործակցությունից, որտեղ այս պահին խզում կա»։ Համակարգային կոռուպցիայի մասին խոսելով՝ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Քանի մեր իրավապահ մարմինները բացահայտում չեն արել, որ համակարգային կոռուպցիա կա, կարող ենք արձանագրել, որ որպես այդպիսին չկա, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է բավականին փոփոխություններ իրականացնենք, այնպես անել, որ կոռուպցիոն սխեմաները, կոռուպցիոն երևույթները ընդհանրապես հնարավորություն չլինի իրականացնելու։
11:33 - 22 դեկտեմբերի, 2021
Առաջացել էր ճգնաժամ՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց Մարությանին անվստահություն հայտնելու պատճառները

Առաջացել էր ճգնաժամ՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց Մարությանին անվստահություն հայտնելու պատճառները

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարագում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը անվստահություն հայտնելու նախագիծը ներկայացնելիս նախ շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ կատարած աշխատանքի համար․ «Մինչև բուն ասելիքին անցնելը ուզում եմ, պարո՛ն Մարության, Ձեզ շնորհակալություն հայտնել այս երեք տարիների ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար, Ձեր ծառայության համար Երևանին։ Անշուշտ երեք տարիների ընթացքում բազմաթիվ գործեր են արվել՝ ի նպաստ քաղաքի, բազմաթիվ կարևոր արդյունքներ են գրանցվել, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել ձեր ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից։ Եվ այն նախընտրական խոստումները, որոնք Ձեզ հետ միասին տվել ենք, ինչ-որ չափով իրականացել են, և վստահեցնում եմ, որ առաջիկա երկու տարիներին կշարունակեն իրականանալ»։ Ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Գալջյանը հայտարարեց, որ քաղաքապետի և ավագանու ինստիտուտների միջև չգնաժամ էր առաջացել․ «Անշուշտ մի փոքր ծանր իրավիճակ է, և այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել, բայց կարծում եմ՝ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև առաջացել էր իսկապես ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Ես շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևիցե ելույթներ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա, այսինքն՝ որևէ անձնային խդնիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել և ես ուզում եմ, որ մենք այսօր այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք։ Չնայած մամուլում և հրապարակային ելույթներում նշվում է, որ պարոն Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն է պատճառը դարձել այս պրոցեսի համար, բայց ես ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել, որ այս ճգնաժամը ստեղծվել է»։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ մեկ տարի է՝ այս պայմաններում են աշխատում․ «Այդ աշխատանքը դժվար է ստացվում, բայց այստեղ ամենակարևորը հետևյալն է, որ այդ պատճառով ստեղծված իրավիճակը թույլ չի տա առաջիկա 2 տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին։ Ինչպես հայտնի է, մենք քաղաքապետի թեկնածու առաջադրել ենք Հրաչյա Սարգսյանին՝ քաղաքապետի առաջին տեղակալին, և պարոն Սարգսյանը այս պահին չի հանդիսանում ՔՊ-ի անդամ։ Սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի առաջիկա երկու տարիներին արդյունավետ կառավարման հարցն է լուծվում։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք պարոն Սարգսյանի գլխավորութամբ շարունակել այն բարեփոխումները, որոնք Դուք եք սկսել, պարոն Մարության, ինչի համար նորից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել։ Պարոն Սարգսյանը՝ իր երեք տարվա փորձառությամբ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում, հաճախ նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն է ունեցել, այսինքն՝ երբեմն նաև այդ ծանրությունը իր վրա զգացել է, և կարծում եմ՝ այդ առումով պատրաստ է կրել այն պատասխանատվությունը, որը առաջարկվում է մեր կողմից»։ Գալջյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչու արտահերթ ընտրությունների գնալու որոշում չեն կայացրել․ «Այս մասով ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ արտահերթ ընտրությունների գնալու համար նախ երկու ճանապարհ կա՝ օրենսդրությամբ սահմանված․ առաջինը, երբ քաղաքապետը հրաժարական է ներկայացնում, և ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում, իսկ այս պարագայում քաղաքապետը հրաժական չի ներկայացրել, այսինքն՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջին սցենարը չի իրականացվել, իսկ երկրորդ սցենարն այն է, որ ավագանին երեք ամիս շարունակ նիստ չգումարի, որպեսզի ավագանին ցրվի, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց ես կարծում եմ, որ այդ ճանապարհով արտահերթ ընտրությունների գնալը ի վնաս քաղաքի է լինելու, որովհետև բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում, եթե երեք ամիս ավագանու նիստ չլինի, քաղաքը պարզապես կանգ կառնի, և եթե այսօրվա ճգնաժամը հնարավոր է լուծել ավագանու ինստիտուտի ներսում, ապա այդ լուծումը պետք է տրվի այստեղ, և ավելորդ ցնցումների չենթարկենք թե՛ Հանրապետությունը, թե մայրաքաղաքը»։
11:01 - 22 դեկտեմբերի, 2021
Հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ. Արփենիկ Մարության

Հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ. Արփենիկ Մարության

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Արփենիկ Մարությանին հորդորել է չմասնակցել ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու վերաբերյալ ավագանու որոշման ընդունման քվեարկությանը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում հայտնեց Արփենիկ Մարությանը, որն այս տարվա մարտին վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը (Արփենիկ Մարությանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ազգակցական կապ չունի)։  Ինպես հայտնի է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նախաձեռնել են քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։  Այս զարգացումների ֆոնին ավագանու որոշ անդամներ հայտնեցին, որ այս տարվա փետրվարին խմբակցության տարբեր անդամներ ու քաղաքապետարանից դուրս մարդիկ փորձել են սաբոտաժ անել եւ քվորում չապահովելու միջոցով տապալել ավտոբուսների ձեռքբերման համար գումար հատկացնելու մասին հարցի քվեարկությունը։ Արփենիկ Մարությանը այս տարվա փետրվարին մասնակցել է Երեւանի ավագանու այն նիստին, որի ժամանակ քննարկվել է հիշյալ հարցը։ Մարությանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ ինչպես ավագանու այլ անդամներ, այնպես էլ ինքը, նախապես իմացել է, որ սպասվում է այդ հարցի բոյկոտում։ Նա հարցին ձեռնպահ է քվեարկել՝ տեսնելով, որ լարված իրավիճակ է եւ քվորումի խնդիր կա. «Մինչ այդ հարցի քվեարկությունը՝ զանգ եւ ֆեյսբուքյան հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր այդ հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ»,- մեր զրույցում պատմեց Արփենիկ Մարությանը: Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին՝ Մարությանը, իր խոսքով, քաղաքապետի դեմ արշավը խիստ բացասական է գնահատում՝ նշելով, որ եթե դրա պատճառը նրա կուսակցական չլինելն է, դա երիցս անհեթեթ է, քանի որ «ՔՊ»-ի առաջադրած նոր թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, որն այժմ Երեւանի փոխքաղաքապետն է, նույնպես կուսակցական չէ. «Կարծեմ թե ընտրություններում մեծ նշանակություն ունի առաջին համարը, «ՔՊ»-ն որպես առաջին համար ներկայացրել էր պարոն Մարությանին, սրանով ամեն ինչ ասված է»,- մեր զրույցում նշեց նա։ Թե որքանով են իրականությանը մոտ այն պնդումները, ըստ որոնց՝ քաղաքապետն ինքն է լարել հարաբերությունները խմբակցության հետ, Արփենիկ Մարությանը պատասխանեց. «2018 թվականի հոկտեմբեր ամսից եմ ավագանու անդամ, պարկեշտ կլինի խոսել հարաբերությունների մասին այդ պահից սկսած մինչեւ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Հարաբերությունները ջերմ եւ կառուցողական էին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների նիստերին սկսվեցին պրոբլեմներ։ Չմանրանալով՝ ասեմ, որ այն Ժամանակ դա կարեւոր չէր թվում՝ մինչեւ ավտոբուսների գնման հարցը։ Մինչ այդ պահը հարաբերությունները ավագանու եւ քաղաքապետի միջեւ գնահատում եմ կառուցողական»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, քաղաքապետը չի լարել հարաբերությունները։  Նշենք, որ Արփենիկ Մարությանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ մանդատը վայր է դնում, քանի որ ամուսնացել է եւ մեկնում է ամուսնու մոտ՝ Փարիզ։  Վաղը Երեւանի ավագանին քննարկելու է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ խմբակցությունն ապահովել է ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը՝ «փորձ է արվել տապակել որոշման ընդունումը», քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
23:46 - 21 դեկտեմբերի, 2021
Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը

Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը

Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը։ Ստորեւ ներկայացնում ենք նրանց անունները։ 1. Արմեն Գալջյան, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար2. Լևոն Հովհաննիսյան, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար3. Արմեն Կոտոլյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ4. Ավետիս Գասպարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ5. Արթուր Մայիլյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ6. Նուարդ Վարդանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ7. Վիլեն Գայֆեջյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ8. Վազգեն Դարբինյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ9. Արման Բաբաջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ10. Անահիտ Ասատրյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ11. Ասքանազ Աբրահամյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ12. Արման Անտոնյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ13. Կարինե Բաղդասարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ14. Տիգրան Գալստյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ15. Զարուհի Աղաջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ16. Արմեն Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ17. Ռուբեն Սիմոնյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ18. Գայանե Եղիազարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ19. Մարատ Թոխյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ20. Տիգրան Խաչատրյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ21. Լիլիթ Կիրակոսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ22. Արման Հարությունյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ23. Դավիթ Զախարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ24. Սերգեյ Ապրեսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ25. Աշոտ Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ26. Արմեն Ղալեչյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ27. Դիանա Քերոբյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ28. Էդուարդ Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ29. Մարլենա Ստեփանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ30. Լուսինե Գևորգյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ31. Աննա Պապյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ32. Վահե Օհանջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ33. Հայկ Միրզոյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ34. Աշոտ Մնացականյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ35. Անուշ Քլոյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ36. Ռաֆայել Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ37. Հասմիկ Խաչունց, «Իմ քայլը» խմբակցության անդամ38. Արմեն Ներսիսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ39. Մարկոս Հարությունյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ40. Միքայել Մանրիկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ41. Լյուդմիլա Սարգսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ42. Անի Խաչատրյան, «Լույս» խմբակցության անդամ43. Հակոբ Մելիքյան «Իմ քայլը» խմբակցության անդամ44. Հրաչյա Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայարփի Բաղդասարյան
14:31 - 21 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու նիստը չկայացավ․ Մարությանը հայտնեց, որ շատ հարցերի պատասխաններ կհնչեն արտահերթ նիստի ժամանակ

Երևանի ավագանու նիստը չկայացավ․ Մարությանը հայտնեց, որ շատ հարցերի պատասխաններ կհնչեն արտահերթ նիստի ժամանակ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր պետք է տեղի ունենար Երևան քաղաքի ավագանում հերթական նիստը։ Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին» Ավագանու նիստին ներկա էր ութ անդամ, ինչի հետևանքով քվորում չապահովվեց, և նիստն ընդմիջվեց։ Դարձյալ հավաքվելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ նիստը համարում են չկայացած։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Մարությանի հայտարարությունից հետո ասաց, որ իր համար «առնվազն տարակուսելի է, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը չմիացած մարդիկ ներկա չեն նիստին․ «Որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր պաշտպանել են ձեզ (Հայկ Մարությանին- խմբ․), կարծում եմ՝ հիմա պետք է այստեղ լինեին»։ Մարությանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, միգուցե աշխատանքի են։ Ավագանու անդամն Վահե Գրիգորյանն էլ կարճ ելույթ ունեցավ․ «Ուզում եմ մեր կոլեգաներին հիշեցնել, որոնք այդպես էլ չկարողացան համոզել, ուղղակի փորձում են տեխնիկապես հարցը լուծել։ Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին Սերժ Սարգսյանն էլ տեխնիկապես մտավ ԱԺ, և ուղղակի թվաքանակով ընտրվեց վարչապետ»։ Իզաբելլա Աբգարյանն էլ, անդրադառնալով Խաժակյանի խոսքին, ասաց, որ թյուրիմացություն է եղել, և շատերը մտածել են, որ «Իմ քայլի» հայտարարությունը նիստը չկայանալու մասին է։ Նա նաև հարց ուղղեց Հայկ Մարությանին՝ նշելով, թե վերջինս ինչու չի դիմում երևանցիներին, որոնք նրան ընտրել են քաղաքապետ։ Մարությանն էլ արձագանքեց, որ դա նիստի օրակարգում չէ, և այդ հարցերի պատասխանները կհնչեն վաղը կայանալիք արտահերթ նիստի շրջանակում։ Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։ 
12:02 - 21 դեկտեմբերի, 2021
Պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու մասի

Պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու մասի

Մենք չենք միացել այդ նախաձեռնությանը, որովհետև այն պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են, ավելի շատ ներքաղաքական խնդիրներից են բխում։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու պատճառներին։ «Մենք այդտեղ վերապահում որպես այդպիսին չունենք և գտնում ենք, որ եթե իրենք նոր այս պատճառաբանություններով ցանկանում են փոփոխություն իրականացնել, ապա դա իրենց իրավունքն է, մենք այդտեղ անելիք չունենք»։ Խաժակյանն ընդգծեց նաև, որ որպես ավագանու անդամներ կրկին հանձնառու են վերահսկել նոր քաղաքապետի գործունեությունը․ «Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը գոնե այն մասով, որքանով մենք փոխհարաբերվել ենք քաղաքային տնտեսության վերաբերյալ, ցուցաբերել է բանիմացություն և հույս հայտնեմ, որ մենք առնվազն որևէ մասով հետընթաց եղած վիճակից չենք ունենա»։ Նա նաև հիշեցրեց, որ Հայկ Մարությանի գործունեության արդյունավետության վերաբերյալ վերջին տարիներին շատ է խոսել․ «Ես մշտապես հայտարարել եմ և թվերով էլ ի ցույց եմ դրել, որ այն կառավարումը, որը իրականացվել է,  ձախողված կառավարում է եղել, մենք տեսնում ենք նաև, որ այդ ձախողումը արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության մեջ, այլ նաև քաղաքական փոխհարաբերությունների մեջ, որովհետև Երևանի ավագանին քաղաքական մարմին է, Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է։ Ես նաև հասկանում և ընդունում եմ, որ մեր քաղաքացիներից շատերի համար այս տրամաբանությունը անընկալելի է և այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Մարությանի գործունեությունը դրական անդրադարձ է ունեցել, իրենք չեն հասկանում իշխանության՝ քաղաքապետի փոփոխության շարժառիթները, բայց այդուհանդերձ ֆիքսենք, որ քաղաքապետը առաջնային մանդատ չունի և ավագանին, այո, կարող է այդ փոփոխությունը իրականացնել»։ Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը օրեր առաջ հայտարարել էին, որ չեն միանալու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։   
10:50 - 21 դեկտեմբերի, 2021