Թուրքական Pegasus ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Երևան չվերթներ իրականացնել
10:20 - 24 դեկտեմբերի, 2021

Թուրքական Pegasus ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Երևան չվերթներ իրականացնել

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն ասել է, որ Հայաստան-Թուրքիա թռիչքները շուտով կվերսկսվեն։ Հեռուստաալիքներից մեկում հայտարարություն անելիս Քարաիսմալիօղլուն նշել է, որ Pegasus ավիաընկերությունը պատրաստվում է դեպի Հայաստան չվերթներ իրականացնել։

Նախարարն ընդգծել է, որ կա նաև հայկական ավիաընկերություն, որը ցանկանում է թռիչքներ իրականացնել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր․ «Անկարան կդիտարկի թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ: Թուրքական կողմի վերաբերմունքն այդ հարցին դրական է»: 

Դեկտեմբերի 21-ին հայտնի էր դարձել, որ «Flyone Armenia» ընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային թռիչքներ իրականացնելու թույլատվության համար դիմել է Թուրքիայի ավիացիոն իշխանություններին։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ավիաընկերությունը կիրականացնի թռիչքները։

Այս տարվա դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ շուտով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ, եւ Երեւանի հետ կբացվեն չարտերային թռիչքներ։ Այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով․ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ 

Երկու կողմից էլ արդեն նշանակվել են ներկայացուցիչներ․ թուրքական կողմից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել