Դանիա

«Հյուսիսային հոսք» գազատարներից արտահոսքը պայթյունների հետևանք է

 |factor.am|

«Հյուսիսային հոսք» գազատարներից արտահոսքը պայթյունների հետևանք է |factor.am|

factor.am: «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների  պայթյունները կանխամտածված  դիվերսիա են եղել․ այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Դանիայի և Լեհաստանի վարչապետներին։ «Համապատասխան գերատեսչությունների գնահատականն այժմ միանշանակ է. սա կանխամտածված գործողությունների արդյունք է: Սա պատահականություն չէ»,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ իշխանությունները «դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող էր կանգնած լինել այս ամենի հետևում»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները հետաքննում են, և «որոշ ապացույցներ վկայում են դիվերսիայի հնարավորության մասին»։ Դանիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Դեն Յորգենսենը հաստատել է երկրաբանների այն տեղեկությունները, որ գազատարների վրա արտահոսք է գրանցվել՝ ընդգծելով, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներով խողովակները գտնվում են ծովի խորքում, իսկ արտահոսքի չափերը վկայում են այն մասին, որ դա չէր կարող  լինել վթար, օրինակ, նավի խարսխի պատճառով։
11:17 - 28 սեպտեմբերի, 2022
Դանիան միացել է ԵՄ պաշտպանական քաղաքականությանը

Դանիան միացել է ԵՄ պաշտպանական քաղաքականությանը

Դանիան միացել է Եվրամիության պաշտպանական քաղաքականությանը։ Այս մասին, ինչպես նշված է ԵՄ դիվանագիտական գերատեսչության կայքում, հայտնել է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դանիան միացել է եվրոպական պաշտպանական քաղաքականությանը։ Դանիայի արտգործնախարարը մեզ է փոխանցելու փաստաթուղթն այն մասին, որ դանիացիներն ուզում են Եվրամիության օգնությամբ ավելացնել իրենց պաշտպանական ներուժը», - ասել է Բորելը։ Դանիայում հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվել ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիացիների երկու երրորդը կողմ է արտահայտվել ծրագրին միանալուն։ Դանիան ԵՄ միակ պետությունն էր, որը չէր մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։ Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում էր 1993 թ-ից։ Այն նշանակում էր, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չէր մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:37 - 20 հունիսի, 2022
Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում այսօր՝ հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվում ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիայի շուրջ 4,3 մլն քաղաքացի որոշում է այն բացառություններից հրաժարվելու հարցը, որոնք երկրին թույլ են տալիս չմասնակցել ԵՄ Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը (CSDP), հայտնում է DW-ն։ Այս բացառությունների չեղարկմանը կողմ է արտահայտվել 14 քաղաքական կուսակցություններից 11-ն, այդ թվում՝ իշխող սոցիալ-դեմոկրատները։ Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան ուշ երեկոյան։ Հանրաքվե անցկացնելու որոշման մասին մարտի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 10 օր անց, հայտարարել էր երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այն բանից հետո, երբ հինգ առաջատար քաղաքական կուսակցություններ պայմանավորվել էին երկրի անվտանգության քաղաքականության փոփոխման մասին։ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԵՄ միակ պետությունն է, որը չի մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։ Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում է 1993 թ-ից, այն ընդունվել է, երբ դանիացիները հանրաքվեին մերժել են ԵՄ հիմնադրման մասին Մաաստրիխտի պայմանագիրը։ Այս բացառությունը նշանակում է, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չի մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։ Նորա Վանյան
15:16 - 01 հունիսի, 2022
Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է դանիացի յոթ դիվանագետների

Ռուսաստանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Դանիայի դեսպանատան յոթ աշխատակիցների՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման և «Կիևին Դանիայի իշխանության կողմից ռազմական օգնության տրամադրման», գրում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ կարող է միջոցներ ձեռնարկել՝ «ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների»։ «Ռուսական կողմից նշվել է, որ թագավորության բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Բացի դրանից, գերատեսչությունը հավելել է, որ հրաժարվել է վիզա տրամադրել Դանիայի դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկին։ Ապրիլի 5-ին Դանիան արտաքսել էր Դանիայում ՌԴ դեսպանատան և Կոպենհագենում Առևտրային ներկայացուցչության 15 աշխատակիցների։ Երկիրը նրանց մեղադրել էր լրտեսության համար։   Նորա Վանյան
15:07 - 05 մայիսի, 2022
Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին

Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին

Մի շարք եվրոպական երկրներ այսօր հայտարարել են ռուսաստանցի դիվանագետներին վտարելու մասին։ Դանիայի արտգործնախարար Եպե Կուֆուդը հայտարարել է, որ իր երկիրը վտարում է 15 ռուսաստանցի դիվանագետների։ Դանիան միանում է Եվրամիության մյուս երկրներին, որոնք համանման քայլեր են ձեռնարկել ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ տարեսկզբին Դանիայի Անվտանգության և հետախուզության ծառայությունն իր զեկույցում հայտնել էր, որ ռուսական դեսպանատան աշխատակիցներից ոմանք լրտեսությամբ են զբաղվում։ Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսաստանցի 30 դիվանագետների վտարելու մասին, գրում է «Կոմերսանտը»։ Երկրի արտգործնախարար Լուիջի դի Մայոն ասել է, որ այս քայլն անհրաժեշտ էր երկրի ազգային անվտանգության հետ կապված պատճառներով և ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Շվեդիան նույնպես միացել է եվրոպական մյուս երկրներին և լրտեսության համար վտարել ռուսաստանցի երեք դիվանագետի։ «Պատճառն այն է, որ նրանք հավատարիմ չեն Վիեննային կոնվենցիային և հետախուզական տվյալների հավաքագրման ապօրինի գործունեություն են իրականացնում», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Շվեդիայի արտգործնարար Ան Լինդեն։   Նորա Վանյան
16:10 - 05 ապրիլի, 2022
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

 Երևանում hոկտեմբերի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ «Կողմերն անդրադարձան Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նշվում է, որ այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
19:54 - 11 հոկտեմբերի, 2021