Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին
16:10 - 05 ապրիլի, 2022

Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին

Մի շարք եվրոպական երկրներ այսօր հայտարարել են ռուսաստանցի դիվանագետներին վտարելու մասին։

Դանիայի արտգործնախարար Եպե Կուֆուդը հայտարարել է, որ իր երկիրը վտարում է 15 ռուսաստանցի դիվանագետների։ Դանիան միանում է Եվրամիության մյուս երկրներին, որոնք համանման քայլեր են ձեռնարկել ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ տարեսկզբին Դանիայի Անվտանգության և հետախուզության ծառայությունն իր զեկույցում հայտնել էր, որ ռուսական դեսպանատան աշխատակիցներից ոմանք լրտեսությամբ են զբաղվում։

Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսաստանցի 30 դիվանագետների վտարելու մասին, գրում է «Կոմերսանտը»։ Երկրի արտգործնախարար Լուիջի դի Մայոն ասել է, որ այս քայլն անհրաժեշտ էր երկրի ազգային անվտանգության հետ կապված պատճառներով և ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

Շվեդիան նույնպես միացել է եվրոպական մյուս երկրներին և լրտեսության համար վտարել ռուսաստանցի երեք դիվանագետի։

«Պատճառն այն է, որ նրանք հավատարիմ չեն Վիեննային կոնվենցիային և հետախուզական տվյալների հավաքագրման ապօրինի գործունեություն են իրականացնում», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Շվեդիայի արտգործնարար Ան Լինդեն։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել