Սվետլանա Տիխանովսկայա

Սվետլանա Տիխանովսկայա, բելառուս քաղաքական գործիչ, Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու՝ 2020 թվականի ընտրություններում։

2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Միկաշևիչի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Մոզիրի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է «Օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն)» մասնագիտությամբ:

Համալսարանն ավարտելուց հետո ապրել է Գոմել քաղաքում։ Աշխատել է որպես անգլերենի թարգմանիչ տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից տուժածներին օգնելու նպատակող հիմնադրված՝ «Chernobyl Life Line» բարեգործական կազմակերպությունում։

2020 թվականի մայիսի 15-ին ԿԸՀ-ի՝ Սերգեյ Տիխանովսկու՝ իր ամուսնու, նախաձեռնող խմբի գրանցման մերժումից հետո, Սվետլանա Տիխանովսկայան ԿԸՀ է ներկայացրել իրեն որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբի գրանցման փաստաթղթերը:

2020 թվականի մայիսի 20-ին ԿԸՀ-ն Լիդիա Երմոշինայի գլխավորությամբ գրանցել է Սվետլանա Տիխանովսկայի նախաձեռնող խումբը: Տիխանովսկայի շտաբի ղեկավար է դարձել Սերգեյ Տիխանովսկին։ 2020 թվականի մայիսի 29-ին Գրոդնո քաղաքում տեղի է ունեցել ստորագրահավաք Սվետլանա Տիխանովսկայի՝ որպես Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու համար, որի արդյունքում ձերբակալվել են Սերգեյ Տիխանովսկին և ուրիշները: 

Սվետլանա Տիխանովսկայայի համար ստորագրահավաքի հետագա պիկետները հերթեր էին հավաքում Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում: Նրա նախաձեռնող խմբի անդամների վրա ճնշում է գործադրվել, համակարգողներին և ակտիվիստներին ձերբակալել են ողջ Բելառուսում, իսկ 2020 թվականի մայիսի 15-ին ձերբակալվել է նախաձեռնող խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կաբանովը:

2020 թվականի հունիսի 11-ին Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ հունիսի 12-ին, 13-ին և 14-ին Մինսկում և մարզային քաղաքներում ստորագրահավաքի պիկետները չեղյալ է հայտարարում այն մտավախությամբ, որ այնտեղ կարող են սադրանքներ տեղի ունենալ իր նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ: Պիկետների արդյունքում ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքվել՝ հաջակցություն Սվետլանայի:

2020 թվականի հունիսի 16-ին, տարածաշրջանային հանձնաժողովներում ստորագրաթերթերը հանձնելու համար Բելառուսի տարածքով ուղևորության ժամանակ, Սվետլանա Տիխանովսկայան հեռախոսազանգ է ստացել, որտեղ անհայտ անձը խնդրել է նրան չշարունակել մասնակցությունը նախագահական քարոզարշավին՝ սպառնալով Սվետլանային և իր երեխաներին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել մասնակցությունը ընտրություններին: Հունիսի 30-ին Տիխանովսկայան փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ՝ նախագահի թեկնածու գրանցվելու համար:

2020 թվականի հուլիսի 19-ին Մինսկում կայացել է առաջին հանդիպումը Բանգալորի հրապարակում, որտեղ հավաքվել է մոտ 7-10 հազար մարդ:

2020 թվականի հուլիսի 20-ին Տիխանովսկայան առաջին անգամ ելույթ է ունեցել պետական ռադիոյի եթերում, որտեղ ելույթի սկզբում կարճ պատմել է իր կենսագրության մասին, ինչպես նաև հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մոտիվացիաներից մեկը եղել է նրա ամուսնու՝ Սերգեյ Տիխանովսկու ձերբակալությունը, որը հանդես էր գալիս «Страна для жизни» (ռուս.՝ Երկիր կյանքի համար) նախագծի շրջանակներում:

2020 թվականի հուլիսի 30-ին Մինսկի Ժողովուրդների բարեկամության այգում տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի պաշտոնական պիկետը, որին մասնակցել է շուրջ 63 հազար մարդ, ինչը 1991 թվականից ի վեր դարձել է երկրում տեղի ունեցած ամենազանգվածային հանրահավաքը:

Ընտրություններում, ըստ մամուլի հրապարակումների, Տիխանովսկայան հաղթանակ է տարել, սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ ընտրվել է Բելառուսի այդ ժամանակ էլ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից |tert.am|

Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից |tert.am|

tert.am: Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ շաբաթ իրեն նույն կերպ դուրս են բերել երկրից, ինչպես և նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: «Այսօր ինձ դուրս են բերել Բելառուսից, ինչպես Սվետլանա Տիանովսկայային: Սա վատ սովորությունն է դառնում իշխանությունների համար՝ բելառուս քաղաքացիներին դուրս անել կամ չթողնել մեր երկիր», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Կովալկովան մամլո ասուլիսի ժամանակ: «Իշխանությունները չեն կարող դուրս անել երկրից ողջ ժողովրդին: Ուրիշ ժողովուրդ այս երկիրը չունի և չի ունենա»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ հայտնելով շուտով վերադառնալու մտադրության մասին: Վերջին շաբաթներին իր հետ բանտում տեղի ունեցածը Կովալկովան անվանել է կտտանքներ: Նրա խոսքով՝ իրեն սպառնացել են: «Բանտում ես վատացել էի, խնդրեցի շտապ օգնություն կանչել, սակայն դրա փոխարեն եկան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ կամ ինձ դուրս կհանեն երկրից, կամ ես երկար կմնամ բանտում»,- հավելել է Տիխանովկայայի աջակիցը:  Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ Կովալկովան հեռացել է երկրից և գտնվում է Վարշավայում: 
21:42 - 05 սեպտեմբերի, 2020
Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար |tert.am|

Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար |tert.am|

tert.am: Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների համար։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է ria.ru-ն։ «Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը բռնության դադարեցման համար գործի դնել ամբողջ մեխանիզմը, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք ընտրախախտումներ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել»,-հայտարարել է նա։ Տիխանովսկայայի խոսքով՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «այլևս Բելառուսի ներկայացուցիչը չէ»։ «Բելառուս ժողովուրդը օրինապաշտ, խաղաղասեր և պատասխանատու մարդիկ են, որոնք ունեն արժանապատվության բարձր զգացում»,- նշել է նա և հավելել, որ բելառուսները պատրաստ են երկխոսության «բոլոր այն երկրների հետ, որոնք հարգում են Բելառուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Բացի այդ, նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ ՄԱԿ-ը որքան հնարավոր է շուտ պետք է Բելառուս ուղարկի միջազգային դիտորդների խումբ՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համար:
10:19 - 05 սեպտեմբերի, 2020
Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա |shantnews.am|

Ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը Բելառուս ծանր հետևանքներ կունենա․ Տիխանովսկայա |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ռուսական հատուկ ջոկատայինների մուտքը երկիր ծանր հետևանքներ կունենա: Այս մասին հայտնել է rbc-ն: «Մենք բոլոր երկրներից պահանջում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, միևնույն ժամանակ մենք չափազանց մտահոգված ենք Պուտինի հայտարարություններով՝ ռուսական հատուկ ջոկատայիններին Բելառուս ուղարկելու վերաբերյալ: Դա կլինի Բելառուսի ինքնիշխանության լուրջ խախտում և ծանր հետևանքներ կունենա Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների համար»,- հայտարարել է Տիխանովսկայան: Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով իրավապահների պահուստային խումբ է ստեղծվել`անհրաժեշտության դեպքում Բելառուս ուղարկելու համար:
10:50 - 01 սեպտեմբերի, 2020
Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում և ԵԽԽՎ նիստում |shantnews.am|

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում և ԵԽԽՎ նիստում |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ով այժմ գտնվում է Լիտվայում, առաջիկա օրերին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդդիմադիր գործիչը ելույթ կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ ԵԽԽՎ նիստում՝ սեպտեմբերի 8-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալու հրավեր ստանալու համար հարկավոր է ԱԽ-ի բոլոր անդամների համաձայնությունը։«Այն հարցին, թե ինչ օգնություն են նա և Բելառուսը ակնկալում միջազգային հանրությունից, Սվետլանան ասում է, որ մենք բոլորին խնդրում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավորներ և հարգել Բելառուսի ժողովրդի կամքը», – հաղորդել է գործչի մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ միջազգային հանդիպումների ժամանակ Տիխանովսկայան ընդգծում է, որ Բելառուսի ժողովրդի ընտրությունը պաշտպանելուն ուղղված ցույցերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, իսկ ճգնաժամից դուրս գալու լավագույն տարբերակը բանակցություններն են։«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման մասին բանակցությունների հասնելը հենց բելառուսցիների պատասխանատվությունն է, սակայն դրանք սկսելու համար մենք չենք հրաժարվում միջազգային աջակցությունից։ Սա աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ, սա քաղաքական ճգնաժամ է երկրի ներսում։ Բելառուսի ժողովուրդը ցանկանում է ընտրել երկրի նոր ղեկավարի։ Եվ նրանք իրավունք ունեն անել դա ինքնուրույն», – նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նախկին թեկնածուի խոսքերը։ Հաղորդագրությունում նաև նշվում է, որ բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական օժանդակություն ցույցաբերել Բելառուսի տնտեսության վերականգնման և զարգացման համար, նպաստել ներդրումներին և նոր տեխնոլոգիաներին այն բանից հետո, երբ երկրում ազատ ընտրություններ կայանան։
15:05 - 31 օգոստոսի, 2020
Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո |tert.am|

Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների սեղանի շուրջ նստել փողոցում հավաքված «խռովարար երիտասարդների» հետ, բայց նա պատրաստ է աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների հետ երկխոսություն վարել, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխությունների շուրջ, գրում է ria.ru-ն: «Ուստի, բոլոր աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների ներկայացուցիչներ, եկե՛ք նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ե՛վ գյուղացիներն իրենց խոսքի իրավունքն ունեն, և՛ բանվորներն են ուզում իրենց խոսքն ասել, և ՛ ձեռնարկությունների մասնագետները, և՛ ուսուցիչները, և՛ բժիշկները։ Այլ ոչ թե խռովարար երիտասարդները, որոնք քայլում են փողոցներով ու գոռում, թե իրենք երկխոսություն են ուզում։ Նրանք ոչ մի երկխոսություն չեն ուզում։ Եվ փողոցում հավաքվածների հետ իշխանություններից ոչ ոք բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել նաև Սահմանադրության նորացման շուրջ։ Լուկաշենկոն նշել է, որ դա է «իր հստակ պատկերացումը և հայտարարությունն» այն մասին, թե ում հետ է պատրաստ երկխոսություն վարել։ «Եթե ընդդիմությունում կան առողջ դատող մարդիկ, որոնք իրենց երկիրը տեսնում են ազատ ու անկախ, ապա դուք կարող եք արտահայտել ձեր դիրքորոշումը, բայց ոչ փողոցում։ Բելառուսում փողոցների ճնշման տակ երկխոսություն չի լինի»,- ընդգծել է պետության ղեկավարը:
16:38 - 27 օգոստոսի, 2020
«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու |tert.am|

«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն մարում, և հավաստիացրել է, որ ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են մինչև վերջ գնալ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։  «Ցույցերը չեն մարում, իրենց հունով ընթանում են։ Իհարկե, շաբաթվա ընթացքում ալիքը կարող է մի փոքր նվազել, սակայն հանգստյան օրերին ամեն բան կվերադառնա իր հունին։ Եվ հիմնական պատճառն այն է, որ մարդիկ այլևս պատրաստ չեն նախկին նախագահին ընդունել, այլևս չեն վստահում նրան, մենք գնալու ենք մինչև հաղթանակ»,-հայտարարել է Տիխանովսկայան «Մոսկվայի արձագանքը» (Эха Москвы) ռադիոկայանի եթերում։  Գործիչը նաև խոստացել է, որ երկրում ցույցերը խաղաղ բնույթ են կրելու։  «Բելառուսները խաղաղ բնակիչներ են, և մենք այդ սահմանը որևէ դեպքում չենք անցնելու։ Մարդիկ մի բան են ուզում, որ Լուկաշենկոն հեռանա, և մենք դրան խաղաղ ցույցերի ու գործադուլների միջոցով կհասնենք»,- ընդգծել է նա։
15:38 - 27 օգոստոսի, 2020
«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա». Տիխանովսկայա |tert.am|

«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա». Տիխանովսկայա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։ Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ակտիվիստները ոչ արևմտամետ են, ոչ էլ հակառուսական տրամադրություններ ունեն․ իրենց երկիրն ինքնիշխան է։ «Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք։ Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա»,- ասել է նա։ Հարցին, թե մեկ տարի առաջ կզարմանար, եթե իրեն տեսներ այն կարգավիճակում, որում այսօր հայտնվել է, նա ժպիտով դրական պատասխան է տվել։ «Իհարկե։ Ես իմ մեջ այնպիսի ուժ գտա, որը չէի կարող պատկերացնել, որ ունեմ»,- պատասխանել է նա։
10:46 - 26 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և հայտնել իշխանությունների հետ երկխոսելու պատրաստակամության մասին |tert.am|

Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և հայտնել իշխանությունների հետ երկխոսելու պատրաստակամության մասին |tert.am|

tert.am: Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։  Նա նշել է, որ ընտրություններից հետո հազարավոր բելառուսներ դուրս են եկել աննախադեպ մասշտաբի հասնող բողոքի խաղաղ ցույցերի: Երկրի իշխանությունները, ըստ Տիխանովսկայայի, դրան պատասխանել են բռնություններով: «Առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են», - ասել է նա: Տիխանովսկայան հայտարարել է նաև, որ Բելառուսում «խաղաղ հեղափոխություն» է տեղի ունենում, և կոչ է արել Եվրամիությանը և աշխարհի բոլոր երկրներին հարգել իրենց հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։  Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։  «Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։
16:47 - 25 օգոստոսի, 2020
ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ |tert.am|

ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցը հանդիպել է Տիխանովսկայայի հետ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը Լիտվայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով գրում է barrons.com-ը։ «Պետքարտուղարի առաջին տեղակալը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես քաղաքացիական հասարակությունը կարող է երկրում ամրապնդել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բիգենը նաև հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև «երկրի ժողովրդի՝ սեփական առաջնորդներին ընտրելու և իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքին»։ «Նա շատ տպավորիչ անձնավորություն է, և ես հասկանում եմ, թե ինչու է այդքան հայտնի իր երկրում»,- Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին ասել է Պետքարտուղարության աշխատակիցը։ Նշվում է, որ Լիտվա կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է նաև երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լինաս Լինկյավիչուսի և Ռայմունդաս Կարոբլիսի հետ, որպեսզի նրանց հետ քննարկի Բելառուսի ճգնաժամը, «Ռուսաստանի և ՉԺՀ-ի կողմից սպառնալիքների դիմակայությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումը»։
10:25 - 25 օգոստոսի, 2020
Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա |tert.am|

Պետքարտուղարությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենն օգոստոսի 24-27-ն այցով կմեկնի Ռուսաստան, Լիտվա և Ուկրաինա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հաղորդել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը: «Պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը կուղևորվի Վիլնյուս, Մոսկվա և Կիև, որպեսզի հանդիպի այդ երկրների ղեկավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 27-ին Բիգենը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք՝ հանդիպելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ իր գործընկերների հետ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ օգոստոսի 24-ին Լիտվայում հանդիպում է ունենալու Բիգենի հետ:
22:07 - 23 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Տիխանովսկայան հայտարարել է, որ Լուկաշենկոն վաղ թե ուշ ստիպված կլինի հեռանալ

Բելառուսի ժողովուրդը թույլ չի տա, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերաբերվի իրեն այնպես, ինչպես նախկինում, և վաղ թե ուշ Լուկաշենկոն ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Այս մասին այսօր «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Բացի այդ՝ Տիխանովսկայան նշել է, որ վերջին շրջանում նա բազմաթիվ զանգեր է ստացել միջազգային առաջնորդներից, այդ թվում ՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի: Տիխանովսկայայի խոսքով՝  նա խնդրել է իր զրուցակիցներին սատարել բելառուս ժողովրդին և հարգել Բելառուսի ինքնիշխանությունը: Տիխանովսկայան ասել է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժած ցուցարարների մասին լուրերը ցնցել են նրան: Անդրադառնալով Բելառուսի և այլ երկրների հարաբերությունների ապագայի հարցին՝ նա նշել է, որ այդ  ոլորտում որոշումներ պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ բելառուս ժողովուրդը: Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում, որտեղ ստիպված է եղել ապաստանել Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, հավելել է, որ այս պահին իրեն ապահով է զգում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր հետ մի քանի թիկնապահ է շրջում:
21:33 - 22 օգոստոսի, 2020
«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում և չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տեսաուղերձ է հղել, գրում է meduza.io-ն: Նոր տեսաուղերձում նա կոչ է անում բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:   «Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,- ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»: «Գործադուլները բացարձակապես օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն և այդ պատճառով վախեցնում են ձեզ: Թողե՛ք վախը բռնապետությանը, հիշե՛ք՝ դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը»,- ասել է նա: Գործիչը նշել է, որ իրենց նպատակը բռնությունը դադարեցնելն է, քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նոր, թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը: 
11:04 - 21 օգոստոսի, 2020
Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |tert.am|

Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |tert.am|

tert.am: Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հանդիպել է Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ․ այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։  Կառավարության ղեկավարը հրապարակման մեջ հերթական անգամ ընդգծել է, որ Մերձբալթյան երկրները պատրաստ են Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցել, և հույս է հայտնել, որ Տիխանովսկայայի երեխաները Մինսկում կալանքի տակ գտնվող իրենց հորը շուտով գրկելու հնարավորություն կունենան։ Սկվերնյալիսը նշել է, որ Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն ամենը, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ այժմ Բելառուսում ազգային զարթոնք է նկատվում, ինչին Վիլնյուսը միայն աջակցում է։ Պաշտոնյան հավելել է, որ «ազատ հանրության ձևավորման ճանապարհը հեշտ չի լինելու և վճռականություն է պահանջելու»։ 
15:39 - 20 օգոստոսի, 2020
Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմադիր համակարգող խորհուրդը գործող իշխանություններին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել նախագահական ընտրութjուններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան: «Համակարգող խորհուրդը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը անհապաղ բանակցություններն են, ինչպես նաև օրինականության վերականգնման մեխանիզմների մշակումն ու նոր ընտրությունների անցկացումը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կովալկովան: Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երեկ ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, որի մասնակիցները երկրի ՆԳՆ շենքի մոտից տեղափոխվել են Կառավարական տան մոտ: Այնտեղ նրանք շարունակել են խաղաղ հանրահավաքը: Նշվում է, որ իրավապահները չեն խոչընդոտում հավաքվածներին:
09:12 - 20 օգոստոսի, 2020
Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են. Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ |azatutyun.am|

Բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են. Լուկաշենկոն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Արդեն մոտ տասն օր է՝ Բելառուսում շարունակվում են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաները: Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ևս մեկ ցուցարարի մահվան մասին, ըստ անվտանգության ուժերի՝ նա մահացել է սովորական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: 19-ամյա Արտյոմ Պարուկովը, ըստ պաշտոնական վարկածի, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, որտեղ նրան հարվածել է Renault ավտոմեքենան: Նրա ծնողները չեն հավատում այս պատմությանը և համոզված են, որ երիտասարդը հայտնվել էր այդտեղ ինչ-որ մեկից փախչելիս: Հայտնի է առնվազն ևս երկու ցուցարարի մահվան մասին: Բելառուսցիները, չնայած անվտանգության ուժերի բռնություններին, շարունակում են բողոքի խաղաղ ցույցերը, որոնց ընթացքում կարողանում են ինքնակազմակերպվել՝ տուժածներին օգնելու, աղբը հավաքելու, երթևեկությունը կազմակերպելու գործերում: Երեկ նույնպես ընդիմության բազմահազարանոց ցույցերը շարունակվել են: Մինսկի կենտրոնում Անկախության հրապարակ է դուրս եկել մոտ 10 հազար մարդ: Նրանք երեկոյան հավաքվել են կառավարության շենքի մոտ: Բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Գրոդնոյում, Բրեստում և երկրի այլ քաղաքներում: Երեկ միաժամանակ իշխանությանն աջակցող ցույցեր են անցկացվել Գոմելում և Մոգիլյովում: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ընդդիմությանը իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ: Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ երկիրն արդեն շուրջ քառորդ դար ղեկավարող Լուկաշենկոն վերընտրվել է քվեների ավելի քան 80 տոկոսով:
11:20 - 19 օգոստոսի, 2020