Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո |tert.am|
16:38 - 27 օգոստոսի, 2020

Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների սեղանի շուրջ նստել փողոցում հավաքված «խռովարար երիտասարդների» հետ, բայց նա պատրաստ է աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների հետ երկխոսություն վարել, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխությունների շուրջ, գրում է ria.ru-ն:

«Ուստի, բոլոր աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների ներկայացուցիչներ, եկե՛ք նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ե՛վ գյուղացիներն իրենց խոսքի իրավունքն ունեն, և՛ բանվորներն են ուզում իրենց խոսքն ասել, և ՛ ձեռնարկությունների մասնագետները, և՛ ուսուցիչները, և՛ բժիշկները։ Այլ ոչ թե խռովարար երիտասարդները, որոնք քայլում են փողոցներով ու գոռում, թե իրենք երկխոսություն են ուզում։ Նրանք ոչ մի երկխոսություն չեն ուզում։ Եվ փողոցում հավաքվածների հետ իշխանություններից ոչ ոք բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել նաև Սահմանադրության նորացման շուրջ։

Լուկաշենկոն նշել է, որ դա է «իր հստակ պատկերացումը և հայտարարությունն» այն մասին, թե ում հետ է պատրաստ երկխոսություն վարել։

«Եթե ընդդիմությունում կան առողջ դատող մարդիկ, որոնք իրենց երկիրը տեսնում են ազատ ու անկախ, ապա դուք կարող եք արտահայտել ձեր դիրքորոշումը, բայց ոչ փողոցում։ Բելառուսում փողոցների ճնշման տակ երկխոսություն չի լինի»,- ընդգծել է պետության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել