Սուրիկ Խաչատրյան

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
 |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է քրեական գործը ՀՔԾ վարույթում գտնվելու ընթացքում։ Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու համար: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար. Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել: Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:
20:10 - 28 ապրիլի, 2021
Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. մեկն ազատվեց պատժի կրումից |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. մեկն ազատվեց պատժի կրումից |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը Հենրիկ Ավագյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանին՝ ՀՀ ՔՕ 235-րդ եւ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու մեջ: Գործով մեղադրող դատախազը ճառերի փուլում դատարանին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել հենց 12 տարի ազատազրկման: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մեղադրական դատավճիռ այս դատարանից սպասելի էր. «Ես անձամբ կուզեմ բողոքարկել, քանի որ այս գործով շատ ջանք ներդրեցի, որ արդարացման դատավճիռ լիներ, եւ ամեն ինչ տանում էր դրան, սակայն այս դատարանից, այս դատավորից սպասելի էր նման դատավճիռ, տեսնենք՝ իրենք ինչ կորոշեն»: Գործը Նապոլեոն Օհանյանին մակագրվելուց հետո պաշտպանական կողմը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ մարզպետ է աշխատել Սյունիքում, եւ կան ողջամիտ կասկածներ, որ դատավորի հետ որոշակի կապեր ունի: Միջնորդությունը, սակայն, մերժվել էր: Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանն էլ մեր զրույցում եւս հավանական համարեց դատավճռի հետագա բողոքարկումը. «Միանշանանակ կբողոքարկենք, դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո ավելի հստակ կասենք»: Պաշտպանական ճառով հանդես գալիս Գրիգորյանը միջնորդել էր իր պաշտպանյալին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը վերաորակել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով: Մեր հարցին՝ այսինքն այդ միջնորդությունը մերժվե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Դատավճիռը դեռ չունեմ, եզրափակիչն մասն է միայն հրապարկվել, ուստի չեմ կարող ասել՝ ինչ են պատճառաբանել վերաորակման հետ կապված»: Հենրիկ Ավագյանը պահվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ ապօրինի զենք-զինամթերքի հետապնդումը վերջերս դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ:  Ավելին՝ armtimes.com-ում
14:09 - 27 հուլիսի, 2020
Սուրիկ Խաչատրյանի 3 քրեական գործերից մնացել է 2-ը |hetq.am|

Սուրիկ Խաչատրյանի 3 քրեական գործերից մնացել է 2-ը |hetq.am|

hetq.am: Քննչական մարմիններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող 2 քրեական գործ կա, մեկը նախորդ տարի կարճվել է։ Այս մասին հարցման ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ Կարճվել է Խաչատրյանի՝ Երևանում կառուցած առանձնատանը վերաբերվող քրեական գործը։ Մեր հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով 1.5 տարվա ընթացքում իրավապահները հանգեցին այն եզրահանգմանը, որ Սուրիկ Խաչատրյանը այն ծավալի հարկ չի թաքցրել, որի համար քրեական պատասխանատվության ենթարկվի։ Հաշվարկվել է չվճարված 3.2 միլիոն դրամի գույքահարկ, որը Սուրիկ Խաչատրյանի որդիներից մեկը նախաքննության ժամանակ վճարել է։ Իրավապահներն այնպես են հաշվել, որ չվճարած գույքահարկը չի գերազանցել 4 միլիոն դրամը։ Գերազանցելու դեպքում Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու հարց կառաջանար։ Ըստ դատախազության՝ շինարարության նկատամբ քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնելու օրինական լիազրություն չեն ունեցել, քանի որ բացառություն կա օրենքում։ Սեփական հողում առանց թույլտվության բնակելի տուն կառուցելու դեպքում կառուցապատողին պատասխանատվության կանչելու գործիք չկա։ Հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացած Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի և հետախուզվում է իր ղեկավարած մարզի Ակներ և Նորավան համայնքների գույքերն օտարելու գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործերով։ ԱԱԾ-ում հարուցված և ՀՔԾ-ի վարույթում գտնվող քրեական գործի նյութերով, Նորավան համայնքին պատկանած 5 միլիոն դրամը գերազանցող խողովակները նախկին մարզպետի դրդմամբ, օրենքի խախտմամբ, տրվել է նրա եղբորը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:32 - 24 մարտի, 2020
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասով հարուցված քրգործը կարճվել է. Հանցակազմ չկար |panarmenian.net|

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասով հարուցված քրգործը կարճվել է. Հանցակազմ չկար |panarmenian.net|

panarmenian.net: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է, այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Առերևույթ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով քննված քրեական գործով կայացվել է նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականցնելու որոշում»,- նշեցին դատախազությունից: Սուրիկ Խաչատրյանի առանձնատան շինարարության վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել քաղաքապետարանի ներկա ու նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու փաստով։ Ըստ դատախազության՝ քննության արդյունքում պարզվել է, որ առանաձնատան շինարարությունը փաստացի ավարտվել է 2016-ի 4-րդ եռամսյակում, իսկ Խաչատրյանի որդու կողմից նախաքննության ընթացքում կատարվել է համապատասխան՝ 4.2 մլն դրամի առանձնատան գույքահարկի վճարում: Նշվում է նաև, որ 2018-ի հունիսի 15-ին Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ առանձնատան ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ: «Այսինքն՝ գույքահարկ չվճարելու ժամանակահատվածը տվյալ դեպքում հաշվարկվում է 2016-ի 4-րդ եռամսյակից մինչև 2018-ի 2-րդ եռամսյակ, որի պարագայում գույքահարկի չափը կազմում է 3,275,903 դրամ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամը գերազանցող հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու համար, ուստի այս առումով բացակայում է հանցակազմը»,-փոխանցում են դատախազությունից: Կառուցապատման ժամկետների խախտմամբ՝ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականությունների կատարման հետ կապված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց գործողությունների մասին խոսելով՝ դատախազությունից նշում են, որ իրավասու պաշտոնատար անձինք, համապատասխան իրավական նորմի բացակայության պայամաններում, իրականացրած կառուցապատման համար Սուրիկ Խաչատրյանի հանդեպ վարչական վարույթ հարուցելու և նրան վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն չեն ունեցել: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 և 2014-2016 թվականներին:
11:44 - 06 մարտի, 2020
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրգործը կարճվել է |news.am|

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրգործը կարճվել է |news.am|

news.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է։ Լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը կարճվել է 2019-ի դեկտեմբերին հանցակազմի բացակայության հիմքով․ «Կ. Ուլնեցու փողոցի 32/11 եւ 32/12 հասցեներում գտնվող առանձնատան գույքահարկի վճարումից Ս. Խաչատրյանի՝ առերեւույթ չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու եւ այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ չնախազգուշացնելով՝ առերեւույթ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով քննված քրեական գործով կայացվել է նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականցնելու որոշում»: Ըստ դատախազության՝ խորությամբ իրականացված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ առանաձնատան շինարարությունը փաստացի ավարտվել է 2016 թվականի 4-րդ եռամսյակում, իսկ Ս. Խաչատրյանի որդու կողմից նախաքննության ընթացքում կատարվել է համապատասխան՝ 4.212.000 ՀՀ դրամի առանձնատան գույքահարկի վճարում․ «Ընդ որում՝ պարզվել է, որ առանձանատան շինարարարությունը 2016 թվականի 4-րդ եռամսյակում ավարտելուց հետո, 2018թ. հունիսի 15-ին, այսինքն դեռեւս մինչեւ «Հետք»-ում այդ առանձնատան վերաբերյալ հրապարակումը եւ դրա հիման վրա ՀՀ դատախազության կողմից ուսումնասիրություններ սկսելը, Ս Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին՝ առանձնատան ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ: Այսինքն՝ գույքահարկ չվճարելու ժամանակահատվածը տվյալ դեպքում հաշվարկվում է 2016թ. 4-րդ եռամսյակից մինչեւ 2018թ. 2-րդ եռամսյակը, որի պարագայում գույքահարկի չափը կազմում է 3.275.903 ՀՀ դրամ: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն  է նախատեսում խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամը գերազանցող  հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու համար, ուստի այս առումով բացակայում է հանցակազմը: Ինչ վերաբերում է կառուցապատման ժամկետների խախտման առնչությամբ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու եւ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պարտականությունների կատարման հետ կապված Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց գործողություններին, ապա քննությամբ պարզվել է, որ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, մասնավորապես «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով կոնկրետ շինթույլտվությամբ նախատեսված սահմանված ժամկետների խախտմամբ շինարարություն իրականացնելու համար պատասխանատվության առումով նախատեսված է բացառություն սեփական հողատարածքի վրա անհատական բնակելի տների կառուցապատման պարագայում: Այսինքն նման պայմաններում կառուցապատողը չի հանդիսանում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական պատասխանատվության ենթարկակա սուբյեկտ: Հետեւաբար Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համապատասխան իրավական նորմի բացակայության պայամաններում օժտված չեն եղել իրականացրած կառուցապատման համար Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու եւ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ»։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան շինարարության վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել քաղաքապետարանի ներկա ու նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու փաստով։
21:16 - 05 մարտի, 2020
Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո, իսկ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան |tert.am|

Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո, իսկ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան |tert.am|

tert.am: Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացրել:  -Պարո՛ն Խաչատրյան,ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ Դուք որպես մեղադրյալ եք ներգրավվել, ձեզ կալանավորելու որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին, Դուք տեղյա՞կ էիք: -Այս պահին առողջական վիճակս թույլ չի տալիս Ձեր հարցին տալ ծավալուն մեկնաբանություն և մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի հայտարարությանը, բայց տեղյակ եղել եմ, բնականաբար: -Հաղորդագրությունում ասվում է, որ դուք Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին տվել եք ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Ինչի մասին է խոսքը, ի՞նչ խողովակներ են: Կեղծ աճուրդ կազմակերպելու մեջ ևս մեղադրվում եք: -Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել: -Կալանավորելու որոշում կա, Դուք հետախուզման մեջ եք, ներկայանալո՞ւ եք նախաքննական մարմնին, վերադառնալո՞ւ եք Հայաստան: -Հայաստանն իմ հայրենիքն է այլ բնակության վայր ես չունեմ, առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ, որոնք 30 էջից ավելի են: Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին տեղեկությունը:
13:54 - 20 նոյեմբերի, 2019
Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել

Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Մասնավորապես, պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա` այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը: Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ: Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին: 19.11.2019թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լավրենտիկ Առաքելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
07:26 - 20 նոյեմբերի, 2019
Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |hetq.am|

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |hetq.am|

hetq.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին «Հետքի » գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար: «Որոշում է կայացվել Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է մեր հարցման պատասխանում: Աշոտ Արսենյանի որդու` զինծառայությունից ազատվելու դեպքով քրեական գործ է հարուցվել:Տեղեկացնենք, սակայն, որ քրեական գործը չի կարճվել, քանի որ քրեական գործում ներգրավված է նաև Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին` Տիգրան Խաչատրյանը: Իրավապահ մարմինները վերջինիս ևս ներգրավել էին քրեական գործում` զինծառայությունից ազատման առերևույթ կեղծված փաստաթղթերի կասկածանքով: Տիգրան Խաչատրյանը հետախուզման մեջ է: Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու դեպքով մեղադրանք է առաջադրվել:Մենք հարցում էինք հղել նաև այլ նախկին ու ներկա պաշտոնյաների որդիների ներգրավմամբ հարուցված քրեական գործերի մասին, սակայն այդ գործերով դեռևս որևէ նորություն չկա, բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է:
14:55 - 25 հոկտեմբերի, 2019
Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար |hetq.am|

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար |hetq.am|

hetq.am։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար:Դեռևս նախորդ տարի՝ օգոստոսի 10-ին, Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակվել էր համալիր դատաբժշկական, դատահոգեբուժական ստացիոնար և ռազմաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Մենք հետաքրքվել էինք, թե արդյոք մեկ տարի անց փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն և այդ տվյալների հիմա վրա հնարավո՞ր է արձանագրել, որ Խաչատրյանը զինծառայությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքով:«Տրդատ Խաչատրյանը համաձայն դատաբժշկական, ստացիոնար դատահոգեբանական և ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փորձաքննության եզրակացության, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ինչ վերաբերում է Տրդատ Խաչատրյանի՝ զինվորական ծառայությունից օրինական կերպով ազատված լինելու հարցին, ապա այն ենթակա է գնահատման քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ընթացքում»,- ասված է հարցման պատասխանում: Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ գործով նախաքննությունը շարունակվում է: Տրդատ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, թե ինչպես է ստացվել, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի պարտադիր զինծառայության համար: «Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետևյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:Նշված դեպքին ես մասնակից եմ եղել և վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»,- գրել էր Տրդատ Խաչատրյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:06 - 22 օգոստոսի, 2019
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է |pastinfo.am|

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է |pastinfo.am|

pastinfo.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես հայտնի է, Սուրիկ Խաչատրյանի որդիներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնական փաստաթուղթ կեղծելը եւ այդ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը։ Գրեթե մեկ տարի առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Փաստաթղթերի կեղծման ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ մյուս որդուն՝ Տրդատ Խաչատրյանին։ Վերջինիս նկատմամբ նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն։ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։ Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանին, նա շարունակում է գտնվել հետախուզման մեջ։
12:59 - 23 հուլիսի, 2019
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել |tert.am|

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, վճռել է սնանկ ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:  Նշենք, որ դիմող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը դիմել էլ էր դատարան և խնդրել, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը ճանաչվի սնանկ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Գրիգորյանի 20.12.2018թ. որոշմամբ դիմումը վերադարձվել էր:«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է դիմում, որը դատարանի 21.01.2019թ.-ի որոշմամբ ընդունվել էր դատարանի վարույթ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Տիգրան Սահակյանը:  Դատական նիստում դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է թիվ OVD1705519 վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից: Վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 07.07.2017թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը: Բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ վերջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել: 07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի պարտքը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ: Ըստ այդմ էլ՝ դիմողի ներկայացուցիչը խնդրել է ճանաչել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին սնանկ: Իր հերթին Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը 02.04.2019թ. դատարան է ներկայացրել առարկություններ առ այն, որ չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշվել է դիմումում, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին, համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաև բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը, չի համապատասխանում իրականության ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը, առարկել են նաև ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը: Միաժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ վիճարկման հիմնավորումները, ապացույցները և մյուս հանգամանքները կներկայացվեն դատարան՝ դատական նիստի ժամանակ: Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը, պատշաճ կարգով ծանուցվելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, չի ներկայացել 26.04.2019թ. հրավիրված դատական նիստին: Ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը վճռել է՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին բավարարել, Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ: Դատարանը նաև արգելանք է դրել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:
15:52 - 10 հունիսի, 2019