Հայկ Կոնջորյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 25.05.2018-19.09.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 19.09.2018-28.09.2018թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 28.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-12.01.2021թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
 |armenpress.am|

ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Համարում ենք, որ հարցի քննարկումից հետո անհրաժեշտ չի քվեարկության մասնակցելը, որովհետև լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնք հնչել են»,- ասաց Կոնջորյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ։ «Դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ կերպով իրազեկել է, որ այլևս դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով։ Շեշտեմ, որ էական խախտում չկա և դրա հիմքով է, որ չենք մասնակցելու այդ քվեարկությանը։ Եթե լիներ էական խախտում, մենք շահագրգռված կլինեինք ընթացակարգերին հետևողական լինելու»,- եզրափակեց Կոնջորյանը։ Այս պահին ընթանում է գաղտնի քվեարկությունը։ ՍԴ դիմելու նախագիծը կարող է ընդունվել ԱԺ ձայների առնվազն ⅗-րդով, ինչը հավասարազոր է 65 ձայնի։ Ընդդիմությունը խորհրդարանում ունի 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները, ըստ որի՝ Սեդա Սաֆարյանը, ընտրվելով ՍԴ դատավոր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
13:05 - 22 մարտի, 2023
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայկ Կոնջորյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է: Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
13:53 - 06 մարտի, 2023
Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին: Նամակներում Հայկ Կոնջորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու հանցավոր քաղաքականության շուրջ: Նա կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը և կատարելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Գազամատակարարումը դադարեցված է հունվարի 17-ից՝ ժամը 13։00-ից։   Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ կայքից
17:30 - 17 հունվարի, 2023
Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով
 |azatutyun.am|

Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում ունի չդիմել Սահմանադրական դատարան, ԱԺ խորհրդի նիստից հետո հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Խորհրդի նիստին ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ ևս նիստ է կայանալու, սակայն ամեն դեպքում Կոնջորյանը նշեց, որ որոշել են չդիմել ՍԴ: Խորհրդի օրակարգում ներառված էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:
17:15 - 13 հունվարի, 2023
Ընդդիմությունը ոչ թե ուզում էր ԱԺ-ում հայտարարության նախագիծ ստանալ, այլ միտինգ, ինչը չստացվեց․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրների՝ նիստը բոյկոտելու մասին

Ընդդիմությունը ոչ թե ուզում էր ԱԺ-ում հայտարարության նախագիծ ստանալ, այլ միտինգ, ինչը չստացվեց․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրների՝ նիստը բոյկոտելու մասին

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընթերցեց ԱԺ հայտարարության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ, կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից: Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցնել են աշխատանքները:Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգություն հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահակողության գոտում: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ  երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով  փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»։ Այնուհետև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ընդդիմության կողմից նախագծի քննարկմանը չմասնակցելուն՝ նշելով, որ ընդդիմությունը ևս շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ, քաղաքական մեծամասնությունն էլ պատրաստակամություն էր հայտնել ընդդիմության հետ քննարկումներ ունենալ՝ միասնական տեքստ ստանալու համար․ «Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ մենք՝ որպես իշխող խմբակցություն, ընդդիմությանն առաջարկել ենք, որպեսզի այս դժվարին պայմաններում ցուցաբերենք միասնականություն և կարողանանք միասնաբար ընդունել մեկ հայտարարություն, մեկ տեքստ, և միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որովհետև ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ մենք պիտի մրցենք՝ ով է այդ կենացի մեջ ավելր ճարտար, ով է ավելի խիզախ, ոչ թե պիտի էկրանի ասպետներ մեզ հռչակենք, այլ պիտի զբաղվենք գործով և պիտի կարողանանք այնպիսի միջազգային ուղերձներ հղել աշխարհին, որը սինխրոն կլինի ՀՀ իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը»։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի 
14:50 - 14 դեկտեմբերի, 2022
ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ «Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ գործադիրի՝ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
12:24 - 13 դեկտեմբերի, 2022
Ներքին գործերի նախարարությունը հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա․ Կոնջորյան

Ներքին գործերի նախարարությունը հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա․ Կոնջորյան

Հայաստանում տարիներ շարունակ՝ հատկապես հեղափոխությունից հետո, ընդդիմությունը բարձրաձայնել է Ներքին գործերի նախարարության ստեղծման, քաղաքացիական վերահսկողություն հաստատելու, ընդդիմության կողմից զսպումների և հակակշիռների մեխանիզմը գործարկելու հանգամանքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ ՆԳՆ ստեղծման օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։  Նրա  խոսքով՝ այստեղ իշխանությանը և ընդդիմությանը պետք է դիտարկել ոչ թե հակադրությունների համատեքստում, այլ որպես խորհրդարանական համակարգում գործընկերների․ «Մենք հաճախ խոսում ենք նախորդիվ եղած փորձից, այդ թվում՝ բացասական փորձից, բայց ես կարծում եմ՝ մի շատ կարևոր հանգամանք կա, որը տարբեր է․ նախորդ համակարգում Ներքին գործերի նախարարությունը գործել է նախագահական համակարգի պայմաններում։ Այսօր Ներքին գործերի ապագա նախարարությունը գործելու է խորրդարանական կառավարման համակարգում, որտեղ այս զսպումների և հակակշիռների մեխանիզմը ավելի լայն հնարավորություններ է տալու այս նախարարության նկատմամբ վերահսկողությունը իրականացնել  և թույլ չտալ, որ այն քաղաքականացվի»։ Կոնջորյանն ընդգծեց՝ ինստիտուտները, այդ թվում՝ ՆԳՆ-ն, հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա։  Պատգամավորը ընդդիմությանը հորդորեց միասին աշխատել ու գործարկել խորրդարանական վերահսկողության համակարգը։ Նա նաև նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։
17:10 - 09 դեկտեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։ Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։ Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։ Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով։  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։     Միլենա Խաչիկյան  
14:23 - 03 նոյեմբերի, 2022
Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, կստեղծվի 80 նախակրթարան․ ԱԺ-ն ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, կստեղծվի 80 նախակրթարան․ ԱԺ-ն ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստի սկզբում՝ նախքան քվեարկության մեկնարկը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Նիստի վերսկսումից հետո խորհրդարանը ընդունեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Համաձայնագրով Հայաստանին կհատկացվի  22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով։  Երեկ՝ նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտնել էր, որ Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով Հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը: 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը: Նախագիծը ընդունվեց 62 կողմ, 4 դեմ ձայներով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մի շարք պատգամավորներ ծրարով են թողել իրենց քվեարկությունները։
10:47 - 26 հոկտեմբերի, 2022
Երևանը շարունակում է պնդել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «նորմալացման գործընթացը պիտի տեղի ունենա առանց նախապայմանների»
 |azatutyun.am|

Երևանը շարունակում է պնդել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «նորմալացման գործընթացը պիտի տեղի ունենա առանց նախապայմանների» |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը շարունակում է պնդել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը պիտի տեղի ունենա առանց նախապայմանների։ Պրահայում հոկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի, հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ կարգավորման գործընթացը տեսնում են առանց նախապայմանների։ «Թույլ տվեք ինքս չմեկնաբանեմ Էրդողանի հայտարարությունները, ես կարող եմ մեկնաբանել Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և այդ հայտարարությունները մնում են նույնը՝ մենք նախապայմաններով չենք մտնելու էդ գործընթացի մեջ», - ասաց Կոնջորյանը։ Անդրադառնալով հայաստանյան ընդդիմադիր խմբակցությունների՝ բանակցողին փոխելու պահանջին՝ իշխանական պատգամավորը նախ դա քաղաքական ինֆանտիլության հետևանք համարեց՝ նկատելով՝ նոյեմբերի 9-ից հետո էլ մանտրայի պես կրկնում էի, որ պետք է փոխել բանակցողին, ապա շեշտեց՝ ժողովրդավարական հասարակության մեջ բանակցողին փոխելու կամ չփոխելու որոշումը կայացնում է ժողովուրդը, իսկ ժողովուրդը, նրա համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով գնացել է և մանդատը բանակցելու տվել է Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։ Ընդդիմության դիտարկմանը, թե այդ մանդատն իշխանությունները կորցրել են, որովհետև ժամանակին ասում էին՝ «անջատում հանուն փրկության, արցախահայերի իրավունքներից բխող կարգավիճակ», հիմա ընդհանրապես այլ բան են ասում՝ «Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն», իշխանական պատգամավորն այսպես արձագանքեց․ - «Թող էդ խորհրդարանական ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, և բոլոր այդ հարցերով բանավիճի մեզ հետ, բանավիճի վարչապետի հետ»։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մայիսից բոյկոտել են ԱԺ նիստերը Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վրաններ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում և ամենօրյա փողոցային պայքար սկսեցին։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Աշնանային նստաշրջանի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բացակայությունների շարունակական լինելու դեպքում այս անգամ իշխանությունը մինչև վերջ կգնա և նիստերից բացակայող ընդդիմադիրներին կզրկի մանդատից։
11:17 - 11 հոկտեմբերի, 2022