Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Ժողովուրդը բացել է ճանապարհը, սպասում ենք մարզպետին. Վարդենիսի քաղաքապետ |aysor.am|

Ժողովուրդը բացել է ճանապարհը, սպասում ենք մարզպետին. Վարդենիսի քաղաքապետ |aysor.am|

aysor.am: Վարդենիսցիները, ովքեր առավոտից բողոքի ակցիա էին անում ու փակել էին ճանապարհը, դադարեցրել են ակցիան, այս մասին Aysor.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը։ «Ժողովուրդը փակել էր ճանապարհը, հիմա բացել են, սպասում ենք մեր մարզպետը գա, խոսենք բոլոր հարցերի մասին, լսենք պատասխանները։ Մեր ժողովուրդը համեստ, ակուրատնի ժողովուրդ է, իրենց հարցերը կտան, մարզպետը կպատասխանի, կվերջացնենք»,- նշեց Խաչատրյանը։ Նա վստահեցրեց, որ այս պահին Վարդենիսում փակ ճանապարհ չկա։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են, հենց այս պատճառով էլ վարդենիսցիները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»,- թեմային անդրադառնալով՝ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
12:42 - 12 փետրվարի, 2024
Պատրաստ ենք աջակցելու կենսական նշանակության շատ ծրագրերի. Ֆրանսիայի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին

Պատրաստ ենք աջակցելու կենսական նշանակության շատ ծրագրերի. Ֆրանսիայի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր։ Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները՝ շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։ Փոխադարձ այցերին գումարվել են նաև հեռավար կարգով քննարկումները, որոնց ընթացքում առաջ են քաշվում ծրագրային նոր նախագծեր, համագործակցային նոր ուղղություններ։ «Ֆրանսիան իր անկեղծ բարեկամությունն ու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի բնակչության հանդեպ ապացուցել է ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում, ինչպես անվտանգային, քաղաքական, տնտեսական, այնպես էլ՝ հումանիտար աջակցության ոլորտներում, ինչի համար հայտնում ենք մեր ջերմ երախտագիտությունը։ Եվ հիմա էլ շարունակվում է նույն համագործակցությունն ու օժանդակությունը, բարեկամական անկեղծ վերաբերմունքը, որն առավել արտահայտվում է մեր մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին ու Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ընտանիքներին սատար կանգնելու, բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերելու տեսքով»,- ասաց Կարեն Սարգսյանը։ Իր հերթին Օլիվիե Դըկոտինյին ևս բարձր գնահատեց Գեղարքունիք-Իզեր համագործակցության արդյունքներն ու ձեռք բերված անքակտելի բարեկամությունը՝ կարևորելով տնտեսական ու մշակութային կապերի հետագա ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։ «Մենք պատրաստ ենք համագործակցել նաև մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ու այլ ոլորտներում, աջակցություն ցուցաբերել կենսական նշանակության շատ ծրագրերում, մանավանդ եթե խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասաց դեսպանը։ Գեղարքունիքի մարզպետը խոսեց ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզում ներդրված ու ներդրվելիք այն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ վերջին տարիներին աննախադեպ զարգացում են ապրել մարզի գրեթե բոլոր բնակավայրերը։ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի բուժամբուլատորիայի շենքը, որի աշխատանքները ավարտի կհասցվեն 2024 թվականի ապրիլի կեսերին։ Օլիվիե Դըկոտինյին խոստացավ Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ բացել հիմնանորոգված բուժամբուլատորիան, միաժամանակ աջակցություն ցուցաբերել այն բոլոր խնդիրներում, որի անհրաժեշտությունը կառաջանա։ Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը դեսպանին նվիրեց Սևանավանքը պատկերող կտավը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:01 - 08 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
ՄԻ պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել «Գավառի մանկատուն»

ՄԻ պաշտպանը չհայտարարված այց է իրականացրել «Գավառի մանկատուն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները: Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, բուժկետը: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության սաների և անձնակազմի հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ: ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Խանդանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրնզերն ու սաների հետ աշխատանքների հետ կապված հարցեր: Այցի ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները մանկատան ղեկավար կազմին ներկայացրել են արձանագրված խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ: Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների հետ իրականացնել համակարգված աշխատանք, մշակել ճիշտ մեթոդաբանություն և շարունակական աշխատանք իրականացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման հարցում առանցքային է անհատականացված, համախմբված, նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
11:46 - 31 հունվարի, 2024
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գավառ-Երևան երթուղու «Գազել»-ի վթարից

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գավառ-Երևան երթուղու «Գազել»-ի վթարից

Հունվարի 23-ին, ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի  124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։ Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
16:26 - 23 հունվարի, 2024
Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման ընթացքը

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների կարգավորման ընթացքը

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնահերթ ու կարևոր խնդիրներ։ Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից զեկուցվել է 6 հարց՝ 60-ից ավելի ենթահարցերով, որոնք հիմնականում առնչվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման, ֆինանսական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, ծրագրերի իրականացման, տեղեկատվության ու այլ ոլորտներին։ Առանձնակի անդրադարձ է եղել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հիմնախնդիրների կարգավորման ընթացքին։ Ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ՝ մարզպետի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, Սևան համայնքում բնակվող դպրոցահասակ երեխայի բուժման ընթացքի, պետության կողմից սոցիալական աջակցությունների տրամադրման, նպաստների և թոշակների վճարման, փաստաթղթային անճշտությունների ուղղման, Ճամբարակ համայնքում նախորդ տարեվերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցելության ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կողմից բարձրացված հարցերի հետ կապված խնդիրների կարգավորումը։ Խոսվել է նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, 2024 թվականի բյուջեների հաստատման, ֆոնդային բյուջե ուղղված գումարների, ապառքների գանձման, աղբահանության պայմանագրերի կնքման, աղբավայրերի կառավարման, աղբահանության գումարների ճիշտ պլանավորման հարցերի շուրջ լիարժեք տեղեկատության տրամադրման մասին։ Ներկայացվել են  կատարված հանձնարարականները մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ծավալման, ճանապարհների ամառային և ձմեռային պահպանության ու սպասարկման, ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, Մարտունու ԲԿ և Զոլաքարի մանկապարտեզի նորառույց շենքերի շահագործման, քաղաքաշինական ու ենթակառուցվածքների կառավարման ոլորտի բազմաբնույթ հարցերի շուրջ։ Մարզպետ Կարեն Սարգսյանն առաջարկել է՝ այս պահից քայլեր ձեռնարկել նախատեսվող բոլոր կրթական, առողջապահական կամ այլ նշանակության հաստատությունների նորակառույց շենքերը համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելու ուղղությամբ։ «Բնական է, որ նորակառույց բոլոր շենքերը պետք է ապահովվեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Դրա համար անհրաժեշտ է սուբվենցիոն ծրագրերի հայտերում ընդգրկել բոլոր այն ճանապարհները, ջրագծերը, գազատարները, այլ կոմունիկացիաները, առանց որոնց անհնար է պատկերացնել տվյալ կառույցի շահագործումը»,- շեշտել է Կարեն Սարգսյանը։ Մարզպետին տեղեկատվություն է ներկայացվել նաև 2021-2023 թվականներից 2024 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի, 2024 թվականին Միջգերատեսչական հանձնաժողով ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերի մասին։ Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2021-2023 թվականներից 2024 թվական է տեղափոխվել սուբվենցիոն 107 ենթածրագիր՝ 7,9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2024 թվականին համայնքներից ներկայացված 31 ծրագրային հայտերով նախատեսվում է իրականացնել 150 ենթածրագիր՝ 12 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 7 միլիարդ 300 միլիոն դրամը կկազմի պետության, 4 միլիարդ 700 միլիոն դրամը համայնքների մասնաբաժինը։ Քննարկում է ծավալվել նաեւ առողջապահական առաջնային պահպանման հիմնարկների օպտիմալացման, բուժամանկաբարձական կետերի օգտագործվող տարածքների համար համապատասխան պայմանագրերի կնքման, քաղաքացիական պաշտպանության 2024 թվականի պլանների ճշգրտման, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների 2023 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվության ներկայացման, այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքի, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի նպատակային օգտագործման, առաջնահերթ ու կարևոր նշանակության այլ հարցերի շուրջ։ Խորհրդակցության արդյունքում առանձնացվեց այն հարցերի շրջանակը, որն օրակարգային կդառնա այս տարվա մարզի խորհրդի անդրանիկ նիստի համար։ Այն կհրավիրվի 2024 թվականի հունվարի 31-ին։
15:12 - 23 հունվարի, 2024
Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից
 |factor.am|

Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից |factor.am|

factor.am: Սահմանամերձ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը կտեղափոխվի․ այս մասին Factor TV-ի խմբագրություն են ահազանգում բնակիչները։ Նրանք լսել են, որ փետրվարի 15-ից վարչությունը տեղափոխվելու է Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։  Վարդենիսի անձնագրային բաժանմունքը երկու աշխատակից ունի և գրեթե միշտ հերթում սպասող քաղաքացիներ․ որոշումը նրանց համար անակնկալ է, բաժանմունքի տեղափոխումը՝ խնդիր։ Որոշումը հանրային մեծ դժգոհություն է հարուցել․ բնակիչների գլխավոր խնդիրն այն է, որ հանրային տրանսպորտ չի գործում․ կա՛մ տաքսիով պիտի հասնեն Մարտունի քաղաք, կա՛մ մեքենայով։ Եթե բաժանմունքը տեղափոխվի, նրանք կկորցնեն աշխատանքը, քանի որ չեն կարող ամեն օր Վարդենիսից հասնել Մարտունի։  ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց բաժանմունքների տեղափոխման մասին լուրերը։ «Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝  բնակչության սպասարկման ծածկույթը»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:45 - 22 հունվարի, 2024
Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Լիազորությունները կասեցված դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ.Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս.Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնավորապես՝ լիազորությունները կասեցված դատավորը խոստացել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով կարող է հասնել նոր հայցադիմում ներկայացնելու ճանապարհով՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելուն. այդ պատրվակով՝ խաբեությամբ պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ լիազորությունները կասեցված դատավորն ի սկզբանե՝ մինչև գումարը ստանալը, տեղեկացված է եղել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման  հիմքերը բացակայում են: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:46 - 09 հունվարի, 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան
 |armenpress.am|

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան |armenpress.am|

armenpress.am: Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:  «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-ասել է Քյարամյանը: Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Թեև գործն այս պահին բացահայտվել է, սակայն Քյարամյանը չբացառեց, որ լինեն այլ անձինք ևս, քննությունը շարունակվում է: Ամիսներ առաջ սոցիալական ցանցերում տարածվել էր հանրային բուռն քննարկման առարկա դարձած տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մայրը բռնության ենթարկում անչափահաս դստերը՝ դրան մասնակից դարձնելով իր մյուս անչափահաս երեխաներին ևս: Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ մոր նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր էր ճանաչել:
14:21 - 05 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
 Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

tert.am: Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։ Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։ «Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։ Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո՝ նույնքան։ Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։
12:00 - 22 դեկտեմբերի, 2023
Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ «Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ Գեղարքունիքում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ: Միևնույն ժամանակ ձկնորսները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ իրենց զբաղվել ձկնորսությամբ․ «Ձուկ շատ կա Սեւանում, գիտնականները ասում են, հա, բայց ես 30 տարի ձկնորսությամբ եմ զբաղվում, ինձանից ավելի տարիքով ձկնորոսներ էլ կան, մի քիչ էլ մենք ենք հասկանում։ Լիճը սկսել է նստել, եթե լիճը պակասում է, ձուկը՝ շատանում, էդպես ստացվում է՝ պաշարները, թթվածինը ձկանը չեն հերիքում, սատկում է։ Որ պատճառ են բերում, թե սիգա ձուկը էսինչ թվին վերջանում էր, չի եղել էդպես․ սիգա տեսակի ձուկը մի պահ է նվազել, որովհետև խեցգետինի քանակը շատ էր, իկրան (ձկնկիթ) չէր կարողանում ամեն տեղ թողնել։ Հետո նորից ձուկը բնական ձևով վերականգվեց, շատ ուժեղ բազմացավ, հիմա էլ լիքն է»,- ասել էր ձկնորսներից մեկը։
16:37 - 20 դեկտեմբերի, 2023
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։
14:07 - 14 դեկտեմբերի, 2023