Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|
12:00 - 22 դեկտեմբերի, 2023

Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

tert.am: Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։

Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։

«Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։

Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

«Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո՝ նույնքան։ Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։

Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել