Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ԶԱՀ, Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնադրամ, որի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ «զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների սոցիալական բարօրությունը»։

Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին, գործում է համապատասխան օրենքի հիման վրա ու հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանի ու Արցախի հարկատուների ամսական պարտադիր վճարումներից (ըստ եկամուտների չափի), ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Եվս 34 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Եվս 34 զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հունիսի 21-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը: Հիմնադրամից հայտնում են՝ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 34 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 3943 է, որից 3527-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1463 շահառուներ: «Հարկ ենք համարում շեշտել, որ «Կամուրջ» ծրագրում նշված թիվը իրենից ներկայացնում է այդ ծրագրով երբևէ հատուցում ստացած բոլոր շահառուների թիվը, մինչդեռ նույն ծրագրով ներկայումս իրականացվող հատուցումների քանակը նվազել է՝ 545։  Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների և «Կամուրջ» ծրագրի ներքո զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ»,- հայտնում են հիմնադրամից:
15:50 - 21 հունիսի, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 16 զոհված զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 16 զոհված զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն հունիսի 11-ի դրությամբ:  «Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 16 հերոս զինծառայողների ընտանիքներ և մեկ 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած հերոս հատուցումներ են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը հունիսի 11-ի դրությամբ 3803-ն է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN։ Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1453 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով՝  bit.ly/3pMgWdV։   Հարկ ենք համարում շեշտել, որ տվյալ տեղեկատվությունը մշտապես ենթակա է փոփոխման (նվազում և ավելացում)՝ կապված նոր հատուցումների և  Կամուրջ ծրագրի ներքո հատուցվող զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիշեցնում ենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, ապա 20 տարի շարունակ` ամսական 100,000 – 200,000 դրամ։ Երկու դեպքում էլ 100,000 ՀՀ դրամի տարբերությունը կապված է զինվորական ծառայության տեսակի կամ կոչման հետ»։ Այն դեպքում, երբ զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա, տրամադրվող ամսական գումարն ավելանում է 100,000 ՀՀ դրամով»։  
12:28 - 11 հունիսի, 2021
Վարուժան Ավետիքյանը վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները

Վարուժան Ավետիքյանը վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները

Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները։ Գրառումը՝ ստորև․«Հարգելի հայրենակիցներ,Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն:Հիմնադրամը ձևավորվեց 2017 թվականին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչև վերջերս հիմնականում Կենտրոնական բանկի կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճորեն` ժամանակների հրամայականին համահունչ:Վերջին պատերազմն ու դրա արդյունքները ցավալիորեն փոխեցին շատ բան:Ժամանակն է, որ Հիմնադրամն անցնի տրանսֆորմացիայի փուլ: Այժմ դրա ճանապարհին ենք: Մասնավորապես, վերջին ամիսներին Կենտրոնական բանկի ֆինանսավորմամբ մենք ձևավորել ենք նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը գործում է այն գիտակցությամբ, որ իր աշխատանքը կենսական է հայր, որդի կամ ամուսին կորցրած ընտանիքների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների համար: Անցնող ամիսներին ևս Կենտրոնական բանկի ֆինանսական աջակցությամբ մենք ներդրումներ ենք արել և շարունակում ենք կատարել Հիմնադրամի ենթակառուցվածքների, ինչպես նաև ծրագրային ու ՏՏ համակարգերի մեջ` վստահ լինելու համար, որ որևէ պայմանում դրանք պատշաճորեն ու անխափան կսպասարկեն մեր շահառուներին:Հայտնում եմ նաև, որ թշնամու կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում. - 1939 զոհված զինծառայողների ընտանիքների - 265 ծանր վիրավորում ստացած զինծառայողների - 1055 անհետ կորած զինծառայողների ընտանիքներիՎերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից:Ամփոփելով անցյալը և չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսվելով ծառացած մարտահրավերների հետ՝ գիտակցում եմ, որ ամեն օր նոր բան եմ սովորել և ձգտել եմ հմտություններս փոխանցել Հիմնադրամի կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակված փորձառությունն ու գիտելիքներն ի սպաս են դրվելու Հիմնադրամի մարտահրավերների վրա օրնիբուն աշխատելու համար:Առաջիկա օրերին մենք կհրապարակենք Հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն և կհրավիրենք մեր փորձառու հայրենակիցներին՝ մասնակցելու այդ մրցույթին: Հիմնադրամի խորհուրդը մանրամասն կուսումնասիրի ստացված դիմումները, և վստահ եմ, որ կկատարի արժանի ու ճիշտ ընտրություն: Մինչև նոր տնօրենի ընտրությունը ես կշարունակեմ կատարել պարտականություններս, այնուհետև կծառայեմ Հիմնադրամին այլ կարգավիճակով:Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանավորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինված ուժերին»:
20:14 - 12 ապրիլի, 2021
Պատգամավորներն առաջարկում են վերանայել 1000 դրամների հիմնադրամին վճարների չափը՝ մեղմելով քաղաքացիների ֆինանսական բեռը |1lurer.am|

Պատգամավորներն առաջարկում են վերանայել 1000 դրամների հիմնադրամին վճարների չափը՝ մեղմելով քաղաքացիների ֆինանսական բեռը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  Նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը նշեց, որ նախագծով փոփոխություններ են նախատեսվում 2020-ի դեկտեմբերին ընդունված օրենքում՝ փորձ անելով մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող անձանց, անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանասական բեռը:  Կառավարության առաջարկությամբ նախորդ տարեվերջին վերանայվեց 1000 դրամների հիմնադրամի դրոշմանիշային վճարների հատուցման չափը: Մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը): Եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը:  Ֆիզիկական անձանց համար ևս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես, օրինակ՝ 100001-ից մինչև 150000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300 000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաև 300001-500000 դրամ ստացողների վճարելիք գումարը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն. դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը: Օրինագծի հեղինակների առաջարկությամբ, սակայն, նախագծի քվեարկությունը հետաձգվեց երկու ամսով: 
11:43 - 09 ապրիլի, 2021
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը մշակել է քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը մշակել է քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել  քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։ Այս մասին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը»-ը հաղորդագրություն է տարածել: «Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։ Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։ Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար  աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)»,- ասված է հաղորդագրության մեջ։ Դիմումի ձևանմուշը հնարավոր է ներբեռնել Հիմնադրամի կայքից։  
13:07 - 26 մարտի, 2021
Զոհված 121 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել

Զոհված 121 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է 2021թ.-ի Մարտի 09-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։ ««Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում։ Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի արդյունքում: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում։   «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: 
15:19 - 09 մարտի, 2021
Ինչու է սոցփաթեթներից «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված գումարը վերադարձվում քաղաքացիներին

Ինչու է սոցփաթեթներից «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված գումարը վերադարձվում քաղաքացիներին

Լրագրող, մանկավարժ Ժաննա Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերին՝ պատերազմի թեժ օրերին, «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին փոխանցված իր սոցփաթեթի ողջ գումարը հետ է ուղարկվել իր բանկային հաշվին։ Սարգսյանը նշել էր, որ վերադարձվել են այդ հիմնադրամին սոցփաթեթից փոխանցված բոլոր նվիրատվությունները։  Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը։  Ըստ օրենքի՝ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցներն ուղղել «Համահայկական հիմնադրամին»՝ այդպիսով մասնակցելով Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետեւանքով պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքին: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել էր, որ սոցփաթեթների շահառուները կարող են իրենց գումարը փոխանցել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը:  Բացի դրանից՝ կառավարությունը մշակել է համապատասխան որոշման նախագիծը, որում հստակեցվել է փոխանցման կարգը։ Դրա համաձայն՝ շահառուները իրենց սոցփաթեթի հաշիվներին կուտակված միջոցները կարող են ուղղել Համահայկական հիմնադրամին՝ իրենց սոցփթաթեթի հաշիվը սպասարկող բանկ ներկայացնելով վճարման հանձնարարագիր։ Օրենքն ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 7-ը։  Ժաննա Սարգսյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ հիմադրամից որեւէ պատասխան չի ստացել։ Վերջինս շեշտեց, որ հավանական է նաեւ՝ գումարը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նույնիսկ հասած էլ չլինի։ «Պատերազմի սկզբին, երբ բոլորը իրենց ունեցած, հավաքած ամբողջ գումարը փոխանցում էին հիմնադրամներին, տեսա, որ սոցփաթեթներից նույնպես ուղարկում են, ես էլ գնացի բանկ եւ ուղարկեցի իմ գումարը։ Ինձ ասացին, որ կարող եմ երկու հիմնադրամին էլ ուղարկել, ես ընտրեցի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, որպեսզի անմիջապես զինվորի կարիքին ծառայելու գնա, ավելի շուտ հասնի նպատակին, քան Համահայկականի միջոցով կլիներ։ Ինչպես տեսնում ենք՝ այդպես էլ եղավ։ Անցավ երկու ամիս, ինձ բանկից զանգ եկավ, ասացին՝ եկեք դիմումը ստորագրեք, որովհետեւ Ձեր գումարը հետ է ուղարկվել, մնացել է օդում, կկորչի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։  Սարգսյանին հայտնել են, որ միայն Համահայկական հիմնադրամին կարող էր ուղարակել իր սոցիալական փաթեթի գումարը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ կառավարությունը կարող էր այդ որոշմամբ ընտրել վստահելի երկու հիմնադրամները, բայց չի արվել։ Սարգսյանի պնդմամբ՝ երբ հետո նկատել են գումարային հոսքը՝ դեպի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ, այդ ժամանակ նույնպես կառավարությունը կարող էր փոփոխության ենթարկել իր որոշումն ու ավելացնել նաեւ այդ հիմնադրամը։  «Ստացվում է՝ օդում կախված է մնում գումարը, որը մարդիկ ուզում էին ուղարկել հիմնադրամներին։ Էլ ո՞վ պետք է փետրվար ամսին այդ գումարը նորից ուղարկի հիմնադրամին, շատ քիչ մարդ կանի նման բան։ Այսինքն՝ այս նվիրատվությունները նպատակին չծառայեցին։ Շատ բարկացնող է այս ամենը, ուղղակի կամք եւ ուշադրություն էր պետք հարցը լուծելու համար, բայց դրանք չկային»,- հավելեց Սարգսյանը։  Խոսելով Համահայկական հիմնադրամի շուրջ տարածվող բացասական արշավի մասին՝ Սարգսյանը նշեց, որ խնդիրը հիմնադրամի հանդեպ անվստահությունը չէ, իսկ նեգատիվ արշավը վնասում է հենց հանրության խոցելի եւ թիրախային խմբերին։ Մանկավարժի խոսքով՝ նման արշավ անելով՝ մարդիկ մտածում են, թե վնասում են իշխանությանը, այնինչ վնասվում են այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացնում է համահայկական հիմնադրամը։  «Սփյուռքին հիասթափեցնելը եւ հիմնադրամի հանդեպ կասկածի սերմանումը կրկին ուղղակի հարված է մեր պետական կայունությանը, որովհետեւ այդ հիմնադրամի միջոցով բազմաթիվ գործեր էին արվում»,- ասաց Սարգսյանը։  Եզրափակելով իր խոսքը՝ մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին որեւէ քայլ անելն արդեն ուշ է, փոփոխությունները պետք է արվեին ավելի շուտ։  Հարցի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։ Վերջինս մեկնաբանեց, որ քննարկումների ըթնացքում որոշում կայացվեց, որ գումարը կկենտրոնցվի մեկ հիմնադրամում՝ Համահայկականում՝ հաշվի առնելով դրա գործունեության ուղղություններն ու նպատակը։  Հոկտեմբերի 8-ից սոցփափեթի շահառուները հնարավորություն են ունեցել գումարը փոխանցել հիմնադրամին։ Բանկերից ստացած հաշվետվությունների արդյունքում նախարարությունը նկատել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ սոցփաթեթի գումարները փոխանցել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Վարչության պետի խոսքով՝ հավանական է՝ մարդիկ եւ բանկերը տեղյակ չեն եղել, որ որոշումը նման հնարավորություն չի ընձեռում։ Նրա կարծիքով՝ այդ է պատճառը, որ գումարը հետ է ուղարկվել, որպեսզի մարդիկ ցանկության դեպքում կարողանան փոխանցել Համահայկական հիմնադրամին։  ««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը չներառելու պատճառը, կարծում եմ, այն է, որ գումարը կենտրոնա մի տեղ եւ դիվերսիֆիկացիան եւ բանկերի աշխատանքը հեշտ լինի։ Այս ծրագրով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին շատ քիչ մարդ է գումար փոխանցել։ Հիմնականում փոխանցել են հենց Համահայկական հիմնադրամին»,- հավելեց Սարգսյանը։  Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ որոշման ընդունումից հետո դկտեմբերի 31-ի տվյալներով Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 797 միլիոն 53 հազար դրամ, փոխանցումները կատարվել են 10 բանկերի միջոցով, 14090 շահառու կատարել է այդ փոխանցումը։  Ասպրամ Փարսադանյան
13:52 - 24 փետրվարի, 2021
Զինծառայողների հիմնադրամը նվիրաբերությունների 80 տոկոսը ստացել է արցախյան վերջին պատերազմից հետո |armenpress.am|

Զինծառայողների հիմնադրամը նվիրաբերությունների 80 տոկոսը ստացել է արցախյան վերջին պատերազմից հետո |armenpress.am|

armenpress.am: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնական ծրագրով սպասարկում է 1 528 ընտանիքի, որոնցից 1 111-ը՝ վերջին պատերազմից հետո: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի ընդհանուր շահառուներին հատուցվել է 14 մլրդ դրամ, որից 12 միլիարդը անցյալ տարվա պատերազմից հետո: Ֆինանսական հատուցումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով: «Հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում միանվագ և երկարաժամկետ հատուցում է տրամադրվում զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Դրանից բացի, վերջին պատերազմի արդյունքներով ունեցանք երկու նոր ծրագիր, որոնք անվանում ենք «Կամուրջ»՝ ուղղված ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները միայն որոշ ժամանակ անց են հաշմանդամության կարգ ստանում, քանզի մինչ այդ նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն, անցնեն փորձաքննություն և նոր միայն այդ կարգը ստանան, հետևաբար այս նոր՝ «Կամուրջ» ծրագրով նրանք կարող են դիմել ֆինանսավորում ստանալու»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: Մյուս «Կամուրջ» ծրագիրն անհայտ կորած զինծառայողներին է վերաբերում: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ «անհայտ կորածն» իրավական կարգավիճակ է, որը տրվում է միայն դատարանով: Քանի որ դատարան դիմելը, դատարանի որոշում ստանալը ենթադրում է որոշակի ժամանակահատված, որոշում է կայացվել աջակցություն տրամադրել «Կամուրջ» ծրագրով: Ֆինանսական հատուցումը 6 ամսով է, մինչև հարցերը հստակեցվելը: «Կամուրջ» ֆինանսավորմամբ հատուցում է տրամադրվել 803 անհայտ կորած զինծառայողներին ընտանիքների: Հատուցումը տրամադրվում է 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Այս ուղղությամբ ընդհանուր 365 մլն դրամի փոխհատուցում է տրվել: Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացածներին, ապա ներկայում 55 նման զինծառայող է հատուցում ստացել: Ընդհանուր գումարը կազմում է 17 մլն դրամ: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ ծանր վիրավորում կամ խեղում ստացած զինծառայողներին կավելանան նաև նրանք, որոնք ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռ չեն ստացել զինհաշմանդամություն: Հիմնադրամը իր ստեղծման օրվանից մինչ այսօր ստացել է շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճարների գծով գումար: Շուրջ 9 մլրդ դրամի չափով էլ նվիրաբերություն է ստացվել աշխարհի ավելի քան 60 երկրից: Վերջին պատերազմից հետո հիմնադրամը ստացել է շուրջ 7.5 մլրդ դրամի նվիրաբերություն: Նվիրաբերությունների շուրջ 80 տոկոսը ստացվել է վերջին պատերազմից հետո:
14:08 - 23 փետրվարի, 2021
Պատերազմից հետո 1111 ընտանիքի տրվել է շուրջ 12 միլիարդ դրամի փոխհատուցում. Ավետիքյան |1lurer.am|

Պատերազմից հետո 1111 ընտանիքի տրվել է շուրջ 12 միլիարդ դրամի փոխհատուցում. Ավետիքյան |1lurer.am|

1lurer.am: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասուլիսում ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքները: Նրա խոսքով՝ աշխատանքները տարվել են երեք հիմնական ուղղություններով: Առաջինը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրված միանվագ և երկարաժամկետ փոխհատուցումներն են: «Բայց վերջին պատերազմի արդյունքում մենք ունեցանք նաև երկու նոր ծրագիր, որոնք մենք կոչում ենք «Կամուրջ» ծրագրեր: Դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են զինհաշմանդամության կարգ ստանում, որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների և Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրը իրենց մասով իրականացրինք և իրականացնում ենք»,- նշեց Ավետիքյանը: Ըստ Ավետիսյանի՝ ծանր վիրավորում ստացած 55 զինծառայողների վճարվում է ամսական 300- հազարական դրամ: Շուրջ 17 միլիոն դրամի փոխհատուցումն արդեն կատարված է: 6 ամսով «Կամուրջ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կստանան ընտանիքները, որոնք ունեն պատերազմի արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողներ: «Քանի որ անհայտ կորածը կամ անհայտ բացակայողը իրավական կարգավիճակ է, որը միայն դատարանը կարող է շնորհել, գործընթացը ենթադրում է որոշակի ժամանակի աշխատանք»,- ասաց Ավետիքյանը: «Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին «Կամուրջ»-ի ֆինանսավորման ներքո մենք փոխանցումներ ենք կատարել 803 ընտանիքի՝ 365 միլիոն դրամի ամսական վճարումներ: Հատուցումները կկատարվեն 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Երբ զինծառայողն արդեն անհայտ կորած կամ անհայտ բացակայող կճանաչվի դատարանի որոշմամբ, և ընտանիքը կգա մեզ մոտ հիմնական ծրագրով փոխհատուցումը ստանալու, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 միլիոն դրամից և տարբերությունը կփոխանցենք իրենց»,- նշեց հիմնադրամի տնօրենը: Իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամը սպասարկել է 1825 ընտանիքի՝ նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը կատարվել է 14 միլիարդ դրամի փոխհատուցում: «Վերջին պատերազմից մինչ այս պահը մենք արդեն ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք: Նրանց տվել ենք շուրջ 12 միլիարդ դրամի հատուցում: Եվ քանի որ 20 տարվա պարտավորություն ենք ստանձնում, ամեն ամիս մենք կատարում ենք այդ հատուցումները, դրա համար էլ այս թիվը աճողական է»,- նշեց Ավետիքյանը:
12:09 - 23 փետրվարի, 2021
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն առայսօր հատուցել է ընդհանուր 1527 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն առայսօր հատուցել է ընդհանուր 1527 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին, ու նաև խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը կամ առողջությունն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը:  Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը ցայսօր հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք (հատուցումներին կարել է ծանոթանալ հղումով): Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին: Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»,– ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
10:45 - 28 հունվարի, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ խորհրդի անդամների կազմում փոփոխություն է եղել:«Տեղեկացնում ենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես մենք հանրությանը կներկայացնենք խորհրդի նոր կազմը»,- գրված է հայտարարությունում:  
10:50 - 23 հունվարի, 2021