Ներքին գործերի նախարարություն

2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքով Հայաստանում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն։ 

Նախարարությունը ներառում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։

Նորաստեղծ նախարարության առաջին և այժմ գործող ղեկավարը Վահե Ղազարյանն է։ 

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված անձինք Ազգային- ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի քարտուղար
 |armenpress.am|

Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակված անձինք Ազգային- ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ մամուլի քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին մարտի 24-ին ներխուժած անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության բաժանմունքի վրա նռնակներով հարձակված 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամներ են»,- ասաց Սարգսյանը։   Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ, և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը 55-ամյա Ա․ Մ-ն է։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն,որոնք տեղափոխվել են հիվանդանոց։  
18:06 - 25 մարտի, 2024
Ոստիկանության բաժնի դիմացից բերման ենթարկված անձի մոտ հայտնաբերվել է չորս նռնակ․ ՀՀ ՆԳՆ

Ոստիկանության բաժնի դիմացից բերման ենթարկված անձի մոտ հայտնաբերվել է չորս նռնակ․ ՀՀ ՆԳՆ

Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով։
09:33 - 25 մարտի, 2024
Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ներքին գործերի բնագավառում իրականացվող բարեփոխումները

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։Կողմերը քննարկել են ՆԳՆ և ԵԽ գործընկերությամբ համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները և դրանց հաջող ընթացքը։ Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում պաշտոնապես մեկնարկող «Հայաստան տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, դրա շրջանակներում «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակմանը, ուժի կիրառման համաչափության ստանդարտներով վերապատրաստումների իրականացմանը, վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ընթացող օրենսդրական և գործնական փոփոխություններին։Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել գործընկերության ուղղությունները։
16:03 - 20 մարտի, 2024
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին
 |panorama.am|

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին |panorama.am|

panorama.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում  ընդունեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Օրինագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»։
11:42 - 07 մարտի, 2024
Մի խումբ պարեկներ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ-ի բացահայտումը

Մի խումբ պարեկներ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ-ի բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու կամ ընդմիջման ժամերին անհատական տեսանկարահանող սարքն անջատելու, կամ մի կողմ դնելու, կամ իբր ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին ձևական կանգնեցնելուց հետո, մի խումբ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ մեծաքանակ կեղծ արձանագրություններ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   Ծառայողական քննության նյութերի հիման վրա դեռևս փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
15:12 - 06 մարտի, 2024
Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
 |armenpress.am|

Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է ավտոմեքենան երկրորդ գծում կանգնեցնելու համար կիրառվող տուգանային միավորը 0.5-ից նվազեցնել 0.25-ի: Այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման շրջանակում: Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պարագայում քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորներն այլ առաջարկներ ևս ներկայացրել են, նախագծում լրացումներ են կատարվել: «Մի խումբ պատգամավորների առաջարկի հիման վրա՝ երկրորդ գիծ կանգնելու հետ կապված 0.5 տուգանային միավորը դարձնում ենք 0.25 տուգանային միավոր»,-ասաց Արփինե Սարգսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տաքսու վարորդների հետ գրեթե ամենօրյա շփումների ընթացքում հասկացել են, որ երկրորդ գծում տարեկան մի քանի անգամ ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով մարդը զրկվու է վարորդական իրավունքից ու փաստացի ապրուստի միջոցից՝ ընդ որում սա այն դեպքում, երբ մարդը չի ունենում խախտման չարամտություն, պարզապես պատվեր տվողն ուշ է մոտենում ավտոմեքենային: Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս հաստատեց՝ փոփոխությունն առաջարկել են՝ հաշվի առնելով հիմնականում տաքսու ծառայություն մատուցողների շահերը: «Այս խախտումը հիմնականում իրականացվում էր տաքսի ծառայություն իրականացնող վարորդների կողմից, որովհետև ամենաշատն իրենք են կանգառ-կայանում իրականացնում օրվա ընթացքում»,-նշեց պատգամավորը:
12:00 - 27 փետրվարի, 2024
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների վերաբերյալ հարցեր

ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների վերաբերյալ հարցեր

Փետրվարի 23-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, միջոցառմանը մասնակցել են նաև Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է լսել ոչ միայն ՆԳ նախարարության ձեռքբերումների, այլև բացթողումների մասին։ Անդրադառնալով նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Վահե Ղազարյանը մասնավորապես նշել է, որ Ներքին գործերի ձևավորումից հետո ակտիվ բարեփոխումների փուլում է հատկապես Ոստիկանությունը։ Հասարակական ոլորտի ներկայացուցիչներին են ներկայացվել «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հետազոտության արդյունքները։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկաներին հորդորել է հետազոտության վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ նշելով, որ դրանք ստանալուց հետո կձևավորվեն աշխատանքային խմբեր, կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ։ Հանդիպման ընթացքում նախարար Վահե Ղազարյանը, անդրադառնալով պարեկային ծառայության գործունեությանը, խոսել է պարեկների բարեվարքության, քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, սրտացավության, հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց դերակատարության մասին: Պատասխանելով հետազոտության մասնակցած անձանց ընտրությանը վերաբերող հարցին՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ հարցումների ժամանակ հաշվի են առնվել ինչպես պարեկային ծառայության գործունեության հետ անմիջական առնչվող, այնպես էլ ընկալումների ու պատկերացումների որոշակի տեսակետ ունեցող քաղաքացիների կարծիքը։ Դա արվել է հետևյալ նպատակով. մի դեպքում՝ ունենալ ընդհանուր հանրային ընկալում, մյուս դեպքում՝ ստանալ տեղեկատվություն առաջին աղբյուրից։ Անդրադառնալով միգացիոն քաղաքականության ոլորտում հանրային հաղորդակցությանը վերաբերող հարցադրմանը՝ փոխնախարար Սարգսյանը ընդգծել է, որ քայլեր են ձեռնարկվում հանրային հաղորդակցությունն այդ տեսանկյունից լավարկելու նպատակով: Նա նշել է նաև, որ ոլորտում արդեն իսկ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ընդգծելով, որ միգրացիոն կառավարումը ռազմավարական առումով նախարարության առաջնահերթություններից է: Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ընտանեկան բռնության դեպքերին, ինչպես նաև դպրոցական տեսուչի ինստիտուտին և ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը:
16:57 - 26 փետրվարի, 2024
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցու գործի վերաբերյալ
 |armenpress.am|

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցու գործի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։  «Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։ Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։ Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։
12:30 - 22 փետրվարի, 2024
Հայտնաբերվել և կամավոր հանձնվել է աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է

Հայտնաբերվել և կամավոր հանձնվել է աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է

ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս հանգամանքն են օգտագործում իրավապահները` բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելիս: Ոստիկանությունը վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենք-զինամթերքի հարուստ տեսականին ներկայացրել է մեկ տեսաշարով: «ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթեքի կամավոր հանձնման, նաև՝ հայտնաբերման դեպքեր։Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել, որ մի ուղևորի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու պայուսակում հայտնաբերել է ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 3 փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ֆանարջյան փողոցին հարող գերեզմանատան մոտ ինքնաձիգ է թողել։ Ինքնաձիգը հայտնաբերվել է։ Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին էլ Սիլիկյան 5 խճուղում էր թողել ԱԿ-74 տիպի ինքնաձիգ։ Արաբկիրի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, իսկ Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել «Ալաշկերտ» մարզադաշտի մոտ։ Էրեբունու բաժնի ծառայողներն էլ քաղաքացու զանգի հետքերով Նուբարաշենում հայտնաբերերել են ինքնաձիգ։ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին զանգահարած քաղաքացին օդանավակայանի հարևանությամբ էր թողել ինքնաձիգ ու ռազմամթերք, իսկ Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել մետրոյի դեպոյի մոտակայքում։ Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել Սեբաստիայի փողոցում։Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, նշված տանը խուզարկություն է կատարվել: Հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի ինքնաձիգ՝ պահեստատուփով, երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, երկու նռնակ, հրացանի 48 փամփուշտ, այլ զինամթերք: 56-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 6 փամփուշտ: Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: 33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են արձանագրվել ոստիկանության մարզային վարչություններում և ենթակա բաժիններում։ Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դարակերտ գյուղի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։ Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեծաքանակ ինքնաձիգներ, որսորդական հրացան, նռնակներ և ռազմամթերք։ Կումայրիի բաժին զանգահարած քաղաքացին Ղարիբջանյան խճուղում էր թողել ռազմամթերք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի հանձնման դեպք է արձանագրվել նաև Եղեգնաձորի բաժնում։ Ջերմուկի բաժնում հանձնել են որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք, Ճամբարակի բաժնում` որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչներ ու ռազմամթերք, Աշտարակի բաժնում` որսորդական հրացան, ինքնաձիգ և ռազմամթերք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Գորիսի բաժնում։ Որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք են հանձնել Թալինի և Ապարանի բաժիններում։ Արագածի բաժնում արձանագրվել է ատրճանակի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ռեստորաններից մեկի մոտ թողել են մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, հրազեն, նռնակներ։ Ինքնաձիգ, նռնակ և ռազմամթերք են հանձնել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի հայտնել է, որ մեծաքանակ զենք-զինամթերք է թողել «Ջաջուռի ավտոտնակների» մոտ։ Արարատի մարզային վարչությունում նույնպես արձանագրվել է մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք. ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ ու ռազմամթերք։ Մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնաման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում՝ ինքանձիգներ, ատրճանակ, նռնակներ և ռազմամթերք։ Ոստիկանության ամենօրյա պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ շարունակվում է։ Կրկին հորդորում ենք՝ նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
16:28 - 17 փետրվարի, 2024
Ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության արդյունքները

Ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության արդյունքները

Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։ «Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն, անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը, նշել է, որ ընդհանուր առմամբ բացահայտման ցուցանիշները 2022 թ. համեմատությամբ գրեթե բոլոր ուղղություններով և հանցատեսակներով բարձր են: Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության  դեմ  տարվող  պայքարի մասին՝  նա նշել է, որ չնայած արձանագրվել է դեպքերի հայտնաբերման ցուցանիշների զգալի աճ, այնուամենայնիվ, խնդիրը մնում է մտահոգիչ: Մյուս մտահոգիչ փաստը, ըստ Հովհաննիսյանի, ճանապարհատրանսպորտային երթևեկության  կանոնների խախտման դեպքերի և զոհերի թվի աճն է։  Անդրադառնալով ոստիկանությունում իրականացվող  բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ծառայությունը զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Անդրադառնալով հանրապետության ողջ տարածքում ներդրված Պարեկային ծառայության ժամանակակից մոդելին՝ նա նշել է, որ յուրաքանչյուր մարզում ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, իսկ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքները ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:  Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը  ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։ Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ, 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն:  Բացահայտման տոկոսում հաշվվող 40 598 հանցագործության դեպքերից 26 469-ով կամ 65,2%-ով հայտնի է հանցանք կատարած անձը:   Հաշվետու ժամանակահատվածում 2847-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը: Հարկ է նշել, որ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին տարիներին գրանցված նմանատիպ միակ դեպքն է։ Աճել են համացանցի միջոցով  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. 489 դեպք, որից 128-ը՝ իրացնելու, 361-ը՝ ձեռք բերելու: Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 100-ից ավելի համացանցային հարթակ։ 2023 թ. 12 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1404 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 574-ը կաշառակերության դեպքեր են: 169 դեպքով աճել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների թիվը, միաժամանակ աճել է դրանց բացահայտման արդյունավետությունը։ 2023 թ. ընթացքում Փրկարար ծառայության գործունեությունը ներկայացրել են ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը: Հաշվետու ժամանակահատվածում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, օրենքներում՝ փոփոխություններ, ծավալուն աշխատանքներ են կատարվել վտանգավոր քիմիական նյութերի կառավարման ուղղությամբ: Մշակվում է նոր ներդրումային ծրագիր, որով առավել կբարելավվի ծառայության աշխատանքը:  Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը նույնպես միտված է բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արձագանքման արդյունավետ կազմակերպմանը: ՆԳՆ փրկարար ծառայությունն ուսումնասիրել է 289 բնակավայրերի հեղեղավտանգ 297 տեղամաս, և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Փրկարար ծառայության ուժերով հարկադիր քարաթափում է իրականացվել 34 տեղամասում: Անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել են աշխատանքային 847 խմբեր, որոնք համապատասխան վայրերում իրականացրել են իրազեկման աշխատանքներ: Լողափնյա սեզոնի ընթացքում Սևանա լճի ափամերձ գոտիներում իրականացվել է շուրջօրյա հերթապահություն. ՓԾ ստորաբաժանումների կողմից փրկվել է 27 մարդու կյանք: Իրականացվել է չորրորդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների նախագծերի համալիր փորձաքննություն, ուսումնասիրվել են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների ու կազմակերպությունների  նկուղային հարկեր:  Նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվող անելիքներին է անդրադարձել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների կարգապահական խախտումներին, իրականացված ծառայողական քննություններին: Մասնավորապես, կատարվել է 1706 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 640 ծառայող: Ամփոփելով աշխատանքը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, միևնույն ժամանակ բարձրաձայնել առկա խնդիրների ու բացթողումների մասին։ Վահե Ղազարյանը Ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները մի շարք հանցատեսակների ուղղությամբ՝ հատկապես առանձնացնելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումը՝ շարունակելով իրականացնել բացատրական աշխատանք։ Նախարարը նշել է, որ Ոստիկանության ստորաբաժանումներում պետք է բացառվի բռնության որևէ դրսևորում, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ծառայողը ենթարկվելու է պատասխանատվության։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ նախարարը խիստ հանձնարարական է տվել Պարեկային ծառայությանը՝ լինել անհանդուրժող ճանապարհային երթևեկության կանոններ խախտող անձանց նկատմամբ։ՆԳ նախարարը 2024 թվականը հայտարարել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։ Խոսելով Փրկարար ծառայության 2023 թվականի աշխատանքի մասին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ծառայողների անձնվեր ծառայության համար՝ առանձնացնելով հատկապես անտառային հրդեհների դեմ տարվող աշխատանքները։Նախարարը հանձնարարել է ամառվա ամիսներին ուժեղացնել ծառայությունը Սևանա լճում՝ բացառելու համար ջրահեղձման դեպքերը, այդ ուղղությամբ ակտիվ համագործակցել Ջրային պարեկային ծառայության հետ։ ՆԳ նախարարն անդրադարձել է երկու ծառայությունների աշխատակիցների կարգապահությանը, հորդորել է ակտիվ մասնակցել ատեստացիոն գործընթացներին՝ բարելավելու համար սոցիալական երաշխիքները, ինչպես նաև անդրադարձել է առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Խորհրդակցության ավարտին ՆԳ նախարարը, Ոստիկանության պետն ու Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրեցին 2023 թ. ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ծառայողներին, ինչպես նաև հանձնեցին փոխանցիկ դրոշներ՝ 2023 թ. լավագույն ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
12:32 - 17 փետրվարի, 2024
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային վարչությունում

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային վարչությունում

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 13-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը, Սյունիքի մարզային վարչության, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, պարեկային ծառայության, հաշվառման-քննական բաժանմունքների և պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարները։ Ամփոփվել են 2023 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար։ Նա նաև հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։ Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը։ Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել իրականացվող բարեխիղճ ծառայության համար։ Նրանք այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։
16:26 - 14 փետրվարի, 2024
Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից

Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից

Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-ից ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներին: Տեղեկացվում է նաև, որ 2024 թ. փետրվարի 26-ից վերը նշված իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նաև տեսանկարահանման սարքերով:
16:30 - 12 փետրվարի, 2024