Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
 |armenpress.am|
12:00 - 27 փետրվարի, 2024

Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է ավտոմեքենան երկրորդ գծում կանգնեցնելու համար կիրառվող տուգանային միավորը 0.5-ից նվազեցնել 0.25-ի:

Այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման շրջանակում:

Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պարագայում քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորներն այլ առաջարկներ ևս ներկայացրել են, նախագծում լրացումներ են կատարվել:

«Մի խումբ պատգամավորների առաջարկի հիման վրա՝ երկրորդ գիծ կանգնելու հետ կապված 0.5 տուգանային միավորը դարձնում ենք 0.25 տուգանային միավոր»,-ասաց Արփինե Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տաքսու վարորդների հետ գրեթե ամենօրյա շփումների ընթացքում հասկացել են, որ երկրորդ գծում տարեկան մի քանի անգամ ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով մարդը զրկվու է վարորդական իրավունքից ու փաստացի ապրուստի միջոցից՝ ընդ որում սա այն դեպքում, երբ մարդը չի ունենում խախտման չարամտություն, պարզապես պատվեր տվողն ուշ է մոտենում ավտոմեքենային:

Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս հաստատեց՝ փոփոխությունն առաջարկել են՝ հաշվի առնելով հիմնականում տաքսու ծառայություն մատուցողների շահերը: «Այս խախտումը հիմնականում իրականացվում էր տաքսի ծառայություն իրականացնող վարորդների կողմից, որովհետև ամենաշատն իրենք են կանգառ-կայանում իրականացնում օրվա ընթացքում»,-նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել