ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունը ժամկետներ սահմանեց

Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունը ժամկետներ սահմանեց

Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վար­ժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։ Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ապահովման համար երեք ամիս ժամկետով՝ հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 45 միավոր տրանս­պորտային միջոց։ Ըստ ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ:
11:04 - 13 հունվարի, 2022
Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Վերջերս Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող՝ թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակելու է հետևողական լինել և գործադրել առկա բոլոր հնարավորությունները օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
11:42 - 11 հունվարի, 2022
2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտե­սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական ու շոշափելի արդյունքներ է գրանցում։ Մասնավորապես, 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգմանը, փողոցային լուսավորության կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու մանկապարտեզների կառուցմանը։ Վերջինի առումով, կարևորելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, առաջարկվել է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2021 թվականին Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, սակայն չիրականացված մի շարք ծրագրերը 2022 թվականին իրականացնելու հարցին, ինչպես նաև առաջարկվել է սահմաներձ բնակավայրերում պետական բյուջեի համաֆինանսավորման չափերն առանձին սահմանել և, ըստ այդմ՝ հստակեցնել ոլորտային առաջնահերթություններն ու բյուջեից համաֆինանսավորման չափերը։ Փոխվարչապետ Մաթևոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու ու դրանց լուծում տալու նպատակով։
09:51 - 11 հունվարի, 2022
Կառավարությունը պատվիրակություն կգործուղի Ռուսաստան

Կառավարությունը պատվիրակություն կգործուղի Ռուսաստան

ՀՀ կառավարությունը հունվարի 24-28-ը պատվիրակություն կգործուղի Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաք՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. հունվարի 5-ի 13 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանը, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ Դավիթ Վիրաբյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի պետ Աստղիկ Բալդրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտյոմ Ղևոնդյանը և ԲՏԱ նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը: Պաշտպանության նախարարին հանձնարարված է գործուղումից վերադառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պատվիրակության՝ ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ և արտգործնախարարություն ներկայացնելը:
20:56 - 05 հունվարի, 2022
Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը |armenpress.am|

Կառավարությունը որոշում է կայացրել ազատել ներմուծման մաքսատուրքից «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը որոշում է կայացրել մաքսատուրքից ազատել «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը: Կառավարության սույն որոշումը պայմանավորված է «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ: «ԴՐԻՄՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է ծխախոտի արտադրության համար (ք. Երևան):  Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Դրիմքոմփանի  ընկերության  ռազմավարությունը  միտված է սեփական արտադրանքը արտաքին  շուկաներում ներկայացնելուն,  որի նպատակով նախատեսվում է արտադրանքի  80%-ի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկրներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 11․9մլրդ դրամի ներդրում, որից 2 մլրդ դրամը նոր հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը՝ շինարարական աշխատանքների իրականացման և հումք ու նյութերի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2024թ ստեղծել 100 նոր աշխատատեղ` մինչև 450,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                9․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 937․7 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
14:03 - 05 հունվարի, 2022
Ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում չպետք է տեսնենք. վարչապետ |armenpress.am|

Ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում չպետք է տեսնենք. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (51 տոկոս) և յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է: Կառավարության նիստին այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթները: Նախարարը նշեց, որ այս քայլը շատ կարևոր խթան կհանդիսանա բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցման ուղղությամբ. «Մեր քաղաքականությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում առողջությանը պատճառված վնասների կանխմանը: 2020 թվականին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից կյանքի է կոչվել, բայց ,իհարկե, հնարավորություն և ժամանակ է տրվել տնտեսվարողներին իրենց գործունեությունը այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով ունենանք այսօրվա դրույթների կիրառումը»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Ըստ այդ դրույթների՝ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում: «Սա կնպաստի, որ գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի»,- հավելեց Ավանեսյանը: Ավանեսյանի խոսքով` Հայաստանում սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի տարածվածությունը հուշում է, որ այս առումով պայքարը հետևողականորեն տանելու ուղղությամբ ամեն ինչ պետք է անեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն: «Այսինքն` ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է: Կոմերցիոն տարածքներում ծխախոտի տուփի հետ չպետք է առնչվենք»,-եզրափակեց վարչապետը:
13:22 - 05 հունվարի, 2022
Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ԱՆԻՖ-ին

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ միաժամանակ նախատեսվում է պահպանել բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը: Նախագծով առաջարկվել է հանձնարարել վարչապետի աշխատակազմին՝ ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարության նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ արդյունավետ ներկայացումն է»,- նշեց Մաթևոսյանը:  «Մեր բաժնեմասի չափով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կունենա ներկայացուցիչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենների խորհրդում, սրանից բխող գործառույթներ կիրականացվեն, և շահույթի բաշխման պարագայում տվյալ չափով շահաբաժինն արդեն կդառնա պետական բյուջեի եկամուտ, որը մենք կծախսենք մեր պետության կարիքների և ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:50 - 05 հունվարի, 2022
ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին |1lurer.am|

ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումն արգելող օրենքն ընդունվել է 2020 թ. գարնանը, բայց ուշ է ուժի մեջ մտել, որպեսզի արտադրողները, ըստ էության, հարմարվեն իրավիճակին և իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ: «Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն»,- ասաց Սիմիդյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երը վերահսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականցնեն, որպեսզի տեսչական մարմինների և Կառավարության վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա ավելի քիչ գործառույթներ դրվեն:
12:09 - 05 հունվարի, 2022
Վարչապետն արդարացված որոշում է համարում Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը |armenpress.am|

Վարչապետն արդարացված որոշում է համարում Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշմամբ Կառավարությունը արձանագրում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունվարի 5-ի նիստին վարչապետն ասաց, որ շատ երկար տարիների քննարկումներից հետո կայացրեցին այդ քաղաքական որոշումը: «Կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա և ընդգծել, որ սրանով  մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություններ անել: Ընդ որում, այս տարի կարծիք կար, որ հաջորդ օրերը ոչ աշխատանքային համարենք և այլն, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ»,- ընդգծեց վարչապետը: ՀՀ ազգային ժողովը 2021-ի նոյեմբերին ընդունել էր կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել էին, ոչ աշխատանքային են մնացել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:  
12:04 - 05 հունվարի, 2022
Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով |1lurer.am|

Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով |1lurer.am|

1lurer.am: Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր (ոչ կենսաչափական՝ հին նմուշի) կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: «Նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ստացած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է՝ 10 տարի վավերականության ժամկետով: Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամանակահատվածում դուրս բերելը»,- ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:  Ֆիդանյանի խոսքով՝ արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր, առավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առանց այս նորամուծության հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում: Վարչապետն արձանագրեց, որ այսօր Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է: «Օրինակ՝ այն անձնագիրը, որ այսօր ՀՀ քաղաքացիներն օգտագործում են, ժամանակակից աշխարհում վաղուց չեն օգտագործվում: Այստեղ մի քանի շերտեր կան՝ սկսած քաղաքականից: Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այնպիսի համակարգ ունենք, որ ի բնե ընտրությունների կեղծման որևէ մեխանիզմ, եթե իշխանությունը շատ ուզենա կեղծել, գոյություն չունենա: Դա ընտրություններին մեկ միասնական փաստաթուղթ ունենալն է՝ նույնականացման քարտը, որի քվեարկությունն արձանագրվում է, ցանցն օնլայն միացած է ամբողջ Հանրապետությունում: Այսօր մենք ընտրություններում 4 փաստաթուղթ ունենք, որով կարելի է քվեարկել»,- ասաց Փաշինյանը:
13:52 - 30 դեկտեմբերի, 2021
2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս |armenpress.am|

2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: 2022 թվականի համար մեր բյուջեի առանձնահտուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բաձր մակարդակ: Որոշ կարծիքներով դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, այն մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասաց  Տիգրան Խաչատրյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցանիշը կատարյալ չէ, սակայն նախորդ տարիների համեմատ փոփոխություններ կան:
13:12 - 30 դեկտեմբերի, 2021
Եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. Փաշինյան |1lurer.am|

Եթե պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստումների կարևորությունը: «Եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով ու շատ ավելի մեծ մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան երկրորդ պատվաստում ստացած 700 հազար քաղաքացի, ինչն այսօրվա իրադրության առանցքային պատճառն է: Նախ, մեր մյուս քաղաքացիներին պետք է երկու պատվաստումով պատվաստենք, հետո զուգահեռ 3-րդ պատվաստումներն իրականացնենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Կառավարության ընտրած քաղաքականությանը: «Առաջիններից մեկն էինք, որ կողմնորոշվեցինք՝ լոքդաունների քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը: 2020-ի մայիսին ենք սկսել դանդաղ վերացնել լոքդաունները, նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակում չենք վերադարձել այդ լուծմանը, որովհետև հասկացել ենք, որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասաց վարչապետը:
12:41 - 30 դեկտեմբերի, 2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի:  ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստման գործընթացը շարունակվում է, և սա ամենակարևոր հանգամանքն է հաջորդիվ նոր ալիքներից խուսափելու համար: Մենք արդեն նաև երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվ աշխատում ենք: Մոտ 800 քաղաքացի արդեն իսկ ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Այն հասանելի է մեր քաղաքացիներին, մենք քաղաքացիներին հորդորում ենք դիմել և ստանալ խթանիչ դեղաչափերը: Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար վիճակ»,- ասաց նա: Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է  711 հազար 864 քաղաքացի: «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային վարակով 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն մեր հիվանդանոցային օղակներում: Սա ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»,- ասաց Ավանեսյանը: Նախարարն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ովքեր արդեն երկու տարի օր ու գիշեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար:
12:06 - 30 դեկտեմբերի, 2021
2021 թվականին 2020-ի նկատմամբ 200.5 միլիարդով ավելի հարկեր ենք հավաքել. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

2021 թվականին 2020-ի նկատմամբ 200.5 միլիարդով ավելի հարկեր ենք հավաքել. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց դեկտեմբերի 30-ի դրությամբ բյուջեի եկամտային հատվածի ցուցանիշները: ««Պետական բյուջեի մասին» օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ: Այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 միլիարդով: Այսինքն՝ մենք կատարել ենք եկամտային հատվածը 1 տրիլիոն 586 միլիարդ դրամով: Այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Վերջին ճշգրտված պլանը եղել է 2022 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով, նախանշվել է 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ»,- ասաց Բադասյանը: Բադասյանի խոսքով՝ հիմնականում ԱԱՀ-ի գծով 182 միլիարդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին: «Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ, այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 միլիարդ»,- ասաց ՊԵԿ նախագահը: Բադասյանը նշեց, որ 2021 թվականին 200.5 միլիարդով ավելի հարկեր են հավաքվել 2020 թվականի նկատմամբ:
11:56 - 30 դեկտեմբերի, 2021