Հայոց ցեղասպանություն

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան
 |armtimes.com|

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան |armtimes.com|

armtimes.com: Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, անդրադարձել է երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան ճշմարտությունն ասելու խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմը գրել է, որ ավելի քանի 1 դար ճանչանման և ճշմարտության համար ձգված պայքարից հետո հայ ժողովուրդը հասավ նրան, որ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձությունները ավանի ցեղասպանություն: «Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այս օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, բայց ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այս օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։ Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։
10:25 - 25 ապրիլի, 2021
Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային է միջազգային ճանաչման հարցում. Ավինյան

Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային է միջազգային ճանաչման հարցում. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակության է համարում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: Ավինյանը, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու և համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական և անուրանալի ավանդի համար»:   Փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, միաժամանակ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Ուստի, անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, Ցեղասպանության հարցն ու դրա միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեն, և խոսակցությունն այդ մասին պետք է չդադարի»,-ասել է Ավինյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր պետություն, հանձնառություն ստանձնելով, պիտի առավելագույնն անի՝ այդպիսի արհավիրքների կրկնությունը բացառելու համար:
22:35 - 24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համարձակ և ոգևորիչ քայլ է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում: «Շնորհակալություն, նախագահ Բայդեն: Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում»,- ասված է գրառման մեջ: Նախագահը հավելել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:
22:29 - 24 ապրիլի, 2021
ԱՄՆ նախագահի հայտարարությունը «որևէ արժեք չունի», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն |civilnet.am|

ԱՄՆ նախագահի հայտարարությունը «որևէ արժեք չունի», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն |civilnet.am|

civilnet.am: Թուրքիան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կիրառել է ցեղասպանություն եզրը։ «Մենք մերժում և ամենավճռական ձևով դատապարտում ենք ապրիլի 24-ին արմատական հայկական շրջանակների և հակաթուրքական խմբավորումների ճնշման տակ արված ԱՄՆ նախագահի հայտարարությունը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։ «Ակնհայտ է, որ այս պնդումը չունի ո՛չ գիտական, ո՛չ իրավական հիմք, ո՛չ էլ որևէ ապացույց։ Ինչ վերաբերում է 1915-ի իրադարձություններին, ապա «ցեղասպանություն» եզրի օգտագործման համար անհրաժեշտ պայմաններից ոչ մեկը, որը խիստ սահմանված է միջազգային իրավունքում, չի կատարվել։ 1915-ի իրադարձությունների բնույթը չի փոխվում՝ կախված քաղաքական գործիչների ընթացիկ քաղաքական շարժառիթներից կամ ներքաղաքական նկատառումներից։ Նման վերաբերմունքը ծառայում է միայն պատմության գռեհիկ խեղաթյուրմանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ արձանագրել է 1915-ի իրադարձությունների հակասական բնույթը։ Ավելին, 2005-ին Թուրքիան հայկական կողմին առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ այդ ժամանակաշրջանի պատմական փաստերի լույսի ներքո արդար հիշողության հասնելու նպատակով: Թեև Հայաստանը երբեք չի պատասխանել այդ առաջարկին, այն դեռ բանակցությունների սեղանին է։ Այս առումով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը ո՛չ իրավաբանորեն, ո՛չ բարոյապես լիազորված չէ դատել պատմական հարցերը, որևէ արժեք չունի։ Որպես երկիր, որը գտնվում է քաղաքակրթությունների օրրան կոչվող տարածաշրջանի կենտրոնում, և որը, չնայած իր բոլոր տառապանքներին, ջանքեր է գործադրել հանուն խաղաղության և մարդկության հանգստության համար՝ Թուրքիան երբեք չի խուսափել իր պատմությանն առերեսվելուց և այդ առումով դասեր չի վերցնելու որևէ երկրից, այդ թվում ԱՄՆ-ից: Պատմական փաստերը խեղաթյուրող ԱՄՆ-ի այս հայտարարությունը երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի խղճի մեջ և կբացի մեր փոխադարձ վստահությունը և բարեկամությունը խարխլող խորը վերք: Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ուղղել այդ լուրջ սխալը, որը ոչ մի այլ նպատակի չի ծառայում, քան բավարարել որոշակի քաղաքական շրջանակների և աջակցել տարածաշրջանում, հատկապես թուրք և հայ ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության պրակտիկայի հաստատմանն ուղղված ջանքերին՝ փոխանակ ծառայելու վերոնշյալ շրջանակների օրակարգին, որոնք փորձում են թշնամանք բորբոքել պատմությունից»: Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
22:14 - 24 ապրիլի, 2021
ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը

ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը:  Այս մասին ասված է Բյուրոյի տարածած հաղորդագրությունում: «2021թ. Ապրիլի 24-ը պատմական օր է հայության համար։ Պատմական օր է, որովհետև Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը, հանձին նախագահ Ջո Բայդենի, պաշտոնապես վերահաստատեց Հայոց Ցեղասպանության իրողությունը։ Այսպիսով, փաստորեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներն անցավ այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,- ասված է հաղորդագրությունում: ՀՅԴ Բյուրոն նշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի գործածությունն այս օրերին հույժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրվում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին ուղղակիորեն ու անթաքույց ներգրավված Թուրքիայի՝ սրանից 106 տարի առաջ կատարած ու առավել քան մեկ դար շարունակվող ցեղասպանական գործողություններին։ «Արձանագրված հաջողությունը արդյունքն է տասնամյակներ շարունակ Հ.Յ.Դ. Ամերիկայի Միացյալ Նահանգների մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների և հազարավոր նվիրյալների անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի։ Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենյակների ու հանձնախմբերի հանդեպ ամերիկահայության հավատքի, հայության հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։ ՀԴՅ Բյուրոն, իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անվհատ պայքարեցին այս հաջողության համար»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում: Դաշնակցության Բյուրոն ընդգծել է, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում: «Ամերիկայի Միացյալ Նահանգների այս հայտարարության պատգամը մեզ համար միանշանակ է. պայքարը շարունակվում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում։ Հայ Դատը ժամանցելիություն չի ճանաչում։ Հայության ոտնահարված իրավունքները պիտի՛ վերականգնվեն։ Հայաստանն ու հայությունն իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայությունը պիտի՛ ունենա անվտանգ ապրելու և արարելու հնարավորություն  իր բնօրրանում։ Ուրեմն, առաջ՝ դեպի նոր հաջողություններ ու նոր հաղթանակներ»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
21:39 - 24 ապրիլի, 2021
ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ԱԳՆ

ԱՄՆ նախագահի ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Ողջունում ենք ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով հստակ մատնանշվում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Հայոց ցեղասպանության դժվարին օրերին Ամերիկայի կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտության և արդարության կողքին կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:   Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:  Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում», -  ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
20:55 - 24 ապրիլի, 2021
Այսօր մենք միասին ավելի ուժեղ ենք, քան երբևէ. Ադամ Շիֆի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

Այսօր մենք միասին ավելի ուժեղ ենք, քան երբևէ. Ադամ Շիֆի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

armenpress.am: Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը: «Մենք նաև հիշում ենք վերջին ագրեսիայի հետևանքով զոհ գնացած  հայերին՝  նրանց, ովքեր մահացան Արցախում, ովքեր ստիպված եղան փախչել ադրբեջանական ու թուրքական ագրեսիայից՝ ուղղված իրենց տների ու կյանքի դեմ: Հիշում ենք նաև նրանց, ովքեր մնացին որպես ռազմագերիներ: Այս վերջին բռնությունն ընդգծում է ոչ միայն 1915 թվականի զոհերին հիշելու, այլև ճշմարտությունն ասելու կարևորությունը, պատմության այս խավար շրջանը ճանաչելու որպես ցեղասպանություն, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի: Շիֆը նշել է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան առաջ է տանում Ցեղասպանության ժխտման, այդ մասին բարձրաձայնողներին լռեցնելու քաղաքականություն: «Նրանք ստիպում են շատերին լուռ մնալ, և ցավով եմ արձանագրում, որ շատ տասնամյակներ դրանց շարքում էր նաև ԱՄՆ կառավարությունը: Այլևս երբեք»,- նշել է Շիֆը՝ հպարտությամբ հիշեցնելով, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները նախորդ տարիներին ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: «Այսօր մենք կանգնած ենք միասին, ավելի ուժեղ, քան երբևէ՝ հայտարարելու, որ հայերին ոչնչացնելու քաղաքականությունը ձախողվել է: Պարզապես նայեք հայ ժողովրդին ու հայկական սփյուռքին: Ես մշտապես կանգնած եմ լինելու հայկական համայնքի կողքին՝ ոգեկոչելու հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Մեր աշխատանքը շարունակվում է, քանի որ մենք շարունակում ենք պահանջել ու պայքարել արդարության համար»,- հայտարարել է Շիֆը: Նա նշել է, որ իրենք պահանջում են նաև խաղաղություն և անկախություն Արցախի համար:
20:51 - 24 ապրիլի, 2021
Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ ԱՄՆ նախագահի ուղերձը

Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը․ ԱՄՆ նախագահի ուղերձը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ ԱՄՆ նախագահի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք այն բոլոր կյանքերը, որոնք կորսվեցին Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերստին պարտավորվում ենք կանխել նման վայրագության կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների՝ 1915 թ.-ի ապրիլի 24-ի ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որ տեղի ունեցածի սարսափները երբեք չկորսվեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որ միշտ զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ։ Ողջ մնացածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և սկսել նոր կյանքեր ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը իրենց նախնիներից շատերին բերեց մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ վստահ լինելու համար, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի: Այսօր, երբ սգում ենք կորուստը, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են արժանապատվության և անվտանգության մեջ ապրել: Եկեք թարմացնենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հասնենք ապաքինման ու համերաշխության աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը հարգում է բոլոր այն հայերի հիշատակը, որոնք զոհվել են 106 տարի առաջ այս օրը սկսված Ցեղասպանության մեջ»:
20:25 - 24 ապրիլի, 2021
Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին |armenpress.am|

Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել: Նամակում  ասվում է. «Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն ոգով, որ նրանց հիշատակը դառնա ներկայի քայլերի և մեր ապագայի նպատակների մասին մշտական դաս:Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա»: Նախագահը շեշտել է, որ արգենտինացի ժողովուրդն այդ մասին լավ գիտի, քանի որ հայ համայնքը շատ խորը արմատներ է գցել իրենց երկրում, միասին են մեծացել: «Գիտեմ, որ ձեզնից շատերը սիրում Արգենտինան, ինչպես նաև իր նախնիների մշակույթը, ավանդույթները և հիշատակը: Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը:Այս ցավալի օրը ցանկանում եմ ձեր կողքին լինել այն ըմբռնմամբ, հարգանքով և համերաշխությամբ, որոնցով միշտ եմ արել: Ընդունե՛ք իմ սրտանց և եղբայրական գրկախառնությունը»,-նշել է Ֆերնանդեսը:
19:26 - 24 ապրիլի, 2021
Վարչապետը և Կիպրոսի պաշտպանության նախարարը կարևորել են բազմաոլորտ գործընկերության զարգացումը

Վարչապետը և Կիպրոսի պաշտպանության նախարարը կարևորել են բազմաոլորտ գործընկերության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրոսցի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր արտաքին մարտահրավերներ, և Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության: Նախարար Պետրիդեսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի նախագահի ողջույնները և պատիվ համարել խորհրդանշական այս օրը Հայաստանում լինելը, բարեկամ հայ ժողովրդի հետ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելը: «Մեր ժողովուրդներն ունեն պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր մարտահրավերներ, և մենք հետաքրքրված ենք խորացնելու հայ-կիպրական համագործակցությունը»,- նշել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:     Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:Վարչապետն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է շարունակում մնալ հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը, որոնց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Նախարար Պետրիդեսը Կիպրոսի զորակցությունն է հայտնել Հայաստանին այս գործում: Կողմերը համակարծիք են եղել, որ ներկայիս իրողությունների և աճող մարտահրավերների պայմաններում պետք է ակտիվ աշխատել՝ բազմաոլորտ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ: Քննարկվել են պաշտպանության, կրթության, տեխնոլոգիաների, ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, հայ-կիպրական համաժողովի անցկացմանը, զբոսաշրջային կապերի խթանմանը, օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, նաև դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությանը վերաբերող հարցեր:
19:14 - 24 ապրիլի, 2021
Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը»։
18:37 - 24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո |armenpress.am|

Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Կանադայի վարչապետի պաշտոնական կայքից, Ջասթին Թրյուդոի ուղերձում ասված է. «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին, որպեսզի հիշենք նրանց, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային գործողություններին: Մենք հարգում ենք նաև նրանց հետնորդներին և բոլոր նրանց, որոնք շարունակում են ապրել այդ ողբերգության ցավով, կորուստներով և տրավմայով: Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության անթույլատրելի գինը: Կանադան դեմ է և վճռականորեն դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունն ու քսենոֆոբիան: Այսօր մենք հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին և արժեքներին և պարտավորվում ենք շարունակել աշխատանքը մեր գործընկերների հետ, որպեսզի նմանատիպ գազանություններն այլևս չկրկնվեն: Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով և ոգով՝ աներևակայելի բարդությունների դեմ պայքարում և հույսով սպասում ենք ավելի խաղաղ ապագային: Այս մռայլ տարելիցին բոլոր կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնել՝ հարգելու համար զոհերի  հիշատակը և նրանց, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Մենք կշարունակենք պատվել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին՝ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»:
18:34 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մաքսիմ Պաշկովսկու խոսքով՝ ցանկացած ցեղասպանություն, որպես ազգային հատկանիշով բռնության լայնածավալ դրսևորում, անդառնալի ողբերգություն է ինչպես ազգի պատմության մեջ, որը տուժել է, այնպես էլ այն ազգի, որն իր պատմության մեջ թույլ է տվել նման հանցագործություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ աջակցում է ցեղասպանության կազմակերպիչների դատապարտմանն ուղղված գործողություններին: «Եթե ապացուցողական բազան հավաքված է, մարդկությունը պետք է սովորի նման ողբերգությունից քաղել առավելագույնը, որպեսզի չկրկնի դրանք ապագայում։ Ինձ, որպես Ուկրաինայի պատգամավոր, դժվար է խոսել թուրքական կառավարության միջազգային որոշումների հեռանկարների մասին, բայց դժվար թե որևէ մեկը վիճարկի հակամարտությունների դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտությունների լուծման գերակա միջոց: Թե ինչի կարող է հանգեցնել ռազմական սցենարի հետ խաղալը, մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել մարդկության պատմության մեջ։ Ռազմական գործողությունները կարող են հակամարտության մեջ ներքաշել երկիրը մինչև այն ժամանակը, երբ նրանք կգիտակցեն, որ պատերազմն ու մահը բանակցությունների վարման մեթոդ չեն»,- նշեց ուկրաինացի պատգամավորը։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթը արտասանելու հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի համար: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի շատ ժողովրդավարական կառավարությունների համար՝ իրենց գնահատականը տալու մեկդարյա վաղեմության իրադարձություններին»,- ասաց ուկրաինացի պատգամավորը:
18:15 - 24 ապրիլի, 2021
Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն |1lurer.am|

Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու որոշմանը: Նա մասնավորապես գրել է. «Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը: Այս ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը վաղուց ուշացել է: Մենք պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե հույս ունենք հետագայում խուսափել դրանց կրկնությունից: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ես միանում եմ Միացյալ Նահանգների հայ համայնքին և հայկական Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին, հարգում և հիշում եմ զոհերին, կանգնած եմ վերապրածների ու նրանց ընտանիքների կողքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման այս դժվարին գործում»:
17:50 - 24 ապրիլի, 2021
Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համար |tert.am|

Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:Աշխարհը ոգեկոչում է սպանված, խոշտանգված, սովից մահացած 1,5 միլիոն մարդկանց հիշատակը, որոնց միակ մեղքը մարդասպանների առջև «սխալ» ազգությունն ու «սխալ» հավատքն էր: Դա մանրակրկիտ և ծրագրված սպանություն էր, որը տևել է 2 տասնամյակ:1915 թվականի ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում մեկ գիշերվա ընթացքում, հարյուր հազարավոր մտավորականներ, հոգևորականներ, գրողներ, փիլիսոփաներ և արվեստագետներ ձերբակալվեցին. այն մարդիկ, որոնք հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին, նրանք, որոնք կարող էին իրենց ետևից տանել: Նրանք գրեթե բոլորը սպանվել են:Նախապես թուրք զավթիչները զորակոչում էին բանակ և գնդակահարում հայ զինվորականներին: Ցեղասպանության ծրագրի այս երկու փուլերից հետո մնացածները՝ կանայք, երեխաներ, ծերեր, բռնի կերպով քշվում էին իրենց հայրենի երկրից և տարվում էին անապատ: Վերաբնակիչների մեծ մասը մահանում էր սովից և հիվանդությունից: Գրեթե ոչ ոք տեղ չի հասել:Նրանք, որոնք կարողացան փախչել, ցրվեցին օտար երկրներով և ընդմիշտ կորցրեցին իրենց հայրենիքը:Այդ ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և հասարակությունը միայն անհանգստություն էր հայտնում:Դա ձեզ ինչ-որ բան չ՞ի հիշեցնում: ..Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց էր տալիս. «Ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը»: Պատասխանը Հոլոքոստն էր:Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: Սա սարսափելի և, ցավոք, չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս `1995 թվականին` հայ ժողովրդի ողբերգությունից 80 տարի անց, մեր և ձեր կյանքի ընթացքում:Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի հետո դատապարտել հանցագործությունը, ցանկացած հակամարտության և վեճերի նման «լուծման» անթույլատրելիության մասին հայտարարել և քաղաքական պարտավորություններ ստանձնել:Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է միջազգային մակարդակով`Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:Հայերի ոչնչացումը պաշտոնապես ճանաչվել է որպես Ցեղասպանություն և դատապարտվել է 30 երկրի կողմից, այդ թվում ՝ Եվրամիության հիմնական երկրների, 29 նահանգների և շրջանների կողմից:Ողբերգության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականին,  Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է հայկական պատարագ: «Չարը քողարկելը կամ ժխտելը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»,-ասել է Հռոմի պապը:Ուկրաինան «Երկնային հարյուրյակի» արյունով է շահել դեպի Եվրամիություն տանող ճանապարհը: Սպանվածներից առաջինը Ուկրաինայի հայրենասեր որդին էր`հայազգի Սերգեյ Նիգոյանը:Հետ մղելով ագրեսիան երկրի արևելքում, պայքարելով իրենց երկրի՝ Ուկրաինայի համար, ուկրաինահայերը կյանքը զոհել են զինված ուժերում, Ազգային գվարդիայում, ՆԳՆ-ում, կամավոր գումարտակներում»,-գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:
16:57 - 24 ապրիլի, 2021