Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին

 |armenpress.am|

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անի դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաընկերությանը՝ խոսելով սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և միջազգային հանրության արձագանքի մասին: Այդ առումով Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների կողմից ավելի հասցեական գնահատականները: «Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ինչպես Միացյալ Նահանգներն է անում: Միացյալ Նահանգները շատ հստակ էր իր ձևակերպումներում. նա կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը, որն արվել է Ադրբեջանի կողմից, և միջազգային հանրությունը պետք է աջակցի դիվանագիտական գործընթացին», - «Ֆոքս Նյուզ»-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվել էին սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի վրա: Ընդ որում, «Ֆոքս Նյուզ»-ն իր ձևակերպման մեջ շատ հստակ նշում է, որ ադրբեջանական ուժերն են հարձակում ձեռնարկել «իրենց արևմտյան հարևանի վրա»: Այս համատեքստում ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին՝ նշելով, որ մեծամասամբ հայերով բնակեցված այս շրջանը խորհրդային ժամանակաշրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին զինված հակամարտություն է բռնկվել «քրիստոնյա հայերի» և «մուսուլման ադրբեջանցիների» միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ:    
16:41 - 03 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջամնում դրական ազդեցություն է ունենում՝ իր հետ բերելով հավելյալ անվտանգության երաշխիքներ. ՀՀ ԱԽ քարտուղար
 |amerikayidzayn.com|

ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջամնում դրական ազդեցություն է ունենում՝ իր հետ բերելով հավելյալ անվտանգության երաշխիքներ. ՀՀ ԱԽ քարտուղար |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Վաշինգտոնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ-ի միջնոդությամբ հանդիպել է նաև ադրբեջանական կողմի հետ: Գրիգորյանն անդրադարձել է հանդիպմանն ու այլ հացերին: Զրույցը կայացել է սեպտեմբերի 28-ի սահմանային վերջին բախումներից առաջ։  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումը գնահատում է «արդյունավետ»: Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը: «Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»: Գրիգորյանը հիշեցնում է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրի ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ: Նա մատնանշում է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը: «Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասում է Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ: Առավել մանրամասն՝ amerikayidzayn.com-ում
10:32 - 29 սեպտեմբերի, 2022
Երևանը հաստատակամ է ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում․ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Երևանը հաստատակամ է ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում․ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը:
12:08 - 27 սեպտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ-ն: Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:  Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
14:08 - 21 սեպտեմբերի, 2022
 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  Անվտանգության խորհրդի նիստ․ ընդունվել է հայտարարություն

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ ընդունվել է հայտարարություն

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը. 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն: Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը: Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ: Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
16:57 - 19 սեպտեմբերի, 2022
«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
 |azatutyun.am|

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասաց նա:  - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ: - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր: Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:  - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր: - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:  - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ոչ: - Ի՞նչ առումով ոչ: - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ: - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:  - Երբ ասվում է, որ սահմանին հիմա հանգիստ է, սակայն պահպանվում է լարվածությունը, այսինքն` կա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:  - Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել: - Այդ թվում և լայնածավալ կամ այսպես ասենք` ավելի լայնածավալ: - Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի: - Սա ժամանակավո՞ր հրադարար է: Ես հարցնում եմ, որովհետև Բաքուն այդ օրը հենց նման առաջարկ էր հնչեցնում, ավելին` պատրաստակամություն հայտնելով 100 դի փոխանցել հայ զինծառայողի: Արմեն Գրիգորյան. - Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները: - Այսինքն` այն դեպքը չէ, որ ենթադրենք` 72 ժամով կրակը դադարեցնենք, դի փոխանակենք… - Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել:  - Ժամայինը ասացիք, իսկ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել: - Հայաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել:
17:53 - 16 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին: Ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը:  
15:26 - 15 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ի հետ գործակցությունը խաղաղ է և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ․ ԱԽ

ԱՄՆ-ի հետ գործակցությունը խաղաղ է և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ․ ԱԽ

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կենսաբանության ոլորտում Միացյալ Նահանգների հետ գործակցությունը «բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ծրագրի մաս է կազմում: Այս գործընկերությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում և ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ: Այս համագործակցությունները մեր երկրներում պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը` ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելմամբ, հայտնաբերմամբ և վերահսկմամբ, ինչպես նաև բարելավում են տեղական լաբորատորիաների կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը: Որպես այս ծրագրի գործընկերներ, մեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն գիտակցում է համաշխարհային առողջապահական անվտանգության ամրապնդումը և մեր հասարակությունների վրա վարակիչ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելուն միտված համագործակցության ընդհանուր նպատակի կարևորությունը: Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են այն ընդհանուր մոտեցումը, որ նման համագործակցությունը ոչ թե պետք է խոչընդոտվի, այլ խթանվի և ամրապնդվի: 10-րդ հոդվածի համաձայն, մենք խրախուսում ենք «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին ի պաշտպանություն այս նպատակի աշխատել միասին` այդ թվում գալիք Վերանայման կոնֆերանսում (Review Conference)»,- նշված է հաղորդագրությունում։  
12:17 - 30 օգոստոսի, 2022
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ:  Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։  Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ-ի հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների լուծման համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը: 
13:11 - 03 օգոստոսի, 2022