Հայաստան

{Չհաստատված} Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

{Չհաստատված} Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ առնվազն երկու տարով։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ «Ազատության» աղբյուրի՝ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատում է տեղեկությունը, որ նախագիծը ընդունվել է կառույցում։ Ըստ Ազատության՝ ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն: Infocom.am-ի աղբյուրը, մեկնաբանելով այն, որ «եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում», նշում է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է։ Դեռևս պաշտոնապես դեռ չի հաղորդվում, թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, սակայն, ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ: «Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասված է հանձնախմբի եզրակացության մեջ: Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի՝ ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը: Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:
12:13 - 17 հունվարի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև հետագա համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ:   Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:   Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ Հայաստանին Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում կրկին ընդգրկելու համար:   Քննարկվել են երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության, զբոսաշրջության, ապակենտրոն համագործակցության, աշխատանքի արտադրողականության խթանման ուղղություններով:
18:05 - 16 հունվարի, 2023
Բիշքեկն ամենաաղտոտված քաղաքն է, Երևանում օդի աղտոտվածության մակարդակը վնասակար է. IQAir |armenpress.am|

Բիշքեկն ամենաաղտոտված քաղաքն է, Երևանում օդի աղտոտվածության մակարդակը վնասակար է. IQAir |armenpress.am|

armenpress.am: Օդի աղտոտվածության մակարդակով աշխարհում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: Այս մասին տեղեկանում ենք www.iqair.com կայքից, որը հրապարակում է օդի որակի վարկանիշը։ Ըստ կայքի՝ Ղրղզստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը կազմում է 304 AQI (օդի որակի ինդեքս), ինչը համապատասխանում է «վտանգավոր» մակարդակին։ Երկրորդ տեղում Մումբայն է (Հնդկաստան)՝ 215 AQI-ով, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գնահատվում է որպես ,շատ վնասակարե: Երրորդ հորիզոնականում է Դաքան (Բանգլադեշ)՝ 198 AQI-ով, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գնահատվում է «վնասակար»։ Այս ցուցակի առաջին տասնյակում են Տաշքենդը (Ուզբեկստան), Բաղդադը (Իրաք), Դելին, Կալկաթան (Հնդկաստան), Աքրան (Գանա), Կարաչին (Պակիստան), Կատմանդուն (Նեպալ): Թեև Հայաստանը ցանկում առանձին տեղ չի զբաղեցրել, սակայն կայքում նշվում է, որ Երևանում օդի աղտոտվածությունը կազմում է 176 AQI, ինչը համապատասխանում է «վնասակար» մակարդակին: Օդի «լավ» մակարդակ ունեցող քաղաքների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սան Ֆրանցիսկոն (ԱՄՆ), որին հաջորդում են Վանկուվերը (Կանադա), Սիեթլը (ԱՄՆ), Պորտլենդը (ԱՄՆ), Սիդնեյը (Ավստրալիա): Ինչ վերաբերում է այս պահին աշխարհի ամենաաղտոտված քաղաքը համարվող Բիշքեկին, այնտեղ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առաջին անգամ սկսվել են 2017 թ. նոյեմբերին, երբ քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը սկսել է մի քանի անգամ գերազանցել առավելագույն թույլատրելի նորմաները։ Այդ ժամանակից ի վեր Բիշքեկի օդը մոտավորապես նոյեմբերի կեսերից մինչև փետրվարի կեսերը համարվում է աշխարհում ամենաաղտոտվածներից մեկը: Տեղի բնապահպանների կարծիքով՝ սա նաև բազմահարկ շենքերով քաղաքի քաոսային կառուցապատման հետևանքն է, որոնք փակել են լեռների կողմից քամու հոսանքները: Որպես աղտոտման պատճառ նշվում է նաև բնակչության կողմից ձմռանը ածխի զանգվածային օգտագործումը մասնավոր տների ջեռուցման համար։
17:35 - 16 հունվարի, 2023
ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես ասել էր, որ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության մաս կազմելու առաջարկ չի եղել։ Փաշինյանը, սակայն, ընդգծել էր, որ «իրականությունը այդքան պարզ չէ, և հաճախ պետք է դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»։  Խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն ոչ պաշտոնական առաջարկ ստացել է Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ, Փաշինյանն ասել էր՝ «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»։ Անցած տարեվերջին էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել այն թեմայի մասին՝ ասելով, որ Հայաստանի հանդեպ ճնշումներ կան Միութենական պետության մասով՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կողմից է ճնշումը և ինչ մակարդակով․ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո էին մենք հարցում ուղարկել ԱԳՆ։  Միութենական պետության հետ կապված Հայաստանի վրա գործադրվող ճնշումների մասին Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանին այդ պետության կազմ մտցնելու առնչությամբ նույնիսկ ժամկետներ են եղել, սակայն Հայաստանը կատեգորիկ մերժել է այդ առաջարկները։  Միութենական պետության թեման Հայաստանում սկսել էր ավելի ակտիվ քննարկվել դեռևս  անցած տարվա փետրվարին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հետխորհրդային երկրների՝ Միութենական պետությանը միանալու հեռանկարների մասին, ասել էր․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... Այդ հզորության միավորման ավարտից հետո կամ միավորման ընթացքում... Իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... Իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։Բելառուսի ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը, ինչից հետո էլ  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա։ Նանե Ավետիսյան
11:40 - 16 հունվարի, 2023
Հասանովը բանակին հրամայել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք» |azatutyun.am|

Հասանովը բանակին հրամայել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները: Ադրբեջանական գերատեսչությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և Ադրբեջանում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում ստեղծված իրավիճակը»: Օրակարգում է եղել նաև Ադրբեջանի զինված ուժերի համար անհրաժեշտ կադրեր պատրաստելու նպատակով կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցը: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Հասանովը բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»:
13:42 - 14 հունվարի, 2023
Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող |1lurer.am|

Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող |1lurer.am|

1lurer.am:  Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։ Հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի (ըստ դիվանագետի՝ միջանցքը Ադրբեջանի տարածքում է՝ խմբ․)՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ, որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի՝ խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա: Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որ հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին՝ իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։ Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով՝ բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ: Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին՝ անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը ու կանխարգելիչ դիվանագիտությունը՝ նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»:   Լուսանկարը՝ ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության / ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքում
12:49 - 14 հունվարի, 2023
Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի |news.am|

Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի |news.am|

news.am: Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։ Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները՝ հունվարի 31-ին։ Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել՝ պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ «Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «միջանկյալ միջոցների մասին միջնորդությունն առաջնային է մնացած բոլոր գործերի նկատմամբ»։ Ադրբեջանն իր հերթին պահանջել է դադարեցնել Արցախի տարածքի ականազերծումը և մանրամասն տեղեկություններ տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի գտնվելու վայրի և բնութագրերի մասին։ 
11:38 - 14 հունվարի, 2023
Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել |azatutyun.am|

Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը կարող է Դելիից ՀՕՊ համակարգեր գնել։ Այս մասին այսօր հաղորդել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը՝ նշելով, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Կայքի փոխանցմամբ` թեև МR-SAM համակարգերը արտադրվել են Իսրայելի հետ համատեղ, այնուհանդերձ դրանց Հայաստան արտահանման դեպքում՝ «իսրայելցիների հատուկ թույլտվությունը կարող է և չպահանջվել»։ Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МR-SAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր, դրանց մեկ դիվիզիոնում ընդգրկված են հրամանատարական կետը, տեղորոշիչ ռադարը, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգը։
15:44 - 13 հունվարի, 2023
Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը

 |factor.am|

Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը |factor.am|

factor.am: 2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի՝ անցնող տարվա Ադրբեջանին նվիրված զեկույցում։ Նշվում է, որ մայիսին իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 20 անձանց, որոնք ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով: Բայց առնվազն 30-ն էլ մնացել են անօրինական կերպով բանտարկված, մինչդեռ իշխանությունները շարունակում են թիրախավորել իրենց քննադատներին ու այլախոհներին: Սահմանափակող օրենքները շարունակում են խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպություններին ինքնուրույն գործել: Մարդու իրավունքների այլ մշտական խնդիրներ ներառում են համակարգային խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումները: Հուլիսին, էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և այդ երկրի կողմից ածխաջրածնային մատակարարումների մանիպուլյացիայով, Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի նպատակն էր մեծացնել այդ երկրի գազի արտահանումը Եվրոպա: Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն չի օգտագործել լայն երկկողմանի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ ապահովելու մարդու իրավունքների բարելավում: Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի՝ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային, HRW-ը նշում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև մարտերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ Շարունակությունը՝ factor.am-ում
14:41 - 13 հունվարի, 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։Կասկածից վեր է, որ ընդհանուր արժեքների, քաղաքակրթական ու պատմական ընդհանրությունների վրա խարսխված հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը մեր ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն է ու ապագայի հուսալի գրավականը, իսկ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է:2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր միջկառավարական հարաբերությունները գտնվում են որակապես նոր փուլում և դինամիկ զարգացում են արձանագրում ամենատարբեր ոլորտներում։ Խոսքերիս վառ վկայությունն են Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Այդ ակտիվությունը պահպանվում է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, որտեղ ամենատարբեր մակարդակներով տեղի են ունենում երկկողմ ակտիվ շփումներ։Այդուհանդերձ, մեր տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ հստակ ընկալում՝ բացահայտելու դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործելու դրանից բխող հնարավորությունները: Այդ առումով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:Կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին, որից անմասն չմնացին մեր երկրները, ինչի հետևանքով 2020 և 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազեցին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը:Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան:Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման։Կցանկանայի գոհունակությամբ նշել մեր երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշների արձանագրումը: Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։Երկկողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում։ Սա ևս մեր քննարկումների ստրատեգիական հարթության հարցեր են, որոնց մասին մենք պետք է շարունակաբար աշխատենք:Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ վերահսկողության միջոցով։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել նախորդ տարվա օգոստոսին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շահագործման կարևորությունը:Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել:Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականությունն ու դրանց օրեցօր աճող դերը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում՝ Հայաստանի և Վրաստանի միջև թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտներում գործակցության զարգացումը դառնում է հրամայական:Կրթության և գիտության ոլորտում ևս շարունակվում են Վրաստանի հետ ակտիվ շփումները։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ նախորդ տարվանից սկսած՝ Հայաստանի արդեն երեք դպրոցներում դասավանդվում է վրացերեն, և այդ թիվը հաստատապես կավելանա։ Այդ թվի ավելացման համար մենք ակնկալում ենք մեր վրաց գործընկերների աջակցությունը Հայաստանի դպրոցներում վրացերենի դասավանդման մակարդակը բարձրացնելու համար և մենք ակնկալում ենք աջակցություն վրացերենի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման հարցում, որպեսզի կարողանանք պատշաճ ծավալով իրականացնել, որովհետև հիմնական խոչընդոտը, որ մենք այսօր ունենք, մասնագետների թվի սակավությունն է:Միջգերատեսչական համագործակցության շրջանակում մշակվել է Վրաստանի՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին: Նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, որը կներառի նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ աշխատանքներ են ընթանում Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի ստեղծման և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հայագիտական ամբիոնի զարգացման ուղղությամբ:Այսօր հայ-վրացական համագործակցությունը մշակույթի ոլորտում թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որում միմյանց մշակույթները զուտ ընկալողի կարգավիճակից անցում է կատարվում համատեղության սկզբունքով մշակութային միասնական դաշտ ձևավորելու, միջազգային մշակութային-զբոսաշրջային շուկայում միասնաբար դիրքավորվելու հարթություն։ Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել Վրաստանի և Հայաստանի մշակութային խմբերի հյուրախաղեր կազմակերպելը, մշակութային գործիչների փոխայցելությունները, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելը: Նկատի ունեմ, որ վրաց մշակութային գործիչները, կոլեկտիվները հյուրախաղերով հանդես գան Հայաստանում և Հայաստանի կոլեկտիվները, արվեստագետները ներկայանան նաև Վրաստանում: Հույս ունեմ, որ մեր այս քննարկումների արդյունքում այդ պրոցեսը նույնպես կակտիվանա:Մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային ժառանգության հարցերով պատասխանատու հաստատությունների միջև համագործակցությունը:Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանն աջակցելու համար:Մեր երկու երկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի:Կարծում եմ, որ մեր երկրների միջև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում կա դեռևս չիրացված ներուժ, և այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Իմիջայլոց, ուզում եմ ասել, որ Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում, երբ հանդիպում էինք Վրաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հետ, առաջին հարցը, որ նրանք բարձրացնում էին, ասում էին, որ Թբիլիսիից Երևան եկող ճանապարհները շատ վատ վիճակում են, և ես նրանց խոսատացա, որ այդ հարցն անպայման կլուծենք: Հիմա ուրախ եմ արձանագրել, որ Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում: Այնպես, որ հույս ունեմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները, մեր պայմանավորվածության համաձայն, զբոսաշրջության ծավալները, ուղղությունները և համագործակցությունը կակտիվացնեն: Մանավանդ, կարծում եմ, որ մենք, այս առումով, կարևոր մի փաստաթուղթ ենք ստորագրում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայանգիրը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները և մենք էլ իրար հետ փոխադարձաբար արդեն կարող ենք այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը:Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համագործակցության համար: Այս թվարկումը ինչի՞ մասին է: Մեծ հաշվով այս թվարկումը նրա մասին է, որ մեր երկկողմ հարաբերությունները միաշերտ չեն, ոչ էլ երկշերտ են, ոչ էլ եռաշերտ: Մեր հարաբերությունները բազմաշերտ են, և համոզված եմ, որ մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների այս որակը թույլ է տալու, որ այդ շերտերը գնալով շատանան՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Վրաստանի, ի բարօրություն տարածաշրջանի և մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության:Կրկին ողջունում եմ և հաջողություններ մաղթում»:
18:44 - 12 հունվարի, 2023
ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։ Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ «Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
16:22 - 12 հունվարի, 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագծի զեկուցող, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է․ «Հանուն արդարության, գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ, ինտենսիվ կապեր կան բոլոր գերատեսչությունների միջև, Վրաաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգսստի նպատակով այցելութունների սիրված վայրերից է։ 2019 թ․-ին 1 միլիոն 365 000 քաղաքացի է այցելել Վրաստան։ Համավարակի ընթացքում դա հետընթաց է արձանագրել։ Կարծում ենք, որ առաջիկայում այս դինամիկան կվերականգնվի»։  Արարատ Միրզոսյանը մանրամասնեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է ՀՀ և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների ռեժիմի տեղաշարժի մասին 1993 թ․-ին կնքված համաձայնագրով։ Ըստ ԱԳ նախարարի՝ 2020 թ․-ին ՀՀ և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է Մտադրությունների հուշագիր Հայաստանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին, և կողմերը հայտնել են իրենց մտադրությունը՝ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, աշխատանքներ են տարվել։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ նախագծի ընդունման դեպքում Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են ունենալ միայն նույնականացման քարտ և անձնագրի կարիք չի լինի։
15:03 - 12 հունվարի, 2023
Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունը, թե ռուսական ներկայությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություն է․ Զախարովա

Երևանից հնչող հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթություններ են։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ է»,- նշել է Զախարովան։  Զախարովան նշել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանման գործում։ «Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել։ Ավելին, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինվորականներին դռան տեղը ցույց տալ, ակնհայտորեն չեն գիտակցում նման քայլի իրական հետեւանքները»,- ասել է Զախարովան։  Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ, ասում է, որ իրենք մտավախություններ ունեն, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում... Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։   
14:45 - 12 հունվարի, 2023
Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը. Աննա Գրիգորյան |azatutyun.am|

azatutyun.am: Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. - Ի՞նչ անեն Հայաստանի իշխանությունները, որ բացվի Լաչինի միջանցքը, կամ ի՞նչ չեն անում: - Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել, որ իրենք ոչինչ չեն անում, և կարծես թե Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսի ընթացքում շատ հստակ սլաքներն ուղղում էր բացարձակապես բոլորին, բայց ոչ սեփական իշխանությանն ու կառավարությանը: Այսինքն՝ ի՞նչ է ասում, ասում է ՝ «Լաչինի միջանցքը փակ է, բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել, ինձանից որևէ բան կախված չէ»: Արցախի հարցում ի՞նչ կարող ենք անել, ասում է՝ «որևէ բան չենք կարող անել»: Ի վերջո՝ պետք է ընդունել, որ Պրահայում ինքը համաձայնություն է տվել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում՝ առանց հետագա բանակցությունների, որոնք կարող էին վերաբերել Արցախի կարգավիճակին: Եվ դրան զուգահեռ ասում է՝ «այո, իրավունքների և անվտանգության խնդիր կա, բայց դա էլ՝ պաշտոնական Ստեփանակերտ գնա և բանակցիր Բաքվի հետ և փորձիր տեսնել, թե ինչ կարող ես ստանալ»: Այսինքն՝ պետք է փաստել այստեղ, որ գործող կառավարությունը որևէ բան չի նախաձեռնում և չի անում, ավելին, հակառակը՝ ասում է՝ «ես այդ բոլոր հարցերի հետ որևէ առնչություն չունեմ, Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է, թող բացեն, արցախցիների իրավունքներն ու անվտանգությունն էլ թող գնան իրենք բանակցեն Բաքվի հետ, ես այստեղ որևէ առնչություն չունեմ»:  - Ճիշտ չի՞ ասվում, որ Լաչինի միջանցքը ուղիղ Ռուսաստանի պատասխանատվությունն է:  - Նոյեմբերի 9-ի համապատասխան կետով, իհարկե, ասվում է, որ ռուս խաղաղապահները պետք է այնտեղ վերահսկողություն իրականացնեն, բայց այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը երբ որևէ բան չի անում, որևէ մեսիջ չի հղում, այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ չի անում:  - Էլ ի՞նչ անի, տիկին Գրիգորյան, ամեն օր Ռուսաստանից պահանջում են: - Ինչո՞ւ է այս իրավիճակն առաջացել հիմա, ինչո՞ւ է Լաչինի միջանցքը հիմա փակվում կամ ավելի շուտ արդեն մեկ ամիս առաջ, որովհետև իմ խորին համոզմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, այնուհետև նաև Սոչիում վերահաստատեց այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում և առանց որևէ հետագա բանակցությունների, Ադրբեջանն այդտեղից արդեն թևավորված, որ արդեն հայկական կողմը որևէ պահանջ չունի Արցախի հետ կապված, արել է այն, ինչ ինքը հարմար է գտնում, ասում է՝ «էս իմ տարածքն է, Լաչինն էլ իմն է, ինչ ուզում եմ անում եմ»: Այսինքն՝ հայկական կողմն առնվազն չպետք է այնպիսի հայտարարություններ աներ և այնպիսի համաձայնություններ աներ, որից հետո ուղղակի հայկական կողմի որևէ հարցադրում և որևէ պնդում լուրջ չէին կարող ընդունվել որևէ մեկի կողմից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
13:06 - 12 հունվարի, 2023