ԿԱՐԴԱԼԻՔ

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերով երեկ երեկոյան լուր է հեռարձակվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործի վերաբերյալ, որում երկու սխալ տեղեկություն է եղել։ Հեռուստամեկնաբանը ասել է․ «Կաշառքի գործով ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա ազատության մեջ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է»։ Իրականում, սակայն, փաստաբանի եւ դատավորի վերաբերյալ քրեական գործը առնչություն չունի կաշառքի հետ: Թեեւ գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն մինչ այս պահը չկա, եւ միակ հայտարարությունը, որ եղել է, պաշտպանական կողմինն է, սակայն վերջինս քանիցս հերքել է այդ լուրերը։ Մասնավորապես, կաշառքի հետ առնչության մասին մամուլը գրել է Ալեքսանյանի ձերբակալման հաջորդող ժամերին, սակայն կարճ ժամանակ անց նրա պաշտպան Գայանե Պապոյանը հերքել է այդ լուրը․ «Թեեւ նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ ԶԼՄ–ների հետ ճեպազրույցում երեկ դա հերքել է նաեւ ինքը՝ Ալեքսանյանը․ «Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք՝ ինչ–որ կաշառքի հետ կապված, եկեք ուղիղ ասեմ՝ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում, չի էլ կարող գնալ, ինձ ճանաչող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ ես կոռուպցիոն որեւէ գործի մեջ չեմ կարող ներգրավված լինել»,– ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, թե իր մեղադրանքը ինչ հանգամանքների է առնչվում։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին, ապա դա ոչ թե կալանավորման միջնորդության մերժման, այլ ձերբակալման ժամկետի ավարտով է պայմանավորված։ Բանն այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Նույն հոդվածի համաձայն՝ այդ հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Հետեւաբար, երեկ՝ հոկտեմբերի 18-ի կեսօրին, երբ լրացել է Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը, նա օրենքի ուժով ազատ է արձակվել։ Դրան զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, քննել է փաստաբանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը եւ ավարտելով այն՝ հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ որոշման հրապարակման կոնկրետ ժամ դատարանը չի նշել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ էլ փաստաբանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում առկա չէ։ Հավելենք, որ այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը եւս ավարտվել է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։ Մինչ այդ դատավորի ձերբակալման ժամկետը լրացել է, եւ նա եւս օրենքի ուժով ազատ է արձակվել։ Մենք փորձել ենք տեղեկություն ստանալ նաեւ պատկան մարմիններից, սակայն ԱԱԾ–ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Դատախազությունից առայժմ հրաժարվել են գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։ ԼՐԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 24-ին ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով եւս հերքվել է կաշառքի հանգամանքը։   Միլենա Խաչիկյան
11:20 - 19 հոկտեմբերի, 2022
Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։  Հովակիմյանի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ դարձան՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Խոսքը նրա քաղաքական եւ կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու եւ իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել է, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ եւ էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։ ԿԸՀ-ն անկախ մարմին է, Հովակիմյանը՝ քաղաքականացված անձ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Համանման կարգավորում առկա է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Թեեւ օրենքի տեքստը հենց ԿԸՀ անդամի, ոչ թեկնածու մասին է, սակայն հասկանալի է, որ քաղաքականացված գործունեությամբ աչքի ընկած թեկնածուի հետագա գործունեության օբյեկտիվությունն ու անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տեղիք տալ։  Վահագն Հովակիմյանի գործունեությունը առավելապես կապված է եղել հենց իշխող քաղաքական ուժի հետ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2012-2015թթ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետը, իսկ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021 թ․ հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այնուհանդերձ, իր ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ինքն է ԿԸՀ անդամի թեկնածուն, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ «Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւս դադարեցված է»,- գրեց նա՝ տեղեկացնելով, որ նույն օրը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումներ։ Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը ֆորմալ բնույթ է կրել՝ պայմանավորված սոսկ ԿԸՀ անդամի՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։ Ընտրական օրենսգիրքը փոփոխելով՝ համապատասխանեցվել է Հովակիմյանին Վահագն Հովակիմյանի ընտրությունից օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրեց, որ նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին։ Որպես հիմնավորում՝ կայքը,  հղում տալով օրենքին, մեջբերեց մի նորմ, ըստ որի՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝  1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.  3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5  տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ  4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:  Ըստ կայքի՝ Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան, հետեւաբար չի համապատասխանում այդ պաշտոնին։ Իրականում, սակայն, կայքի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ մեջբերված իրավակարգավորումը ամիսներ առաջ, երբ դեռ ոչ պաշտոնապես արդեն իսկ շոշափվում էր Հովակիմյանի անունը՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, Խորհրդարանի կողմից փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, կրթական եւ մասնագիտական հիշյալ պահանջները նախատեսված են եղել 2016 թ․ մայիս ամսին ընդունված Ընտրական օրենսգրքով, սակայն 2022 թ․ հուլիսի ամսին ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել են կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ դրանք վերաշարադրելով հետեւյալ կերպ․ «ԿԸՀ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։ Նախագծի պատմության մեջ որպես այս փոփոխության հիմնավորում նշված է․ «Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է ԿԸՀ թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները ԿԸՀ անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում»:  Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում, քվեարկությանը ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմադիրներն այդ ժամանակ արդեն իսկ բոյկոտում էին ԱԺ նիստերը՝ չմասնակցելով դրանց։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել է՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։ Հանրապետության նախագահը օրենքի փոփոխությունը ստորագրել է հուլիսի 20-ին, այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսպիսով, թեեւ ակներեւ է, որ օրենքի հիշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել ԿԸՀ նախագահի՝ իշխանությանը ցանկալի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանին համապատասխանեցնելու համար, սակայն փաստ է, որ ընտրության պահին զուտ ֆորմալ առումով նա համապատասխանել է այդ պաշտոնին։  Հովակիմյանը սխալվում է․ նրա ընտրությունը կատարվել է օրենքի խախտմամբ Վահագն Հովակիմյանի ընտրության ամենավիճահարույց դրվագն այն էր, որ նա, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցեց իր քվեարկությանը՝ դրանով իսկ խախտելով օրենքի պահանջը։ Քվեարկությունից հետո, երբ «Ազատության» լրագրողը ԱԺ-ում փորձեց մեկնաբանություն ստանալ Հովակիմյանից՝ հետաքրքրվելով արդյո՞ք չի համարում, որ շահերի բախում է թույլ տվել, վերջինս պատասխանեց, թե «ԱԺ կանոնակարգ»-ը շահերի բախում տեսնում է, երբ օրենքների քննարկում է, որը անձի համար կարող է շահեկան լինել։ Հովակիմյանը, սակայն, սխալվում է․ պատգամավորի՝ շահերի բախում թույլ տալու դեպքերը սահմանված են ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, այլ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, որով էլ հստակ արգելք է նախատեսված պաշտոնի նշանակվելու դեպքում թեկնածուի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու համար։ Այսպես․ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ է շահերի բախումը, եւ ինչ է նշանակում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը։ Ըստ այդմ, դա, ի թիվս այլնի, նաեւ պատգամավորի կողմից քվեարկությանը մասնակցելն է, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ․․․ պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ  նույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների (խոսքը ԱԺ-ում պատգամավորի պաշտոնով պայմանավորված պաշտոնների մասին է), ինչպես նաեւ որպես ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի: Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի: Այսպիսով, իր իսկ քվեարկությանը մասնակցելով՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանը թույլ է տվել պատգամավորական էթիկայի խախտում։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ ԿԸՀ անդամը, ըստ Սահմանադրության 195-րդ հոդվածի, ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որը 107 պատգամավորի դեպքում 65-ն է։ Այսինքն՝ Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազ 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է․ 107 պատգամավորներից քվեարկությանը միայն 65-ն է մասնակցել, 65-ն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 10-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում․ «Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից»: Հայտարարությամբ ՀԿ-ները նշել էին նաեւ, որ անհրաժեշտ են համարում դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից հիշյալ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։ Ի՞նչ է նախատեսում օրենքը պատգամավորական էթիկայի կանոնների խախտման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը պատգամավորի պարտականությունն է։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկության դեպքում հարցի քննարկումն ավարտելու նպատակով ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով։ Հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, որը ԱԺ նիստում չի քննարկվում, տեղադրվում է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում: Հավելենք, որ նախորդ շաբաթ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունից եւ ՀԿ-ների դիմում-կոչից օրեր անց, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ 3 խմբակցություններին՝ խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը Հովակիմյանի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ։ Հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։   Միլենա Խաչիկյան
20:57 - 18 հոկտեմբերի, 2022
Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը

Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը

Երեկվանից հայաստանյան մի շարք կայքերում «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով նյութեր են տարածվում։ Նյութերի որոշ մասի գլխավոր լուսանկարում Ռուբեն Ռուբինյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն են (7or.am, hayeli.am, armeniasputnik.am, mitk.am, yerevan.today, արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4, 5) Վերնագրի ու լուսանկարի այսպիսի համադրությունից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին հայտարարություն է արել, սակայն նյութն ամբողջությամբ կարդալիս պարզ է դառնում, որ խոսքը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչի մասին է։ Մի քանի այլ լրատվամիջոցների վերնագրերում շեշտվում է, որ խոսքը Աքիֆ Քըլըչի մասին է, և գլխավոր լուսանկարում Սերդար Քըլըչը չէ։ Որոշ լրատվամիջոցներ էլ նյութը հրապարակել են «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով՝ չհստակեցնելով, թե որ Քըլըչի մասին է խոսքը։ Հայաստանյան լրատվամիջոցների աղբյուրը РИА Новости-ն է, որը հղվում է թուրքական Star-ին։ РИА Новости-ն գրել է․ «Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»»։ Այնուհետև մեջբերվում են Աքիֆ Քըլըչի խոսքերը․ «2023-ի մարտի 25-ին Հայաստանում, սեպտեմբերին՝ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում)։ Մեր հավաքականը կմեկնի այնտեղ, գուցե մենք ել գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ է դրական դինամիկա նկատվում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»։ Թուրքական Star-ում, սակայն, նշված չէ, որ Աքիֆ Քըլըչը որևէ բան է ասել «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։ Star-ն, իր հերթին, հղում է անում թուրքական մեկ այլ լրատվամիջոցի՝ Sabah-ին, որն էլ հենց Աքիֆ Քըլըչի հետ հարցազրույց է անցկացրել։ Լուրի սկզբնաղբյուրում ևս «ֆուտբոլային դիվանագիտության» մասին ոչինչ չկա։ Ըստ Sabah-ի՝ թուրք պաշտոնյան նշել է միայն Հայաստանի և Թուրքիայի հավաքականների գալիք ֆուտբոլային հանդիպումների մասին․ «Հայտարարելով, որ մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին Թուրքիայում կանցկացվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղ, Քըլըչը ասել է․ «Մեր ազգային հավաքականը գնալու է այնտեղ (Հայաստան- խմբ․), գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը (հայ-թուրքական հարաբերությունների- խմբ․) դրական է ընթանում։ Ադրբեջանի հետ էլ է դրական։ Պետք է քայլեր անել՝ առանց սադրանքների դիմելու»»։ Այպիսով, «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին ձևակերպումը РИА Новости-նն է, իսկ հայաստանյան լրատվամիջոցներն այդ ձևակերպումը վերագրում են թուրք պաշտոնյային։ Բացի այդ՝ մի քանի լրատվամիջոցներ վերնագրում գրել են միայն պաշտոնյայի ազգանունը՝ Քըլըչ, և տեղադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի մասնակցությամբ լուսանկար՝ տպավորություն ստեղծելով, որ վերջինս է նման հայտարարություն արել։ Հավելենք, 2008 թ. հունիսի 23-ին՝ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կհրավիրի Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: 2008թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան։ 2009թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան Ցյուրիխում ստորագրել էին հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։ 2009թ. հոկտեմբերի 14-ին էլ Սարգսյանն էր Թուրքիա մեկնել՝ ֆուտբոլային խաղ դիտելու։ Ստորագրված արձանագրությունները, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների կողմից։ 2014-ին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց․ «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փուլն անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» (մանրամասն կարող եք կարդալ Թաթուլ Հակոբյանի հոդվածում)։ Գլխավոր լուսանկարում՝ Աքիֆ Քըլըչը (լուսանկարը՝ Sabah-ից)   Աննա Սահակյան    
17:40 - 18 հոկտեմբերի, 2022
Լարված դատական նիստ, իրարամերժ ցուցմունքներ․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

Լարված դատական նիստ, իրարամերժ ցուցմունքներ․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով երեկ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին 18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանը եւ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը, որոնց ցուցմունքները որոշ դրվագներով իրարամերժ էին։ Կարեն Առստամյանը հայտնեց, որ նախքան պատերազմի սկսվելը ինքն արձակուրդում է եղել, սեպտեմբերի 26-ին նոր վերադարձել է, մինչդեռ Ռյուրիկ Սեմյոնովի խոսքով՝ սեպտեմբերի 24-ին կամ 25-ին անօդաչու սարքով արձանագրել են հակառակորդի զորքերի կուտակումը, ինչին Առստամյանը ներկա է եղել։ Առստամյանը նաեւ հայտնեց, որ հոկտեմբերի 3-ին նորակոչիկների գումարտակի մի մասը առանց հրամանի նահանջել է, ինչի հետեւանքով վտանգվել են այլ գումարտակի ստորաբաժանումներ։ Սեմյոնովը, սակայն, հերքեց նաեւ այլ ստորաբաժանումների վտանգվելու հանգամանքը՝ նշելով, որ միգուցե ճիշտ է եղել այդ որոշումը, որովհետեւ նորակոչիկների անձնակազմը անպատրաստ է եղել, նվազագույնին չի տիրապետել․ նույնիսկ մարդիկ կային՝ մի անգամ չէին կրակել։ Խոսելով հոկտեմբերի 10-ի՝ ամբաստանյալի ենթադրյալ փախուստից հետո կատարված նահանջի մասին՝ դիվիզիայի նախկին հրամանատարն ասաց, որ իրեն այդ պահին մանրամասներ չեն հայտնել, եւ ինքը օրեր անց է տեղեկացել զորքի շրջափակման մեջ ընկնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին, որը, ըստ մեղադրանքի, Վահանյանը իր հետ տարել է։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ #Մանրամասն «Բանակի ղեկավար կազմից որեւէ մեկը չի իմացել, որ պատերազմը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին է սկսելու, բայց հակառակորդի շարժի հետ կապված տեղեկություն ունեցել ենք, եւ զգոնության բարձրացում է արվել»։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց գեներալ-մայոր Կարեն Առստամյանը։ Նա մեկն է այն վկաներից, որ հարցաքննվեց ՊԲ N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին, Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իշխանության անգործություն դրսեւորելու եւ մարտի դաշտը լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկվա նիստը, թեեւ նշանակված էր ժամը մեկին, սկսվեց ուշացումով․ դատարանի շենքում նիստերի ազատ դահլիճ չկար։ Դատավարության մասնակիցներն ու զոհված զինծառայողների ծնողները ստիպված էին դատարանի բակում սպասել, մինչեւ որեւէ դահլիճ ազատվի։ Շենք մտնել նույնպես չէր թույլատրվում․ ըստ կարգադրիչների՝ ներսում ծանրաբեռնված էր, թեեւ մարդկանց կուտակումներ տեսանելի չէին։ Սպասողական վիճակն ավելի լարեց ծնողների առանց այն էլ լարված նյարդերը․ «Ինչքա՞ն կարելի է մարդկանց անարգել»,– դատարանի բակում զայրացավ տուժողի իրավահաջորդներից Արսեն Ղուկասյանը՝ դժգոհելով, որ անգամ մայրերին ներսում նստել չեն թույլատրում։ Րոպեներ անց ներկա մայրերին կանչեցին ներս՝ այնտեղ սպասելու։ Ի վերջո, գրեթե մեկ ժամ անց նիստերի դահլիճն ազատվեց, շարունակվեց գործով վկաների հարցաքննության փուլը։ Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախագահի դեմ Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը նիստերի դահլիճ մտավ ոչ թե ընդհանուր, այլ ներսի մուտքից, որտեղից դատավորն է մտնում կամ ամբաստանյալին են ներս բերում։ Նման փոփոխություն, որպես կանոն, արվում է վկայի անվտանգությունն ապահովելու նկատառումներով։ Ներկայանալով դատարանին՝ Առստամյանը հայտնեց, որ Արցախյան 3 պատերազմների մասնակից է, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 18-րդ հրաձգային դիվիզիայի  հրամանատար, հետագայում տեղափոխվել է կադրերի ռեզերվ, ապա՝ ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Լուսանկարում՝ գեներալ-մայոր Կարեն Առստամյանը Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Առստամյանը պաշտոնից ազատվել է 2020 թ․ նոյեմբերի 8-ին, այսինքն՝ պատերազմի ավարտից մեկ օր առաջ։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թ․ մարտի 24-ին, նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել իր ազատման հրամանագիրը։ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ քննելով հայցը, այս տարվա հունվարի 3-ին վճռել է մերժել այն՝ հիմնավորմամբ, որ Առստամյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել «Հույժ գաղտնի» դրոշմագրով, այսինքն՝ այն համարվում է պետական գաղտնիք, ինչի պարագայում նախագահի մերժումը եղել է իրավաչափ։ Դատարանի այս որոշման դեմ Առստամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ իրեն հայտնի չեն եղել 5-րդ գումարտակի նորակոչիկներ, որոնք դեռեւս զինվորական երդում տված չեն եղել Դատարանում ցուցմունք տալով՝ Առստամյանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Առստամյանի հարցաքննության սկզբում նախքան հոկտեմբերի 10-ի դեպքերին անդրադառնալը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի հարց հղեց մարտական կանոնագրքերով սահմանված դրույթների մասին։ Նա նախ հետաքրքրվեց՝ կա՞ իրավական հիմք, ըստ որի՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են պատերազմական իրավիճակում ընդգրկվել պաշտպանական գործողություններում։ Բանն այն է, որ Վահանյանի ղեկավարած գումարտակը ուսումնական էր, եւ դրանում 1-2 ամսվա զինծառայողներ էին, որոնց մի մասը, ըստ տուժող կողմի, անգամ զինվորական երդում չէր տվել․ «Այո, կան ղեկավար փաստաթղթեր, ըստ որոնց՝ պատերազմը սկսվելու պարագայում փոփոխական կազմը ցրվում է հրաձգային գումարտակների միջեւ, իսկ մնացածը զորամասի հրամանատարի որոշման համաձայն անցնում է պաշտպանության իրենց պաշտպանության շրջանում»։ Ի պատասխան հարցին՝ իսկ առկա՞ են իրավակարգավորումներ զինվորական երդում չտված ժամկետայիններին մարտական գործողություններում ներգրավելու վերաբերյալ, վկան դժվարացավ հստակ իրավական ակտեր նշել, բայց ասաց՝ 5-րդ գումարտակում իրեն հայտնի չեն եղել զինծառայողներ, որոնք զինվորական երդում տված չեն եղել։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Վկայի այս հայտարարությանը վրդովեցրեց տուժողի իրավահաջորդներից Վարդուհի Մանուկյանին, որը տեղից հայտարարեց, որ նա ստում է․ «Հադրութի դպրոցում իրեն այդ մասին հայտնի դարձել է, ես ուղղում եմ մտցնում, հարգելի՛ դատարան»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հորդորեց լռություն պահպանել՝ նշելով, որ նա չի կարող ուղղում մտցնել․ «Ախր, ես փաստ գիտեմ, որ նա սուտ է խոսում»։ «Դատարանն է որոշելու՝ ով ինչ է խոսում»,- պարզաբանեց Հայրապետյանը՝ հորդորելով չմիջամտել, որպեսզի ինքը ստիպված չլինի դատական սանկցիա կիրառել։ Սակայն աղմուկը չդադարեց, եւ դատարանը նկատողություն հայտարարեց Մանուկյանին։ Արձագանքելով դրան՝ տուժողի իրավահաջորդն ասաց․ «Եթե մի անգամ էլ սուտ խոսի, ու ես միջամտեմ, նկատողություն տվեք նրան, որովհետեւ նա եկել է այստեղ՝ ճիշտը պատմելու, ոչ թե սուտը մեր ականջները լցնելու»,- բղավեց նա՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով վկայի հասցեին։ Ի վերջո, դատարանը Մանուկյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց։ Նիստը ընդմիջվեց։ Շարունակելով իր ցուցմունքը եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուսումնական գումարտակի անձնակազմը պատրաստ եղել է պաշտպանություն իրականացնելուն, վկան ասաց․ «Ավելի լավ կլիներ՝ վեց ամիս պատրաստվեին, եթե դա չի եղել, միանշանակ դառնում է ոչ լիարժեք»։ Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված եղել այդ անձնակազմին մարտական գործողությունների մեջ ներգրավելու որոշումը, վկան պատասխանեց, որ այդ անձնակազմը զբաղեցրել է իր պաշտպանական դիրքը 2-րդ գծում, սակայն հետագայում իրադարձություններն այնպես են զարգացել, որ աջակողմյան թեւը դարձել է առաջնագիծ։ Նա նաեւ նշեց, որ չի եղել որեւէ զեկույց, թե 5-րդ գումարտակին որեւէ միջոց պակասում է, միայն մարտկոցային միջոցների պակասի խնդիր է եղել, որը լուծել են։ Առստամյանի ցուցմունքի եւ քրեական գործում առկա որոշ տեղեկությունների միջեւ հակասություններ կային Շարունակելով հոկտեմբերի 10-ին նախորդած իրադարձությունների թեման՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ քրեական գործում կան տեղեկություններ, ըստ որոնց՝ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում են ստացել մի շարք զինծառայողներ, որոնց դուրս բերելու նպատակով Իշխան Վահանյանը մեկնել է այդ վայր, սակայն ձեւականորեն է կատարել իր վրա դրված պարտականությունները՝ այնտեղից գնալով Մեխակավանի զինվորական հոսպիտալ եւ այլեւս չվերադառնալով ծառայության վայր։ Արձագանքելով այս տեղեկությանը՝ վկան ասաց, որ իրեն դրա մասին չեն զեկուցել․ եթե զեկուցեին, միջոցներ կձեռնարկվեին։ Մեղադրողը, սակայն, հայտնեց՝ քրեական գործով կան նաեւ տեղեկություններ, որ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանը զեկուցել է այդ մասին իր վերադասին, վերադասն էլ՝ իրեն՝ վկային․ «Չեմ կարող ասել, չկա տենց բան»,- ասաց Առստամյանը։ Առկա այլ տեղեկությունների համաձայն էլ՝ այդ միջադեպից հետո ուսումնական գումարտակի սպայակազմի կողմից ոչ միանշանակ է ընդունվել Վահանյանի արարքը, եւ այդ պատճառով Առստամյանի միջամտությամբ Վահանյանը 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին, վերադարձվել է շարք եւ ներգրավել նահանջող զինծառայողների որոնողական աշխատանքներում․ «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- արձագանքելով ասաց վկան։ Ըստ Կարեն Առստամյանի՝ հոկտեմբերի 3-ի-4-ի մոտակայքում 5-րդ գումարտակը առանց թույլտվության նահանջել է Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ գումարտակը պատշաճ իրականացրել է իր գործառույթները, Կարեն Առստամյանը պատմեց, որ մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ այո, մասնակցել է մարտական գործողությունների, ունեցել՝ նաեւ հերոսական դրվագներ։ Ամսի 3-ին արդեն իրեն զեկուցել են, որ գումարտակի վաշտերից մեկը նահանջել է 9 կմ կոչվող տարածքի ուղղությամբ, սակայն դրա վերաբերյալ որեւէ պարզաբանում զորամասի հրամանատարը չի տվել։ Դրանից հետո՝ ամսի 4-ին, գումարտակի մնացած անձնակազմը եւս, այսպես կոչված, Թոզարան ճանապարհով նահանջել է, սակայն դրա թույլտվությունը չի եղել․ «Ես հանդիպումներ եմ ունեցել շտաբի պետի, պետի տեղակալների, ժամկետային, սերժանտական, սպայական անձնակազմի հետ, անձնակազմը թրջված, բարոյալքված վիճակում է եղել, ցուցում է տրվել հաջորդող բնագծերում ամրանալու վերաբերյալ, որից հետո վերադարձել եմ իմ առաջնային ղեկավարման կետ, իսկ շտաբի պետը եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պետք է ուղեկցեին նրանց, սակայն իմ ղեկավարման կետ հասնելուց հետո ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է 9 կմ-ի ուղղությամբ, ապա՝ Հադրութ»։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հարցին՝ այդ հանդիպմանը Իշխան Վահանյանը մասնակցե՞լ է, վկան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ շատ մութ էր, անձրեւոտ, 20-ից ավելի սպայական կազմ է եղել, բայց չի բացառվում, որ մասնակցած լինի։ Այդ ժամանակահատվածում Վահանյանի ենթադրյալ վիրավորում ստանալու մասին եւս նա տեղեկություն չուներ, ասաց՝ գուցե այն աստիճանի չի եղել, որ իրեն զեկուցեին։ Ըստ Առստամյանի՝ հիշյալ նահանջների հետեւանքով առաջնագծում պաշտանություն իրականացնող 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների ամբողջ աջ թեւը եւ թիկունքը բացվել են, եւ դա է եղել հիմնական խնդիրը։ Նաեւ դրա պատճառով է, որ օրեր անց, երբ Հադրութի դպրոցում հաստիքային փոփոխություններ են արվել, Գարիկ Վարդերեսյանին ազատել են գումարտակի հրամանատարի պաշտոնից՝ նրան փոխարինելով Իշխան Վահանյանով․ «Ազատման պատճառը գումարտակի հրամանատարի անկազմակերպ, անփույթ նահանջն էր, որը իմ կողմից ներկայացվել է բանակի հրամանատարին, եւ քանի որ Վահանյանն էր շտաբի պետ, ամենահավանական թեկնածուն է եղել, այլ մարդ չի եղել»։ Այդ նահանջից հետո զորքը մեկնել է նախ Հադրութի զորանոց, որից մեկ օր անց՝ տեղափոխվել Հադրութի դպրոց։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իրեն զեկուցվե՞լ է, որ այդ մեկ օրվա ընթացքում զորքը անկազմակերպ վիճակում է եղել Հադրութի տարածքում, այդ թվում՝ զորանոցում, որը անվտանգ չի  եղել, ինչին ի պատասխան՝ վկան նշեց, որ զորանոցում ապաստարաններ եղել են, բայց քաոսային իրավիճակից խուսափելու համար ցուցում է տրվել հավաքվելու Հադրութի դպրոցում, որը զորանոցից ընդամենը 700 մ հեռավորության վրա էր։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե դպրոցում էլ անվտանգ չէր, ինչո՞ւ են այդտեղ տարել զորքին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ անվտանգ տեղ այլեւս չկար․ «Դպրոցում էլ կար ապաստարան, եւ դրանից բացի, տեղակայվել են տարբեր տեղերում»։ Հարցին՝ իրեն չե՞ն զեկուցել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան դպրոցի ուղղությամբ արկ է ընկել, վկան բացասական պատասխան տվեց։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հիշյալ նահանջներից հետո անձնակազմը պատրա՞ստ է եղել, որ Հադրութի դպրոցում նրան մարտական նոր առաջադրանք են տվել, վկան էլ պատասխանեց՝ եթե պատրաստ չլինեին, պիտի ասեին՝ իրենց չտանեին։ Նման զեկույց, սակայն, իրեն չի տրվել․ «Եղել են խնդիրներ միայն վիրավորների, հիվանդների, վախեցած երեխաների հետ կապված, բայց ոչ թե ամբողջ կազմի»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել են նաեւ դեպքեր, երբ դասակի հրամանատարն է հրաժարվել խնդիր կատարելուց, եւ անմիջապես ազատվել է պաշտոնից։ Գուրգեն Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ տեղյա՞կ է, որ սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ է եղել։ Վկան, սակայն, նշեց, որ ինքը 15-ից 25-ը արձակուրդում է եղել, եւ 26-ին է վերադարձել ծառայության։ Նա նաեւ տեղեկություն չուներ զինծառայողների զինգրքույկները հավաքելու պատճառների վերաբերյալ։ «Շտաբի պետը չի՞ զեկուցել»,- հարցրեց Գրիգորյանը։ «Ոչ մի կերպ»,- պատասխանեց վկան։  Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ Խուռհատ սարում շրջափակման մեջ հայտնվելու եւ կապի միջոցի բացակայության մասին իրեն այդ պահին չեն զեկուցել Խոսելով արդեն դատարանում քննվող դեպքի մասին իրեն հայտնի տեղեկություններից՝ Կարեն Առստամյանը պատմեց, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան հրետակոծություն է եղել (նախկինում հարցաքննված զինծառայող վկաները հայտնել են, որ հակառակորդը միայն հրաձգային զինատեսակներից է կրակել), որին հաջորդել է հակառակորդի 30 խմբերի ներթափանցումը տարբեր կողմերից։ Դիվերսիոն խմբերի մեջ, ըստ վկայի, եղել են նաեւ հայկական համազգեստով, հայերեն խոսող խմբեր։ Այդ ժամանակ նահանջի հրաման կամ թույլտվություն չի եղել, իրեն զեկուցվել է միայն, որ յուրային ստորաբաժանումները, կորուստներով կրելով, նահանջել են, սակայն մանրամասներ չեն հայտնել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Գայանե Հովակիմյանը եւ Գուրգեն Գրիգորյանը Ըստ քրեական գործում առկա տվյալների՝ Խուռհատ սարում զինծառայողները կատարել են ոչ կանոնակարգված նահանջ, չեն անցել շրջանաձեւ պաշտպանության, տիրել է քաոսային վիճակ, ինչի մասին, ըստ Առստամյանի, ինքը տեղեկացել է  միայն օրեր անց՝ հոկտեմբերի 15-16-ին․ այդ պահին ոչ մեկը՝ ոչ զորամասի հրամանատարը, ոչ գումարտակի հրամանատարը իրեն չեն զեկուցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ իմանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Այդ ժամանակ արդեն զորքը ահագին հեռու էր, անհնարին էր կոնկրետ գործողություն իրականացրել, պետք է նրանց ցուցում տրվեր, անվտանգ ուղղություններով դուրս գային, ինձ հետ կապի դուրս չեն եկել, բայց ինչքան գիտեմ, զորամասում կապի դուրս են եկել, զորամասի հրամանատարը դիմել է Կարմիր Խաչին»։ Թե այդ ընթացքում Վահանյանը որտեղ եւ ինչ անելիս է եղել, դիվիզիայի նախկին հրամանատարը տեղյակ չէր, ասաց՝ դեպքից օրեր անց զրուցել է սպայական կազմի հետ եւ նրանցից է տեղեկացել, որ Վահանյանը վիրավորման պատրվակով մեքենայով հեռացել է․ իրականում վիրավոր եղել է թե չէ՝ իրեն չի հաջողվել պարզել։ Այդ ժամանակ է նաեւ իմացել, որ զինվորների մի մասը զոհվել է, մյուս մասը՝ գերեվարվել։ Ըստ գեներալի՝ իրեն չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ Դատավորը ճշգրտեց հարցը․ ո՞վ պետք է անընդհատ կապի մեջ գտնվեր եւ իրեն զեկուցեր 400 զինվորի վիճակի մասին։ Ըստ Առստամյանի՝ գումարտակի ղեկավարումը իրականացվում էր զորամասի հրամանատարի եւ գնդի հրամանատարի տեղակալի միջոցով, բայց նրանցից ոչ մեկը շրջափակման մեջ լինելու մասին իրեն չի զեկուցել, ասաց՝ եթե զեկուցեին, ինչ–որ մի բան կմտածեր, որովհետեւ իր ձեռքի տակ առկա ուժեր կային։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, իր մի շարք հարցերի պատասխաններ հստակ չստանալով, ի վերջո հարցրեց․ «Դուք ընդհանրապես տիրապետե՞լ եք իրավիճակին»։ «Տիրապետել եմ»,– պատասխանեց վկան՝ ասելով, որ իր ղեկավարության ներքո 25 գումարտակ է եղել, եւ ամեն ինչ չէր, որ իրեն պիտի զեկուցվեր․ դրա համար զորամասի հրամանատարներ կային։ Փաստաբանն էլ արձագանքեց․ «Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունը, որպես դիվիզիայի հրամանատար, թերի եք կատարել, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքի», ինչին ի պատասխան՝ Կարեն Առստամյանն ասաց․ «Եթե ապացուցվի, որ այդպես է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։ Վկայի պատասխանները զայրացրին նաեւ դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին տարակուսանք հայտնել, թե ինչու Առստամյանը Վահանյանի կողքին նստած չէ։  Կարեն Առստամյանը նշեց, որ որպես մարդ՝ կիսում է կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին Վկային հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ խնդրելով ոչ թե որպես զինվորական, այլ որպես անձ հայտնել՝ իրատեսակա՞ն էր համարում, որ 400 նորակոչիկները կարող էին մարտական գործողություններ իրականացնել։ Հիշեցնենք, որ ըստ տուժողի իրավահաջորդներից մեկի՝ 400 զինծառայողից մոտ 150-ն են փրկվել, մնացածը կամ զոհվել են, կամ անհետ կորած են մինչ օրս։ Պատասխանելով հարցին՝ վկան դարձյալ հիշեցրեց, որ զինվորական կանոնադրությամբ սահմանված է ուսումնական գումարտակի անցումը մարտականի, բայց, ասաց, որպես մարդ՝ ինքն էլ է կիսում այն կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին։ Պաշտպան Հարությունյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում փորձ արե՞լ է կամ հնարավո՞ր էր վերադաս ղեկավարությանը ներկայացնել իր այդ կարծիքը, որ ճիշտ չէ 1-2 ամսվա նորակոչիկներին երկրորդ դիրք տանել․ «Ճիշտը, իհարկե, ճիշտ չէ, բայց ամեն զորակոչին այդ խնդիրը ունեցել ենք․ եթե, օրինակ, զորակոչը հուլիսին լիներ, պատերազմը սկսվեր օգոստոսին, ընդհանրապես անպատրաստ կլինեին, մենք էլ ենք հասկանում, որ պատրաստվածության առումով պրոբլեմներ եղել են»։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Պաշտպանն անդրադարձավ նաեւ մեղադրանքի այն դրվագին, ըստ որի՝ Վահանյանը կապի միակ միջոցն իր հետ տարել է։ Ասաց՝ թեեւ նման ցուցմունքներ դեռ չեն հնչել, բայց ենթադրենք՝ այդպես է, այդ մի սարքի ուժո՞վ էր, որ գումարտակը պիտի ողջ մնար․ «Եթե Վահանյանը վիրավորման պատճառով դուրս է եկել, ապա պարտադիր պիտի իր վաշտի կամ դասակի հրամանատարին ասեր, կապի միջոցն էլ տար, դա անհրաժեշտ էր վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու համար»,- պատասխանեց վկան՝ նշելով, որ ղեկավարման մարմին հանդիսացել է Վահանյանը, ղեկավարման միջոց՝ կապի սարքը, եթե մեկը չկա, գործողությունը խաթարվում է, եթե երկուսը չկան, ընդհանրապես ամեն ինչն է խթարվում։ Այնուհանդերձ, վկան հայտնեց նաեւ, որ վաշտերի հրամանատարների մոտ եղել են կապի այլ տեսակի միջոցներ, որոնք ոչ թե վերադաս հրամանատարության, այլ հարեւան վաշտերի հետ կապ հաստատելու համար են նախատեսված․ «Այսինքն՝ պրակտիկորեն հնարավոր էր առանց դրա ինչ-որ բան անել»,- արձանագրեց պաշտպանը։ Սպա Ռյուրիկ Սեմյոնովի գնահատմամբ՝ նորակոչիկների գումարտակին Խուռհատ սար, ապա Հադրութի զորանոց տանելը սխալ որոշում է եղել Դատակոչված մյուս վկան զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովն էր, որը հայտնեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Սեմյոնովը կապի մեջ է եղել առաջնագծի հետ, իսկ քանի որ 5-րդ գումարտակը 2-րդ գծում է նախապես տեղակայված եղել, իրեն շատ մանրամասներ հայտնի չեն։ Լսել է միայն, որ Վահանյանը, ոտքից վիրավորվելով, թողել գնացել է՝ իրեն պաշտոնակատար չնշանակելով եւ կապի միջոցը իր հետ տանելով․ «Վահանյանի մարտադաշտը թողնելուց հետո խուճապային իրավիճակ էր, անձնակազմը տարածքին չի տիրապետել, սպաներից էլ ով մնացել է, չի իմացել տարածքը, կեսը անտառն են մտել, կեսը՝ նկուղներ, ղեկավարում չի իրականացվել»։ Հարցին՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեր տեղի սպայական կազմը, վկան պատասխանեց․ «Գուցե գեղեցիկ չհնչի, բայց նահանջն էլ պիտի կազմակերպված լինի, պիտի անձնակազմը հաշվառվեր, դուրս հանվեր անվտանգ տեղամաս»։ Վկան դավաճանություն որակեց այն, որ մի քանի սպաներ կարող էին այլ զինվորների հետ հեռանալ՝ որոշներին թողնելով վտանգավոր վայրում․ «Այ, դու այս գիշեր գլուխդ հանգիստ բարձին կդնես»,- լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Լուսանկարում՝ Ռյուրիկ Սեմյոնովը Սեմյոնովի խոսքով՝ եթե որոշողն ինքը լիներ, այդ գումարտակին միանշանակ չէի տանի Խուռհատ, մանավանդ՝ անտառային տարածք, որտեղ ավելի դժվար է կատարել ծառայություն․ դրա համար, ըստ նրա, կան հատուկ ստորաբաժանումներ։ Նա սխալ որակեց նաեւ զորքի՝ Հադրութի զորանոցում տեղակայվելը․ ըստ նրա՝ դպրոցն էլ այդ ժամանակ անվտանգ չէր, ասաց՝ լավագույն տարբերակը ըստ բնագծերի խրամատներում դիրքավորվելը կլիներ։ Խոսելով հոկտեմբերի 3-4-ի նահանջի մասին՝ վկան ասաց՝ Գարիկ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել․ «Անձնակազմը անպատրաստ էր, կես տարի ծառայած չէին, որ գոնե նվազագույնին տիրապետեին, մարդ կար՝ մի հատ կրակած չկար»։ Սեմյոնովը հերքեց նաեւ Առստամյանի այն տեղեկությունը, թե այդ նահանջով 5-րդ գումարտակը աջակողմյան թեւը բացել է՝ այլ գումարտակներին վտանգելով։ Խոսելով պատերազմին նախորդած օրերի մասին՝ վկան ասաց, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, դիվիզիայի հրամանատարը՝ Կարեն Առստամյանը, ներկա եղել է։ Հարցին՝ արդյո՞ք նա արձակուրդում չէր, ինչպես քիչ առաջ նշեց իր ցուցմունքում, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ հենց իր կողքին է կանգնած եղել։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ հայտարարելուն, ինչի մասին զինծառայող վկաներն էին հայտնել, Սեմյոնովը պարզաբանեց, որ դա պատահականության արդյունք է եղել․ «Քանի որ ես արդեն առաջնագծում էի, խոսել եմ գնդի զամպալիտ Աշոտ Մկրտչյանի հետ, ասել, որ պատրաստ լինեն, գուցե գործողություն լինի, տագնապ լինի, նա էլ իջնելիս հերթապահին ասել է՝ տագնապ, պատահական սեղմել են, բայց գուցե դա էլ էր լավ․ ինչքան մարզվեին, այդքան լավ»։ Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ՝ նման կուտակումների դեպքում ի՞նչ էր պետք անել, ինչին ի պատասխան՝ սպան պարզաբանեց, որ պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն դրա համար վերադաս հրամանատարության՝ դիվիզիայի հրամանատարի կամ շտաբի պետի հրամանն էր պետք, ինչը իրենք չեն ստացել․ «Զեկուցել ենք, բազմաթիվ զանգեր են եղել, շտաբի պետին էլ ենք զանգել, ասել ենք՝ գոնե կուտակման դիմաց անձնակազմ հանենք, ասել է՝ սպասեք, սպասեք, ու կռիվը սկսվել է, հրաման չի եղել, միայն մի կարգադրություն ենք ստացել զգոնությունը բարձրացնելու մասին, բայց քանի որ տեսել ենք՝ հակառակորդի սպառազինությունը շատ է, միջոցները հանել ենք առաջնագիծ․ որտեղ կուտակում կար, հրետանին պատրաստ է եղել խնդիր կատարելու»։ «Այսինքն՝ զեկույցները մինչեւ ամենավերեւ եղել են, բայց ոչ մի հրաման չի արձակվել, միտումնավոր թողել են, որ ամբողջ Արցախը կոտորվի»,- արձանագրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին։   Միլենա Խաչիկյան
22:38 - 12 հոկտեմբերի, 2022
Միֆեր Թուրքիայից՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին

Միֆեր Թուրքիայից՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին

Օգոստոս ամսին  թուրքական guvengazetesi.com.tr լրատվամիջոցը «Հայաստանից եկող մեծ սպառնալիք» վերնագրով ծավալուն հոդված էր հրապարակել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ։ Հոդվածի մի փոքր հատված արտատպվել էր ermenihaber.am եռալեզու կայքում (գործում է հայերեն, թուրքերեն, ռուսերեն)՝ «Թուրք պաշտոնյա. «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար» վերնագրով։ Ermenihaber.am-ի այդ հրապարակումն էլ արտատպել էին հայկական այլ ԶԼՄ-ներ։ Հաշվի առնելով հոդվածում խնդրահարույց մի շարք պնդումների առկայությունը՝ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը (որպես էներգետիկ ոլորտի պատասխանատու գերատեսչություն) եւ ՀՀ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (որպես ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը վերահսկող մարմին)՝ դրանց ճշմարտացիության վերաբերյալ մի շարք հարցեր հղելով եւ պարզաբանումներ խնդրելով։ ՏԿԵՆ-ից հարցումը վերահասցեագրել էին Հայկական ատոմային էլեկտրակայանին (այսուհետ՝ ՀԱԷԿ), իսկ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) նշել էին, որ հաշվի առնելով հարցերի ծավալը եւ կարեւորությունը` համապատասխան տեղեկության տրամադրման նպատակով անհրաժեշտ է լինելու դիտարկել նաեւ արխիվային փաստաթղթեր, որոնց համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ։ Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ստանալով պատասխանները՝ կարող ենք փաստել, որ թուրք հեղինակի պնդումներն ու ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ոչ թե ավարտվել է, այլ երկարաձգվել Այսպես․ հոդվածի սկզբում հեղինակը նշել է, որ ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել՝ չնայած դրա ժամկետի ավարտին։ Ըստ ամենայնի, նա նկատի ունի շահագործման նախագծային ժամկետը։ Տեղեկություն ստանալու հարցմամբ մենք խնդրել էինք հայտնել, թե որքան է եղել ՀԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը, եւ եթե այն ավարտվել է, ապա երբ եւ ինչի հիման վրա է որոշում կայացվել շարունակել շահագործումը։  Ըստ պաշտոնական պատասխանների՝ Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Շահագործման նախագծային (նշանակված) ժամկետը մինչեւ 2016 թ․ սեպտեմբերն էր, եւ մինչեւ այդ նախատեսվում էր Հայաստանում կառուցել միջուկային նոր էներգաբլոկ, ինչը, սակայն, հետաձգվեց՝ պայմանավորված Ֆուկուշիմայի աղետի հանգամանքներով եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով. «Գործող Էներգաբլոկի կանգի եւ դրա արդյունքում առաջնային վառելիքաէներգետիկ պաշարների՝ նավթի, գազի, ածուխի բացակայության պայմաններում Հայաստանը կարող էր հայտնվել կրիտիկական իրավիճակում, քանի որ ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 38%-ը: Ուստի, ՀՀ կառավարությունը 2012 թվականի ապրիլի 19-ի №461 որոշմամբ սկսեց կայանի շահագործման ժամկետը երկարեցնելուն ուղղված գործընթացը»։ Մշակվեց համապատասխան ծրագիր, եւ իրականացվեցին համալիր աշխատանքներ (ռեսուրսի գնահատում, անվտանգության բարձրացման միջոցառումներ, մոդիֆիկացիաներ, սարքերի, սարքավորումների եւ համակարգերի համապարփակ գործիքային հետազոտություններ, վերլուծություն եւ այլն), որոնցով հիմնավորվեց ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչեւ 2026թ․ սեպտեմբեր ամիսը։  Արդյունքում, Կոմիտեն, ուսումնասիրելով իրականացված աշխատանքներն ու հիմնավորող փաստաթղթերը, թույլատրեց շահագործման ժամկետի երկարաձգումը: Ըստ ՀԱԷԿ-ի՝ այդ որոշումը համապատասխանում է համաշխարհային պրակտիկային, ընդ որում, ընդունելի է ատոմակայանների շահագործման ժամկետը մինչեւ 60 տարի երկարեցնելու հնարավորությունը․ «Ներկայումս աշխարհում շարունակում են աշխատել 70-ական թվականներին շահագործման հանձնված 85 էներգաբլոկներ, որոնք 10 տարով ՀԱԷԿ-ից հին են»,– ասված է պատասխանում։ Նույն համատեքստում հեղինակը նաեւ նշել է, որ Հայաստանը խախտում է Եվրոպական միության հետ 1999 թ. կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ ՀԱԷԿ-ը պետք է փակվեր մինչ 2004 թ.։ Մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք երբեւէ նախատեսվել է ՀԱԷԿ-ի շահագործման դադարեցում մինչ 2004 թ., եւ արդյո՞ք առկա է կամ առկա է եղել նման համաձայնագիր, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված եղել այդ որոշումը, եւ հետագայում ի՞նչ հիմքերով է այն փոփոխվել։ Ի պատասխան՝ Կոմիտեից տեղեկացրել են, որ 1994թ․ Եվրամիության ղեկավարությունը ՀՀ նախագահին ուղղված գրությամբ հայտնել է, որ Հայաստանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար չի առարկի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, իսկ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը կտրամադրի 50 մլն ԱՄՆ դոլար Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման համար՝ պայմանով, որ Հայաստանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի մինչ 2004 թ․ դադարեցնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը․ «ՀՀ նախագահը պատասխան գրությամբ հայտնել է, որ Հայաստանը կդադարեցնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը համապատասխան (նույն հզորության, էներգետիկ անկախության նման մակարդակ ապահովող) նոր էներգետիկ հզորություն գործարկելուց հետո»։ Հետագայում արդեն էներգաբլոկի անվտանգ շահագործումը շարունակելու եւ անվտանգության մշտական բարձրացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է Եվրամիությանն ու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը (այսուհետ՝ ԱԷՄԳ), ինչը հնարավորություն է տվել գնահատել կայանի անվտանգության մակարդակը որպես միջին՝ ըստ համաշխարային վարկանիշի (14-րդ տեղ՝ ատոմակայաններ շահագործող 32 երկրների շրջանում):  ՀԱԷԿ-ի հավաստմամբ՝ ներկայումս միջազգային կազմակերպությունների մոտ կա ըմբռնում՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ (տեխնիկական իրագործելիությունը հաստատելու եւ անվտանգության հիմնավորման դեպքում) մինչ փոխարինող միջուկային հզորություններ կառուցելը։ Խոսելով ՀԱԷԿ-ի արդիականացման մասին՝ հեղինակը գրել է, թե տեխնիկական սպասարկման աշխատանքներին կմասնակցեն մոտ 400 փորձագետ՝ Բելառուսից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Չեխիայից եւ այլ երկրներից, իսկ ՀԱԷԿ-ը փակ կմնա 141 օր, որից հետո այն հնարավոր կլինի շահագործել մինչեւ 2036 թվականը։ Մենք հետաքրքրվել էինք՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ են արդյոք արդիականացման նոր աշխատանքներ, թե՞ կայքը, ըստ ամենայնի, նկատի ունի 2021 թ.-ի աշխատանքները, որոնց շրջանակում ՀԱԷԿ- ի աշխատանքը դադարեցվեց 141 օրով։ Ըստ Կոմիտեի՝ հաշվի առնելով նշված 141 օր ժամանակը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց 2021 թ․ պլանային նախազգուշական վերանորոգման մասին է․ «Այդ ժամանակ երկարատեւ կանգառի անհրաժեշտությունը առաջացել էր ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման մեծածավալ միջոցառումների՝ մոդիֆիկացիաների ներդրման համար։ Իրականացված աշխատանքների հիման վրա Կոմիտեի կողմից թույլատրվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա շահագործումը, ինչպես արդեն նշվեց, մինչ 2026 թ․սեպտեմբերը։ Այնուհանդերձ, անվտանգության բարձրացման աշխատանքները շարունակական բնույթի աշխատանքներ են եւ ուղեկցում են շահագործման փուլում գտնվող ցանկացած ատոմային էլեկտրակայանի»,– հայտնել են Կոմիտեից։ Ինչ վերաբերում է հիշյալ 2036 թ․–ին, այդ մասին հիշատակվում է Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում։ Դրանով նախատեսվում է գործող էներգաբլոկի անվտանգության հիմնավորման պարագայում այն շահագործել մինչ 2036 թվականը․ «Ի դեպ, ՀԱԷԿ–ում Եվրոպական մի շարք երկրներից ավելի քան 400 մասնագետների ժամանումն ու աշխատանքը հոդվածի հեղինակի՝ ՀԱԷԿ-ը որպես «աշխարհի ամենավտանգավոր ատոմակայան» գնահատելու լավագույն հերքումն է»,- նշել են ՀԱԷԿ-ից` հավելելով, որ 2021 թ․ շահագործման հանձնելուց առաջ՝ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների (ՎՎԱ) ավարտից հետո, ՀԱԷԿ-ում տեսչական ստուգումներ են անցկացրել միջազգային եւ ազգային մի շարք կազմակերպությունների պատվիրակություններ, ինչի արդյունքում վերջիններս կայանի վերագործարկման համար խոչընդոտներ չեն հայտնաբերել․ «Առանց ԱԷՄԳ-ի կողմից ՎՎԱ արդյունքների հավանության ՀԱԷԿ-ի վերագործարկումը հնարավոր չէր լինի»: Կառուցումից ի վեր ՀԱԷԿ-ում վթարներ տեղի չեն ունեցել Թուրք հեղինակը նաեւ նշել է, թե կառուցումից ի վեր ՀԱԷԿ-ում բազմաթիվ լուրջ վթարներ են տեղի ունեցել։ Հարցմամբ խնդրել էինք մանրամասնել, թե երբ, ինչ բնույթի, ինչ լրջության եւ քանի վթար է տեղի ունեցել ՀԱԷԿ-ում, իսկ դրանց առկայության դեպքում՝ նաեւ պատճառները եւ հետեւանքները բնակչության եւ շրջակա միջավայրի վրա։ Կոմիտեից հայտնել են, որ ՀԱԷԿ-ում երբեք վթարներ տեղի չեն ունեցել։ Համաձայն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջազգային եւ ազգային օրենսդրության՝  վթարը ունի կոնկրետ սահմանում։ Ըստ այդմ, վթարը ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ է, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք եւ (կամ) իոնացնող ճառագայթման տարածում: Ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշման էլ՝ վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով եւ հետեւանքներով: Կոմիտեի փոխանցմամբ՝ ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում տեղի են ունեցել միայն միջադեպեր, որոնք ԱԷՄԳ–ի համակարգի սանդղակով երբեք բարձր չեն եղել 1-ին մակարդակից․ «Տեղի ունեցած միջադեպերը սահմանված կարգով հաղորդվում են Կոմիտեին, ինչպես նաեւ՝ ԱԷՄԳ-ին։ Տեղեկությունը հրապարակվում է նաեւ ԱԷՄԳ–ի կողմից վարվող «International Reporting System» համակարգի բազայում»։ ՀԱԷԿ-ից էլ հայտնել են, որ շահագործման ողջ ընթացքում տեղի ունեցած միակ լուրջ պատահարը կարելի է համարել թիվ 1 էներգաբլոկի (ներկայումս դուրս է բերված շահագործումից) տուրբինային բաժանմունքում (մեքենասրահում) 16-րդ անցուղու մալուխների բռնկումը։ Այն տեղի է ունեցել 1982 թ․ հոկտեմբերի 15-ին: Ըստ ԱԷԿ-ների պատահարների միջազգային սանդղակի՝ տվյալ պատահարին վերագրվել է «0» աստիճան, ինչը նշանակում է, որ այն եղել է տեխնիկական բնույթի պատահար, որը կապված չէ միջուկային կայանի եւ նրա աշխատանքի հետ․ «Այս պատահարը չի դասակարգվում որպես վթար, քանի որ տեղի չի ունեցել ճառագայթաակտիվ նյութերի արտահոսք ռեակտորային կայանի սահմաններից դուրս: Բռնկումը վերացվել է, վնասված մալուխները եւ առանձին տարրեր փոխարինվել են, եւ թիվ 1 էներգաբլոկը շարունակել է իր բնականոն աշխատանքը ընդհուպ մինչեւ 1989 թ․ կանգը, որից հետո այդ բլոկը չի շահագործվում»,- ասված է պատասխանում։ 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը ՀԱԷԿ-ի համար բացասական որեւէ հետեւանք չի առաջացրել Հոդվածի հեղինակը նաեւ պնդումներ է արել այն մասին, որ չնայած ՀԱԷԿ-ը գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա, այնուհանդերձ, 1988 թ. երկրաշարժի ժամանակ մեծ վնաս է կրել, ստեղծել ռադիոակտիվ արտահոսքի վտանգ եւ փակվել սեյսմիկ խոցելիության պատճառով։ Պատկան մարմիններից մենք խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք Սպիտակի երկրաշարժից հետո առաջացել է «ռադիոակտիվ արտահոսքի վտանգ», եւ արդյո՞ք 1989 թ. ՀԱԷԿ-ի շահագործման դադարեցման պատճառը Սպիտակի երկրաշարժի հետեւանքով կայանի կրած «մեծ վնասներն» են։ Բացասական պատասխանի դեպքում խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը նման որոշում կայացրել։ ՀԱԷԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ Սպիտակի երկրաշարժը ՀԱԷԿ-ի համար բացասական որեւէ հետեւանք չի առաջացրել։ Կայանի սարքերը Ռիխտերի սանդղակով մինչեւ 5,6 բալանոց ցնցումներ են գրանցել, այնինչ պաշտպանական սահմանը, ըստ նույն սանդղակի,  6 բալն է եղել։ Իսկ երկրաշարժի ուժգնությունը, ինչպես հայտնի է, կազմել է 7 բալ․ «Երկու էներգաբլոկներն էլ երկրաշարժի պահին եւ դրանից հետո շարունակել են աշխատել բնականոն շահագործման ռեժիմով, եւ կայանի սարքավորումների ու շինարարական կառուցատարրերի հետագա մանրամասն զննման արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ուստի, ռադիոակտիվ արտահոսքի կամ Ատոմակայանի կողմից կրած վնասների մասին տեղեկությունը անհիմն է, քանի որ որեւէ համակարգ վնասված չի եղել, առկա ռադիացիոն մոնիթորինգի համակարգերը որեւէ արտահոսք չեն գրանցել»։ Այնուամենայնիվ, Չեռնոբիլյան սինդրոմի եւ Հայաստանի բնակչության սեյսմիկ շոկի ֆոնի վրա ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը (Հայկական ԽՍՀ մինիստրների խորհուրդի ներկայացմամբ) որոշում է ընդունել 1989 թվականի փետրվարի 25-ին կանգնեցնել թիվ 1 էներգաբլոկը, իսկ մարտի 18-ին՝ թիվ 2 էներգաբլոկը: Ըստ Կոմիտեի՝ դա եղել է բացառապես քաղաքական որոշում։ Նույն համատեքստում հեղինակը նշել է, որ եթե անգամ ՀԱԷԿ-ում պայթյունի վտանգ չկա, միեւնույն է, տարածաշրջանում աղտոտվածության եւ քաղցկեղի առաջացման համար ճանապարհը բաց է։ Թեեւ նա չի հիշատակել քաղցկեղի դեպքերի որեւէ պաշտոնական վիճակագրություն, այնուհանդերձ նշել է Իգդիրի վրա ՀԱԷԿ-ի ունեցած ենթադրյալ ազդեցության մասին՝ օրինակ բերելով նույն քաղցկեղի դեպքերի աճը, բուսականության չորացումը եւ այլն, որոնք, ըստ հեղինակի, մտածելու տեղիք են տալիս։ Մենք խնդրել էինք պարզաբանել, թե որքանո՞վ է ողջամիտ այս տեսակ բացասական հետեւանքները առհասարակ ատոմակայանների եւ կոնկրետ Հայկական ատոմակայանի շահագործման հետ կապելը։ Խնդրել էինք նաեւ ներկայացնել, թե ՀԱԷԿ-ում ինչ եղանակով եւ ինչ հաճախականությամբ է իրականացվում շրջակա միջավայրի արտանետումների մոնիթորինգ։ Կոմիտեից նշել են, որ պնդումն իրականացվել է առանց վիճակագրական տվյալների վերլուծության կամ գիտական հետազոտությունների արդյունքների համապատասխան հղումների, ինչը ենթադրում է, որ այն հեղինակի սուբյեկտիվ գնահատականն է։ Մինչդեռ ՀԱԷԿ-ի հրապարակում եւ հսկվող տարածքում իրականացվում է շուրջօրյա մոնիթորինգ ռադիացիոն իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքները փաստում են, որ այնտեղ ռադիացիոն իրավիճակի գնահատման պարամետրերը չեն գերազանցում միջազգայնորեն սահմանված չափորոշիչները։ Հետեւաբար, բնականոն շահագործման ռեժիմում ՀԱԷԿ-ի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ըստ Կոմիտեի, պրակտիկորեն բացակայում է․ «Դրանից բացի, «Միջուկային անվտանգության մասին» եւ «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման մասին» միացյալ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ–ն պարբերաբար ԱԷՄԳ–ին է ներկայացնում ազգային հաշվետվություններ, որտեղ նշվում է նաեւ ՀԱԷԿ-ի հրապարակում եւ հսկվող տարածքում ռադիացիոն իրավիճակի պարամետրերի մասին տեղեկություն, ինչը հասանելի է նաեւ բնագավառի թուրք մասնագետներին։ ԱԷՄԳ-ի կողմից ստեղծված են մասնագիտական հարթակներ պրոֆեսիոնալ քննարկումների համար, եւ մինչ օրս ոչ մի երկրի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, նմանատիպ հարցեր չեն բարձրացվել»,– ասված է պատասխանում։ ՀԱԷԿ-ից էլ ընդգծել են՝ եթե, ըստ հեղինակի, ՀԱԷԿ-ի ազդեցությունը կայանից բավականաչափ հեռավորության վրա գտնվող իրենց բնակավայրի վրա այդչափ բացասական է, ապա մերձակա տարածքներում եւ հենց Հայաստանում պետք է լիներ ուռուցքաբանական աղետ՝ այրված անապատի ֆոնի վրա․ «Սակայն, բարեբախտաբար, օբյեկտիվ պատկերը բացարձակապես այլ է. աղուտավոր կիսաանապատը, որտեղ կառուցվել է Հայկական ԱԷԿ-ը, ներկայումս առավելագույնս պատված է այգիներով, բանջարանոցներով, անտառային տնկարկներով»։ ՀԱԷԿ-ը լիովին վերահսկում է արտանետվող տեխնիկական ջրերի ակտիվությունը Թուրք հեղինակը գրել է, որ ռեակտորի սառեցման համար օգտագործվող կեղտաջրերը արտանետվում են Արաքս գետ, այնուհետեւ՝ լցվում Կասպից ծով, ուստի, Մեծամորի ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Կասպից ծովի սահմանակից բոլոր երկրների համար։ Հարցմամբ խնդրել էինք հայտնել այս պնդման իսկությունը, ինչպես նաեւ պարզաբանել ՀԱԷԿ-ում առաջացրած ջրերի կառավարումը եւ արտանետման դեպքում դրանց ազդեցությունը բնակչության եւ շրջակա միջավայրի վրա։ Կոմիտեից հայտնել են, որ նշվածը բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ ռեակտորի սառեցման համար կեղտաջրեր չեն օգտագործում․ «Մասնավորապես, ՀԱԷԿ-ի դեպքում ռեակտորը հովանում է փակ համակարգում շրջանառվող առաջին կոնտուրի ջրով, որն իր հերթին հովանում է նույնպես փակ համակարգում շրջանառվող երկրորդ կոնտուրի ջրով, իսկ վերջինս էլ հովանում է տեխնիկական ջրով (որը եւս շրջանառու փակ համակարգ է)»։ ՀԱԷԿ-ից էլ մանրամասնել են արտանետումների կառավարումը։ Ըստ այդմ, հատուկ հսկիչ բաքերում չափվում է ՀԱԷԿ-ից արտանետվող տեխնիկական ջրերի գումարային ակտիվությունը, եւ միայն սահմանված չափը չգերազանցելու դեպքում է թույլատրվում դրանց արտանետումը՝ տրված հատուկ բնապահպանական բնութագրավկայականի հիման վրա, որտեղ ներկայացված է ջրի տեսակարար ակտիվությունը, դրա ծավալը եւ այլ պարամետրեր․ «Արտանետումն իրականացվում է հատուկ խողովակաշարով դեպի մաքրման կառուցվածքներ, իսկ այնտեղից՝ ջրանցքով դեպի Սեւ ջուր գետ: Արտանետվող ջրի ակտիվությունը վերահսկվում է խողովակաշարի՝ ԱԷԿ-ից ելման կետում, մաքրման կառուցվածքներից ելման կետում եւ Սեւ ջուր գետ արտանետման վայրում: Արտանետվող ջրերի եւ մթնոլորտ արտանետվող գազերի միջին տեսակարար ակտիվությունը ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում չի գերազանցել սահմանված նորմատիվային արժեքների 1%-ը (թույլատրելի արժեքներից հարյուր անգամ պակաս է)»։ ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են բացառապես ՀՀ-ում Հեղինակը նշել է, թե կան պնդումներ, որոնց համաձայն՝ Հայաստանը ռադիոակտիվ թափոններ է վաճառում Վրաստանին։ Նշել է նաեւ, թե իբր «օկուպացիայի ժամանակ» ՀԱԷԿ-ի միջուկային թափոնները թաղվել են Ղարաբաղում։ Թեեւ այս պնդումները դարձյալ հիմնված չեն որեւէ ստույգ աղբյուրի վրա, այնուհանդերձ, հետաքրքրվել էինք՝ ռադիոակտիվ թափոններ վաճառելու պրակտիկա առհասարակ գոյություն ունի՞, եթե ոչ, ապա հնարավո՞ր է, որ ՀՀ-ից այդպիսի թափոններ այլ նպատակներով տեղափոխված լինեն Վրաստանի կամ Արցախի Հանրապետություն։ Հաշվի առնելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանումը ՀՀ-ից (բացառությամբ որոշ դեպքերի)՝ խնդրել էինք հայտնել, թե ինչ են արվում եւ որտեղ են պահվում ՀԱԷԿ-ի ռադիոակատիվ թափոնները, արդյո՞ք ՀՀ-ն ունի ռադիոակտիվ թափոնների հաշվառման եւ վերահսկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, եթե ոչ, ապա ո՞ր երկրի հետ համագործակցությամբ է դա իրականացվում։ Թափոնները Ղարաբաղում թաղելու եւ արտահանելու վերաբերյալ պնդումները Կոմիտեն բացարձակ ապատեղեկատվություն է որակել՝ նշելով, որ անկախությունից հետո ՀԱԷԿ-ում առաջացող աշխատած միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են բացառապես  ՀԱԷԿ–ի տարածքում, եւ դրանց կառավարումն իրականացվում է ազգային եւ միջազգային կանոնակարգերի, ինչպես նաեւ ուղեցույցների, ներքին ընթացակարգերի ու հրահանգների համաձայն․ «Հայաստանը ունի մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ միջուկային զենքի չտարածման երաշխիքների կիրառման պայմանագիր, եւ ՀՀ-ում առկա բոլոր միջուկային նյութերը հաշվառված են եւ գտնվում են պետական վերահսկողության ներքո։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին ՀՀ-ի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համաձայնագրի հիման վրա ԱԷՄԳ տեսուչների կողմից պարբերաբար իրականացվում են ստուգումներ, որոնք փաստում են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»։ ՀԱԷԿ–ից էլ հավելել են, որ ճառագայթաակտիվ թափոնների հաշվառումն ու պահումը իրականացվում են միայն ՀԱԷԿ-ի տարածքում՝ հատուկ շինություններում, կառույցներում, առանձնացված հրապարակներում եւ լցարաններում։ Տեղի ընտրությունը կախված է թափոնի տեսակից՝ հեղուկ կամ պինդ, եւ կատեգորիաներից՝ բարձր, միջին կամ ցածր ակտիվության: «Կայանը բավարար չափով հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով, սարքերով, գործիքներով, պատշաճ որակավորում ունեցող անձնակազմով»։ Ըստ ՀԱԷԿ–ի՝ վերահսկվող գոտում (որտեղ հնարավոր է ճառագայթային աղտոտում) առարկաների, գործիքների, սարքերի եւ նյութերի հետ ցանկացած շփում թույլատրվում է միայն հատուկ դոզային կարգագրերով, որոնցում ամրագրվում է շփման թույլատրելի ժամանակը (ռադիացիոն մոնիթորինգի արդյունքներով): Վերահսկվող գոտուց նյութական ցանկացած  արժեքի դուրսբերումը կատարվում է հատուկ անցագրերով եւ ճառագայթումային ֆոնի թույլատրելի մակարդակը չգերազանցելու վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում։ Ավելի խիստ է կայանից նյութական արժեքների, առավել եւս՝ ՀՀ–ից դուրսբերման ընթացակարգը․ այդ դեպքում ավելացվում են տեղափոխման հիմնավորմանը եւ նպատակին ներկայացվող պահանջները․ «ՀՀ- ից այն բեռների արտահանման համար, որոնց ռադիացիոն ֆոնը գերազանցում է բնականը (սակայն թույլատրելիի սահմաններում է), անհրաժեշտ է ստացող երկրի եւ տարանցիկ երկրի համաձայնությունը՝ պայմանագրի առկայությունը»,– հավելել են Հայկական ԱԷԿ–ից։ Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ հայկական ԱԷԿ-ի միջեւ զուգահեռները անհիմն են, քանի որ դրանք իրար հետ կապ չունեցող նախագծեր են Ըստ հոդվածի հեղինակի՝ Մեծամորի ատոմակայանը, ինչպես Չեռնոբիլը, կառուցվել է ռուսական ամենահին տեխնոլոգիաներով, ուստի, այն խորհրդային ժամանակներից մնացած ամենավտանգավոր էլեկտրակայանն է, եւ եթե վթար տեղի ունենա, ապա դա կազդի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ նաեւ շրջակա բոլոր պետությունների վրա, ինչպես Չեռնոբիլի դեպքում էր։ Մենք խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք ողջամիտ են կայքի այս համեմատությունները, եթե ոչ, ապա որո՞նք են էական տարբերությունները Մեծամորի եւ Չեռնոբիլի ատոմակայանների միջեւ։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ հայկական ԱԷԿ-ի ռեակտորների միջեւ զուգահեռներն անհիմն են՝ հաշվի առնելով դրանց կառուցվածքների սկզբունքային տարբերությունը։ Դրանք իրար հետ կապ չունեցող նախագծեր են։ Բանն այն է, որ Չեռնոբիլի ատոմակայանը եռացող տիպի միակոնտուր ատոմակայան է, իսկ ՀԱԷԿ-ը՝ երկկոնտուր, ճնշման տակ գտնվող ջերմատարով ատոմակայան։ Էական տարբերությունն այն է, որ եթե միակոնտուր ատոմակայանում տուրբոգեներատորին աշխատեցնող գոլորշին ռադիոակտիվ է, ապա երկկոնտուր ատոմակայանում այն ռադիոակտիվ չէ (առաջին կոնտուրի ջուրը, հովացնելով միջուկային վառելիքը, տաքանում է, եւ այդ ջերմությունը շոգեգեներատորի միջոցով փոխանցում է երկրորդ կոնտուրի ջրին՝ չխառնվելով վերջինիս հետ, եւ երկրորդ կոնտուրի ջուրն էլ, վերածվելով գոլորշու, աշխատեցնում է տուրբոգեներատորին)։  Կոմիտեից շեշտել են, որ ատոմակայանների մասին խոսելիս «ամենահին» եւ «ամենավտանգավոր» բառերը գործածելը սխալ մոտեցում է, քանի որ ատոմակայանների անվտանգության գնահատման համար օգտագործվում են բնագավառում գործող չափորոշիչներ, որոնք իրենցից ներկայացնում են թվային կոնկրետ արժեքներ։ Շարունակելով ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին պնդումները՝ կայքը գրել է նաեւ, որ ԱԷՄԳ–ն եւ ԵՄ-ն են հայտարարել, որ այն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանն է։ Մենք հարցրել էինք՝ արդյո՞ք այս կառույցների կողմից նման գնահատական երբեւէ հնչել է։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ այդ հայտարարությունը բացարձակապես անհիմն է․ ԵՄ-ն քաղաքական կառույց է, եւ երբեւէ որեւէ պաշտոնական անձի կողմից նման պնդում չի հնչեցվել, իսկ ԱԷՄԳ-ն, հանդիսանալով ՄԱԿ-ի կառուցվածքային միավոր, իր կանոնադրության համաձայն տալիս է բացառապես մասնագիտական գնահատականներ եւ նման գնահատական ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի վերաբերյալ երբեւէ չի տվել։  Այս համեմատությունը, ըստ ՀԱԷԿ-ի, նույնն է, ինչ ԱԷՄԳ–ին եւ ԵՄ-ին կողմնակալության եւ անսկզբունքայնության մեջ մեղադրելը, քանի որ հայկական ԱԷԿ-ը որպես «աշխարհում ամենավտանգավոր ԱԷԿ» գնահատելիս պետք է անհապաղ ներկայացվեր այն կանգնեցնելու խստագույն պահանջ․ «Հայկական ԱԷԿ-ը շահագործվում է ԱԷՄԳ-ի ուղեցույցներին խիստ համապատասխան, պարբերաբար ընդունում է ԱԷՄԳ-ի տարբեր առաքելություններ եւ դրանց, ինչպես նաեւ՝ ԵՄ–ի  կողմից իրականցված սթրես-թեստերի արդյունքներով՝ կատարում բազմաթիվ աշխատանքներ։ Վերոնշյալ, ինչպես նաեւ դոնոր այլ երկրների եւ կազմակերպությունների աջակցությամբ (խորհրդատվական, տեխնիկական, ֆինանսական) հայկական ԱԷԿ-ում իրականացվում են անվտանգության եւ հուսալիության բարձրացմանն ուղղված շարունակական ծրագրեր: Հայաստանը լիովին կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասված է պատասխանում։ Հեղինակը նաեւ նշել է, որ 1986թ. մարտի 31-ին հարյուրավոր մարդիկ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին ուղարկած նամակում պահանջում էին փակել ՀԱԷԿ-ը, որ նման պահանջ է ներկայացվել նաեւ Հայաստանի անկախացման գործընթացում ականավոր մտավորականների եւ անկախության շարժման առաջնորդների կողմից, ինչպես նաեւ՝ որ ԱԷՄԳ–ի՝ այն ժամանակվա գլխավոր տնօրենի տեղակալ Մորիս Ռոզենը, որը 1995 թ․ Մեծամորում փորձաքննություն է կատարել, նույնպես խոստովանել է, որ Մեծամորի ճարտարապետական նախագիծը թերի է եղել։ Այս ենթադրյալ դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների առկայության դեպքում խնդրել էինք դրանք եւս ներկայացնել։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ հասարակական ակտիվիստների բողոքները, հատկապես՝ Խորհրդային Հայաստանի փլուզման ժամանակներում, կրում էին քաղաքականացված բնույթ, եւ հիմնված չէին որեւէ հիմնավոր փաստարկների վրա․ «Անցյալ դարի ութսունական թվականների վերջին մարդիկ փնտրում էին կյանքի որակից իրենց դժգոհության բացատրությունը, եւ ոմանք կարծում էին, որ ՀԱԷԿ-ը, «Նաիրիտ»-ը, այլ «վնասակար» արտադրություններ կանգնեցնելով՝ Հայաստանը կազատվի ԽՍՀՄ-ի խնամակալությունից եւ ձեռք կբերի երկար սպասված անկախությունը։ Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը, եւ արդեն 1993 թ․ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի աշխատանքը վերսկսելու ՀՀ կառավարության որոշումը ընկալվեց ըմբռնումով եւ հավանությամբ»։  Կոմիտեից նշել են, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաթողարկումից հետո իրականացվում է շահագործման իրականացման բաց քաղաքանություն, որի ընթացքում լուսաբանվում են ոչ միայն էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումները, այլ նաեւ ՀԱԷԿ-ում կազմակերպվող աշխատանքային, գիտական հանդիպումները, միջազգային կառույցների կողմից իրականացվող փորձագիտական առաքելությունները, անցկացվող վթարային վարժանքները եւ այլն․ «Այժմ էլ հանրության լայն շրջանակներում առկա չէ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման դադարեցմանն ուղղված հանրային կարծիք»,– ասված է ՀԱԷԿ–ի պաշտոնական պատասխանում։ Հավելենք, որ թեեւ Թուրքիայում պաշտոնյաների մակարդակով պարբերաբար հնչում են հայտարարություններ հայկական ԱԷԿ-ի՝ իբր վտանգավոր լինելու վերաբերյալ, սակայն տվյալ դեպքում հայկական մեդիայում տարածված «թուրք պաշտոնյա» ձեւակերպումը ճիշտ չէ, որովհետեւ հոդվածի հեղինակը՝ Այդըն Դենիզը, ոչ թե պաշտոնյա է, այլ թուրքական «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավարը։ Հայկական ԶԼՄ-ների համար աղբյուր հանդիսացած Ermenihaber.am կայքն էլ, չնայած վերնագրում նշել է «թուրք պաշտոնյա», սակայն հրապարակման մեջ հեղինակին ներկայացրել է որպես հիշյալ կառույցի ղեկավար։ Այսպիսով, թուրքական guvengazetesi.com.tr լրատվամիջոցի հրապարակած հոդվածի պնդումները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին, անհիմն են, չփաստարկված եւ միտված են խեղաթյուրելու Հայաստանի կողմից ազգային եւ միջազգային օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը։     Միլենա Խաչիկյան
18:22 - 25 սեպտեմբերի, 2022
«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»,- հակառակորդի հրետանու արկից վնասված իր տուն ուղեկցելիս ասում է Գորիսի Ակներ գյուղի բնակիչ Էդգար Սալբունցը՝ ծխախոտի ծուխը լիքը ներս քաշելով։ Ոչ շատ հեռվից լսվող ամեն պայթյունի հետ խոր հոգոց է հանում, ձեռքը պարզում դեպի տանիքը, որի վրա էլ ընկել է արկը ու պոկել կտուրը, վնասել շեն տունը։  Տնից դուրս է եկել, ու տասը րոպե չանցած՝ հզոր պայթյուն է եղել. Էդգարը բառերով նկարագրել չի կարողանում։ Մինչ ես լուսանկարում եմ, նա ցույց է տալիս տան անկյունները՝ հուշելով՝ ինչին ուշադիր լինել։ Առաստաղը՝ քանդված, լուսամուտները՝ կոտրված, մի հայացք՝ մտահոգ, Վարարակ գետի ձայնը, մի մոլորված ճանճի բզզոց, ամպրոպի նման մի ձայն ու պայթյուն. մեկ, երկու, երեք։ Հետո հաշիվը կորում է։  Էդգարը ցույց է տալիս պայթած արկի բեկորները, անընդհատ կրկնում, որ զգույշ քայլենք, շատ սուր են, մխրճվել են գորգի մեջ։ Նա ինքն իրեն կրկնում է՝ «էրկու օրից անձրեւները սկսելու են, Էդա, պետք ա սարքեմ, ինչ անեմ»։ Էդգարը տանիքը կսարքի, տունն էլ կսարքի, կարծում եմ, նրա հետ զրույցից թողնել-գնալու տրամադրություն չէր գալիս, ինչքան էլ դժվար են ժամանակները եւ մոտ՝ պայթյունները։  Ակները սիրուն գյուղ է։ Բայց հիմա տխրություն է իջել այստեղ։ Սարգիսին ասում եմ՝ կանգնենք, հավաքված մարդկանց հետ խոսենք, բայց հետո փոշմանում եմ, որովհետև ինձ թվում է՝ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, ու հիմա ես հարցնելու բան չունեմ։ Եթե մեկը խոսել ուզենա, ինքը կխոսի։ Ու այդպես էլ պատահում է։  Ընթացող մեր մեքենային է մոտենում սեւահեր մի տիկին, հենվում բաց լուսամուտին ու միանգամից պատմում. «Ես չեմ վախենում, ջիգյար, ես երեխաներիս համար եմ վախենում, զինվորների։ Ես քինյամ, գյուլլեմ էդ թաղած թուրքերին, բայց բոլորն էլ երեխաների համար են վախենում, գոնե մեծերին հավաքեն, տանեն, որ էդ երեխեքը մենակ չմնան»,- ասում է տիկին Մարինան, որ սանիտար է աշխատում բուժհաստատությունում, վիրավոր զինվորներին է օգնում։  Տիկին Մարինան ասում է՝ հիմա էլ չեն կարող գնալ, դաշտից խոտ բերել, հակառակորդը մոտ է։ «Ասեք՝ ում դիմենք, ում բողոքենք, մի ուղղություն ցույց տվեք, ես գնամ, ասեմ։ Տպավորություն ա, որ ձեռքները ծալած նստել են։ Հիմա հասել են արդեն մեզ»,- ասում է՝ տիկինը, բայց թույլ տվեք այսքանով ավարտել պատմությունը Ակներից, որովհետեւ ծանր է, եւ որովհետև հրետանու պայթյունները երբեմն շեղում են ուշադրությունս։   Հայարփի Բաղդասարյան
15:20 - 14 սեպտեմբերի, 2022
Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Գորիս համայնքի Վերիշեն գյուղի ուղղությամբ հակառակորդն այսօր հրետանի չի կիրառել, կրակոցներ էլ չեն եղել մինչեւ այս պահը։ Հրետանու պայթյուններ գյուղում լսվում են, բայց դրանք հարեւան Ակներ գյուղից ուղղությամբ են, որտեղից ավելի ուշ կհաղորդենք իրավիճակը այդ պահի դրությամբ։ Հակառակորդը Վերիշենը հրետակոծել է լույս տասներեքի գիշերը։ Գյուղում մի քանի տներ են վնասվել։ Հենց պայթյունների ձայները լսվել են, Սամվել Դադունցն իր ընտանիքի հետ պատսպարվել է տան նկուղում, ու արկը ընկել է հենց նկուղի վրա․ Սամվել Դադունցը «Քշերը, որ սկսել ա, հելել ենք նկուղ՝ ապահով տեղ, սպասել ենք, տեսնենք՝ ոնց կլինի, ինչ կլինի, մեկ էլ մի դմբոց եկավ, մառախուղ, թոզ, իրար չէինք տեսնում, մի ձեւ փախանք ուրիշ կողմ»,- պատմում է Սամվել Դադունցը, նրա կինն էլ՝ Եփրասյա Զադայանը, շարունակում․ «Հարսս նկուղի դռան մոտից գոռաց՝ վայ, էս ինչ թափվեց մեր վրա, էդտեղից հեռացանք, արդեն որ մի քիչ հանգստացան, ասինք՝ գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Էնա մոտիկացանք, լույսը վառեցինք, տեսանք՝ քանդվել ա»։ Եփրասյա Զադայանի նկուղը, որտեղ ընկել է արկը Ընտանիքի անդամները վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել։ Վնասվել է տունը, կոտրվել են տան պատուհանները, քանդվել է նկուղի պատը, վնասվել են մեքենաները։ Դադունցը ցույց է տալիս մեքենայի ջարդված մասերը։ Մեր զրույցի պահին մյուս հարեւաններն են դուրս գալիս․ այդ պայթյունից վնասվել են նաեւ կողքի տները, հարեւանների մեքենաները։ Սաիդա ու Սպարտակ Դադունցներն են մոտենում, ցույց են տալիս իրենց մեքենան, որ շարքից դուրս է եկել։ Տիկինը մատնացույց է անում նաեւ ջրի երկաթ մեծ բաքը՝ ամեն թիթեղը՝ մոտ երեք մմ հաստությամբ, որի մի պատից արկի բեկորը ծակել, մյուս կողմից դուրս է եկել․ պատկերացրեք՝ այդ բեկորը հանդիպեր մեկի մարմնին։ Սաիդա եւ Սպարտակ Դադունցները ու նրանց վնասված մեքենան Դադունցների նկուղ ընկած արկի պայթյունի ալիքից շատ է տուժել դիմացի հարեւանի՝ Ռաֆիկ Բակունցի տունը։ Պատկերները նույնն են՝ կոտրված լուսամուտներ, գետնին թափված ապակիներ, ճաքած պատեր, կիսախարխուլ դուռ։ Բակունցը պատմում է, որ ժամը տասներկուսի կողմերը, երբ հակառակորդը սկսել է կրակել, երեխաներին շուտ տարել են ապահով վայր․ «Գիշերը քնից հանեցի, շուտ տարանք երեխեքին, ես ու հարսս էինք մնացել, մենք էլ գնացինք»։  Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս իր վնասված մեքենան Հետո ինքը շուտ բարձրացել է տուն, որ լույսը հանգցնի՝ վառ թողնել չէր կարելի, ու տաք շոր վերցնի, որովհետեւ շատ ցուրտ է եղել գիշերը, ու հենց այն պահին, երբ դռնից դուրս գալիս է եղել, արկն ընկել է Դադունցենց տան մոտ։ Բակունցն ասում է․ «Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ էդ պահին, զնգոցը մինչեւ հիմա ականջներիս մեջ ա, գլխիս մեջ էր զնգում, մի կերպ, մի կերպ հասցրի դուրս գամ, վազեմ ապահով տեղ»։ Հետո, երբ խաղաղվել է, եկել է տուն, տեսել՝ ամենը կոտրված, քանդված։ Ռաֆիկ Բակունցի տան պատուհանները Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս բեկորները Վերիշենում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Փոքրիկներ էլ են երեւում բակերում, թեեւ ոմանք անվտանգությունից ելնելով իրենց երեխաներին հանել են գյուղից։ Մեզ ճանապարհելիս Ռաֆիկ Բակունցն ասում է՝ այնպիսի զինվորներ ունենք, որ էլ չասած․ «Մալադեց մեր տղաներին, ամեն ինչ անում են»,- ասում է նա՝ շնորհակալ լինելով, որ եկել ենք, ու մաղթելով՝ «հաջորդ անգամ հարսանիք նկարելու գնաք»։   Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Դադունցը   Հայարփի Բաղդասարյան
12:49 - 14 սեպտեմբերի, 2022
Ըստ վկայի՝ Վահանյանն ասել է, թե իրենց ապահով տեղ է տանում, բայց մի քանի ժամից հարձակման են ենթարկվել

Ըստ վկայի՝ Վահանյանն ասել է, թե իրենց ապահով տեղ է տանում, բայց մի քանի ժամից հարձակման են ենթարկվել

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին պատերազմի օրերին 1-2 ամսվա ժամկետային զինծառայողներ Հարություն Ավագյանը, Արամայիս Սարիբեկյանը եւ Մարտուն Մելքումյանը։ Երեքի դատաքննական ցուցմունքներում էլ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հակասություններ տեսավ, ինչով պայմանավորված՝ միջնորդեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները։ Գեւորգ Ավետիսյանը նաեւ տեղեկացրեց, որ նախաքննության ժամանակ հնարավոր ամեն ինչ արվել է, բայց չի ստացվել ձեռք բերել բոլոր այն տուժողների տվյալները, որոնք կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ Խուռհատ սարից նահանջել են Հադրութի ուղղությամբ։ Ուստի հաշվի առնելով, որ լրատվության միջոցներով իր հորդորը կարող է հասանելի լինել այն անձանց, ովքեր տեղեկություն ունեն, որ իրենց երեխան զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել է Խուռհատ սարից դեպի Հադրութ նահանջելու ճանապարհին՝ նա խնդրեց դիմումների կամ անձնապես իր հետ կապի դուրս գալու միջոցով այդ տվյալները տրամադրել՝ հավելելով, որ պատրաստվում է դրանց հիման վրա ամբաստանյալի մեղադրանքի ծավալի փոփոխություն իրականացնելու միջնորդություն ներկայացնել։ Վկա Հարություն Ավագյանն էլ պատմեց, որ հոկտեմբերի 9-ի կամ 10-ի մոտակայքում 2 դասակ Իշխան Վահանյանի հրամանով գնացել է Հադրութի գերեզմանների հարակից հատված․ «Վահանյանը մեզ ասել է՝ տանում եմ ապահով տեղ՝ դիրքավորվելու, ասել է՝ ուղղակի պիտի դիրքավորվենք, որովհետեւ առաջին գծում լիքը մարդ կա մերոնցից, այսինքն՝ մենք ապահով ենք լինելու, հակառակորդից մարդ չենք տեսնելու, բայց մի քանի ժամ հետո՝ գիշերը, հարձակում եղավ»,– նշեց նա՝ հայտնելով, որ այդտեղ շատ վիրավորներ եւ զոհեր են ունեցել։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը։ Վահանյանը, հիշեցնենք, կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նախորդ դատական նիստին ցուցմունք տալով՝ մայոր Հայկազ Գրիգորյանը հայտնել էր, որ նահանջի ժամանակ իրավիճակն այնպիսին է եղել, որ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։ Տուժող կողմը դիրքորոշում էր հայտնել, որ այս հայտարարությունը հանցագործության տարրեր է պարունակում, ուստի դրա առթիվ պետք է առանձին քրեական վարույթ նախաձեռնվի, հակառակ դեպքում իրենք են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու։ Հիշեցնելով այս հանգամանքը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատարանից եւ հանրային մեղադրողից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք որեւէ գործողություն իրականացրել են։ Ի պատասխան Գրիգորյանի հարցին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն ասաց, որ հայտարարության պահին նիստերի դահլիճում է գտնվել հանրային մեղադրողը, որը նաեւ քրեական հետապնդման մարմին է, ուստի հանցագործության հատկանիշներ տեսնելու պարագայում պարտավոր է համապատասխան գործողություններ իրականացնել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ նշեց, որ հարկ չի համարել նման գործողություններ իրականացնել՝ ընդգծելով, որ թե այդ վկայի նախաքննական ցուցմունքը, թե գործի մնացած բոլոր նյութերը նախաքննության ավարտին տրամադրվել են կողմերին, եւ ներկայումս ինքը հակասություններ չի տեսել։ Արձագանքելով այս պատասխաններին՝ Գուրգեն Գրիգորյանը դժգոհություն հայտնեց՝ ասելով, որ իրենք գործի նյութերին ծանոթ են, բայց հանգամանքներ կան, որոնց վերաբերյալ քննություն առհասարակ չի իրականացվել․ պատճառը, ըստ նրա, այն է, որ այդ դեպքում մեղավորները ավելի բարձր պաշտոնյաներ են լինելու․ «Բերել եք մի դրվագ, ըստ որի՝ հրամանատարը թողեց, փախավ եւ վերջ, բայց թե ինչ է կատարվել դրանից առաջ, ոչ մեկին հետաքրքիր չէ»,– ասաց նա՝ պնդելով, որ տուժող կողմի նպատակն է ամբողջ իրողությունը բացահայտելը։ Հաջորդիվ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին պատերազմի օրերին 1-2 ամսվա ժամկետային զինծառայողներ Հարություն Ավագյանը, Արամայիս Սարիբեկյանը եւ Մարտուն Մելքումյանը, որոնց բազմաթիվ հարցեր հղեցին տուժող, մեղադրող կողմերը եւ դատարանը։ Պաշտպանական կողմը՝ ի դեմս ամբաստանյալ Իշխան Վահանյանի եւ հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանի, վկաներին հարցեր չուներ։ Վկա Հարություն Ավագյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց ասել է, որ ապահով տեղում են դիրքավորվելու, բայց մի քանի ժամից հարձակման են ենթարկվել Վկա Հարություն Ավագյանը հայտնեց, որ մինչ հոկտեմբերի 5-ը եղել է Ջաբրայիլում, որտեղ Իշխան Վահանյանին չի տեսել։ Հոկտեմբերի 5-ին, երբ նահանջել են դիրքերից, գնացել են Հադրութ․ վաշտի մի կեսը՝ դեպի թաքստոց, մյուս կեսը՝ Արա լեռ։ Դրանից հետո տեղափոխվել են Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց, որտեղ մնացել են 2-3 օր։ Մինչ Խուռհատ սարի դեպքերը Վահանյանը վիրավորված եղել է թե ոչ՝ նա չգիտեր, համենայն դեպս, նշեց, որ դպրոցում, որքանով ինքն է տեսել, քայլում էր նորմալ, առանց կաղալու։ Հոկտեմբերի 9-ի-10-ի մոտակայքում վաշտի 2 դասակ Իշխան Վահանյանի հրամանով գնացել է գերեզմանների հարակից հատված․ «Վահանյանը մեզ ասել է՝ տանում եմ ապահով տեղ՝ դիրքավորվելու, որովհետեւ մենք այդ ամենը տեսնալուց հետո չէինք ուզում․․․ Ասել է՝ ուղղակի պիտի դիրքավորվենք․ առաջին գծում լիքը մարդ կա մերոնցից, այսինքն՝ մենք ապահով ենք լինելու, հակառակորդից մարդ չենք տեսնելու, բայց մի քանի ժամ հետո՝ գիշերը, հարձակում եղավ»,– նշեց վկան՝ հայտնելով, որ այդտեղ շատ վիրավորներ եւ զոհեր են ունեցել։ Խուռհատ սարում արդեն Հարություն Ավագյանը վկային միայն սկզբում է նկատել, բայց դժվարացավ ասել՝ արդյո՞ք նա է մարտի ղեկավարումն իրականացրել, որովհետեւ ըստ նրա՝ ամեն ինչ այդ ժամանակ շատ խառն է եղել, իսկ հարձակումից 10-15 րոպե անց, երբ արդեն նահանջելիս են եղել, Վահանյանը ներկա չի եղել։ Ավագյանը չգիտեր նաեւ, թե կոնկրետ ում հրամանով են նահանջել։ Լուսանկարում՝ վկա Հարություն Ավագյանը Ի պատասխան մեղադրողի հարցին՝ նա նշեց, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներից էր կրակում, ականի պայթյուն այդ հատվածում ինքը չի տեսել։ Այս հանգամանքը էական է այն առումով, որ ըստ գործի նյութերի՝ Վահանյանը այդտեղ բեկորային վնասվածք է ստացել, այնինչ հրաձգային զինատեսակներից բեկորային վնասվածք ստանալ հնարավոր չէ․ «Հնարավոր կարող էր լինել նռնակից, բայց կոնկրետ արկ չի ընկել»,– ասաց նա։ Ինչ վերաբերում է իրենց զենքերին, վկան հայտնեց, որ իր մոտ ԱԿԱ տեսակի հրաձիգ է եղել, սակայն 2 ամիսը բավարար ժամանակ չէր զենքի հետ վարվելու կանոններին ամբողջությամբ տիրապետելու համար․ «Ամբողջ զորքը նահանջեց, եւ երբ իջանք ներքեւ, գումարտակը մի քանի մասի բաժանվեց․ Վազգեն Վարդանյանը, Հայկազ Գրիգորյանը եւ էլի հրամանատարներ ասացին, որ Ստեփանակերտ տանող սարի կողմ գնանք, անտառների միջով այդ կողմ գնացինք, այդտեղ էլ հարձակում եղավ, զոհեր ունեցանք, նահանջեցինք»։ Դրանից հետո, ըստ վկայի, զորքը ցրվել է, բայց իրենք՝ երեք զինծառայողներով, չեն կարողացել դուրս գալ այդտեղից, եւ սողալով հասել են մի տուն, գիշերել այնտեղ։ Մեղադրողի հարցին՝ դեպի Հադրութ գնացած խումբը տեղյա՞կ էր, որ հակառակորդը տեղակայված է այնտեղ, վկան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ ժամանակ դեռ Հադրութը ռմբակոծվում էր։ Հաջորդ օրը դուրս գալով այդ տանից՝ մոտ 10 կմ քայլել են Ջաբրայիլի ուղղությամբ, եւ ճանապարհին Պաշտպանության նախարարության մեքենա նկատելով՝ մոտեցել են հատուկ ջոկատայիններին եւ նրանց միջոցով փրկվել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հորդորով դիմեց հանրությանը Հարություն Ավագյանի հարցաքննության ընթացքում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորով դիմելով հանրությանը։ Նա հայտնեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը իրականացրել է քննչական մի շարք գործողություններ եւ հարցաքննությունների, ՕՀՄ–ների, ՊՆ–ին ուղղված գրությունների միջոցով փորձել է պարզել այն տուժողների անունները, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարից նահանջել են դեպի Հադրութ, բայց ըստ էության, ամբողջական ցանկը հստակեցնել հնարավոր չի եղել․ «Խոսքն այն անձնակազմի մասին է, որը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի ուղեկցությամբ (նա հետագայում զոհվել է,–հեղ․) գնացել է Հադրութ քաղաք։ Այդ զինծառայողների տվյալները պարզելու համար փորձել են կատարել բոլոր գործողությունները, սակայն, ըստ էության, հնարավոր չի եղել ամբողջ ցանկը հստակեցնել, ուստի մեղադրանքի ծավալի մեջ ներառված են այն անձանց տվյալները, որոնք նախաքննության ավարտի պահին հստակ են եղել»։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ավետիսյանը հայտնեց, որ պատրաստվում է մեղադրանքի ծավալի փոփոխության միջնորդությամբ հանդես գալ, ուստի հաշվի առնելով, որ լրատվության միջոցներով իր հորդորը կարող է հասանելի լինել այն անձանց, ովքեր տեղեկություն ունեն, որ իրենց երեխան զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել է Խուռհատ սարից դեպի Հադրութ նահանջելու ճանապարհին՝ խնդրեց դիմումների կամ անձնապես իր հետ կապի դուրս գալու միջոցով այդ տվյալները տրամադրել․ «Վերջում արդեն ես հանդես կգամ մեղադրանքի ծավալում տվյալ անձանց անունները ներառելու եւ համապատասխանաբար նրանց հարազատներից որեւէ մեկին իրավահաջորդ ճանաչելու միջնորդությամբ»,– ասաց նա։ Հիշեցնենք՝ գործի քննության սկզբում էլ պարզ էր դարձել, որ նախաքննական մարմինը բոլոր տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին այդ կարգավիճակը չի տվել, ինչը մեղադրողը պայմանավորել էր նախաքննության ժամկետների սղությամբ։ Արձագանքելով մեղադրողի հորդորին՝ Հարություն Ավագյանը մի քանի զինծառայողների անուններ տվեց․ արտաշատցի Արթուր Անդրեասյան, արծվաբերդցի Արմեն Երիցյան, Արտակ Ավագյան։ Քիչ անց մեղադրողը միջնորդեց դատական նիստը շարունակել ԶԼՄ–ների բացակայության պայմաններում Վկա Հարություն Ավագյանին հարցեր հղեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Այն պահին, երբ նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք վկայի զինգրքույկը պատերազմի ժամանակ իր մոտ է եղել, մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց հարցի դեմ․ «Երբ դատաքննության ընթացքում պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք է քննարկվում, իսկ իմ կարծիքով՝ մեր զորքի սպառազինության, զինգրքույկները հավաքելու, պահպանությունից պաշտպանության անցնելու տեղեկությունները կարող են հանդիսանալ այդպիսի գաղտնիք, միջնորդում եմ սահմանափակել լրատվության միջոցների աշխատանքը»,– ասաց նա։ Դահլիճում ներկա տուժողներն ընդվզեցին՝ ասելով, որ այն, ինչ տեղի ունենում դատարանի դահլիճում, պետք է հրապարակային լինի։ Գուրգեն Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ իր բարձրացրած հարցերը դասագրքային մակարդակով սովորեցվող նյութեր են եւ գաղտնիք չեն հանդիսանում։  Նշենք, որ զինգրքույկները հավաքելու վերաբերյալ հարցը փաստաբանը նախորդ նիստերին հարցաքննված վկաներին եւս հղել է, եւ մեղադրողը երբեւէ չի առարկել կամ ասել, թե այդ տեղեկությունը կարող է օրենքով պահպանվող գաղտնիք պարունակել։ Իսկ այդ հարցի կարեւորությունը պայմանավորված է նրանով, որ որոշ ծնողներ չեն կարողացել նույնականացնել իրենց երեխաների մարմինները նաեւ այն պատճառով, որ զինգրքույկները նրանց մոտ չեն եղել։ Ավելի վաղ հարցաքննված վկաներից Արգիշտի Աբրահամյանը, օրինակ, հայտնել է, որ դրանք հավաքվել էին պատերազմից 1-2 օր առաջ՝ կցվող զենքերի վերաբերյալ տեղեկությունները դրանցում ներառելու համար։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն ընդգծեց, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բախման մեջ են երկու կարեւոր արժեքներ․ մեկը օրենքով պահպանվող գաղտնիքն է, մյուսը՝ հանրային հետաքրքրությունը՝ պայմանավորված գործի մեծ հնչեղությամբ․ «Ես կարծում եմ, որ նպատակահարմար է պահել ԶԼՄ–ներին, քանի որ գործը մեծ հնչեղություն ունի, բայց միեւնույն ժամանակ չեմ կարող թույլ տալ, որ ցանկացած հարց այստեղ քննարկվի, ուստի առաջարկում եմ չուղղել հարցեր, որոնց պատասխանները օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում»,– ասաց նա՝ հավելելով, որ երբ կհարցաքննվեն բարձր ղեկավարության անդամները, այդ մասով նրանց հարցաքննությունը կարող են դռնփակ անել։ Արձագանքելով դատավորի այս խոսքին՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանն ասաց․ «Սովորական զինվորն ավելի լավ կպատասխանի այդ հարցին, քան հրամանատարը, որովհետեւ ինքն է անցել այդ թոհուբոհի միջով»։ Ի  վերջո, դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Վկան հայտնեց, որ իր զինգրքույկը եւս հավաքված է եղել, Խուռհատ սարում իր մոտ չի եղել։ Դատավորի հարցին, թե իրենց օպերացիան ինչու ձախողվեց, վկան պատասխանեց․ «Չգիտեմ, հարձակում եղավ, նորմալ դիրքավորում, հրաման չկար, բոլորը խուճապահար եղան»։ Մյուս հարցին՝ նահանջի մեկ միասնական որոշում եղե՞լ է, թե՞ ամեն մեկն իր գլխի տերն է եղել, Ավագյանը պատասխանեց․ «Ես չեմ լսել նման բան, իջնելիս տեսել եմ՝ ով է ինձ մոտիկ, նրա հետ թեքվել, անտառն եմ մտել»։ Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը Լսելով վկա Հարություն Ավագյանի պատասխանները՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հայտնեց, որ դատարանում եւ նախաքննության փուլում նրա հայտնած տեղեկություններում էական հակասություններ կան, ուստի անհրաժեշտ է հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Ընթերցելով դրանից որոշ հատվածներ՝ մեղադրողն ասաց․ «Դատաքննության ընթացքում ցուցմունք տվեցինք այն մասին, որ երբ իջել եք դիրքերից, չեք հանդիպել Վահանյանին, չեք հետաքրքրվել, թե ուր է նա, բայց նախաքննության ընթացքում երկու անգամ նշել եք, որ երբ Խուռհատ սարից իջաք, ընդհանուր խոսակցություններից իմացաք, որ Վահանյանը իբր վիրավորվել է ու նստելով մեքենա՝ հեռացել»։ Վկան արձագանքեց՝ ասելով, որ խոսակցություն եղել է, ինքը լսել է, բայց քանի որ անձամբ չի տեսել, չի կարող ասել՝ իրոք վիրավորվել է թե ոչ։ Մեղադրողը հայտնեց նաեւ, որ քննիչի մոտ վկան ասել է, որ Վահանյանի փախուստը նպաստեց իրենց մոտ տագնապի եւ խուճապի առաջացմանը, քանի որ իրենք չէին հասկանում՝ ինչ անել․ զորքը անտեր վիճակում էր, երբ նա թողեց եւ հեռացավ։ Լսելով սա՝ վկան վերահաստատեց, որ ամբաստանյալի գնալուց հետո գլխավոր հրամանատար չեն ունեցել, եւ իջնելիս խառնաշփոթ վիճակ է եղել։  Վկա Արամայիս Սարիբեկյանը չէր հիշում, որ Խուռհատ սարում իրենց մարտական կոնկրետ առաջադրանք տրված լինի Արամայիս Սարիբեկյանը պատմեց, որ սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի իրենց զորամասում տագնապ է եղել, սակայն կարճ ժամանակ անց ասել են, թե տագնապը կեղծ էր։ Հոկտեմբերի 27-ին արդեն իրենց զենք–զինամթերքի պահեստի վրա ԱԹՍ է ընկել, եւ տագնապ ստանալով՝ բարձրացել են դիրքեր։ «Չռիկներ» կոչվող հատվածում մնացել են 7-8 օր, որից հետո ընկել են շրջափակման մեջ եւ նահանջել դեպի Հադրութ։ «9 կմ» կոչվող տարածքում նրանց է մոտեցել իրենց զորամասի բարոյահոգեբանական գծով տեղակալը եւ անձամբ Հայկազ Գրիգորյանին ասել, որ հայկական կողմը օդանավակայան է պայթեցրել, նոր զորք է գալու, կարող են վերադառնալ իրենց դիքերը, սակայն իրենք հրաժարվել են դա անել, որովհետեւ գիտեին՝ այնտեղ ինչ էր կատարվում։ Ըստ վկայի՝ իրենց դուրս գալուց մեկ օր հետո հակառակորդն ամբողջությամբ վերցրել է Ջաբրայիլը։ Մի քանի օր անց Սարիբեկյանը առաջին վաշտի հետ հասել է Հադրութի դպրոց, հաջորդ առավոտ՝ բարձրացել Խուռհատ սար․ ըստ նրա՝ Վահանյանի հրամանով, բայց չէր հիշում, որ նա մարտական կոնկրետ առաջադրանք տված լինի։ Սարիբեկյանի կարծիքով՝ այդտեղ գտնվելը անիմաստ էր, որովհետեւ կոնկրետ խնդիր չունեին․ «Կեսօրի մոտակայքում կռիվը սկսվեց, ասացին՝ կրակեք ներքեւ, բայց չենք տեսել՝ ով կա, կրակում էինք ու պատասխան ստանում, իսկ հետո, երբ սկսեցին աջ կողմից էլ մեզ ճնշել, սարից սկսեցինք իջնել, վիրավորներին իջեցնել, մի պահ լիքը վիրավոր իջեցրեցինք, կամազը դրեցինք, բայց հետո լսել եմ, որ այդ կամազը, ճանապարհին շուռ գալով, տեղ չի հասել»,– ասաց վկան՝ հավելելով, որ դրանից հետո խուճապ է սկսվել, զորքը սկսել է խառը փախչել, քանի որ ոչ հրամանատար կար, ոչ կապի միջոց։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք իրենք չեն հետաքրքրվել, թե Վահանյանն ուր է այդ պահին, վկան պատասխանեց․ «Խուճապ սկսվեց, բոլորը վազում էին, այդ ժամանակ ավելի շատ մտածում ես՝ ոնց անես, որ գերի չընկնես, քան հետաքրքրվես, թե ուր է գումարտակիդ հրամանատարը»։ Ըստ վկայի՝ Հայկազ Գրիգորյանը ում կարողացել, իրար գլխի է հավաքել, բայց բոլորին չի կարողացել, քանի որ շատ խառը իրավիճակ էր, մեկը մյուսին չէր լսում։ Լուսանկարում՝ վկա Արամայիս Սարիբեկյանը Ի վերջո, իրենց խմբին ստացվել է սարից իջնել ու փրկվել․ «Իջնում ենք ներքեւ, ՊՆ համարներով մի ՈՒՐԱԼ է լինում, 6 հոգով նստում ենք, մի կմ կամ ավելի քիչ գնում ենք դրանով, կանգնում են, ասում են՝ սրանք են ձեր մեքենաները, ԼՂ–ի ՊԲ համարներով մեքենաներ էին, իջնում ենք ՈՒՐԱԼ–ից, որ նստենք, բայց դրանք շարժվում են, եւ 6 հոգով մնում ենք ճանապարհի վրա՝ չիմանալով՝ ուր գնալ, ինչ անել, սկսում ենք քայլել, ճանապարհին բջջային հեռախոսով զանգում եմ մեր վաշտի հրամանատարին, ուղղություն հարցնում»,– պատմեց վկան՝ հավելելով, որ այդպես գյուղերով–անտառներով քայլելով՝ դուրս են եկել Հադրութ քաղաք, հանդիպել Բալահովիտի զորամասի խաղաղապահ գումարտակին եւ միացել նրանց։ Սարիբեկյանը եւս նշեց, որ սարում հակառակորդը հիմնականում հրաձգային զինատեսակներից էր կրակում, դրանից բացի մեկ էլ նռնակներ է կիրառել։ Իսկ մինչեւ Հադրութ հասնելը վկան Վահանյանին չի տեսել, Հադրութում էլ նրա վիրավորվելու, մեքենան նստելու եւ հեռանալու մասին տեղեկություններ չուներ։ Հանրային մեղադրողը դարձյալ հրապարակեց նախաքննական ցուցմունքից մի հատված՝ նշելով, որ քննիչի մոտ վկան ասել է, որ սարից իջնելով՝ զորքի խոսակցություններից իմացել է, որ Վահանյանը իբր վիրավորվել է հետնամասից, մեքենա նստել ու հեռացել՝ զորքին թողնելով անտեր վիճակում։ Արձագանքելով դատախազի դիտարկմանը, թե դատարանում ինքն ասաց, որ չի հետաքրքրվել Վահանյանի բացակայությամբ՝ վկան ասաց․ «Հիմա էլ եմ ասում՝ իբր վիրավորվել է, բայց ես չեմ տեսել, հստակ չգիտեմ՝ վիրավորվել է թե չէ»։  Վկա Մարտուն Մելքումյանը հարցերի մեծ մասի պատասխանները չեն մտաբերում Հարցաքննված երրորդ վկան Մարտուն Մելքումյանն էր, որը նշեց, որ անձամբ ոչինչ չի նկատել, միայն լսել է, որ Վահանյանը զորքին թողել ու գնացել է։  Փորձելով մտաբերել Խուռհատ սարում տեղի ունեցածը՝ նա պատմեց, որ սարում հարձակման ժամանակ իրեն անծանոթ մեկից է լսել, որ պետք է նահանջեն․ «Այդ ժամանակ ոմանք գնում են աջ, ոմանք՝ ձախ, ես շարունակում եմ իմ ճանապարհը, հայտնվում Հայկազենց մոտ (նկատի ունի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին,–հեղ․), Հադրութից միասին դուրս ենք գալիս, ընթացքում մեր վրա էլի հարձակվում են, մերոնք էլ են մեր վրա կրակում, զոհեր ենք ունենում, բայց մի ձեւ դուրս ենք գալիս»,– ասաց նա։ Դատավարության մասնակիցները բազմաթիվ հարցեր հղեցին վկային, որը, սակայն, նշեց, որ չի կարող պատասխանել դրանց, քանի որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, չի հիշում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչը դատարանը բավարարեց։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ նախաքննության փուլում վկան հարցաքննվել է այս տարի՝ 2022 թ․ հունվարի 24-ին։ Լուսանկարում՝ վկա Մարտուն Մելքումյանը Ըստ այդ ցուցմունքի՝ վկան ասել է, որ Հադրութի դպրոցում տեսել է Վահանյանին եւ հոկտեմբերի 9-ին նրա հրամանով բարձրացել է Խուռհատ սար․ «Սարի վրա, որպես այդպիսին, խրամատներ չեն եղել, դիրքավորվել ենք ժայռերի հետեւում․ մենք գտնվել ենք սարի բարձունքում, Հայկազ Գրիգորյանը՝ «վիշկա»–յի մոտ, իսկ Վահանյանը՝ սարի ներքեում։ Գիշերը մնացել ենք սարի վրա, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10–ին, հակառակորդը հարձակում է գործել, կրակել՝ հրաձգային զենքերից, ունեցել ենք վիրավորներ եւ զոհեր, բայց թե ովքեր էին նրանք, չեմ կարող ասել, գրեթե իրար չէինք ճանաչում»,– ընթերցեց դատավորը։ Նրա խոսքով՝ վկան հայտնել է նաեւ, որ այդ ընթացքում հակառակորդի թիվը մեծ էր, եւ քանի որ իրենք ունեին վիրավորներ եւ զոհեր, սկսեցին իջնել՝ իրենց հետ իջեցնելով վիրավորներին․ «Երբ իջա սարից, մեքենաները արդեն չկային, որքան հասկացա, վիրավորներին տեղափոխել էին, եւ միայն ընդհանուր խոսակցությունից իմացա, որ Վահանյանը նստել է մեքենաներից մեկն ու հեռացել, ինչը զորքի մոտ խուճապ է առաջացրել, քանի որ զինվորները խոսում էին, որ նա թողել, փախել է»։ Քննիչի հարցին՝ իջնելիս Վահանյանը Հայկազ Գրիգորյանին կամ այլ մեկին որեւէ հրաման տվե՞լ է, վկան պատասխանել է, որ չգիտի․ «Բայց ես Հայկազի հետ եմ եղել եւ հիշում եմ, որ նա էլ չգիտեր՝ ինչ է կատարվում»։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ պնդում է այն եւ ավելացնելու ոչինչ չունի։ Ի պատասխան դատավարության մասնակիցների հարցերին՝ նա դարձյալ չկարողացավ հիշել՝ սարում եւ հաջորդող օրերին Վահանյանին հանդիպել է թե չէ կամ արդյոք նա էր սարի վրա ղեկավարում մարտը։ Այս հանգամանքը վրդովեցրեց տուժող կողմին, ինչին արձագանքելով՝ վկան ասաց, որ հարցաքննությունից երկար ժամանակ է անցել, իսկ ինքը օրեցօր ուզում է մոռանալ այդ դեպքերը։ Դատավորի հարցին՝ իրեն որեւէ մեկը ճնշել կամ սպառնացե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին։   Միլենա Խաչիկյան  
23:30 - 13 սեպտեմբերի, 2022
Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմը դիտելիս գուցե շատերս ենք մտածել այն երկրորդ անգամ դիտելու մասին, քանի որ դժվար է միանգամից հասկանալ ֆիլմի բոլոր գիտական դրվագները։  Թերևս քչերին է հայտնի, որ Interstellar-ն ունեցել է գիտական խորհրդատու․ խոսքը ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի մասին է, որն անգամ գիրք է գրել, որտեղ բացատրել է ֆիլմի հիմքում ընկած գիտությունը։  Պրոֆեսոր Թորնը թիմակիցների հետ 2017-ին Նոբելյան մրցանակ է ստացել գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության գործում վճռորոշ ներդրում ունենալու համար։ Լիա Հալլորանը և Քիփ Թորնը Այս օրերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում Քիփ Թորնը Հայաստանում է։ Վերջինիս հետ Հայաստան է եկել նաև նկարիչ, արվեստագիտության դոցենտ Լիա Հալլորանը, որի հետ Թորնը համագործակցում է արդեն 12 տարի։ Նրանք այսօր Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հրապարակում (Ֆիզգորոդոկ) բաց դասախոսություն ունեցան, որի ընթացքում պատմեցին սև խոռոչների և իրենց համատեղ նախաձեռնության մասին։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ողջունեց ներկաներին, որոնց թվում կային նաև դպրոցականներ, այնուհետև սկսվեց դասախոսությունը։ Անի Ապրահամյանը Պրոֆեսոր Քիփ Թորնը նշեց, որ ինքը մոտ կես դար կենտրոնացած է եղել տիեզերքի աղավաղված կողմի (the warped side of the universe) ուսումնասիրության վրա, մասնավորապես՝ այնպիսի առարկաների և երևույթների, ինչպիսիք են սև խոռոչները․ «70 տարեկանում սկսեցի աստիճանաբար անցում կատարել դեպի նոր կարիերա՝ համագործակցելով արվեստագետների հետ, որ գիտությամբ չզբաղվողներին պատմեմ տիեզերքի աղավաղված կողմի հրաշքների մասին: Այդ համագործակցությունները ներառում են Interstellar ֆիլմը, մի քանի բազմամիլիարդանոց համերգներ, նախորդ «Սթարմուս» փառատոնները»։ Պրոֆեսոր Հալլորանն էլ պատմեց, որ դեռ դպրոցական տարիքում մայրն իրեն նվիրել է Քիփ Թորնի գրքերից մեկը, որը փոխել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք նկարներում ներկայացնել տիեզերքի աղավաղված կողմը։ Տարիներ հետո նա ծանոթացել է Քիփ Թորնի հետ, և այդպես սկսվել է նրանց համագործակցությունը։  Երկու տարբեր ոլորտների պրոֆեսորները սկսել են միասին գիրք ստեղծել, որտեղ ամեն մեկն իր տեսանկյունից պատմել է տիեզերքի շատերիս անծանոթ կողմի մասին․ Քիփ Թորնը գրել է, Լիա Հալլորանը՝ նկարել։ Պրոֆեսոր Թորնը նաև որոշել է իր տեքստը չափածո դարձնել, և այդպես նրանց 12 տարվա համատեղ աշխատանքը՝ «Մեր տիեզերքի աղավաղված կողմը» (The Warped Side of Our Universe), դարձել է տիեզերքի մասին պոեզիայով ու նկարներով պատմող գիրք։ Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, իսկ մինչև այդ Հայաստանում դասախոսությանը ներկա գտնվող մարդիկ հնարավորություն ունեցան գրքից պատառիկներ վայելելու։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ, ինչպես նաև ցուցադրեցին պրոֆեսոր Հալլորանի նկարներից մի քանիսը։ Պրոֆեսոր Թորնը նշեց, որ ներկաներն իրենց գրքի առաջին մեծ լսարանն են։ «Հեռու-հեռո՜ւ մի համաստեղությունումԵրկու պտտվող սև խոռոչ պարում էին իրար շուրջ՝Պատռելով տարածության և ժամանակի գործվածքը։ Գրավիտացիոն ալիքներըԷներգիա էին քաշում խոռոչի ուղեծրից,Այդպիսով, խոռոչները պտտվեցին դեպի ներս՝Մթագնելով մեկը մյուսին, Դեպի վճռական բախում»,- հենց այսպես էր հնչում գիտությունը պոեզիայի լեզվով։ Դասախոսության ավարտին ներկաները նաև հարցեր տվեցին պրոֆեսորներին, լսեցին նրանց պատասխանները, դե իսկ վերջում բոլորով միասին դիտեցին Նոլանի հանճարեղ Interstellar-ը։ Աննա Սահակյան
23:19 - 09 սեպտեմբերի, 2022
4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ վեց ժամից ավելի՝ մինչ ուշ երեկո, ընթացավ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից առանցքային վկաներ։ Մասնավորապես, նույն գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, ցուցմունք տալով, պատմեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում թշնամու լայնածավալ հարձակման ժամանակ, երբ վիրավորներին օգնություն ցույց տալիս են եղել, Իշխան Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ վիրավորների մեքենա նստելով՝ հեռացել։ Արտաքինից, սակայն, վիրավորման մասին վկայող ոչինչ Գրիգորյանը չի տեսել։ Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Վահանյանը հայտարարեց, որ վկան ստում է․ հենց նա է իրեն գետնից բարձրացրել եւ օգնել մեքենա նստել։ Հայկազ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, եւ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանեց, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել․ ամեն մեկը մի կողմ էր վազում, թաքնվում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, եւ հորդորեց առանձին քրեական գործ հարուցել՝ խոստանալով հակառակ դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Մյուս վկան՝ Գարիկ Վարդերեսյանը, պատմեց, որ դրանից օրեր առաջ Իշխան Վահանյանը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել, մի քանիսին վերցրել է եւ նրանց հետ միասին՝ գնացել հոսպիտալ, թեեւ ինքը նաեւ դրա թույլտվությունը չէր տվել։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ինքը Վահանյանին նույն այդ հարձակման օրն է տեսել միայն․ վերջինս զանգել է իրենց, հանդիպել, իր մեքենայի բանալիները փոխանցել՝ խնդրելով հնարավորության դեպքում հանել այն Հադրութից։ Ըստ վկայի՝ Վահանյանը իրենց է փոխանցել նաեւ իր մոտ եղած ռադիոկապը, որի մեջ, ըստ Վահանյանի, լիցքավորում չի եղել։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ՝ մինչեւ ուշ երեկո, շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը, որն անցավ լարված մթնոլորտում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Դատարանը ներկայումս վկաների հարցաքննության փուլում է։ Գործով շուրջ 40 վկա կա, որոնցից ընդհանուր առմամբ հարցաքննվել է 10–ը։ Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդներին, նրանց թիվը, ըստ գործի նյութերի, 15-ն է, սակայն ենթադրվում է, որ դատարանը նոր տուժողներ եւ տուժողների իրավահաջորդներ է ներգրավելու, ինչը, ըստ Դատախազության մեկնաբանության, նախաքննության փուլում չի արվել ժամկետների սղությամբ պայմանավորված։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ Իշխան Վահանյանն ի վիճակի է եղել մարտի ղեկավարումը շարունակելու, սակայն «վախ-վախ» ասելով՝ վիրավորների մեքենայով հեռացել է Երեկ հարցաքննված առաջին վկան պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար, այն ժամանակ կապիտան, ներկայումս՝ մայոր Հայկազ Գրիգորյան էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի միայն ծառայողական հարաբերություններ, ընկերական կամ թշնամական՝ ոչինչ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը եղել է պատասխանատու գումարտակում, եւ երբ հակառակորդը հարձակվել է, հրաման է ստացել բարձրանալ պաշտպանության շրջանները եւ դիրքավորվել, ինչն էլ արվել է։ Կոնկրետ իր վաշտը եղել է «Չռիկներ» կոչվող հատվածում՝ բլրի վրա։ Վաշտում եղել են 1-2 ամսվա զինծառայողներ, որոնք, կորոնավիրուսով պայմանավորված, չեն հասցրել կրակային մարտավարության դասընթացներ անցնել, եղել են նույնիսկ այնպիսիք, որոնք երդում դեռ չեն տվել։ Այնուհանդերձ, բոլորը ստացել են իրենց հասանելիք զենքերը եւ դիրքավորվել անհրաժեշտ կետում։ Վկայի կարծիքով՝ այդ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Լուսանկարում՝ վկա Հայկազ Գրիգորյանը Գրիգորյանը պատմեց, որ առաջին օրվանից մարտը ղեկավարել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարը՝ Սամվել Սահակյանը, որը պատերազմի երրորդ-չորրորդ օրը զոհվել է, նրա զոհվելուց հետո՝ Գարիկ Վարդերեսյանը։ Այդ ընթացքում կապը վերադաս հրամանատարության հետ պահել են ռադիոկապի միջոցով, որի մարտկոցի հետ խնդիրներ են առաջացել․ մեկ-երկու անգամ բերել, փոխել են, սակայն հետագայում դրա հնարավորությունը չի եղել։ Մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չկարողացավ ասել։ Նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հադրութի դպրոցում բանակի հրամանատարը անձնակազմի փոփոխություններ է արել․ Իշխան Վահանյանին նշանակել է գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ գումարտակի շտաբի պետ․ «Բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, ես իմ պաշտոնին եմ մնացել, իմ ստորաբաժանման հետ»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ում հրամանով վկան չի ստանձնել իր նոր պաշտոնը, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրամանը անգամ չեն ասել, որ նշանակվել եք, ոչ մեկը ոչ մի բան չի ասել»։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր, վկան պատասխանեց․ «Բավարար էր, բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, անձնակազմի հետ եմ մնացել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ անձնակազմի հետ մնալը անորոշ պատասխան է, այնինչ մեղադրողը  հարցնում է, թե այդ հրամանից հետո վկան կոնկրետ որ պաշտոնում է պաշտոնավարել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»,- արձագանքեց Գրիգորյանը։ Հոկտեմբերի 8-ի մոտակայքում արդեն Գրիգորյանը Վահանյանի հրամանով երկու դասակի հետ գնացել է հայկական գերեզմանների հարակից տարածք, որտեղ գիշերը շրջափակման մեջ են ընկել, ունեցել՝ զոհեր եւ վիրավորներ, ապա դուրս գալով՝ բջջայինով զանգահարել է Վահանյանին, ներկայացրել իրավիճակը եւ հարցրել, թե ինչ անի։ Վահանյանը մեքենա է ուղարկել նրանց հետեւից՝ ասելով, որ կբարձրանան Խուռհատ սար։ Նույն գիշեր այլ անձնակազմի հետ այդտեղ բարձրացել է նաեւ հենց Վահանյանը։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ այդ գիշեր հանգիստ է եղել, խոսակցություններ կային, թե առավոտյան հրադադար է սպասվում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, եւ հակառակորդը լայնածավալ հարձակում գործեց․ «Հրետակոծում էին հենց սարը ե՛ւ հետեւից, ե՛ւ դիմացից, լիքը տեխնիկա է խոցվել, շատ վիրավորներ ենք ունեցել, որոնք տարհանվել են, եւ այլեւս հնարավոր չի եղել այդտեղ մնալ»։ Վկան պատմեց, որ վիրավորներին օգնություն են ցույց տվել, նստեցրել մեքենա, եւ այդ խառը պահին ինքը լսել է, որ Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ նրանց հետ մեքենա նստելով՝ հեռացել է։ Հանրային մեղադրողի հարցին՝ ինքը տեսե՞լ է Վահանյանի վիրավորվելը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ երբ մարդ վիրավորվում է, արյուն է գալիս կամ ինքնազգացողությունն է վատանում, բայց նման բան տվյալ դեպքում չի եղել։ Միայն տեսել է, որ Վահանյանը զանգել է գնդի հրամանատարին, հայտնել իր վիրավոր լինելու մասին, բայց թե ինչ պատասխան է ստացել, տեղյակ չէ։ Ըստ սահմանված կարգի՝ գումարտակի հրամանատարի հեռանալու դեպքում վերջինիս գործառույթները պետք է փոխանցվեին Հայկազ Գրիգորյանին, ինչը եւս, ըստ նրա, չի արվել․ «Ինքը նստել ու գնացել է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց վկան՝ կարծիք հայտնելով, որ Վահանյանն ի վիճակի է եղել մնալու եւ մարտի ղեկավարումը շարունակելու։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը հայտարարեց, թե որոշ դեպքերում վկան ստում է Արձագանքելով Գրիգորյանի այս հայտարարություններին՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանն ասաց, որ վիրավորվելիս Գրիգորյանը իր կողքին է եղել եւ սկսեց երկխոսել նրա հետ․ «Ինձ ընկած հիշո՞ւմ ես»,- հարցրեց նա վկային։ «Չէ, լսել եմ, որ ասել ես՝ վիրավոր եմ, ես զինվորներին էի օգնում»։ «Ինձ ո՞վ է օգնել՝ կամազ նստեմ»,- հարցրեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չգիտի։ Ամբաստանյալը նշեց, որ հենց Հայկազ Գրիգորյանն էլ եղել է օգնողը, իրեն գետնից բարձրացնողը․ «Գնդի հրամանատարի ասածը փոխանցե՞լ եմ քեզ»,- հարցրեց նա Գրիգորյանին․ «Չէ, ես հետո եմ իմացել, որ գնդի հրամանատարն ասել է, որ դու այն վիճակում չես, որ վիրավորների հետ իջնես»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Ռացիան տվե՞լ եմ քեզ»,- դարձյալ հարց հղեց Իշխան Վահանյանը, ինչին Գրիգորյանը բացասական պատասխան տվեց։ Ավելի ուշ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ նրա խոսքերում որոշ բաներ իրականությանը չեն համապատասխանում․ «Բաներ կան, որ սուտ է ասում, զորամասի հրամանատարն էլ է գալու, կգա, պարզ կդառնա, որ տենց բաներ չկան։ Ռադիոկապի մեջ զարյադկա չի եղել, ինքն էլ նշեց, որ մեզ ոչ էլ հասցրել են, ես գնդի հրամանատարի հետ խոսել եմ, ասել եմ, որ ի վիճակի չեմ, ասել է՝ հանձնի Գրիգորյան Հայկազին, հանձնել եմ իրեն, ինքն անձամբ է ինձ նստեցրել մեքենան, ես դա չէի հիշում, բայց առերեսման ժամանակ զինվորներ են եղել, իրենք են ասել»։ Ըստ Վահանյանի՝ Հայկազ Գրիգորյանը ստում է նաեւ, երբ ասում է, թե չի ստանձնել նոր պաշտոնը։ Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ իրավիճակն այնպիսին է եղել, որ իրենք 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը Շարունակելով իր ցուցմունքը՝ մայոր Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի գնալուց հետո, երբ ամեն ինչ արդեն անվերահսկելի է եղել, եւ ըստ էության, գտնվել են շրջափակման մեջ, 4 սպաներով նահանջի որոշում են կայացրել․ եղել են ինքը, Վազգեն Վարդանյանը (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․), հականետային դասակի հրամանատարը եւ վաշտի ավագը։ Թեեւ վերջինս հադրութեցի էր եւ տեղանքին ծանոթ էր, այնուհանդերձ, չեն իմացել՝ որ ճանապարհով գնալ, քանի որ ուշ են տեղեկացել, որ Հադրութ քաղաքը արդեն գրավված է, եւ ոչ մի ուղղություն այլեւս անվտանգ չէ․ «Մենք, անորոշ իրավիճակում սարի գլխին նստած, մտածում էինք՝ ինչ անենք, որ կողմ գնանք․ որ ուղղությամբ գնում էինք, հակառակորդը կրակում էր, միայն Գոշով որ բարձրացել ենք դեպի Հադրութ, այդտեղ չի կրակել, դուրս ենք եկել անտառի մեջ, արդեն ցրիվ ենք եղել, ամեն մեկը մի ուղղությամբ վազի, թաքնվի, անկանոն մի բան, չեմ կարող բացատրել»։  Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինքը, որպես սպա, ինչ գործողություններ է արել, որ անձնակազմը չբաժանվի, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր բոլորի ղեկավարումն իրականացնել, անձնակազմը բացազատված էր․ «Որ շրջափակման մեջ ենք ընկել, անտառ ենք բարձրացել, ում զանգահարել ենք, ոչ ոք չի պատասխանել, չի խոսել, կապը ինչքան տալիս էինք, ոչ ոք չէր պատասխանում, կապի եմ դուրս եկել միայն մեր դիվիզիայի նախկին հրամանատարի տեղակալ, գնդապետ Մելքումյանի հետ, նա է մի երկու բառ բացատրել, ասել՝ սարի դոշով գնացեք էս կողմ, էն կողմ, հետո կապը ընդհատվել է»։ Արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը 3 խմբի է բաժանվել․ մոտ 60-65 հոգին է միայն իր հետ նույն ուղղությամբ գնացել։ Ի պատասխան դատավորի հարցին, թե որն է պատճառը, որ մյուսները զոհվել կամ գերեվարվել են, վկան պատասխանեց՝ սխալ ճանապարհով գնալը։ Նրա այս պատասխանները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, բղավեց․ «Եթե մենք ասում ենք, թե որ ուղղությամբ գնաք, ինչո՞ւ եք ընտրել Հադրութի ճանապարհը՝ իմանալով, որ այնտեղ թուրքեր են»։ Նշենք, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողների թվում է եղել Արսեն Ղուկասյանի եղբորորդին, որը, ըստ Ղուկասյանի ցուցմունքի եւ առկա ձայնագրության, զանգահարել է իրեն, ասել, որ շրջափակման մեջ են, եւ Ղուկասյանը, կապվելով ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ, փորձել է ուղղություն ցույց տալ։ Դատավորը վերաձեւակերպեց նրա հարցը․ «Ձեզ ինչ–որ մեկը ճիշտ ճանապարհը հուշե՞լ է»,– հարցրեց նա։ «Վազգենի հետ էլ են խոսել, ուղղություն տվել, բայց չգիտեմ՝ ով, ինչ է ասել, ինձ գնդապետ Մելքումյանն է ուղղություն ասել»,– պատասխանեց վկան։ Հարցին, թե ի վերջո, 4 հրամանատարով ինչու են թույլ տվել, որ զորքը ցաքուցրիվ լինի, Հայկազ Գրիգորյանը պատասխանեց․ «Չենք կարողացել հավաքել»։ Դատավորի հարցին՝ եթե ռադիոկապն առկա լիներ, եւ նա հստակ իմանար, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, կթողնե՞ր, որ զորքի մյուս մասը այլ ճանապարհով գնար, վկան պատասխանեց․ «Եթե նկատեի, որ ուրիշ ճանապարհով են գնում, թույլ չէի տա»։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ վկայի հայտնած տեղեկությունները, մասնավորապես, սպաների գործողությունների, շրջափակման մեջ ընկած զորքի դուրսբերման վերաբերյալ, ակնհայտորեն հանցագործության տարրեր են պարունակում եւ կոչ արեց քրեական գործ հարուցել, հակառակ դեպքում մինչ հաջորդ դատական նիստը ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազությանը։ Ըստ Գարիկ Վարդերեսյանի՝ ամբաստանյալը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանն էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վարդերեսյանի հայտնած տեղեկությունները վերաբերում էին սեպտեմբերի վերջին Ջաբրայիլում տեղի ունեցած այն դրվագին, երբ Վահանյանը վիրավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Վահանյանի խոսքով՝ ինքը երկու անգամ է վիրավորում ստացել, այնինչ տուժող կողմը այն համոզմանն է, որ նա միայն մինչ Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերն է վիրավորվել, իսկ սարում պարզապես քչփորել է իր վերքը՝ մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծելով։ Վկա Գարիկ Վարդերեսյանը պատմեց, որ ինքը՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ Վահանյանը՝ որպես գումարտակի շտաբի պետ, պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանցից մեկի ժամանակ, երբ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, հրետակոծություն է սկսվել հենց դիտակետի վրա։ Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ Վահանյանն ի՞ր կամքով է մնացել դիտակետում, շարունակել ծառայությունը թե՞ վկայի հորդորով, ինչին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց․ «Իմ կամքով․․․ Ես չեմ թույլատրել, որովհետեւ գումարտակի հրամանատարը զոհվել էր, եթե նա էլ բացակայեր, գումարտակը ի վիճակի չէր լինի այլ խնդիր կատարելու, միայնակ հնարավոր չէր 400-500 հոգու ղեկավարում իրականացնել»։ Ճշտող հարցին՝ Վահանյանի վերքը, իր տպավորությամբ, ի՞նչ աստիճանի ծանր էր, Վարդերեսյանը պատասխանեց․ «Ունեցել ենք գումարտակի հրամանատար, որ, մի ոտքը կտրված, մասնակցել է մարտական գործողությունների, բայց ինձ չի թվում, որ սա այն լուրջ վիրավորումն էր, որ նա կարող էր բացակայել»։ Լուսանկարում՝ վկա Գարիկ Վարդերեսյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը Հաջորդիվ հրետակոծություն է եղել Նյուզգար կոչվող տեղամասում, որտեղ բազում զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, ինչի մասին տեղեկանալով՝ Վարդերեսյանը կապ է տվել, որպեսզի մեքենա գա՝ նրանց դուրս բերելու․ «Մեքենան գալիս է, Վահանյանը նստում է, հետո ինձ տեղեկացնում են, որ նա վիրավորների հետ իջել է ներքեւ՝ իր վիրակապը հանելու, դրանից հետո՝ 2-3 օր անց, նորից գալիս, միանում է գումարտակին»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ վկայի տված առաջադրանքը՝ Նյուզգարից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ, Վահանյանն ի վերջո կատարե՞լ է, Վարդերեսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով ասվել է, որ վիրավորները դուրս են բերվել, բայց հետո հարցուփորձ անելով պարզվել է, որ գնացել, մի քանի հոգու վերցրել է եւ շատերին մարտի դաշտում թողնելով՝ հեռացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն՝ Վահանյանը Նյուզգար չի՞ հասել, ինչին Գարիկ Վարդերեսյանը բացասական պատասխան տվեց․ «Ես եմ իրեն ուղարկել՝ վիրավոր բերելու, բայց մի քանի հոգու վերցրել, հետ է եկել, Նյուզգար չի հասել»,– ասաց նա՝ հավելելով, որ ինքն է հաջորդ օրը 15-20 վիրավորի դուրսբերումը կազմակերպել։ Այս պատասխանը խիստ վրդովեցրեց Ղուկասյանին, քանի որ նրա եղբայրը եւս այնտեղ է եղել․ «Եղբայրս Նյուզգարում կենդանության օրոք է գլխատվել, կարող եմ դատաբժշկական եզրակացությունը բերել»,– խոսքն ամբաստանյալին ուղղելով՝ բղավեց նա։ Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդուց առ այսօր որեւէ լուր չկա։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք Վարդերեսյանը Վահանյանին թույլատրել էր հոսպիտալ գնալ, ինչին վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ մասին վերադաս հրամանատարությանը ինքը զեկուցել է․ «Զեկուցվել է, որ նա նախքան դա վիրավոր է եղել, որ իջել է վիրավորների հետ, եւ դիվիզիայի հրամանատարի հրամանով, չգիտեմ որտեղից, ոնց, իրեն  ճարել, երեք օր անց նորից հետ են ուղարկել»։  Դրանից հետո Վարդերեսյանը ամբաստանյալին հանդիպել է «9-րդ կմ» կոչվող հատվածում, որտեղ որոշակի պաշտպանություն են իրականացրել, ապա՝ միասին իջել Հադրութ։ Դա եղել է հոկտեմբերի 7-ի մոտակայքում։ Այնտեղ արդեն անձնակազմի փոփոխություն է տեղի ունեցել․ որոշում է կայացվել Վարդերեսյանին այլ վայր տեղափոխելու եւ դիվիզիայի հետախուզության սպա, իսկ Վահանյանին՝ նրա պաշտոնին՝ գումարտակի հրամանատար նշանակելու մասին։ Իշխան Վահանյանը հարցրեց վկային, թե ինչ պատճառով նրան տեղափոխեցին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առուստամյանի հետ խնդիր ունենալու պատճառով»։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ խնդիրը կապված է եղել ռազմական գործողությունների՞ հետ թե՞ եղել է անձնական․ «Դիվիզիայի հրամանատարի պատասխանը եղել է այն, որ ես ի վիճակի չեմ խնդիր կատարել»,– պատասխանեց Վարդերեսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ Վահանյանի նախորդ վարքագիծը հաշվի առնելով՝ ինքն ի՞նչ կարծիքի է եղել նրա նշանակման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Վարդերեսյանն ասաց․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– պատմեց վկան՝ հավելելով, որ Վահանյանը, ամեն դեպքում, փորձառու սպա է․ զինվորականի 20 տարվա փորձ ունի, բայց նրա գործողությունները ինքը չի կարող գնահատել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը անկայուն էր, եւ ինքը թե՛ բանակի, թե՛ դիվիզիայի հրամանատարին զեկուցել է, որ բանակը մարտունակ չէ, որովհետեւ զորահավաքից հետո եղել է խիստ կարանտին, եւ զինվորները շատ բաների չեն տիրապետել։ Ինչ վերաբերում է կապի միջոցին, ըստ Վարդերեսյանի, ինքը այն փոխանցել է կապի դասակի հրամանատարին՝ ասելով, որ լիցքավորման միացնեն։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե առհասարակ ինչպես է այն լիցքավորվում, ինչը պարզաբանելով՝ վկան ասաց, որ լիցքավորվում է հոսանքով, լիցքավորիչ կա, բայց անկախ դրանից, իրենց մոտ շատ մարտկոցներ են ունենում, կապի դասակի հրամանատարի մոտ 10 հատ եղել է, դա դժվար գտնվող բան չէ։ Այնուհանդերձ, Վարդերեսյանը դժվարացավ պատասխանել՝ հնարավո՞ր էր արդյոք, որ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարի գործողությունների ժամանակ, Վահանյանն իր մոտ մարտկոց չունենար։ Տեղափոխվելուց 3-4 օր անց ինքը, տեղեկանալով, թե գումարտակն ինչ վիճակում է, վերադարձել է․ «Ես իմանում եմ, որ Վահանյանը Սիսիանի հոսպիտալում է, ասում եմ՝ արի, գումարտակիդ տիրություն արա, ես չեմ կարող ամեն րոպե էստեղ լինել, նա էլ ասում է՝ վիրավոր եմ, տեսնեմ՝ ինչ վիճակ է, կգամ»։ Ըստ Վարդերեսյանի՝ այդ ժամանակ գումարտակից 25 զինծառայող էր մնացել արդեն։ Դրանից հետո 5-րդ գումարտակը որեւէ խնդիր այլեւս չի կատարել։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հարց հղեց վկային՝ նախ արձանագրելով, որ նրա պատմած դրվագը վերաբերում էր մինչ հոկտեմբերի 10-ը եղած դեպքերին, ապա հետաքրքրվելով՝ արդյո՞ք նա որեւէ տեղեկություն ունի Վահանյանի՝ ամսի 10-ին վիրավորում ստանալու մասին։ Վկան բացասական պատասխան տվեց։ «Բացառո՞ւմ եք, որ ամսի 10-ին էլ կարող էր վիրավորում ստանալ»,– հարցրեց պաշտպանը։ «Նույն տեղում նույն ձեւո՞վ»,– ասաց վկան՝ դժվարանալով հստակ պատասխանել այդ հարցին։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց է տվել իր մեքենայի բանալիները՝ խնդրելով այն հանել Հադրութից Հաջորդ վկան 3-րդ գումարտակի սպառազինության գծով տեղակալ Հարություն Մարտիրոսյանն էր, որը Իշխան Վահանյանի հետ նույն կուրսում է սովորել, իսկ 2018 թվականից սկսած՝ նույն տեղում ծառայել, նրա հետ ունի ծառայողական, նորմալ հարաբերություններ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Մարտիրոսյանը պատմեց, որ ողջ պատերազմի ընթացքում ինքը Վահանյանին մեկ անգամ՝ հոկտեմբերի 10-ին է հանդիպել։ Դա այն նույն օրն է, երբ հայկական զորքը, Խուռհատ սարում շրջափակման մեջ ընկնելով, ստիպված է եղել նահանջել․ «Ես ու իրենց (նկատի ունի՝ 5-րդ գումարտակը,–հեղ․) սպառազինության գծով տեղակալը՝ Արտուշ Արզումանյանը, գնում էինք Արտուշի մեքենայով՝ իմ ՈՒՐԱԼ–ի համար ռադիատորի մաս բերելու, էդ ժամանակ Վահանյանը զանգում է Արտուշին, ասում է, որ վիրավոր է, Տողի վերեւը՝ սարի վրա, մի գյուղ կար, էդտեղ էր, Արտուշը ասաց՝ Իշխանը կանչում է, 700 մետր էր, գնացինք, տեսանք իրեն, միայնակ քայլում էր»։ Ըստ վկայի՝ Վահանյանն իրենց տվել է իր մեքենայի բանալիները՝ դրա գտնվելու վայրն ասելով ու խնդրելով, որ հնարավորության դեպքում Հադրութից հանեն, քանի որ ինքը վիրավոր է։ Դա վկայող, ոչինչ, սակայն, Մարտիրոսյանը չի նկատել։ Դրանից բացի, նրա հիշելով, Վահանյանն Արզումանյանին է տվել նաեւ իր ռադիոկապը, բայց թե ինչպես է դա մեկնաբանել, վկան չգիտեր։ Մեղադրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք աշխատում էր այն, վկան չմտաբերեց, միայն նշեց, որ ինքը հետագայում գնացել է Հադրութ, բայց մեքենան հանելու հնարավորություն չի եղել։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարում տեղի ունեցածին, Հարություն Մարտիրոսյանին շատ մանրամասներ հայտնի չէին, միայն գիտեր, որ նահանջի ժամանակ ցաքուցրիվ վիճակ է եղել։  Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ սեպտեմբերի 27-ից առաջ ուսումնական տագնապ կամ պատերազմը սկսելու մասին որեւէ տեղեկություն ունեցե՞լ են, վկան պատասխանեց, որ 3-րդ եւ 4-րդ գումարտակը 14 օրով առաջնագծում է եղել, սեպտեմբերի 25-ին իջել է, եւ հաջորդ օրը գումարտակների հրետանին, հակառանկային ստորաբաժանումներն են բարձրացել դիրքեր, քանի որ կասկած կար, որ հակառակորդը կուտակումներ է անում, եւ այդ կասկածը, ըստ նրա, կար վաղուց՝ մոտ մեկ–մեկուկես ամիս առաջվանից։ Փաստաբանի հարցին՝ այդ մասին բարձր ղեկավարությունը կարո՞ղ էր տեղեկացված չլիներ, վկան պատասխանեց, որ նման որոշումները, որպես կանոն, ինքնուրույն չեն կայացվում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին։   Միլենա Խաչիկյան
23:30 - 06 սեպտեմբերի, 2022
Դատարանները կարճել են Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 27 տարվա վաղեմության գործը, ապա՝ բեկանել կարճման որոշումը

Դատարանները կարճել են Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 27 տարվա վաղեմության գործը, ապա՝ բեկանել կարճման որոշումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ դատական ատյաններում նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Հրանտ Գրիգորյանը, հիշեցնենք, 1994 թ․ դեկտեմբեր ամսին մեղավոր էր ճանաչվել 1961 թ․ Քրեական օրենսգրքի 259․1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի մեջ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով գործարար Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար։ Աշտարակի նախկին ժողդատարանի դատավճռով նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը չէր բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դեպքից 24 տարի անց՝ 2018 թվականի հուլիս ամսին, սպանված Մհերի Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ նշելով, որ Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ է սպանել իր հորը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են։  Հաղորդման հիման վրա հարուցվել էր նոր քրեական գործ 2003 թ․ ՔՕ 314-րդ հոդվածի՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու հատկանիշներով, որի շրջանակում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Զինվորական դատախազությունը վերանայման վարույթ էր հարուցել եւ նոր երեւան եկած հանգամանքներով վերաքննիչ բողոք ներկայացրել։ Դրանով Դատախազությունը պահանջել էր բեկանել 1994 թ․ դատավճիռը եւ գործը վերստին քննել։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, 2020 թ․ մարտ ամսին բավարարել էր բողոքը՝ բեկանելով 26 տարվա վաղեմության դատավճիռն ու գործն ուղարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք նախկինում մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, եւ  որոնք վկայում են Գրիգորյանի կողմից ավելի ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, քան այն, որի համար նա դատապարտվել է: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ 1994 թ․ դատավճռի ուսումնասիրությամբ պարզ չէ, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ինչ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել Մհեր Պողոսյանի մարմնի վրա, որոնք են եղել մահվան պատճառները, քանի կրակոցից է մահացել նա, ինչ տրամաչափի զենքից է կրակվել եւ այլն։ Պարզ չէ նաեւ՝ հարցաքննվել են արդյոք տվյալ ռեստորանային համալիրի աշխատակիցները, իրավական գնահատական տրվել է գործով անցնող մյուս անձանց արարքներին, թե ոչ․ «Դատավճռից պարզ չէ նաեւ՝ նշանակվե՞լ է արդյոք դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություն թե՞ ոչ: Եթե նշանակվել է, ապա դրանց եզրակացությունները չեն արձանագրվել դատավճռում, դատարանը դրան որեւէ անդրադարձ չի կատարել»,- նշել էր դատարանը։ Վերջինս նաեւ արձանագրել էր, որ վկաները նախկինում հայտնած տեղեկություններից տարբերվող, նոր ցուցմունքներ են տվել։ Դրանից բացի, որպես նոր ի հայտ եկած հանգամանք էր դիտվել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի անվամբ գրությունը, ըստ որի՝ Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, եւ ՀՀ նախագահի կողմից հետմահու արիության մեդալով է պարգեւատրվել, մինչդեռ Պողոսյանի անվամբ բացված զինծառայողի անձնական գործի համաձայն՝ նա երբեւէ զինծառայող չի հանդիսացել։ Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունել։ Արդյունքում, գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին։  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է վերաբացված քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, քննելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նախորդ տարի՝ 2021 թ․ հուլիսի 23-ին, որոշում է կայացրել քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Մասնավորապես, դատարանն իր որոշման հիմքում երկու հանգամանք է դրել։ Առաջինը գործի նյութերի բացակայությունն է։ Դատարանը նշել է, որ գործը սահմանված կարգի համաձայն ՀՀ ազգային արխիվի կողմից արխիվացվել եւ ոչնչացվել է, իսկ մշակման արդյունքում պահպանվել են միայն դատավճռի, մեղադրական եզրակացության, քրեական գործի նախաքննության, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին եւ առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշումների բնօրինակները․ «Այսինքն՝ քրեական գործի նյութերը բացակայում են, եւ առանց քրեական գործի առկայության առարկայազուրկ է քրեադատավարական վարույթի իրականացումը ակնհայտ պարզ պատճառով․ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այնպիսի իրավահարաբերություններ կարգավորող իրավական նորմեր, ինչպես 1994 թվականի, այնպես էլ 2020թ. դրությամբ չի սահմանել եւ չէր էլ կարող նախատեսվել, քանի որ քրեական գործի բացակայությունը վերոնշյալ քրեադատավարական նորմերի ուժով ինքնին բացառում է վարույթի իրականացումը»,-նշել է դատարանը։ Մեջբերելով 1961 թ․ Քրեական օրենսգրքի դրույթները՝ դատարանն արձանագրել է նաեւ, որ Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված արարքից հետո անցել է 25 եւ ավելի տարի, որի պայմաններում եւ եղած նյութերով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները։ Նկատի ունենալով, որ 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքով անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետների անցնելու հիմքով, եւ նկատի ունենալով, որ չնայած Հրանտ Գրիգորյանը կրել է մեղադրական դատական ակտով իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է այդ դատավճիռը՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պետք է ղեկավարվել գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով, ըստ որի՝  ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, ուստի, ըստ դատարանի, մնում է միայն կիրառել վաղեմության ժամկետների անցնելու հիմքը եւ այդ հիմքով կարճել քրեական գործի վարույթը։ Վերաքննիչ դատարանը բեկանել է քրեական գործը կարճելու որոշումը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշման դեմ դարձյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տուժող եւ մեղադրող կողմերը բողոքով պահանջել են բեկանել քրեական գործի կարճման որոշումը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս անգամ բողոքը քննվել է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով՝ հաշվի առնելով այն, որ բողոքարկվող որոշումը գործն ըստ էության լուծող, այսինքն՝ գործի ելքի վրա ամբողջությամբ ազդող դատական ակտ է։ Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, կազմով Ռուզաննա Բարսեղյանի եւ Նարինե Հովակիմյանի, այս տարվա փետրվար ամսին որոշել է բավարարել այն՝ քրեական գործը դարձյալ ուղարկելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ Եվրոպական կոնվենցիայով, ո՛չ Եվրոպական դատարանի որոշումներով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի համար վաղեմության ժամկետն անցած լինելու կամ այլ հիմքով վերապահումներ չեն սահմանվել կամ նման վերապահումների հնարավորության մասին չեն խոսվում, ուստի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթը պետք է իրականացվեր՝ նոր երեւան եկած հանգամանքի՝ որպես դատավարական ինստիտուտի կոնվենցիոն ու քրեադատավարական կարգավորումներն ու նպատակները հաշվի առնելով: Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել, որ դատավճիռը բեկանելու 2020 թ․ որոշմամբ արդեն իսկ արձանագրվել է, որ ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք Աշտարակի ժողդատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, եւ որոնք առերևույթ վկայում են Գրիգորյանի կողմից ավելի ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, քան այն, որի համար նա դատապարտվել է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426․3-րդ հոդվածը սահմանում է, որ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե, ի թիվս այլնի, ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է․ «Ավելին, այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, եթե միայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426․3-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա»,- նշել է դատարանը՝ եզրահանգելով, որ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով գործի քննություն չիրականացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հիմք է որոշման բեկանման համար։ Վերաքննիչ դատարանի այս որոշումն էլ օրեր առաջ բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Բողոքը վարույթ ընդունել–չընդունելու վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա։   Լուսանկարում՝ ձախից՝ Հրանտ Գրիգորյանը, Մհեր Պողոսյանը Միլենա Խաչիկյան
15:22 - 31 օգոստոսի, 2022
«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով 40 վկա եւ տուժողի 15 իրավահաջորդ կա։ Այս մասին երեկ հայտարարեց գործը քննող դատավոր Ջոն Հայրապետյանը։ Դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին դատակոչված 3 վկաներից 2-ը՝ պատերազմի օրերին ժամկետային զինծառայողներ Ենոք Ավետիսյանը եւ Արգիշտի Աբրահամյանը։ Ավետիսյանը պատմեց, որ Վահանյանի կողմից որեւէ ուղղորդում չի եղել, իսկ երբ նահանջից հետո զանգել են նրան, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք։ Մյուս վկան՝ Աբրահամյանը, հայտնեց, թե պատերազմից հետո համացանցով է տեղեկացել  Վահանյանի մասին, այնինչ ամիսներ առաջ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, նա մի քանի անգամ տվել է Վահանյանի անունը՝ նշելով, որ տեսել է նրան, ընդհանուր խոսակցություններից՝ լսել, թե իբր վիրավորվել է եւ զորքին անտեր թողնելով՝ հեռացել։ Հաշվի առնելով այս հակասությունը՝ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։  Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Նախորդ դատական նիստերին Վահանյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գեւորգ Պարունակյանը, սակայն վերջինս դուրս է եկել աշխատանքից, ինչով պայմանավորված՝ տեղի է ունեցել պաշտպանի փոփոխություն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից ամբաստանյալին նոր փաստաբան է տրամադրվել․ այսուհետ նրա շահերը կպաշտպանի Սիրանուշ Հարությունյանը։ Վկա Արգիշտի Աբրահամյանը շատ հարցերի պատասխաններ չէր հիշում Երեկ հարցաքննված առաջին վկան Արգիշտի Աբրահամյանն էր, որը դատարանում հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առնչություն չի ունեցել եւ նրան չի տեսել։  Աբրահամյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 24-ին, համավարակով պայմանավորված՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կարանտին է անցել Ասկերանում, որից հետո տեղափոխվել է Ջաբրայիլ։ Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, նրանց տարել են Ջաբրայիլի դիրքեր՝ 3-րդ գիծ, որտեղ ընկել են ռմբակոծության տակ, եւ հետո դիրքից դիրք տեղափոխվելով՝ հոկտեմբերի 4-ի կամ 5-ի մոտակայքում ի վերջո հասել են Հադրութ։ Թե ով է տեղափոխվելու հրաման տվել, վկան չհիշեց, միայն նշեց, որ իրենց վաշտի հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր։ Լուսանկարում՝ Արգիշտի Աբրահամյանը Հադրութում արդեն, ըստ նրա,  «թուրքի գերեզմաններ» կոչվող հատվածում է ուժեղ կռիվ եղել, որից հետո նահանջի հրաման ստանալով՝ իջել են դեպի Հադրութի դպրոց։ Թե ում հրամանով են այդ տարածք գնացել, հետո նաեւ՝ նահանջել, վկան դարձյալ չհիշեց՝ ասելով միայն․ «Խառը վիճակ էր, լսվեց նահանջի հրաման, իջանք»։ Դպրոցից հետո, ըստ նրա, հոկտեմբերի 10-ին, ոմն սերժանտ, որը նաեւ վարորդ է եղել, նրանց տեղափոխել է «Վիշկա» կոչվող բլրի մոտ, որպեսզի այդտեղից հսկեին Հադրութ քաղաքը, բայց թե ով է կազմակերպել այդ ամբողջը, Աբրահամյանը դարձյալ չգիտեր․ «Այդ ժամանակ Հայկազն էր մեզ հետ, Վահանյանին չեմ տեսել կամ գուցե տեսել եմ, բայց տեղը չեմ բերել, որովետեւ ես միայն մեր հրամանատարին գիտեի»,– ասաց նա։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 11-ին, երբ թշնամին միանգամից հարձակվել է, նահանջի հրաման ստանալով՝ իջել են։ Հանրային մեղադրողի հարցին, թե ով է տվել նահանջի հրամանը, վկան պատասխանեց․ «Չգիտեմ, ամբողջ զորքն էր գոռում՝ նահա՜նջ»։ Ճշտող հարցին՝ վերադաս հրամանատարությունից մարդ չկա՞ր, որն իրենց կուղղորդեր, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իջնելուց հետո Հայկազ Գրիգորյանին էլ չի տեսել։ «Պիտի հրամանատար լիներ, որ․․․»,– լսվեց դահլիճից։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, փաստաբան Սիրանուշ Հարությունյանը Վկային հարց հղեց նաեւ ամբաստանյալի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ ասելով՝ ինքը ճի՞շտ հասկացավ, որ միայն Հայկազ Գրիգորյանն է եղել նրանց կողքին․ «Կարող է էլի մարդիկ են եղել, բայց ես նրանց չեմ ճանաչում, միայն Հայկազին գիտեի»,– պատասխանեց վկան։ Ճշտող հարցին՝ Վահանյանին տեսե՞լ է, նա բացասական պատասխան տվեց։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցերին էլ ի պատասխան՝ վկան ասաց, որ իրենց աջակցող հրետանային ուժ կամ այլ ծանր տեխնիկա չի եղել։ Դիրքեր էլ, որ բարձրացել են, իրենք են բահերով խրամատ փորել։ Աբրահամյանի կարծիքով՝ իրենց այդպիսի դիրք չէր կարելի վստահել, քանի որ ընդամենը մեկ-երկու ամսվա զինծառայողներ էին։ Նահանջից հետո հասնելով Հադրութ քաղաք՝ ինչ–որ տուն են գտել, գիշերել այնտեղ՝ զուգահեռ զանգահարելով իրենց ծանոթ մարդկանց, օգնություն խնդրել, բայց ոչ ոք օգնության չի եկել, միայն հորդորել են դուրս գալ այդտեղից, որից հետո՝ հաջորդ օրը, դուրս են եկել, բայց տեղ չեն հասել՝ ընկնելով շրջափակման մեջ։ Աբրահամյանն այդտեղ հրազենային վիրավորում է ստացել։ Գրիգորյանի հարցին՝ պատերազմից հետո իր ընկերների հետ քննարկե՞լ են, վերլուծե՞լ են արդյոք, թե ինչը ոնց եղավ, ինչու եղավ, վկան պատասխանեց․ «Տենց ընկեր չունեմ, որի հետ կարող եմ էդ ամենից խոսել»։ «Բոլորը զոհվել են․․․»– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով նրա ցուցմունքներում առկա էական հակասությունները, ինչպես նաեւ այն, որ նա որոշ հանգամանքներ չի մտաբերում։ Կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, եւ դատարանը բավարարեց այն։ Նշենք, որ նախաքննության փուլում Աբրահամյանը հարցաքննվել է այս տարի՝ 2022 թ․ հունվարի 10-ին։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ընթերցելով նախաքննական ցուցմունքը՝ հանրային մեղադրողն ասաց, որ  դատարանում վկան հայտարարեց, որ Իշխան Վահանյանին միայն պատերազմից հետո համացանցով է տեսել, սակայն նախաքննության փուլում քննիչին ասել է, որ Հադրութի դպրոցում իրենց հետ եղել են նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար, ավագ ենթասպա Ղարիբ Ջավադյանը, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը, շտաբի պետ Իշխան Վահանյանը եւ էլի սպաներ, որոնց չի կարող հիշել։ Այս հակասությունը, սակայն, վկան պարզաբանել չկարողացավ․ «Ղարիբը Հայկազի հետ էր, բայց Վահանյանին չեմ հիշում»։ Մեղադրողի հարցին՝ ինքը նման տեղեկություն չի՞ հայտնել, վկան պատասխանեց․ «Ահագին ժամանակ է անցել, չեմ հիշում»,–ասաց նա։ Վկայի անորոշ պատասխանները սկսեցին զայրացնել տուժողների իրավահաջորդներին, որոնք պահանջեցին «հետ քայլ» չանել, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն էլ հորդորեց չլսել ոչ մեկին՝ տալով միայն ճշմարտացի ցուցմունք․ «Երբ հարցաքննության եմ եղել, ես քննիչին ասել եմ, որ շատ բան չեմ հիշում, նա ընդհանուր կարծիքի հիման վրա գրել է»։ «Հիմա ինչ հիշում եք, դա ասեք»,– նշեց դատավորը։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Ըստ հանրային մեղադրողի՝ նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին, որքան հիշում է, Վահանյանը իրենց հավաքել է Հադրութի դպրոցում, ասել, որ կգնան մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ, որից հետո գնացել են վերոնշյալ «թուրքի գերեզման» կոչվող հատվածը․ «Հա, տենց բան եղել է»,– ասաց վկան։ «Իշխան Վահանյա՞նն է ուղարկել»,– ճշտեց մեղադրողը։ «Չեմ հիշում, բայց հա, ուրեմն՝ ինքը»։ Դատավորի հարցին՝ այսինքն՝ դեպքը եղել է, բայց անձին չի հիշո՞ւմ, վկան դրական պատասխան տվեց։ Նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին սարի ներքեւի հատվածում տեսել է Իշխան Վահանյանին․ «Կարող է՝ ասել եմ հրամանատար, քննիչն է գրել Վահանյան»,– կարծիք հայտնեց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը խնդրեց պարզաբանել, որովհետեւ մարդուն չճանաչել, բայց 4 անգամ նրա անունը տալ, ըստ նրա, հնարավոր չէ։ Ի պատասխան՝ վկան միայն լռեց։ Դատավորն արձանագրեց, որ վկան չի կարողանում պարզաբանել եւ խնդրեց մեղադրողին շարունակել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկան հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել, եւ ինքը հիշում է, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում եւ ասում էր, որ կրակեն մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ․ «Եվ ինձ համար հասկանալի էր, որ նա չէր տիրապետում իրավիճակին, չգիտեր, թե ինչ է կատարվում։ Այդ ընթացքում հակառակորդի ուժերը շատ էին, հասկանում էինք, որ չենք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր, սկսեցինք իջնել, զորքը խուճապահար վիճակում էր, եւ երբ արդեն հասանք սարի տակ, ընդհանուր խոսակցություններից իմացա, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը իբր վիրավորվել է, նստել մեքենա եւ հեռացել՝ զորքին թողնելով անտեր վիճակում»,– ընթերցեց Գեւորգ Ավետիսյանը։ Վկան նշեց, որ նման խոսակցություն իսկապես լսել է, որից հետո դատարանից ընդմիջում խնդրեց։ Նիստն ընդմիջվեց 3 րոպեով։ Այդ ընթացքում դատարանի միջանցքում վկային մոտեցան տուժողների իրավահաջորդները՝ հորդորելով միայն ճիշտը պատմել։ Վերադառնալով դահլիճ՝ Արգիշտի Աբրահամյանը շարունակեց տալ նույնաբովանդակ ցուցմունք։ Հարցաքննության ավարտից հետո ծնողները կարծիք հայտնեցին, որ վկան ինչ–որ ճնշման տակ է։ Ըստ վկա Ենոք Ավետիսյանի՝ Վահանյանը հեռախոսով ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք Դատակոչված մյուս վկան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայության մեջ գտնված Ենոք Ավետիսյանն էր։ Նա բանակ է զորակոչվել 2020 թ, հուլիսի 28-ին, «Մարտունի 2»-ում 17 օր եղել է կարանտինի մեջ, որից հետո արդեն տեղափոխվել է Ջաբրայիլ։ Ըստ նրա՝ իր բախտը բերել է, քանի որ նախկինում մի քանի անգամ կրակային դասերի է գնացել, բայց մարդիկ կային, որ չէին անցել կրակային, անգամ իրենց կցած զենք չունեին դեռ։ Ավետիսյանը պատմեց, որ պատերազմը սկսելուց մոտ 2 օր առաջ իրենց գումարտակում տագնապ է եղել, ինչը պայմանավորել են նրանով, որ առաջնագծում կուտակումներ կան, եւ մոտակա ժամանակներում կարող է լարվածություն ստեղծվել։ «Այսինքն՝ դա եղել է զգոնության ստուգում, որից հետո առօրյա ծառայության ենք վերադարձել»,– ասաց նա։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն, երբ հարված է եղել զորամասի վրա, իջել են թաքստոց, ապա ջոկ–ջոկ գնացել՝ զենքերը ստանալու եւ ուղեւորվել 2-րդ գիծ։ Իրենց հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր, իսկ Իշխան Վահանյանին հանդիպել է արդեն Հադրութում՝ «Թութակներ» կոչվող դիրքում։ Սակայն բուն հարձակման պահին նրան չեն նկատել, որպես հրամանատար՝ ոչ մի ուղղորդում նրա կողմից չի եղել․ «Եղել է մի կամավոր տարիքով մարդ, որին հետո խփել են, նա է կրակելու հրաման տվել, հետո էլ ասել՝ էստեղ չեք մնալու, որովհետեւ շարքից հանել էին մեր ուժերը, եւ եթե մենք էլ մնայինք, ոչ մի կենդանի ուժ չէր կարող դուրս գալ, անհավասար պայքար է եղել»,– պատմեց վկան՝ նշելով, որ իրենք միայն ԱԿԱ տեսակի զենք են ունեցել եւ հեռադիտակ, կապի ոչ մի միջոց, անգամ նռնակ չի եղել իրենց մոտ։  Լուսանկարում՝ Ենոք Ավետիսյանը Հարցին՝ իսկ երբ իջան սարից, չհետաքրքրվեցի՞ն, թե ուր են իրենց ղեկավարները, վկան պատասխանեց, որ մարդ չկար, որպեսզի հետաքրքրվեին։ Նրա խոսքով՝ միայն կամավորն է զանգել Վահանյանին, հայտնել իրենց գտնվելու վայրը, նա էլ, առանց ուղղություն տալու, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք․ «Այդ կամավոր մարդը հարցնում է, թե նա որտեղ է, Վահանյանն էլ ասում է՝ վիրավոր եմ, բայց թե մինչեւ վիրավոր լինելը որտեղ է եղել, տեղյակ չենք»։ Սարից իջնելով արդեն՝ քայլել են Հադրութի գյուղերից մեկի ուղղությամբ, ճանապարհին եկեղեցու մոտով են անցել եւ այդ հատվածում հայկական զորքի են հանդիպել․ «Մեր բախտը բերում է, իրենց ենք կպնում ու գնում, բայց մարդիկ են եղել, որ այլ ուղղությամբ են գնացել, եւ նրանցից մինչ օրս տեղեկություն չունենք»։ Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե մինչեւ ենթադրյալ դեպքի օրը ինչքան կանոնավոր է եղել Ջաբրայիլի զորքը, ոնց է ղեկավարվել, որովհետեւ ըստ նրա՝ տպավորություն է, թե գումարտակի հրամանատարի փախուստից հետո ողջ անձնակազմը ցայտնոտի մեջ է ընկել․ «Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ծառայության ժամանակ լսել եմ՝ ինչ զինատեսակներ են պետք, ինչով պիտի կոմպլեկտավորված լինի վաշտը, հիմա ուզում եմ հասկանալ՝ մինչեւ էդ փախուստը գուցե տվել են այլ զենքեր․ եթե ամբաստանյալը չի համալրել, մի հոդված էլ ավելացնենք, եթե ուրիշ մեկը պիտի աներ, ինչու՞ նրա կողքին նստած չի»,– վրդովվեց նա։ Արձագանքելով նրա վրդովմունքին՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ թե՛ Ջրականի, թե՛ Հադրութի, այդ թվում՝ 5-րդ գումարտակի, դրա սպառազինությանն առնչվող քրեական գործ կա, որ այժմ նախաքննության փուլում է։ Վկա Ենոք Ավետիսյանն էլ նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, իրենց վաշտը ծանր տեխնիկայով կոմպլեկտավորված չի եղել։ «Իսկ զորանոցում ծանր զենքեր, նռնակ եղե՞լ է»,– հարցրեց Գրիգորյանը։ «Պիտի որ եղած լինի», –պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 30 օգոստոսի, 2022
Հայկական «Վահան» ինքնաձիգի մոռացված պատմությունը

Հայկական «Վահան» ինքնաձիգի մոռացված պատմությունը

Հանրային տարբեր շրջանակներում մշտապես շրջանառվում են խոսակցություններ, որ Արցախյան պատերազմի տարիներին հայերն ընդհատակում զենք էին սարքում ու ուղարկում առաջնագիծ, եւ որ հայկական մրցունակ ինքնաձիգներ իսկապես ստեղծվել են։ Եւ գուցե հարց ծագած լինի՝ այդ դեպքում ինչո՞ւ է մինչ օրս մեր սպառազինության մեջ ամենատարածվածը Կալաշնիկովի ավտոմատը, արդյոք հայերը չէի՞ն կարող ստեղծել դրան համազոր կամ, ինչու ոչ, դրան գերազանցող ինքնաձիգ։ Այս հարցերի պատասխանները երբեք հստակ չեն հնչում․ կցկտուր ենթադրություններ ու եզրակացություններ, կիսատ-պռատ պատմություններ։ Բայց դրանց արանքում միշտ պատահել է մի նախադասություն՝ մերոնք էլ են ստեղծել։ Մերոնքն ովքե՞ր էին, ո՞վ, կա՞ն անուններ, զենքերի նմուշներ։ Եւ եթե ստեղծվել են, ինչո՞ւ են դրանք այսօր մոռացության մատնված։ Համացանցի հայկական տիրույթում «հայկական ինքնաձիգ» որոնելիս երկրորդ հղումը Վիկիպեդիայի հայերեն հարթակից է՝ «Վահան (ինքնաձիգ)» վերտառությամբ։ Սա մի քանի փոքրիկ պարբերությամբ ոչ այնքան մանրամասն հոդված է «Վահան» անունով հայկական ինքնաձիգի մասին։ Իսկ ահա «Վահանի» մասին հավելյալ տեղեկությունների փնտրտուքը, համենյան դեպս համացանցի հայկական տիրույթում, մեծ հաջողության չի հանգեցնում, որովհետեւ հրապարակումներ չկան։ Առկա նյութերը հիշատակում են ինքնաձիգի հեղինակին՝ ինժեներ Վահան Մանասյանին, ինչ-որ չափով ներկայացնում զենքի բնութագիրն ու առանձնահատկությունները, սակայն, միեւնույն ժամանակ, շատ հարցեր առաջացնում։ Infocom-ը փորձել է հավաքագրել ինժեներ Վահան Մանասյանի, նրա ստեղծած զենքերի եւ հենց «Վահան» ինքնաձիգի մասին հնարավորինս շատ տեղեկություններ՝ ըստ պատշաճի ներկայացնելու հայկական զինագործության այս դրվագը։   Վահան Մանասյան․ երիտասարդ ինժեներ, որ շարժել է սովետական իշխանության հետաքրքրությունը Ինժեներ, գյուտարար Վահան Սահակի Մանասյանը ծնվել է 1928թ., Հունաստանի Կավալա քաղաքում։ 1933-ին նրա ընտանիքը հայրենադարձել եւ բնակություն է հաստատել Երեւանում։ 8 տարեկանում Վահանը կորցրել է մորը, 14 տարեկանում՝ հորը։ 14 տարեկանում նա ընդունվել է աշխատանքի՝ որպես խառատի աշակերտ։ 19 տարեկանում՝ 1947թ., պատրաստել է 9 մմ անձայն ատրճանակ՝ առանց խլացուցիչի, իսկ արդեն երկու տարի անց՝ 1949-ին, նախագծել է դրա կատարելագործված տարբերակը, արդեն 7.65 մմ ոստիկանական «Վալտեր» տիպի ատրճանակի փամփուշտով կրակելու համար: 1950-ին Վահանը զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայելուց եւ իր գիտելիքներով աչքի ընկնելուց հետո տեղափոխվել է Մինսկ՝ տեխնիկական զորամաս, որտեղ ծառայել է երեք տարի։ Վահան Մանասյանի նախագծած առանց խլացուցիչի անձայն ատրճանակի նախագիծը, 1949թ․ Իր առաջին ավտոմատը, որը նախատեսված էր «ՏՏ» ատրճանակի փամփուշտներով կրակելու համար, նախագծել եւ պատրաստել է 1952-ին, իսկ երկու տարի անց ստեղծել է ՎՍՄ-2 ինքնաձիգը՝ դրանով գրավելով Խորհրդային Միության մարշալների ուշադրությունը։  Մասնավորապես, 1953թ. դեկտեմբերին փորձարկման համար գործուղվել է Մոսկվա, որտեղ, ինչպես իր գրություններից մեկում հիշատակել է ինքը՝ Մանասյանը, իրեն ընդունել են Սովետական Միության երեք մարշալներ՝ Նեդելինը (Միտրոֆան Իվանովիչ Նեդելին), Կազակովը (Վասիլիյ Իվանովիչ Կազակով) եւ Չիստյակովը (Միխայիլ Նիկոլայեվիչ Չիստյակով)․ ինքնաձիգը նրանց հավանությանն է արժանացել, քանի որ փորձարկումները ցույց են տվել՝ այն գերազանցել է ժամանակին արտադրվող ինքնաձիգներին (հետագայում կանդրադառնանք, թե ռուսական աղբյուրներն ինչպես են ներկայացրել այս դրվագը): Ինքնաձիգը, սակայն, չի արտադրվել։ Դա, ինչպես գրել է Վահանը, պայմանավորված էր բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ ձեւավորված անբարենպաստ միջավայրի առկայությամբ: Այդ ինքնաձիգի գծագիրն այժմ հայտնի չէ՝ որտեղ է, իսկ նմուշն այդ ժամանակ առգրավվել եւ պահպանության է հանձնվել համապատասխան մարմիններին։ Միության փլուզումից հետո այն եւս անհետացել է։  Մանասյանի արխիվում պահպանվել է 1966թ․ մի տեղեկանք, որտեղ նշված է, որ «ընկեր Մանասյան Վ․ Ս․-ն գյուտարար է եւ հաշվառված է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում եւ ներքին գործերի նախարարության մարմիններում»։ Ասված է, որ «նրա գյուտերը պաշտպանական նշանակություն ունեն, եւ ընկեր Մանասյան Վ․ Ս․-ի հեղինակությունը հաստատող բոլոր փաստաթղթերը պահպանվում են Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում»։ Փաստաթղթից իմանում ենք, որ տեղեկանքը ստորագրել է «Կադրերի բաժնի պետ Ս․ Չոբանյանը»։ Այն, որ Խորհրդային Միության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններում գրանցված է եղել Մանասյանը, եւ արձանագրվել է, որ նրա գյուտերն ունեն պաշտպանական նշանակություն, փաստում է, որ դրանք իսկապես կարեւորություն են ունեցել Միության համար։ ԽՍՀՄ ղեկավարությունն առաջարկել է Մանասյանին մնալ Ռուսաստանում եւ աշխատել զինարտադրության ոլորտում։ Մանասյանը, սակայն, մերժել է այդ առաջարկն ու վերադարձել Հայաստան՝ այդպիսով մշտապես լինելով Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի պարբերական ուշադրության կենտրոնում՝ հանկարծ ու Մանասյանը Հայաստանում զենք չարտադրի։   Արցախյան առաջին պատերազմի շրջանը Երբ Միության փլուզումն արդեն անխուսափելի էր, եւ տեղի էին ունենում հայկական ջարդերը Բաքվում, Սումգայիթում եւ այլուր, Մանասյանը մտայնություն ուներ, որ իր գիտելիքները չի կարող չծառայեցնել հօգուտ իր ժողովրդի։ Այդպես, ընդհատակում, ինչպես այդ տարիներին Հայաստանի շատ այլ հատվածներում, Մանասյանը սկսում է ոչ միայն նորոգել տարբեր զենքեր, այլ աշխատել ինքնաձիգի ստեղծման ուղղությամբ։ Ի վերջո 1990-ականներին Մանասյանը նախագծում է մի ինքնաձիգ, որը հենց իր անունով էլ կոչվում է Վահան։  Բայց այս ինքնաձիգն ունենում է որոշակի թերություններ եւ ոչնչացվում հենց իր ձեռքով, ինչից հետո նախագծում է նորը՝ այսպես կոչված «Վահան-2-ը»։ Պատմությունն այստեղ ավելի է հետաքրքրանում, եւ մինչ կանդրադառնանք տարբեր դրվագների, այդ թվում՝ ինքնաձիգի տեխնիկական նկարագրությանը, նշենք, որ պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ծանոթանում է այս զենքի հետ եւ ոգեւորգությամբ իր հավանությունը հայտնում՝ հիշում են Վահանի հարազատները։ Հետագայում Մանասյանի ստեղծած զենքը նաեւ երկրի այլ բարձրաստիճանների ուշադրությանն է արժանանում, սակայն թե ինչ ճակատագրի է արժանանում, ինչու այն չի արտադրվում, կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ։ Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմագիտական «Հայկական բանակ» հանդեսի 2004թ․ համարում հանդիպում ենք մի հոդվածի, որտեղ ներկայացված է Մանասյանի ինքնաձիգը։ Այդ հոդվածում նշված է, որ «Վահան» ինքնաձիգից պատրաստվել է մեկ նմուշ, իսկ զենքը նախնական եւ պետական փորձարկումներ դեռ չի անցել: Հոդվածում նախագծողի տրամադրած տեղեկությունների հիման վրա ներկայացված է նաեւ ինքնաձիգի մարտավարատեխնիկական բնութագիրը, որին մանրամասնորեն կանդրադառնանք այս հրապարակման վերջում։ «Հայկական բանակ» պարբերականի՝ Մանասյանի ավտոմատի մասին նյութի էջերից Օտարալեզու աղբյուրներում Վահան ինքնաձիգի մասին ավելի շատ բան կարելի է գտնել Եթե համացանցում որոնեք Vahan rifle, ապա կգտնեք Forgotten weapons մասնագիտացված անգլալեզու կայքի մի հոդված, որ վերնագրված է Armenian Vahan rifle։ Այս հոդվածում, զարմանալիորեն, տեղ են գտել Վահան ինքնաձիգի շատ որակյալ նկարներ՝ կից տեխնիկական նկարագրությամբ։ Հոդվածում ընդգծվում է, որ «Վահան» ինքնաձիգն ավելի պարզ է, քան Կալաշնիկովի ավտոմատը, քանի որ չունի գազային համակարգ․ ըստ ամենայնի՝ նկատի է առնվում կիսազատ փակաղակի պարզեցված տարբերակի սկզբունքը։ 2014 թվականին հրապարակված այս հոդվածում ասվում է, որ այս ինքնաձիգն օպտիկական նշանոցի շնորհիվ 1000մ գործնական հեռահարություն ունի, ինչը թույլ է տալիս ասել, որ այս ինքնաձիգը երբեւէ նախագծված լավագույնն է։  Ինքնաձիգի այս նկարների աղբյուրը՝ forgottenweapons.com «Վահան» ինքնաձիգի մասին հոդված կա նաեւ մեկ այլ անգլալեզու մասնագիտացված կայքում՝ Gun Wiki, որտեղ նշված է, որ զենքն, ըստ երեւույթին, նախագծված է եղել հայկական բանակում օգտագործվելու համար, թեեւ չի փորձարկվել հայկական կառավարության կողմից։  Ռուսալեզու աղբյուրներից մեկում էլ կա Վահան Մանասյանի ստեղծած զենքերի մասին հրապարակում՝ որոշ կոպիտ նրբերանգներով։ «Շարքային Մանասյանի ինքնաձիգը»․ այսպես է վերնագրված ռուսալեզու հոդվածը, որը հրապարակվել է 2018 թվականին՝ ռուսական kalashnikov.ru կայքում (kalashnikov.ru-ն Ռուսաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի, Ռուսաստանի հրացանագործների միության եւ Հրաձգության և սպորտի ֆեդերացիայի պաշտոնական տպագիր հրատարակության «Կալաշնիկով» ամսագրի կայքն է)։ Այն ստորագրված է «Կալաշնիկով» մասնագիտացված ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Դեգտյարովի անվամբ։  Վերջինս նախ գրում է, թե «սեւեռուն գաղափարներից» մեկը, որ առնչվում է Կալաշնիկովի ինքնաձիգի ստեղծման պատմության հետ, կար եւ մնում է կասկածն այն մասին, թե ինչ-որ սերժանտ կարողացել է իր գաղափարներով ավելի առաջ գնալ եւ վերեւներում իրեն նկատել են, աշխատելու հնարավորություն են տվել, օգնել են իրականացնել իր գաղափարները եւ այլն․ «Ասում են՝ ուղղակի Միխայիլ Կալաշնիկովին նշանակել են գերմանական ինքնաձիգի «պատասխանատու»․ դա էր նրա տաղանդը։ Չեմ կրկնի Կալաշնիկովի կայացման պատմությունը՝ որպես գյուտարարի եւ նախագծողի, այլ կտամ պարզ, բայց ոմանց համար անսպասելի հարց՝ իսկ դուք մտածե՞լ եք՝ քանի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են այն ժամանակ երկրին առաջարկել զենքի վերաբերյալ իրենց գաղափարները։ Ինչպե՞ս են աշխատել ֆիլտրերն ու «վերելակները» տաղանդավոր ինքնուսների համար երկրում զինագործական հզոր դպրոցի եւ պատկառելի նախագծողների առկայության պարագայում»,- գրել է հեղինակը՝ նշելով, թե չէր տա այս հարցերը, եթե չունենար դրանց պատասխանները, թեկուզեւ դրանք որոշակիորեն անսպասելի ձեւ ունեն։ Դեգտյարովը գրել է, թե տասը տարի առաջ համացանցում պատահաբար աչքովն է ընկել Վահան Մանասյանի կայքը․ «Հայ նախագծող, որը մշակել է կիսազատ փակաղակով օրիգինալ ինքնաձիգ՝ բուլպապ մեխանիզմով՝ АК74-ի հիմքի վրա, որը համարյա նախատեսվում էր արտադրության դնել Հայաստանում, ինչն այն ժամանակ զարմացնում էր։ Մի օր, 2000-ականների սկզբին արտերկրում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարարի հետ, ես սկսել էի խոսակցություն ազգային զինագործական ծրագրերի մասին, բայց խոսակցությունն ավարտվեց ինչ-որ կուրորտային թեմաներով։ Կարծես թե ողջախոհ մարդիկ Հայաստանում ի սկզբանե հասկանում էին հայտարարված ծրագրերի պոպուլիստական բնույթը՝ խաղադրույք անելով Ռուսաստանից անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման վրա»։ Այնուհետև, չանդրադառնալով Մանասյանի վերջին մշակմանը, հեղինակը սկսում է պատմել նախորդ՝ Խորհրդային Միության տարիներին ստեղծած ինքնաձիգի մասին։ Նա գրել է, թե Մանասյանի ավտոմատին է վերադարձել բոլորովին անսպասելի պայմաններում, երբ իր ձեռքում հայտնվեց ինքնաձիգի փորձարկման մասին հաշվետվությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության (ԳՀՀՎ) հրաձգային եւ ականանետային զենքի գիտահետազոտական զորավարժարանում, թվագրված 1954-ի։ «Երբ Վահան Մանասյանը շարքային էր, որը ծառայություն էր անցնում Սովետական բանակի շարքերում, առաջարկել էր իր նախագծած ավտոմատը, որը ԳՀՀՎ-ի տեխնիկական մասնագետները գնահատել էին որպես ուշադրության արժանի։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսվել էր։ Շարքային Մանասյանը գործուղվեց թիվ 3 գործարան (այժմ Ուլյանովսկի փամփուշտի գործարան), ինքնաձիգը հաշվարկվեց, գծագրվեց, պատրաստվեց եւ նախապատրաստվեց հեղինակի մասնակցությամբ փորձարկման»։ Հեղինակի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Մանասյանի ինքնաձիգի դաշտային փորձարկումը նշանակվել է 1953-ի դեկտեմբերին եւ նախատեսել է մարտավարա-տեխնիկական բնույթի զենքերի փորձարկումները, վատթար պայմաններում հուսալիության գնահատումը (փոշոտվելու, բարձր եւ ցածր ջերմաստիճան, կրակ՝ առանց մաքրելու եւ յուղելու, կրակ՝ չոր դետալներով եւ այլն) ու տատանումների արագության չափման հետազոտություն։ Փորձարկման արդյունքների համաձայն՝ անհրաժեշտ էր որոշել ինքնաձիգի մարտական եւ շահագործման բնութագրերը, դրա առավելություններն ու թերությունները Կալաշնիկովի ավտոմատի համեմատությամբ եւ կարծիք հայտնել ինքնաձիգի վրա հետագա աշխատանքի նպատակահարմարության մասին։ Դրա համար հատկացվել է տասը օր եւ տրամադրվել 1943թ․ նմուշի 7,62մմ տրամաչափի 5000 փամփուշտ։ Ինքը՝ հեղինակը փորձարկման շրջանում անձամբ է գործուղվել փորձարկման վայր։ 1950-ականներին փորձարկման ուղարկված ավտոմատի կառուցվածքը, աղբյուրը՝ kalashnikov.ru «Պետք է ասել, որ Վահան Մանասյանն ու զորավարժարանն արդեն ծանոթ էին։ 1952-ին փորձարկվել է Մանասյանի ատրճանակ-գնդացիրը, [...] եւ այդ ժամանակ արդյունքները չէին ուրախացրել սկսնակ նախագծողին՝ եզրակացության վերջնական ձեւակերպումը կոշտ է եղել․ «Փորձարկման արդյունքում հաստատվեց, որ Մանասյանի 7,62-մմ ատրճանակ-գնդացիրը ուշադրության արժանի չէ, եւ նման նմուշի մշակումը նպատակահարմար չէ»։ Ուստի կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ Մանասյանը պատրաստվել էր ավելի ու ավելի լրջորեն»,- կարդում ենք ռուսական այդ հոդվածում։  Հրապարկման մեջ նշված է նաեւ, որ քաշով եւ չափերով Մանասյանի ինքնաձիգը գործնականում համապատասխանում էր Կալաշնիկովի ավտոմատին, բայց աշխատում էր կիսազատ փակաղակի հետադարձի սկզբունքով։ Ըստ հեղինակի՝ փորձարկումների արդյունքում կասկածի տակ դրվեց նաեւ ինքնաձիգի կողմից՝ կրակից կրակ կայուն մղման ապահովման հնարավորությունը, որն անհրաժեշտ է կիսազատ փակաղակով համակարգի հուսալի աշխատանքի համար։  Հեղինակը գրում է, թե նախագծի սկզբունքային գնահատականը Մանասյանի համար այդքան էլ հուսադրող չի հնչել՝ «… կարելի է վստահաբար ասել, որ Մանասյանի ինքնաձիգի ավտոմատացված մասի հուսալի աշխատանքը կասկածելի է»։ Ըստ հոդվածի՝ փորձարկողները նշել են ապահովիչի անհուսալիության մասին նաեւ, խնդիրներ են առաջացել կրակային փորձարկման ժամանակ, եւ այլն։ Հոդվածում կարդում ենք, թե փորձարկման եզրակացությունները ցույց են տվել Մանասյանի ավոտմատի թերությունները՝ 1) անկատար հարվածաձգանային մեխանիզմ, 2) անհուսալի ապահովիչ, 3) անթույլատրելի մեծ ջանք վերալիցքավորման համար, 4) կրակի անհավասարաչափ եւ ավերլորդ բարձր տեմպ, 5) բացարձակապես անբավարար մեխանիզմ փոշու, ավազի եւ այլնի առկայության դեպքում։ Իսկ եզրակացույթունն, ըստ նույն հոդվածի, այսպես է եղել․ «1943 թ.-ի նմուշի 7,62-մմ տրամաչափի փամփուշտներով ինքնաձիգը մարտական եւ շահագործման բնութագրերով որեւէ առավելություն չունի Կալաշնիկովի 7,62-մմ տրամաչափի ինքնաձիգի նկատմամբ եւ դրա համեմատ ունի մի շարք էական թերություններ։ […] Դրա վրա հետագա աշխատանքն աննպատակահարմար է»։ Հետագայում հեղինակը հիշատակում է, որ արդեն իննսունականներին Մանասյանը նախագծել է Վահան ինքնաձիգը, բայց գրում է, որ դրա փորձարկումների մասին գրեթե տեղեկություններ չկան, եւ երեւի թե դրա լիարժեք փորձարկմամբ ոչ մեկն էլ չի զբաղվել։ Հետաքրքրական է, որ այս հոդվածը հրապարակվել է «Վահան» ինքնաձիգի մասին անգլալեզու մասնագիտացված կայքի մանրամասն հոդվածից մի քանի տարի անց։ Եթե Forgotten Weapons կայքի ձեւաչափը թույլ է տալիս ենթադրել, որ Մանասյանի ինքնաձիգի մասին նյութն այնտեղ կարող էր հայտնվել՝ որպես, այսպես ասած, մոռացված զենք, ապա հարց է ծագում՝ ո՞րն է եղել «Կալաշնիկով» կայքում Մանասյանի՝ երիտասարդ տարիքում ստեղծած ինքնաձիգի մասին այստեսակ հոդվածի և դրանում վերջին ինքնաձիգի մասին միայն կցկտուր հիշատակման մոտիվը։ Եվ դա այն դեպքում, որ առնվազն անգլալեզու կայքում բավականին մանրամասներ կան զենքի տեխնիկական նկարագրության մասին։   Վահան ինքնաձիգը, կիսազատ փակաղակի եւ օպտիկական նշանացույցի գյուտը Այսպես, Մանասյանը նախագծում եւ ստեղծում է կիսազատ փակաղակով, ծալովի կոթով «Վահան» ինքնաձիգը, որը նաեւ օպտիկական նշանացույցով համալրվելու հնարավորություն ուներ։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունը կիսազատ փակաղակի եւ օպտիկական նշանացույցի գյուտի համար Մանասյանին արտոնագրեր է տրամադրել, իսկ Կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը Վահան ինքնաձիգի արդյունաբերական նմուշի համար է տվել արտոնագիր։ «Վահան» ինքնաձիգը նախատեսված է մարտական գործողությունների ժամանակ մեծ հեռավորությունների վրա (մեխանիկական նշանացույցով` մինչեւ 500մ, իսկ օպտիկական նշանացույցով` 400մ-ից մինչեւ 1000մ) հակառակորդին վնասազերծելու համար: Ինքնաձիգը հրաձգային ավտոմատ զենք է եւ նախատեսված է ինչպես մարտի դաշտում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար հարձակողական գործողությունների ժամանակ, այնպես էլ որպես պաշտպանական զենք: Ինքնաձիգը նախագծված է աշխատանքնային երկու ռեժիմների համար՝ մեխանիկական եւ օպտիկական նշանացույցով: Հիմնական տարբերակը առաջինն է, իսկ օպտիկական նշանացույցով ինքնաձիգը կոմպլեկտավորվում է, երբ թիրախը գտնվում է 400մ-ից մինչեւ 1000մ հեռավորության վրա, որը խոցելու համար պահանջվում է ավելի մեծ ճշգրտություն:    Տեխնիկական բնութագրերը եւ աշխատանքի մեխանիզմը՝ մանրամասն Ինչպես նշեցինք՝ այս ինքնաձիգն աշխատում է կիսազատ փակաղակով՝ полусвободный затвор:  Հայտնի կիսազատ փակաղակը կազմված է առջեւի եւ հետին մասերից եւ նրանց հետ համագործակցող արագացուցիչից: Արագացուցիչը հոդավոր է եւ ունի կարճ եւ երկար լծակներ, ընդ որում՝ կարճ լծակով նա համագործակցում է փակաղակի առջեւի մասի հետ, իսկ երկար լծակով հետին մասի հետ: Սրա թերությունը կառուցվածքի բարդության մեջ է, քանի որ ունի արագացուցիչի հոդի սռնի, ինչը, բացի կառուցվածքային բարդությունից, դժվարացնում է նաեւ փակաղակի քանդում-հավաքումը։ Վահան Մանասյանի՝ կիսազատ փակաղակի գյուտի խնդիրը հենց փակաղակի կառուցվածքի պարզեցումն է։ Վահան զենքի պարագայում լծակային արագացուցիչն ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի ու հետին մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում եւ ունի իրանից կառչելու կոր ժանիք: Առաջին նկարում պատկերված է փակաղակի երկայնական կտրվածքը՝ փամփշտակալի մուտքը փակած դիրքում, նկար երկրորդում՝ բացած դիրքում Փակաղակը կազմված է առջեւի (1) եւ հետին (2) մասերից եւ լծակային արագացուցիչից (3): Արագացուցիչը ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի (1) ու հետին (2) մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում: Արագացուցիչի կոր ժանիքը կառչված է իրանից (4), որն ամրակցված է փողին (5): Փակաղակի առջեւի (1) եւ հետին (2) մասերը իրար հետ ամրակցված են հանովի վերալիցքավորման բռնակի (6) միջոցով, ընդ որում առջեւի մասի առանցքային անցքում տեղակայված է զարկանը (7): Փակաղակն ունի նաեւ կրակված պարկուճների բեկանիչ (8): Փակաղակի հետին մասի բնիկում տեղակայված է հետադարձ զսպանակը (9): Փակաղակը տեղադրված է ինքնաձիքի փակաղակային տուփի մեջ (10): Փակաղակն աշխատում է հետեւյալ կերպ․ գազերի ճնշման տակ կրակված պարկուճը, սահելով մոտ 1մմ հետ, հետադարձ ուժ է հաղորդում արագացուցիչին (3), որը պտտվելով 90 աստիճան, անջատում է փակաղակը իրանից (4): Արագացուցիչը իր երկար լծակի ծայրով հրում է փակաղակի հետին մասին (2), որը, ստանալով արագություն, իր հետ դեպի հետ է քաշում փակաղակի առջեւի մասը (1), արտանետելով կրակված պարկուճները աջ կողմից բեկանիչի (8) օգնությամբ 45 աստիճան անկյան տակ։ Հետադարձի զսպանակի (9) օգնությամբ փակաղակը վերադառնում է իր նախկին դիրքը՝ իր հետ տանելով հերթական փամփուշտը եւ փակելով փամփշտակալի մուտքը: Այսպիսով, այս ինքնաձիցի կիսաազատ փակաղակը, որը կազմված է առջեւի եւ հետին մասերից եւ նրանց հետ համագործակցող լծակային արագացուցիչից, տարբերվում է նրանով, որ արագացուցիչը ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի ու հետին մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում եւ ունի իրանից կառչվելու կոր ժանիք: Պարզեցված փակաղակի կլոր ձեւը հեշտ է մշակման համար, չի կորցնում ունակությունը հզոր փամփուշտներով հեռահար եւ դիպուկ կրակելու համար։ Նշված փակաղակային սիստեմն ունի աննշան հետադարձ հարված, որի արդյունքում կրակոցները դիպուկ են:   Մանասյանի մյուս գյուտը վերաբերում է օպտիկական նշանացույցին Մանասյանի մյուս գյուտը վերաբերում է հրազենի նշանացույցներին, մասնավորապես դրանց ամրակցմանը եւ կարգավորմանը եւ կարող է կիրառվել ինչպես հրացաններում, այնպես էլ ինքնաձիգներում դիպուկահարային հրաձգության համար:  Հայտնի է հրազենի օպտիկական նշանացույց, որն ունի հրազենի փակաղակային տուփին կողքից ամրակցվող հենակ, հենակին հոդակապորեն միակցված զսպանակված դարձկեն շերտաձողիկ եւ շերտաձողիկի դիրքի կարգավորման մեխանիզմ իր կարգավորող գլխիկով: Օպտիկական մասն ամրակցված է զսպանակված դարձկեն շերտաձողիկին, ընդ որում, կարգավորող գլխիկը տեղադրված է շերտաձողիկի այն ծայրին, որն ավելի մոտ է հրաձիգին, իսկ շերտաձողիկի դարձի սռնին՝ հակառակ մասում: Հայտնի նշանացույցի թերությունը կառուցվածքի բարդության մեջ է, ինչպես նաեւ շերտաձողիկի զսպանակման հանգույցի անհուսալիության մեջ: Մանասյանի գյուտի խնդիրն է եղել նշանացույցի կառուցվածքի պարզեցումը եւ շերտաձողիկի զսպանակման հանգույցի հուսալիության բարձրացումը: Գյուտի էությունն այն է, որ շերտաձողիկի զսպանակը կատարված է հարթ սահովի, նրա՝ դեպի հոդակապ ուղղված ծայրը սեւեռակված է հենակի ճեղքի մեջ, իսկ մյուս ծայրը սահելու հնարավորությամբ հենված է շերտաձողիկին: Կարգավորող գլխիկն ունի գլանաձեւ վզիկ, որը տեղակայված է շերտաձողիկի լայնական անցքում ազատ պտտվելու հնարավորությամբ, իր գլանային մակերեւույթին ունի սեւեռակման օղակաձեւ ակոս, իսկ ճակատային մասում ունի ապակենտրոն խուլ անցք, որի մեջ տեղադրված է հենակին ամրակցված բույթի ծայրը:Նկ. 1-ում առաջարկվող նշանացույցը պատկերված է կողքից: Նկ. 2-ում ցույց է տրված նշանացույցի տեսքն օպտիկական առանցքի ուղղումյամբ:  Նկ. 3-ում ցույց է տրված կարգավորման մեխանիզմի կտրվածքը: Նկ. 4-ում ցույց է տրված նկար N3 Ա-Ա հատվածը: Նկ. 5-ում ցույց է տրված կարգավորող գլխիկի սեւեռակման հանգույցը մեծացված: Հենակը (1) ծիծեռնակապոչաձեւ միացումով հագցվում է փակաղակային տուփի (2) ձախ կողմից (հրաձիգի նկատմամբ) եւ ամրակցվում է երկու ամրակների (3) միջոցով: Հենակին (1) հոդակապորեն ամրակցված է շերտաձողիկը (4), որի հոդակապի սռնին (5) շերտաձողիղիկի այն մասում է, որը ավելի հեռու է հրաձիգից: Շերտաձողիկը (4) զսպանակված է հարթ սահովի զսպանակով (6), որի դեպի սոնին (5) ուղղված ծայրը սեւեռակված է հենակի (1) ճեղքի մեջ, իսկ մյուս ծայրը սահելու հնարավորությամբ հենված է շերտաձողիկին (4)՝ գործադրելով դեպի վեր ուղղված ճիգ: Շերտաձողիկի (4) լայնական անցքում տեղակայված է կարգավորող գլխիկի վզիկը (7), որն ունի օղակաձեւ ակոս (8): Վզիկն (7) ունի իր առանցքի շուրջը ազատ պտտվելու հնարավորություն եւ պտուտակի (9) միջոցով սեւեռակված է առանցքի ուղղությամբ տեղաշարժից: Հենակի մեջ ամրացված է հենապտուտակը (10), որի կոնաձեւ մասը (11) տեղավորված է շերտաձողիկի (4) կողմնային նիստի վրա կատարված ծիծեռնակապոչաձեւ հատվածք ունեցող ուղղաձիգ ակոսում (12), իսկ գլանաձեւ վերջավորությունը (13), որը բույթ է հանդիսանում, տեղավորված է վզիկի (7) ճակատային մասում կատարված ապակենտրոն խուլ անցքում (14): Կարգավորող գլխիկն ունի գլանաձեւ բռնակ (15), որի գլանային մակերեւույթի մի մասը (16) գլանաքերթված է, իսկ մյուս մասի (17) վրա կատարված են նշանացույցի դիրքավորման նիշեր, օրինակ՝ թվերի տեսքով, որոնք համապատասխանում են հենակի (1) նկատմամբ շերտաձողիկի (4) շրջադարձի տարբեր անկյուններին: Կարգավորող գլխիկը նշված դիրքերում սեւեռակելու համար շերտաձողիկն (4) ունի զսպանակված սեւեռակիչ (18), իսկ բռնակի (15) հետեւի ճակատային մասում՝ նիշերին համապատասխանող փորակներ (19): Օպտիկական մասը (20) անուրների (լծասարքի օղակաձեւ մասը) (21) միջոցով ամրակցված է շերտաձողիկին (4) եւ ունի հորիզոնական հարթության մեջ կարգավորման հնարավորություն երկու համառանցք կարգավորվող պտուտակների (22) միջոցով: Նշանացույցն աշխատում է հետեւյալ կերպ. բռնակի (15) շրջման դեպքում բույթը (13) սահում է խուլ անցքի (14) գլանային մակերեւույթով եւ, հաղթահարելով զսարանիկի (6) դիմադրությունը, պայմանավորում է շերտաձողիկի (4) շրջադարձը սռնու (5) նկատմամբ, ընդ որում, հենապտուտակի (10) կոնաձեւ մասը (11) սահում է շերտաձողիկի ծիծեռնակապոչաձեւ ակոսով (12): Նկ. 3-ում եւ 4-ում պատկերված դիրքը համապատասխանում է շերտաձողիկի (4) եւ հենակի (1) միջեւ ամենամեծ անկյանը: Նկ. 4-ից երեւում է, որ վզիկի (7) աջ կամ ձախ շրջելը մինչեւ 180 աստիճան պայմանավորում է շերտաձողիկի միեւնույն դիրքերը, այսինքն շերտաձողիկն իր բոլոր հնարավոր դիրքերն ընդունում է բռնակի (15) 180 աստիճան շրջելու ընթացքում: Այդ ընթացքում կարգավորման գլխիկն անցնում է սեւեռակման ընդամենը 12 դիրք: Կարգավորման գլխիկը փոխովի է: Լրակազմի գլխիկները տարբերվում են իրարից խուլ անցքի տրամագծով կամ նրա արտակենտրոնությամբ, սակայն փորակների (19) քանակությունը եւ դասավորությունը միեւնույնն են: Կարգվորման գլխիկը փոխելու համար բավական է թուլացնել սեւռակման պտուտակը (9), փոխարինել գլխիկը եւ սեւեռակել այն: Ինչպես վերը նշեցինք՝ այս գյուտերի արտոնագրերն առկա են։ Միեւնույն ժամանակ, սակայն, մեր ձեռքի տակ են նաեւ ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Ա․ Ազիզյանին ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետի հարցումներին ի պատասխան ուղղված գրությունները (2003թ․, ), որոնցում նշված է, որ Մանասյանի երկու գյուտերի գաղտնագրման անհրաժեշտություն չկա։  Գրություններից մեկում, մասնավորապես, նշված է, որ ինքնաձիգներում դիպուկահարային հրաձգության համար օգտագործվող օպտիկական նշանացույցների ամրակցման եւ կարգավորման հիմքում ընկած գաղափարը հայտնի է եւ կիրառվում է մասնավորապես ռուսական ПСО (Прицел снайперский оптический) տիպի նշանացույցների կոնստրուկցիայում, ուստի Մանասյանի «Օպտիկական նշանացույց» գյուտի գաղտնագրման անհրաժեշտություն չկա։ Մյուս գրության մեջ էլ ասված է, որ «Ինքնաձիգի կիսազատ փակաղակի» գյուտարարական առաջարկը տեխնիկական նորույթ չէ, եւ որ ներկայացված տարբերակները 1950-ից կիրառվում են տարբեր տիպի զինատեսակներում, մասնավորապես ֆրանսիական MAS տիպի ավտոմատ ինքնաձիգում, ուստի ներկայացված նյութերը դարձյալ գաղտնագրման ենթակա չեն։ Հայարփի Բաղդասարյան
21:10 - 26 օգոստոսի, 2022
«Ցանկանում ենք կառուցել մեր ապագայի նախատիպը ու խթանել մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը»․ Նոյեմբերյանում կայացավ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը

«Ցանկանում ենք կառուցել մեր ապագայի նախատիպը ու խթանել մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը»․ Նոյեմբերյանում կայացավ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը

14-ամյա Հայկը Տավուշի մարզի Չինարի գյուղից է․ նա ուզում է ծրագրավորող դառնալ ու ապրել իր մարզում։  18-ամյա Մերին Արցախի Մարտակերտ քաղաքից է, հասցրել է իր ընկերների հետ Մարտակերտում մի քանի նախաձեռնություններ իրականացնել, Երևանում ուսումն ավարտելուց հետո էլ պատրաստվում է վերադառնալ այնտեղ: Լիլին, Մանվելը, Մանուշակը Լոռու մարզի Օձունից են։ Նրանք ասում են՝ իրենց գյուղում կրթվելու ու զարգանալու բոլոր պայմանները կան, բայց ժամանցային վայրեր չունեն, դրա համար էլ որոշել են սրճարան բացել, որտեղ կհամատեղվեն կրթությունն ու ժամանցը, կլինեն գրադարան ու կինոսենյակ։ Վազգենը Տավուշի Աչաջուր գյուղից է, հաճախում է  Իջևանի  «Արմաթ» լաբորատորիա։ Նա ասում է՝ իր համայնքում հասակիցների հետ կիսվում է փորձով ու գիտելիքներով, որ մոտիվացնի նրանց։ Այս բոլոր պատանիներին ու երիտասարդներին օգոստոսի 20-ին ու 21-ին Նոյեմբերյանում միավորել էր «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը։ Կոնֆերանսը կազմակերպել էր «Protolab» ստարտափի թիմը ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առթիվ։ «Protolab»-ի թիմի մի մասը «Protolab»-ը ստեղծելու գաղափարն առաջացել էր մի քանի տարի առաջ, իսկ ստարտափը հիմնադրվեց 2021-ի օգոստոսին։ Նոյեմբերյանի «Արմաթ» լաբորատորիայի չորս սաներ իրենց բնակավայրում ստեղծեցին 3D տպագրությամբ զբաղվող «Protolab»-ը։ Այսօր թիմում արդեն կա 8 հոգի, և նոր անդամները ոչ միայն Նոյեմբերյանից են, այլ նաև Լոռուց, Արագածոտնից, Արցախից։ «Protolab»-ի նախագծերի ղեկավար Մերի Գիշյանն ասում է՝ իրենց համար կարևոր նշանակություն ունեն կրթվելն ու ինքնակրթվելը, դրա համար էլ ցանկանում են իրենց իմացածը փոխանցել տարբեր մարզերի պատանիներին։ Ձախից երրորդը՝ Մերին Հենց այդպես էլ նրանց թիմը որոշեց հիմնադրման մեկամյակի առթիվ մարզերի ու Երևանի՝ 16 տարեկանից բարձր պատանիների ու երիտասարդների համար կոնֆերանս կազմակերպել, որի ընթացքում մասնակիցները կլսեն բանախոսություններ, հարցեր կտան ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների, կլսեն նրանց խորհուրդներն ու նոր գիտելիքներով կվերադառան իրենց մարզեր՝ ստեղծելու նոր թիմեր և կյանքի կոչելու նոր գաղափարներ։ «Մենք ցանկանում ենք մարզում՝ այսպիսի կրթական միջավայրում, կառուցել մեր ապագայի նախատիպը ու այդ ապագայի նախատիպով խթան հանդիսանալ մարզերում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մենք ներդրել ենք այն գաղափարը, որ մարզերը զարգանան համաչափ»,- ասում է Մերին։ «Ամեն մարզի երիտասարդները պետք է նվիրվեն իրենց մարզին ու փորձեն ստեղծել այնպիսի բաներ, որոնք զարկ կտան երիտասարդների ակտիվությանը, ու երիտասարդները կսկսեն մնալ մարզերում, ոչ թե տեղափոխվել, օրինակ, Երևան, և զարկ կտան մարզերին, քանի որ մարզերին զարկ տալով՝ զարկ կտանք նաև պետության զարգացմանը»,- ասում է կոնֆերանսի մասնակիցներից մարտակերտցի Մերին։  Մերին «Protolab»-ի գաղափարին միացան հայաստնյան մի շարք ընկերություններ՝ իրենց ներդրումն ունենալով կոնֆերանսի կայացմանը։ «Mamble» ընկերության տնօրեն Սոնա Մամյանն ասում է՝ «Protolab»-ի մասին իմանալուց հետո թիմին հրավիրել են իրենց գրասենյակ, ծանոթացել նրանց հետ։ «Հասկացանք՝ ինչքան պայծառ, ինչքան լավ երիտասարդներ են ու ինչքան լավ գործ են անում, իրենց տարիքի և փորձի համեմատ՝ ինչքան մեծ բեռ են վերցրել իրենց վրա ու պատրաստակամ տանում են առաջ»,- նշում է Սոնան։  Սոնա Մամյանը «Mamble»-ը կոնֆերանսի հովանավորներից մեկն է, իսկ ընկերության տարբեր մասնագետներ կոնֆերանսի ընթացքում հանդես եկան որպես բանախոսներ ու մասնակցեցին պանելային քննարկումներին։ Սոնան նշում է՝ իրենց ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունը կրթությունն է, և իրենք մտահոգ են, որ երիտասարդ մարդիկ ճիշտ սկսեն կարիերան։ «Protolab»-ի հետ էլ ջերմ հարաբերություններ են ձևավորվել, քանի որ նրանք թիրախավորում են երիտասարդներին, որոնք պետք է մասնագիտություն ընտրեն։  «Մենք մտածեցինք, որ այս միջոցառման շրջանակներում ու նաև հետագայում նրանց հետ աշխատելով, կապի մեջ լինելով, անընդհատ օգնելով մեր մասնագիտական գիտելիքներով (կլինի պրոդուկտներից օգտվել, խորհրդատվություն կամ հենց ֆինանսական աջակցություն նրանց ծրագրերի ընթացքում)` կկարողանանք մեր սոցիալական պատասխանատվության սկզբնական փուլը փակել»,- ասում է նա։ Մերի Գիշյանը նշում է՝ կոնֆերանսի բանախոսներին ընտրելիս չեն կենտորնացել մեկ-երկու մասնագիտության վրա, հրավիրել են ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների։ Երկրօյա կոնֆերանսի օրակարգը հագեցած էր․ բացի բանախոսություններից ու պանելային քննարկումներից, ինչպես նաև ազգային երգ ու պարից՝ մասնակիցները հնարավորություն ունեցան խարույկի շուրջ զրուցելու միմյանց ու բանախոսների հետ, նրանցից խորհուրդներ հարցնելու, նոր բաներ սովորելու, նաև ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվելու։ Օգոստոսի 20-ի, լույս 21-ի գիշերն անցավ Նոյեմբերյանի «Գուսանահովիտ» կոչող վայրում, որտեղ խարույկի շուրջ զրույցներից, երգ ու պարից հետո կոնֆերանսի մասնակիցները գիշերեցին վրաններում։ Աչաջուրցի Վազգենն ասում է՝ այդ ընթացքում հասցրեց զրուցել կոնֆերանսի գրեթե բոլոր բանախոսների հետ ու նրանցից հարցնել այնպիսի խորհուրդներ, որոնք կնպաստեն իր մասնագիտական աճին։ Վազգենը «Protolab»-ի անդամները պատմում են, որ իրենց լավ ընկերն էր Սոնա Մնացականյանը, որն անցած տարի այցելել էր թիմին: Նրա այցից հետո «Protolab»-ը պատվեր ստացավ «Zevit» ընկերությունից, որի անդամ էր Սոնան։ «Protolab»-ում շատ էին ոգևորվել այդ պատվերից։ Այս տարի Սոնան զոհվեց ավտովթարից։ «Protolab»-ում որոշեցին, որ կոնֆերանսի ընթացքում պիտի անցկացնեն Սոնայի անվան գաղափարների մրցույթ։ Գաղափարների մրցույթին մասնակցում էր 5 թիմ։ Մարտակերտից Մերիի ու ընկերների թիմը՝ «Bitty»-ն, նպատակ ունի իրենց քաղաքում co-working տարածք ստեղծելու։ Թալինի «Information Technology in Talin» թիմն ուզում է իրենց քաղաքում կոնֆերանս կազմակերպել, որի ընթացքում կստեղծվեն ֆոկուս խմբեր, որոնք էլ կզբաղվեն քաղաքում տեխնոպարկի ստեղծման գաղափարը կյանքի կոչելով։ Օձունի թիմն ուզում է սրճարան բացել, որտեղ կհածատեղվեն ժամանցն ու կրթությունը: Գեղարքունիքի Դրախտիկի թիմը ցանկանում է գյուղում պուրակ կառուցել։ Նոյեմբերյանի «Արմաթի» թիմն էլ ուզում է կայք, հետագայում էլ հավելված ստեղծել, որտեղ քարտեզի վրա կնշվեն Նոյեմբերյանի տարածաշրջանի պատմամշակութային վայրերը, հյուրատները ու ամեն բան զբոսաշրջիկների համար, որոնք կցանկանան այցելել Նոյեմբերյան։ Գաղափարների մրցույթում հաղթեց Օձունի թիմը՝ ստանալով 300 000 դրամ աջակցություն։ Թիմին մրցանակ հանձնեցին կոնֆերանսի հովանավոր «Zevit» ընկերության ներկայացուցիչները։ Իսկ «Protolab»-ը 150 000 դրամ խրախուսական մրցանակ հանձնեց Նոյեմբերյանի «Արմաթի» թիմին։ Կոնֆերանսի մասնակիցներն էլ պատրաստակամություն հայտնեցին մենթորություն անելու մասնակից մյուս թիմերի համար, որ նրանք ևս կարողանան իրենց գաղափարներն իրականություն դարձնել։ «Protolab»-ի անդամներն ասում են՝ կոնֆերանսը չէր կայանա առանց կամավորների։ Շուշանիկը Նոյեմբերյանից է։ Նա նշում է, որ «Prortolab»-ի թիմին օգնում է դեռ անցած տարվանից, երբ ստարտափը նոր էր հիմնադրվում, դե իսկ այս տարվա օգոստոսին որպես կամավոր մասնակցել է կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին։ Շուշանիկն ու մյուս կամավորները ողջ կոնֆերանսի ընթացքում զբաղված էին մասնակիցների գրանցման, տեխնիական ապահովման և այլ աշխատանքներով։  Աջից առաջինը՝ Շուշանիկը «Արժեք ստեղծելու համար ամենալավ տարբերակը մարդկանց հավաքելն է մի տեղ, որպեսզի նրանք թիմեր կառուցեն։ 50 համայնքներից ներկայացուցիչներ ունենք։ Մեր նպատակն է, որ ամեն համայնքում, գոնե դրանց կեսից շատում հավաքվեն երեխաները և թիմեր կառուցեն, ու ծնվեն նոր «Protolab»-եր, նոր երիտկենտրոններ, նոր թիմեր, որոնք իրենց համայնքներում կբերեն փոփոխություն»,- ասում է «Protolab»-ի համահիմնադիր Արգամը։  Մերին էլ նշում է, որ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսով չեն սահմանափակվելու․ նախատեսում են տարին երկու անգամ Նոյեմբերյանը դարձնել Հայաստանի տեխնոսիրտը և քաղաքում համախմբելով ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների, տարբեր ընկերությունների՝ կազմակերպել միջոցառումներ, համախմբել մարզեցի երիտասարդների, որ նրանք նոր գիտելիքներ ստանան ու նպաստեն իրենց հայրենիքի զարգացմանը։ Կոնֆերանսը եզրափակեց «Protolab»-ի թիմը՝ պատմելով մի տարվա ընթացքում ունեցած հաջողությունների ու դժվարությունների մասին։  «Մեկ տարվա ընթացքում, չունենալով փորձ, ունենալով շատ քիչ գիտելիքներ, կարողացել ենք ստանալ մի իրավիճակ, որ ունենք 15-ից ավելի գործընկեր, թիմը մեծացել է մոտ 2 անգամ, աճ ենք ունեցել ֆինանսական առումով, ձեռք ենք բերել գիտելիք, փորձ»,- նշեց Արգամը։ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի
19:12 - 21 օգոստոսի, 2022
«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Երեւանի «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաների նկատմամբ առերեւույթ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել  է դատարան՝ ըստ էության քննության։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։ Հիշեցնենք՝ 2020 թ․ դեկտեմբեր ամսին մի քանի ծնողներ ահազանգել էին, որ մանկապարտեզի աշխատակիցների կողմից իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Ահազանգին զուգահեռ նրանք հրապարակել էին գաղտնի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին եւ սպառնալիքներ հնչեցնում, ինչն ուղեկցվում էր հարվածների եւ երեխաների լացի ձայներով։ Միաժամանակ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով դեկտեմբերի 8-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու կամ ավելի անչափահասի նկատմամբ դիտավորյալ այնպիսի գործողությունը, որի միջոցով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք): Դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է քրեական գործը, քանի անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել, թե քանի երեխա է ճանաչվել տուժող, եւ ինչ է պարզվել նշանակված փորձաքննությունների արդյունքներով։ Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործով տուժող է ճանաչել 6 երեխա, որոնցից 5-ը ենթադրյալ դեպքի ժամանակ եղել են 2 տարեկան, 1-ը՝ 3։ Երեխաների հայրերը ճանաչվել են որպես տուժողների օրինական ներկայացուցիչներ։    Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, նշանակվել են դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց շրջանակում ստացված եզրակացությունների համաձայն՝ մանկապարտեզում երեխաների դաստիարակությամբ եւ խնամքով զբաղվող աշխատակիցների կողմից երեխաների հասցեին վիրավորական, սպառնացող արտահայտություններ հնչեցնելը եւ ծեծի ենթարկելը երեխաների համար հանդիսացել են հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա եւ ուղեկցվելով դրանից բխող վարքային եւ հուզական փոփոխություններով։ Միեւնույն ժամանակ փորձագետը եզրակացրել է, որ վաղ իմացական եւ հուզային ոլորտների զարգացվածության տարիքային առանձնահատկությունների պայմաններում հնարավոր չէ գնահատել հոգեկան ուժեղ տառապանքի առկայությունը, քանի որ երեխաները, թեեւ կարող են հիշել եւ իրենց տարիքին համապատասխան բառապաշարի սահմաններում վերապատմել ուժեղ հուզական ռեակցիա առաջացրած եւ վառ տպավորություն թողած իրողությունները, սակայն այդ իրողությունների մասին ակտիվ չհիշեցնելու, չհարցնելու, չվերապատմելու, բարենպաստ հոգեբանական պայմանների ստեղծման դեպքում արագ մոռանում են այդ իրողությունները եւ փոխում դրանց հանդեպ հուզական արձագանքը։ Դեպքից հետո մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, թե մանկապարտեզի տնօրենը Լուսինե Հայրապետյանը լռության դիմաց ծնողներին գումար է առաջարկել, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում կատարված ստուգումներով Լուսինե Հայրապետյանի կողմից ՀՀ ՔՕ-ով նախատեսված որեւէ հանցանքի վերաբերյալ բավարար ապացույցների համակցությամբ տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ այդ տեղեկությունները հերքել էր նաեւ Հայրապետյանի փաստաբանը։ ՔԿ-ից նաեւ հայտնել են, որ նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել միայն մանկապարտեզի հիշյալ դաստիարակչուհուն՝ Գայանե Արսենյանին, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գայանե Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսից որպես դաստիարակ փաստացի աշխատելով Երևանի Կամարակի 2-րդ նրբանցքի 19-րդ հասցեում գործող «Մեր Բակ» մանկապարտեզում եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր նշված պարտականությունները` չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն եւ պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն։ Ըստ մեղադրանքի՝ Արսենյանը սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող մանկահասակ երեխաների նկատմամբ՝ սպառնալով չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաեւ երեխաների պահանջով հրաժարվել է տրամադրել խմելու ջուր եւ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրանց։ Գայանե Արսենյանի պաշտպան Արամ Ղազարյանը մեր զրույցում չցանկացավ տեղեկացնել իրենց դիրքորոշման մասին՝ նշելով միայն, որ այս պահին հրաժարվում են լրատվամիջոցներին որեւէ բան հայտնել։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ քրեական գործը գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում։ Գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 16-ին։ Քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից նաեւ հայտնել են, որ մանկապարտեզին առնչվող հիշյալ քրեական գործի նյութերով հարուցվել է առանձին քրեական գործ, որի շրջանակում 2022 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել անհատ ձեռներեց Գոհար Հայրապետյանին (հանդիսանում է ԱՁ Գոհար Հայրապետյանը, որի կազմի մեջ գործել են «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզները)։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը), եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Գոհար Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը եւս ավարտվել է, այն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գոհար Հայրապետյանը, ՀՀ հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված լինելով որպես Ա/Ձ Գոհար Հայրապետյան եւ 2013 թվականի սեպտեմբերի 17-ից գրանցված լինելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Մուշ թաղամաս 131 տուն հասցեում եւ 2020 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կամարակի 2-րդ նրբանցք 19 տուն հասցեում՝ «Մեր Բակ» անվանմամբ զարգացման եւ խնամքի կենտրոնների միջոցով իրականացրել է նախադպրոցական կրթության գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ 2019-2021 թթ ժամանակահատվածում, Գոհար Հայրապետյանը, փաստացի հանդիսանալով կազմակերպության ղեկավարը, պատասխանատվություն կրելով օրենսդրության պահանջներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմման, ներկայացման համար, չարամտորեն, հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով, դիտավորությամբ խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի, «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմնին համապատասխան հաշվետվություններ չի ներկայացրել՝ այդ կերպ պետությանը դիտավորությամբ չվճարելով ընդհանուր խոշոր չափի՝ 6.453.400 ՀՀ դրամ գումար։ Գոհար Հայրապետյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Հայրապետյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Քրեական գործում անգամ ստուգման ակտ առկա չէ, մեզ չի պարզաբանվել, թե այդ հարկերը որտեղից են գոյացել, մի քանի անգամ տիկին Հայրապետյանը ասել է, որ պատրաստ է վճարել եւ չի խուսափում, եւ իրականում էլ պատրաստ է, պարզապես մեզ չեն պարզաբանում, այդ հաշվարկը մեզ համար մութ է մնացել: Յուրաքանչյուր թիվ, որը կներկայացվի եւ հասկանալի կլինի, տիկին Հայրապետյանը պատրաստ է վճարել»։  Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկի հետ համաձայն չեն եւ իրենց անձնական հաշվարկն ունեն․ թե ըստ դրա՝ ինչ գումարների մասին է խոսքը, պաշտպանն առայժմ չմանրամասնեց՝ նշելով, որ քրեական գործը պետք չէ լուրջ ընկալել․ «Օրինակ՝ պատերազմի օրերին այն բոլոր երեխաներին, ում ծնողները մասնակցել են ռազմական գործողություններին, անվճար է ծառայություն մատուցել, բայց դրանք էլ են հաշվել որպես հարկ, նման խնդիրներ կան, որ մեզ համար անընդունելի են, ես չգիտեմ՝ նմանատիպ հաստատություններ, որ այդ կերպ են վարվել, բավականին շատ էին երեխաները, ում ծնողները մասնակցում էին պատերազմին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հաշվետվություններին, Պողոսյանի խոսքով՝ դրանք ներկայացվել են․ «Անգամ երբ արդեն քրեական գործ կար, օրագրերից սկսած, իր ձեռագրով գրած տարիների հաշվարկը, ամեն ինչը ներկայացվել է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պայքարելու են արդարացման համար։ Գոհար Հայրապետյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան
18:14 - 09 օգոստոսի, 2022