ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ է սահմանվել․ Ստանիսլավ Զաս |armenpress.am|

Ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ է սահմանվել․ Ստանիսլավ Զաս |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ սահմանվել։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել 5 անգամ՝ քննարկելու հրատապ խնդիրները։ Սա առաջին անգամն է մեր կազմակերպության պատմության մեջ։ Երեք անգամ նիստ է հրավիրվել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվել է մոնիթորինգային առաքելություն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ: Կցանկանայի ընդգծել աշխատանքների օպերատիվությունը, որը գրանցվեց սեպտեմբերյան այս իրադարձությունների ընթացքում»,- ասաց Զասը: Զասի խոսքով՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերի օրը, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները հավաքվել են առցանց ձևաչափով ՝ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով անցկացնելու համար, որի ընթացքում քննարկել են իրավիճակը: «Անմիջապես որոշվեց մոնիթորինգային առաքելություն ուղարկել Հայաստան։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երևան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ և արդյունավետ գործել: Այդ առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման ժամանակակից միջոցների վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք որոշումներ, որոնք քննարկվել են սույն թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության նստաշրջանում: Կցանկանայի ակնկալել, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք շատ կարևոր փոխլրացնող երկու փաստաթղթերի փաթեթային ընդունման. Խոսքը Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մասին է՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի»,- եզրափակեց Զասը:
15:40 - 19 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ն կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության ՌԴ-ի նախաձեռնությունները. Գոնչար |armenpress.am|

ՀՀ-ն կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության ՌԴ-ի նախաձեռնությունները. Գոնչար |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում Ռուսաստանի համագործակցության նախաձեռնությունները՝ երկկողմ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը: «2021 թվականի մայիսի 6-ին Սերգեյ Լավրովի ՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկկողմ միջկառավարական փոխըմբռնման հուշագիր։ Դրա դրույթներին համապատասխան՝ ընթացիկ տարվա մարտին տեղի են ունեցել կենսաբանական անվտանգության վերաբերյալ օգտակար միջգերատեսչական խորհրդակցություններ։ Հայ գործընկերներին ցուցադրվել են բժշկակենսաբանական անվտանգության ոլորտում ռուսական մշակումները։ Տեսնում ենք, որ Երևանում պատրաստ են մեծացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ ներառյալ օրենսդրական կարգավորման փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքների կատարելագործումը, կադրերի պատրաստումն ու որակավորման բարձրացումը, պատվաստանյութերի և բժշկատեխնիկական սարքավորումների համատեղ արտադրությունը»,- ասել է Գոնչարը: Գոնչարը անդրադարձել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը ու ասել, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ «Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը, կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին: «Մենք նաև պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների և փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը», - հավելել է Գոնչարը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում: «Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի  ժամանակին», - հավելել է նա:
13:31 - 10 դեկտեմբերի, 2022
Մեր ակնկալիքներից է ֆիքսել, թե Հայաստանում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. Փաշինյան |1lurer.am|

Մեր ակնկալիքներից է ֆիքսել, թե Հայաստանում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ գագաթնաժողովին ու Հայաստանի ակնկալիքներին: «Մեր ակնկալիքը եղել է երկու բան: Առաջինը՝ ֆիքսել, թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար: Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Հիմա շատ շեշտվում է, որ օգնության է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Սա շատ կարևոր է պարզաբանել, այնտեղ կա մի տող՝ ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական ՀՀ-ին: Նախ պարզ չէ, թե ի՛նչ օգնություն է առաջարկվում։ Երկրորդը՝ այդ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որ հաստատված է մեր սահմաններում: Առանց հստակ գնահատականի ընդունել մոնիթորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից այդ տարածքում կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ: Օրինակ՝ Պրահայում տեղի ունեցավ, որ կողմերը հստակ արձանագրում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ ԵՄ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ»,- ասաց Փաշինյանը:
19:22 - 07 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն Հայաստանի համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, դաշնակիցների կողմից փաստի արձանագրումը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի, որոնք ուղարկվել են լրամշակման: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է լրամշակման գործընթացը, և Հայաստանն արդյոք ակնկալիքներ ունի՞ այդ փաստաթղթերից: «Ակնկալիքը մեկն է՝ հստակորեն արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այս փաստի արձանագրումը ու դրանից բխող գործողությունների ձեռնարկումը: ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի՝ նաև ռազմական ճանապարհով: Եվ ահա մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով կվերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքները շարունակվում են: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ՀԱՊԿ-ից օգնության ի՞նչ առաջարկ է եղել:   «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների, միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց, կրկնում եմ՝ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականի հարցն է, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող էինք դիտարկել նաև մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, այսինքն՝ ադրբեջանական զորերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ»,- պարզաբանեց Միրզոյանը: Նախարարն ասաց, որ որոշումը չի ընդունվել, այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելու համար, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի:
19:07 - 07 դեկտեմբերի, 2022
Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության բարելավման նախագծին

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության բարելավման նախագծին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին և 15-րդ լիագումար նիստին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման վերաբերյալ հանձնարարականների  նախագծին, որը քննարկման է ներկայացվել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմամբ: «ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրություններին և հանրաքվեներին արտաքին միջամտության աճող սպառնալիքների համատեքստում մեծանում է այս ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման արդիականությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Հանձնարարականների նախագծով լրացվում է ԱՊՀ և ՀԱՊԿ մոդելային ակտերի գործող համակարգում առկա բացը: Նախագիծը ձևակերպում է ընտրություններին և հանրաքվեներին օտարերկրյա միջամտության և ընտրական ինքնիշխանության հայեցակարգը, պարունակում է ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության միջազգային իրավական դաշտի վերլուծություն, սահմանում նպատակներն ու խնդիրները: Նախագծում ամրագրված են նաև ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության հիմնական առաջարկվող միջոցառումները, այդ թվում՝ օրենսդրական գործունեության համատեքստում:Ըստ Հակոբ Արշակյանի՝ նախագծի հայեցակարգային դրույթները լիովին համապատասխանում են իրական իրողություններին, համակարգված և հիմնավորված են, փաստաթուղթն անցել է վեհաժողովի սահմանած փորձաքննության բոլոր ընթացակարգերը: Նա հավելել է, որ նախագծի  ընդունումը թույլ կտա համախմբված զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների և ընտրական ինքնիշխանության պաշտպանության առաջարկվող համապարփակ բաղադրիչը: Հակոբ Արշակյանն առաջարկել է աջակցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմանը ներկայացված հանձնարարականների նախագծի վերաբերյալ, ինչպես նաև այս հարցով լիագումար նիստի որոշման նախագծին:
18:00 - 05 դեկտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց հանրապետության համար՝ երկուշաբթի Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ТАСС-ը։ Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։ «Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու վեց կետից բաղկացած միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ, որն արժանացել է բոլոր պետությունների հավանությանը»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Այն ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա դիտորդական առաքելության երկարաձգումն է ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվար հատվածներում, ինչն էլ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օպերատիվ միջոցներ, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության տրամադրում»,- ասել է Զասը։
17:55 - 05 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը մտադրություն ունի փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը մտադրություն ունի փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, եւ այս համատեքստում է, որ տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունները պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն: «Աշխատանքներ են տարվել արտաքին քաղաքական համակարգման եւ փոխադարձ աջակցության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով կազմակերպության խորհրդարանական համագործակցությանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է համակարգել օրենսդրական աշխատանքը մոդելային ակտերի ընդունման եւ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցով: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին: «Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարեւոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական եւ քաղաքական աջակցությունը, եւ հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝ Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ, Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, եւ չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում: Ծավալուն ելույթում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «Այսօր մեր առջեւ խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը եւ հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովումը: 
17:15 - 05 դեկտեմբերի, 2022
Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում |tert.am|

Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում |tert.am|

tert.am: Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է հանրապետության նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով, երկուշաբթի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխվեն: Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, սա մեզ շատ է մտահոգում։ Կարծես թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի այն պարագայում, երբ մեծ ուշադրություն է դարձվում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,- ասել է Սիմոնյանը:
16:33 - 05 դեկտեմբերի, 2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի արտահերթ նիստը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի արտահերթ նիստը

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին ուղարկված փաստաթղթերը:
14:41 - 29 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իրավիճակը հասարակ չէ, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին․ այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը առաջարկում է ՀԱՊԿ-ը Հայաստանին ուղղված օգնության շրջանակներում, իսկ այդ միջոցառումները բազմազան են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, ու այդ թվում՝ այդ սահման առաքելություն ուղարկելով, որը իրապես կգնահատի իրավիճակը․ նրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների աջակցությունը ստացել են»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին- խմբ.), համախմբված գնահատական տալն է այն իրավիճակին, որը ստեղծվել է այնտեղ»։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Երևանում։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին ասել էր, որ պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։ Իսկ Ստանիսլավ Զասը նշել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի։ Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակն ավելի ուշ մեկնաբանել էր հարցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։
22:42 - 27 նոյեմբերի, 2022
ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

ԱԺԲ-ն հանրահավաք, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով

«Ազգային-ժողովրդավարական բևեռն» այսօր՝ նոյեմբերի 26-ին, հերթական հանրահավաքը, ապա երթ իրականացրեց՝ Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով։Կազմակերպիչների խոսքով՝ այսօրվա հանրահավաքը նվիրված է աշխարհաքաղաքական զարգացումներին ևս, սակայն հիմնական ասելիքը վերաբերելու է Վարուժան Ավետիսյանին, նրա առողջական վիճակին, նրան անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուն։  Անդրադարձավ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին՝ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասաց, որ դրա արդյունքներով Հայայաստանը ոչինչ չստացավ, քանի որ ակնկալում էր հստակ գնահատական գոնե քաղաքական, եթե ոչ ռազմական աջակցության տեսքով․ «Փոխարենը ՀԱՊԿ-ը ստացավ այն, որ ՀՀ-ն մնաց ՀԱՊԿ կազմում և որպես ՀԱՊԿ անդամ՝ հնարավորություն չի ունենա օգտվել Արևմուտքի բազմաթիվ առաջարկներից», - ասաց նա՝ նշելով, որ հիմա քաղաքական շատ գործիչներ՝ այդ թվում ռուսական և ամերիկայն, «հիացած գրառումներ են անում», թե Փաշինյանը չստորագրեց «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, Գասպարյաննի խոսքով՝ Հայաստանն այս քայլով էլ ոչինչ չստացավ։  «Երբ հանրային պահանջ է առաջանում Հայաստանում, Կրեմլը միշտ ինչ-որ խաղ է գտնում Փաշինյանի հետ, որ չեզոքացնի այն։ Պատերազմից հետո առաջացել էր Փաշինյանի հեռացման հանրային պահանջ, որը չեզոքավեց Քոչարյանի, նիախկինների միջոցով, Նիկոլը գնա նախկինները հետ կգան և այլն։ Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալու հանրային պահանջը վարպետորեն չեզոքացնում են այս էժան Նիկոլ-Պուտին-Լուկաշենկո խաղերով», - հանրահավաքի իր ելույթում նշեց ԱԺԲ խորհրդի անդամը։ ԱԺԲ համակիր Աննա Հարությունյանը անդրադարձավ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրին․ «Հուսով եմ՝ ամբողջ ազգն է գիտակցում, որ կշեռքի նժարին դրված է մարդու լինել-չլինելու հարցը։ Բավակա՛ն է, համախմբվենք մեկ մտքի շուրջ, հասկացե՛ք՝ մարդու իրավունքներ են խախտվում։ Ռեժի՛մ, զգուշացի՛ր և վախեցի՛ր ազգային գաղափարը կրող երիտասարդներից»։ Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրին․ այսօրվա երթը Վարուժան Ավետիսյանի խնդրի լուծման պահանջով էր։ Գլխավոր լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից
20:23 - 26 նոյեմբերի, 2022
Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովը և Փաշինյանի հետ հանդիպումը
 |azatutyun.am|

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովը և Փաշինյանի հետ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Անվտանգության խորհրդի անդամների հետ երկրի համար կարևորագույն այլ հարցերի թվում քննարկել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած գագաթնաժողովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը: «Խոսելու բան կա՛: Գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Բազմակողմ ձևաչափով և հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ՝ այնտեղ կար մի քանի հարց, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, խոսենք նաև այդ մասին», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Պուտինը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։ Նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
13:50 - 26 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահության որոշմանը, որը անհնարին է դարձրել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներս, դրսևորելով համերաշխություն, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության աննախադեպ որոշմանը, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։  Մենք նշում ենք, որ նման գործողությունները խախտում են ԵԱՀԿ նորմերը, ընթացակարգը և նրա որոշումներ կայացնող մարմինների որոշումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Պորտոյի որոշումը (2002 թ.) գործող նախագահության դերի վերաբերյալ, ըստ որի՝ նա պարտավոր է թույլ չտալ, որ իր գործողությունները չհամապատասխանեն բոլոր մասնակից պետությունների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին, և ապահովել, որ հաշվի առնվի մասնակից պետությունների տեսակետների ողջ շրջանակը։ Հայտարարում ենք, որ, ոտնահարելով ռուսական պատվիրակության իրավունքները, Լեհաստանի նախագահությունը չի կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ, որը ներկայումս անվտանգության և համագործակցության առավել ներկայացուցչական համաեվրոպական կազմակերպությունն է։ Ընդունող երկրի ազգային օրենսդրության դրույթները և տարբեր ինտեգրացիոն միավորումների կանոնակարգերը ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից վեր դասելը կազմակերպության ոգուն անհամապատասխան ենք համարում։ Գործող նախագահության նման քայլերը վնասում են ԵԱՀԿ գործունեությանը։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չուղարկելու որոշմանը, որով խախտվել է երկարամյա պրակտիկան։ Մենք ԵԱՀԿ գործող նախագահությանը կոչ ենք անում ապահովել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների՝ առանց բացառության, հավասար և ներառական ներկայացվածությունը, ինչպես նաև կոչ ենք անում ԵԱՀԿ ինստիտուտներում և կառույցներում ապագա նախագահություններին՝ կառուցողականորեն մոտենալ իրենց դերին, ապահովել իրենց մանդատների և կազմակերպության բոլոր անդամների մասնակցության պրակտիկան՝ ԵԱՀԿ բոլոր պետությունների երկխոսության և համագործակցության հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։ ՌԴ ԱԳՆ-ից այս որոշումն անվանել են աննախադեպ ու սադրիչ։ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։  
17:42 - 25 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին
 |armenpress.am|

ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին: ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարված աշխատանքներին: «Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանություն, բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Կարծում եմ՝ սրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը: Հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց. «Այդ աշխատանքը իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը: Հարցին՝ թե արդյոք բավարար քայլեր ձեռնարկվում ե՞ն ռուսական և հայկական կողմից արտաքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ և որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նույն բարձր մակարդակի վրա մնան, Կոպիրկինը պատասխանեց. «Իմ կարծիքով շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն և հարմարվեն նոր իրողությանը և նոր աշխարհին: Հավատացեք՝ դա շատ բարդ է, և երկու կողմից պահանջում է մեծ համբերություն, համառություն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել: Իհարկե, կա խնդիր, չէր կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով»,- ասաց Կոպիրկինը:
16:00 - 25 նոյեմբերի, 2022
Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը․ Պեսկով |tert.am|

Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը․ Պեսկով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:«Ո՛չ»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին հռչակագրի նախագիծը չստորագրելու հանգամանքը։«Ո՛չ, ոչ մի կերպ (չի ազդի), որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ընդգծել է նա։Պեսկովի խոսքով՝ ընդհակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել մասնակից պետությունների համար նման կազմակերպության աճող անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։
17:38 - 24 նոյեմբերի, 2022