ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

«ՔՈ» ՍԴ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները

«ՔՈ» ՍԴ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի հայտարարությունն Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․ «Սույն թվականի օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից խախտվել է Ամուլսարի հարցում երկու տարի առաջ ձևավորված ստատուս քվոն՝ հեռացվել են հանրային տարածքում քաղաքացիների տեղադրած վագոն-տնակները և դրանց տեղում տեղադրվել են ընկերության տնակները։ Այս սադրանքը մեկ ամիս առաջ սկսած սադրիչ ռազմավարության մի հերթական քայլ է, որով նրանք փորձ են անում պահնորդական զինված խմբի միջոցով լուծել իրենց խնդիրները և քաղաքացիներին ներքաշել ապօրինությունների մեջ: Մասնավոր ռազմականացված կազմակերպությունը դարձել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ճնշման գործիք:Ստեղծված իրավիճակում քաղաքացիների պահանջներն են.1. Ընկերությանը պատկանող վագոն տնակները պետք է հեռացվեն2. Ապօրինություններ և սադրանքներ իրականացնող պահնորդական խումբը պետք է հեռացվի3. Կառավարությունը պետք է հստակություն մտցնի վերջնական որոշման ժամկետների հարցումՆշված միջանկյալ քայլերը անհրաժեշտ են ընկերության կողմից այս օրերին ստեղծված լարվածությունը մեղմելու համար։Քաղաքացիների հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը։«Քաղաքացու որոշում» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները:Նախ դատապարտելի ենք համարում, որ այս սադրանքը իրականացվել է համավարակի պայմաններում՝ հաշվարկ ունենալով, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրացնել իրենց իրավունքները։Դատապարտելի է, որ կառավարությունը այս հակամարդկային հաշվարկի մեջ դարձել է մի սովորական գործիք և ստանձնել է արդար ու խաղաղ հավաքները ճնշելու գործառույթ։Ի վերջո դատապարտելի է քաղաքացիներին ավելի քան երկու տարի հյուծող խնդրի լուծումը հետաձգելու, քաղաքացիներին վերազգային կապիտալի դեմ միայնակ թողնելու, ողջամիտ փաստարկներն անտեսելու և հռչակված սկզբունքները խախտելու կառավարող ուժի գործելաոճը։Կառավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսևորել, հարցին տալ վերջնական լուծում՝ լուծման հիմքում դնելով հեղափոխական արժեքները, սկզբունքները և մարդու անքակտելի իրավունքները։ Սա է իրական հեղափոխական ուժի առաքելությունը և գործելաոճը»։
14:18 - 07 օգոստոսի, 2020
Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը: Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար: Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:
12:16 - 07 օգոստոսի, 2020
ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին

ՍԱՏՄ խստացված ստուգայցերը փաստում են խախտումների կայուն նվազման մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ հանրապետությունում ողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում կտրուկ նվազել է ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների քանակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերջին երեք օրերի և այսօրվա խստացված մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու հանրային սննդի կազմակերպություններում արձանագրել են ակնկալվող դրական արդյունքը. տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկիտ հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը, և խախտումներ հայտնաբերվել են միայն երեք օբյեկտներում: Մարզերում ևս պատկերն ավելի բարվոք է եղել. նախկինում հայտնաբերված թերացումների համեմատ՝ այսօր արձանագրվել են նվազագույն քանակի խախտումներ: Խախտումների բնույթը կրկնվում է՝ գրանցամատյանների թերի լրացում, փակ աղբամանների բացակայություն, ախտահանիչ միջոցների ոչ բավարար քանակ, դիմակների ոչ պատշաճ կրում և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:12 - 06 օգոստոսի, 2020
Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորեց վերջ տալ հին տրամաբանությանը |armenpress.am|

Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորեց վերջ տալ հին տրամաբանությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերջ տալ այն հին տրամաբանությանը, որ որևէ նոր ստեղծվող կառույցում կարելի է օգտագործել հին և օգտագործված գույքը: Օգոստոսի 6-ի կառավարության նիստում Փաշինյանը նշեց, որ Ոստիկանությունում ստեղծվող նոր Պարեկային ծառայությունում պետք է որևէ հին բան չլինի: «Քննարկումների արդյունքում կարծիք հնչեց, որ տարբեր տեղերում պետական մեքենաներ ենք կրճատում, կարելի է դրանք տրամադրել պարեկային ծառայությանը: Ոչ, Պարեկային ծառայությունում որևէ հին, օգտագործված բան պետք է չլինի, սկսած ատրճանակից, շարունակած՝ հագուստով, վերջացրած՝ մեքենաներով, կապի միջոցներով: Ամեն ինչը պետք է լինի նոր, զրոյից ստեղծված»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հին տրամաբանությամբ ծախսված ամեն կոպեկը համարում է վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում ոչինչ չի փոխվում: «Չի կարելի նոր դպրոց կառուցելիս հին դպրոցի գույքը դնել այդտեղ: Դա շատ վատ բան է բոլոր առումներով: Կարելի է մի տեղ մի բան ավելի պակաս կառուցել, բայց նորը դարձնել լիարժեք նոր»,- նշեց վարչապետը:
14:06 - 06 օգոստոսի, 2020
Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի |civilnet.am|

Աջափնյակում հակակոռուպցիոն կոմիտեի շենք կկառուցվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում ձևավորվելիք հակակոռուպցիոն կոմիտեի շենքի նախագծման համար արդարադատության նախարարությանը կառավարությունը 51 միլիոն դրամ հատկաեցրեց։ Հարցն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի օրակարգում և չզեկուցվող էր։  Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանում հահակոռուպցիոն ռազմավարությունը ենթադրում է 2021-ին նոր հակակռուպցիոն մարմնի ստեղծում և այդ կոմիտեին առանձին տարածքի տրամադրում և շենքի կառուցում։ 2020-ի մարտին Երևանի քաղաքապետարանը կառավարությանը նվիրատվությամբ հանձնել է Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» երկաթգծի կայարանի հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը։ Այն սկիզբից անցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը, ապա արդարադատության նախարարությանը։ Նախարարությունը շենքի կառուցման նախագծային աշխատանքների համար ստացել է 51 միլիոն դրամ։ Նախագծայիյն աշխատանքները կտրեն մոտ 6 ամիս։ Շինարարության համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տեղեկություն որոշման մեջ առկա չէ։ 
13:47 - 06 օգոստոսի, 2020
Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը. Փաշինյան |armenpress.am|

Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը պետք է դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ադրբեջանական հրետակոծությունից տուժած Տավուշի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող շինարարության մեջ ներդնել նոր Հայաստանի փիլիսոփայությունը: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 6-ի գործադիրի նիստում՝ Տավուշի մարզպետարանին նշված շինարարական աշխատանքների համար լրացուցիչ գումար հատկացնելու հարցի քննարկման ընթացքում: «Պետական շինարարության և ոչ պետական շինարարության ընկալման տարբերությունը պետք է վերանա: Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք միայն չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ, չպետք է հասկանանք միայն չորս նստարան և մեկ ցայտաղբյուր: Պետք է այս պետական շինարարության հետ շինարարական նոր գույն, փիլիսոփայություն մտնի այդ փոքր տարածքներում: Մեր արած գործի մեջ պետք է արտահայտվի այն, ինչ մենք խոսում ենք: Մենք խոսել ենք գյուղերում գույների բացակայության մասին, քաղաքաշինական խնդիրների, միջավայրի խնդիրների մասին: Անթույլատերի է, որ այդ խոսելուց հետո մեր կառուցածի վրա այն չարտահայտվի: Այս առաքելությունը շատ պատասխանատու է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ պետք է այնպես անել, որ Տավուշում զրոյից կառուցվող պուրակն ու բնակելի տունը դառնան նոր Հայաստանի խորհրդանիշը: «Աշխատանքների արդյունքում պետք է գամ և ցույց տամ ու ասեմ, որ սա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից նոր պուրակ ու տուն ենք կառուցում»,- նշեց վարչապետը:
13:38 - 06 օգոստոսի, 2020
Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

pastinfo.am: Երեկ քննարկել ենք Հանրակրթության պետական չափորոշիչը, որն արդեն շրջանառության մեջ է, այսինքն վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում մենք պետք է կառավարության նիստով ընդունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն նախագիծը, որը շրջանառության է դրված, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ և այս ընթացքում կլավարկվի, քանի որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով և այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք։ Ինձ մոտ քննարկումներ կունենանք նաև առարկայական չափորոշիչների վերաբերյալ։ Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից։ Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևոր և առանցքային նշանակություն»,-ասաց վարչապետը։
12:48 - 06 օգոստոսի, 2020
Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևան, Աբովյան, 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով հատկացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման արդյունքում ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում: «2020թ.  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի վարչական շենքից ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 շենք»,- նշված է հիմնավորման մեջ:
12:08 - 06 օգոստոսի, 2020
Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի վերականգնման համար

Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի վերականգնման համար

Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը Հուլիսի վերջին 25 մլն դրամ էր հատկացվել հրետանակոծությունից վնասված շինությունների վերականգնման աշխատանքները սկսելու համար։
11:48 - 06 օգոստոսի, 2020
Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին |tert.am|

Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կկայացվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որոշ քաղաքացիների: Նրանք են՝ Նավասարդ Կամոյի Հակոբյանը, Լևոն Խաչատուրի Գևորգյանը, Միքայել Գևորգի Հարությունյանը, Խաչիկ Արմենակի Անդրեասյանը, Մարտին Խորենի Շահբազյանը, Դավիթ Արսենի Աբրահամյանը, Էդուարդ Մհերի Հրմուշյանը, Սևան Ավետիսի Ղարիբյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ որոշ քաղաքացիների տարկետում կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը: Այսպիսով, Հովհաննես Գևորգի Կոշեցյանը, Արտյոմ Արթուրի Ղազարյանը, Համլետ Արթուրի Սարգսյանը, Հայկազ Արթուրի Եսայանը, Ռուբեն Մանվելի Մովսիսյանը ուսումնառությունը ավարտելու են 2021 թվականի  հունիսի 30-ին, Վահագն Վաչագանի Խաչատրյանը և Արտուր Սամվելի Դավթյանը ուսումնառությությունը ավարտելու են 2021 թվականի  փետրվարի 26-ին, Կարեն Ռուդիկի Հովհաննիսյանը ուսումնառությունը ավարտելու է 2021 թվականի փետրվարի 28-ին, Սահակ Անդրանիկի Ավագյանը ուսումնառությունը ավարտելու է 2022 թվականի հունիսի 30-ին:
11:28 - 06 օգոստոսի, 2020
Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին

 |armenpress.am|

Աբովյան փողոցում գտնվող Սպորտի նախարարության նախկին շենքը կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աբովյան 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով կամրացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման հետևանքով ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում: «2020թ.-ին  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք.Երևան, Կենտրոն Աբովյան 9 հասցեի վարչական շենքից ք.Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2  շենք»,- ասված է հիմնավորման մեջ:
21:38 - 05 օգոստոսի, 2020
Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

Հանրային ծառայողը պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) լիազորություններն ամբողջովին ընդլայնել: Ըստ առաջարկի` ընդլայնվելու է հայտարարատու անձանց շրջանակը, ընդհուպ մինչև ավագանու անդամներ, պաշտոնատար անձի փաստացի տիրապետած գույքի մասին ինֆորմացիա ստանալու համար ԿԿՀ-ն իրավասություն է ստանալու դիմել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ողջունում է ներկայացված փաթեթը, կարծում է, որ այն կարող է իրավական առումով ճիշտ լուծում լինել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, սակայն հավելում` փաստացի երկար ժամանակ է հարկավոր, որ իրավական համակարգն էլ վերափոխվի: Օպերատիվ-հետախուզական մարմինների աշխատակիցների մի հատվածի կապը նախկին համակարգի հետ ակնհայտ է, հետևաբար կա նաև կաշկանդվածություն: «Միակ խնդիրն այն է, որ օպերատիվ հետախուզական մարմինը նոր գործողություն կատարելու խնդիր չտեսնի, այսինքն գործողություն, որն իրենից ենթադրում է ներքին, արտաքին դիտում: Հանկարծ չլինի այնպես, որ հանրային ծառայողի գույքին առնչվող ինֆորմացիա ճշտելու համար օպերատիվ մարմինը ներքին դիտում անի կամ օգտվի այն գործիքակազմից, որը նախատեսված է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով: Հստակ պետք է տարանջատվի` ինֆորմացիա, որը առկա է, և որը նոր գործողություններով պետք է ձեռք բերվի»,- ասում է Մարտիրոսյանը: Պաշտոնատար անձի փաստացի տնօրինվող գույքի մասին ինֆորմացիան հայտարարագրելու պարտադիր պահանջը, ըստ փորձագետի, հիմնավորված է, քանի որ պրակտիկայում շատ են նման դեպքերը, երբ պաշտոնյան իր գույքը այլ անձի անվամբ է հաշվառում: Մարտիրոսյանն օրինակ է բերում, երբ պաշտոնյան 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենա է վարում, ու ասում` հորեղբորս տղայինն է: Պաշտոնատար անձի` լիազորությունները դադարեցվելուց հետո իրավիճակային հայտարարագիր լրացնելու պահանջը շատ երկրներում է առկա: ԹԻՀԿ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն այն կարծիքին է, որ անձը եթե ցանկանում է դառնալ հանրային ծառայող, պետք է պատրաստ լինի գույքի ու եկամուտների համալիր ստուգման, նաև` պաշտոնավարելուց հետո որոշակի հաշվետվություններ ներկայացնելու: Ասում է` քիչ չեն դեպքերը, երբ անձը պաշտոնավարելուց մեկ տարի անց սկսում է ակնհայտ շռայլ կյանք վարել, հետևաբար այդ կտրուկ հարստանալն էլ պետք է դիտարկել օպերատիվ տեղեկատվության գործիքակազմի մեջ: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:26 - 05 օգոստոսի, 2020
Թույլատրվել է լողավազանների գործունեությունը, սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար

Թույլատրվել է լողավազանների գործունեությունը, սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար

Թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ ԱՆ 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։ Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։ Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:
20:55 - 03 օգոստոսի, 2020
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները: Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կառավարության օժանդակությունը և շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով: Վարչապետ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով ևս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
20:45 - 03 օգոստոսի, 2020