Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարված են հասցրել Ստեփանակերտին և Շուշիին: Հերթական անգամ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման է ենթարկվել բժշկական հաստատությունների համալիրը, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Համալիրի տարածքում գտնվող Հանրապետական բժշկական կենտրոնը Արցախի խոշորագույն առողջապահական հաստատությունն է, որտեղ բուժվել են, այդ թվում, վերջերս վիրավորում ստացած ֆրանսիացի և ռուս լրագրողները, ինչպես նաև՝ ադրբեջանցի ռազմագերիները: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդկաններին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող հարձակման օբյեկտ դառնալ: Բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումները պատերազմական հանցագործություն են: Ստեփանակերտի ծննդատան վրա այսօրվա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի աղաղակող անհարգալից վերաբերմունքի հերթական համոզիչ ապացույցն է, ինչը վկայում է, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած՝ նույնիսկ ամենազազրելի արարքների: Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը: Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին վերջ դնելու օպտիմալ և արդյունավետ ոչ ռազմական միջոցներն են»:
01:00 - 29 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված ԱՀ-ի ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակ

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաև բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով: Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի  ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որևէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար և ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:
22:53 - 26 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԳ նախարաը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով Արցախին սատարող բանաձևի ընդունման համար

ԱՀ ԱԳ նախարաը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով Արցախին սատարող բանաձևի ընդունման համար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Նամակում, մասնավորապես, նշված է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց ապագան որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության՝ աներկբա կերպով հայտարարելով, որ թույլ չի տա, որ չարը հաղթի: Մասիս Մայիլյանը Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից խորին երախտագիտություն է հայտնել արցախցիների խաղաղ ապրելու ձգտումներին հաստատուն աջակցության համար՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին: 
16:02 - 25 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ-ի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Մասնավորապես՝ նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին:
22:52 - 24 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:   Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ: Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում: Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:
18:11 - 24 հոկտեմբերի, 2020
Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։  Քաղաքային խորհուրդը մասնավորապես՝ Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան։ Դատապարտում է թիրախային գնդակոծություններն ու հրթիռային հարվածները Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Ռայդի քույր քաղաք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։ Կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը հաստատուն կերպով միանալ Ռայդ քաղաքին և կոչ անել Ադրբեջանին և Թուրքիային հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը։ Նշում է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հակամարտության միակ տևական լուծումն է և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:  Ռայդի քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել $5000 փոխանցել Համահայկական հիմնադրամին որպես մարդասիրական օգնություն Արցախին:
10:46 - 24 հոկտեմբերի, 2020
Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։ Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել «La Libre» պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր: Կոչում մասնավորապես ասված է՝ Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում: Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային ՝ ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար: Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով): Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումներին՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները ՝ առաջնությունը տալով մարդկանց: Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է։
19:39 - 20 հոկտեմբերի, 2020
ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։ Արտակ Բեգլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի: Պաշտպանը ներկաներին իրազեկեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։ Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:      Արման Թաթոյանն անդրադարձավ նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակեց որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:              Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավվումը: Մասիս Մայիլյանը շեշտեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:     Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նախապես ծրագրավորված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է: Նա հավելեց, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական  ներուժով՝ այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայման տեսքով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:
22:35 - 19 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի կոպտագույն խախտումը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի կոպտագույն խախտումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, ադրբեջանա-թուրքական ուժերը առաջնագծի տարբեր հատվածներում երեք անգամ խախտել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերում էլ: Ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում՝ հյուսիսային ուղղությամբ, իսկ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատվածում հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը հրթիռահրետանային գնդակոծության է ենթարկել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերը: Առավոտյան ժամը 07:20-ին՝ հրետակոծությունից հետո, ադրբեջանա-թուրքական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել առաջնագծի հարավային հատվածում՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի երկայնքով: Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով  կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հերթական անգամ Ադրբեջանը և Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները և, ընդհանուր առմամբ, բանակցությունները շարունակում են դիտարկել բացառապես հակամարտության ռազմական լուծման համատեքստում:  Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը: Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում»,- ասված է հայտարարության մեջ:
17:01 - 18 հոկտեմբերի, 2020
Միջազգային հանրությունը պետք է խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան․ ԱՀ ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ․ «Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ: Ադրբեջանա-թուրքական ուժերի շարունակվող հարձակումներն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա, ինչպես նաև հարվածները Հայաստանի Հանրապետության տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու և դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին: Այն պայմաններում, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը համառորեն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից ընդունված հումանիտար զինադադարի մասին համատեղ հայտարարությունը, ինչպես նաև անտեսում է քաղաքակիրթ աշխարհի՝ արյունահեղությունը կանգնեցնելու կոչերը, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան: Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու առավել արդյունավետ ոչ ռազմական միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»:
19:48 - 17 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին

Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար։Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է ընդունել 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ հայ բնակչությանն օժանդակելու նպատակով։ Շրջանի նախագահ Լորան Վոքիեն նիստին հնչեցրած իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօր Արցախը մեր կարիքն ունի։ Հայաստանը մեր կարիքն ունի։ Եվ սա այն պահն է, երբ չպետք է չեզոք լինենք մեր իսկ պարտականությունների առջև, այլ ընդհակառակը՝ պետք է օգնություն ցուցաբերենք։ Այսօր մի ամբողջ բնակչություն է ռմբակոծվում։ Չնայած որոշում կայացնելը հեշտ չէ, այնուամենայնիվ մենք չենք ընկրկում այս դժվարության առջև և պարտավոր ենք օգնել հայ ընտանիքներին։ Հայերը Ֆրանսիայի կողքին են եղել, երբ մենք դրա կարիքը ունեինք։ Այսօր մեր շրջանի մակարդակով մենք կարող ենք այս համեստ օգնությունը տրամադրել՝ ի պատասխան հայ համայնքի սպասումների»։Լուսանկարը՝ 2019թ.
15:14 - 17 հոկտեմբերի, 2020
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել

Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել

Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:«2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ:Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև՝ զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող օրենքների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, թուրք-ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հրետակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու և ավերածություններ պատճառելու նպատակով: Այդ հրետակոծությունների ընթացքում խաղաղ բնակչության շարքերում վիրավորվել են նաև բազմաթիվ լրագրողներ:Հայաստանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներից ստացված լուսանկարներում տեսնում ենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված՝ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Սա Թուրքիայի միջամտության վառ օրինակ է:Ադրբեջանական ուժերն օգտագործում են կասետային զինամթերք և տարբեր տրամաչափերի այլ զենքեր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու մասին մշտական կոչերը և փորձելով ուժի կիրառման միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս շարունակում են համատեղ լայնածավալ ռազմական գործողությունները:Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը: Ներկայիս իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ օպերատիվ մեխանիզմն է:Այդ պատճառով դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար:Խստորեն դատապարտում ենք Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան, հատկապես՝ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությունները, ինչպես նաև՝ Թուրքիայի միջամտությունն ու սիրիացի և լիբիացի վարձկանների մասնակցությունը, մի փաստ, որն արդեն հաստատվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից: Կոչ ենք անում նաև պահանջել Ադրբեջանից՝ հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, վերջ տալ ագրեսիային և վերականգնել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:»
18:45 - 15 հոկտեմբերի, 2020
Միչիգանի Ներկայացուցիչների պալատը բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ հարձակումը

Միչիգանի Ներկայացուցիչների պալատը բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ հարձակումը

ԱՄՆ Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 7-ին բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ համակարգված հարձակումը, հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը և ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անում աշխատելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության կառավարությունների հետ՝ հասնելու հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ը։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծման մասին, անհանգստություն արտահայտվում Թուրքիայի կողմից Ադրբեջանում տեղակայված սիրիացի վարձկանների կապակցությամբ։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Արցախի Հանրապետության հռչակման իրավական հիմքերին, մասնավորապես, այն իրողությանը, որ Խորհրդային միության կազմալուծման համատեքստում Արցախի ժողովուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին քվեարկել է անկախության օգտին։ Միչիգանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևի հեղինակը հայազգի օրենսդիր Մարի Մանուկյանն է։Հիշեցնենք նաև, որ Միչիգան նահանգը 2017 թվականին Արցախի Հանրապետության ճանաչումն աջակցող բանաձև էր ընդունել։ https://legiscan.com/MI/text/HR0319/id/2211516…  
18:17 - 15 հոկտեմբերի, 2020
Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելը

Ավստրիայի խորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելը

Արցախի ԱԳՆ-ն մանրամասնում է, թե ինչ է ներառում երեկ Ավստրիայի խորհրդարանի ընդունած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևը։«Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատելու երկու կողմերից մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:Եվրոպական և միջազգային հարցերի Դաշնային նախարարին հայցվում է եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես` Թուրքիայի վրա, որպեսզի դադարեցվի արտաքին միջամտությունը հակամարտությանը, ինչպիսիք են հակամարտող կողմերին զենքի մատակարարումը, նպաստել արագ դեէսկալացիայի հաստամանը, կայուն հրադադարին, այնքանով, որքանով թույլ է տալիս COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների արագ վերադարձի ուղղությամբ և վերադառնալ բանակցային սեղանին։Բացի այդ, պատասխանատու Դաշնային նախարարին հայցվում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների կայացմանը»:https://www.parlament.gv.at/MEDIA/play.shtml?GP=XXVII...  
17:55 - 15 հոկտեմբերի, 2020