Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Կասեցվել է ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը

Կասեցվել է ԵԽ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացուցչական իրավունքը

Եվրոպայի խորհուրդի նախարարների կոմիտեն այսօր որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի Դաշնության՝ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչական իրավունքը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի Դաշնության զինված հարձակման հետևանքով: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։  Այսօր ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ռուսաստանի Դաշնությունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ։ Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից: Կասեցումը ոչ թե վերջնական, այլ ժամանակավոր միջոց է, որը բաց է պահում կապի ուղիները։
20:45 - 25 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Փետրվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին։   Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ:   Առանձին անդրադարձ է կատարվել այն հարցին, որ բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:   Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:
22:24 - 24 փետրվարի, 2022
Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության և պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բախվում են երկրները պատվաստման ծրագրերն իրականացնելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, մանրամասնել համավարակի դեմ պայքարի վիճակագրական տվյալները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Արցախի բնակիչների համար հաճախ հասանելի չէ պատվաստումը, ինչը լուրջ խնդիր է: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է պատվաստանյութերի որոշակի չափաքանակ տրամադրել ԼՂ բնակչությանը, պատգամավորը շեշտել է, որ, այդուհանդերձ, դա խնդրի ամբողջական լուծում չէ: Այս հարցում նա կարևորել է գլոբալ համագործակցությունը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ու Արթուր Ղազինյանը խոսել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու դեպքերի, արգելված զինամթերքի օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների ներկայացուցիչներին նման ծանր պայմաններում Հայաստան այցելելու և խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու, իսկ ԵՄ պատվիրակությանն ու ԵՄ դեսպանին` վեհաժողովի աշխատանքների կազմակերպչական հարցերում աջակցելու համար: ԵԽ անդամ Յուազես Օլեկասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը ջերմ հյուրընկալության համար՝ մաղթելով հաջողություններ:
18:30 - 22 փետրվարի, 2022
Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչելու Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը |aravot.am|

aravot.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը: «Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Եվրախորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Մենք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Բուրիչը: Նա նաև կոչ է արել անդամ պետություններին իրենց անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով՝ հիմնված Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի վրա:
10:37 - 22 փետրվարի, 2022
Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ «Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը և ներկայացրել է իր դիրքորոշումն անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:20 - 15 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:     Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:  Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
14:07 - 14 փետրվարի, 2022
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստան վերադառնալուց ժամեր առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ իրենք տեղյակ են այսօրվա գործընթացի հետ կապված, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցությունների մեջ: «Սակայն հարկ է նշել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այս անձանց տեսակցել են նախքան իրենց վերադարձը, ինչպես նաև այս ողջ ընթացքում տեսակցել են իրենց և մյուսներին, որոնք դեռևս պահվում են մյուս կողմում: Թե՛ մեր պարբերական այցերը, թե՛ այս վերջին այցը նպատակ են ունեցել անձանց պայմանները գնահատել, նաև առողջական վիճակը: Ամբողջ ընթացքում անձանց հնարավորություն է տրվել պահել կապը իրենց հարազատների հետ»,- ասել է Զառա Ամատունին: 
14:56 - 07 փետրվարի, 2022
ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։   Ընտրություններ «Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։ ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։  Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ: Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։ «Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։ «Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։  Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։    Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ «Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։ «Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը: Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։ «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում: Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու պատշաճ մեխանիզմ ներդնել, արդարադատության իրականացմանն անհարկի միջամտության դեմ պատժամիջոցների առումով շոշափելի արդյունքներ ապահովել, ստեղծել չեզոք և իրավասու մարմին՝ դատական համակարգում ոչ պատշաճ ազդեցությունների, շահերի բախման և կոռուպցիայի վերաբերյալ դատավորներին կոնֆիդենցիալ խորհրդատվություն տրամադրելու համար։ Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։ «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։   Խոսքի ազատություն «Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։  Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։ Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։ Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։ Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից Աննա Սահակյան
16:35 - 28 հունվարի, 2022
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։ «Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։ Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման։  
18:26 - 11 հունվարի, 2022