Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։
14:09 - 27 մայիսի, 2022
Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։   Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։   Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։    
19:12 - 24 մայիսի, 2022
Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: «Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի ամենակարևոր հնգյակում է. նույնիսկ՝ Սահմանադրությունից հետո»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ փաստաթուղթը 3 տարվա աշխատանքի արդյունք է, և ռազմավարության մեջ շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները և ախտորոշման հետ տրված են բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլով:  Նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ռազմավարության, աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու: «Առաջին բլոկը լինելու են հանրային ծառայությունները: Արդեն իսկ հատվածական տեղի են ունեցել հանրային ծառայությունների բարելավումներ մեր երկրում. տարբեր կառույցներ, տարբեր նախարարութուններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը»,- ասաց նա: Մյուս խնդիրը, ըստ Անդրեասյանի, մարդկային ռեսուրսներն են: «Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա:  Նախարարը նշեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում: Երրորդ հենասյունը, որի վրա կառուցված է ռազմավարությունը, ինստիտուցիոնալ արդիականացումն է: «Քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,- նշեց նա: Վերջինը, ըստ նախարարի, քաղաքականության ռազմավարական պլանավորումն է: «Մենք մի քանի տարի է՝ գնում ենք այդ ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, լինեն ռազմավարությունների մաս, բայց դա էլ համակարգման և կատարելագործման կարիք ունի»,- նշեց Կարեն Անդրեասյանը: «Երեք տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել պետական մեքենայի աշխատանքը և արձանագրել ենք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում, այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավել է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձների վրա ենք խնդիրներ ունենում, և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ մեզ պետք է ունենալ որակյալ հանրային ծառայություններ և «ճանապարհ»՝ ռազմավարությունների տեսքով, որով «ուղևորներին կարելի է հարմարավետ ձևով տեղ հասցնել»: «Երբ ասում ենք հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը. որ քաղաքացիների համար կյանքը ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմն աշխատի առավել արդյունավետ: Սա շատ մեծ, ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ այդ ծավալուն աշխատանքը մենք հետևողականորեն կանենք»,- ասաց վարչապետը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար: «Այս ռազմավարության հանրային կարևորությունը շատ մեծ է. այն խարսխային է պետության աշխատանքի համար»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:
12:40 - 13 մայիսի, 2022
Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

Շահագրգռված ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում դրական արդյունք ունենանք․ Փաշինյանը՝ ՌԴ փոխվարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել.  «Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վալդիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք: Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Վստահ եմ, որ մենք բոլորս տրամադրված ենք նման աշխատանքի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականացված նման աշխատանքի համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»:Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել.  «Իսկապես, բոլորովին վերջերս մենք Ձեզ հետ հանդիպեցինք Մոսկվայում, որտեղ գտնվում էիք պաշտոնական այցով, այցելեցիք Մոսկվա և Նիժնի Նովգորոդ: Մի ամբողջ շարք հանդիպումներ եղան՝ և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ Միխայիլ Վլադիմիրի, և Վալենտինա Մատվիենկոյի հետ: Կայացած հանդիպումների արդյունքներով, մեր պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք: Եվ ուզում եմ շատ կաևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն: Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
17:30 - 12 մայիսի, 2022
Հայաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահ, մեծարգո՛ պարոն Մեհրաբիան,Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Նախևառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո այսօր Երևանում գումարվում է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը։ Հատկանշական է, որ նիստը ընթանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը ամբողջապես իրացնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների համար։Վստահաբար կարող եմ նշել, որ մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։Հաշվի առնելով Իրանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ ինտեգրման հարցում՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու այդ գործընթացը, ինչպես նաև բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն։Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ կցանկանայի նշել, որ մեծապես կարևորում ենք էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես՝ գազ- էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ: Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում։Կշեշտեմ նաև, որ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման, սահմանային և մաքսային վարչարարության լավարկման ուղղությամբ համագործակցությունը իր հերթին կնպաստի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Հարգելի՛ ներկաներ,Ցանկանում եմ կարևորել այն փաստը, որ մեր փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները: Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար:Ուրախ եմ արձանագրել, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է այսօր ստորագրվելիք համապարփակ փաստաթուղթը:Պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց հարաբերություններում մշտապես առանձնահատուկ կարևորություն են տալիս գործարարների միջև համագործակցության խթանմանը, և այս ուղղությամբ հատկանշական է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նաև տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Վստահ եմ, որ տնտեսական այս կարևոր միջոցառումը ևս հարթակ կդառնա հայ-իրանական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ այսօր ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:Ամփոփելով թույլ տվեք վստահություն հայտնել, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագիրը կբացի նոր հնարավորություններ երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ ի բարօրություն հայ և իրանցի բարեկամ ժողովուրդների։Շնորհակալություն»:Նիստից առաջ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ Մհեր Գրիգորյանը և Ալի Աքբար Մեհրաբիանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:
20:35 - 11 մայիսի, 2022
Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: 
18:43 - 21 ապրիլի, 2022
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը. Մհեր Գրիգորյան

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում հանդես է եկել որպես հարակից զեկուցող: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ելույթի շրջանակներում փոխվարչապետը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգելի նախագահություն,Հարգելի պատգամավորներ, Առիթ ունեցել եմ Ազգային ժողովի ամբիոնից խոսելու Արցախի վերականգման սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին, բայց կցանկանայի այսօր ավելի համապարփակ անդրադառնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված միջոցառումներին, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին:Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ ինչպես նշվեց, 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում:Առաջին հերթին՝ Կառավարության որոշմամբ դեռևս 2020 թվականի վերջիս պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը:2021 թվականի ողջ ընթացքում և մինչ օրս ապահովվել է անվճար ուղևորափոխադրում Երևան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականի ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 000 մարդ:Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազ. դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 հազ. դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ, միջոցառումից փաստացի օգտվել են շուրջ 100 000 մեր հայրենակիցներ:Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազ. դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի:Զուգահեռ, աջակցություն է տրամադրվել հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը ավերված կամ կորցրած ընտանիքներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 250 հազ. դրամ գումար: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 5 388 անձ:Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:Եվս մեկ միջոցառման ներքո աջակցություն է տրամադրվել Հայաստանում՝ արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին, յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազ. դրամ հաշվարկով:Մեկ այլ միջոցառման շրջանակներում ամանորյա միանվագ աջակցություն է տրամադրվել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին՝ յուրաքանչյուրին 20 հազ. դրամի չափով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 280 մլն դրամ, որպես շահառու ընդգրկել են նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները:Կառավարության որոշմամբ 2020-2021 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է տրամադրվել այն ուսումնողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, կամ եթե մարտական գործողություններին մասնակցել է նրա ծնողը կամ ամուսինը: Այս ծրագրի շահառուների թիվը 4210 ուսանող է, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ:4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազ. դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109 000:2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազ. դրամի, այլ խմբերին՝ 25 հազ. դրամի չափով:Հետագայում ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական 40 հազ. դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազ. դրամ: Այս ծրագրի շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ:Կցանկանայի ընդգծել մեկ այլ կարևոր ծրագիր. Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ին ընդունված որոշմամբ հաստատված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվելու Հայաստանում և Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող անձանց՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարումները սուբսիդավորելու միջոցով:Հարկ է նշել, որ Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված շուրջ 136 մլրդ դրամի աջակցությունը ներառում է վերոնշյալ միջոցառումների հանրագումարային ծախսը, ինչպես նաև Արցախի կառավարությանը տրամադրած շուրջ 69,2 մլրդ դրամի արտոնյալ բյուջետային վարկերը և շուրջ 12,5 մլրդ դրամի նվիրաբերությունը:Ինչպես նշեցի ելույթի սկզբում կան մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվել են Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:Դեռևս 2020 թվականի վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով:Որպես նվիրաբերություն 2020 թվականի դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով։Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն 2021 թվականի ապրիլին տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Կառավարության կողմից ընդունվել է թվով վեց որոշում, որոնց շրջանակներում Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 7,4 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։Նույն որոշումների շրջանակներում 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:2021 թվականի ընթացքում աջակցության ծրագրերի համատեղ իրականացման շրջանակներում Արցախի և Հայաստանի կառավարությունների միջև կնքվել են համաձայնագրեր, որոնցով սահմանվել են Արցախի կառավարության կողմից հաստատված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացման ֆինանսական կարգավորումները:Հավելյալ կցանկանայի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբեր ամսից և 2021 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի և Արցախի կառավարությունները զուգահեռ են իրականացրել բոլոր միջոցառումները՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի համար նույնականացված կարիքներից և խնդիրներից: 2022 թվականի համար նախատեսված սոցիալ-տնտեսական միջոցառումները ի մի բերվեցին 2022 թվականի բյուջեների կազմման շրջանակներում:Միջոցառումներն այլևս համակարգված իրականացվելու են Արցախի կառավարության կողմից, իսկ դրանց լիարժեք իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը: Ամփոփելով պետք է նշեմ, որ 2022 թվականի համար հատկացումների տարեկան չափը սահմանվել է 144 մլրդ. դրամ:Շնորհակալություն ուշադրության համար»:
15:26 - 13 ապրիլի, 2022
Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: «Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ նպատակները երկուսն են՝ ֆրիլանսերների մեծ խմբին դուրս բերել ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, և երկրորդ՝  կանգնեցնել ՏՏ ոլորտի մասնագետների հոսունությունը: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն»,- ասաց Բադասյանը: «Մենք զուգահեռ ունենք շրջանառվող նախագիծ, որը, ըստ էության, այս արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք: Սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,- նշեց ՊԵԿ նախագահը:
13:24 - 24 մարտի, 2022
Քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ

 |armenpress.am|

Քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Քննարկվում է ռուսական գազի դիմաց Հայաստանի՝ ռուբլով վճարման հնարավորությունը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի հարցին: Պատգամավորը, հիշեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը՝ համաշխարհային պարենային համակարգի հնարավոր փլուզման մասին՝ հարցրեց, թե  Սևանից ջրառի հարց քննարկվելո՞ւ է , թե՞ ոչ, արդյոք որոշ պարենային ապրանքների արտահանման քվոտավորում չպե՞տք է նախատեսել, տեղական արտադրության հետ կապված լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու՝ ապահովելու համար հանրապետության պարենային անվտանգությունը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, թե թվարկված բոլոր գործողությունները պետք է ընդգծված իրականացնել և պատրաստվել մարտահրավերներին: «Մենք ԵԱՏՄ խորհրդի նիստ ենք ունեցել, և  բավականին երկար քննարկվել է այս հարցը, որովհետև միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լինի լուծել, օբյեկտիվ ու ֆիզիկապես հնարավոր չէ. մենք որքան էլ որ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք այդ խնդիրները լուծվեն: Եվ դա միայն Հայաստանին չի վերաբերվում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի և սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետը: Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի տեղական արտադրությունը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի մասով խթանվի: Փոխվարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում պակասուրդ է լինելու՝ ոչ թե արտադրության պակասուրդի հետևանքով, այլ՝ լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրների: «Բայց ես կարծում եմ, որ խնդիրը կառավարելի ու լուծելի է, ու այս պահի դրությամբ կարող եմ վստահ ասել, որ ԵԱՏՄ երկրները շատ կոնսոլիդացված են այդ հարցը քննարկում»,- նշեց Գրիգորյանը: Սերգեյ Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ հնարավորություն կա՞ Ռուսաստանի հետ քննարկելու գազի դիմաց ռուբլով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ: «Այո, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը: Քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները: Եվ, բնականաբար, երկրները նախ և առաջ առաջարկություններ են ներկայացնում, որ այդ հարցի լուծմանը զուգահեռ նաև լուծվի ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը: Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, բայց այսօր այդ հարցը  գլոբալ իմաստով քննարկվում է նաև հանրային տիրույթում, և ինչ-որ պահի կդառնա օրակարգային»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետը: Անդրադառնալով պարենային խնդրին՝ նա ասաց, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի:
19:39 - 23 մարտի, 2022
ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը քվեարկության դրվեց ԱԺ փակ նիստից հետո, որին ընդդիմության առաջարկով մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում: «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,-ասաց Կոնջորյանը: Նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ հիշեցնելով, որ ժամանակին ընդդիմությունը բոյկոտել էր միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցելու և այդ հարցերը աշխարհում բարձրացնելուց: «Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքները՝ այս հարցով զբաղվելու համար»,-նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այդ հարցի քննարկմանը: Քվեարկությամբ հայտարարության նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներ: Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով միջազգային պատվիրակություններին ընդդիմության մասնակցության հարցին, ընդգծեց, որ ինքը, որպես ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության անդամ մասնակցել է վեհաժողովի երկու նստաշրջաններին էլ, ելույթ ունեցել՝ ի շահ Հայաստանի: «Ես և Էլինար Վարդանյանը նաև դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին և վանդալիզմին տալ գնահատական և անմիջապես այնտեղ ուղարկել մոնիթորինգային աշխատախումբ»,-ասաց նա:
16:50 - 22 մարտի, 2022
Փոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների՝ մասնավորապես Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդին, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենին, Լատվիայի Հանրապետության դեսպան Ինգրիդա Լևրենցին և Նորվեգիայի դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի վրա դրանց հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ:
16:25 - 15 մարտի, 2022