Ինֆոքոմ

Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսական զորքերը գրավել են ուկրաինական Պոպասնայա քաղաքը։ Ի՞նչ է դա փոխում ճակատում․ BBC Russian

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են» ուկրաինական զորքերի պաշտպանությունն ու «դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է այն մասին, թե ինչով է վտանգավոր այդ քաղաքի կորուստն ուկրաինական բանակի համար, և ինչ վտանգներ է դա պարունակում ռուսական զորքերի համար։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։   «Մարտեր՝ Պոպասնայայի համար Պոպասնայան համեմատաբար ոչ մեծ քաղաք է Լուգանսկի շրջանի արևմուտքում, պատերազմից առաջ այնտեղ բնակվում էր շուրջ 20 հազար մարդ։ 2014 թ-ին Դոնբասում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում, սակայն արդյունքում՝ մնաց Կիևի վերահսկողության տակ։ Մինսկի համաձայնագրերի ստորագրումից հետո Պոպասնայան հայտնվեց ճակատային գծում, ժամանակ առ ժամանակ այն ենթարկվում էր գնդակոծության։ Ուկրաինական ուժերը Պոպասնայայում և դրա մերձակայքում լավ ամրացված շրջան են սարքել։ Քաղաքը գրոհի ենթարկվեց մարտի սկզբին, և միայն ապրիլի կեսերին հարձակվող զորքերին հաջողվեց հասնել դրա կենտրոն։ Սակայն մարտերը չէին դադարում։ Ռուսական բանակը Պոպասնայայից մինչև Իզյում և դեպի հյուսիս հսկայական ուժեր է կենտրոնացրել, ասված է ամերիկյան RAND հետազոտական կենտրոնի վերջին հայտարարությունում։ Չնայած շաբաթներ տևած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը՝ ռուսական զորքերին չի հաջողվում ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնբասում։ Միայն երբ ուկրաինական զինվորականներն այլևս պաշտպանելու բան չունեն, նրանք մարտավարական նահանջ են կատարում՝ շրջափակման մեջ չընկնելու համար, նշում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները։ Հենց այսպիսի բան տեղի ունեցավ Կրեմեննայա քաղաքում ապրիլին։ «Կրեմեննայայում մենք հասկացանք, որ, եթե պարզապես հողին կպած մնանք, տղաները կզոհվեն, իսկ թշնամուն դրանից վնաս չի լինի, այդ պատճառով էլ վերախմբավորվեցինք և հեռացանք», - ասել էր Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։   Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի կորուստն ուկրաինական բանակի համար Սակայն Պոպասնայայի պարագայում՝ այդ բնակավայրի կորուստը կարող է լրջորեն բարդացնել այդ ուղղությամբ ուկրաինական զորքերի դրությունը։ Քաղաքը բարձունքի վրա է՝ ծովի մակարդակից շուրջ 260 մ բարձրության վրա։ Նրա դիրքն ավելի բարձր է, քան մյուս հարակից քաղաքներինը՝ դեպի հյուսիս տեղակայված Լիսիչանսկինը ու Սևերոդոնեցկինը, հարավում գտնվող Սվետլոդարսկինը ու արևմուտքում տեղակայված Բախմուտինը։ Կենտրոնացված գնդակոծությունն ու հակառակորդին աստիճանաբար դուրս մղելն այն մարտավարությունն է, որը կիրառում է ռուսական բանակն այսպես կոչված հատուկ ռազմական գործողության երկրորդ փուլում։ Առաջին փուլում այն շեշտը դնում էր տանկային շարասյուներով արագ ճեղքման վրա, սակայն այս մարտավարությունը մեծ մասամբ անհաջող էր։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքներն են, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Ակնկալվում է, որ ռուսական զորքերն ուժեղացնելու են ճնշումն այս ուղղությամբ։ Ինչպես նշում է Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, Սևերոդոնեցկի հարակից գյուղերում լարված իրավիճակ է, բնակավայրերի համար մշտական մարտեր են ընթանում։ Պոպասնայայի գրավումը ռուսական զորքերին հնարավորություն է տալիս այնտեղ պլացդարմ սարքել, վերախմբավորել ուժերն ու նոր հարվածի համար ուղղություն որոշել։ Օրինակ՝ Իզյումի խմբավորման հետ միասին գրոհել Կրամատորսկն ու Սլավյանսկը՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ ուկրաինական ուժերը շրջափակման մեջ գցելու նպատակով։ Հաջողություն գրանցելու գործոնը նույնպես կարևոր է․ «մինչև հաղթական ավարտը պատերազմելու» ռուսաստանցի կողմնակիցները դրական նորությունների կարիք ունեն, իսկ ՌԴ ՊՆ և քարոզչության հաղորդագրությունները ոչ այնքան հայտնի ուկրաինական գյուղեր գրավելու մասին, նրանց մոտ մոտալուտ հաղթանակի զգացում չէին առաջացնում։ Սակայն այստեղ ստորջրյա խութեր էլ կան։   Ինչո՞վ է վտանգավոր Պոպասնայայի հետ կապված իրավիճակը ռուսական բանակի համար Ռազմական մասնագետները չեն սիրում այնպիսի ելուստներ, ինչպիսին առաջացել է Պոպասնայայի դեպքում։ Սեպաձև առաջխաղացումը դեպի թշնամու տարածքի խորքը մեծապես երկարացնում է մատակարարման գիծը, պարզ ասած, դժվարացնում է զինամթերքի, տեխնիկայի, պարենի մատակարարումը, նոր ստորաբաժանումների ներմուծումն ու վիրավորների դուրսբերումը։ Եվ, որ ամենավատն է, հարձակողական զորքերը խոցելի է դարձնում թևերից։ Հակառակորդի մոտ գայթակղություն և հնարավորություն է առաջանում «կաթսա» (շրջափակում – խմբ․) սարքելու՝ պատասխան հարվածներ հասցնելով հյուսիսից և հարավից, և որքան երկար է ելուստն, այնքան ավելի բարդ է հակագրոհի ուղղությունը որոշելը։ Իսկ ուկրաինական բանակը զգալի պահեստազոր ունի, որը դեռևս մարտի մեջ էլ չի մտցվել։ Ուկրաինական հակագրոհի և հետագա շրջափակման վտանգը ռուսական հրամանատարությանը ստիպում է Պոպասնայայի մոտ խոշոր խմբավորումներ պահել թևերում այն դեպքում, երբ ճակատի մյուս հատվածներում զորքերի պակաս է զգացվում։ Շարունակվում է ուկրաինական բանակի գրոհը Խարկովից դեպի ռուսական սահման․ այն կասեցնելու համար ռուսական բանակը ստիպված է պայթեցնել կամուրջները։ Եվս մեկ դժվարություն է այն, որ բավական չէ միայն զբաղեցնել տարածքը, այն պետք է նաև պահել։ Պոպասնայայի գրավումից հետո ռուսական հարձակողական զորքերը հայտնվում են պաշտպանվողի կարգավիճակում, իսկ ուկրաինական բանակը, շնորհիվ ՆԱՏՕ-ի մատակարարումների, օրեցօր համալրվում է ծանր հեռահար հրետանիով։ Պոպասնայայի հանձնումը բացատրելիս ուկրաինական կողմը հայտարարում էր, որ քաղաքն ամբողջությամբ ավերված է, և այնտեղ պաշտպանելու ոչինչ չկա»։   Նորա Վանյան
19:07 - 11 մայիսի, 2022
Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Վլադիմիր Պուտինին մնացել է միայն հաղթանակի կործանարար պաշտամունքը․ «Նովայա գազետա»-ի հոդվածը՝ The Guardian-ում

Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրը, The Guardian-ը հրապարակել է ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում գրաքննության պատճառով արգելափակված «Նովայա գազետա» թերթի հոդվածը, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով․ «Վլադիմիր Պուտինը ծնվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից յոթ տարի անց և մեծացել մեծ հաղթանակի մասին բրեժնևյան առասպելով։ Չունենալով լավ կրթություն՝ նա սիրում էր մեջբերումներ անել խորհրդային ֆիլմերից և հին պատմվածքներից։ Պատմության դասագրքերում «Հայրենական Մեծ պատերազմը» պատկերվում էր՝ որպես կախարդական առասպել, որի հերոսը՝ ռուս ժողովուրդը, ի հեճուկս ողջ աշխարհի, հաղթում է հրեշին։ Այս հեքիաթում տեղ չէին գտել պատերազմի բազմաթիվ իրական փաստեր, օրինակ՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Ֆինլանդիայի հետ պատերազմը, Բալթյան երկրների օկուպացիան։ Առասպելն անտեսում է միլիոնավոր լեհերի արտաքսումը։ Չի հիշատակում 1942-43 թ-ի ձմռանը տեղի ունեցած Ռժևի ճակատամարտը, որում խորհրդային բանակը սարսափելի կորուստներ կրեց՝ նախընտրելով կանգ առնել Մոսկվայի և Ստալինգրադի մարտերում կրած լեգենդար հաղթանակների վրա։ Առասպելը, որ տոնվեց Ռուսաստանում Հաղթանակի օրը, դարձել է այն հիմնական նարատիվը, որը Ռուսաստանը հավերժ կառավարելու Պուտինի պլանի հիմքում է։ Եկել է այն պահը, երբ Պուտինը որոշել է շարունակել պաշտոնավարել անորոշ ժամկետով։ Ընտրությունները կգան ու կգնան, իսկ նա կստի, թե դրանք իր համար վերջինն էին, որ նա մտադիր չէ փոխելու Ռուսաստանի 1993 թ-ի սահմանադրությունը, որը նախատեսում է պաշտոնավարման՝ միմյանց հաջորդող միայն երկու ժամկետ։ Ընդմիշտ կառավարելու նրա առաջին ռազմավարությունը քաղաքացիներին թույլ տալն էր, որ հարուստ լինեն, քանի որ երկիրն ավելի, քան երբևէ հարստացել էր 2000-ականների երկրորդ կեսին։ Բայց երբ աճը կանգնեց, երբ հարստության մեծ մասը հայտնվեց մի քանի հոգու ձեռքերում, Պուտինը ստիպված եղավ անցնել քարոզչությանը։ Նա սկսեց վկայակոչել «ավանդական արժեքները»՝ սաստկացնելու Ռուսաստանի համար իր առաջնահերթ կարևորության մասին պատկերացումը, այն, որ ինքն անփոխարինելի առաջնորդ է, որը ռուսների միակ պաշտպանությունն է Արևմուտքի ազդեցությունից և եվրոպացի ժողովուրդների ծովում տարրալուծվելուց։ Եվ Պուտինն ինքը սկսեց հավատալ իր քարոզչությանը, նրան, թե ինքը Մեծ Ռուսաստան կառուցելու հատուկ պատմական առաքելություն ունի։ Բայդ դա այնքան էլ նոր ԽՍՀՄ չէ, քանի որ ոչ ոք չի պատրաստվում կոմունիզմը վերականգնել, որևէ նոր գաղափարախոսություն առաջ քաշել կամ էլ վերագաղութացնել Միջին Ասիան՝ ռուսական տնտեսությանը լավ ու էժան աշխատուժով ապահովելու համար ։ Մեծ Ռուսաստանը պետք է աշխարհի երրորդ գերտերությունը լիներ (ԱՄՆ և Չինաստանին զուգահեռ)։ Եվ եթե նրա մրցակից ԱՄՆ-ն՝ որպես իր ազդեցության գոտի ուներ Եվրամիությունն, ապա Մեծ Ռուսաստանը նույնպես պիտի ունենար դա։ Պուտինի «ավանդական արժեքներն», ըստ էության, հանգում էին հոմոֆոբիային և ռազմական հաղթանակի պաշտամունքին։ Շուտով պարզ դարձավ, որ առաջինը հուսալի ռազմավարություն չէ ուժեղ առաջնորդի հավերժ կառավարման համար։ Մնում էր միայն հաղթանակի պաշտամունքը։ Պատկերը քիչ-քիչ ուրվագծվում էր։ Ռուսական միլիտարիզմի օպերետը ծնվել է հեռուստատեսային քարոզչությունից, երբ բազմաթիվ «փորձագետներ» սկսեցին խոսել այն մասին, թե մենք ամենաուժեղն էինք աշխարհում, ոչ ոք չէր կարող մեզ իշխել, մեր հրթիռները կարող էին մի քանի անգամ պտտվել աշխարհի շուրջը և ոչնչացնել ցանկացածին։ Դա ծիծաղաշարժ էր, բայց Պուտինի ելույթներն ավելի ու ավելի էին սկսվում նմանվել հանգուցյալ նեոֆաշիստ Վլադիմիր Ժիրինովսկու ասածներին։ Նա ավելի ու ավելի քիչ էր խոսում այնպիսի ձանձրալի բաների մասին, ինչպիսին է տնտեսական զարգացումը, բայց մեծապես աշխուժանում էր, երբ խոսում էր նոր, «նմանը չունեցող» զինատեսակների մասին։ «Մենք կարող ենք դա կրկին անել» արտահայտությունը դարձավ պուտինյան Ռուսաստանի գլխավոր կարգախոսը, որն ակնհայտորեն հղում էր այն փաստին, որ ռուսները տապալել են նացիզմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և գիտեն, որ կարող են կրկին անել դա։ Պուտինը հաղթել է նախագահական չորս ընտրություններում, սակայն 2024 թ-ին նշմարվում է հինգերորդը։ Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել Ռուսաստանին, և նրա տնտեսությունն անկում է ապրել, այնպես որ, Պուտինը շատ տարբերակներ չունի։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պահպանելու լավագույն տարբերակը մեծ հաղթանակը կրկնելն է։ Մայիսի 9-ի խորհրդանշական շքերթը բավարար չէր լինելու, նրանք պետք է պատկերն ամբողջացնեին արյամբ։ Այդ պատճառով էլ փորձեցին «դա կրկին անել»՝ կազմակերպելով Եվրոպայի խոշորագույն ողբերգությունը 1945-ից ի վեր։ Այս պատերազմն առաջինն է աշխարհում, որը հնարել է հենց հեռուստատեսությունը։ […] Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանում շատերն են հավատացել սրան և անհաղորդ են այն ռազմական հանցագործություններին, որոնք կատարվում են Ուկրաինայում։ Բանը միայն այն չէ, որ նրանք չեն տեսնում ամբողջական պատկերը՝ լրագրության և սոցցանցերի ոչնչացման պատճառով։ Բանն այն է, որ եթե դադարեք հավատալ քարոզչությանը, էլ չեք կարող հավատալ ավանդական արժեքներ ունեցող Ռուսաստանին, հաղթանակի օրվա հերոս ժողովրդին։ Կմնա միայն խելագար մի մարդ, որը դեգերում է ռազմականացված ավազակապետության փլատակների մեջ՝ միջուկային զենքի ճամպրուկը ձեռքը։ Ո՞վ կցանկանա հավատալ սրան։ Ո՞վ ենք մենք, և ինչպե՞ս ենք թույլ տվել, որ այսպիսի բան լինի։ Այս հարցին պատասխանելը սարսափ է առաջացնում։ Ռուսները մինչև վերջ կառչած են մնալու իրենց միֆերից։ Իսկ մինչ այդ, նրանք ունեն իրենց ռազմական շքերթը, հաղթանակի օրվա ուշագնացությունը, ափիոնը՝ ժողովրդի համար»։   Նորա Վանյան
23:41 - 10 մայիսի, 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամները Ռուսաստանի դեմ բանաձև են ընդունել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի բյուրոյի անդամներն այսօր բանաձև են ընդունել, որի համաձայն՝ կարող է փակվել տարածաշրջանային գրասենյակը Ռուսաստանում՝ ի պատասխան նրա ներխուժմանն Ուկրաինա, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ է քվեարկել 43 երկիր (այդ թվում՝ Եվրամիության երկրները և Ուկրաինան), դեմ՝ 3-ը (Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան), ձեռնպահ է մնացել երկու երկիր (Հայաստանն ու Ղազախստանը)։ Կողմ քվեարկածները Մոսկվայի մեկուսացումը կարևոր քաղաքական քայլ են համարում և հայտարարել են, որ ջանքեր են գործադրում Ռուսաստանի առողջապահական համակարգի վրա լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Բանաձևում արձանագրվում է Ուկրաինայում «առողջապահական արտակարգ իրավիճակը», քրոնիկական և ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը, որը Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքն է։ Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ առողջապահության փոխնախարար Անդրեյ Պլուտնիցկին ասել է, որ «խորապես հիասթափված է»։ «Մեր կարծիքով՝ սա հսկայական վնաս կհասցնի համաշխարհային առողջապահական համակարգին», - ասել է նա։   Նորա Վանյան  
18:35 - 10 մայիսի, 2022
ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

ՌԴ Պն-ն հայտարարել է Պոպասնայա քաղաքի մոտ ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «ԼԺՀ ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ՌԴ Զինված ուժերի աջակցությամբ ճեղքել են հակառակորդի խորապես էշելոնավորված պաշտպանությունն ու դուրս եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման», հայտնում է Meduza-ն։ Ճեղքումն, ինչպես պարզ է դառնում ՌԴ ՊՆ հայտարարությունից, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավարտվել է «Պոպասնայա բնակավայրի մաքրումն ազգայնականներից»։ Ուկրաինական կողմը մայիսի 8-ի առավոտյան հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները լքել են Պոպասնայան։ «Նահանջել են դեպի նախապես պատրաստված դիրքեր», - հայտարարել էր Լուգանսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Պոպասնայայի վագոնավերանորոգման գործարանից՝ Պոպասնայայի վերջին կետից, որը մինչև վերջերս պահում էին ուկրաինական ուժերը, մինչև Լուգանսկի շրջանի վարչական սահման 6-10 կմ է։ Ուկրաինական կողմը այդ հեռավորության վրա հակառակորդի առաջխաղացման մասին չի հաղորդել։ Իսկ այսօր Գայդայն ասել է․ «Դե հա, իհարկե։ ․․․Այս անգամ նրանք իրենց պատրանքներում դուրս են եկել Լուգանսկի շրջանի վարչական սահման՝ Պոպասնայայի մոտ։ Մարս էլ են թռչել և գրավել են այն»։   Նորա Վանյան
16:35 - 10 մայիսի, 2022
Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինայում է

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն Ուկրաինա է այցելել, նա Գերմանիայի կառավարության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այս երկիր է այցելում փետրվարի 24-ին ռուսական ներխուժման մեկնարկից հետո, գրում է Reuters-ը։ Առաջին քաղաքը, որն այցելել է Բերբոկը, Կիևից ոչ հեռու Բուչա բնակավայրն է, որի առնչությամբ ռուսական զորքերը մեղադրվում են վայրագություններ կատարելու համար, որոնք արևմտյան երկրները հավսարեցնում են ռազմական հանցագործությունների։ Մոսկվան դա հերքում է և Բուչայում կատարվածն անվանում «հրեշավոր կեղծիք», որն ուղղված է իր բանակը վարկաբեկելուն։ Գերմանիայի ԱԳ նախարարը շրջել է քաղաքում Ուկրաինայի գլխավոր դատախազի ուղեկցությամբ։ Նա ասել է, որ Բուչայում կատարված սպանությունների մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն։ «Դա մեր պարտքն է զոհերի առջև», - նշել է նա։   Նորա Վանյան
15:00 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 12:00-ից 4 ուղղություններով սկսել են անհնազանդության երթեր և ակցիաներ։  Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից: Մինչ քայլերթերը սկսելը ամեն մի խմբի առաջնորդը կոչ էր անում չտրվել սադրանքների, ոստիկանների հետ լեզվակռվի մեջ չմտնել: Նրանք նաև անդրադարձան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ իրենց ակցիաների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նա կրկնում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Ընդդիմադիրները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փակել էին Քանաքեռ Զեյթունում Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը: Մեծ թվով ոստիկաններ կային տեղում: Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Խաչմերուկում երթևեկությունը դեռևս ամբողջապես վերականգնված չէ: Սաղաթելյանը նշեց, որ մի քանի ավտոբուս մարդ են տարել, բայց իրենք, միևնույն է, շատացել են:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
13:38 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այս սկզբունքներն իրենց չեն համապատասխանում»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նրա խոսքով, ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին հաղորդումներ են եղել. «Եթե նայեք փաստաթուղթը, ապա այն չի կարելի առաջարկներ անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել արձագանքման այս 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացնել, թե որքանով կարող եք սա առաջարկություն անվանել»: Բայրամովը նշել է, որ պարբերություններից մեկում ընդգծվում է, թե ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնարար առաջարկները Հայաստանին է ներկայացրել մարտի սկզբին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ուրեմն ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ սա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը» Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Բրյուսելում ՀՀ վարչապետւ, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի մասին, ըստ որի՝ ստեղծվելու է սահմանազատման հանձնաժողով։ Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև: Դրանց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները՝ կապված հանձնաշողովի կազմի հետ: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշելով, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Նրա խոսքով ակցիա իրականացնող մարդիկ «երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»: «Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հանրությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- հայտարարել է նա: Ռուս խաղաղապահների մասին Բայրամովը ընդգծել է. «Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել են եռակողմ հայտարարության հիման վրա»: «Նրանք իրենց գործն են անում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, և այդ հարցերը հիմնականում առնչվում են Ղարաբաղի տարածքում հայկական զորամասերի առկայությանը և այդ տարածքներ սպօրինի այցելություններին։ Միաժամանակ հարցը բարձրացվում և քննարկվում է ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը այս առումով հարցեր լուծելու կողմնակից է»։
12:36 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

Ընդդիմադիրները վաղը 4 ուղղություններով երթեր կանցկացնեն մայրաքաղաքում․ երթերի ընթացքում կլինեն անհնազանդության ակցիաներ, կփակվեն փողոցներ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը 4 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են իրականացնելու։  «Մենք խնդիր ունենք նաև կենտրոնից դուրս՝ մյուս վարչական շրջաններում մեր ակցիաները անելու։ Վաղը 4 ուղղություններով սկսում ենք անհնազանդության երթեր և ակցիաներ։ Դրանք չեն լինելու պարզապես երթեր։ Էդ երթերի ընթացքում լինելու են անհնազանդության ակցիաներ, արգելափակվելու են ճանապարհները։ 4 հասցեները, որտեղից վաղը սկսելու են այդ երթերը։  Մեկ երթը Գայի պողոտա, Մեգամոլի դիմաց, շարժվելու է Մասիվից։ Երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս, Չաուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից»։  Սաղաթելյանը ընդգծեց՝ «անհրաժեշտ է կանգնեցնել պետական կառավարման համակարգը»․ «Իշխանությանը հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի, որ գործնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում։ Աթոռներին նստածները այլևս ի վիճակի չեն մեր երկրում որևէ բան որոշելու։ Դրա համար պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները»։  Նրա խոսքով՝ վաղը բոլորի համար կարևոր օր է․ «Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը դուրս գա փողոց կոնկրետ անհնազանդության գործողություններ և ակցիաներ անելու, ձեզ վստահեցնում են, հաշված օրերի ընթացքում հեռացնելու ենք։ Խնդրում և պահանջում ենք․ վաղը նախ հայտարարում ենք դասադուլ և գործադուլ, յուրաքանչյուրդ ձեր հետ վաղը փողոց եք բերում ևս մեկ քաղաքացի։ Եթե մենք վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու։  Անհնազանդության գործողություններով ամբողջ իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը և կանգնեցնում երկիրը։ Նիկոլի ամեն օր մնալը պետք է բոլորը հասկանան, որ չի բխում մեր երկրի շահերից և միանան մեզ»։  Նա նաև նշեց՝ ճանապարհ փակելը, անհանազանդության ակցիաները, պետական կառավարման համակարգը կանգնեցնելը ինքնանպատակ չի․ «Միակ ճանապարհը դա է, այլ հեծանիվ հորինել պետք չի, կրկնապատկենք մեր թիվը անհնազանդության ակցիաներով կանգնեցնենք պետական կառավարման համակարգը, որպեսզի ուժայինները զեկուցեն՝ Նիկոլ դու այլևս իշխանություն չունես և ժողովրդի ցասումը կանգնեցնել այլևս հնարավոր չէ»։
22:13 - 09 մայիսի, 2022
Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու․ Սաղաթելյան

Հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու․ Սաղաթելյան

Այս օրերին շատ է խոսվում, թե ինչ է լինելու Նիկոլից հետո, ինչ ենք անելու, նոր կառավարությունը ինչպես է երկիրը դուրս բերելու այս իրավիճակից։ Ես այսօր փորձելու եմ ներկայացնել մի քանի կարևոր քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որը պետք է իրականացվի այս չարիքի կառավարության հեռացումից հետո։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։ Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է արդյոք։ Իհարկե, այո։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգության, համերաշխություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է։ Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց և ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրքաադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը, այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա»,- ասաց Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու ՀՀ հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։  «Նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջաափակման անվան տակ միջանցքի տրամադրում թշնամի երկրին։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանագծում և սահմանազատում։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կաբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։  Առաջնահերթ կարևորություն ենք տալու պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին։ Կարևորագույն խնդիր է դիտարկվելու հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը։ Նոր կառավարությունը պետք է վարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգի ճգնաժամի հաղթահարումը, պետության կառավարումից իսպառ բացառվելու է պոպուլիզմը, սուտը, կեղծիքը և անբանությունը։ Անկեղծ և պատասխանատու կերպով հայտարարում եմ․ հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակի չի ունենալու։ Վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակությի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը, դրանք ամբողջությամբ ծառայեցնելով ՀՀ քաղաքացուն։ Քաղաքում և գյուղերում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշը։ Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղման՝ վերացնելով խորացվող ատելությունը, պառակտվածությունը  և անտարբերությունը։ Բացառվելու է մեր կյանքում անցյալի և ներկայի արատավոր բարքերը։ Նոր կառավարությունը պետք է նաև Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ ձևավորի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայակական հստակ օրակարգեր, այսպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Դերակատար բոլոր քաղաքական ուժերը պետք է ձևավորեն յուրահատուկ ազգային հավաքական, կարող մարդկանցից անհատներից, ովքեր կստանձնեն հավաքական պատասխանատվություն՝ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Սրանց հեռացնելուց հետո մենք հրապարակելու ենք շուրջ 250 քաղաքացիների, պրոֆեսիոնալ անհատների անուններ, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են, ունեն կամք, վճռականություն և պատրաստակամ են երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Այդ մարդիկ ձեր շուրջ են, ձեր մեջ են, այս հարթակում են, ովքեր 4 տարի պայքարել են այս ապազգային իշխանության դեմ։ Պետք է ձևավորել ԶՈՒ  բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը, համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին՝ նվազագույնի հասցնել քաղաքական նշանակումները։ Ժամանակավոր կառավարությունը անմիջապես կձևավորի քաղաքական և մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության, թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային- պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում նաև Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձողը իջեցնելու ուղղությամբ չի շարժվի։ Հետևողական քայլերով մենք կվերացնենք  ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ իրենց կարգավիճակից։  ՀՀ-ն կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության սիրելի մայրաքաղաքը։ Ենթադրվում է, որ ժամանակավոր կառավարության գործունեությունը կլինի 1-1.5 տարի, հետո այդ կառավարությունը պետք է կազմակերպի ազատ, արդար, մրցակցային ընտրություններ և այդ ժամանակ մեր քաղաքացիները անմիջական քվեարկությամբ կձևավորեն երկարաժամկետ կառավարություն»,- հայտարարեց Սաղաթելյանը։
19:11 - 09 մայիսի, 2022
Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել ծաղիկներ դնել  խորհրդային զինվորների հուշահամալիրում

Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել ծաղիկներ դնել խորհրդային զինվորների հուշահամալիրում

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել հասնել հուշահամալիր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի րոպե անց շրջապատել են դիվանագետներին ու օգնել մոտենալ մեքենային։ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը հայտնել է, որ ինքը և ռուս դիվանագետները լուրջ վնասվածքներ չեն ստացել միջադեպի ժամանակ, իսկ դեսպանատունը պաշտոնական բողոք կներկայացնի հարձակման կապակցությամբ։ Իսկ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ջաբարովը ՌԻԱ Նովոստիի հայտնել է, որ դեսպանի վրա հարձակման ֆոնին հնարավոր կլինի դիտարկել Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մակարդակի իջեցումը։
14:52 - 09 մայիսի, 2022
Ուկրաինան չէր պլանավորում հարձակվել Ղրիմի վրա․ Պոդոլյակ

Ուկրաինան չէր պլանավորում հարձակվել Ղրիմի վրա․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինան չէր պատրաստվում հարձակվել Ղրիմի վրա, իսկ ՆԱՏՕ-ն չէր պլանավորում գրոհել Ռուսաստանը, գրում է Liga.net-ը։ Նշենք, որ այսօր՝ ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից առաջ Ռուսաստանի համար «բացարձակապես անընդունելի» սպառնալիք էր ստեղծվել․ «Բացահայտորեն նախապատրաստվում էր հերթական պատժիչ գործողությունը [Դոնբասում], պատրաստվում էին ներխուժել մեր պատմական հողեր՝ ներառյալ Ղրիմը։ Կիևում հայտարարում էին միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, իսկ ՆԱՏՕ-ի դաշինքն ակտիվորեն սկսել էր մեզ հարող տարածքների ռազմական յուրացումը»։ Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ ուկրաինական պատերազմը ոչ մի ռացիոնալ պատճառ չի ունեցել՝ բացառությամբ «ՌԴ կայսրական ցավոտ նկրտումների»։ «Մեկ անգամ էլ կրկնենք։ ՆԱՏՕ-ի երկրները չէին պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա։ Ուկրաինան չէր պլանավորում գրոհել Ղրիմը։ Ռուսաստանցի զինվորականները զոհվում են՝ ոչ թե պաշտպանելով իրենց երկիրն, այլ փորձելով օկուպացնել մեկ ուրիշը», - հավելել է նա։   Նորա Վանյան  
14:40 - 09 մայիսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն առաջարկին, որ Ռուսաստանի սառեցված արտարժութային պահուստները պետք է ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ դա «ապօրինություն» է, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա միջազգային հարաբերությունների հիմքերի խաթարում է, և այդ որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին և կխաթարեն Եվրոպայի և Արևմուտքի նկատմամբ վստահությունը, քանի որ դա լիակատար ապօրինություն է և, ավելի շուտ, ջունգլիների օրենք», - ասել է նա։ «Այդ պատճառով էլ հսկայական քանակությամբ երկրներ Ռուսաստանի հետ միասին կպաշտպանեն համաշխարհային կարգերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա», - ընդգծել է Գրուշկոն։   Նորա Վանյան  
14:22 - 09 մայիսի, 2022