Ինֆոքոմ

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկրի խորհրդարանում այսօր ունեցած իր ելույթի ժամանակ ասել է, որ պետք չէ սպասել Եվրամիությանը Կիևի անդամակցության վերաբերյալ արագ որոշումների, գրում է DW-ն։ Այս հարցում նա սատարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը կարծում է, որ դա «մի քանի ամսվա կամ մի քանի տարվա հարց չէ»։ ԵՄ անդամակցությանը սպասող մյուս թեկնածուների նկատմամբ արդարության նկատառաւմներից ելնելով՝ պետք չէ կրճատել եվրաինտերգման ուղին, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ, ըստ ամենայնի, Եվրահանձնաժողովն Ուկրաինայի հայտի վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի հունիսի վերջին։ Շոլցն իր ելույթում նաև կողմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը։ «Մեզ բոլորիս ընդհանուր նպատակ է միավորում․ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել այս պատերազմում։ Ուկրաինան պետք է դիմանա», - ընդգծել է նա։   Նորա Վանյան
15:30 - 19 մայիսի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երեք ավիաընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան այսօր հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի «Աերոֆլոտ», «Ուրալյան ավիաուղիներ», «Ռոսիա» ավիաընկերությունների դեմ՝ թույլ չտալու համար, որպեսզի նրանք վաճառեն բրիտանական օդանավակայաններում ինքնաթիռների չօգտագործվող վայրէջքատեղերը, գրում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ, իր գնահատականով, վայրէջքատեղերն արժեն  50 մլն ֆունտ (61,9 մլն դոլար)։ «Մենք արդեն փակել ենք մեր օդային տարածքը ռուսական ավիաուղիների համար։ Այսօր մենք հոգ ենք տանում, որպեսզի նրանք չկարողանան կանխիկացնել մեր օդանավակայաններում իրենց շահեկան վայրէջքատեղերը։ Յուրաքանչյուր տնտեսական պատժամիջոց ընդգծում է մեր հստակ ուղերձը [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին․ մենք կանգ չենք առնելու, մինչև որ Ուկրաինան չհաղթի», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ Ռուսական այս երեք ավիաուղիների ակտիվները կսառեցվեն։   Նորա Վանյան
14:44 - 19 մայիսի, 2022
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման խնդրով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպմանը․ «Բնականաբար, տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել։ Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի»։ Գրիգորյանը նաև ասաց, որ սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը պատրաստ է․ «Կարծում եմ՝ երբ պատշաճ լինի, աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կլինի, հանրությանը մանրամասն տեղյակ կպահենք աշխատակազմի անդամների և ղեկավարի մասին»։ Գրիգորյանը նաև ասաց՝ հայկական կողմը իրավական հիմքեր ունի Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով․ «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով, և այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացված անկլավների հարցում»։ ԱԽ քարտուղարը նաև վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության օրակարգի մասին․ «Խաղաղության օրակարգի հետ կապված մեր մոտեցումը այն  է եղել, որ երկու փաթեթները, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը և ՀՀ-ի կոմից առաջարկված փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։  Մենք այս հարցը Բրյուսելում բնականաբար բարձրացրել ենք, և ընդհանուր մեր տեսածը այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք, բայց վերջին շրջանում կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի երկու առաջարկները փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»։
13:28 - 19 մայիսի, 2022
Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և կից նախագծում լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով բարձրացնել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը։ Արդարադատության  փոխնախարար Գրիգոր Մինասյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ Դրանով Վճռաբեկ դատարանի  և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կագավիճակին և պատասխանատվությանը։ «Վճռաբեկ դատարանն իրականացնում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականությունը։ Այն  իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում  առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, ապահավում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության ամբողջական և միակերպ ընկալում ու սահմանադրական օրինականությունը և որոշում է կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր»։ Նախարարն ասաց՝ առաջարկվում է ավելացնել վերջիններիս վարձատրությունը ՝նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով։ «Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80%-ի չափով։                     Որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30%-ը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30%-ը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ նմանատիպ որոշումները առաջին հերթին կայացնում են ոչ թե հանուն դատավորների, այլ քաղաքացիների․ «Շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում բռնում եք դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, և ես ինչպես նախկինում այս վերաբերյալ որոշումների քննարկման ժամանակ ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ, որովհետև արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք։ Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն, որովհետև մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին»։
12:42 - 19 մայիսի, 2022
Կենսաթոշակառուները ու նպաստառուները հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

Կենսաթոշակառուները ու նպաստառուները հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կստանան

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշոկառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության» նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ  ծրագրի համաձայն  այս տարվա հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշոկառուները ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից․ «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության  գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են հինգական տոկոս համամասնությամբ»։ Նախարարը տեղեկացրեց նաև, որ մինչև հունիսի 1-ը նախարարությունը կայքէջում կհրապարակի գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ծրագիրը փորձնական 6 ամսով են նախատեսում անել։ «Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ հնարավորություններ ու թերություններ կան ու դրանք հընթացս գուցե ավելի լավարկենք»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ կան նպաստառուներ, որոնք նպաստը կանխիկ եղանակով են ստանում, սակայն դիմելու դեպքում նրանց նույնպես բանկային քարտեր կտրամադրվեն։
11:44 - 19 մայիսի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակներում՝ վերահաստատելու իրենց ամուր համագործակցությունը որպես գործընկերներ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։ Այս մասին նշված է երկու երկրների կառավարությունների համատեղ հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի Թուրքիայի «Ռազմավարական մեխանիզմով»։ Նրանք քննարկել են ուղիները և կոնկրետ քայլերը` ընդլայնելու իրենց համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության, էներգետիկայի և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի խթանման ուղղությամբ՝ միաժամանակ պայմանավորվելով ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ի թիվս վերոնշյալ թեմաների, քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
10:38 - 19 մայիսի, 2022
Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և այսօր դաշինքին են հանձնել անդամակցության հայտերը։ Ռուսաստանը, որը մինչ այդ Ֆինլանդիային զգուշացնում էր նման քայլ չանել, մայիսի 16-ին, ի դեմ Պուտինի, հայտարարել է, որ այս երկրների անդամակցության հետ կապված խնդիր չունի, իսկ իր արձագանքը կախված է եվրատլանտյան դաշինքի ենթակառուցվածքի ընդլայնումից։ Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թ-ին, դեմ է արտահայտվել այս քայլին՝ նշելով, որ դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում»։ Իսկ այսօր նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Al Jazeera պարբերականը գրում է այն մասին, թե ինչու է Թուրքիան դեմ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Ի՞նչ խնդիր ունի Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ Մայիսի 16-ին Էրդողանը սկանդինավյան երկու երկրներին մեղադրել է «ահաբեկչությանն» աջակցելու համար։ «Այս երկրներից ոչ մեկն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի», - ասել էր Էրդողանը՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որն Անկարան ահաբեկչական է անվանում։ Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր Ֆինլանդիային և Շվեդիային այն բանի համար, որ նրանք չեն արտահանձնել Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին՝ չնայած Անկարայի խնդրանքներին։ Նշված անձինք մեղադրվում են ՔԱԿ կամ Գյուլենի շարժման հետ կապերի համար, որին Թուրքիան մեղադրում է 2016 թ-ի հեղաշրջման փորձի համար, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ի պատասխան՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ, թեև զարմացած է Թուրքիայի դիրքորոշումից, չի ուզում «սակարկության մեջ մտնել» Անկարայի հետ։ Իր հայտարարություններում Էրդողանն անդրադարձել էր նաև Ստոկհոլմին՝ Թուրքիայի դեմ զենքի հետ կապված պատժամիջոցների առնչությամբ։ Շվեդիան 2019 թ-ից «սառեցրել» էր զենքի վաճառքը Թուրքիային նրա հարևան Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով։   Ի՞նչ կապ ունի Վաշինգտոնը Ստամբուլի մշակույթի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մենսուր Աքգյունի խոսքով՝ Անկարան ձգտում է նաև օգտագործել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ որպես դրա ամենամեծ կողմնակից ԱՄՆ հետ իր խնդիրների լուծման լծակ։ «Անկարան ԱՄՆ պատժամիջոցների տակ է F-35 կործանիչների հարցով և դժգոհ է դրանից», - ասում է Աքգյունը։ Թուրքիայի խողմից Ս-400 ռուսական պաշտպանական համակարգերի գնումն առանցքային հարցերից մեկն է, որոնք վերջին տարիներին սրել են Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները։ 2019 թ-ի հուլիսին ԱՄՆ-ն Անկարային դուրս էր թողել F-35 կործանիչների ստեղծման իր առանցքային ծրագրից այն բանից մի քանի օր անց, երբ Թուրքիան ստացել է ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարում են, որ դաշինքի անդամի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործումը վտանգավոր է հենց ՆԱՏՕ-ի պաշպանական համակարգերի համար, սակայն Թուրքիան հայտարարում է, որ որոշել է գնել այդ համակարգերն այն բանից հետո, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն կասեցրել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը, որոնք լայնորեն կիրառում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Թուրքիան դատապարտել է նաև Սիրիայում քրդական զինված խմբավորումներին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը։ Միացյալ նահանգները ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում դրա ճյուղավորմանը՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG), հատկապես՝ 2010 թ-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ամենաթեժ պահին։   Եղե՞լ են արդյոք նախկինում նմանատիպ քննարկումներ ՆԱՏՕ-ում ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված դիվանագիտական փակուղիներ նախկինում էլ են եղել։ Օրինակ՝ Հունաստանը տարիներով արգելափակում էր դաշինքին Մակեդոնիայի անդամակցությունը՝ որպես երկրի անվանման դեմ բողոք, որն, ըստ հույների, հունական ժառանգությունը գողանալու փորձ էր։ Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել 2019 թ-ին, որի համաձայն՝ վերջինս փոխել է անվանումը՝ դառնալով Հյուսիսային Մակեդոնիա, հետո նոր Աթենքը չեղարկել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Սկոպիեի անդամակցության վերաբերյալ։   Ի՞նչ է լինելու Թուրքիան պատմականորեն միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն, այդ պատճառով էլ պրոֆեսոր Աքգյունը կարծում է, որ, ի վերջո, փոխզիջումային տարբերակ է գտնվելու։ «Թուրքիան կարող է չստանալ այն, ինչ ուզում է, բայց նրա դաշնակիցներն, ըստ ամենայնի, նրան բավարարող որևէ բան կառաջարկեն։ Անկարան իր ազգային շահերին համապատասխան բանակցություններ կվարի, ինչպես դաշինքի մյուս անդամները», - ասում է նա։   Նորա Վանյան
08:45 - 19 մայիսի, 2022
Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։ Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։ Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։ Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․ Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։   Սահմանազատում և Արցախի հարց 2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։  Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։ Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։ Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։   ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ 2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։  Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»: Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։  ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար» Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»: Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։ Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2): Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։ Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։   Նախապայմանից հրաժարում Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»:  Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։ Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Աննա Սահակյան
18:05 - 18 մայիսի, 2022
Ռուսաստանն արտաքսում է իսպանացի և իտալացի դիվանագետներին

Ռուսաստանն արտաքսում է իսպանացի և իտալացի դիվանագետներին

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսպանիայի դեսպանատան 27 աշխատակիցների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Գերատեսչությունը դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին բողոք է հայտնել այն բանի պատճառով, որ Մադրիդը որոշել է արտաքսել Իսպանիայում Ռուսաստանի արտասահմանյան հաստատությունների 27 աշխատակիցների։ «[27 աշխատակիցները] պետք է լքեն երկրի տարածքը յոթ օրվա ընթացքում՝ դեսպանին համապատասխան նոտա հղելու պահից սկսած», - ասված է հայտարարությունում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է նաև 24 իտալացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն նույնպես ՌԴ ԱԳՆ է կանչվել Իտալիայից 30 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման առնչությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանից 34 ֆրանսիացի դիվանագետների արտաքսման մասին։ Նորա Վանյան  
17:21 - 18 մայիսի, 2022
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Ալիևը՝ Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել․ Ալիևը՝ Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ Բաքվում կայացած հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունը, գրում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։ «Մենք այսօր քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գիտեմ, որ Ադրբեջան կատարած այցից հետո Դուք (Լիտվայի նախագահը – խմբ․) Հայաստան եք այցելելու։ Այսպիսով՝ վստահ եմ, որ այցից հետո Ձեզ մոտ լիարժեք կարծիք կձևավորվի։ Մեր դիրքորոշումը շատ բաց է։ Մենք ուզում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք ուզում ենք կարգավորել հարաբերություններն ու շրջել թշնամանքի էջը», - ասել է Ալիևը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում Լիտվա-Ադրբեջան համագործակցությունն, ինչպես նաև՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։   Նորա Վանյան  
16:12 - 18 մայիսի, 2022
Պեսկովն «Ազովստալից» զինվորականների դուրսբերումը չի կապում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ

Պեսկովն «Ազովստալից» զինվորականների դուրսբերումը չի կապում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականները վայր են դնում զենքն ու հանձնվում են։ Նա հերքել է այն, որ զինվորականներին տարհանում են, և կարծում է, որ նրանց դուրս բերելու գործընթացը կապված չէ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Երեկ Մոսկվան ու Կիևը հայտարարել են, որ բանակցությունները կասեցված են։ Ռուսաստանը պնդում է, որ «Ազովստալի» ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում։ Ուկրաինան դա անվանում է զինվորականներին դուրս բերելու հումանիտար գործողություն, Կիևը հետագայում ուզում է նրանց փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Այս առնչությամբ Պեսկովն այսօր ասել է, որ «մեկնաբանությունը կարող է միայն միանշանակ լինել»։ «Նրանք, ովքեր [այնտեղ] թաքնվում էին, այն զինվորականները, որոնք թաքնվում էին «Ազովստալի» տարածքում, զենքը վայր են դնում և հանձնվում են», - կարծում է նա։ Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն «իրոք առաջ չեն շարժվում»։ «Չեմ կարծում, որ դրանք մեծապես փոխկապակցված գործընթացներ են (բանակցություններն ու «Ազովստալից» զինվորականներին դուրս բերելը – խմբ․)․․․ Մենք իրոք արձանագրում ենք այս գործընթացը շարունակելու ցանկության լիակատար բացակայություն ուկրաինացի բանակցողների մոտ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ արդեն «գերի է հանձնվել Ուկրաինայի և «Ազով» ստորաբաժանման» 959 զինծառայող։ ՌԴ Քննչական կոմիտեն մտադիր է նրանց հարցաքննել։ Ռուսաստանի Պետդումայում քննարկում են ռուսաստանցի գերիների հետ «Ազովի» անդամների փոխանակման արգելքի հարցը, իսկ ստորաբաժանումն ուզում են ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։   Նորա Վանյան
15:05 - 18 մայիսի, 2022
Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսում կարող են մահապատժի ենթարկել ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար

Բելառուսի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը մահապատիժ է նախատեսում ահաբեկչական գործողությունների կատարման փորձի համար, ստորագրել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (ներքին պալատ) և հաստատել էր Հանրապետության խորհուրդը (վերին պալատ)։ Քրեական օրենսգրքում ներառված փոփոխությունների համաձայն՝ մահապատիժ է նախատեսվում միջազգային բարդություններ կամ պատերազմ սադրելու նպատակով օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման, ինչպես նաև միջազգային ահաբեկչական գործողության կամ ատոմային էներգիայի կիրառմամբ, ռադիոակտիվ նյութերի կամ միջուկային նյութերի, քիմիական կամ կենսաբանական նյութերի կիրառմամբ ահաբեկաչական գործողությունների կատարման փորձի նախապատրաստման համար։ Մահապատիժ կարող է կիրառվել նաև պետական կամ հասարակական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստման համար՝ նրա պետական կամ հասարակական գործունեության առնչությամբ՝ իշխանական մարմինների որոշումների կայացման վրա ազդելու կամ բնաչությանն ահաբեկելու նպատակով։ Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 10 օր անց։   Նորա Վանյան
14:46 - 18 մայիսի, 2022
Ոստիկանությունը ստանալու է հավելավճար՝ պայմանավորված այս օրերին գերլարված ծառայություն  իրականացնելով․ Ֆիդանյան

Ոստիկանությունը ստանալու է հավելավճար՝ պայմանավորված այս օրերին գերլարված ծառայություն իրականացնելով․ Ֆիդանյան

Փոխոստիկանապաետ Արա Ֆիդանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Դիմադրություն»  շարժման անհանազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության գործողություններին․ «Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և որևէ ոստիկան անտեղի տեղը ծայրահեղ միջոցի չի դիմի։ Բերման ենթարկելը իրենից ենթադրում է որոշակի ուժի կիրառում, և մեր համաքաղաքացիները ամեն կերպ փորձում են և դիմադրում են ոստիկանությանը, և հնարավոր են դեպքեր, արձանագրել ենք որոշ դեպքեր, պետք է փաստեմ, որ դրանք հատուկենտ են, աղաղակվում և բարձրաձայնվում է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, դա այդպես չէ, բացառիկ դեպքեր են» ։ Նա նաև նշեց, որ ոստիկանությունում ծառայողական քննություններ են իրականացվում․  «Եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ ոստիկանությունում 31 ծառայողական քննություն է իրականացվում, ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու հետ կապված, այլ առհասարակ ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ։ 20 դեպքերով նախապատարստավում են նյութեր, և 2 քրեական գործ  արդեն իսկ հարուցված է ոստիկանության գործողությունների առնչությամբ, ասաց նա՝ նշելով, որ այս ողջ ժամանակահատվածում ոստիկանությունը գործել է լիարժեք բարձր պրոֆեսիոնալիզմով և ցուցաբերել է բացարձակ գրագետ ծառայություն»։  Ֆիդանյանը տարրական մանիպուլյացիա համարեց լուրերը, ըստ որոնց մեծ թվով ոստիկաններ այս օրերին լքում են համակարգը․  «Հրապարակվեցին անուններ, որոնք վաղուց լքել էին ոստիկանության շարքերը։ Ոստիկանությունից դուրս եկող անձիք կան, ոչ ոք չի թաքցնում, դա մշտական պրոցես է։ Տարվա մեջ մենք ունենալու ենք ավելի շատ ոստիկանությունից դուրս եկած անձիք, քան նախորդ տարի։ Բայց կան դրա պատճառները։ Ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտե, և ոստիկանության որոշ աշխատակիցներ տեղափոխվում են այդ ծառայություն։ Նոր քրեադատավարական օրենսգիրք է ուժի մեջ մտնելու և հետաքննությունը որպես այդպիսին վերանալու է,  ոստիկանության որոշ աշխատակիցներ իրենց ծառայությունը շարունակելու են Քննչական կոմիտեում»։  Փոխոստիկանապետը անդրադարձավ նաև լուրերին, ըստ որոնց ոստիկանները պարգևավճարներ են ստանալու ցուցարաների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար, Ֆիդանյանը նշեց․ «Դրանք տարրական ստեր են։ Ոստիկանությունը ստանալու է հավելավճար և դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ այս օրերին, մոտավորապես 20 օր ոստիկանությունը գերլարված ծառայություն է իրականացնում։ Համաձայն իրավակարգավորումների՝  հավելյալ վարձատրություն, գիշերային ժամերի, աշխատանքից դուրս ժամերի համար ոստիկանության աշխատողները չեն ստանում։ Այս դեպքում ոստիկանությունը պետք է կարողանա ֆինանսապես ապահովել իր աշխատողներին»։
12:20 - 18 մայիսի, 2022