Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Երախտագիտություն եմ հայտնում Կանադայի կառավարությանը Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար. նախագահի ուղերձը Կանադայի գեներալ-նահանգապետին

Երախտագիտություն եմ հայտնում Կանադայի կառավարությանը Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար. նախագահի ուղերձը Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին:Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Նա անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հարձակմամբ պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ մասնավորապես նշելով. «Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետությունը ենթարկվեց Ադրբեջանի աննախադեպ ծավալի, դաժան ու անմարդկային հարձակմանը, որի թիրախը դարձան նաև խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենի նպատակը մեկն է՝ մեկընդմիշտ զտել Արցախը հայությունից: Ադրբեջանի այս բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան, որը նպատակասլաց փորձում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ որդեգրած ծրագիրը՝ բնաջնջել հայությունը որպես ազգ: Կանադան, որը քաջատեղյակ է այդ իրողությանը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր ևս գտնվեց սկզբունքային և մարդասեր՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը: Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և Կանադայի կառավարությանն այդ որոշման համար»:
13:55 - 20 հոկտեմբերի, 2020
Կանադայի հայ համայնքը` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի․ ստորագրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր

Կանադայի հայ համայնքը` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի․ ստորագրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր

Ստորագրահավաք. Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ   Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի բռնկման առաջին օրերից Կանադայի հայ համայնքը բողոքի ակցիաներ է իրականացնում՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու, Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու կոչերով։ Դեռևս սեպտեմերի 27-ին կանադահայերը դիմել էին Կանադայի կառավարությանը, ներկայացրել իրավիճակը Արցախում և կոչ արել դատապարտել Ադրեջանի ագրեսիան։ Կանադահայերը նաև ստորագրահավաք էին կազմակերպել և կոչ արել Կանադայի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, քանի որ այդ զենքերն օգտագործվում են Հայաստանի խաղաղ բնակչության դեմ։ Հոկտեմերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե Կանադան հետաքննում է հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային։ Հոկտեմերի 5-ին կանադահայերը բողոքի ակցիա իրականացրին կանադական Բերլինգթոն քաղաքում՝ Թուրքիային զենք վաճառող «Վեսքամ» ընկերության դիմաց։ Նույն օրը Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտնեց, որ Կանադան դադարեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, մինչև այդ հարցի շուրջ հետաքննություն կիրականացվի։   Կանադայի հայերը՝ «Վեսքամ» ընկերության դիմաց   Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը, որը ներկա պահին բնակվում է Կանադայում և ակտիվերոն մասնակցում է տեղի հայ համայնքի բողոքի ակցիաներին, նշում է, որ այս որոշումը հենց այնպես չի կայացվել։ «Կանադայի մեր հնաբնակ հայրենակիցները, որոնք վստահաբար լավ գիտեն կառավարությանը դիմելու ձևերը, անցկացրել են ստորագրահավաքներ, միաժամանակ հազարավոր զանգեր են արել Թրյուդոյի գրասենյակ, կառավարության գրասենյակ` պահանջելով կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչը փաստորեն արվեց»,- ասում է նա:  Ըստ Մարիամ Մուղդուսյանի, սակայն, միայն զենքի վաճառքը կասեցնելը խնդրի լուծում չէ․ պետք է հասնել նրան, որ այդ վաճառքի գործընթացն առհասարակ չվերականգնվի։   Ակցիաներ Մոնրեալում, Տորոնտոյում, Բերլինգթոնում   Մարիամ Մուղդուսյանը պատմում է՝ երբ Արցախի Հանրապետությունում սկսվեցին մարտական գործողությունները, կանադահայերը շոկի մեջ էին, հետո հասկացան, որ պետք է ինքնակազմակերպվել։  Բողոքի ակցիաները սկզբում ինքնաբուխ էին։ Շատ քիչ թվով մարդիկ ֆեյսբուքյան խմբերում հայտարարություններ էին տեղադրում, տեղեկացնում ակցիների մասին։ Անցած երկուշաթի բողոքի ակցիա է իրականցավել Մոնրեալում, երեքշաթի՝ Տորոնտոյում։ Տորոնտոյի ցույցին ներկա են եղել նաև դերասան Արսինե Խանջյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանը։   Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը՝ Տորոնտոյի ակցիայի ժամանակ   «2000-ից ավելի մարդ Տորոնտոյում՝ «Քուինզ պարկ»-ում, հավաքվեց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Ակցիան պետք է ավարտվեր՝ այգու շուրջը պտտվելով: Բայց ինչ-որ մի պահից սկսած` դա վերածվեց ինքնաբուխ քայլերթի, և ակցիայի մասնակիցները, ամբողջ Տորոնտոյի կենտրոնական փողոցները փակելով, քայլեցին դեպի Կանադայի ամենահայտնի հեռուսաընկերություններից մեկը (CTV24- խմբ․)` պահանջելով, որ լուսաբանեն և լուսաբանելուց զատ՝ ճիշտ լուսաբանեն»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:  Նա նշում է, որ լրագրողի աչքով է նայում, թե ինչպես են կանադական լրատվամիջոցները լուսաբանում արցախյան իրադարձությունները, և գոհ չէ․ «Բայց եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները հսկայական գումարներ են ծախսել մեդիայի վրա, և կան նաև դա հաստատող հետազոտություններ, ամեն ինչ տեղն է ընկնում, և նաև պարզ է դառնում, թե ինչու է մեդիան կա՛մ քիչ անդրադառնում, կա՛մ հպանցիկ»։ Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ Տորոնտոյում արդեն հաջորդ ակցիայի կազմակերպիչները ոչ միայն անհատներն էին, այլև  Կանադայում գրանցված հայկական կազմակերպությունները։ Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ճանաչել Արցախի անկախությունը,  թույլ չտալ, որ հայերի ցեղասպանությունը կրկնվի:  «Այս հանրահավաքը նախաձեռնել էին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակը, Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սա երրորդ ակցիան էր։ Այդ ընթացքում քայլեցինք դեպի Թուրքիայի հյուպատոսարան, այնտեղ նույնպես հնչեցին կոչեր, ելույթ ունեցան ազգությամբ հայ քաղաքական գործիչներ։ Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանն էին կրկին եկել, նաև եկեղեցու ներկայացուցիչներ էին ներկա»,- պատմում է նա:    Բողոքի ակցիա Տորոնտոյում   Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ Կանադայի հայերը հոկտեմերի 11-ին ստեղծեցին «Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդը», որպեսզի խորհրդում միավորվեն և՛ տեղում գործող հայկական կազմակերպությունները, և՛ անհատները։ Խորհուրդը ստեղծելը նաև անհրաժեշտ էր տեղի ունեցող միջոցառումները համակարգելու համար։  «Որպեսզի ուղերձները նույն բովանդակությունն ունենան, որոշվեց, որ ստեղծվի ահա այս խորհուրդը: Փայլուն բան է այն առումով, որ համախմբում է բոլոր-բոլորին` անկախ քաղաքական հայացքներից, նախընտրություններից: Ինչ-որ մի բան է, որ ամեն ինչից վեր է»,- ասում է նա։   «Լռության ակցիա»-ն Տորոնտոյում   Երկու օր առաջ էլ Տորոնտոյում իրականացվել է «Լռության ակցիա»․ Կանադայի ժամանակով առավոտյան 11։00-ից մինչև երեկոյան 19։00-ն ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են փողոցներում՝ ձեռքներին պաստառներ պահած։ Մարիամ Մուղդուսյանն ասում  է, որ ակցիան խորհրդանշում էր միջազգային հանրության լռությունը։ « «Լուռ ակցիայի» ժամանակ շատ կանադացիներ մոտենում և ասում էին. «Խաղաղություն ենք մաղթում ձեր երկրին»։ Որովհետև, թեև ակցիան լուռ էր, բայց պաստառների վրա գրված էր` ինչ է տեղի ունենում»,- պատմում է նա։   «Լռության ակցիա»-ն Տորոնտոյում   Կանադահայ համայնքի ակցիաներին մասնակցել են նաև օտարերկրացիներ։ Մարիամ Մուղդուսյանը հիշում է, որ Մոնրեալի հանրահավաքի ընթացքում Հունաստանի դրոշներ է նկատել, նաև գերմանացիներ են ներկա եղել։ Բացի այդ՝ կանադացի քաղաքական գործիչներ էլ կան, որոնք մասնակցում են ակցիաներին, իրենց աջակցությունը հայտնում հայերին։ Բողոքի ակցիաները Կանադայում շարունակվելու են։ Մարիամ Մուղդուսյանը պատմում է, որ առաջիկայում մեծ ակցիա կիրականացվի Օտտավայում, որտեղ կենտրոնացած են պետական կառույցները։ Կանադայի հայերը նաև նախատեսում են քայլերթ իրականացնել․ քայլելու են 8 կմ։ Սպասվող ակցիաներից մեկը նվիրված կլինի Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ակցիաների ընթացքում շեշտը դրվելու է հանրային իրազեկման, տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքի և քաղաքական պահանջների վրա։   Դրամական աջակցություն` Հայաստանին   Մարիամ Մուղդուսյանը նշում է՝ Կանադայի հայ համայնքն այնքան մեծ չէ, որքան, օրիանակ, Միացյալ Նահանգներինը, բայց տեղի հայերը Հայաստան համահայակական հիմնադրամին ամենաշատ փոխանցում կատարողներից են։ Մարիամ Մուղդուսյանը ճանաչում է այնտեղ ապրող հայերի, որոնք պլանավորած առիթներ ունեին՝ հարսանիք, ծնունդ, բայց հետաձգել են, հավաքված գումարներն էլ ուղղել Հայաստանին։ Ինքը՝ Մարիամ Մուղդուսյանը, վաճառքի է հանել իր նկարներն ու ստացված ողջ հասույթը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամին։   Մեկը Մարիամ Մուղդուսյանի ստեղծագործություններից, որոնց վաճառքից ստացված գումարն ուղղվել է Հայաստան համահայկական հիմնադրամին   «Երկու տասնյակից ավելի հայ կանայք, որոնք ունեն բիզնեսներ, իրենց բիզնեսի հասույթները տրամադրում են բացառապես Հայաստան համահայկական հիմնադրամին` սկսած նկարչությունից, վերջացրած խմորեղենի արտադրությամբ, կոսմետոլոգիական ծառայություններ մատուցելով: Ձևավորվել է մի նոր մշակույթ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այսուհետ խնդիր ունենք ոչ միայն մեր ընտանիքներին աջակցելու, այլև ամենամսյա հաճախականությամբ Հայաստան համահայկական հիմնադրամին պարտադիր գումար փոխանցելու: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս հումանիտար աղետին պետք է դիմակայել՝ անընդհատ ներդրումներ կատարելով»,- ասում է նա:    Աննա Սահակյան Լուսանկարները՝ Անի Հարությունյանի
23:19 - 17 հոկտեմբերի, 2020
Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են պատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
 |azatutyun.am|

Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են պատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակը: Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»: Նշվում է նաև, որ վարչապետ Թրյուդոյի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետներն է հնչեցրել: Նշենք, որ անցած շաբաթ Կանադան սառեցրել էր այն ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ:
11:14 - 17 հոկտեմբերի, 2020
Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

civilnet.am: Միացյալ Թագավորության և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում: «Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարությունում: Միացյալ Թագավորությունն ու Կանադան հաստատակամորեն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։ «Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրմանը»,- նշել են ԱԳ նախարարները: «Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
18:45 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը
 |ermenihaber.am|

Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Կանադայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի ժամանակավոր դադարեցման որոշմանը։ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։Թուրքիայի արտգործնախարարությունում դժգոհել են նաև, որ Կանադան զգալիորեն թուլացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ դեռ 2019թ․-ից, երբ Թուրքիան Սիրիայում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան»։
11:41 - 06 հոկտեմբերի, 2020
Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը

 |armenpress.am|

Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: Այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է ԱԳ նախարարը: Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ: Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:
22:57 - 05 հոկտեմբերի, 2020
Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում |azatutyun.am|

Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան հետաքննում է հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին առաջինը հաղորդել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares֊ը: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: «Արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել», - ասել է Կանադայի վարչապետը և հավելել. - «Ծայրահեղ կարևոր է, որ հարգվեն մարդու իրավունքները չոտնահարելու` Կանադայի ակնկալիքները»: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: «L3Harris Wescam պաշտոնյաները առայժմ որևէ կերպ չեն արձագանքել», - հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:
09:24 - 03 հոկտեմբերի, 2020
Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

 |factor.am|

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ երեկոյան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։ Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը խորն անհանգստություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային կարգավորումը։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները։
11:23 - 29 սեպտեմբերի, 2020
Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան

Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյը ամբողջ բարեկամական խմբի անունից դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը։   Հայտարարությունում մասնավորապես ասված է․   «Ափսոսում եմ, որ այս մասին կարդում եք նման բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտերի մասին լուրերը։ Կանադա – Հայաստանի խորհրդարանական բարեկամական խմբի անունից դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան։ Հաշվի առնելով զոհերի աճող թիվը, ավելի քան հարյուր վիրավորների և քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի փաստը՝ այս մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, ամբողջ աշխարհի հետ միասին, մտահոգությամբ և ցնցված հետևում է այս բռնություններին։ Կանադական կառավարությունը աշխարհի այլ կառավարությունների հետ միասին մշտապես կոչ է արել վերջ դնել բռնություններին և ապահովել տեղական քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը։ Մենք բոլորս պետք է աշխատենք՝ քաղաքացիական անձանց ռազմական հարվածներից պաշտպանելու ուղղությամբ և ապահովենք, որ հատկապես երեխաները չդառնան ռազմական գործողությունների զոհեր։ Տարածաշրջանից այսօր ստացված տվյալները մտահոգիչ են: Տեղեկությունները, որ մարտերում ուղղակիորեն կիրառվել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, ինչպես նաև ռազմական դրության մասին հայտարարությունները խոսում են բախումների լրջության մասին։ Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որպեսզի նվազեցվի այս հակաամարտության՝ տարածման և արագորեն վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը։ Իրավիճակը դեռևս զարգանում է, սակայն մենք հույս ունենք, որ կտեսնենք հրադադարի պայմաններին հավատարիմ մնալու պատրաստակամություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացիկ աշխատանքները պետք է հարգվեն և ստանան լիակատար աջակցություն։ Այս հակամարտությունը չունի կենսունակ ռազմական լուծում։ Հուլիսին տեղի ունեցած ագրեսիայի տարածումը հնարավոր եղավ կանխել, և նմանատիպ ջանքեր պետք է նորից գործի դրվեն։ Թուրքական ղեկավարության, հատկապես պաշտոնական խողովակների կողմից շարունակվող հռետորաբանությունը բացարձակապես օգտակար չէ և դուրս է դիվանագիտական նորմերից։ Ոչ մի քաղաքական գործիչ կամ առաջնորդ չպետք է երբևէ խրախուսի ատելությունը, հրապարակավ նսեմացնի էթնիկ կամ ազգային խմբերի կամ կոչ անի բռնի կերպով հեռացնել քաղաքացիական բնակչությանը։ Խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում դադարեցնել մարտերը, անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և ապահովել բռնությունների կենտրոնում հայտնված քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը և աջակցությունը։» Լավագույն մաղթանքներով առաջիկա օրերի համար՝   Բրայան Մեյ, պատգամավոր Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար
01:00 - 28 սեպտեմբերի, 2020