ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։  Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։  ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։  Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։ Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։  Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։  Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։  Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։
17:24 - 11 օգոստոսի, 2021
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում: Վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում: «Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցy և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:
15:28 - 11 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, օգոստոսի 10-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։
19:40 - 10 օգոստոսի, 2021
Խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․ Արշակ Կարապետյանը՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․ Արշակ Կարապետյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
19:56 - 09 օգոստոսի, 2021
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր զարգացումների կանխումը: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ով, հղում անելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հուլիսի 28-ի հայտարարությանը, որում խոսք էր գնում Մոսկվայում նախատեսվող բանակցությունների մասին, հարցրեց, թե ի՞նչ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել և ի՞նչ էր դրված բանակցությունների սեղանին, որի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել Պաշտպանության նախարարությունը: «Այս պահի դրությամբ ո՞ւր են հասել, մեր և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այդ զարգացումների մեջ մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող են վերականգնել՝ զինված ուժերի մասով»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հավելեց, որ Ռուսաստանում քննարկվում են Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ, որին, պարզ է, մասնակցում է նաև հակառակորդ կողմից որևէ զինվորական պաշտոնյա։ «Ոչ ոք Ազգային ժողովի հետևում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել, վերջին հաշվով այդ ամենը քննարկվելու է նաև Ազգային ժողովում, եթե դրա կարիքը լինի»,- նշեց նա:
16:16 - 09 օգոստոսի, 2021
Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան

Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման  կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։ Ինչպես հայտնում է «Զինուժ մեդիա»-ն, Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ զորամիավորումը նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը։ «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել է նախարարը։ Առավել մանրամասն՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։ 
20:17 - 07 օգոստոսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։  Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես, ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համապատասխան կառույցների հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարար Կարապետյանն ընդգծել է, որ այժմ Զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության  համալիր միջոցառումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։
19:20 - 06 օգոստոսի, 2021