ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ
19:40 - 10 օգոստոսի, 2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, օգոստոսի 10-ին այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ստանիսլավ Զասն այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ներկայացնելով ՀԱՊԿ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և լարվածությունը թուլացնելուն միտված միջոցառումների վերաբերյալ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության խաղաղ, քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն և անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այնուհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել