Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին. Մհեր Գրիգորյան

Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Հարգարժան պարոն դեսպան,Ձերդ գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ, կյանքի կոչելով ինքնորոշման իրավունքը, խաղաղ ճանապարհով սկիզբ դրեց երկրի վերամիավորմանը։ Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աշխարհի և Եվրամիության առաջատար երկրներից մեկն է, այն օրինակելի է զարգացման, ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման տեսանկյունից: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել է հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ առկա ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացմանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխգործակցությունը դինամիկ զարգացել է: Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև ստեղծված բարեկամական կապերն ու փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է՝ միասնաբար հաղթահարելու առկա տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերները։ Վստահ եմ, որ երկուստեք կներդնենք բոլոր ջանքերը հայ-գերմանական հարաբերություններն ամրապնդելու, առևտրատնտեսական համագործակցության առկա ներուժը իրացնելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Այս համատեքստում չեմ կարող չմատնանշել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեության կարևորությունը: Հարգարժան դեսպան, Օգտվելով առիթից` ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Գերմանիայի հայկական համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Մեծապես կարևորում ենք Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես և ԵՄ շրջանակներում։ Ամփոփելով խոսքս ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ պարոն դեսպան, դեսպանության անձնակազմին, ԳԴՀ Կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն: Շնորհակալություն»:
21:03 - 04 հոկտեմբերի, 2022
ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար

ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: Դեսպանը կարևորել է Կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը տուծաժ բնակավայրեր: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ կատարել Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
18:29 - 03 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.«Հարգելի Սերիկ Մակաշևի,Հարգելի Սերգեյ Նիկոլայի,Հարգելի գործընկերներ, Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում մենք ԱՊՀ շրջանակներում ընդունում ենք փաստաթղթեր ի հայտ եկող խնդիրներին արձագանքելու միջոցների վերաբերյալ, մշակում ենք մեթոդներ՝ ուղղված մեր պետությունների քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցության մեղմմանը, ԱՊՀ մասնակից մի երկիր ոչնչնով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:Ինչպես արդեն գիտեք, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածների վրա՝ փաստացի ուղղակիորեն ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։Ագրեսիան իրականացվել է հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ի դեպ գնդակոծվել են ոչ միայն Հայաստանի մարտական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի ուղղությամբ։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 192 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցներ, դպրոցներ, բուժհաստատություն և այլ քաղաքացիական օբյեկտներ։ Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 2-ից ադրբեջանական կողմը սկսեց կեղծ լուրեր տարածել հայկական կողմից հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներով՝ հստակ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ տեղեկատվական հիմք իրենց նվաճողական նկրտումների իրականացման համար։Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ից 9-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց հայտարարված խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախները։Անընդունելի են ադրբեջանական կողմի հորինված մեղադրանքները Հայաստանի կողմից որևէ գործընթաց, աշխատանքներ կամ բանակցություններ ձգձգելու վերաբերյալ։ Հայաստանը ժամանակին և մանրամասնորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները և բանակցությունները վարել է կառուցողական հունով։Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նպատակ ունի նաև խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի աշխատանքները:Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, որոշել է դիմել ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ակնկալում ենք, որ արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն առաջին հերթին ՀԱՊԿ-ի կողմից։Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, իրենց զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն:Շնորհակալություն ուշադրության համար»: 
19:00 - 23 սեպտեմբերի, 2022
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր

Կայացել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առկա համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը: 
19:03 - 19 սեպտեմբերի, 2022
ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրել են 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր

ՀՀ և ՌԴ կառավարությունները ստորագրել են 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:   Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:   Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը»,- իր ուղերձում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,- ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։   Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։   Լիագումար նիստից հետո կլոր սեղան ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցություն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։  
16:08 - 19 սեպտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը. քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր

Տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը. քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր

Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հադիպել է Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։ Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ: Երախտագիտություն է հայտնվել ռուսական կողմին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։
18:19 - 30 օգոստոսի, 2022
Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նախատեսված է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, օրակարգը, սակայն, հայտնի չէ։ Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջեւ այս հանդիպումը երկրորդն է լինելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։  
13:07 - 25 օգոստոսի, 2022
Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում
 |armeniasputnik.am|

Սահմանազատման հարցով հերթական հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին Մոսկվայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի վերջին: Տեղեկությունը հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հերթական հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։   «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ Մոսկվայում։ Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ»,– ասված է փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանում։   Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:   Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։   Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։  
15:41 - 23 օգոստոսի, 2022
Եվրոպական միությունը դրամաշնորհի ձևով 14.2 միլիոն եվրո կփոխանցի Հայաստանին

Եվրոպական միությունը դրամաշնորհի ձևով 14.2 միլիոն եվրո կփոխանցի Հայաստանին

Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտնում են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակից։ Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։ «Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է, և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը և, երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված հիմնական բարեփոխումների իրականացմանը»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 14.2 մլն․եվրո հատկացումների փոխանցումը կաջակցի Հայաստանին իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումները և մեղմել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը իրականացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համահունչ ստանձնած բարեփոխումները:
16:25 - 02 օգոստոսի, 2022