Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ-ում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների կենտրոն

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ-ում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների կենտրոն

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ և ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը համախմբվել է նախարարության հովանու ներքո: Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իրենք ակտիվ հետևում են նախարարության գործունեությանը և շատ տպավորված ու ոգևորված են նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նա նշել է, որ կարևորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երևանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում: Նախարարը շատ է կարևորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում և տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարևոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձևավորվող ենթակառուցվածքները: Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, Սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձևավորելու ուղղությամբ: Սփյուռքի դերին անդրադառնալով՝ նախարար Արշակյանը նշել է, որ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները և երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար: Հովիկ Սաֆոյանը շատ տպավորիչ է համարել նախարարության ծրագրերը, ռազմավարությունը, ուղղությունները, վերլուծությունները, համադրությունները, նշել, որ նախարարությունը գլոբալ տեսլական ունի, որը Սփյուռքում շատ բարձր է գնահատվում: «Սա կարծես թե թարմ օդ լինի, նոր մոտեցում, որ նախկինում չի եղել, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկիր չէ բարեգործություն անելու, այլ՝ փոխշահավետ գործակցությամբ նոր ընկերությունների և հնարավորությունների ստեղծման կենտրոն»,֊ նշել է Սաֆոյանը: SADA Systems ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական և ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ և աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում և կոչված կլինի բացահայտելու և կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: «Ոգևորիչ է կառավարության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման և Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, և հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարևոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը և հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են և հեռանկարային: Ամփոփելով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայ գործարարին իր պատրաստակամության և հայրենանվեր մոտեցումների համար, ընդգծել՝ մեկտեղելով ջանքերը Սփյուռքի հետ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների:
14:52 - 23 սեպտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ

2020 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել   Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ: Ողջունելով հյուրերին ՀՀ ԲՏԱ նախարարությունում՝ նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է  տնօրեն Րաֆֆի Քասսարջյանին իր նոր՝ պարտավորեցնող պաշտոնում, համոզմունք հայտնել, որ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունը, նոր նախագծեր կմշակվեն և կյանքի կկոչվեն միության կողմից վերջինիս տնօրինությամբ: Նախարարը նշել է, որ ինքն էլ, լինելով մասնագիտությամբ ինժեներ, քաջատեղյակ է, թե որքան կարևոր է ԱՏՁՄ-ի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, որը ողնաշարի դեր է կատարել այս ասպարեզում, թե՛ իբրև տեսլական թելադրող, թե՛ ոլորտի լոբբինգի իրականացնող և թե այլ շատ առումներով: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում ևս շտկումներ են լինելու: ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում և ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները և նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների և այլ տեսլականների իրականացման հարցերում: Րաֆֆի Քասսարջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ նախարարը ևս բարձր տեխնոլոգիաների ոլորտից է և լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Քասսարջյանը մատնանշել է ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այն, ինչ նախատեսված էր 5 տարի, 10 տարի առաջ, այժմ արդիական չէ և արագ զարգացման կարիք ունի․ կարևորել է փաստը, որ ներկայումս լուծված են հարկային, մաքսային խնդիրների գերակշիռ մասը, ստարտափների համար բարենպաստ միջավայր է ձևավորված, ակնհայտ է ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը և հիմնական խոչընդոտը ռեսուրսների առկայության խնդիրն է: Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երևանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձևավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու  և տեղում բացահայտելու գործում: Հանդիպման ավարտին նախարար Հ․ Արշակյանը, ամփոփելով նախարարություն – ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ և պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ:
12:18 - 17 սեպտեմբերի, 2020
Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Հրաշալի նորություն ունենք: Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը: Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում: Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։ Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
21:52 - 11 սեպտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքում «Թումո» կենտրոն ունենալու  հնարավորությունը

Հակոբ Արշակյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքում «Թումո» կենտրոն ունենալու հնարավորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Սյունիքի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Հունան Պողոսյանի հետ, քննարկել մարզում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման հնարավորությունները, մարզի աշխատաշուկայի կառուցվածքը և զարգացման ներուժը: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Քննարկվել են մարզում ինժեներական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, Տեխնոպարկի հիմնադրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի ինժեներական ներուժը, մարզում «Թումո» կենտրոն ունենալու և այլ ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման հնարավորությունները: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մարզպետի ուղեկցությամբ այցելել է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, շրջայց կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել հաստատությունում առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Շրջայցի ընթացքում նախարար Արշակյանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի զարգացման ռազմավարական գլխավոր ուղղություններից է, իսկ պոլիտեխնիկական համալսարանի յուրաքանչյուր ուսանող այդ առաջընթացը կերտողներից մեկը կարող է դառնալ: Նախարարը հատկապես ընդգծել է հայկական հաջողված ընկերությունների ձեռբերումները, ներգրաված միջազգային ներդրումները՝ շնորհիվ նպատակի և դրա նկատմամբ հավատի, աշխատասիրության և կրթության ուղղությամբ ջանք չխնայելու հատկությունների: Նախարարը ներկայացրել է իր գլխավորած կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ ուսանողների ուշադրությունը հատկապես հրավիրելով կրթական ծրագրերի վրա, մատնանշել հնարավորությունները, որոնք ստեղծված են բոլոր ուսանողների համար՝ ինքնազարգացման և նոր բարձր տեխնոլոգիական ուղղություններով կրթության, «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում միջազգային փորձի ձեռքբերման և այլ ուղղություններով: Խոսքի ավարտին նախարարը շնորհավորել է ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ խրախուսելով կանգ չառնել և օգտագործել անգամ ամենափոքր հնարավորությունը գիտելիք ստանալու և սեփական գործը հիմնելու գաղափարով հանդես գալու համար: Պատվիրակությունը եղել է նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող Արմաթ լաբորատորիայում, որտեղ ուսանողները ցուցադրել են իրենց կատարած աշխատանքները, ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները:
21:29 - 02 սեպտեմբերի, 2020
Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին

Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին

Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն: Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ ինքնաթիռների արտադրության մեջ, և Կանադա: ՀՀ ԲՏԱ նախարարության և ՊՆ ԶՈւ հետ համագործակցության շրջանակներում ընկերությունում մշակվում են ռազմարդյունաբերական մի շարք նախագծեր, որոնք ներկայացվել են նախարարի ուշադրությանը: Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ինժեներների հետ, ծանոթացել արտադրատեսակներին, գործարանի տարածքին, շենքային պայմաններին:  
20:51 - 02 սեպտեմբերի, 2020
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։Հանդիպման մասնակիցները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները: Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին և նախանշվել են հետագա քայլերը ու միջոցառումները: 
17:17 - 02 սեպտեմբերի, 2020
Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն |armenpress.am|

Ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սերիական արտադրություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում որոշ ուղղություններով նախատեսվում է սկսել սերիական արտադրություն: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Գործարկվել են մի շարք արտադրատեսակների և նոր մշակումների փորձնական արտադրություններ, իրականացվել են փորձարկումներ, և, որպես արդյունք, նախատեսվում է այդ ուղղություններով սկսել սերիական արտադրություն: Հաջողված փորձարկումներ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքերի մասով, դրանց կիրառումը տեսել եք իրական մարտական պայմաններում՝ հուլիսյան մարտերի ընթացքում»,- ասաց Արշակյանը: Նախարարը նշեց, որ Ռազմարդյունաբերական կոմիտեն իրականացրել է ռազմարդյունաբերության ոլորտի ազգային ստանդարտների մշակման, արտերկրի փորձի ուսումնասիրման աշխատանքներ:
15:21 - 26 օգոստոսի, 2020
Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում. Արշակյան |armenpress.am|

Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում. Արշակյան |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում: Այս մասին օգոստոսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հետազոտության արդյունքերով Հայաստանն ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում: Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ, Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և բարձր թվայնացվածներից կտեղափոխվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խումբ»,- ասաց Արշակյանը: Նախարարը նշեց, որ նույն հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվականին 2018թ. նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել ամենամեծ առաջընթացներից մեկն ասիական տարածաշրջանում` 87-րդ տեղից բարելավելով իր դիրքը մինչև 68-րդ տեղը: Արշակյանը հավելեց, որ մշակվել է Հայաստանի Հանրապետության թվայնացման 2020-2025թթ. ռազմավարության նախագիծը: Սահմանվել են թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները: Ընթացիկ փուլում են թվայնացման գործընթացները և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացը:
14:50 - 26 օգոստոսի, 2020
2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար |armtimes.com|

2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն, եւս 11 ընկերություն գտնվում է հավաստագրման գործընթացում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. ընթացքում կազմել է 364, ստեղծվել է շուրջ 960 նոր աշխատատեղ»,- ասաց նախարարը: Արշակյանն ընդգծեց, որ նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են ԱՄՆ-ի, Չեխիայի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նոր ընկերություններ։
13:37 - 26 օգոստոսի, 2020
22 մլն դրամի դրամաշնորհ է հատկացվել 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին.  Հակոբ Արշակյան |armenpress.am|

22 մլն դրամի դրամաշնորհ է հատկացվել 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին. Հակոբ Արշակյան |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում 22 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել լավագույն 5 նախագծերով ընկերություններին: Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կառավարության դրամաշնորհային ծրագիրը՝ պետական աջակցության 17-րդ միջոցառման տեսքով: Առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ և տրամադրվել է 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին: Դրանց շրջանակներում որոշ սարքեր են նախագծվել, իսկ որոշներն արտադրության փուլում են»,- ասաց Արշակյանը: Նախարարը նշեց, որ իրենք լավագույն գաղափարներն իդենտիֆիկացրել և տրամադրել են նաև պարետատանը:
13:10 - 26 օգոստոսի, 2020
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
14:14 - 06 օգոստոսի, 2020
Հակոբ Արշակյանն Իրանի նորանշանակ դեսպանի հետ համագործակցության հետագա զարգացման հարցեր է քննարկել

Հակոբ Արշակյանն Իրանի նորանշանակ դեսպանի հետ համագործակցության հետագա զարգացման հարցեր է քննարկել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։ Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։ Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։ Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:
20:50 - 05 օգոստոսի, 2020
Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։ Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։ Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:
18:30 - 05 օգոստոսի, 2020