ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով: «Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում: Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին: «Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են: Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե' վիրավորների տեղափոխմամբ, և թե' նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար: Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին: Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին: «Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,-մանրամասնել է Աննա Պոպովան:«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը: Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:
13:56 - 09 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք: Ունենք 216 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է։
11:11 - 09 հոկտեմբերի, 2020
ՀՀ-ում դիտվում է կորոնավիրուսի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը․ ԱՆ

ՀՀ-ում դիտվում է կորոնավիրուսի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը․ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր: Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Հարկ է հիշեցնել, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական,  պահպանել հակահամաճարակային կանոններն՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն առողջ և ամուր կպահի մեր թիկունքը»:
16:19 - 08 հոկտեմբերի, 2020
Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Լոռու մարզում

Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Լոռու մարզում

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հաղորդում է ստացել, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն սուր աղիքային վարակ ախտորոշմամբ՝ ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն (380C) ախտանշաններով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում հոկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 33 դեպք, պարզվել է նաև, որ բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջուրը: Ընդհանուր դեպքերի թիվը հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00 դրությամբ կազմում է 39, որոնցից 32-ը հոսպիտալացված է Ստեփանավանի, իսկ 7-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ` ինչպես պացիենտներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից: Առաջին օրվա 6 պացիենտից վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս  հետազոտություններն ընթացքի մեջ են: Նշենք, որ քննարկում է կազմակերպվել մարզպետարանում, որի արդյունքում մակերեսային աղբյուրը փակվել է, նաև իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման և ախտահանման աշխատանքներ: Միաժամանակ, բնակչության շրջանում աշխատանք է տարվել՝ հորդորելով աղիքային հիվանդության ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկական կազմակերպություն:
12:20 - 08 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է․ շրջելու է բժշկական կազմակերպություններում` վերջիններիս հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար

Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է․ շրջելու է բժշկական կազմակերպություններում` վերջիններիս հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը գնահատելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցերը շարունակվում են: Այս պահին նա Սյունիքի մարզում է: Նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար: Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը:  Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով  ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին: Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում: 
18:13 - 06 հոկտեմբերի, 2020
Կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը

Կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր առավել քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին: Հաշված րոպեների ընթացքում Արյան բանկի առջև գոյացող մեծ հերթերը վկայում են այն մասին, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ցանկանում է օգտակար լինել: Ցավոք, ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կազմակերպել հերթագրում, սակայն վստահ ենք, որ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը ոչ թե անհարմարություններից խուսափելն է, այլ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովումը: Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը: Շնորհակալ ենք, որ հետևողական եք մեր կոչերին, աջակցում եք և մշտապես մեր կողքին եք:
14:56 - 05 հոկտեմբերի, 2020
Ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինծառայողներին

Ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինծառայողներին

Արցախի Հանրապետության դեմ ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը: Հոսպիտալ են ընդունվում տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, կատարվում են տեսակավորման և արագ գործիքային հետազոտության աշխատանքներ, որից հետո վիրավոր զինծառայողները տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղափոխվում վիրահատարան: Հոսպիտալում բուժվողների հարազատներն իրազեկվում են զինծառայողների ստացած վնասվածքների, բուժման ընթացքի և արդյունքների մասին: Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը նոււյնպես արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում: Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր: Նրանց հետ աշխատում են նաև հոգեբանները, որոնք արձանագրում են, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է. հայրենիքի պաշտպանները ձգտում են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին մեկնել առաջնագիծ՝ կանգնելու իրենց մարտական ընկերների կողքին: Մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել նաև քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:  
23:29 - 03 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 3-ի դրությմաբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած, 972-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք: Ունենք 177 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 302 է։
11:04 - 03 հոկտեմբերի, 2020
Կարգավորվել է արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության կազմակերպումը

Կարգավորվել է արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության կազմակերպումը

Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Նշենք, որ վերջիններս օգտվում են անվճար հիվանդանոցային բուժօգնությունից, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից: Տուժած անձինք նաև անվճար պայմաններով կարող են առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալ իրենց կողմից կամավոր ընտրված ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում: Ի դեպ, տուժած անձին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունները և դեղերի տրամադրումը: Տուժածի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված ժամանակավոր փաստաթուղթը: Հորդորում ենք Հայաստան տեղափոխված արցախցիներին դիմել ժամանակավոր բնակության վայրին տարածքային առումով մոտ տեղակայված ամբուլատորիա կամ պոլիկլինիկա` անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժման ուղեգիր ստանալու համար: «Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման  կարգը» հետևյալ հղումով. - ասվում է հաղորդագրության մեջ։    
22:27 - 02 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ հոկտեմբերի 2-ի հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք: Ունենք 187 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 301 է։
11:07 - 02 հոկտեմբերի, 2020
Վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են

Վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը նախարարի ուշադրության կենտրոնում են

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ: Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ  իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն ու տեղափոխումը բժշկական այլ կազմակերպություններ: Արսեն Թորոսյանը հանդիպել է բժշկական անձնակազմին, հետաքրքրվել կատարվող աշխատանքներով, քննարկել  մարտական գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը: Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն է գործուղվել առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը` ընթացիկ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Կենտրոնը համալրվել է բժիշկ-մասնագետներով, ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով: Այնուհետև առողջապահության նախարարը մեկնել է Արցախ։ Նա այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այստեղ Արսեն Թորոսյանը նախ ծանոթացել է վիրավորների առողջական վիճակին: Այնուհետև հանդիպել է ռազմաբժշկական և քաղաքացիական առողջապահական կառույցների ղեկավարներին, քննարկել առկա խնդիրները, կարգավորել որոշ հարցեր: Մարտական գործողությունների սկզբից Արցախին աջակցելու նպատակով Ստեփանակերտ գործուղված առողջապահության նախարարության ներկայացուցիչներին նախարարը հրահանգել է արագ լուծել բժշկական սարքերի տրամադրման հարցը` շարժական և ներվիրահատական ռենտգեն սարքավորումներ։ Նախարարի հանձնարարականով ավելացվել են նաև Արցախում աշխատող ռեանիմոբիլների թիվը։
20:38 - 01 հոկտեմբերի, 2020