ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արարատ Միրզոյանը Դավիդ Զալկալիանիին է ներկայացրել Բաքվի կողմից ԼՂ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները

Արարատ Միրզոյանը Դավիդ Զալկալիանիին է ներկայացրել Բաքվի կողմից ԼՂ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր:  Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները, ինչի հետևանքով Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի շեմին։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական կողմի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։
17:00 - 24 մարտի, 2022
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են, արժե և պետք է կարգավորեն հարաբերությունները․ Միրզոյան

Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն և Թուրքիան կարող են, արժե և պետք է կարգավորեն հարաբերությունները․ Միրզոյան

«Մենք վստահ ենք, որ ՀՀ-ն եւ Թուրքիան կարող են եւ արժե եւ պետք է նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն եւ բացեն սահմանները»։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ասաց ՀՀ արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա կարծիքով՝ այդ գործընացի համատեքստում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւս դրական ազդեցություն ունեցավ։ Հիշեցնենք՝ մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նրա խոսքով՝ այդ ֆորումին ԱԳՆ մակարդակով մասնակցելու որոշումը ճիշտ որոշում էր․ «Անշուշտ, շոշափելի, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմն էլ վերահաստատեց, որ շարունակում ենք երկխոսությունը, գործընթացը առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները»։ ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ տակտիկական, տեմպի առումով որոշակի տարբերություններ կան երկու կողմերի միջեւ, բայց ընդհանուր, առնվազն վերբալ մակարդակով երկու կողմն էլ հաստատել է, որ վերջարդյունքը սահմանների բացումն է․ «Ընթացիկ խնդիրներ էլ ենք քննարկել բացման այդ կոնտեքստում, այսինքն՝ սահմանային, առեւտրային եւ այլն, որպեսզի դյուրացնենք այդ ոլորտում գործող մեր հայրենակիցների կյանքը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ եթե առաջիկայում շոշափելի արդյունքներ լինեն, կանդրադառնա դրանց։ Շարունակելով թեման՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդդիմադիր գործիչները, հետագայում նաեւ՝ որոշ շրջանակներ, անդրադառնալով Միրզոյանի այցին, բովանդակային քննարկման փոխարեն ավելի շատ անդրադարձան Արարատ Միրզոյանի ժպիտին կամ թուրք գործընկերոջ փողկապի բացակայությանը։ Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի փողկապ չկրելու հետ կապված քննարկումներին՝ Միրզոյանն ասաց, որ այդ ֆորումը առանց փողկապների էր, եւ տարբեր լուսանկարներից կարելի է տեսնել, որ նախարարների մի մասը փողկապ կրում էր, մյուս մասը՝ ոչ, եւ նույն նախարարը հաջորդ անգամ կարող էր հակառակ կերպ վարվել․ «Ինձ կարող եք Չավուշօղլուի հետ հանդիպմանը տեսնել փողկապով, իսկ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Շալեմբերգի հետ հանդիպման ընթացքից արված լուսանկարում հակառակն է, ես եմ առանց փողկապ, Շալեմբերգն է փողկապով»։ Խոսելով Չավուշօղլուի հետ ժպիտով լուսանկարվելու հանգամանքից՝ Միրզոյանն ասաց․ «Ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների զգացմունքների նկատմամբ, եթե ես իմանամ, որ իմ ժպիտը ապագայում կարող է գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ ու էլի կժպտամ ու էլի կժպտամ»։
18:00 - 23 մարտի, 2022
Գործի ենք դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը․ Միրզոյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

Գործի ենք դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը․ Միրզոյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ինչ աշխատանք է տանում ԱԳՆ-ն միջազգային ասպարեզում՝ ներկայացնելու գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ «Ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ, ահա, այս երկրորդ անգամ նույն մատակարարման խափանման դեպքում մենք անմիջապես գործի ենք դրել մեր բոլոր ջանքերը,  դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը։ Նախևառաջ, իհարկե, մենք սերտ կապի մեջ ենք,  պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, ռուսաստանցի գործընկերների հետ, որովհետև գիտեք, որ վթարը կամ այս դեպքում արդեն պարզ չի՝ ինչպես դրան անվանել, վթար չի, ըստ երևույթին։ Ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում, և առաջնային մեր կապը, իհարկե, ռուսաստանյան գործընկերների հետ է, բայց նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ է»,-ասաց Միրզոյանը։ Միրզոյանը հիշեցրեց նաև ԱԳՆ տարածած հայտարարությունը Արցախում գազամատակարարման դադարեցման վերաբերյալ․ «Բացի դրանից, տեղի ունեցած մասին նոտա է հղվել մեր բոլոր միջազգային գործընկերներին և արձագանքներ արդեն ստացվում են։ Նախորդ անգամ, երբ, ըստ էության, 8 օրից ավելի թույլ չէին տալիս, իսկ արդեն աշխատանքները սկսելուց հետո 2-3 օր էլ այդպես ձգվեց, այդ ընթացքում նաև վարչապետն է խոսել և՛ ԱՄՆ պետքարտուղարի հետ, և՛ ՌԴ նախագահի հետ, և՛ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ, նաև Արտաքին գործերի նախարարությունը իրեն հասանելի բոլոր օղակներով և խողովակներով, նույնը և այս անգամ։ Արդեն արձագանքները տեսնում ենք, նաև մեր ջանքերի արդյունքում են այդ արձագանքները։ Ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չի»։ Մարտի 8-ին գազատարի վնասման հետևանքով Արցախում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները։ Սակայն մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
17:15 - 23 մարտի, 2022
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից: «Ներկայացուցիչը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին, համագործակցել է Հունգարիայի պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, նրանց ընտանիքի անդամ հանդիսացող Ուկրաինայի քաղաքացիների տրամադրել է հյուպատոսական աջակցություն (օրինակ՝ ապահովել է ՀՀ վերադարձի վկայականների տրամադրում), կազմակերպչական և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է սահմանային անցակետերից մինչև Բուդապեշտ քաղաքացիների տեղափոխում և նրանց հետագա ճամփորդությունը Հայաստան: Մեր հայրենակիցները, անկախ նրանց քաղաքացիությունից, աջակցություն են ստանում նաև Հունգարիայի հայկական ինքնավարությունից»,- նշված է գրառման մեջ:
15:45 - 23 մարտի, 2022
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում աջակցության կարիք ունեցող Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ-ի դեսպանությութնը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը: Բացման պահից ի վեր հյուպատոսական կետը անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ և իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաև՝ վերադարձը հայրենիք: Դեսպանությունը և Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին: Մեր հայրենակիցներին հումանիտար աջակցություն է ցուցաբերվում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ և Սուչավա, Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ։
14:05 - 23 մարտի, 2022
Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»:
17:36 - 22 մարտի, 2022
ԱԳՆ-ն բանակցություն է վարում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղելու շուրջ

ԱԳՆ-ն բանակցություն է վարում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղելու շուրջ

Մարտի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի ու Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն։ Եվ, ըստ այդմ, 2021 թվականի ընթաքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն։ Իհարկե, մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր, նախ և առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ։ Տարվա ընթացքում մենք այս առումով որոշակի հաջողության ենք հասել , քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում․ նախ՝ 2021 թվականի սեպտեմբերին՝ Նյու-Յորքում և ապա՝ Փարիզում: Պետք է նշեմ, որ համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա՝ առաջին հերթին, ապա նաև՝ մեր պնդմամբ՝ արձանագրելով, որ այնուամենայնիվ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը։ Սա դուք կարող եք տեսնել, համենայն դեպս՝ այս թեզի ընկալումը և արձանագրումը համանախագահության կողմից կարող եք տեսնել այդ առաջին՝ նյույորքյան հանդիպմանը հաջորդած հաղորդագրության, ինչպես նաև հետագա հայտարարություններում։ Հավանաբար, հիշում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը համանախագահության ձևաչափով նախատեսված էր 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում, սակայն նախատեսված հանդիպումից ժամեր առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այս հնգակողմ հանդիպմանը հրաժարվել է մասնակցել։ Նաև կնշեմ, որ մինչև հանդիպումը համանախագահության կողմից մեզ փոխանցվել էին որոշակի օրակարգային առաջարկներ, և այդ օրակարգային առաջարկները ներառում էին նաև խաղաղության համապարփակ պայմանագրի պարամետրերի հստակեցումը, իհարկե նաև՝ հումանիտար մնացյալ հարցերի հասցեագրումը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների, ըստ էության, մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կար համընդհանուր ընկալում, կարելի է ասել՝ կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի և պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների միջոցով։ Նաև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս շարքում ուզում եմ նաև առանձնացնել դեկտեմբերի 7-ին համանախագահող երկրների երեք արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։ Այս հայտարարությունը հանրայնացվեց արդեն այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Սա, կարծում եմ, էական նրբերանգ է։ Ուզում եմ ասել, որ Կառավարության կողմից շարունակվել է մեկնարկած աշխատանքը՝ ուղղված Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավմանը և մարդասիրական առաքելությունների ներգրավմանը, մարդասիրական աջակցության տրամադրման խնդիրներին, գործընթացներին: ՄԱԿ-ի մարդասիրական մարմինների հետ շարունակաբար քննարկվել է Արցախ մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը: Ադրբեջանի կողմից մարդասիրական առաքելությունները խոչընդոտելու փաստը հրապարակայնորեն ճանաչվել է ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի, այնպես էլ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Երկկողմ ձևաչափով և միջազգային կառույցներում (այդ թվում՝ ԵԽ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում) տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումների, Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, «ռազմավարի պուրակի», ինչպես նաև արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների, այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա: Եվ այս համատեքստում ուզում եմ նշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է դատարանը Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառյալ՝ եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտերը։ Հարգելի՛ գործընկերներ, Թեև ասելիքս արդեն 2022 թվականին է վերաբերում՝ ոչ հաշվետու շրջանին՝ 2021 թվականին, բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի կողմից բարձրաձայնված մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի աղվանական մշակութային կոթողների «վերականգնմամբ», հրատապ են դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։ Եվ մենք այժմ այս մասին բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռամագերիներ և քաղաքացիական անձիք, և Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ինչպես գիտեք, հարգելի՛ գործընկերներ, Ադրբեջանում դեռևս 38 անձ է պահվում՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք։ 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են․ ուշագրավ է նաև, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 9-ը։ Խնդիրը 2021 թվականի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում: Շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը։ 2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատման և վերադարձի կոչ անող բանաձև: ԵՄ-ի շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրն արծարծել են Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի անդամներ, մեր բազմաթիվ դաշնակից և գործընկեր երկրների բարձր և ամենաբարձր աստիճանի պաշտոնյաներ: Այս ուղղությամբ աշխատանքները, բնականաբար, շարունակվում են։ Ասեմ, ուղղակի, որ չի կարող լինել գեթ մեկ միջազգային հանդիպում՝ որևէ ձևաչափով, որևէ մակարդակով, որտեղ այս, ինչպես նաև, իհարկե, այլ հարցրեր համառորեն չեն բարձրաձայնվում մեր կողմից։ Անդրադառնամ կոմունիկացիաներին, դելիմիտացիա և դեմարկացիայի գործընթացին։ Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Հավանաբար, գիտեք, որ եռակողմ աշխատանքային խումբ գոյություն ունի, և Հայաստանն այս խմբում ներկայացված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։ Այնուամենայնիվ, որոշակի ընդհանուր գծերով կփորձեմ ներկայացնել․ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող՝ հիշատակածս եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը: Խումբը 2021 թվականի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ: Գիտեք, հավանաբար, որ սլախված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով որ անցնում են։ Սահմանագծման ու սահմանազատման մասով․ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են, մեջբերում եմ. «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը»: Եվ մեր կառավարությունն այժմ ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով։ Կարծեմ՝ խոսել ենք այս մասին նաև Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում․ այդ առաջարկությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշման սկզբունքը, և զորքերը, ըստ էության, սահմանապահ ծառայությամբ փոխարինելու սկզբունքը, միջազգային մոնիթորինգի իրականացման սկզբունքը և այլն։ Գիտեք, որ Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը։ Այլ առաջընթաց այս մասով առ այժմ չկա, բայց մենք շարունակում ենք աշխատանքները, և այստեղ էականը, բնականաբար, սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար մեխանիզմենրի ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով․ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։ Լատվիայի խորհրդարանը նույն թվականի մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Երկկողմ հարաբերություններ․ մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետագա խորացումը և ընդլայնումը։ 2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը, էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ և տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ։ 2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին՝ փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը: Սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, ամրագրվել են Հայաստանի հիմնական առաջնահերթությունները՝ միտված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելով՝ Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի կատարելագործումը, ինչը պատմության մեջ առաջին անգամ կոնկրետ արտահայտություն ստացավ 2022 թվականի մեկնարկին ՀԱՊԿ անդամ Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի համատեքստում: Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին: 2021 թվականին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և մարտի 1-ից համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մտել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է պայմանագրի դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզ: Արևելյան գործընկերության շրջանակներում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրո ծավալի աջակցության շրջանակներում Կառավարությունը մշակել և Եվրամիությանն է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ: 2021 թվականի ընթացքում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է համատեղ տնտեսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում իմ կողմից և ֆրանսիացի գործընկերոջս կողմից ստորագրվել է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն և համագործակցության շրջանակ: Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հանդիպում է տեղի ունեցել նաև սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ։ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 19-20-ը երկու երկրների վարչապետերի գլխավորությամբ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ընդլայնված կազմով և օրակարգով: Մեր տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր զարգացում էր նաև այն, որ 2021 թվականի Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև երկխոսության գործընթաց է մեկնարկել՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Շարունակվել է հարաբերությունների զարգացումը ասիական, Մերձավոր Արևելքի ու լատինամերիկյան գործընկերների հետ։ Կուզենայի առանձնացնել 2021 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը, որը ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք նախապատրաստել երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործողությունների ծրագիր՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, հաղորդակցությունների, կրթամշակութային և այլ ոլորտների ընդգրկմամբ: Ուզում եմ հիշատակել նաև, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը, իսկ Ուրուգվայը Հայաստանի Հանրապետությունում իր ներկայությունը գլխավոր հյուպատոսությունից բարձրացրել է դեսպանության մակարդակի։ Բնականաբար, ներկայացվածը ամենևին ոչ ամբողջական արտացոլումն է արտաքին գործերի նախարարության կողմից և կառավարության կողմից արտաքին հարաբերությունների ուղղությամբ իրականացված քայլերի, միջոցառումների, և բնականաբար, նույնիսկ հիշատակված միջոցառումները, հանդիպումները չեն ընդգրկում այն ամբողջ օրակարգը, հարցերի այն ամբողջ շարքը և մանրամասները, որոնք քննարկվել են։ Հուսամ՝ մի մասին կկարողանամ անդրադառնալ, երբ ձեր կողմից հարցեր կլինեն։ Մյուս մասը գուցե ավելի փակ ռեժիմով կկարողանանք քննարկել»։
21:23 - 21 մարտի, 2022
Չավուշօղլուի հետ հանդիպմանը պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան

Չավուշօղլուի հետ հանդիպմանը պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ունեցած հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկու երկների հարաբերությունների կարգավորման գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ ու սահմանների բացմամբ։  Այս մասին այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Որոշում կայացրինք ի վերջո մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեպ Բորելի հետ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, և երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»,-ասաց նա։  
15:59 - 21 մարտի, 2022
Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան
 |1lurer.am|

Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն: Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը: Միրզոյանի խոսքով՝ 2021 թվականի ընթացքում այս առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2 հանդիպում: «Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային այսպես ասած՝ «փոքր քայլերով առաջ գնալու» մարտավարության, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, ապա նաև՝ մեր պնդմամբ արձանագրելով, որ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց Միրզոյանը: Արտգործնախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի ոկղմերին հայտնի սկզբունքների տարրերի հիման վրա: «Այս շարքում ուզում եմ առանձնացնել դեկտեմբերի 7-ին նախագահող երկրների 3 արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Այս հայտարարությունը հանրայնացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»,- ասաց Միրզոյանը:
15:35 - 21 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտում է ՀՀ ԱԳՆ֊ն: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
14:53 - 21 մարտի, 2022
Ընդդիմությունը նոր նախագծով առաջարկում է, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ |armenpress.am|

Ընդդիմությունը նոր նախագծով առաջարկում է, որ ԱԳ նախարարն ու վարչապետը զեկույցներ ներկայացնեն ԱԺ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է, որ արտգործնախարարը և վարչապետը պետության արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի, անվտանգության հարցերի վերաբերյալ որոշակի պարբերականությամբ զեկույցներ ներկայացնեն խորհրդարան: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներում նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Ըստ պատգամավորի՝ նախագիծը ներկայացնում են նրա համար, որպեսզի առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը երբեք չհայտնվի լուսանցքում՝ բանակցային կարևորագույն որոշումների կայացման ժամանակ: «Օրենքը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը համապատասխանաբար 3 և 6 ամիսը մեկ գրավոր՝ փակ, գաղտնի ֆորմատով, զեկույց են ներկայացնում ԱԺ-ին՝ հիմնական արտաքին քաղաքականության, բանակցային ուղղություններում կատարված աշխատանքի և առկա վիճակի վերաբերյալ: Այդ զեկույցները ստանալուց հետո ԱԺ պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ նշված պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ՝ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար»,-ասաց Մամիջանյանը:  Պատգամավորի խոսքով՝ այս լուծումը տրված է մի շարք երկրներում, տարբեր երկրներում դրա համար նախատեսված են այս կամ այն գործիքներ: Ըստ նախագծի՝ զեկույցի ներկայացումը կարող է տեղի ունենալ կամ պրոֆիլային հանձնաժողովի նիստում, կամ ԱԺ լիագումար նիստում: Մամիջանյանը նաև ընդգծեց՝ խորհրդարանական ընդդիմությունը հիշում է, թե ինչի համար է եկել ԱԺ: «Այո, այս մանդատը մենք վերցրել ենք իշխանափոխության հասնելու համար»,-ասաց պատգամավորը՝ սակայն հիմա նմանօրինակ  սահմանափակումն անհրաժեշտություն համարելով: Նախագծում, մասնավորապես նշվում է՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում՝ արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբեր 1-ը եւ հունիսի 1-ը, Ազգային ժողով զեկույց են ներկայացնում ՀՀ անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ:
13:16 - 21 մարտի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն  պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ գրասենյակի ներգրավման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Աբդուլաեւան նշել է, որ «Արդրբեջանի ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի իրավասության մեջ չէ։  «Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է եւ անընդունելի»,-ասել է Աբդուլաեւան։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 19-ին Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային հրավիրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ պահանջել Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։ Սրան արձագանքել էր նաեւ Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դատապարտելով ՄԱԿ ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի եւ մասնակցությունը ադրբեջանական սադրանքին։
21:09 - 20 մարտի, 2022
Տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան

Տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ։ «Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։ Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային և պատմական կապերն ամուր են ու անքակտելի և բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցության ոգուց։ Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման, և հանդես է գալիս այդ ուղղությամբ իր ջանքերը շարունակելու վճռականությամբ։ Հայաստանի համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը, և մենք նույն եռանդով շարունակում ենք իրականացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ 2018 թվականին ստանձնած նախագահությունը: Այս նախագահության սահուն ընթացքը, Կազմակերպության արդյունավետ աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։ Այս տարի ևս Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում՝ տոնելու ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը, ինչպես նաև մեր ընդհանուր արժեքները: Այս նպատակով Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ` երկրում գործող ֆրանկոֆոն հաստատությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների մասնակցությամբ, որոնք իրենց նվիրվածությամբ և ստեղծագործ եռանդով ապահովում են Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջողությունը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները թույլ կտան ամրապնդել ֆրանկոֆոն աշխարհը միավորող համերաշխության և բարեկամության կապերը՝ ամրապնդելով մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն մշակույթին: Ամփոփելով՝ բարեհաջող ընթացք եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին»,- ասված է ուղերձում։  
15:40 - 20 մարտի, 2022
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
20:44 - 18 մարտի, 2022
ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ օրակարգում միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում առկա չէ․ ԱԳՆ

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ օրակարգում միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում առկա չէ․ ԱԳՆ

«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այսպես են արձագանքել նախարար Արարատ Միրզոյանին ուղղած մեր հարցադրմանը՝ արդյոք պարոն Միրզոյանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ինչո՞ւ։ Ի հավելումն՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից նշել են, որ մեր ուղարկած հարցերի շուրջ օրակարգում որեւէ քննարկում առկա չէ։ Ավելի վաղ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ էր խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ էինք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումներին, հարցադրումն անպատասխան թողած կուսակցությունների ցանկին կարող եք ծանոթանալ այս հրապարակմամբ։ Հայարփի Բաղդասարյան
20:18 - 18 մարտի, 2022