Գործի ենք դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը․ Միրզոյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին
17:15 - 23 մարտի, 2022

Գործի ենք դրել դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը․ Միրզոյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ինչ աշխատանք է տանում ԱԳՆ-ն միջազգային ասպարեզում՝ ներկայացնելու գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։

«Ինչպես առաջին անգամ գազամատակարարման խափանման դեպքում, այնպես էլ, ահա, այս երկրորդ անգամ նույն մատակարարման խափանման դեպքում մենք անմիջապես գործի ենք դրել մեր բոլոր ջանքերը,  դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը։ Նախևառաջ, իհարկե, մենք սերտ կապի մեջ ենք,  պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, ռուսաստանցի գործընկերների հետ, որովհետև գիտեք, որ վթարը կամ այս դեպքում արդեն պարզ չի՝ ինչպես դրան անվանել, վթար չի, ըստ երևույթին։ Ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում, և առաջնային մեր կապը, իհարկե, ռուսաստանյան գործընկերների հետ է, բայց նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ է»,-ասաց Միրզոյանը։

Միրզոյանը հիշեցրեց նաև ԱԳՆ տարածած հայտարարությունը Արցախում գազամատակարարման դադարեցման վերաբերյալ․ «Բացի դրանից, տեղի ունեցած մասին նոտա է հղվել մեր բոլոր միջազգային գործընկերներին և արձագանքներ արդեն ստացվում են։ Նախորդ անգամ, երբ, ըստ էության, 8 օրից ավելի թույլ չէին տալիս, իսկ արդեն աշխատանքները սկսելուց հետո 2-3 օր էլ այդպես ձգվեց, այդ ընթացքում նաև վարչապետն է խոսել և՛ ԱՄՆ պետքարտուղարի հետ, և՛ ՌԴ նախագահի հետ, և՛ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ, նաև Արտաքին գործերի նախարարությունը իրեն հասանելի բոլոր օղակներով և խողովակներով, նույնը և այս անգամ։ Արդեն արձագանքները տեսնում ենք, նաև մեր ջանքերի արդյունքում են այդ արձագանքները։ Ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չի»։

Մարտի 8-ին գազատարի վնասման հետևանքով Արցախում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները։ Սակայն մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել