ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է |factor.am|

Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թ․ ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 12.5 տոկոս բաժնետոմսերը: Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թթ․ի ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին (Միքայել Մինասյանի-խմբ․) և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Կ.Վ.-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:
21:29 - 04 նոյեմբերի, 2023
Օգտակար հանածոն օրենքի խախտմամբ արդյունահանած ընկերությունները վերականգնել են պետությանը պատճառված վնասը

Օգտակար հանածոն օրենքի խախտմամբ արդյունահանած ընկերությունները վերականգնել են պետությանը պատճառված վնասը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է «Սարգիս և Պապ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ղ.-ի և «Սերտիգ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ս.Ղ.-ն և Ս.Ա.-ն, 2023 թվականի նոյեմբերի 2-ին և 3-ին` մինչև նախնական դատալսումները, ամբողջությամբ վերականգնել են ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը: Մասնավորապես՝ «Սարգիս և Պապ» ՍՊ ընկերությունը վերականգնել է 5 մլն 126 հազար դրամ վնասը (Ս.Ղ.-ի կողմից վճարվել է նաև գանձման ենթակա 5 մլն դրամ տուգանքը), իսկ «Սերտիգ» ՍՊ ընկերությունը վերականգնել է 4 մլն 892 հազար դրամ վնասը (Ս.Ա.-ի կողմից վճարվել է նաև գանձման ենթակա 5 մլն դրամ տուգանքը): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
12:31 - 04 նոյեմբերի, 2023
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարեն Վանեցյանի նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարեն Վանեցյանի նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Կ.Վ.-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը: Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև: Արդյունքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերությանը: Այնուհետև, հանցավոր ծագում ունեցող վերոնշյալ ֆինանսական միջոցների հաշվին, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերության միջոցով, ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: 2018 թվականին Մ.Մ.-ն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով Կ.Վ.-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ տվյալ գույքը վերջինիս համար ակնհայտ շահավետ պայմաններով փոխանցելու շուրջ: Արդյունքում՝ Կ.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը: Նախաքննության ընթացքում Կ.Վ.-ի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել: Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կ.Վ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:01 - 04 նոյեմբերի, 2023
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերին, պարբերաբար, առանց հարգելի պատճառների, բացակայել է աշխատանքի վայրից: Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հոկտեմբերի 30-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ի հրամանով՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
17:17 - 03 նոյեմբերի, 2023
ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

44-օրյա պատերազմից հետո «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահասարակական կազմակերպությունն իրականացնում է ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման աշխատանքներ, որոնց նպատակն է ամրապնդել պաշտպանության երկրորդ գիծը։ Ամրաշինական այդ կառույցների ստեղծման համար կազմակերպությունն իրականացնում է հանրային դրամահավաքներ՝ ինչպես բանկային եւ քարտային փոխանցումների, այնպես էլ SMS հաղորդագրությունների միջոցով, որոնց արժեքը 500 դրամ է։ ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։  Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։  Հոկտեմբերի 5-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանել է միայն հոկտեմբերի 23-ին՝ նշելով. «ՈՄԱ կազմակերպության եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ վարույթների վերաբերյալ տեղեկություն առկա չէ՝ համաձայն Դատախազության ստորաբաժանումներից ստացած տվյալների»։ Ճշգրտելով, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգահարեց ՀՀ ՊՆ կայքում տեղադրված քաղաքային հեռախոսահամարով՝ հնչեցնելով այն նույն հարցերը, որոնք մեզ դիմած քաղաքացիներն էին ուղղել ՊՆ-ին։ Զարմանալիորեն մենք նույնպես ստացանք հետեւյալ պատասխանը. «ՊՆ-ն դրա հետ կապ չունի, ավելին՝ խորհուրդ կտանք գումար չփոխանցել, որովհետեւ գործ կա հարուցված, ավելին ասել չենք կարող»։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեցինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրեցինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։ Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցադրմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»,- գրված է ՊՆ պատասխանում։  ՊՆ-ից ավելացրել են նաև, որ ՈՄԱ կազմակերպության այդ նախաձեռնության և առհասարակ որեւէ դրամահավաք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված չէ. «Պաշտպանական գերատեսչությունը ՈՄԱ հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել եւ կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի. ՀՀ պետական բյուջեից պաշտանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՊՆ-ի պատասխանում: Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի։ Այսպիսով, ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։ Մենք խոսեցինք նաև ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, որը ՊՆ թեժ գծի զանգերին պատասխանող աշխատակիցների պնդումները զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել․ «Մենք 2014թ․-ից բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Մինչ օրս մեր վերաբերյալ որեւէ քրեական գործ չի եղել։ Մենք չենք հասկանում՝ ՊՆ թեժ գծի նման աշխատանքը, եթե դա աշխատանք կարելի է համարել, պարզապես զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ ու վարկաբեկմամբ՝ առանց փաստի ու հիմքի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ մենք, հերքում ենք, որ մեր վերաբերյալ քրեական գործ կա»,- նշեց Խաչատրյանը։  Չնայած դրան՝ ՈՄԱ հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ այս առնչությամբ իրենք ՊՆ-ից պարզաբանում չեն պահանջել․ «Մենք գործեր ունենք անելու երկրորդ, երրորդ գծերում։ Եվ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մեր դեմ գործի ջրաղացին ջուր լցնել, ուղղակի պետք է լինել միասնական եւ թիկունք լինել, ինչպես մենք ենք թիկունք, եւ աշխատել ոչ թե մեր դեմ, այլ մեր օգտին»,- ասաց Անգին Խաչատրյանը։ Հարցին, թե ինչ համագործակցություն կա ՈՄԱ-ի եւ ՊՆ-ի միջեւ, Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամրաշինական կառույցներ սարքում են պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաեւ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Ըստ Խաչատրյանի՝ ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ համագործակցում է միայն պատերազմների ժամանակ՝ մասնակցելով զորահավաքին, եւ 25-օրյա հավաքների ժամանակ՝ որպես պահեստազորային։ Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՄԲԵԹ կրակակետ Հայարփի Բաղդասարյան
17:44 - 02 նոյեմբերի, 2023
Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձը ձեռք է բերել և իրացրել մարիխուանա. Դատախազություն

Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձը ձեռք է բերել և իրացրել մարիխուանա. Դատախազություն

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից Մ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իրացնելու նպատակով իր մոտ պահել 3,78 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Դատախազը 2023 սեպտեմբերի 20-ին Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ` նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը): 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Մ.Ա.-ին ներկայացվել էր մեղադրանք: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառված է կալանքը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 30-ին հաստատել է Մ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված քրեական վարույթի նախաքննությունը` զանգվածային անկարգություններին մասնակցելու և զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածներով, շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:35 - 01 նոյեմբերի, 2023
Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ

Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավանի նախկին քաղաքապետի նկատմամբ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (1 դրվագ),  308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) (11 դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (երկու դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (մեկ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (վեց դրվագ)։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 31 հոկտեմբերի, 2023
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է։ Այս մասին հայտնում է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։  «ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը՝ նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- նշված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել էին հուլիսի 29-ին։ Ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթով պարզվել էր, որ Արմեն Սմբատյանը, Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: 
16:37 - 30 հոկտեմբերի, 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մասն ընդհանուր գործից անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան․ դատախազություն

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մասն ընդհանուր գործից անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացու 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը: «Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներից երկուսի՝ Ս.Ս.-ի և Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում (Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 16-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ:           Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:08 - 30 հոկտեմբերի, 2023
Դատարանը որոշեց դռնփակ հետազոտել Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով գաղտնի փաստաթղթերը

Դատարանը որոշեց դռնփակ հետազոտել Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով գաղտնի փաստաթղթերը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով ապացույցների հետազոտումը։ Նիստի սկզբում հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց․ «Փակ ծրարով դատարան ներկայացված փաստաթղթերը ներառում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի միջնորդում եմ, որ այդ փաստաղթերը հետազոտվեն դռնփակ ռեժիմով»,– դիմելով դատարանին՝ ասաց նա։ Հիշեցնենք՝ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, սակայն ըստ մեղադրողի՝ իրենց գաղտնիությամբ պայմանավորված քրեական գործի նյութերի հետ դատարան չեն ուղարկվել, եւ դատարանը մեղադրողից պահանջել է Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից ստանալ դրանք։ Նախորդ դատական նիստին 16 փաստաթուղթ փակ ծրարով բերվել էր դատարան, սակայն պաշտպանական կողմը հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ իրենց լիարժեք հնարավորություն չի տրվել՝ դրանց ծանոթանալու։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Այսօրվա նիստին դիրքորոշում հայտնելով՝ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ ինքը դեմ է թե՛ ապացույցների հետազոտությունը, թե՛ ընդհանրապես, դատաքննությունը դռնփակ անելուն․ «Քրեական գործի նյութերում կան էլի փաստաթղթեր, որոնք գաղտնի են, նորմատիվ իրավական ակտեր են՝ գաղտնի գրիֆով, հիմա եթե այդ ապացույցը գաղտնի ենք հետազոտում, վկաների ցուցմունքներում հղումներ կան այդ փաստաթղթերին, վկաներին հարցեր են տրվելու այդ փաստաթղթերի վերաբերյալ, այսինքն՝ ամբողջ դատաքննության ապացույցների հետազոտման փուլը պետք է գաղտնի իրականացվի»։ Այնուհանդերձ, նա ընդգծեց՝ գործը ուղարկել է դատարան ոչ գաղտնի գրիֆով, իսկ նման պրակտիկա կա․ վարույթ իրականացնող մարմինները գործին գաղտնի գրիֆ են տալիս, եւ բոլոր փաստաթղթերը համարվում են գաղտնի․ «Գործը առանց գաղտնի գրիֆի ուղարկվել է դատարան, դատարանում այդ գործին ծանոթանալու հնարավորություն ունեցել են դատավորը, դատավորի օգնականը, քարտուղարը, ցանկացած անձ, որ կարող էր դա բացել, այսինքն՝ մենք այդ գաղտնիությունը ի սկզբանե չենք էլ պահել, պետությունն էլ շահագրգռված չի եղել, հիմա ասենք, որ այդ նորմատիվ իրավական ակտերը ուղղակի գաղտնի են, ոչ մեկը չպիտի մասնակցի դրանց քննությանը, երկակի մոտեցում է»,– նշեց նա՝ վերջնական որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։ Սեւակ Աբրահամյանն էլ հայտարարեց՝ իրենք պահելու ոչինչ չունեն, եւ ուզում են, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ բաց լինի․ «Թող բոլորը իմանան՝ ինչ է եղել, ինչ չի եղել, որովհետեւ նենց հարցեր կան, որ․․․ Մարդու պատիվը սարքել են եսիմինչ, ինչեր ասել, հորինել են, ինչեր ասես, պառակտել են, մենք ոչ մի ձեւ չենք արձագանքել ո՛չ ֆեյսբուքներում, ո՛չ լրատվականներին, որ չասեն՝ խոչընդոտում ենք՝ հույս ունենալով, որ հանրությունն իրականությունը կիմանա դատավարությունում»,– նշեց նա։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Լսելով կողմերին՝ դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը եւ այսօրվա դատական նիստն անցկացնել դռնփակ՝ հաշվի առնելով, որ հետազոտման ենթակա ապացույցներում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։   Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սեւակ Աբրահամյանը 1 տարուց ավելի է՝ կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Միլենա Խաչիկյան
17:07 - 27 հոկտեմբերի, 2023
Պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինհրապարակներում. դատախազություն

Պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինհրապարակներում. դատախազություն

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության: Շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում, վարձակալության պայմանագիրը Երևանի քաղաքապետի կողմից ենթակա է միակողմանի վաղաժամկետ լուծման: Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում վերականգնել մայթը: Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում առկա են բազմաթիվ տարածքներ, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (մայթ, փողոց) կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինարարական հրապարակներում: Այդ տարածքների վերաբերյալ Երևանի քաղաքապետի և կառուցապատողների միջև վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, մի շարք դեպքերում շինհրապարակների տարածքներում տևական ժամանակ աշխատանքներ չեն իրականացվում, իսկ մայթերի և փողոցների՝ շինհրապարակներում ներառումը լուրջ խոչընդոտներ է ստեղծել քաղաքացիների շարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության համար:  Գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է՝ Արամի փողոցում՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում առկա շինհրապարակում, ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող՝ 273.8 քմ մակերեսով հողամաս (մայթ) և 49.9 քմ մակերեսով հատված Արամի փողոցից, իսկ գույքի հանդիպակաց ուղղությամբ՝ 84.9 քմ մակերեսով համայնքային նշանակության հողատարածքը գտնվում է փորված վիճակում: Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկի հարակից շինարարական հրապարակում ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր՝ ընդհանուր 139,8 քմ մակերեսներով: Արամի և Տերյան փողոցիների հատման խաչմերուկին հարակից շինարարական հրապարակի տարածքում ներառվել է ընդհանուր օգտագործման փողոց՝ 23,3 քմ մակերեսով: «Մոսկվա» կինոթատրոնի հանդիպակաց հատվածում առկա շինհրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 212 քմ մակերեսով, ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 45,9 քմ մակերեսով, իսկ շինհրապարակի անցումը տեղադրված է ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 98,8 քմ մակերեսով: «Մոսկվա» կինոթատրոնի հարակից շինարարական հրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 502,4 քմ մակերեսով: Դատախազության կողմից կատարված հարցումներով՝ վերոնշյալ տարածքների՝ ճարտարապետաշինարարական նախագծով առանձնացնելու և կառուցապատողների հետ վարձակալության պայմանագրեր կնքելու, համայնքային հողերի զավթման փաստերով կառուցապատողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև օրենքի խախտմամբ փորված փոսորակներ (փոսեր), որոնց վերաբերյալ առկա չեն անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր: Երևան քաղաքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, կառուցապատողների կողմից ինքնակամ զավթված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատելու և նախկին տեսքի բերելու, հողամասերն ինքնակամ զավթած կառուցապատողների նկատմամբ վարչական պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին:
15:02 - 27 հոկտեմբերի, 2023
Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան |news.am|

Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան |news.am|

news.am: Ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա նշեց որ հիմա  վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով, այսօր էլ դատախազությունը հաղորդագություն է  տարածել, պետք է սպասել արդյունքների։ «Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմնա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը  հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, սպասենք նախաքննության ավարտին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։ «Ինձանից որևէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետև այս կամ այն կողմը կարող են դա դիտարկել որպես միջամտության նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»,- ասաց նա։ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անջատված մասը վերաբերում էր հնարավոր  օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին։
14:55 - 27 հոկտեմբերի, 2023
Զինվորական դատախազը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում քննարկել է զինված ուժերում առկա խնդիրները

Զինվորական դատախազը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում քննարկել է զինված ուժերում առկա խնդիրները

Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Զինվորական դատախազը Զորամասի հրամանատար Դավիթ Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջել է ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների ուսումնատեխնիկական հագեցվածությանը, զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորություններին, իրականացվող բարեփոխումների ընթացքին: Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները: Գրիգոր Էլիզբարյանը կարևորել է զորամասերում թմրամիջոցների օգտագործման ու իրացման բացառումը՝ ընդգծելով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատժողական խիստ քաղաքականությունը: Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանն այցելել է նաև ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան լսարան:
11:15 - 27 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում: Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ:
09:53 - 27 հոկտեմբերի, 2023
Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Ի՞նչ է սպասվում Արցախի կալանավորներին և դատապարտյալներին. իրավապահները խուսափում են մեկնաբանել, իրավաբանները՝ լուծումներ փնտրում

Բռնի տեղահանման օրերին Արցախի Հանրապետության կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու վերաբերյալ մի շարք հարցեր դեռեւս մնում են չպարզված։ Թե իրավական ինչ ընթացակարգերի շրջանակում են անձինք ազատվել, պատկան մարմինները պաշտոնապես չեն մանրամասնում։ Մեզ հայտնի է, որ որոշներն ազատվել են Արցախի իրավապահ մարմինների որոշումներով, որոշները, ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանի որոշումներով, մյուսները՝ առանց որեւէ իրավական հիմքի։ Բոլոր դեպքերում խնդիրն ունի երկու դիտանկյուն․ մի կողմից հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրադրությամբ պայմանավորված՝ հնարավոր չէր Արցախում շարունակել անձանց անազատության մեջ պահել, մյուս կողմից նրանց՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելը կարող է հասարակական եւ ազգային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց լինել։ Հիշեցնենք, որ ազատ արձակված անձանց շրջանում կան պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։  Եթե կալանավորների պարագայում գործում է անմեղության կանխավարկածը, եւ նրանց անազատության մեջ պահելը պայմանավորված է քրեական գործերի քննության շահով, ապա դատապարտյալների դեպքում իրավիճակն այլ է․ վերջիններս դատարանի վճռով մեղավոր են ճանաչվել հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման նաեւ հանրության համար վտանգ ներկայացնելու պատճառով։ Հետեւաբար պետք է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու հիշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ ընդհանրապես դրանք շարունակելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետությունների եւ երկու տարբեր օրենսդրությունների հետ։ «Ինֆոքոմ»-ը փորձել է պատասխանատու կառույցներից եւ մասնագետներից ստանալ թեմային վերաբերող հարցերի պատասխաններ։ ՀՀ ՔԿՀ-ներում պահվում են Արցախի միայն 3 կալանավոր եւ 17 դատապարտյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՀՀ ԱՆ ՔԿԾ) փոխանցմամբ՝ 2022 թ․ դեկտեմբերից մինչ օրս Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել, այդպիսիք Արցախի տարածքում եղել են, թե ոչ՝ ՔԿԾ-ից նշել են՝ տեղեկություններ չունեն։ ՔԿԾ-ից տեղեկություններ էինք խնդրել նաեւ 2022 թ․ դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կորսվել է Արցախի միակ՝ Շուշիի ՔԿՀ-ն։ Ի պատասխան հայտնել են, որ 2020 թ․ հոկտեմբերից մինչեւ 2022 թ․ դեկտեմբեր Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանից եւ քրեակատարողական հիմնարկից Հայաստան է տեղափոխվել 81 ազատազրկված անձ, որոնցից 17-ը՝ դատապարտյալ, 64-ը՝ կալանավորված անձ։ Նրանք պահվել են ՀՀ ԱՆ «Գորիս», «Նուբարաշեն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում։ Ներկայում, ըստ ՔԿԾ-ի, Հայաստանում շարունակվում են պահվել հիշյալ 17 դատապարտյալները եւ կալանավորներից միայն 3-ը․ թե երբ եւ ինչ հանգուցալուծում են ստացել մնացած 61 կալանավորների վերաբերյալ վարույթները, ՔԿԾ-ից չեն մանրամասնել։ Միայն նշել են, որ մինչեւ 2022թ. դեկտեմբերը հիշյալ կալանավորները Արցախի ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման կողմից պարբերաբար տեղափոխվել են Արցախի դատարաններ՝ դատական նիստերին մասնակցելու նպատակով: Ենթադրվում է, որ հետագայում կա՛մ նրանց խափանման միջոցները փոփոխվել են, կա՛մ գործերի քննությունն ավարտվել է, եւ նրանք մնացել են Արցախում։ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պահման համար ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ չեն արվել, նրանց պահման հետ կապված ծախսերը կատարվել են ՀՀ ԱՆ ՔԿԾ՝ 2022-2023 թթ հատկացված միջոցների հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը խուսափում են տեղեկություններ տրամադրել Թեմային առնչվող գրավոր հարցումներ էինք ուղարկել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանն ու ՆԳՆ ոստիկանությանը։ Մասնավորապես, նախ հետաքրքրվել ենք՝ տեղեկացվա՞ծ են արդյոք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում պահվող կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակվելու եւ Հայաստան մուտք գործելու վերաբերյալ։ Եթե այո, խնդրել էինք տրամադրել այդ անձանց թվի եւ մեղսագրվող հանցանքների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանից բացի, խնդրել էինք տրամադրել տվյալներ նաեւ 2020-2022 թթ ընթացքում Հայաստան տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ։ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը խնդրել էինք նաեւ գնահատել այդ անձանց ազատումները համապատասխանաբար ազգային անվտանգության եւ հասարակական անվտանգության տեսանկյունից եւ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել են դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։  Մինչդեռ հիշյալ անձանց՝ Արցախից Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկություններ չունենալու դեպքում անգամ խնդիրը դուրս չէ ո՛չ ԱԱԾ-ի եւ ո՛չ էլ Ոստիկանության լիազորությունների շրջանակից, որովհետեւ անձի, հասարակության ու պետության անվտանգությունն ապահովելը ԱԱԾ-ի՝ օրենքով նախատեսված պոզիտիվ պարտականությունն է, իսկ հասարակակական անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը՝ Ոստիկանության պարտականությունը։ Ուստի ՀՀ քաղաքացին կարող է ողջամտորեն ակնկալել տեղեկություն, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են վերջիններս ձեռնարկում իր անվտանգության պահպանման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցեր էինք հղել նաեւ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) մասին, որոնց հասցեատերը դարձյալ իրենք են։ Այս համակարգում են ներառվում այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Ըստ Կառավարության որոշման՝ ԱԱԾ-ն համակարգի շահագործումն ու սպասարկումն իրականացնող մարմինն է, Ոստիկանությունը՝ տվյալներ տրամադրող աղբյուրներից մեկը։ Հետեւաբար երկու կառույցներից հետաքրքրվել էինք՝ մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 19-ը ՍԷԿՏ համակարգում ներառվե՞լ են այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ Արցախի իրավապահ մարմիններն ընտրել են բացակայելու արգելք խափանման միջոցը։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ ներկայում Արցախի՝ ազատ արձակված կալանավորների եւ դատապարտյալների ելքը ՀՀ-ից շարունակո՞ւմ է լինել փակ, թե՞ ոչ։ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը, սակայն, այս հարցը նույնպես թողել են անպատասխան։ Մեր տեղեկություններով՝ այդ անձանց ելքը ՀՀ-ից նախկինում փակվել է, բայց թե ինչ իրավիճակ է բռնի տեղահանումից հետո, հայտնի չէ։ ՀՀ ՄԻՊ-ը հարցումներ է հասցեագրել իրավասու կառույցներին Դիմել էինք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմին՝ հետաքրքրվելով, թե ՀՀ ՄԻՊ-ը ինչ տեղեկություններ եւ դիրքորոշում ունի Արցախի կալանավորների եւ դատապարտյալների ազատ արձակման եւ Հայաստան տեղափոխման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով թե՛ այդ անձանց իրավունքների եւ ազատությունների, թե՛ հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը տեղեկացրել է՝ բարձրացված հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ «Հարցի առնչությամբ համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասել է Ասլանյանը՝ նշելով, որ այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություններ չկան։ Քրեական օրենսգրքով որոշակի լուծումներ սահմանված են, բայց կան քննարկման ենթակա մի շարք հարցեր. միջազգային իրավունքի մասնագետ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ՀՀ քրեական օրենսգրքով (ՔՕ) սահմանված որոշակի լուծումներ տեսնում է, բայց նաեւ շեշտում, որ բացարձակ հետեւություններ կատարելուց առաջ պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Սահակյանը մատնանշում է ՔՕ 12-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ ՔՕ-ով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:  Իսկ եթե հանցանքը նշված անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա նրանք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ ՔՕ-ով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ տվյալ դեպքում քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, այստեղ կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ նրանց տրվել է հատուկ քաղաքացիություն, նրանք ՀՀ լիարժեք քաղաքացիներ չեն, քանի որ ՀՀ-ում ընտրելու իրավունք չեն ունեցել։ Արցախում մարդու իրավունքների հարցերով միջազգայնորեն պատասխանատուն Հայաստանն է Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ այս պահին ուժի մեջ եղած դիրքորոշումն այն է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ, ըստ այդմ, ԼՂ-ի վրա տարածվում է Հայաստանի իրավազորությունը, եւ ԼՂ-ում մարդու իրավունքների հարցերով Հայաստանն է միջազգայնորեն պատասխանատու (CASE OF CHIRAGOV AND OTHERS v. ARMENIA)։ Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրության եւ փաստակազմի փոփոխություն է տեղի ունեցել՝ Սահակյանը տեսնում է հնարավորություն, որ ՄԻԵԴ-ը կարող է վերագնահատել նոր իրավիճակը եւ նոր եզրահանգման գալ, բայց ինչպիսին էլ լինի այդ եզրահանումը, միջազգային պատասխանատվության տեսակետից մարդիկ չեն կարող հայտնվել իրավական վակուումում, եւ տվյալ տարածաշրջանում վերահսկողության տարրեր իրականացնող ճանաչված պետությունները պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Տվյալ դեպքում, ըստ Սահակյանի, պետք է նկատի ունենալ մի քանի հանգամանք․ «Նախ, ԼՂՀ տարածքները արդեն իսկ 2020 թ․-ին օկուպացվել են եւ արդյունավետ վերահսկվել Ադբեջանի կողմից, եւ երկրորդը, ի հայտ է եկել ռուս խաղաղապահ կոնտինգենտը, որը եւս սուվերենության տարրեր իրականացրել է, եւ նման պայմաններում ՀՀ իշխանությունների արդյունավետ վերահսկողությունը ԼՂՀ-ում կարող էր փոփոխության ենթարկվել»,- ասում է մասնագետն ու հավելում՝ յուրաքանչյուր դեպքի փաստական հանգամանքները գնահատելով՝ պետք է հասկանալ, թե ով է պատասխանատուն՝ Հայաստ՞անը, Ռուսաստա՞նը, թե՞ Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է իրավունքների հնարավոր խախտումներին, դրանք պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ տուժողների եւ ամբաստանյալների/դատապարտյալների․ «Մենք ունենք մարդու իրավունքների համընդհանուր ստանդարտներ, որոնք արգելում են կյանքի իրավունքի ծանր խախտումների կամ խոշտանգումների գործերով անպատժելիությունը ցանկացած ձեւով, այդ թվում՝ ներումների եւ համաներումների տեսքով պատժի դատապարտված անձանց, եւ եթե օրենքով նախատեսված որոշակի սահմանափակ գործիքներից զատ նրանք այլ ձեւով ազատ են արձակվում, կարող ենք խոսել տուժողների կյանքի իրավունքի կամ խոշտանգումների արգելքի խախտման մասին՝ դատավարական ասպեկտով»,- նշում է Սահակյանն ու հիշեցնում՝ թույլատրելի գործիքները, որոնց միջոցով անձինք կարող են պատժից ազատվել, պետք է կիրառվեն դատական ներգրավվածությամբ։ Հայաստանի դատարանները, ըստ Սահակյանի, այդ դեպքում կհամարվեն օրենքի հիման վրա ստեղծված, եթե միայն լինի հստակ բացատրություն, թե Արցախի դատարանների կողմից քննված եւ լուծված պատժի հարցը հետագայում իրավական ինչ հիմքով է ընդդատյա դառնում ՀՀ դատարանին։ Մյուս հարցն էլ վերաբերում է ամբաստանյալների եւ դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտումներին, ինչն ուղղակիորեն կապված է Արցախի ինքնալուծարման հրամանագրի հետ։ Սահակյանը նախ ընդգծում է՝ քաղաքական առումով այդ ակտը մեծ ազդեցություն ունի, քանի որ այն կայացվել է Ադրբեջանի հարկադրանքի ներքո եւ նաեւ մարդասիրական խնդիրներ լուծելու համար։ Բացի դրանից, Ադրբեջանն ընդունել է ԱՀ լուծարման ակտի լեգիտիմությունը, ինչն ինքնին Արցախի պետականության իրավիճակային ճանաչում է․  «Բայց եթե քննարկում ենք դրա իրավական մասը, կարծում եմ՝ գործ ունենք առոչինչ իրավական ակտի հետ, քանի որ ինքնալուծարման ակտի հնարավորություն սահմանադրորեն նախատեսված չէ, եւ առավել եւս, վերապահված չէ Արցախի նախագահին։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ այս առոչինչ ակտն էլ պետք է վիճարկվի սահմանված ընթացակարգով, բայց քանի դեռ վիճարկված չէ եւ փաստացի իրավական հետեւանքներ է առաջացնում, ինքնալուծարումը ազդեցություն է ունենում դատական ակտերի կատարման գործընթացի վրա․ չկա պետականություն, չկան այդ պետության կողմից ընդունված ակտերի՝ հարկադիր կատարումը ապահովող մեխանիզմներ, եւ ավելին, եթե անգամ այդ պետության ակտերը պետք է մեկ այլ պետությունում ճանաչվեն, նորից միջազգային համագործակցության դաշտ ենք տեղափոխվում, դրանք մեկ այլ երկրում ավտոնոմ կատարման ենթակա չեն, իրավական համաձայնագրերի պայմաններում ֆորմալ գործընթաց է տեղի ունենում, որով ճանաչվում է ակտը, եւ նոր այդ ճանաչման ուժով մյուս պետությունը կարող է հարկադիր կատարման ենթարկել նաեւ օտարերկրյա պետության դատական ակտերը»,- մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը։  Առանց այդ գործընթացների անձանց անազատության մեջ պահելը, ըստ Սահակյանի, կհանգեցնի Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ ազատությունից զրկելու կամայականության արգելքի խախտման։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ բացառություն կարող են համարվել միայն զինվորական գործերը, քանի որ միջպետական համաձայնագրի հիման վրա ՀՀ դատախազության կայազորները տեղակայցված են եղել ԼՂՀ-ում, եւ զինվորականների հետ կապված գործերը ընդդատյա են եղել ոչ թե Արցախին, այլ Հայաստանին, ինչը ընդունված մոդել է նաեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում։  Նշենք, որ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված է եղել, սակայն այժմ հասանելի չէ։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5 օրը լրացել է, սակայն Դատախազությունից մինչ այս պահը պատասխան չենք ստացել։ Դիմել էինք նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել է՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական է, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության շրջանակում. Արծվիկ Մինասյան Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ օրենսդիրից, սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մի քանի օր այդպես էլ ժամանակ չգտավ հարցազրույցի համար, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ խմբակցության օրակարգում այս թեմայով քննարկում կամ օրենսդրական նախաձեռնության հարց չկա։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի իրավասու մարմինների համագործակցության եւ կնքված համաձայնագրերի շրջանակում, որոնք նմանատիպ հարցերը կարգավորում են, իսկ օրենսդրությունները գրեթե նույնական են, եւ էական առանձնահատկություններ, հատկապես՝ քրեական արդարադատության ոլորտում եւ քրեական արարքների տեսակետից, չեն լինի։ Ըստ Մինասյանի՝ եթե ազատ արձակումները տեղի են ունեցել Արցախի իրավասու մարմինների որոշումների հիման վրա, ապա դա օրինական է կամ եթե նրանց վերաբերյալ վարույթները կարճվել են, խնդիրը լուծվել է, իսկ եթե չկան համապատասխան որոշումներ, եւ վարույթներն էլ չեն կարճվել, ապա Արցախի պետական մարմինները, առնվազն նրանք, որոնք էական նշանակություն ունեն պետականության գործունեության կազմակերպման համար, պետք է շարունակեն գործել Հայաստանում, ունենան հստակ իրավասություններ, որոնք պետք է ճանաչվեն Հայաստանի պետական մարմինների կողմից։  ՀՀ քրեական օրենսգիրքը Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած անձին ՀՀ-ում պատասխանատվության ենթարկելու համար, ի թիվս այլ պայմանների, սահմանում է, որ արարքը պետք է ուղղված լինի ՀՀ շահի դեմ։ Տվյալ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանի եւ Արցախի պետական շահերը պետք է նույնանան․ «Անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքական իշխանությունը ինչ հայտարարություն է անում, շարունակում է գործել ՀՀ-ի՝ Արցախի Հանրապետության անվտանգության եւ պաշտպանության իրավազորությունը, իրավական այդ պարտավորությունը ամրագրված է»,- ասում է նա՝ հավելելով, որ ՀՀ իրավասու մարմինները, անձանց իրավունքներով ու օրինական շահերով առաջնորդվելով, պետք է ապահովեն համադրություն եւ հավասարակշռված պաշտպանություն պետական շահերի հետ։ Մինասյանի համոզմամբ եւս՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը իրավաբանական ուժ չունի եւ պետք է վիճարկվի, բայց առնվազն մինչեւ 2024 թ․ հունվարի 1-ը քրեական գործերի ընթացքավորումը անհրաժեշտություն է։ Հավելենք, որ օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատավորները եւ գլխավոր դատախազը, շարունակելու են հասարակական հիմունքներով պաշտոնավարել Հայաստանում եւ հոկտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության անունից նրանց տված փաստաթղթերը համարվելու են վավեր։   Միլենա Խաչիկյան
18:46 - 26 հոկտեմբերի, 2023