Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»: Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
15:34 - 14 մարտի, 2022
Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ստեղծված տնտեսական իրավիճակին դիմակայելու համար ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել Հայաստանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ՝ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ՝ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:
14:56 - 11 մարտի, 2022
Առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից. Վահագն Խաչատուրյան |armtimes.com|

Առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից. Վահագն Խաչատուրյան |armtimes.com|

armtimes.com: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ «Սա ինձ հիշեցնում է 90–ականների սկիզբը, երբ ՀՀ ֆինանսական համակարգը նոր–նոր էր ձևավորվում, և ֆինանսական հոսքերն ապահովում էին ոչ թե էլեկտրոնային ժամանակակից միջոցներով, այլ հին, տրադիցիոն ձևով` ճամպրուկով գումարներ էին տեղափոխում»,– ասաց Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ մինչև «իքս» ժամանակ, որը կարող է տևել մինչև տարվա վերջ, դեռևս պրոբլեմներ ենք ունենալու: «Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով հետևում է, թե ինչէ տեղի ունենում միջազգային շուկաներում, որ կարողանա կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը», - ասաց նա։ Նա նշեց, որ տնտեսագիտական ոչ մի չափանիշի մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը, և եթե իրենք այդ տրամաբանության մեջ վերլուծական գնահատականներ տան, ապա այսօրվա տված գնահատականը վաղը կարող է փոխվել։  Սա, ըստ Խաչատուրյանի, ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի միայն մի դրվագն է` ֆինանսական հատվածը։ Ինչ վերաբերում է տնտեսության այլ ճյուղերին` առևտրին, արդյունաբերությանը, դրանց հնարավոր զարգացումներն այսօր գրեթե հնարավոր չէ կանխատեսել։ Վերջինս նշեց, որ առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից՝ անկախ նրանից՝ կսկվե՞ր ռուս– ուկրաինական պատերազմը, թե՞ ոչ։ Հարցին՝ հացի խնդիր առաջանալու դեպքում ինչպիսի քայլեր է ձեռնարկելու կառավարությունը, Խաչատուրյանը պատախանեց․ «Համոզված եղեք այդ խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները»։
14:04 - 10 մարտի, 2022
Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները. Վիկտոր Ռիխտեր

Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները. Վիկտոր Ռիխտեր

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարևորել է նոր նախատեսվող և արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: 
14:04 - 04 մարտի, 2022
Որոշ ծախսերի համար՝ եկամտահարկի վերադարձի հնարավորություն. ինչ կտա ֆիզանձանց եկամուտների հայտարարագրումը |armenpress.am|

Որոշ ծախսերի համար՝ եկամտահարկի վերադարձի հնարավորություն. ինչ կտա ֆիզանձանց եկամուտների հայտարարագրումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ, նախատեսվում է, որ նախագիծը մայիսի վերջին արդեն կներկայացվի հանրությանը: Իսկ, թե ինչ է ենթադրում համակարգը, արդյոք բացառապես բոլոր քաղաքացի՞ներն են հայտարարագրելու, ի՞նչ արտոնություններ կարող է տալ և ի՞նչ ռիսկեր կարող են լինել, պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: -Պարոն Խաչատրյան, տեղյակ ենք, որ Ֆինանսների նախարարությունն այժմ մշակում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծ: Թեև այն դեռ մշակման փուլում է, սակայն կարո՞ղ եք որոշ մանրամասներ հայտնել, նախ ի՞նչ է այս համակարգը ենթադրում: Ի՞նչ ռիսկեր կան, դրանք հաշվարկե՞լ եք: -Երևի տեղին է, որ ես նախ պարզաբանեմ, թե ինչու է դա կարևոր: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ինչ մենք քննարկում ենք և ինչ իրականացնում ենք, լինի բացատրված: Այդ հայտարարագրման համակարգն անհրաժեշտ է նախ և առաջ մեր համաքաղաքացիներին. Ինչո՞ւ. քանի որ դա միայն հայտարարագրում չէ՝ յուրաքանչյուր քաղաքացու հարկային պարտավորությունները գնահատելու համար: Մենք այսօր էլ օրենսդրության մեջ ունենք այնպիսի պահանջներ, որոնք այդ առումով էապես չեն տարբերվում: Մենք ինչ ունենք իրականում. ունենք կարգավորումներ, որոնք ասում են, որ քաղաքացիները, երբ եկամուտներ են ստանում, իսկ ՀՀ-ում եկամտային հարկը առավելապես ձևավորվում է աշխատանքային գործունեությունից ստացված եկամուտներից, այդ հարկը հաշվարկվում և պետությանն է վճարում այն գործատուի կողմից, որն այդ աշխատողին վերցրել է որպես աշխատող: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված աշխատանքային եկամուտների 95 տոկոս և ավելի չափով հարկերը հաշվառված, վճարված են, և դրանց մասին բոլոր տեղեկությունները կառավարությանը, պետությանը հայտնի են, քանի որ գործատուներն այդ մասին հարկային մարմիններին ներկայացնում են հաշվետվություն: Հետևաբար, ինչ ենք մենք ուզում անել հայտարարագրման համակարգով. մեր քաղաքացիները նաև մեր տնտեսական կյանքի մասնակիցն են՝ որպես սպառողներ, այսինքն` իրենք ոչ միայն աշխատանքին մասնակից և եկամուտ ստացող քաղաքացիներ են, այլ նաև իրենց եկամուտներն օգտագործում են որոշակի ապրանքների և ծառայությունների գնումների համար: Ընդ որում` մենք այսօր էլ մեր կարգավորումներում ունենք բազմաթիվ դեպքեր, երբ կառավարությունը տարբեր նպատակներով մեր քաղաքացիների եկամտային հարկը վերադարձնում է: Բոլորին հայտի է հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձը, որոնք տեղի են ունենում, երբ կառուցապատողից բնակարան է գնվել: Կան նաև կարգավորումներ, որոնք թույլ են տալիս, որ քաղաքացու կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվի իրենց, եթե իրենք ուսման վարձ են վճարել: Հիփոթեքայինի տոկոսների վերադարձի ուղղությամբ պետությունը զգալի ծախսեր է իրականացնում: Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, 22-23 մլրդ եկամտային հարկ է վերադարձվել մեր քաղաքացիներին, որը ընդհանուր առմամբ մեր եկամտային հարկից եկամուտների 5 տոկոսից ավելին է: Եվ կար փաստարկ, որ երբ այդ որոշումը դրվեց գործողության մեջ, նպաստեց, որ մեր քաղաքացիներն իրենց գործատուներին ասեն՝ ցանկանում են, որ իրենց աշխատավարձերն ամբողջությամբ գրանցեն , քանի որ հետո այդ գրանցված աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկը կարողանում են հետ ստանալ՝ իրենց տոկոսային եկամուտները փոխհատուցելու համար: Այսինքն՝ սա նպաստեց, որ քաղաքացու և գործատուի հարաբերությունները դառնան ավելի թափանցիկ, գրանցվող: Հետո դա նպաստեց, որ շինարարության ոլորտում գրանցումներն ավելի շատ տեղի ունենան: Եթե տեսականորեն հնարավոր էր, որ որևէ կառուցապատող բնակարանը կառուցեր և քաղաքացուն վաճառեր ցածր արժեքով, ապա հիմա դրա շահագրգռվածությունը չկա, որովհետև քաղաքացին, որը կարողանում է գրանցել իրական արժեքը, կարողանում է նաև դրա դիմաց վարկ ունենալ բանկում և այդ բանկի վարկի նկատմամբ տոկոսները փոխհատուցել իր եկամտային հարկից: Այսինքն՝ մի կողմից ավելի թափանցիկ դարձան քաղաքացու և իր գործատուի փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ ավելի հայտարարագրվող, ճիշտ դաշտ եկավ կառուցապատման գործունեությունը՝ որպես բիզնես: Այսինքն՝ որքան լայն լինեն այն դեպքերը, երբ քաղաքացու ծախսերը մասամբ կարող են փոխհատուցվել իրենց եկամտային հարկի գումարներից, այնքան այդ ոլորտներին առնչվող իրավաբանական անձինք իրենց վաճառքի կամ իրենց ծառայությունների փաստաթղթավորման եղանակով կգան ավելի թափանցիկ հարկման դաշտ: Այսինքն, երբ մենք խոսում ենք  եկամտային հարկի կիրառության և հայտարարագրման համակարգի սահմանները լայնացնելու մասին, ենթադրում ենք նաև, որ քննարկումների արդյունքում կորոշենք, թե հանրային ո՞ր ծախսերն են ավելի կարևոր, ո՞ր ծախսերի գծով կարելի է քաղաքացիներին աջակցել, որ նրանք ավելի շատ հակված լինեն  այդ ուղղությամբ ծախսել և միաժամանակ նպաստել, որ եկամտային հարկի փոխհատուցման միջոցով ավելի թափանցիկ դարձնեն իրենց և իրենց ծառայություն մատուցողների հարաբերությունները՝ վերջիններին բերելով ավելի թափանցիկ հարկման դաշտ: Օրինակ՝ գաղտնիք չէ, որ առողջապահական ծառայությունների բնագավառում բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիներն այդպես էլ կարող են չիմանալ՝ իրենց կատարած վճարումը, որ որևէ առողջապահական հաստատության կողմից մատուցվող ծառայության դիմաց է, գրանցվո՞ւմ է պետության հետ փոխհարաբերություններում՝ որպես հարկվող գործունեություն, թե՞ ոչ: Չնայած մենք առողջապահական ծառայություններն ավելացված արժեքի հարկից ազատել ենք:  Բայց մենք հիմա խոսում ենք այն մասին, որ երբ հայտարարագրման համակարգը լինի և լինեն այն խթանները, որոնք քաղաքացիներին կամովի բերում են այն դաշտ, որ իրենք ցանկանան հայտարարագրել, իրենց հայտարարագրի միջոցով ցույց տան, թե ինչպիսի ծախսեր են կատարել և իրենց փոխհատուցված եկամտային հարկը օգտագործեն այդ ծախսերը մասամբ հատուցելու նպատակով:   Եվ այս մեծ համակարգի միջոցով է, որ կհամարենք, որ այդ համակարգի նպատակը կայացած է: Առանձին վերցրած՝ քաղաքացու եկամտային հարկը, այսպես թե այնպես, հիմնականում վճարվում է կառավարությանը, բայց, երբ նախատեսում ենք այդ եկամտային հարկի մի մասը հատուցել իրեն՝ կամրջելով դեպի հայտարարագրման համակարգ, ծառայություն մատուցողներին բերում ենք ավելի հաշվառված տնտեսական կյանք, և դրանով օգնում ենք, որ տնտեսության հարկային եկամուտներն այն մյուս հատվածի հաշվին  ավելանան: Մենք այսպիսի լայն գործիքակազմ օգտագործելով է, որ պետք է նայենք այդ համակարգին: Այսինքն հայտարարագրման դեպքում քաղաքացիները որոշակի ծառայությունների համար փոխհատուցում կստանա՞ն: -Այո, այդ նկարագիրը մենք կձևակերպենք: Դա ամբողջ համակարգի մի կարևոր բաղադրիչն է լինելու: -Բացառապես բոլոր քաղաքացինե՞րը պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները,  արտերկրից Հայաստան եկող դրամական փոխանցումները ևս պետք է հայտարարագրվե՞ն և հարկվե՞ն: -Ի վերջո համակարգը կդառնա այնպիսին, որ բոլորի համար շահեկան կլինի մասնակցել այդ համակարգին: Բայց մենք չենք բացառում, որ դա կանենք աստիճանական եղանակով: Այսինքն, մենք կբացատրենք, թե որ խմբերին է դա առաջնահերթորեն շահեկան: Ի վերջո պարտադիրության և կամովիության սահմանն այստեղ շատ հարաբերական կարող է լինել, որովհետև, եթե մենք բացատրում ենք այն օգուտները, որ հասարակությունը կարող է ունենալ, երկրորդ՝ եթե մենք մեզնից կախվածն անում ենք, որ այդ հայտարարագրման գործընթացն ինքնին չլինի այնպիսի բարդ պրոցես, որ մարդկանց համար մեծ գլխացավանք առաջացնի: Իսկ մենք ունենք այդ հնարավորությունը, ՊԵԿ-ն այսօր ընդհանուր առմամբ բավականաչափ թվայնացված է, և կարող է շատ դեպքերում քաղաքացիների եկամտային հարկի նախնական հաշվարկն ինքը կազմել, ուղարկել, որ ծանոթանա, հաստատի, որ շատ բարդ բաներ չմնան: Բայց դրանք դեռևս աշխատանքային քննարկումների փուլում են, դրա համար այս հատվածում ես «եթե»-ներով եմ խոսում: Եվ, երբ դա կլինի կազմակերպական տեսանկյունից մատչելի, և, եթե դրա օգուտները լինեն ակնառու, այդ դեպքում այդ հայտարարագրումը կամո՞վի է, թե՞ պարտադիր է, այդքան էական նշանակություն չի ունենա: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք հասել այն փուլին, որ պատասխանենք՝ դա պարտադի՞ր կլինի, թե՞ ինչ-որ անցումային եղանակով ժամանակի ընթացքում պարտադիր կլինի: Հուսամ՝ այնպիսի եղանակ կգտնենք, որ լինի և սահուն, և արդյունավետ: Այսինքն՝ մի կողմից ցույց կտա երկարաժամկետ առումով այն ընթացքը, որը մենք պետք է ունենանք վերջնանպատակին հասնելու համար, բայց դա կկատարենք այնպիսի եղանակով, որ ընթացիկ խնդիրներ չառաջացնի կամ, եթե առաջացնի, ապա շատ քիչ դեպքերում: Հիմա դրսից ստացված եկամուտների մասով. մեկ կարևոր հանգամանք եմ ուզում շեշտել՝ ի՞նչ եկամուտների մասին ենք խոսում: Եթե խոսում ենք այն օգնության գումարների մասին, որ մեր համաքաղաքացիները ստանում են դրսից, ապա նվիրատվության գումարները ՀՀ-ում եկամտային հարկով հարկման ենթակա չեն: Այսինքն՝ օրենքն այսօր էլ է ասում, որ հարկման ենթակա չէ, և մենք այս փուլում այդտեղ որևէ բան փոխելու նպատակ չունենք: Հետևաբար, այդ մարդիկ կարող են հանգիստ լինել, որ անգամ հայտարարագրելով իրենց ստացած այդ եկամուտները՝ դրանք չեն հարկվի, որովհետև նվիրատվության եղանակով ստացված գումարներ են: Երկրորդ՝ եթե դրանք աշխատանքային եկամուտներ են. մենք շատ համաքաղաքացիներ ունենք, որոնք ֆիզիկապես գտնվում են դրսում, աշխատում են, եկամուտներ են ստանում և ուղարկում են իրենց հարազատներին, բայց ՀՀ ռեզիդենտ և հարկատու են, այսինքն` իրենց մասով կարող է առաջանալ այդ հարցը, ոչ թե այն մարդու համար, որը ստանում է այդ գումարները, բայց, եթե իրենք այդ եկամուտներից հարկ են վճարել, կամ, եթե այդ երկրում սահմանված են այնպիսի հարկեր, որոնք ավելի ցածր չեն, քան այդ նույն եկամուտների մասով ՀՀ-ում սահմանված հարկերն են, ապա իրենց մոտ լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում: Այդ հարկը ՀՀ օրենսդրությամբ համարվում է, որ այնտեղ վճարված է: Հետևաբար, մենք կարգավորումները կնկարագրենք այնպես, որ այդ մարդկանց համար գործնական որևէ բարդություն չառաջացնենք: Հետևաբար, այդ տեսանկյունից մեր այս համակարգը, ըստ նպատակի, որը ես նկարագրեցի, խնդրահարույց լինել չի կարող: Բոլոր դեպքերում այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, սկզբունքային հարց է այն, որ մենք, եթե անգամ ինչ-որ հատվածներում նկատում ենք, որ կարող են խնդիրներ առաջանալ, միանգամից քննարկում ենք այն բոլոր հնարավոր զսպանակները, որոնք պետք է դրվեն այդ խնդիրները մեղմելու համար: Այսինքն՝ չպետք է առաջանա այնպիսի իրավիճակ, որ առաջացնի հակազդեցություն կամ համակարգի նկատմամբ արգելակներ: Կախված նրանից, թե որքանով լավ կբացատարենք, թե ինչու ենք ցանկանում այդ համակարգը գործադրել և ինչպես է դա հասարակության շահերին համապատասխանում, մենք կունենանք կամ ընկալում և համագործակցություն, կամ, բնականաբար, դժգոհություն: Մենք մեր բոլոր նպատակներն ու գործողությունները նախապես հստակորեն պարզաբանելու ենք: Շարունակությունը՝ armenpress.am-ում
12:06 - 28 փետրվարի, 2022
Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին

Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը փետրվարի 14-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին, մասնավորապես՝ Հայաստանում «կանաչ տնտեսության» զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, կառավարման բարելավմանը, գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությանը, ինչպես նաեւ հատուկ կարեւորել են կայուն ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող օրակարգային հարցերը: Նախարար Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես՝ կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:
15:04 - 14 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին: Այս համատեքստում ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները: Վարչապետն ընդգծել է՝ պետք է ակտիվ և արդյունավետ աշխատել բոլոր ուղղություններով նախանշված սոցիալական, ենթակառուցվածքային և մյուս թիրախներին հասնելու համար և կոնկրետ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
19:33 - 08 փետրվարի, 2022
Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

tert.am: 2019թ.-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է փոփոխություն գովազդի մասին օրենքում, որի ժամանակ ինտերնետ շահումով խաղերի գովազդի որոշակի սահմանափակումների պայմաններում, այնուամենայնիվ, հնարավորություն է եղել հեռուստաընկերությամբ, ռադիոյով, համացանցով գովազդներ իրականացնելու, որից հետո Ֆինանսների նախարարությունը, ՊՎԾ-ն սկսել են մշտադիտարկումներ իրականացնել 2000թ.-ից ուժի մեջ մտած գովազդային դաշտում, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ-ում ««Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «2020թ.-ի վերջում 2018թ.-ի համեմատ ունեցել ենք խաղադրույքների 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույքներ կատարելը ավելացել է մոտ 3 անգամ։ Այս ամենը համադրելով միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն շատ արագ է զարգանում և ռիսկեր կան, որ այդ զարգացման ընթացքում մեզ մոտ խաղամոլության ռիսկը մեծանում է։ Հասկանալով, որ ռիսկեր ունենք, հիմա վերադառնում ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019թ.-ը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել` թողնելով միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերի արտաքին և ներքին մասում, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում»,- ասաց փոխնախարարը։ Հայրապետյանի կարծիքով՝ այս նախագծով փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը:
16:31 - 20 հունվարի, 2022
Կառավարությունում քննարկվել է ֆիզանձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը

Կառավարությունում քննարկվել է ֆիզանձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը:Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին: Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը: Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ Կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:
18:06 - 11 հունվարի, 2022
2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս |armenpress.am|

2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: 2022 թվականի համար մեր բյուջեի առանձնահտուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բաձր մակարդակ: Որոշ կարծիքներով դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, այն մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասաց  Տիգրան Խաչատրյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցանիշը կատարյալ չէ, սակայն նախորդ տարիների համեմատ փոփոխություններ կան:
13:12 - 30 դեկտեմբերի, 2021
2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեեւ անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:ՀՀ Կառավարության 2021-2026թթ. բարեփոխումների ծրագիրը կարեւորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության եւ ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված եւ ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն եւ առողջապահություն) ներդրումների էական ավելացման եւ լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը մեղմելու եւ վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն եւ ներառական աճին:Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման եւ պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված  են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի եւ աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:Արձանագրվել է նաեւ, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը:
18:36 - 23 դեկտեմբերի, 2021
Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարին

Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հանդպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի գխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ժոզանը, ինչպես նաեւ դեսպանատան եւ գործակալության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը հատկապես կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Տիկին դեսպանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: ԶՖԳ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ հայտնել է կազմակերպության պատրաստակամությունն ապագայում եւս Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ նոր ծրագրեր մշակելու հարցում:
16:20 - 10 դեկտեմբերի, 2021
Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քվեարկությամբ օրենքի նախագիծը ստացավ 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, ծրարներով կողմ քվեարկություններ էր թողել նաև ՔՊ-ի 4 պատգամավոր: Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ էին քվեարկել, «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ: Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2022 թվականին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանում 3 շաբաթ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ, օրինակ՝ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով: Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ:
10:33 - 09 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021
Փոփոխություններ 2022 թվականի պետբյուջեի նախագծում. ԱԺ-ն շարունակում է քննարկումը |armenpress.am|

Փոփոխություններ 2022 թվականի պետբյուջեի նախագծում. ԱԺ-ն շարունակում է քննարկումը |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ եկամուտների և ծախսերի փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ-ում նախագծի քննարկման շարունակությանը ներկայացրեց 3 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: «Լրամշակված նախագծով նախատեսվում է 1 տրլն 947.8 մլրդ դրամ եկամուտ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը: 3 շաբաթ առաջ պետբյուջեի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառներ, որոնցից առաջինը օրենքով սահմանված արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկվումն է նոյեմբերի 1-ի փոխարժեքով: «Ընդհանուր առմամբ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն դրամ՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով: Այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով ՝պայմանավորված փոխարժեքային վերահաշվարկով, պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 մլրդ 508.4 մլն դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով»,-ասաց նախարարը: Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակադրակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, ինչպես նաև կնվազեցվեն արտարժութային ռիսկերը: 2022-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.7 տոկոս, ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.2 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը՝ ՀՆԱ-ի 4.5 տոկոսը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2 տոկոս մակարդակից ավելին է 1.3 տոկոսային կետով:
11:13 - 08 դեկտեմբերի, 2021
Քննարկվել են Կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության հեռանկարին վերաբերող հարցեր

Քննարկվել են Կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության հեռանկարին վերաբերող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին և ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:  Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, և ներկայում քննարկվում են կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Դուարտեն եւս կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն  առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
20:07 - 01 դեկտեմբերի, 2021