ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը

ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: «Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակությունում կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականության բացառման ուղղությամբ առավել մեծ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
10:09 - 04 մայիսի, 2024
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը

Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը

ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան հաղորդման մեջ հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը, ինչի մասին է վկայում ԶԼՄ-ների և լրագրողների հետ Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ համագործակցությունը։ Պետք է արձանագրեմ, որ մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ։ Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը։ Այս առումով կարևոր է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Լրագրողների մասնագիտական իրավաչափ գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Կարևոր է, որպեսզի պետությունը մշակի և գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։ Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների իրավաչափ գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն, դրանց առկայության պարագայում՝ վերացնելուն, դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, այդ թվում՝ պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելուն։ Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:
10:15 - 03 մայիսի, 2024
ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:    «Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները շարունակվում են: Այցեր են իրականացվում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։   Մասնավորապես, ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Ոստիկանության Հրազդանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ: Բացի այդ, այցեր են իրականացվել Նոյեմբերյանի և Իջևանի բժշկական կենտրոններ՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։   Տվյալ ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 170 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։   Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:   Այս ժամանակահատվածում իրականացված արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ։   Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում անձինք մասնավորապես նշել են, որ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ վերջիններս ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։   Այսպես, որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցանք, թե վարչական իրավախախտում կատարելու հիմքով։ Խնդրահարույց են նաև ազատությունից զրկված անձին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։   Պաշտպանի աշխատակազմ նաև ստացվել են մի շարք բողոքներ առ այն, որ հավաքին մասնակից անձանց տրանսպորտային միջոցներն առանց բավարար հիմքերի տևական ժամանակ գտնվում են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։   Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին, այդ թվում՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։   Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։   Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո և առկա չեն ուժի կիրառման՝ օրենքով սահմանված այլ հիմքեր։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։   Միևնույն ժամանակ, հավաքի մասնակիցների կողմից հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց։   Տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 2-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ նույն օրը Ոստիկանության ծառայողների կողմից փակվել են Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհները, տեղում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց մուտքը գյուղ չի թույլատրվում և Կիրանց մուտք գործել թույլատրվում է միայն տեղի բնակիչներին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու իրավական հիմքերը ներկայացնելու պահանջով:   Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։   Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,- ասված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
20:10 - 02 մայիսի, 2024
Մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել. ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին
 |1lurer.am|

Մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել. ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին |1lurer.am|

1lurer.am: ՄԻՊ-ի զեկույցը քննարկվում է այնպիսի պայմաններում, երբ Կիրանցում բնակիչների նկատմամբ բռնություն է կիրառվում: Կիրանցի բնակիչների ձեռքին կան սեփականության վկայականներ, և գործընթացների արդյունքում բնակարանների մի մասը մնալու է ադրբեջանական վերահսկողության տակ: ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունենության հաղորդման քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:   ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝ Թագուհի Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի կիրառվում, իսկ ինչ վերաբերում է Կիրանց բնակավայրի տների ճակատագրին, այնտեղ սահմանազատման գործընթաց տեղի չի ունենում, և ըստ Ռուբինյանի՝ այդ տների վերաբերյալ դեռ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել: ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասաց, որ հասկանում է այն էմոցիոնալ և հոգեբանական վիճակը, որում Կիրանցի բնակիչներն են: «Անհրաժեշտ է նշված անձանց հետ հարաբերություններում լինել հնարավորինս զգայուն և հանդուրժող՝ դարձյալ նկատի ունենալով ամբողջ իրավիճակը, նույնիսկ այն իրավիճակում, երբ պետությունը գուցեև իրավասու է որևէ տեսանկյունից սահմանափակել որևէ իրավունք, բայց այս բոլոր հանգամանքները հաշվի չառնել՝ միանշանակ, չի կարելի»,- ասաց նա: Անահիտ Մանասյանը նաև ասաց, որ առավոտվանից ՄԻՊ-ը մի շարք քայլեր է ձեռնարկել, իսկ դրանից առաջ էլ մեկնել են Տավուշի մարզ, ծանոթացել իրավիճակին և իրավասու մարմիններից պահանջել պարզաբանումներ: «Բանավոր կարգով իրավասու մարմիններից պարզաբանումներ ստացել ենք, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների՝ մի շարք խնդիրների հետ կապված»,- ասաց նա և հիշեցրեց, որ նախկինում հայտարարել են, որ ոչ համաչափ ուժ չի կարելի կիրառել, նաև անդրադարձել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ կապված միջադեպին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ևս հետաքրքրվեց առավոտյան շրջանառվող լուրով՝ Կիրանցում ոստիկանության կողմից կիրառված բռնության հետ կապված:  «Թույլ տվեք այս պահի դրությամբ հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգում չանել, որովհետև մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել: Մի խումբ անձինք մեզ մի տեղեկատվություն են հայտնել, մյուսները՝ այլ, և հարցի վերաբերյալ պատշաճ եզրահանգում անելու համար ինձ ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց նա և հավելեց, որ եթե պետությունը ուժ է գործադրում, կարևոր է, որ այդ գործադրված ուժը չլինի անհամաչափ:
18:29 - 02 մայիսի, 2024
Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին
 |armenpress.am|

Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին |armenpress.am|

armenpress.am: Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եթե խնդիրներ առաջանան որոշ քաղաքացիների անշարժ գույքի հետ կապված, նրանք պետք է ստանան փոխհատուցում անգամ սեփականության վկայական չունենալու պարագայում։ Ազգային ժողովում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ «Ինչ վերաբերվում է սեփականության իրավունքի հետ կապված հարցերին՝ ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ այս դեպքում նույնիսկ, եթե անձինք չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միևնույն է, պետությունը ունի այս դեպքում պարտավորություններ։ Անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունն է թույլ տվել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա և բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման և տարբեր ձևաչափերի միջոցով»,- ասաց ՄԻՊ-ը։
18:19 - 02 մայիսի, 2024
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ մայիսի 2-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման են ենթարկվել մի խումբ անձինք: ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն։  Բնակիչները վաղ առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում՝ փակելով ճանապարհը։ Ավելի ուշ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոստիկանությունը ուժ կիրառելով բերման է ենթարկում քաղաքացիներին։ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):  
10:11 - 02 մայիսի, 2024
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Հայաստանում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: Այս մասին նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Աշխատանքի օրվա առիթով իր ուղերձում: «Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ մեր հանրապետությունում: Մեր ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման համատեքստում առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,–ասված է ուղերձում: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023 թվականին աշխատանքային իրավունքների հետ կապված առավել տարածված խնդիրներից է եղել աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելու, ոչ ամբողջովին կատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետը չպահպանելով կատարելու խնդիրը։ Վերջինիս ՄԻՊ–ը մանրամասն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդման շրջանակներում։ 2023 թվականին ևս պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներով բարձրաձայնվել է հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատելիս կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատակիցների միջև ընտրության չափանիշների բացակայության խնդիրը։ Մանասյանն ընդգծել է՝ շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։ «Կարևոր եմ համարում նաև մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»,–եզրափակել է Մանասյանը:
14:18 - 01 մայիսի, 2024
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը:   «ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է նշված դեպքերով գործերի պատշաճ քննություն։ Լրագրողների մասնագիտական գործունեության պատշաճ երաշխավորման բնագավառում առկա մի շարք խնդիրներ տեղ են գտել նաև Պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում։ Պաշտպանը հետևողական է լինելու դրանց լուծման հարցում։   Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։ Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
18:25 - 30 ապրիլի, 2024
Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

17-ամյա Տիգրանը (անունը փոխված է, քանի որ անչափահաս է) այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովայի Հանրապետություն, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայություն իրականացնող ոստիկանները նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։  Տիգրանն այդ պահին ենթադրել է, որ պատճառը բացակայելու արգելք խափանման միջոցն է, որ իր նկատմամբ ընտրվել էր ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ապօրինի կերպով սառը զենք կրելու հոդվածով, սակայն փետրվարի 1-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը։ Միաժամանակ դատարանը վճռել էր կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռն ուժի մեջ է մտնում, եթե այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կողմերը դրա դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացնում։ Փետրվարի 15-ի դրությամբ, փաստացի, այդ ժամկետը լրացած չի եղել։ Տիգրանն ասում է, որ միայն օդանավակայանում է տեղեկացել այդ հանգամանքի մասին։ Արդյունքում, բաց է թողել թռիչքը եւ կրել 150 հազար դրամի նյութական վնաս։ Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել։ Քաղաքացիները երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ իրենց նկատմամբ կիրառված սահմանափակումը դեռ չի հանվել, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են կամ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։  Նյութում կարդացեք՝ Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում Ինչ խնդիրների առաջ են կանգնում երկրից մեկնող քաղաքացիները, եւ ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ինչ տեսակետ ունի խնդրի վերաբերյալ նախկին դատավորը Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում ՍԷԿՏ համակարգը Կառավարության՝ 2006 թ․-ի որոշմամբ ստեղծված էլեկտրոնային շտեմարան է, որտեղ ՀՀ պետական մարմիններն իրականացնում են Հայաստան ելք ու մուտք անող տրանսպորտային միջոցների եւ անձանց հաշվառում, այդ թվում՝ նաեւ այն անձանց վերաբերյալ, որոնք որեւէ քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք (նախկինում՝ երկրից չհեռանալու մասին ստորագրություն) խափանման միջոցը։  Տարիներ շարունակ տվյալների փոխանցման գործընթացը քրեադատավարական օրենսդրությամբ կարգավորված չէր, այսինքն՝ սահմանված չէր, թե իրավասու սուբյեկտը երբ, ինչ եղանակով, ինչպես պետք է գործեր երկրից չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու դեպքում։ Որպես կանոն, քննիչը կամ դատարանը Կառավարության հիշյալ որոշման հիման վրա էին այդ տեղեկությունը փոխանցում ոստիկանությանը, որպեսզի վերջինս, որպես լիազոր մարմին, տեղեկությունը ներառի համակարգ եւ անձի՝ Հայաստանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակի։  Այդ որոշումը, սակայն, որեւէ կերպ չէր կարգավորում ընտրված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու դեպքում անձի տվյալները համակարգից հեռացնելու գործընթացը։ Արդյունքում, ոստիկանությունը անհապաղ չէր տեղեկացվում այդ մասին կամ տեղեկացվելուց հետո անհապաղ չէր հեռացնում, եւ անձանց տվյաները անորոշ ժամանակով մնում էին համակարգում՝ այդ կերպ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժման իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր հրապարակումներում եւ զեկույցներում անդրադարձել է այս խնդրին։ 2016 թ․ տարեվերջին ՄԻՊ-ը նաեւ դիմել է Սահմանադրական դատարան, եւ վերջինս արձանագրել է, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականությունը, առանց որի հնարավոր չէ երաշխավորել մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը։ ՍԴ որոշումից 5 տարի անց՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով (ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ին) ի վերջո ամրագրվեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին (հոդված 127)։ Բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմինը տվյալ դեպքում ոստիկանությունն է, որը լիազորված է սահմանափակելու ելքի հնարավորությունը։ Ըստ ՄԻՊ-ի՝ չնայած օրենսդրական կարգավորմանը՝ գործնական խնդիրները չեն վերացել Մարդու իրավունքների պաշտպանն իր 2023 թ․ տարեկան զեկույցում օրենսդրական մակարդակում այս ամրագրումը ողջունելի է համարել, միաժամանակ նշել, որ չնայած խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը դրա կիրառումն ապահովող մարմնին հանձնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանվել է, 2023 թ․ ընթացքում Պաշտպանին ներկայացված ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման բողոքների առկայությունը վկայում է այն մասին, որ տվյալ օրենսդրական դրույթի գործնական կիրառման համատեքստում դեռեւս առկա են խնդիրներ, եւ իրավակիրառ պրակտիկան միշտ չէ, որ համապատասխանում է հարցի առնչությամբ առկա չափանիշներին եւ երաշխիքներին: ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մեր զրույցում մանրամասնում է՝ բողոքները հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ եզրափակիչ դատական ակտով խափանման միջոցը վերացվում է, սակայն այդ տեղեկությունը որոշակի ժամանակ համակարգ մուտք չի արվում․ «Դա հիմնականում լինում է դատական վարույթում գտնվող գործերով, քանի որ ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ (ի տաբերություն քրեական հետապնդման մարմինների՝ դատարանները չունեն էլեկտրոնային՝ Mullbery  համակարգ, եւ ծանուցումն ուղարկում են հատուկ փոստային կապով,-հեղ․), եւ տեւական ժամանակ՝ 4-5 օր, 1 շաբաթ տեւում է, մինչեւ այն հասնում է կոնկրետ իրավասու մարմնին, որպեսզի նա սահմանափակումը վերացնի։ Իսկ այդ ընթացքում անձը, գիտակցելով, որ իր նկատմամբ վարույթը ավարտվել է, եւ արդեն ոչ մի սահմանափակում չի գործում, տոմս է գնում, գնում է՝ մեկնելու, ու պարզվում է, որ սահմանափակումը դեռեւս վերացված չէ։ Ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ վարույթը կարճվել է, անձի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարել, բայց քննիչը համապատասխան գրությունը չի ուղարկել ոստիկանություն, այս դեպքում էլ ոչ թե առաքման խնդիր է, այլ վարույթն իրականացնող մարմինն իր վրա դրված պարտականությունը չի իրականացրել»,- ասում է Մինասյանն ու նշում՝ բոլոր դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցությամբ փորձել են իրավիճակը հրատապ կարգով շտկել։ Մեկ այլ իրավիճակ է, երբ դատարանը եզրափակիչ դատական ակտով արդարացնում է անձին, սակայն ինչպես Տիգրանի դեպքում  է եղել, չի վերացնում ընտրված խափանման միջոցը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ այս հարցը խորքային ուսումնասիրման կարիք ունի, քանի որ նման բողոքներ իրենք չեն ստացել․ «Խնդիրը հետեւյալն է․ առաջին ատյանը կայացնում է արդարացման դատական ակտ, վերացնում է բոլոր սահմանափակումները, անձը լքում է երկիրը, հետո Վերաքննիչում ակտը բեկանվում է, անձին դատարան հրավիրելու հարց է առաջանում, եւ խնդիր է ծագում հետագա դատական պրոցեսի պատշաճ իրականացումն ապահովելու տեսակետից․․․ Բայց մեր մանդատին վերաբերելի մասն այստեղ մի քիչ կտրվում է, դա դատական գնահատման առարկա է,  քանի որ օրենքը մեզ ուղիղ արգելք է սահմանում, որ եթե մի հարցի վերաբերյալ կա դատարանի որոշում, դու չես կարող գնահատել՝ ճիշտ է, թե սխալ է, դա վերադաս ատյանների քննարկման հարց է»,- կարծում է Մինասյանն ու ընդգծում՝ օրենքի միատեսակ կիառությունն ապահովելն էլ Վճռաբեկ դատարանի խնդիրն է։ Արամ Մինասյանի համոզմամբ՝ վարույթն իրականացնող մարմինները սկզբում ինչ ջանասիրությամբ որ անձի նկատմամբ խափանման միջոց են ընտրում, նույն ջանասիրությունը պետք է գործադրեն նաեւ խափանման միջոցը վերացնելիս․ «Ընթացակարգը պետք է դյուրինացվի՝ ընդհուպ մինչեւ էլեկտրոնային եղանակով անհապաղ տեղեկացնելու կամ վարույթն իրականացնող մարմնին որոշակի հասանելիություն տալու միջոցով, որպեսզի տեւական ժամանակ մարդը ստիպված չլինի սպասել իր նկատմամբ կիրառված արգելքը վերացնելուն»,- նշում է նա։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանն իր պրակտիկայում միայն մեկ անգամ է անդրադարձել երկրից չհեռանալու մասին ստորագրություն (բացակայելու արգելք) խափանման միջոցին՝ դրա բողոքարկելի լինել-չլինելու համատեքստում՝ նշելով, որ եթե դրա կիրառմանը հետեւում է ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը, ապա անձն իրավասու է դատարանում բարձրացնել այդ արգելքի իրավաչափության հարցը՝ իր ազատ տեղաշարժի իրավունքի առերեւույթ խախտման ուժով։ Քննարկվող հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշում առկա չէ։ «Եթե չկա մեղադրանք, խափանման միջոցը չի կարող պահպանվել»․ Դավիթ Հարությունյան Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը այն կարծիքին է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է (օր․՝ լրացել է հանցանքի վաղեմության ժամկետը,-հեղ․) առավել եւս արդարացնող (օր․՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը) հիմքով, ապա կիրառված խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման, իսկ այդ դեպքում ՍԷԿՏ-ի սահմանափակումն էլ է ենթակա անհապաղ վերացման։ Իր գործունեության ընթացքում արդարացնող դատական ակտերում Հարությունյանը, որպես կանոն, ուղիղ գրել է ՍԷԿՏ համակարգում անձի նկատմամբ առկա սահմանափակումը վերացնելու մասին եւ այդ գրությունն ուղարկել ոստիկանություն։ Ասում է՝ թեեւ նախկին օրենսդրությամբ այդ պարտականությունն ուղիղ սահմանված չէր, բայց դա ենթադրվում էր։ Քրեական դատավարության գործող օրենսգիրքը սահմանում է, որ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը․  «Խափանման միջոցի կարեւորագույն պայմանը՝ քրեական գործում մեղադրանքի առկայությունը, այլեւս չկա, իսկ եթե չկա մեղադրանք, չկա հիմնավոր կասկած, ուրեմն՝ խափանման միջոցը չի կարող պահպանվել, հետեւաբար ենթադրվում է, որ դա ինքնըստինքյան պետք է հանգեցնի ելքի սահմանափակման վերացման»,– ասում է Հարությունյանը։ Մինչդատական փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը մինչեւ դատական կարգով բողոքարկելը կարող է բողոքարկվել հսկող, ապա նաեւ՝ վերադաս դատախազին, իսկ դատական փուլում Առաջին ատյանի արդարացման դատական ակտը՝ Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ռիսկը, որ այդ ընթացքում անձը կարող է մեկնել երկրից, առկա է, որոշ դեպքերում գուցե եւ արդարացված է, բայց այն չի բխում օրենքից։ Ըստ Հարությունյանի՝ քրեադատավարական նորմերի համալիր վերլուծությունը հանգեցնում է նրան, որ սահմանափակումը ենթակա է վերացման՝ անկախ նրանից՝ այդ ռիսկը ողջամիտ է թե ոչ․ «Լավ կլիներ, որ օրենքով հստակ սահմանվեր, որ ցանկացած դեպքում, երբ անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է, ապա ենթակա է վերացման խափանման միջոցն էլ, ցանկացած սահմանափակում էլ»,- կարծում է նախկին դատավորը։ Գործնականում ծագող խնդիրները, ըստ նրա, հնարավոր է կարգավորել առանց տեխնիկական հատուկ միջոցների ներդրման, օրինակ՝ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել դատարանների պաշտոնական էլեկտրոնային փոստերի միջոցով լիազոր մարմնի հետ փոխվստահության հիման վրա աշխատելու վերաբերյալ․ «Չեմ կարծում, թե համակարգին համընդհանուր հասանելիության ապահովումը արդյունավետ կլինի, որոշակի գաղտնիություն պարունակող տվյալներ են, լիազոր մարմնին վերապահելը ճիշտ է»,- նշում է նա։ Նախկին դատավորի խոսքով՝ նոր օրենսդրությունը գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել Թեեւ նոր օրենսդրությամբ կարգավորում է նախատեսվել, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, այն իր հերթին գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ թեեւ անձի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն վարույթն իրականացնող մարմինը ինչ-ինչ նպատակներով (աշխատանքային, առողջական եւ այլն) ցանկանում է նրան թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ ՀՀ-ից։  Նախկինում, երբ օրենսդրությունը հստակ կարգավորում չուներ, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա դա հնարավոր էր լինում կազմակերպել․ «Այժմ պրակտիկայում ի՞նչ իրավիճակ է առաջացել․ եթե կիրառված է բացակայելու արգելք, դատավորները եւ քննիչները չեն կարողանում ՍԷԿՏ-ը բացել կամ սահմանափակումը ժամանակավորապես վերացնել՝ պահպանելով խափանման միջոցը, որովհետեւ ստացվում է, որ այդ երկուսը միմյանց հետ փոխկապակցված են։ Երբ առանձին պաշտոնատար անձինք նման գրություններ հասցեագրեցին, լիազոր մարմինը հրաժարվեց դա կատարել՝ հղում անելով օրենքին, որ կիրառված խափանման միջոցի պայմաններում արգելքը չի հանվում»,- ընդգծում է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ արհեստականորեն առաջանում է մի իրավիճակ, երբ կան հիմքեր՝ թույլատրելու, որ անձը ժամանակավորապես մեկնի ՀՀ-ից, բայց քանի որ դրա օրենսդրական հնարավորությունը չկա, վարույթն իրականացնող մարմինները ստիպված խափանման միջոցը վերացնում են կամ ընտրում են ավելի խիստ խափանման միջոց գրավը (գրավի դեպքում ՍԷԿՏ համակարգում ՀՀ-ից ելքը չի փակվում)։ Այս հարցը եւս, ըստ մասնագետի, պետք է հստակ կանոնակարգում ստանա։   Միլենա Խաչիկյան
16:11 - 30 ապրիլի, 2024
Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

Անահիտ Մանասյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց:   Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ ներկայացուցիչները:   Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու` որպես բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։ Զրույցի ընթացքում աշակերտները խոսել են իրենց հետաքրքրող տարբեր հարցերի մասին։ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել միայն կրթության միջոցով։ Այդ առումով յուրաքանչյուրս պետք է դրսևորի մոդելային վարքագիծ։ Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով։ Մարդու իրավունքների երաշխավորման համակարգի իրական պատկերն արտահայտվում է իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները միասնական չափանիշներով հաղթահարելու և բոլոր, այդ թվում` խոցելի խմբերի իրավունքների երաշխավորման իրական գործիքակազմեր գործադրելու առկայության պարագայում։ Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության», – նշել է Պաշտպանը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը, առանց որի չի կարող գոյություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ: Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը դպրոցականներին հանձնել է հուշանվերներ, պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախաձեռնություններին։
22:54 - 29 ապրիլի, 2024
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում  հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ

Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ: Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը։ Հավելենք, որ ՄԻՊ աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, աշխատում է արտակարգ ռեժիմով:
14:21 - 27 ապրիլի, 2024
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: «Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:  Իրականացված այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից Ոստիկանության ծառայողներն իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս հարցին Պաշտպանն անդրադարձել է նաև նախկինում և կարևորում է նշված սահմանադրական պահանջի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով  համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։ Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։
21:50 - 26 ապրիլի, 2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ ՄԻՊ առաջարկների կատարման վիճակը, ինչպես նաև վեր են հանվել նոր խնդիրներ։ Մտահոգիչ է, որ նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված։ Մասնավորապես, կենտրոնի որոշ բաժանմունքներ շարունակում են մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը։ Սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ, բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, որոշ հիվանդասենյակների պայմանները եղել են անբավարար, ֆիզիկական զսպման համար Կենտրոնի 9 բաժանմունքներից միայն մեկում է նախատեսված առանձնացված սենյակ։ Ֆիզիկական զսպումը մյուս բաժանմունքներում հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում մյուս բուժառուների ներկայությամբ, երբեմն՝ մասնակցությամբ, արձանագրվել են բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման և պատշաճ արձանագրման հետ կապված խնդիրներ։ Թեև ստացվել են տեղեկություններ, որ պացիենտների նկատմամբ հաճախակի կիրառվում են ֆիզիկական զսպման միջոցներ, սակայն մատյաններում բացակայել են դրանց վերաբերյալ արձանագրումները, բուժառուների նկատմամբ ֆիզիկական զսպում իրականացվել է օրենքով չնախատեսված, դժվար արձակվող մեխանիկական միջոցներով։ Մասնավորապես, պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով (բրդյա զուգագուլպա), դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման առանձին դեպքերում պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել և դրանց արդյունքները պատշաճ չեն արձանագրվել։ Մասնավորապես, մատյաններում առկա են եղել տվյալներ միայն պացիենտի զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ, արձանագրվել են անգործունակ ճանաչված անձանց իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, վերջիններիս խնամակալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացրել, իսկ բուժառուները պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ, մտահոգիչ է մնում խնամակալության ինստիտուտի ոչ պատշաճ իրացումը։ Խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու փաստացի վիճակի նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում, արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. բուժառուներին, որոնք չեն կարող անհատականացնել իրենց հագուստը, լվացվելուց հետո հագուստը տրամադրվում է պատահականության սկզբունքով, հրատապ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկելու հենց բաժանմունքներում բուժառուների լոգանքը մշտապես կազմակերպելու ուղղությամբ և ձեռնպահ մնալու եղանակային ցուրտ պայմանների ընթացքում մասնաշենքից դուրս՝ բաղնիքում այն կազմակերպելուց, կենտրոնի ոչ բոլոր բաժանմունքներում է առկա եղել հարմարեցված և մատչելի միջավայր։ Օրինակ՝ բաժանմունքների մեծ մասի մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն զբոսանքից և սանհանգույցից օգտվելու դժվարություններ, անթույլատրելի է ժամկետանց և առանց մակնշման սննդամթերքի (օրինակ` մածունի և կոլոլակի) առկայությունը, ինչպես նաև ճաշացանկով նախատեսված սննդամթերքի բացակայությունը։ Օրինակ՝ ապրիլի 21-ին ճաշացանկով նախատեսվել է կաթնաշոռ բանանով այն պարագայում, երբ կաթնաշոռ չի եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա 2 օրը ոչ աշխատանքային օրեր էին և այն չէին կարող ձեռք բերել՝ Պաշտպանի ներկայացուցիչների արձանագրումից հետո նախատեսվել է առաջիկա օրերի ճաշացանկի փոփոխություն, առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն։ Չնայած զբաղվածության կենտրոնի առկայությանը՝ բաժանմունքներում բուժառուների զբաղմունքը շարունակում է սահմանափակվել միջանցքում տեղադրված հեռուստացույց դիտելով, շարունակում է մտահոգիչ մնալ որպես աշխատանքային թերապիա բուժառուներին տարաբնույթ աշխատանքներում (բաժանմունքների և բակի մաքրության, ջերմոցի, սննդի տեղափոխման աշխատանքներին և այլն) առանց ժամանակային սահմանափակման և մասնագիտական հսկողության ներգրավելու գործընթացը: Կենտրոնում բուժառուների աշխատանքային թերապիայի մասնակցության նպատակահարմարությունը դիտարկող որևէ չափանիշ չի առանձնացվել, շեշտադրվել է միայն պացիենտների ցանկությունը, ինչպես նաև նրանց կողմից արդյունավետ գործունեությամբ զբաղվածություն ունենալու կարևորությունը, Կենտրոնի բաժանմունքներում բուժառուների հետ հոգեբանական աշխատանքները կազմակերպելու համար համապատասխան պայմաններ նախատեսված չեն եղել, առկա չեն հոգեբանի և հոգեբույժների համատեղ աշխատանքների արձանագրման ու վերահսկման միասնական կառուցակարգեր, հոգեբանները հիմնականում չեն մասնակցում պացիենտի բուժական ռազմավարության մշակմանը, Կենտրոնի որոշ բաժանմունքներում հեռախոսները եղել են ոչ սարքին, ինչի պատճառով անհատական բջջային հեռախոս չունեցող բուժառուները չեն կարողացել զանգահարել մերձավորներին կամ խորհրդապահական կարգով կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, շարունակում է արդիական մնալ կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը, առկա են եղել հոգեբույժների թափուր հաստիքներ, հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն: Ողջունելի է Կենտրոնում բուժառուների դեղորայքային բուժման սխեմաների վերանայումն ու բազմադեղաբուժությունից հրաժարումը, ինչպես նաև նոր սերնդի դեղամիջոցների ներառման միտումը վերոնշյալ սխեմաներում։ Պաշտպանն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնելու այլ անձանց իրավունքների պաշտպանություն: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն: Վերոնշյալ խնդիրների հիմնական մասն ունեն համակարգային բնույթ և մանրամասն` լուծման առաջարկների հետ միասին, արձանագրված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան զեկույցում։ Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։
15:01 - 26 ապրիլի, 2024
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ապրիլի 25-ին բերման են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և Տավուշի մարզում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։    Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ տարբեր մարզերում ու միջպետական ճանապարհներին։ Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտում հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման իրականացման որոշման դեմ՝ նշելով, որ դրա արդյունքում առաջանալու են լուրջ անվտանգային խնդիրներ։ 
17:04 - 25 ապրիլի, 2024
ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին

Պաշտպանի դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․   «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հունվարի 24-ին շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը։  Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է վերաշարադրել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ավելացնելով փաստաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկ չվճարող սուբյեկտների շարքում։    Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից փաստաբանական ծառայություններ մատուցող տնտեսվարողները 5 տոկոսի փոխարեն վճարելու են 10 տոկոս հարկ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից շուրջ 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ, որը հաշվարկվելու է հարկվող շահույթի՝ հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների տարբերությունից։ Նախագծի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը ստանալու նպատակով Պաշտպանին է դիմել Փաստաբանների պալատի նախագահը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերոնշյալ նախագծի առնչությամբ ներկայացրել է դիրքորոշում:   Այսպիսով՝ Պաշտպանը գտնում է, որ թեև պետությունն ունի հարկային քաղաքականությունը որոշելու լայն հայեցողություն, սակայն քննարկվող նախագծի առումով չի ներկայացվել հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ավելին, չի ներկայացվել նոր կարգավորման` մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների ու ռիսկերի գնահատում։ Պաշտպանը կարևորում է ժողովրդավարական հասարակությունում փաստաբաններին վերապահված հիմնարար դերակատարությունը, ինչպես նաև փաստաբանների կողմից փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության սկզբունքը, փաստաբանի էթիկայի սկզբունքները և փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը։   Պաշտպանը, հաշվի առնելով փաստաբանական գործունեության առանձնահատկությունները, կարևորում է, որ ոլորտին վերաբերող ցանկացած փոփոխություն դիտարկվի ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ հանրության իրավունքների պատշաճ իրացման և դրանց պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում։   Պաշտպանը կարևորում է Նախագծի նպատակների և հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկումների պատշաճ կազմակերպումը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Նախագծի դրույթները քննարկումների և մտահոգությունների առիթ են ստեղծել։ Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ նախագծային կարգավորումները պետք է պատշաճ կերպով քննարկման առարկա դարձվեն բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում՝ փաստաբանական համայնքի հետ։   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է նաև, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել Նախագծի բովանդակության, դրանով առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև նախագծի վերաբերյալ նախատեսվող քննարկումներին մասնակցության հնարավորության մասին՝ նկատի ունենալով հանրային գործերի վարմանը մասնակցելու նրանց իրավունքը, այդ թվում՝ հանրային բանավեճի վրա ազդեցություն ունենալու միջոցով:   Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգում է, որ թեև պետությունն ունի հարկային քաղաքականությունը որոշելու լայն հայեցողություն, սակայն քննարկվող նախագծի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան՝ հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորում, չի ներկայացվել նոր կարգավորման՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների ու ռիսկերի գնահատում, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ անհրաժեշտ քննարկումներ»,-նշված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ։
09:38 - 25 ապրիլի, 2024
ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։    Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 24-ից սկսած՝ անձամբ իր և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել են այցեր Կոռնիձորում, Գորիսում և Վայքում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են անցկացվել ավելի քան 350 բռնի տեղահանվածների հետ: Այդ ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։   Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ապրիլի 11-ին և 12-ին ՄԻՊ աշխատակազմի հետ Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ, արձանագրել խնդիրները։
20:50 - 24 ապրիլի, 2024