Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել
 |hetq.am|

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։ Հայտնի չէ, թե ում միջոցներով պետք է վերականգնվեն։ Նախարարությունը քողարկում է իր աշխատակիցների անփութությունը եղանակային անբարենպաստ պայմաններով, ջերմատներ կառուցող ընկերությունը՝ մեղադրում անտառտնտեսությանը։  Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և ածխածնի կրճատմանը: Դրա շրջանակներում Հայաստանի կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից։ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կանաչ կլիմայի հիմնադրամի միջոցներով իրականացվում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Դրա իրականացմանը մասնակցում են նաև Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Ութամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է։ Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 194 080 000 դրամ (շուրջ 5,5 մլն դոլար)։ Իրականացման պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է։ Ծրագրի նպատակն է նվազեցնել վառելափայտի պահանջարկը և ներդնել կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ, 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Ծրագրի թիրախային տարածքներն են՝ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև՝ անտառային կարևոր էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ «Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչի շրջանակներում փակ արմատային համակարգով տնկիներ աճեցնելու նպատակով պետք է կառուցվեր 500 քմ մակերեսով 6 ջերմատուն։ Ջերմատները կառուցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդան», «Սիսիան» և «Տաշիր» մասնաճյուղերի տարածքներում, որոնք 2022-2023թթ․ հանձնվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարմանը։ Սակայն դրանցից 4-ն այդպես էլ չի ծառայել իր նպատակին և չի գործել։ Տաշիրում կառուցված 2 ջերմոցները երկու անգամ քանդվել են ուժգին քամիներից, վերջին անգամ՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին։ Սիսիանում կառուցված ջերմոցը նույնպես քանդվել է այս ձմռանը՝ ձյան բեռնվածությանը չդիմակայելու պատճառով։ Գործում են միայն Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցները։ Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չեն գործել ջերմատները, հայտնել է, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կառուցված ջերմատները փորձարկումից հետո հանձնման-ընդունման ակտով փոխանցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կառավարմանը: «2023 թվականի դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը Սիսիանի տարածաշրջանում տեղացած առատ ձյան և քամու պատճառով «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա և նույն թվականի դեկտեմբերի 28-ին ուժգին քամիների պատճառով «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա ջերմատներն ամբողջովին վնասվել և քանդվել են։ Դրանք շահագործման ենթակա չեն եղել, ինչպես նաև նպատակահարմար չի եղել դրանց վերակառուցումը»,- գրությամբ հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։  Ով է կառուցել ջերմոցները Ջերմատների կառուցման մրցույթը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 2-ին։ Մրցույթին մասնակցել է 2 կազմակերպություն՝ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ն՝ 73 980  հազար դրամ գնային առաջարկով և «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 78 980 հազար դրամ գնային առաջարկով (շուրջ 200 հազար դոլար)։  ՇՄՆ-ն մեզ հայտնել է, որ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը մերժվել է, քանի որ չի համապատասխանել գնման ընթացակարգի հրավերի պահանջներին, մասնավորապես` ներկայացված հայտում բացակայել է հայտի ապահովման փաստաթուղթը։ 2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։ «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 2-ին, հիմնադիրը և միանձնյա բաժնետերը Վարդան Ասլանյանն է։ Ըստ նրա՝ ջերմոցների քանդման պատճառը Տաշիրի դեպքում՝ բնության, իսկ Սիսիանի դեպքում՝ մարդկային գործոնն է եղել, ոչ թե ձյունը կամ կառուցված ջերմոցի անորակությունը։ Իրենց կառուցած ջերմոցներն ու դրանցում առկա սարքավորումները փորձարկել և ընդունել է հատուկ հանձնաժողովը՝ 8-10 հոգուց բաղկացած, և եթե որևէ բան անորակ կամ վատ կառուցած լինեին, ապա հանձնաժողովը պարզապես չէր ընդունի։ Ջերմատների կառուցման տեխնիկական առաջադրանքի մշակման համար, ըստ ՇՄՆ-ի, հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշումը` փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների չափանիշները։ Կառավարության նշված որոշումը փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին է, որը պետք է նպաստեր գյուղատնտեսությունում տնտեսվա­րողների եկամուտների ավելացմանը։ Այս նպատակի իրագործման համար տնտե­սվա­րողներին ցուցաբերվել է պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխ­հատուցման միջոցով: Կառավարության նշված որոշման մեջ խոսվում է միայն գյուղատնտեսական բերքի՝ միրգ-բանջարեղենի մշակման, այլ ոչ թե բույսերի կամ տնկիների աճեցման ջերմատների մասին։ Այդուհանդերձ, Կառավարության որոշման հավելվածում հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչներում նշվում է, որ քամու դեմ դիմադրողականությունը պետք է լինի առնվազն 90 կմ/ժ (25 մ/վ), իսկ ձյան բեռնվածությունը՝ առնվազն 30 կգ/մ2։    Ինչու են քանդվել ջերմոցները Սիսիանում 2023թ․ դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով քանդվել են «Սիսիանի անտառտնտեսության» հաշվեկշռում եղած 2 ջերմատները։ Ջերմոցների քանդվելու պատճառը, ըստ ՇՄՆ-ի, միմիայն եղանակային պայմաններն են։ Սակայն կառուցող կազմակերպության հիմնադիրը մեղադրում է նաև Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցներին։ «Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է»,- ասում է «ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը։  Նրա խոսքով՝ Սիսիանի տարածաշրջանը 50-70 կգ-անոց ձյան բեռնվածության սանդղակում է։ Ջերմոցները կառուցված են եղել հատուկ նախագծով, եղել են տեխնիկական հագեցված հատուկ միջոցներ, որոնք պետք է տեղումների ճնշումները թուլացնեին։ Դրանք երկշերտ թաղանթապատ ջերմոցներ են, տեղադրված է հատուկ համակարգ, և երկու շերտի արանքում օդ է ներարկվում, այդ համակարգի միջոցով պոլիէթիլենն ավելի է ձգվում, ամրանում, և տեղումները վրայից արագ թափվում են։ Տեղադրված է եղել նաև երկնշանակության վառարան, որը կարող էր աշխատել գազով և դիզելով։ Այդ վառարանը տեղումների ժամանակ պետք է գործեր, որպեսզի ձյունը հալվեր և թափվեր պոլիէթիլենի վրայից։ Սիսիանի անտառտնտեսությունը պատճառաբանել է, թե տարածքը գազիֆիկացված չէ, դրա համար ջերմոցը չի գործում, սակայն Ասլանյանը պնդում է, որ եթե գազ չկար, վառարանը պետք է աշխատեր դիզելով։ «Ինչո՞ւ ոչ նա, ոչ էլ մյուսը չեն գործածվել։ Այդ իսկ պատճառով առաջացել է փլուզում»,- նկատում է կառուցող ընկերության հիմնադիրը։ Վառարանները գործի չդնելը, ըստ Ասլանյանի, անտառտնտեսության աշխատակազմի բացարձակ անփութության հետևանք է։ Ավելին, Ասլանյանը պնդում է, որ յուրաքանչյուր տնտեսություն պետք է ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացներ, մանավանդ, եթե ջերմոցները չեն գործել։ «Մենք կառուցել ենք 6 ջերմոց, նույնը եղել է Հրազդանում՝ Ծաղկաձորի կողքին, ինչո՞ւ Ծաղկաձորում չի փլուզվել, իսկ Սիսիանում փլուզվել է։ Որովհետև Հրազդանի տնտեսության ղեկավարությունն ու աշխատողները սրտացավ մոտեցում են դրսևորել, ձյուն է գալիս կամ տեղում է լինում, անմիջապես կատարում են համապատասխան աշխատանքներ։ Սիսիանի աշխատակազմը բացարձակ մատը մատին չի տվել, դրա վառ ապացույցն այն է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացրել։ Ամբողջ խողովակաշարը, պոմպակայանները տրաքել էին, որովհետև ջուրը մնացել էր մեջը մեր փորձարկման ժամանակվանից ի վեր։ Մենք վերականգնել ենք ջերմոցները, հիմա ինչո՞ւ չի գործում, որովհետև խողովակաշարը վնասված է, և ես ասել եմ՝ ինքներդ փոխեք, դրեք, որ աշխատի»,- բարկանում է Վարդան Ասլանյանը։ Ավելին, Վարդան Ասլանյանը հիշեցնում է, որ նույն ջերմոցից շուրջ 1 կմ հեռավորությամբ իրենք գյուղնախարարության մրցույթով հաղթած, Գյուղինստիտուտի համար նախատեսված նույնատիպ ջերմոց են կառուցել, որը նույն ձյան բեռնվածության պարագայում չի քանդվել, որովհետև համապատասխան միջոցառումները կատարվել են։  Սիսիանի անտառտնտեսությունը ղեկավարում է Տիգրան Համբարձումյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Մեզ հետ զրույցում Տիգրան Համբարձումյանը վստահեցրեց, որ ապրիլի 18-ից ջերմոցները գործում են, ցանքսը սկսել են՝ մոտ 50 հազար տնկի են դրել, սեզոնային բանվորներ են ընդունել աշխատանքի, ջերմոցն արդեն վարիչ ունի։ Ահա նրա հետ մեր հեռախոսազրույցը․  -Պրն Համբարձումյան, կառուցապատողը անտառտնտեսության աշխատակիցների անփութությանն է վերագրում ջերմոցի քանդմանը փաստը։ Ասում է, որ չեն գործարկել վառարանները, և դրա պատճառով ձյունը չի հալվել պոլիէթիլենի վրայից։  -Նման բան չկա, ես չգիտեմ, թե ով ինչ է ձեզ ասել, կարող եք գալ, մեր ջերմոցները տեսնել, ջերմոցները սաղ աշխատում են, ջուրը ընտիր գալիս է, հոսանքը ընտիր կա։  -Հիմա է աշխատում, բայց ինչո՞ւ է քանդվել։  -Հիմնարկում գազ չկա, այդ տարածքում ընդհանրապես գազ չկա, նախ՝ իրան դրած է գազի վառարան, որ պիտի գազով վառվեր, որ փչեր ցելոֆանները։ Շատ ձյուն գալու հետևանքով ջերմոցը վնասվել է, որը որ կարգավորվել է։ Ո՞վ է ասում, որ քանդվել ա, փլվել է։  -Գազ չկար, բայց վառարանները կարող էին դիզելով գործել։  -Մենք ընդհանրապես չենք փորձել, ես չգիտեմ, որովհետև կառուցապատողը պտի միացներ, փորձարկեր, կարմիր կնոպկան սեղմեր, հանձներ մեզ։ Քանի որ նման բաներ չի եղել, մենք չգիտենք՝ կաշխատեր, թե չէր աշխատի, որովհետև գաղափար չունենք։ Բայց ինչը որ էդպես լեգենդեր են պատմում, որ ջերմոցը չկա, նման ինֆորմացիան սուտ է։  -Եթե ջերմոցների հանձնման-ընդունման գործընթաց է եղել, ուրեմն «Հայանտառը» դրանք ընդունել է․․․ -Ես չգիտեմ՝ ով է հանձնման-ընդունման ակտը ստորագրել կամ ընդունել են, չեն ընդունել, ես տեղյակ չեմ։ Ես ընդամենը տեղամասի տնօրեն եմ, ոչ էլ ջերմոցների էդ ժամանակ պատասխանատու եմ եղել, քանի որ ջերմոցներն էդ ժամանակ ավարտ չեն ունեցել, ինձ թղթով չեն հանձնել, ես ո՞վ եմ, որ ասեմ․․․ -Հիմա հանձնվե՞լ են թղթով, որ Դուք կառավարում եք և աշխատեցնում։ -Ջերմոցները չեն հանձնել, ոչ։  -Ուրեմն հիմա ինչո՞ւ եք կառավարում, եթե չեն հանձնել։ -Ո՞նց, բա սերմերը էդքան հավաքել են, հո չէի՞նք փչացնելու։ -Բայց ասում եք՝ չէին հանձնել, չեք կառավարել, հիմա ինչպե՞ս եք կառավարում, եթե չեն հանձնել։ -Ես չեմ կառավարում, կա ջերմոցի վարիչ, կգաք էդ հարցերն իրան կտաք։ -Դուք չե՞ք անտառտնտեսության ղեկավարը։ -Կապ չունի, ջերմոցի վարիչ կա․․․ Տիգրան Համբարձումյանն անջատեց հեռախոսը։  Ջերմոցները կառուցած «ՎԷՍ Գրուպ» ընկերության հիմնադիր Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իր բարի կամքի դրսևորմամբ և կազմակերպության միջոցներով Սիսանի ջերմոցները 100 %-ով արդեն վերականգնված են։  Թե ինչու է բարի կամք դրսևորել, կամ արդյոք կազմակերպությունը հավելյալ միջոցցներ ուներ ջերմոցները կրկին նորոգելու այն պարագայում, երբ իրենք մեղավոր չէին, Վարդան Ասլանյանը պատասխանում է․ «Նվիրատվություն եմ արել։ Անիմաստ է դա քննարկելը»։ Տաշիրում ջերմոցները երկու անգամ են քանդվել Տաշիրի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցների կրած վնասների հետևանքները վերացնելուց երկու ամիս անց՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին դրանք կրկին քանդվեցին։ Այդ օրն աննախադեպ քամիների  հետեւանքով Տաշիրում պոկվել են տանիքներ, եղել են մի շարք այլ ավերվածություններ։  Վարդան Ասլանյանը հաստատում է, որ ջերմոցները կառուցված են վայրկյանում 25 մ/վ քամու ուժգնության դիմակայունությամբ։ Սակայն Տաշիրում այդ օրը քամու ուժգնությունը եղել է 37 մ/վ։ Առաջին անգամ քանդվելուց հետո ամրացրել էին և դարձրել մինչև 30 մ/վ դիմակայունության, սակայն 37 մ/վ չէին կանխատեսել։  Կառավարության նույն որոշման հավելվածում նշվում է, որ ջերմատան հիմքերը պետք է տեղադրվեն առնվազն 80 սմ խորությամբ՝ բետոնային ամրակցմամբ։  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության ղեկավար Ռուբեն Վելիցյանը մեզ հետ զրույցում նշում է, որ անտառային տարածքներում բետոնե հիմքեր իրականացնել չի թույլատրվում, սակայն, հաշվի առնելով Տաշիրում խիստ քամիները, ջեմատան կառուցման ժամանակ որոշվել է գոնե սյուներն ամրացնել բետոնով։ Ռուբեն Վելիցյանն, այդուհանդերձ, հաստատում է, որ քանդվելու պատճառը միմիայն աննախադեպ քամին է եղել։ Սակայն, եթե հարևանությամբ գտնվող պահակակետի տանիքը չպոկվեր, ջերմոցին վնաս չէր հասցվի։ Պահակակետի տանիքը պոկվել և պատռել է ջերմոցի պոլիէթիլենը։  «Ջերմոցների կարևոր տեխնիկան, այսինքն իրենցից բարձր արժեք ներկայացնող գույքը չի վնասվել, տեղափոխվել է պահեստ։ Վնասվել են երկաթե կոնստրուկցիաները և պոլիէթիլնային թաղանթը։ Վերականգնման ենթակա միայն դրանք են։ Նախատեսվում է տարեվերջին ավարտել վերականգնումը և հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսությանը»,-ասում է Ռուբեն Վելիցյանը։ Նա վստահեցնում է, որ թանկարժեք ու ջերմոցի համար հիմնական գույք հանդիսացող պարագաները չեն վնասվել, հետևաբար, վերականգնելը դժվար չի լինի։  Հանձնաժողով, որի եզրակացությունը հաշվի չի առնվել Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք ջերմոցների քանդման փաստով եղել է քննություն, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով՝ պարզելու քանդման պատճառները։ Պարզվում է՝ հանձնաժողովը ստեղծվել է միայն Տաշիրի դեպքի փաստով։ Սիսիանի ջերմոցների քանդման փաստը ՊՈԱԿ-ին չի մտահոգել։  2024թ․ հունվարի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, Տաշիրի անտառտնտեսության քանդված ջերմատների վնասի չափը գնահատելու, նորից վերակառուցելու նպատակահարմարության հարցերը քննարկելու նպատակով։ Հանձնաժողովի անդամներ են եղել նույն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ նախագահել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնակցել են անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանը, գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի պետ, «Տաշիր» անտառտնտեսության մասնաճյուղի տնկարանի վարիչ Սարգիս Ալեքսանյանը։  Հանձնաժողովն արձանագրել է, որ՝ 1․ ջերմատները քանդված են հիմնովին և ենթակա չեն հետագա շահագործման, 2․ Տաշիրի տարածաշրջանում հաճախակի կրկնվող ուժգին քամիների պատճառով ջերմատների վերակառուցումը նույն վայրում նպատակահարմար չէ։    Չնայած հանձնաժողովի այս արձնագրությանը, Տաշիրում արդեն իսկ սկսել են նորոգել ջերմատները՝ նույն վայրում։ Ռուբեն Վելիցյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել ջերմոցների կառուցումը և հանձնել Տաշիրի անտառտնտեսությանը։ «Տաշիր անտառտնտեսություն» մասնաճյուղի ջերմատներն առաջին անգամ քանդվելուց հետո վերանորոգվել են կապալառու կազմակերպության կողմից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման: Երկրորդ անգամ, Վարդան Ասլանյանի ասելով, վերանորոգումն իրականացվում է համատեղ՝ «Վէս-Գրուպ»-ի և ՇՄՆ ԾԻԳ-ի միջոցներով։  ՇՄՆ-ն այս հարցին այլ պատասխան է տվել․ «Ջերմատները երկրորդ անգամ վերանորոգելու համար ընթանում են բանակցություններ կապալառու կազմակերպության, տարբեր դոնոր կազմակերպությունների հետ՝ համատեղ ուժերով ջերմատները վերանորոգելու նպատակով»: «Տաշիր անտառտնտեսություն մասնաճյուղի ջերմատների առաջին փլուզման պատճառները պարզելու նպատակով ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է ուսումնասիրություն, և, մասնագիտական եզրահանգմամբ, ջերմատները քանդվել են անոմալ քամիների պատճառով: Երկրորդ փլուզման պատճառները պարզելու համար ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է հարցում քամու ուժգնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ այս անգամ ևս քամիները  գերազանցել են 25մ/վրկ արագությունը՝ հասնելով շուրջ 37մ/վրկ 133կմ/ժ: Ջերմատների դիմադրողականությունը քամիներին կազմել է 90կմ/ժ: Քամուց վնասվելուց հետո, ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել են խորհրդակցություններ ու քննարկումներ, որին մասնակցել են նաև ՊՈԱԿ-ի պատասխանատուները, և, հաշվի առնելով ջերմատների կարևորությունը Ծրագրի հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու գործում, հանձնարարվել է վերականգնել ջերմոցները»,- պատասխանել է ՇՄՆ-ն: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:15 - 20 մայիսի, 2024
Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլրտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։ Ակտիվ է նաև տաք և ցուտ օդային հոսանքների շրջանառությունը։ Հատկապես ապրիլի առաջին տասնօրյակում, մեր երկիր կարող են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի կտրուկ անկում, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով տեղումներ։ Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում մինչև 100մմ, համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում՝ այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Ամենատեղումնառատ ապրիլները դիտվել են 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011, 2020 թթ., երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը։ Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012 թթ․, երբ հանրապետության առանձին հատվածներում տեղումները կազմել է ամսական նորմայի 5-10 տոկոսը: Ինչ վերաբերում է 2024 թվականի ապրիլին, ապա ապրիլի 16-ից սկսած հանրապետության տարածքում մթնոլորտի շրջանառությունը կտրուկ փոխվել է։ Ցիկլոնային գործունեությունը աստիճանաբար թուլացել է, փոխարենը կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը, ինչի արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում հաստատվել է տարվա այս ժամանակահատվածի համար մոտ 6-10 աստիճանով նորմայից բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով եղանակ։ Առաջիկա 7 օրերին օդերևութաբանական իրադրության փոփոխություն չի կանխատեսվում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
17:01 - 25 ապրիլի, 2024
Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն՝ ի դեմս դեկան Սարգիս Քելյանի, կնքել են համագործակցության հուշագիր։ Կողմերը համոզված են, որ ուսանողների ներգրավվածությունը կենտրոնի աշխատանքներին կնպաստի գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի դրանց գործնական կիրառման արդյունավետության բարձրացման համար։ Հուշագրի շրջանակում կենտրոնում կկազմակերպվեն ուսանողների փորձառություններ, ուսումնական և մասնագիտական պրակտիկաներ. համատեղ կմշակվեն և կիրականացվեն կրթական ծրագրեր այդ թվում կներդրվի «ավիաօդերևութաբանություն» մագիստորսական ծրագիր. համատեղ կկազմակերպեն մոնիթորինգային աշխատանքներ. կողմերը համատեղ կմասնակցեն գիտահետազոտական և կրթական աշխատանքներին, տեղական և միջազգային նախագծերին դոնորների հետ բանակցություններ կվարեն և համատեղ ծրագրային հայտեր կմշակեն. Կբարելավվեն ֆակուլտետի լսարանային պայմանները, և կիրականացվի լաբորատորիաների վերազինում։ 
17:15 - 18 ապրիլի, 2024
Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։    Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ 2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։  Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների  տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։  Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։ Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։    Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։  2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։ Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։ ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։    Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել 2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։  «Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։  ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։  Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։    Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին  տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։  Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանվող վայրի կենդանիների քանակն ու մաքսային արժեքը, 2017-2023 Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։  Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։    «Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն» Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի,  կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝  I, II և III։ I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։  II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։  III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։  2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։  Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։  Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։   Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են  Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։  Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի  անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։  Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։  Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։  Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։  ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։  Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։  Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։  Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։  Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։  Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։ Հեղինակ՝  Մարիամ Տաշչյան Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
20:11 - 28 փետրվարի, 2024
Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա
 |news.am|

Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ին Սեւանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշում կայացրեց; Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Մենք հիմնվում ենք ԳԱԱ գիտական հետազոտությունների վրա:  2023-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց  մինչեւ 2024-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար: Քվոտաների սահմանումը սկսվել է 2020-ից: 2021-ին այն եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին եւ 2023-ին՝ 600 տոննայի շրջանակում: 2024-ի հուլիսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի՝ հասկանալու համար, թե նոր քվոտայի կարիք կա, թե ոչ»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Չեխիայի մեր գործընկերները պարզեցի՞ն, թե ինչքան պաշար կա Սեւանա լճում, ինչին Սիմիդյանը պատասխանեց. «Մենք օր-օրի սպասում ենք տվյալներին, վերջնաժամկետը փետրվարի 29-ին է»:
12:05 - 08 փետրվարի, 2024
Հայաստանում կտաքանա 12-14 աստիճանով, մի շարք մարզերում գետնաբուք է սպասվում

Հայաստանում կտաքանա 12-14 աստիճանով, մի շարք մարզերում գետնաբուք է սպասվում

Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 4-7-ին սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Նշվում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: «Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:45 - 04 փետրվարի, 2024
Սևանա լճում այս տարվա առաջին սառցային երևույթները դիտվել են թերակղզու դիտակետում հունվարի 26-ին. ՇՄՆ

Սևանա լճում այս տարվա առաջին սառցային երևույթները դիտվել են թերակղզու դիտակետում հունվարի 26-ին. ՇՄՆ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում՝ նշելով, որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։ Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի, այդ թվում՝ սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։ Համաձայն դիտակետերի դիտարկումների տվյալների՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։ Հունվարի 26-ի դրությամբ՝ այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ, կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։ Եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի: Սկսած 1890 թվականից՝ լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակատատվածով)՝ 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40 սմ։ Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007 թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։ Ըստ դիտարկումների պատմական տվյալների՝ ամենաշուտ Սևանա լիճը սառել է 2008 թ. հունվարի 16-ին, իսկ ամենաուշ՝ 1959 թ. փետրվարի 28-ին։ Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թ․` 72 օր։ Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2 մլն խմ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը, և ջրում պակասում է թթվածնի քանակությունը:
17:05 - 26 հունվարի, 2024
Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

hetq.am: Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2023 թվականը և պատմեց, որ 2023 թ.-ին 314 հա անտառպատման աշխատանքներ են իրականացվել: Նախարարը հույս ունի, որ 2024-ին մեծ թափով առաջ կգնան այս ոլորտում և ևս 1000 հա անտառ կհիմնեն: Հակոբ Սիմիդյանին հարցրինք, թե ինչ ընթացք է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, այդ 10 մլն-ից քանի՞սն է մինչ օրս տնկվել, ինչ կպչողականություն է ապահովվել: «Դա 2020 թվականին նախատեսված միջոցառում էր: Ինչի 2020 թվականին չկայացավ, կարծում եմ բոլորիս պարզ է, հայտնի իրադարձությունները` քովիդը և 44-օրյա պատերազմը, և քանի որ ամբողջ միտքը, որ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառ տնկվեր, ըստ էության, հայտնի պատճառներով, այդ ծրագիրը չիրականացավ: Ծրագիրը նաև 10-երի խորհուրդն էր ունեցել: Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց ես արդեն ասացի, որ 2024 թվականի համար նախատեսել ենք 1000 հա անտառ տնկել, դա, եթե չեմ սխալվում, 1 մլն ծառի մասին է»,- պատմեց Հակոբ Սիմիդյանը: Անդրադառնալով ծառերի կպչողականութանը՝ նախարարը նշեց, որ կպչողականության աստիճանը իրենց էլ չի բավարարում, դրա համար նաև միջազգային փորձն են ուսումնասիրում, որ արդյունավետ ճանապարհով գնան: «Ես հիմա կոնկրետ չասեմ, նաև դաշտային աշխատանքների արդյունքում կլինի` կհասկանանք, թե ինչու չունենք մեծ կպչողականություն»,- ասաց նախարարը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:
17:50 - 15 հունվարի, 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը
 |armenpress.am|

Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն աստիճանաբար կավելացնի Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը։ Այս մասին հունվարի 15-ի ասուլիսին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին։ «Սևանի էկոհամակարգի վերականգնման նպատակով 2023 թվականին լիճ է բաց թողնվել 231 հազար իշխանի մանրաձուկ։ Այս դինամիկան մենք 2024 թվականին կավելացնենք։ Նպատակադրված ենք այս տարվա համար իշխանի 300 հազար մանրաձուկ բաց թողնել։ Ամեն տարի քանակն, իհարկե, մեծացնել։ 2024 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունն է դարձել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման» հիմնադրամին տրամադրելու ենք  495 միլիոն դրամ և առջևում նպատակ ունենք գործարանի կառավարման մոդելը փոխել և տրամադրված ենք, որ արդեն կառավարումը նույնպես կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը»,-մանրամասնեց Սիմիդյանը։ Նախարարի տեղեկատվությամբ 2022, ինչպես նաև 2023 թվականներին սիգի արդյունագործական որսի համար գերատեսչության կողմից քվոտա է սահմանվել։ «Բայց ի տարբերություն 2022 թվականի՝ 2023-ի տվյալները լավ բանի մասին չեն խոսում, քանի որ, ըստ էության, 600 տոննայից տնտեսվարողները կամ ձկնորսներն ընդամենը 390 տոննայի թույլտվության համար են դիմել։ Սա վերլուծելու և գնահատելու առիթ է տալիս և մենք հիմա նաև գնահատում ենք, թե ինչի արդյունք է։ Իհարկե, նաև գնահատում ենք, թե այդ թույլտվություններն օգնու՞մ են էկոհամակարգի պահպանությանը, թե դրանք որոշակի ապօրինի շղթաների նոր հնարավորություններ են բացում»,-հավելեց գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները, որի արդյունքում 919 խեցգետնաորսիչ է հանվել ջրից։
17:33 - 15 հունվարի, 2024