Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նշենք, որ երեկ՝ մայիսի 2-ին, Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Յակով Ասատրյանը ազատվել էր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնից, ինչից հետո պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող էր նշանակվել վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ 
11:57 - 03 մայիսի, 2024
Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

Երևանի դպրոցներից մեկում ուսուցիչը բռնություն է կիրառել աշակերտների նկատմամբ. նա աշխատանքից ազատվել է

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ ուսուցիչն ազատվել է աշխատանքից:   «Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:   Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:   Հավելեմ նաև, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը:
22:16 - 02 մայիսի, 2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ազատվել է պաշտոնից։ «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար: Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն իրենց տեսանելի արդյունքն են ունեցել ու կշարունակեն ուղենիշ լինել հետագայի համար։ Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է նա:
18:35 - 02 մայիսի, 2024
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են |1lurer.am|

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են |1lurer.am|

1lurer.am: Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքները ավարտված են, բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի մարման չեն ենթարկվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Դիմելով երևանցիներին` Ավինյանը նշեց. «Երիտասարդական կայարանի մոտ կխնդրեմ ուշադրություն դարձնել լուսավորությանը, այն ամբողջապես արդիականացվել է, նաև ներսում է արդիականացվել»: Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2858 շարժակազմ, որից 556-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը` 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ 99,3%:
11:03 - 29 ապրիլի, 2024
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ

Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ

 «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Ինչպես  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, վազքարշավը մեկնարկելու է ապրիլի 28-ին ժամը 08:00-ին Ս. Շահումյանի անվան հրապարակից և շարունակվելու մինչև 14:30-ն՝ ընդգրկելով 42 կմ, 21 կմ, 11,5 կմ, 5 կմ և 1 կմ (մանկական վազք) վազքատարածություններ: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, «Հաղթանակ» կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում:   Մեկնարկային տարածքը վազորդների համար բաց կլինի ժամը 07:00-ից:  Միջոցառման ընթացքում՝ ժամը 8:00-14:00-ն փոխադրամիջոցների երթևեկությունը դադարեցվելու է վերոնշյալ հատվածներում՝ հատվածական կամ ամբողջ միջոցառման ընթացքում: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 2000 վազորդ:  
10:57 - 25 ապրիլի, 2024
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար

Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար

Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։  Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ ««Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար է։ Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց նաև բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ 10–ից 30 տոկոսի չափով։ Բարձրացվեց ինչպես դաստիարակների, այնպես էլ սպասարկող ամբողջ անձնակազմի՝ խոհարարից մինչև բուժքրոջ աշխատավարձը։  «Գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեր գործընկերների կարևոր աշխատանքը՝ որոշում կայացվեց վերանայել աշխատավարձերը։ Սահմանվեցին նաև նոր դրույքաչափեր։ Դաստիարակների աշխատավարձն, օրինակ, բարձրացավ մինչև 31 տոկոս»,-նշում է Խաչատրյանը։ Մանկապարտեզում աշխատող մանկավարժները հնարավորություն ունեն հավելավճար ստանալ նաև տարակարգի միջոցով։ Տարակարգ ստանալու համար կարող են դիմել բոլոր այն մանկապարժները, ովքեր արդեն մասնակցել են վերապատրաստումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:31 - 19 ապրիլի, 2024
Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առևտուր անող քաղաքացիների ապրանքը |news.am|

Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առևտուր անող քաղաքացիների ապրանքը |news.am|

news.am: Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երևանի փողոցներով և առգրավում փողոցում առևտուր անողների ապրանքը, ինչպես նաև տուգանում նրանց: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր: Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզվա՛ծ եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը։ Մենք իրենց առաջարկել ենք, հատուկ շուկաներ կան Երևանում, որ իրենց առևտուրը այդտեղ իրականացնեն, բայց իրենք նպատակահարմար են գտնում այստեղ անել առևտուր: Հնարավոր է՝ այստեղ առևտուրն ավելի լավ է լինում»,- ասաց նա: Քաղաքացին, որի ապրանքը (լոլիկ) քիչ առաջ առջրավեցին, լրագրողներին ասաց. «Շուկայում առևտուր չկա, ես գնացել եմ, փորձել եմ: Չեմ կարողանում առևտուր անել: Հարցը վարձավճարը չի: Իսկ այստեղ շենքի բնակիչն ասում է՝ ավելի լավ է այստեղից առնեմ, թեկուզ 50 դրամ թանկ, քան տրանսպորտով գնամ հասնեմ շուկա: Մարդը մեկ կգ պամիդորի համար իմաստ ունի՞ գնա հասնի շուկա: Անցած տարի երկու անգամ առգրավել են, չեն վերադարձրել, Հարկադիրում էլ անցած տարվանից 105 հազար տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու: Այսօր էլ կտուգանեն: Ստիպում են, որ երկրից թողնեմ, գնամ: Երկու տղա եմ մեծացրել, ուղարկել բանակ, հիմա ինձ չեն թողնում ապրեմ իմ երկրում: Եթե վաղը պատերազմ լինի, երեխեքիս պետք է գան, տանեն: Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում»:
11:21 - 19 ապրիլի, 2024
Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին |tert.am|

Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին |tert.am|

tert.am: Երևանի ավագանու նիստում կրքերը բորբոքվեցին։ Նախ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սամվել Մելիքյանը միացրեց ձայնագրություն, որտեղ ասվում էր, թե նույնիսկ 7,000 տարվա ծառը չի կարող համարվել հին և հատվել․ «Թեղիների կյանքը 50 տարի է, հին ծառերը լինում են 7,000 տարվա»,- ասվում էր ձայնագրության մեջ։ Խոսքերի հեղինակը, Սամվել Մելիքյանի պնդմամբ, ՔՊ-ական Արթուր Մանուկյանն է։ Այս ելույթին ի պատասխան ՔՊ-ական ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ևս ձայնագրություն միացրեց, որտեղ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարում է, թե քաղաքի թեղիները պետք է հատվեն։ Նուարդ Վարդանյանի խոսքով՝ Քրիստինա Վարդանյանը դա հայտարարել է 2020 թվականին, իսկ հիմա լրիվ այլ բան է ասում, հիմա խոսում է ծառերի հատման դեմ։ Քրիստինա Վարդանյանը տեղից արձագանքեց, թե խոսքը Մաշտոցի պուրակի մասին էր։ Քրիստինա Վարդանյանը ընդհատում էր Նուարդ Վարդանյանին։ Իրավիճակին արձագանքեց քաղաքապետ Ավինյանը․ «Մի՛ ընդհատեք տիկին Վարդանյան, Դուք ձայնից զրկվում եք, Դուք խախտում եք կանոնակարգը։ Դուք ձեր իրավունքն ունեք, դուք խոսել եք 2020 թվականին, հիմա էլ եք խոսել հնարավոր 180 աստիճան հակասելով Ձեզ։ Մարդիկ ուզում են ցույց տալ, թե ինչ եք խոսել, ինչքան եք հակասում Ձեզ և դա այնքան ցավոտ է, որ չեք կարող չընդհատել, լռե՛ք և լսե՛ք Ձեր իսկ խոսքը 2020 թվականին և հիմա։ Հերիք է մանիպուլացնեք ու սուտ խոսեք»։ Ի պատասխան Վարդանյանը արձագանքեց․ «Դուք եք մանիպուլյացիայի արքայազնը»։ Նուարդ Վարդանյանը, շարունակելով ելույթն, ասաց․ «Երբ մարդը սխալ է անում ու դիմացինը փորձում է այդ սխալը նրան ասել, մարդու մոտ առաջացած առաջին ռեակցիան դա ագրեսիան է»։ Նա նորից միացրեց Վարդանյանի՝ 2020 թվականի ելույթը, որտեղ վերջինս ասում էր՝ թեղիները պետք է հեռացվեն, թեղիները սպառել են իրենց կյանքի տևողությունները։ Վարդանյանը տեղից ևս մեկ անգամ արձագանքեց․ «Թամանյանի արձանի մոտ հացենիներ են, ոչ թե թեղիներ»։
12:49 - 16 ապրիլի, 2024
«Կասկադը» վերջնական տեսքի կգա. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին բարեկարգման համար
 |1lurer.am|

«Կասկադը» վերջնական տեսքի կգա. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին բարեկարգման համար |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, Ջրաշատ փողոցի 27, Սարմենի փողոցի 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մակերեսով հողամասերը և նրանցում առկա շինությունները: Այդ մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը: ««Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրած դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը՝ նշված հասցեներում գտնվող անշարժ գույքեր նվիրաբերելու համայնքին՝ պայմանով, որ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու, այլ օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,- ասաց նա: Վահան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի կողմից Երևան համայնքին է նվիրաբերվել «Կասկադ» համալիրի հարակից տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և Երևան համայնքը հայտնել է պատրաստակամություն՝ ավարտին հասցնելու «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքի կապը 50-ամյակի հուշարձանի հետ: «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ նվիրատվության ենթակա «գույքն» օգտագործվելու է միայն բարեկարգման նպատակով, և որ տարածքում անհնար կլինի, կանաչապատումից զատ, այլ բան անել, ուստի առաջարկեց՝ պայմանագրում ժամկետ նշել, օրինակ՝ սահմանափակում դնել 99 տարի ժամկետով: «Եթե «Կասկադ» համալիրը 50 կամ 100 տարի հետո չի քանդվելու և մեկ այլ բան կառուցվելու, այն տարածքները, որոնք այսօր մենք նվիրաբերությամբ ընդունում ենք, վստահաբար այդտեղ որևէ կառուցապատման աշխատանք՝ ո՛չ նորմատվային տեսանկյունից, ո՛չ ճարտարապետական տեսանկյունից, չեն կարող նախատեսվել: Եվ այդտեղ կան սահմանափակումներ,- ասաց Ավինյանը և հավելեց.- Այն, ինչ մենք քննարկում ենք, արդեն իսկ նորմատիվային բազայով հավանականությունն այն է, որ այդտեղ կառուցապատման սահմանփակումն առկա է՝ անկախ նրանից, թե մենք այս պայմանագրով ֆիքսո՞ւմ ենք դա, թե՞ չէ»: Ըստ Ավինյանի՝ «Կասկադը» Երևանի տուրիստական կենտրոններից ու ամենասիրելի վայրերից մեկն է, և այս որոշմամբ ունենալու ենք «Կասկադ» համալիրի վերջնական տեսքը. «Երևանցիները պետք է իմանան, որ «Կասկադ» համալիրն ամբողջապես վերջնական տեսքի է գալիս»:
11:53 - 16 ապրիլի, 2024