Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքի համար ավելի բարձր․ մենք շատ անհանգստացած ենք, որովհետեւ մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը․ իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, եւ մենք, իհարկե, պետք է փորձենք զսպել գնաճը՝ մեր տնօրինման տակ եղող գործիքներով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ համագործակցում են Կենտրոնական բանկի հետ՝ ակնկալելով, որ ԿԲ-ն չի թողնի տնտեսության կարեւոր ճյուղերը, ինչպիսին է արտահանումը, վտանգվի։ «Մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ, խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, նաեւ Ուկրաինային, հարավամերիկյան երկրներին, որպեսզի կարողանանք նորմալ կամ ցածր գներով ապրանքներով ապահովելով, որը թույլ կտա մեղմել գնաճը»,- ասաց Քերոբյանը։ Քերոբյանի խոսքով՝ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ ունենք, արդեն 30 հազար տոննա կարոտֆիլ է արտահանվել․ «Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեզ հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ, եւ եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադառնում է տեղի արտադրանքի գների վրա։ Մենք գիտենք կարոտֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյուկտուրայում մեր ֆերմերներին չպիտի զրկենք իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, եւ եթե հնարավորություն կա ավելի բարձր գնով արտահանել, ուրեմն ճիշտ գինը դա է»։ Թարմ գյուղմթերքը, ինչպես նշեց Քերոբյանը, հիմնականում ԵԱՏՄ երկրներ է արտահանվում։ Նախարարի ններկայացրած տվյալներով՝ այս պահի դրությամբ180 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, իսկ անցած տարվա ընթացքում մոտ140 հազար։ Քերոբյանը հույս ունի՝ մինչեւ տարվա վերջ այս ցուցանիշը կբարձրանա։
12:40 - 21 հոկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

Հոկտեմբերի 18-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։   Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում և շեշտել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը: Նախարարն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին և ստանդարտներին` ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը։ Տեղեկացնելով, որ ստանդարտներն արդեն ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով՝ նա նաև ավելացրել է, որ մշակված ստանդարտների շնորհիվ զգալիորեն կբարելավվի զբոսաշրջության ոլորտը և հնարավորություն կստեղծվի դեպի Հայաստան ուղղել մեր երկրի համար թիրախային տուրիստական հոսքեր։ Դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար՝ հատուկ ընդգծելով գինեգործության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները։ Նա նշել է, որ գինեգործության ոլորտում ևս զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում։ Նախարարն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` նշելով, որ այդ ուղղությամբ մեծ  աշխատանք է արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան նպատակային նշաձողին հասնելու համար։ Ներկայացնելով Կառավարության ծրագրի տնտեսական հատվածը` Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է սպառման վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսության: Իրականացվելիք ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես ներդրումների ներգրավմանը և ներդրողների աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով,  որ Հայաստանը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաև քննարկել ԱՄՆ-ում և Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը: Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել իրենց պատրաստակամությունը համագործակցությունը  շարունակելու ու անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ: Դեսպանը համակարծիք է եղել, որ հարկավոր է հնարավորինս հեշտացնել բիզնես գործունեության ծավալմանն ուղղված գործընթացները` պատրաստակամություն հայտնելով քննարկել վերջինիս ուղղված հետագա քայլերը։ Նախարարն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացմանը, առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը։ Խոսելով ՓՄՁ ոլորտում մասնագետների պակասի մասին` նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում կրթությունը բիզնեսի պահանջներին հարմարեցնելու համար` այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի դերը փորձի և փորձագիտական գիտելիքների փոխանցման առումով։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում աջակցել որոտի զարգացմանն ուղղված գործողություններին։ Ներդրումային միջավայրի մասին խոսելիս Վահան Քերոբյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել ամերիկյան ներդրողների համար, այն է՝ արևային էներգիայի արտադրություն, դեղագործություն, քիմիական արդյունաբերություն, առողջապահություն։ Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ դեսպանը հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված  ամերիկյան պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագրին: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ՝ այն վերանայելու և թարմացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում երկու երկրների համագործակցության համար բավականին շատ հնարավորություններ կան: Որոշվել է քննարկված կետերով աշխատանքներ իրականացնել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ։
22:50 - 19 հոկտեմբերի, 2021
«Կարգավորումը Էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ». Վահան Քերոբյանը՝ «Ազգային մոլ»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին  |hetq.am|

«Կարգավորումը Էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ». Վահան Քերոբյանը՝ «Ազգային մոլ»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համարում է, որ հարյուրավոր փոքր և միջին տնտեսվարողների մոլորեցրած «Ազգային մոլ» նախագծից տուժողներին օժանդակելու հարցում ինքը գործառույթներ չունի. խնդիրը իրավական համակարգի դաշտում է։ Այս տարվա հունվարի վերջին Երևանի Թբիլիսյան խճուղու տարածքներից մեկում բացված «Ազգային մոլ»  առևտրի կենտրոնում տարածքներ վարձակալած տնտեսվարողները ընդամենը երկու ամիս անց փաստի առաջ են կանգնել՝ կրելով ֆինանսական վնասներ:  Քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ կամ երկու տնտեսվարողի, այլ՝ հարյուրավորների, տուժողները համարում են, որ սա ՓՄՁ-ին վերաբերող ընդհանուր խնդիր է և վատ նախադեպ հետագա նախագծերի համար: Նրանց մի քանիսի խնդրանքով հոդվածը հրապարակելուց հետո Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել ենք, թե արդյոք տեղա՞կ է խնդրին և պատրաստվու՞մ է որևէ քայլ ձեռնարկել:  «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ է Ձեր կողմից բարձրացված խնդրին, սակայն վերջինիս կարգավորումը էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ. խնդրի կարգավորումը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում»,- նշված է հարցման պատասխանում, որի ներքո ստորագրել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Խառատյանը:    2021 թվականի հունվարի 30-ին Երևանում՝  Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացված «Ազգային մոլ» առևտրի կենտրոնի ղեկավարների ու կենտրոնում տարածք վարձակալած հայ արտադրողների միջև ընդամենը երկու ամիս անց վեճեր են առաջացել: Նախագծի կազմակերպիչները տնտեսվարողներից տարածքի վարձակալության մի քանի ամսվա, որոշ դեպքերում էլ՝ տարեկան գումարներ են վերցրել, սակայն բացվելուց մոտ երկու ամիս անց հայտարարել են, որ փակում են առևտրի կենտրոնը և տեղափոխվում մայրաքաղաքի կենտրոն: Եվ չեն վերադարձրել նախապես գանձված գումարները:  Շարունակությունը՝ hetq.am կայքում
12:03 - 25 սեպտեմբերի, 2021
Վահան Քերոբյանը զրուցել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ |tert.am|

Վահան Քերոբյանը զրուցել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ |tert.am|

tert.am: Մի երկու օրվա հարց է, կլուծենք։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ զրուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացրած խաղողի մթերման խնդրին։«Մեխանիզմը փոխելու ենք և սուբսիդավորվող վարկերը կիրառվելու են միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել և գրանցվել են մինչև այս տարվա մեջ»– ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընկերություններին դրդեն պայմանագրերը կնքել մինչև դեկտեմբերի 31–ը։Գյուղացիները կոչ արեցին նախարարին վերահսկողություն իրականացնել ընկերությունների նկատմամբ, որպեսզի իրենք ստիպված չլինեն նրանց քմահաճույքով շարժվել։ Գյուղացիները դժգոհեցին, որ մարզպետն իրենց գյուղի տեղը չգիտի, իսկ նախարարն էլ արձագանքեց․«Հիմա էլ կգնաս, կասես էկոնոմիկայի նախարարը մեր գյուղի տեղը չգիտի»։ Գյուղացիները նկատեցին, որ մարզպետն այլ է, նախարարը՝ այլ, և իրենց հարցը լուծող չկա։
15:52 - 23 սեպտեմբերի, 2021
Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: Նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները: Քերոբյանը պարզաբանեց՝ աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Անդրադառնալով միջոցառմանը՝ նա նշեց, որ թեև հաղորդակցությունների ապաշրջափակումը ֆորումի թեման չէր, բայց բոլորը լավ հասկանում են, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի նախաձեռնությունները:
15:21 - 20 սեպտեմբերի, 2021
Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին |armtimes.com|

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին |armtimes.com|

armtimes.com: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղողի մթերման գնին և քաղաքացիների այն պնդումներին, որ 1 կգ-ի դիմաց 130 դրամը «գրեթե անվճար է» կազմում: «Այս հարցերը հետևանքն են նրա, որ անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակ, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում, միևնույն է, շատ մթերել են: Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի մտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ: Մենք խաղողագործների բոլոր խնդիրներին ծանոթ ենք, ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ խնդիրներով»: Հարցին՝ ի՞նչ է անում Կառավարությունը, որ գյուղացիների բերքը չփչանա, Քերոբյանը նշեց՝ երկու շաբաթ առաջ մթերման վարկերի սուբսիդավորման կարգում փոփոխություն է արվել, որպեսզի գյուղացիները կարողանան ավելի մեծ վարկեր վերցնեն. «Պետական երաշխիքների ինստիտուտն էինք մտցրել, որպեսզի այն ընկերությունները, որոնք գրավի խնդիր ունեն, կարողանան օգտվել պետական երաշխիքներից: Աշխատանքը շատ է և ունի մեծ դիապազոն»,- եզրափակեց նախարարը: Հիշեցնենք՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ քննարկում է ունեցել խաղողի մթերման գնի հետ կապված առաջացած խնդրի շուրջ, քննարկմանը ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական տեսակի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 դրամի փոխարեն սահմանելով 130 դրամ։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
13:21 - 16 սեպտեմբերի, 2021
Տարեվերջին մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ կունենանք. Վահան Քերոբյան |1lurer.am|

Տարեվերջին մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ կունենանք. Վահան Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է զբոսաշրջության աճի մասին իր կանխատեսումներից: «Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում Հայաստան է եկել մոտավորապես 488 հազար զբոսաշրջիկ: Օգոստոսին եղել է 143 հազար զբոսաշրջիկ: Դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք ունենք 130 տոկոս: Դժվարանում եմ վստահաբար ասել, որ 300 տոկոսից ավելի կկատարվի, բայց ենթադրում եմ, որ տարեվերջին անպայման 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ կունենանք: Պլանավորված է 1 միլիոն 200 հազար: Իհարկե, տեսնում եք, համաճարակը տարբեր տեսակի վայրիվերումներով է գնում, դժվարանում է ճանապարհների անցանելիությունը, և այսպիսի պայմաններում ճշգրիտ գուշակելը բավական բարդ գործ է: Հուսանք, որ շատ չենք վրիպի մեր կանխատեսումներում»,- ասաց Քերոբյանը: Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, Վահան Քերոբյանն ասել էր, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ:
12:52 - 08 սեպտեմբերի, 2021
Կարևորում ենք տուրիզմի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերը. Վահան Քերոբյան

Կարևորում ենք տուրիզմի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերը. Վահան Քերոբյան

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է Fvw DRV Destination Forum միջոցառմանը նվիրված ասուլիսին։ Ասուլիսի բանախոսներն էին նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը, Deutscher Reiseverband-ի (DRV) նախագահ Նորբերտ Ֆիբիգը, DRV քաղաքականության և արտասահմանյան զբոսաշրջության բաժնի ղեկավար Ֆոլկեր Ադամսը և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն: Fvw DRV Destination Forum միջոցառման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում և խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ՝ տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ, որոնք երկու օր շրջեցին Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ Ողջունելով այս խոշոր նախաձեռնության իրականացումը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, քանի որ այն տնտեսական զարգացման ընդլայնման և ընդհանուր առմամբ սպառողական բավարարվածության հիմնաքարն է։ Նախարարի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են Հայաստանի համար, քանի որ մեկ քայլ առաջ են տանում զբոսաշրջության ոլորտը՝ օգնելով ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլանել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին, և այս 4-օրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության ու շահագրգռավածության մասին»,- նշել է Վահան Քերոբյանը։ Ընդգծելով, որ Գերմանիան Եվրամիության երկրներից Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, նախարարը միաժամանակ նշել է, որ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է, և այդ համագործակցության օրակարգում առաջնային է համագործակցությունը հենց զբոսաշրջության ոլորտում։ «Պետք է նշեմ, որ Հայաստանի համար այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Եվ այս համատեքստում մեզ համար կարևոր է համագործակցությունը մեր գերմանացի գործընկերների հետ, ինչի համար էլ նախաձեռնել ենք այս ֆորումը»,- նշել է Վահան Քերոբյանը։ Նախարարը նաև հավելել է, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներին, այս տարի ևս նկատվում է Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա։ Միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 2-ին կկայանա հայ-գերմանական գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցեր և գործընկերային կապեր կհաստատվեն ոլորտի տեղացի և միջազգային մասնագետների միջև։ Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ասոցիացիայի և Գերմանիայի զբոսաշրջային առաջատար ամսագրի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ԷՆ, Զբոսաշրջության Կոմիտեի հետ համագործակցությամբ, իսկ վերջինիս իրականացումը հնարավոր է դարձել Եվրոպական Միության բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։
20:10 - 02 սեպտեմբերի, 2021
Այս տարի խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող. Վահան Քերոբյան |tert.am|

Այս տարի խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող. Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը 1 տարուց երկարացրել ենք մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, թե այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն: «Մյուս կողմից հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, հնարավորություն կունենան ապագայում ավելի շատ արտահանել»,-ասաց նախարարը՝ նշելով, թե գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, շատ լավ է ընթանում: «Այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա, հույս ունենք մինչև տարեվերջ ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,-ասաց Քերոբյանը: «Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,-ասաց նախարարը:
13:07 - 02 սեպտեմբերի, 2021
Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց |armenpress.am|

Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է  60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց:  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հենց հիմա քննարկում ենք մի խոշոր ներդրումային ծրագիր մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ, որի արդյունքում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց կստեղծվի: Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով հեղուկ վառելիքի շուկայում գնաճին ՝ Քերոբյանն ասել է, որ դա շատ անհանգստացնող հարց է, և ամեն ինչ անում են, որպեսզի հեղուկ վառելիքի գները նվազեն: «Հեղուկ վառելիքի շուկայի հետ կապված խնդրին ծանոթ եմ: Գիտեմ, որ որոշակի գների նվազեցում կա: Այսինքն` որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է` 280 դրամից իջել է 240 դրամ:  Բնականաբար, մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի հայկական ընկերություններին ծանոթացենք այնպիսի օտարերկրյա մատակարար ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներ»,- եզրափակեց Քերոբյանը:
16:47 - 27 օգոստոսի, 2021
Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը խիստ մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը: Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը ասաց, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ամբողջությամբ ընդգրկված են հարցին լուծում տալու համար: «Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,-  ասաց Քերոբյանը: Նրա խոսքով` Իրանական  մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված: «Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակեց Քերոբյանը:
12:41 - 27 օգոստոսի, 2021
Վահան Քերոբյանը և ԱՄՀ տարածաշրջանային ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները

Վահան Քերոբյանը և ԱՄՀ տարածաշրջանային ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները

Օգոստոսի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։ Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, որ կառավարության նոր ծրագիրն ուղղված է տարածաշրջանում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նոր ծրագրով նախատեսվում է ձևավորել ներդրումների վրա հիմնված տնտեսություն։ Նախարարը խոսել է նաև տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով հողային, ջրային և անշարժ գույքի ոլորտներում նախատեսվող բարեփոխումների իրականացումը։ Նախարարը նշել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու արտադրողականության բարձրացման վրա, ինչը ենթադրում է մոդերնիզացմանը և  թվային վերափոխմանը միտված քայլեր։   Վահան Քերոբյանը նաև նշել է այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, դրանք են՝ մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, առողջապահությունը, թեթև արդյունաբերությունը։ Նա շեշտել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտությունը և ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի ավելացումը՝ մինչև 55 տոկոս։ Քննարկվել է նաև Հայաստանի՝ հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայի հարցը։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ համակարգը կներդրվի։   Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։  
11:12 - 21 օգոստոսի, 2021
Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7% լրացուցիչ տնտեսական աճ․ Վահան Քերոբյան |hetq.am|

Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7% լրացուցիչ տնտեսական աճ․ Վահան Քերոբյան |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հանձնառել է ամեն տարի ստեղծել առնվազն 7 % լրացուցիչ տնտեսական աճ։ Թիրախը պետք է լինի 9% տնտեսական աճը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Կառավարության ծրագիրը լի է թվային ցուցանիշներով, և էդ առումով ավելի մեծ պատիվ է լինել մի թիմի կազմում, որը հանձն է առել այսպիսի ծրագիր իրագործել»,- նշեց նախարարը։ Լրագրողի հարցին, թե տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու հնարավոր տնտեսական ազդեցություններն արդյոք ներառվա՞ծ են ծրագրում, Քերոբյանը պատասխանեց․ «Ներառված չեն, բայց մենք հույս ունենք, որ դրանց տեղի ունենալը էապես կհեշտացնի մեր ծրագրի իրականացումը։ Գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց պետք է անենք էնպես, որ մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ և հնարավոր ապաշրջափակման պարագայում ունենալ միայն տնտեսական օգուտներ, և տնտեսությունը չտուժի դրանից»։ Խոսելով ներդրումների մասին՝ նախարարը նշեց, որ ներդրումների համար ամենահավանական թեկնածուները տեղացիները և սփյուռքահայերն են, որից հետո միայն օտարերկյա ներդրողները։  Անդրադառնալով նաև էկոնոմիկայի փոխնախարարների աշխատանքից ազատմանը՝ Վահան Քերոբյանը հայտնեց, որ Աննա Հակոբյանն անձնական հարցերից ելնելով է՝ ստիպված դուրս եկել աշխատանքից։ «Նրա փոխարեն փոխնախարար է նշանակվել Ռաֆայել Գևորգյանը, որը 10 տարվա խորհրդատվական աշխատանքի փորձ ունի»,- ասաց Քերոբյանը։
17:37 - 18 օգոստոսի, 2021